ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 30 դեկտեմբերի 2020թ. |
N 775-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 128-Ն ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
12-Ի N 46-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ հոդվածի 1-ին կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը և Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 702-Ն որոշումը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 14-ի N 457-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն և Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 128-Ն որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 775-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` նաև նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Արցախի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, Արցախի Հանրապետության օրենքներին, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
5. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով նախարարության անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
7. Նախարարության անվանումն է՝
1) հայերեն լրիվ անվանումը` Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.
2) ռուսերեն լրիվ անվանումը` Министерство территориального управления и инфраструктур Республики Арцах.
3) անգլերեն լրիվ անվանումը` The Ministry of territorial administration and infrastructures of the Republic of Artsakh:
8. Նախարարության գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, N 1, կառավարության շենք:
2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Նախարարության նպատակներն են՝
1) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառում պետական քաղաքականության մշակումը․
2) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը.
3) վարչատարածքային բարեփոխումների իրականացումը.
4) վարչատարածքային արդյունավետ բաժանման ապահովման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը.
5) համայնքային ծառայության համակարգի զարգացման ապահովումը․
6) շրջանների և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված նորարարական և ներդրումային ծրագրերի մշակումը.
7) Արցախի Հանրապետության համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
8) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառների պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
9) Արցախի Հանրապետության ընդերքի պաշարների ողջամիտ օգտագործման ու վերականգնման պետական քաղաքականության ձևավորումն ու կառավարումը.
10) անտառների կայուն կառավարման` պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
11) իր իրավասության սահմաններում տրանսպորտի, էներգետիկայի, կապի և քաղաքացիական ավիացիայի բնագավառների գործունեության պետական կառավարումը, կարգավորումը, ինչպես նաև այդ բնագավառների պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
12) իր իրավասության սահմաններում տրանսպորտի, էներգետիկայի, կապի և քաղաքացիական ավիացիայի բնագավառների նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
13) իր իրավասության սահմաններում տրանսպորտի, էներգետիկայի, կապի և քաղաքացիական ավիացիայի բնագավառներում մոբիլիզացիոն ծրագրերի մշակումն ու արտակարգ իրավիճակներում գործող տրանսպորտային միջոցների, էլեկտրոնային հաղորդակցության և ցանկացած այլ ցանցերի և կապի այլ միջոցների գործունեության համակարգումը:
10. Նախարարության խնդիրներն են՝
1) տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումը, դրանց կարգավորմանն ուղղված միջոցառումների (այդ թվում՝ իրավական կարգավորում պահանջող) իրականացման ապահովումը.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովումը.
3) Արցախի Հանրապետության համայնքների զարգացման ռազմավարության իրագործման ապահովումը.
4) Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի գործունեության արդյունավետության բարձրացման ապահովումը.
5) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը և այդ ծառայությունների հասանելիության ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրականացման ապահովումը.
6) Արցախի Հանրապետության համայնքներում գործարարության զարգացման և ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ապահովումը.
7) Արցախի Հանրապետության համայնքներում ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև աղբահանության համակարգի ներդրման ապահովումը.
8) լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականության և դրա իրականացման ծրագրերի մշակումը.
9) Արցախի Հանրապետությունում համայնքային ծառայության համակարգի ներդրման և զարգացման ապահովումը.
10) ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը, ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման սահմանված պահանջների ապահովումը.
11) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործմանը նպաստելը.
12) ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության ապահովումը, երկրաբանական տեղեկությունների միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման ապահովումը.
13) նախարարության իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորման ապահովումը.
14) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարման աշխատանքների իրականացման ապահովումը.
15) պետական անտառների արտադրողականության բարձրացման միջոցառումների իրականացման, պետական անտառների կենսաբազմազանության պահպանության և պետական անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործման ապահովումը.
16) տրանսպորտի համակարգում տեղեկատվության համակարգումը, վերլուծությունը և կանխատեսումը.
17) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ տրանսպորտի բնագավառում գործունեության համակարգումը.
18) տրանսպորտի համալիր զարգացման, ամբողջական, արդյունավետ, անվտանգ և որակյալ գործունեության կազմակերպման ապահովումը.
19) ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպումը.
20) տրանսպորտի շահագործման անվտանգության նկատմամբ հսկողության իրականացման ապահովումը.
21) Արցախի Հանրապետության էներգետիկ անկախությանը նպաստելը, այդ թվում` ներկրվող և տեղական էներգետիկ պաշարների տարատեսակումը և արտադրական հզորությունների առավելագույն օգտագործման ապահովումը.
22) էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
23) էներգետիկական շուկաների ընդլայնման ապահովումը.
24) էներգետիկայի բնագավառում ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովումը, մասնավոր հատվածի կայացմանն ու զարգացման նպաստումը.
25) տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների, տեղեկատվական համակարգերի, տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների շուկայի ձևավորման աջակցությունը.
26) Արցախի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության զարգացմանը նպաստելը.
27) Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների հասանելիության ապահովումը.
28) Արցախի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման նպատակով էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի զարգացմանը խթանելը.
29) ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և ծառայությունների տեսականու ավելացմանը խթանելը և ենթակառուցվածքների բնագավառում ներդրումների տնտեսապես արդյունավետ օգտագործմանը նպաստելը.
30) թռիչքային անվտանգության և արդյունավետության, օդային տարածքի օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների, միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային համաձայնագրերի նախապատրաստումը, քննարկումը և սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, քաղաքացիական ավիացիայի բնագավառի միջազգային կազմակերպություններում Արցախի Հանրապետությունը ներկայացնելը.
31) քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման իրականացումը, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումը և վերահսկողությունը` Արցախի Հանրապետության օրենսդրության և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին նրանց համապատասխանությունն ապահովելու համար և օդանավակայանների շահագործման, օդային երթևեկության կառավարման, օդերևութաբանական, աերոնավիգացիոն տեղեկատվական, տեխնիկական և այլ վերգետնյա ծառայություններ մատուցող մարմինների նշանակումն ու դրանց գործունեության վերահսկումը` քաղաքացիական ավիացիայում թռիչքային անվտանգության ապահովման համար.
32) խաղաղ ժամանակ օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև «Ավիացիայի մասին» օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի աերոնավիգացիոն հեռահաղորդակցության ծառայությունների և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունների կանոնակարգումը.
33) քաղաքացիական ավիացիայում մանրամասն ու համապարփակ կանոնակարգերի հաստատումն ու ներդրումը, ընթացակարգերի կանոնակարգումը, Արցախի Հանրապետության օդային տարածքի օգտագործման սահմանափակումների ու արգելքների սահմանումը` ռազմական ավիացիային առնչվող մասով` դրանք համաձայնեցնելով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ.
34) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, լիցենզիաներ, վկայականներ և թույլտվություններ տալը, օդանավերի թռիչքային պիտանիության, աերոնավիգացիոն միջոցների ու այլ ավիացիոն սարքավորումների, թռիչքային անձնակազմերի, օդային երթևեկության կարգավարների և օդանավերի տեխնիկական սպասարկման անձնակազմերի վկայականների տալն ու վավերացումը, անհրաժեշտության դեպքում` համապատասխան փորձագետների և մասնագետների ներգրավմամբ.
35) քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող բոլոր շահագործողների, կազմակերպությունների ու ընկերությունների շարունակական վերահսկողությունը և դրանց կողմից կատարվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի վերահսկողության տեսչական ստուգումների անցկացումը` միջազգային չափանիշներին և կանոնակարգերին համապատասխանության ապահովման նպատակով.
36) Արցախի Հանրապետության տարածքում պատահարների և միջադեպերի մասնագիտական քննությունը (պատահարների և միջադեպերի քննություն), այլ պետությունում` Արցախի Հանրապետությունում գրանցված կամ Արցախի Հանրապետության շահագործողի կողմից շահագործվող օդանավի հետ կապված նման քննությանը մասնակցությունը, ապահովության հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա վթարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության մատուցումը, Արցախի Հանրապետության տարածք թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերի տեսչական ստուգումների անցկացումը.
37) Արցախի Հանրապետության ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի ներդրումը և վարումը.
38) Արցախի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգումը.
39) քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի կիրառումը.
40) Արցախի Հանրապետության քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրների վարումը.
41) քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեություն իրականացնողներից ֆինանսական և արտադրական գործունեությանը վերաբերող վիճակագրական բնույթի տվյալների հավաքագրումն ու գնահատումը, հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.
42) առևտրային նպատակներով իրականացվող օդային փոխադրումներին թույլտվություններ տալը, թռիչքային անվտանգության ապահովման նպատակով նման փոխադրումների նկատմամբ տեխնիկական, ֆինանսական և այլ պահանջների ու պայմանների սահմանումը, թռիչքների շահագործման և քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության դադարեցումը և (կամ) կասեցումը և (կամ) փոփոխումը, եթե նման շահագործումը կամ գործունեությունը վտանգում է թռիչքային անվտանգությունը կամ չի համապատասխանում միջազգային չափանիշներին և կանոնակարգերին.
