Համարը 
N 199-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.03.10/07(464)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.03.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.03.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.03.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 193-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2022թ.

N 199-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔՆ

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 193-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ

ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2021 թվականի օգոստոսի 12-ի ՆՀ-2754-Ն հրամանագրի 5-րդ կետով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից գույքն օգտագործման տրամադրելու հատուկ կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 4-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և (կամ) սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց համար կացարանների վարձակալության ու անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 193-Ն որոշումը:

3. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածի պահանջներին համապատասխանեցնել Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 4-ի N 193-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան կնքված անշարժ գույքի վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածի 10-րդ և 11-րդ կետերի պահանջներին համապատասխանեցնել 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո կնքված հյուրանոցային և սննդի ծառայությունների ու հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրերը:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 199-Ն որոշման

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ

ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից գույքն օգտագործման տրամադրելու հատուկ կարգը և պայմանները:

2. Սույն կարգով ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից օգտագործման կարող են տրամադրվել բնակության համար պիտանի անշարժ գույք՝ բնակելի տներ և բնակարաններ (այսուհետ՝ կացարաններ), ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտներ:

(2-րդ կետը փոփ. 21.04.22 N433-Ն)

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) ընտանիք՝ ամուսնության, ազգակցության կամ որդեգրման վրա հիմնված մարդկանց խումբ, այդ թվում՝ ամուսինները, զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները, տատիկները և պապիկները, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն․

2) կացարան՝ նվազագույն կացարանային պայմաններ (սանհանգույցով, ջրամատակարարմամբ և էներգամատակարարմամբ ապահովված) ունեցող անշարժ գույք․

3) շահառուներ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած անձինք կամ ընտանիքները, ինչպես նաև ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված անձինք կամ ընտանիքները․

4) ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված անձ կամ ընտանիք՝ այն անձը կամ ընտանիքը, որի միջին ամսական տնօրինվող եկամուտը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով, չի գերազանցում 65 000 ՀՀ դրամը։

(3-րդ կետը խմբ. 21.04.22 N433-Ն)

4. Սույն կարգով կացարանները վարձակալության են վերցվում շահառուներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:

5. Շահառուների համար կացարանների վարձակալության վերցնելու և շահառուներին անհատույց օգտագործման տրամադրման գործընթացն իրականացվում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) և (կամ) Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի միջոցով՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագրեր կնքելու եղանակով:

6. Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում գտնվող կացարանների վարձակալության պայմանագրերը կնքվում են Նախարարության հետ: Արցախի Հանրապետության շրջաններում գտնվող կացարանների վարձակալության պայմանագրերը կնքվում են համապատասխան շրջանի վարչակազմի (այսուհետ՝ Վարչակազմ) կամ Նախարարության հետ:

7. Ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված անձանց համար կացարանի վարձակալման որոշումը կայացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը (այսուհետ՝ Նախարար) կամ վարչակազմի ղեկավարը՝ համապատասխանաբար Նախարարի կամ վարչակազմի ղեկավարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:

8. Շահառուների համար Արցախի Հանրապետության շրջաններում՝ բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի, վարձակալվող կացարանների համար սահմանվում են ամսական վարձավճարներ հետևյալ չափերով՝

 

Հ/Հ

Կացարանի

սենյակների քանակ

Վարձավճարի չափը՝

ներառյալ հարկերը (ՀՀ դրամ)

1

1 սենյակ

42 553

2

2 սենյակ

53 191

3

3 սենյակ

63 830

4

4 սենյակ

74 468

5

5 և ավելի սենյակ

85 106

(8-րդ կետը փոփ. 21.04.22 N433-Ն)

 

9. Շահառուների համար Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում վարձակալվող կացարանների մեկ քառակուսի մետր բնակելի տարածքի համար սահմանվում է 1 277 (հազար երկու հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը, բայց ոչ պակաս, քան մեկ կացարանի համար 53 191 (հիսուներեք հազար հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը և ոչ ավել, քան մեկ կացարանի համար 159 574 (հարյուր հիսունինը հազար հինգ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը:

10. Ըստ անհրաժեշտության, Նախարարության նախաձեռնությամբ, Արցախի Հանրապետությունում հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ կնքվում են հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ մեկ անձի դիմաց (բացառությամբ մինչև մեկ տարեկան երեխաների) մեկ օրվա (ներառյալ գիշերակացը) համար սահմանելով մինչև 3 000 (երեք հազար) ՀՀ դրամ սակագին՝ առանց ԱԱՀ։

(10-րդ կետը փոփ. 21.04.22 N433-Ն)