43) տրված թույլտվության` Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) իրականացվող օդային հաղորդակցությունների, պայմանների սահմանումը, ինչպես նաև կիրառվող սակագների ու չվերթների ծրագրերի հաստատումը` համաձայնագրերով կամ տրված թույլտվությամբ նախատեսված ծավալով.
44) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրների իրականացումը:
3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և ենթակառուցվածքների ոլորտներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) ապահովում է Արցախի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության մշակումը և դրա իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունը.
2) Արցախի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է Արցախի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը.
3) տարածքային համաչափ զարգացման ապահովման նպատակով քննարկում և եզրակացություն է տալիս Արցախի Հանրապետության շրջաններում պետական բյուջեով և այլ միջոցներով իրականացվող ծրագրերին.
4) իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.
5) հաստատում է Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև այդ ծրագրերում չընդգրկված միջոցառումներին տալիս է համաձայնություն.
6) ապահովում է համայնքի ղեկավարի սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության իրականացումը.
7) իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացված հսկողության արդյունքների մշտադիտարկումը.
8) Արցախի Հանրապետության համայնքային բյուջեների ձևավորման և կատարման ընթացքում իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորություններ.
9) Արցախի Հանրապետության համայնքների բյուջեների կատարման ընթացքի նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում օրենքով սահմանված միջոցներ.
10) տեղական ինքնակառավարման մարմինների հարցումով, սահմանված կարգով տալիս է սեփական և պատվիրակված լիազորությունների հետ կապված պաշտոնական պարզաբանումներ և խորհրդատվություններ.
11) իրականացնում է իրավական հսկողություն շրջանների վարչակազմերի ղեկավարների ընդունած որոշումների նկատմամբ.
12) ապահովում է շրջանների վարչակազմերի գործունեության գնահատման աշխատանքների իրականացումը և գնահատման արդյունքները ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին.
13) մշակում է տարածքային զարգացման ռազմավարության և դրա իրականացմանն ուղղված ծրագրեր.
14) համակարգում է շրջանների վարչակազմերի ընթացիկ գործունեության, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.
15) մշակում և իրականացնում է համայնքային ծառայության բնագավառում պետական քաղաքականությունը.
16) հաստատում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրեր, ինչպես նաև ծրագրերում չընդգրկված համայնքներում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու վերաբերյալ տրամադրում է գրավոր համաձայնություն.
17) մշակում է Արցախի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկությունները և ապահովում դրանց իրագործելիությունը.
18) մշակում է շրջաններում աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականությունը.
19) մշակում է Արցախի Հանրապետության բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ սխեմաների, աղբավայրերի շահագործման և աղբահանության պայմանագրային դաշտի բարելավման առաջարկներ.
20) մշակում է Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների նախագծեր.
21) մշակում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական աջակցության տրամադրման մեխանիզմները.
22) աջակցում է բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում իրավական բարենպաստ դաշտի ձևավորմանը, սպասարկող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը, նորարարական գործունեության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը․
23) իրականացնում է համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների արտահերթ ընտրությունների նշանակման իրավական ապահովումը.
24) ընտրական օրենսդրությանը համապատասխան՝ իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գործընթացի կազմակերպման աջակցության ապահովումը.
25) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Ստեփանակերտ քաղաքում իրականացնում է իրավական հսկողություն.
26) ապահովում է նախարարության իրավասության շրջանակներում խաղաղ ժամանակ զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը.
27) իր իրավասությունների սահմաններում մշակում է տրանսպորտի, էներգետիկայի, կապի և քաղաքացիական ավիացիայի բնագավառներին վերաբերող իրավական ակտերը, ընդունում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտի, էներգետիկայի, կապի և քաղաքացիական ավիացիայի բնագավառների գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտեր.
28) իր իրավասության բնագավառներին հատկացված բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը ապահովում և վերահսկում է.
29) իր իրավասության սահմաններում համագործակցում է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրեր իրականացնող գրասենյակների հետ.
30) իր իրավասությունների սահմաններում իրականցնում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունները, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարումը.
31) իր իրավասության սահմաններում մասնակցում է հանրապետության սոցիալ-տնտեսական ամենամյա ծրագրերի մշակմանը.
32) իր իրավասության սահմաններում լիցենզավորում է տրանսպորտի բնագավառում և փոստային կապի ոլորտում օրենքով նախատեսված գործունեության առանձին տեսակները:
12. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ընդերքի ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) մշակում և իրականացնում է ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականությունը.
2) մշակում և իրականացնում է ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման և պահպանության պետական ծրագրեր.
3) մշակում է ընդերքօգտագործման ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտեր.
4) մշակում ու ներդնում է ընդերքի պաշարների օգտագործման և վերարտադրության տնտեսական մեխանիզմներ.
5) ապահովում է ընդերքի պաշարների տնտեսական գնահատումը և հաստատումը.
6) իրականացնում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված օրենսդրությամբ սահմանված լիազորություններ, իր իրավասության սահմաններում տրամադրում է ընդերքօգտագործման համար անհրաժեշտ թույլտվություններ ու համաձայնություններ.
7) սահմանում է լեռնահատկացման ակտի օրինակելի ձևը.
8) իր իրավասության սահմաններում ընդերքօգտագործման ոլորտում իրականացնում է պետական փորձաքննություն.
9) իրականացնում է ընդերքի պաշարների միասնական հանրապետական ֆոնդերի՝ հաշվեկշիռների, կադաստրների ու ռեգիստրների վարումը.
10) կուտակում և կառավարում է Արցախի Հանրապետության ընդերքի պաշարների միասնական ֆոնդերը (ընդերքի և ընդերքի պաշարների մասին երկրաբանական և այլ տեղեկատվության կուտակում, պահպանում, օգտագործման տրամադրում և վերլուծություն).
11) մշակում է Արցախի Հանրապետության տարածքի երկրաբանական ուսումնասիրության և երկրաբանահետախուզական աշխատանքների պետական երկրաբանական փորձաքննության, երկրաբանատնտեսագիտական գնահատման, ընդերքի պաշարների հաստատման մեխանիզմները և ապահովում դրանց իրականացումը.
12) իրականացնում է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարումը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառումը, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը.
13) իրականացնում է երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծումը, վարումը և տնօրինումը.
14) ապահովում է երկրաբանական ուսումնասիրության և երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալների ավելացումը և դրանց պետական գրանցումը.
15) կիրառում է ընդերքօգտագործման բնագավառում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ.
16) քննարկում և համաձայնեցնում է նախարարությանը համաձայնեցման ներկայացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերը, օգտակար հանածոների արդյունահանման նախագծերը դրանց փոփոխությունները.
17) ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող` կատարված երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունների, օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պաշարների շարժի տարեկան հաշվետվությունների հիման վրա իրականացնում է վերլուծություն և ամփոփում ներկայացված տվյալները.
18) ձևավորում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման պետական պատվերը.
19) իրականացնում է արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման նյութերի փորձաքննություն՝ համապատասխան եզրակացությունների տրամադրմամբ.
20) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների սահմաններում իրականացնում է բնական պաշարների ողջամիտ օգտագործման ու վերարտադրության բնագավառի պետական քաղաքականության ու ռազմավարության մշակում և դրանց իրականացման մշտադիտարկում.
21) մշակում է ընդերքի պաշարների ողջամիտ օգտագործման և վերականգնման տնտեսական մեխանիզմներ և բնական ռեսուրսների կառավարման բնագավառում պետական ծրագրեր․
22) ստեղծում և վարում է ընդերքի պաշարների կադաստրներ ու ռեգիստրներ.
23) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության հողային հաշվեկշռի նախագծի վերաբերյալ տրամադրում է առաջարկություններ և կարծիք:
13. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով անտառների կայուն կառավարման ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) անտառային օրենսդրությանը համապատասխան իրականացնում է պետական անտառների տիրապետումը և օգտագործումը.
2) մշակում և իրականացնում է պետական քաղաքականությունը.
3) իրականացնում է անտառների դասակարգումը՝ ըստ գործառնական նշանակության.
4) կազմակերպում է Արցախի Հանրապետության պետական անտառային տնտեսությունների վարումը.
5) հաստատում է պետական անտառների անտառաշինական նախագծերը.
6) իրականացնում է Արցախի Հանրապետության պետական անտառային կադաստրի վարումը, անտառային հողերի պետական հաշվառումը.
7) մշակում է անտառների արտադրողականության բարձրացմանը, անտառավերականգնմանը, անտառապատմանը և խնամքին ուղղված նպատակային ծրագրեր.