11․ Նախարարությունը կարող է այն հյուրանոցային տնտեսության օբյեկտներից, որտեղ բացակայում են շահառուների կողմից սննդի ինքնուրույն պատրաստման համար կենցաղային բավարար պայմաններ, պատվիրել նաև սննդի մատուցման ծառայություններ՝ մեկ անձի համար սննդի մատուցման մեկ օրվա սակագինը սահմանելով մինչև 2 000 (երկու հազար) ՀՀ դրամ (բացառությամբ մինչև մեկ տարեկան երեխաների)։

(11-րդ կետը փոփ. 21.04.22 N433-Ն)

12․ Շահառուները՝ սույն կարգի շրջանակներում միաժամանակյա չեն կարող օգտվել կացարանների անհատույց օգտագործման տրամադրումից և Ստեփանակերտ քաղաքում, և Արցախի Հանրապետության շրջաններում։

13․ Շահառուները՝ սույն կարգի շրջանակներում միաժամանակյա չեն կարող օգտվել և կացարանների անհատույց օգտագործման տրամադրումից, և հյուրանոցային ծառայություններից:

14. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված վարձավճարի գումարից առաջացող հարկերը՝ ֆիզիկական անձանց դեպքում վճարվում են Նախարարության կամ Վարչակազմի կողմից՝ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ սեփական միջոցների հաշվին:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

15․ Անշարժ գույքի սեփականատերը (համասեփականատերերը) (այսուհետ՝ վարձատու) կամ վերջինիս կողմից լիազորված անձը, շահառուն ներկայանում են Նախարարություն կամ Վարչակազմ (այսուհետ՝ վարձակալ)՝ համապատասխան պայմանագրերը կնքելու նպատակով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1) անշարժ գույքի վարձատուի անձնագիրը, սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, սեփականատեր իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը, իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները․

2) շահառուների ընտանիքի անդամների անձնագրերը կամ ծննդյան վկայականները, սոցիալական քարտերը կամ հանրային ծառայությունների համարանիշները (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը․

3) վարձատուի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, ժառանգության իրավունքի վկայագիր և այլն)․

4) տեղեկանք համայնքի ղեկավարի կամ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից այն մասին, որ շահառուներին պատկանող կացարանն ավերվել է պատերազմի հետևանքով և պիտանի չէ բնակության համար, այն դեպքում, եթե շահառուները անօթևան են մնացել իրենց պատկանող կացարանի ավերվածության պատճառով, որը գտնվում է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում․

5) շահառուների՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր․

6) լիազորագիր, եթե վարձատուին ներկայացնում է լիազորված անձը:

16․ Փաստաթղթերն ընդունելուց հետո վարձակալի և վարձատուի միջև կնքվում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ՝ վարձակալության պայմանագիր)՝ համաձայն որի, ի թիվս այլ պայմանների, պետք է արձանագրվի վարձատուի՝ վարձակալության հանձնված գույքը շահառուներին անհատույց օգտագործման հանձնելու համաձայնությունը:

16.1. Վարձակալի համապատասխան եզրակացության հիման վրա՝ միևնույն անշարժ գույքի նկատմամբ վարձատուի հետ կարող է կնքվել երկու և ավելի վարձակալության պայմանագրեր, եթե տվյալ անշարժ գույքի յուրաքանչյուր վարձակալվող տարածքի պայմանները համապատասխանում են սույն կարգով սահմանված կացարանի պայմաններին:

(16.1-ին կետը լրաց. 01.06.22 N 621-Ն)

17․ Վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո վարձակալը վարձակալված կացարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում է շահառուին՝ վերջինիս հետ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ անհատույց օգտագործման պայմանագիր) կնքելով:

17.1. Փոխատուի և փոխառուի միջև չի կարող կնքվել անհատույց օգտագործման պայմանագիր, եթե վերջինս վարձատուի հետ գտնվում է մերձավոր ազգակցական (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների) կապի մեջ։

(17.1-ին կետը լրաց. 01.06.22 N 621-Ն)

 

3. ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

18. Սույն կարգով վարձակալված կացարանում, կենցաղային պայմանների բարելավման նպատակով, վարձակալի կողմից վարձատուին՝ վերջինիս կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա, կարող է տրամադրվել վարձավճարի կանխավճար՝ վարձակալության պայմանագրով սահմանված մեկ ամսվա վարձավճարի մինչև տասներկուապատիկի չափով, բայց ոչ ավել, քան մեկ միլիոն ՀՀ դրամը:

19. Վարձակալի և վարձատուի միջև վարձավճարի կանխավճարի տրամադրման վերաբերյալ համաձայնությունը հաստատվում է՝