8) իրականացնում է անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, ապահովում դրանց նպատակային օգտագործումը.
9) կազմակերպում է հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, անտառային հրդեհների հայտնաբերման ու կանխման, անտառների վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելումը.
10) իրականացնում է անտառների մշտադիտարկում.
11) իրականացնում է անտառների կայուն կառավարման բնագավառում միջազգային համագործակցություն.
12) տրամադրում է համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար թույլտվություն:
14. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով տրանսպորտի ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) ապահովում է տրանսպորտի համալիր զարգացման, ամբողջական, արդյունավետ, անվտանգ և որակյալ գործունեության կազմակերպումը.
2) օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է տրանսպորտի բնագավառում գործունեության առանձին տեսակների սակագների ձևավորումը.
3) ապահովում է տրանսպորտի շահագործման անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը.
4) ապահովում է ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի երթուղային ցանցի բարեփոխման, ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպման և ներդաշնակեցման, ավտոկայարանային ծառայությունների համալիրի բարելավման և ընդլայնման, ինչպես նաև ուղևորների սպասարկման բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
5) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի հաղորդակցության ուղիների, ճանապարհային ցանցի կատարելագործման և ներդաշնակեցման ռազմավարության քաղաքականության մշակումը և իրականացումը.
6) Արցախի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի մասին Արցախի Հանրապետության օրենսդրության պահպանման, գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը.
7) հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի, որոնք կարող են որակվել որպես անհատապես որոշվող գույք, ինչպես նաև ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառումը.
8) իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
9) մասնակցում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացմանը, շինարարությանը, նորոգման ու պահպանման ծրագրերի մշակման աշխատանքներին:
15. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով էներգետիկայի բնագավառում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ռազմավարական ծրագրերի մշակումն ու միջոցառումների կենսագործումը.
2) էներգետիկայի բնագավառի վերաբերյալ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստմանը մասնակցությունը.
3) տեղական էներգետիկական պաշարների (հատկապես` հիդրոէներգետիկական), էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակման և կիրառման ապահովումը.
4) գիտատեխնիկական առաջընթացի և նոր` էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման և վերապատրաստման միջոցառումների իրականացումը.
5) էներգետիկայի բնագավառում էներգետիկական շուկաների, այդ թվում` տարածաշրջանային, ընդլայնման միջոցառումների մշակումն ու իրականացումը.
6) էներգետիկայի բնագավառի և էներգախնայողության ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման (տեխնիկական կանոնակարգեր, ազգային ստանդարտներ և այլն) կազմակերպումը և սահմանված կարգով դրանց հաստատումը.
7) օտարերկրյա պետությունների հետ Արցախի Հանրապետության համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծերի, նպատակային ծրագրերի մշակմանը մասնակցությունը.
8) Արցախի Հանրապետության կառավարություն ու միջազգային դոնոր կազմակերպություններին` էներգետիկայի բնագավառի զարգացմանն ու վերակառուցմանն ուղղված միջազգային վարկային ծրագրերի նախագծերի մշակումը և ներկայացումը, հաստատված վարկային ծրագրերն իրականացնող գրասենյակների աշխատանքի համակարգումը.
9) էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում էներգատեղակայանքների անվտանգ շահագործման նկատմամբ օրենքով սահմանված կարգով տեխնիկական վերահսկողության իրականացումը.
10) սահմանված կարգով այլ պետությունների, օտարերկրյա անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ էներգետիկայի բնագավառի տնտեսական, ֆինանսական, գիտատեխնիկական և համագործակցության այլ ձևերի զարգացման միջոցառումների իրականացումը:
16. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով կապի բնագավառում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականության մշակումը և իրականացումը.
2) Արցախի Հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության նպատակների մշակումը և իրականացումը.
3) արտակարգ իրավիճակ հայտարարելու, ռազմական դրության կամ մեկ այլ արտակարգ իրավիճակի պարագայում դրա տևողության ամբողջ ընթացքում պատասխանատվության ստանձնում՝ էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների, կամ դրանցից ցանկացածի շահագործման և կառավարման համար, ինչպես նաև տեղեկատվական և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովումը, համակարգումն ու կառավարումը.
4) ռադիոհաճախականության տիրույթի պաշտպանության ու պահպանման նորմերի և դրանց կիրառման կարգի սահմանումը և տեխնիկական վերահսկումը.
5) ռադիոհաճախականության տիրույթի բաշխումը, օգտագործման որոշակի նպատակների համար ռադիոհաճախականության տիրույթի որոշակի հատվածների առանձնացումը.
6) փոստային կապի և տեղեկատվայնացման ոլորտներում գործող լիցենզիաների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կապի և տեղեկատվայնացման ոլորտներում գործող կանոնների և նորմերի պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողությունը.
7) հեռահաղորդակցության արբանյակների ուղեծրային դիրքի օգտագործման պայմանների կարգավորման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
8) փոստային օբյեկտների դասիչների սահմանումը.
9) նամակագրական թղթակցության՝ փոստարկղերից հավաքման հաճախականության և փոստային առաքանիների անցման դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների սահմանումը.
10) էլեկտրոնային հաղորդակցության վերջնակետային սարքավորումների արտադրության, ներմուծման, իրացման և օգտագործման նկատմամբ վերահսկողությունը:
17. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություններում Արցախի Հանրապետության շահերը ներկայացնելը.
2) քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրների վարումը.
3) օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ տալու (ճանաչելու), սերտիֆիկատների գործողության ժամկետները երկարաձգելու, կասեցնելու կամ դադարեցնելու նպատակով օդանավի թռիչքատեխնիկական և ռեսուրսային վիճակի ուսումնասիրումը` դրանց պիտանիությունը որոշելու համար.
4) օդանավերի, դրանց սարքավորումների ու արտադրատեսակների տեխնիկական սպասարկման, վերանորոգման, ձևափոխման և այլ աշխատանքներ կատարող ընկերությունների ու կազմակերպությունների սերտիֆիկացումը, ինչպես նաև ինժեներատեխնիկական մասնագետների որակավորումը.
5) օդանավերի թռիչքային պիտանիության և տեխնիկական սպասարկման ու վերանորոգման սերտիֆիկատների վավերականության ժամանակահատվածում դրանց համապատասխանության ստուգումների և վերահսկողության իրականացումը.
6) թռիչքատեխնիկական ուսումնասիրությունների և փորձարկումների կատարումը` օդանավին հատուկ թռիչքի թույլտվություն տալու նպատակով, երբ օդանավին թռիչքային պիտանիության սերտիֆիկատ չի կարող տրվել.
7) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի համակարգում պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության իրականացումը և դրանց համապատասխան գործավարության կազմակերպումը.
8) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի համակարգում զորահավաքային ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների իրականացմանը մասնակցությունը և դրանց համապատասխան գործավարության կազմակերպումը.
9) օդանավ շահագործողի սերտիֆիկատ հատկացնելու համար նախատեսված պահանջների սահմանումը և կանոնակարգումը.
10) օդանավ շահագործողի սերտիֆիկատ ունեցող անձանց ավիացիոն տեսչական ստուգումների և վերահսկողության իրականացումը.
11) օդային տարածքի օգտագործման պետական կարգավորման իրականացումը.
12) քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպությունների համար պարտադիր կիրառման ենթակա հաղորդագրությունների ձևերի ու ցանկի, ինչպես նաև դրանց կիրառման կարգի սահմանումը:
18. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է նաև հետևյալ գործառույթները՝
1) ներդնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) և դրանց միջոցով վարում է հավաքագրված տվյալների ու տեղեկությունների վարչական վիճակագրական ռեգիստրներ․
2) կազմակերպում և իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը և հասարակայնության հետ կապերը.
3) ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ սահմանված կարգով համագործակցություն.
4) ապահովում է նախարարության իրավասության սահմաններում միջազգային գործունեության և միջազգային կապերի իրականացումը.
5) ապահովում է Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման աշխատանքները, ինչպես նաև Արցախի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցություն.
6) նախարարության իրավասության սահմաններում իրականացնում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորություններ, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարում.
7) իրականացնում է նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկում և դրանց վերաբերյալ կարծիքների ու առաջարկությունների տրամադրում.
8) իրականացնում է օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից նախարարության համակարգին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարում և ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների մշտադիտարկում.
9) իրականացնում է նախարարության համակարգի (ենթակայության) ընկերությունների ֆինանսատնտեսագիտական գործունեության մշտադիտարկում.
10) ապահովում է նախարարության բնագավառի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի, հայտերի և դրանց հիմքում դրվող առանձին եկամուտների գծով բյուջետային մուտքերի կանխատեսումների կազմման և ներկայացման գործընթացը.