1) վարձավճարի կանխավճարի տրամադրման օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում վարձատուի կողմից բարեկարգման աշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորության դեպքում․

2) անշարժ գույքի վարձակալության պայմանագրով, եթե մինչև վարձատուի կողմից վարձավճարի կանխավճար ստանալու համար Նախարարություն կամ Վարչակազմ դիմելը չի կնքվել վարձակալության պայմանագիր․

3) անշարժ գույքի վարձակալության պայմանագրի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրով, եթե մինչև վարձատուի կողմից վարձավճարի կանխավճար ստանալու համար Նախարարություն կամ Վարչակազմ դիմելը անշարժ գույքի վարձակալության պայմանագիրն արդեն կնքված էր:

20. Նախարարի կամ Վարչակազմի ղեկավարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից մինչև վարձավճարի կանխավճարի տրամադրումը և դրանից տասնհինգ աշխատանքային օր հետո իրականացվում է մոնիթորինգ՝ տրամադրված կանխավճարի նպատակային օգտագործումը պարզելու նպատակով:

 

4. ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

 

21. Վարձակալի կողմից՝ Նախարարի կամ Վարչակազմի ղեկավարի հրամանով սահմանված ժամանակացույցին համապատասխան, իրականացվում է մոնիթորինգ` վարձակալության ու անհատույց օգտագործման պայմանագրերի պայմանների պահպանումը պարզելու նպատակով: Մոնիթորինգ իրականացնելու նպատակով Նախարարի կամ Վարչակազմի ղեկավարի հրամանով ստեղծվում է աշխատանքային խումբ:

22. Մոնիթորինգ իրականացնող աշխատանքային խումբը պետք է պարզի հետևյալ հանգամանքները՝

1) շահառուների՝ իրենց տրամադրված կացարանում բնակվելու փաստը․

2) շահառուների կողմից իրենց տրամադրված կացարանի ոչ բարեխղճորեն կամ դրա նպատակային նշանակությանը ոչ համապատասխան օգտագործելու փաստը․

3) շահառուների կողմից իրենց տրամադրված կացարանը լքելու պատճառները․

4) վարձատուի կողմից շահառուներին անհիմն պահանջներ (օրինակ՝ հավելյալ վարձավճար վճարելու վերաբերյալ) ներկայացնելու փաստի առկայությունը կամ բացակայությունը:

23․ Մոնիթորինգ իրականացնող աշխատանքային խումբն ամփոփում է մոնիթորինգի արդյունքները՝ կազմելով համապատասխան արձանագրություն:

24․ Եթե մոնիթորինգի արդյունքում պարզվում է, որ շահառուն ազատել է տվյալ կացարանը վարձատուի անհիմն պահանջով, ապա վարձատուն ընդգրկվում է Նախարարության կամ Վարչակազմի կողմից վարվող ոչ բարեխիղճ վարձատուների ցուցակում: Այդ դեպքում վարձատուին պատկանող կացարանը կարող է օգտագործման վերցվել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածով սահմանված կարգով:

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

25․ Անհատույց օգտագործման պայմանագիրը կարող է լուծվել հետևյալ դեպքերում՝

1) փոխառուի նախաձեռնությամբ՝ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով․

2) փոխատուի նախաձեռնությամբ՝

ա․ եթե փոխառուները անհատույց օգտագործման հանձնված կացարանն օգտագործում են ոչ բարեխղճորեն կամ դրա նպատակային նշանակությանը ոչ համապատասխան,

բ․ եթե մոնիթորինգի արդյունքում պարզվում է, որ փոխառուն չի պահպանել պայմանագրի կանոնները, մասնավորապես, փոխառուն փաստացի չի բնակվում տվյալ կացարանում։

26. Վարձակալության պայմանագիրը կարող է լուծվել հետևյալ դեպքերում՝

1) վարձատուի նախաձեռնությամբ՝ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով․

2) վարձակալի նախաձեռնությամբ՝

ա․ եթե անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվելու պահին չկա այլ շահառու,

բ․ եթե մոնիթորինգի արդյունքում պարզվում է, որ վարձատուն չի պահպանել պայմանագրի կանոնները։

27․ Վարձատուի և Վարձակալի միջև կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը չի կարող լուծվել մինչև տրամադրված վարձավճարի գումարի չափով վարձավճարի գումարի հաշվանցում կատարելը կամ կանխավճարը՝ չհաշվանցված գումարի չափով Վարձակալի գանձապետական ենթահաշվին հետ վերադարձնելը։

(կարգը փոփ., խմբ. 21.04.22 N433-Ն, լրաց. 01.06.22 N 621-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