11) քննարկում է նախարարության գործունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները).
12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
19. Նախարարությունը գլխավորում և նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունը կառավարում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը (այսուհետ՝ նախարար), որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:
20. Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
21. Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:
22. Նախարարն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի գնահատման և վերլուծության, հեռանկարային զարգացման ապահովման համար:
23. Նախարարը՝
1) իր իրավասության սահմաններում ընդունում է ենթաօրենսդրական իրավական ակտեր.
2) ղեկավարում, համակարգում և վերահսկում է նախարարության և նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
3) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և կառավարություն.
4) իրականացնում է նախարարության աշխատակազմի կառավարումը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում.
5) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով.
6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության համակարգի աշխատողներին, նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
7) տրամադրում է արձակուրդ նախարարության աշխատակազմի ղեկավարին՝ Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան.
8) Արցախի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
9) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
10) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.
11) հաստատում է նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի տարեկան գործունեության ծրագիրը.
12) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարին տալիս է պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ և հսկում է դրանց կատարման ընթացքը.
13) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությանների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, նախարարության համակարգի պետական մարմնի ղեկավարի, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
14) լսում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմնի և կազմակերպությունների գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության մարմինների տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
15) վերահսկողություն է իրականացնում նախարարության կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման, աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
16) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության և նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմնի և կազմակերպությունների կանոնադրությունները և կառուցվածքները.
17) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի աշխատողների թիվը.
18) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
19) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության համակարգի աշխատողներին ներկայացնում է Արցախի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման.
20) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
21) իր լիազորության սահմաններում հիմնում է պարգևներ.
22) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում համաձայնություն է տալիս նախարարության համակարգի պետական մարմնի պաշտոնում նշանակում կատարելու համար.
23) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
24. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը (տեղակալներից մեկը):
25. Նախարարի տեղակալը՝
1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության համակարգի պետական մարմինների և նախարարության կառավարման ոլորտում գործող կազմակերպությունների աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմիններին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, վերահսկողություն իրականացնում դրանց կատարման նկատմամբ.
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի մասին.
11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ.
12) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
26. Նախարարը կարող է ունենալ մամուլի քարտուղար և ռեֆերենտներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
27. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու, տիրող իրավիճակի գնահատման և վերլուծության, հեռանկարային զարգացման նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա, որը`
1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների կայացման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ․
4) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.
5) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.
6) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`
ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,
բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,
գ. նախարարության ընթացիկ գործունեության որակի վերաբերյալ:
28. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
29. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
30. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
31. Նախարարության աշխատակազմը գործում է Քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
32. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրացված գույք, իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
33. Նախարարության աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
34. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
35. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:
36. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:
37. Նախարարության աշխատակազմի անվանումն է` «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
38. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, N 1, կառավարության շենք:
6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
39. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռքբերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
40. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու իր կողմից նախարարության աշխատակազմին հանձնված գույքը:
41. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
42. Արցախի Հանրապետության կառավարության կողմից նախարարության աշխատակազմին հանձնված գույքը ենթակա է հաշվառման՝ կառավարության սահմանած կարգով:
7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
43. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ և բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
44. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
45. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
46. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
47. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից:
48. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
49. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
8. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
50. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
51. Արցախի Հանրապետության կառավարությունը՝
1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.
3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
5) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
52. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
53. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
54. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
55. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը՝ նախարարի հրամանով:
56. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝
1) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով, Արցախի Հանրապետության կառավարության և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
6) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
7) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
8) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
9) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
10) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
11) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
12) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
13) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
14) ապահովում է համագործակցությունն Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
15) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
57. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» օրենքով իր վրա դրված լիազորությունները:
58. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
9. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
59. Նախարարության աշխատակազմն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
60. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
10. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
61. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 775-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
1) Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչություն
2) Իրավաբանական և վերահսկողական վարչություն
3) Ֆինանսատնտեսական վարչություն
4) Տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի վարչություն
2. Բաժիններ
1) Քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության բաժին
2) Ընդերքօգտագործման ոլորտի կառավարման բաժին
3) Անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժին
4) Հասարակայնության հետ կապերի բաժին
5) Կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
6) Էներգետիկայի բաժին
7) Անձնակազմի կառավարման բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
1) Էներգետիկայի պետական տեսչություն
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչություն
3) Հեռահաղորդակցության հանրապետական գործակալություն։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |