ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի
մայիսի 25-ին
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ Ո Ւ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Օրենքի նպատակը և կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների (այսուհետ` առևտրի և ծառայությունների) ոլորտի պետական կառավարման հիմքերը, այդ ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները` ուղղված առևտրի և ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգմանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության ապահովմանը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացվող առևտրի և ծառայությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավական այլ ակտերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Գ Լ Ո Ւ Խ 2
ԱՌԵՎՏՈՒՐ
|
Հոդված 2. |
Հիմնական հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով առևտրի ոլորտում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
վաճառող` առուվաճառքի պայմանագրով սպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
աշխատող (պարբերությունն ուժը կորցրել է 17.09.2008 ՀՕ-53-Ն)
առևտրի օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է ապրանքների առուվաճառքի համար.
սպառողական ապրանքների շուկա՝ առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների առուվաճառք.
ոչ պարենային ապրանքներ` բնակչության նյութական և կուլտուր-կենցաղային պահանջների բավարարման նպատակով վաճառքի համար նախատեսված կուլտուր-կենցաղային և տնտեսական նշանակության, թեթև արդյունաբերության և այլ արտադրանք.
արտադրատեխնիկական նշանակության ապրանքներ` տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործման նպատակով նախատեսված ապրանքներ, որոնք հիմնականում ներկայացվում են տեխնոլոգիական սարքավորումների, մեքենաների, վառելիքահումքային ապրանքների տեսքով.
գյուղատնտեսական արտադրանքի շուկա՝ առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի (այսուհետ` գյուղատնտեսական արտադրանք) և սննդամթերքի առուվաճառք.
կենդանիների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանի կենդանիների առուվաճառք.
շրջիկ առևտրի կետեր՝ ապրանքների պահման և մանրածախ առևտրի համար համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, ավտոցիստեռններ և այլն.
հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետ` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) կայան.
շրջիկ առևտուր` առևտրի օբյեկտներից դուրս շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացվող վաճառք.
շրջածախ առևտուր՝ առևտրի օբյեկտներից դուրս, վաճառողի հանձնարարությամբ, աշխատողի կողմից սպառողի տանը, հիմնարկներում, կազմակերպություններում, տրանսպորտում կամ փողոցում գնորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող մանրածախ առևտուր.
բացօթյա առևտուր՝ առևտրի օբյեկտներից, այդ թվում` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերից և առևտրի իրականացման վայրերից դուրս՝ օրենսդրությամբ թույլատրված ապրանքների առևտուր.
դիլեր՝ կազմակերպության արտադրանքի իրացման ցանցի մեջ մտնող և նրա գործակալը հանդիսացող՝ արտադրանքի մանրածախ առևտրով զբաղվող վաճառող.
դիստրիբյուտոր՝ արտադրական կազմակերպություններին շուկայում ներկայացնող վաճառող, որն արտադրական կազմակերպությունների հետ կնքված մատակարարման պայմանագրով մեծածախ ձեռքբերումների հիման վրա իրականացնում է իրացման գործունեություն.
առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում համապատասխան լիցենզիայի հիման վրա առևտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր.
առևտրի կենտրոն` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտական (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ.
ցուցահանդես-վաճառք` իրավաբանական անձի և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալված տարածքում կամ իրավասու մարմնի կողմից սահմանված վայրում առուվաճառքի պայմանագրերի կնքման և տարածաշրջանային, միջտարածաշրջանային և միջպետական տնտեսական կապերի ձևավորման նպատակով կազմակերպվող միջոցառում.
տոնավաճառ (վերնիսաժ)` հատկացված վայրում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին կազմակերպվող շուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքն իրականացնում են իրավաբանական և ֆիզիկական անձինք.
առևտրի իրականացման վայր` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` առանձնացված, կառուցապատված և կահավորված, երկու և ավելի վաճառատեղ ունեցող տարածք, որտեղ կարող են նախատեսվել նաև հանրային սննդի և այլ ծառայությունների համար տարածքներ.
առևտրի իրականացման վայրի վաճառատեղ` առուվաճառքի պայմանագրով գործարքներ կատարելու համար օգտագործվող տեղ.
խանութ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված` հատուկ սարքավորված շենք, շինություն կամ դրա մաս, որն ունի առևտրական դահլիճ.
կրպակ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված շինություն, որը չունի առևտրական դահլիճ.
վաճառատեղ (վաճառասեղան)` սույն օրենքի իմաստով առևտրի իրականացման վայրում առևտուր իրականացնելու համար մեկ և ավելի վաճառողներին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված գույք (սեղան).
դրոշմապիտակ` սահմանված չափեր, ձև և կեղծումից պաշտպանվածության աստիճան ունեցող ինքնասոսնձվող դրոշմանիշ, որի վրա նշված ապրանքի համառոտ անվանումը, սերիան և հերթական համարը հնարավորություն են տալիս նույնականացնել դրանով դրոշմավորված ապրանք արտադրողին կամ ներմուծողին:
(2-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 17.09.2008 ՀՕ-53-Ն, լրաց. 28.10.2009 ՀՕ-49-Ն, լրաց. 16.12.2010 ՀՕ-61-Ն, խմբ., փոփ., լրաց. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
|
Հոդված 3. |
Առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրի տեսակները |
1. Առևտրի օբյեկտների տեսակներն են` խանութները, կրպակները, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը:
2. Առևտրի իրականացման վայրի տեսակներն են՝ առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:
(3-րդ հոդվածը խմբ. 17.09.2008 ՀՕ-53-Ն, լրաց. 16.12.2010 ՀՕ-61-Ն, խմբ. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
|
Հոդված 3.1. |
Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզավորումը |
1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) կազմակերպումը ենթակա է լիցենզավորման «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` սույն օրենքին և լիցենզավորման կարգին համապատասխան:
2. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպումը ենթակա է լիցենզավորման, եթե շուկաների տարածքում իրականացվում է սննդամթերքի վաճառք և գործում են առևտրի օբյեկտներ: Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գերակա հանրային շահերով օտարվող տարածքներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի սահմանագծերից դուրս, բացառապես շարժական բաց վաճառատեղերի (վաճառասեղանների) միջոցով առևտրի իրականացման վայրի կազմակերպման դեպքերի վրա:
3. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպչի կողմից սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը պետք է ներառեն հետևյալ պարտադիր պայմանները`
ա) առևտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
բ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
գ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության իրականացման ժամանակահատվածը (ոչ ամբողջ ամսվա համար` նշելով օրերը և դրանց թիվը).
դ) վաճառատեղի հերթական համարը և հատկացվող տարածքի մակերեսը (մ2).
ե) մեկ քառակուսի մետրի հաշվով գանձվող վճարի չափը.
զ) պայմանագրի կնքման և գործողության ժամկետները:
4. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպչի կողմից կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը գործողության մեջ են մտնում պայմանագիր կնքած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործման (շահագործման) համար նախատեսվող հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով հարկային մարմնում գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրվանից: Օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան նորով փոխարինելու դեպքում նախկինում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենան գրանցումից հանելու օրվանից մինչև նոր հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրը վաճառատեղում (այդ թվում` առևտրի օբյեկտում) առուվաճառք իրականացնելն արգելվում է:
Սույն մասի պահանջները չեն տարածվում առևտրի իրականացման վայրերում բացառապես գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի համար նախատեսված բաց վաճառասեղանների միջոցով առևտրի իրականացման վրա, ինչպես նաև առևտրային այլ գործունեություն իրականացնողների վրա, որոնց մասով օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը:
5. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպիչը յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ձևով լիցենզավորող մարմին է ներկայացնում հաշվետվություն` տվյալ եռամսյակի ընթացքում առևտրի իրականացման վայրի տրամադրած վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ, որը պետք է պարունակի սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր պայմանների վերաբերյալ տեղեկությունները:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիցենզավորող մարմինը հաշվետվության պատճենը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմին, որը լիցենզավորող մարմին է ներկայացնում տեղեկանք հաշվետվությունում նշված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` հարկ վճարողի հաշվառման համարների և հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների համապատասխանության կամ հաշվետվությունում տեղ գտած անհամապատասխանությունների մասին:
7. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպիչն իր հաշվին, սույն օրենքով սահմանված ժամկետներից սկսած, լիցենզավորման ենթակա առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջև ցանցային կապուղիների միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներդնում ու շահագործում է համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարան, ապահովում է յուրաքանչյուր վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) և հարկային մարմնի համար տեղեկատվական տվյալների շտեմարանին միանալու հնարավորությունը և տեղեկատվական միասնական համակարգի անխափան աշխատանքը:
8. Առևտրի իրականացման վայրի վաճառատեղերում (այդ թվում` առևտրի օբյեկտներում) սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտմամբ կնքված պայմանագրերով կամ սույն հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերության պահանջների խախտմամբ առուվաճառքի փաստացի իրականացման կամ սույն հոդվածի 7-րդ մասի պահանջների խախտման դեպքում (այդ թվում` հարկային մարմնի կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա) լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի գործողության կասեցումը և (կամ) դադարեցումը իրականացվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(3.1-րդ հոդվածը լրաց. 28.10.2009 ՀՕ-49-Ն, լրաց. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
|
Հոդված 4. |
Առևտրի օբյեկտներին ներկայացվող պահանջները |
1. Առևտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
2. Առևտրի օբյեկտներում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` առանձին բաժիններում:
3. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի սույն օրենքով ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ շենքերով:
4. Առևտրի օբյեկտները պետք է ապահովված լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
5. Առևտրի օբյեկտներում սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների ցուցադրումն առևտրի օբյեկտից դուրս արգելվում է: Նշված ապրանքներ վաճառող առևտրի օբյեկտների ցուցափեղկերը և մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված կամ մգավորված ապակիներով այնպես, որ վաճառվող ապրանքների նմուշները դրսից տեսանելի չլինեն:
6. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:
7. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաև գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող ցուցանակով:
(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.09.2008 ՀՕ-53-Ն, լրաց. 28.10.2009 ՀՕ-49-Ն, լրաց. 16.12.2010 ՀՕ-61-Ն, փոփ. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
|
Հոդված 5. |
Առևտրի իրականացման վայրերին ներկայացվող պահանջները |
1. Առևտրի իրականացման վայրերում առուվաճառքն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում):
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով, 14-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով նշված ապրանքների, ինչպես նաև համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի վաճառք:
3. Առևտրի իրականացման վայրերում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում:
4. Առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաները պետք է ապահովված լինեն՝
ա) ձեռքի սայլակներով և մինչև ավտոկանգառ դրանց տեղաշարժն ապահովող ուղիներով.
բ) իրենց հատկացված հողատարածքի սահմաններում գործող ավտոկանգառով.
գ) օրենսդրությանը համապատասխան կառուցված կենցաղային հարմարություններով և սանիտարական հանգույցով, վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Առևտրի իրականացման վայրերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաև գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող ցուցանակով.
դ) տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով:
41. Բացի սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների, կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով, փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակով, իսկ 25 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաները պետք է ունենան նաև տարբեր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված կացատեղեր` ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով և ցուցատախտակով, որի վրա նշվում են կենդանու տեսակը, հասակը, սեռը, թույրը (գույնը) և գույքային համարը, ապահովված լինեն լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով, կերերի և ջրի մատակարարման հարմարություններով, կոյուղատար առվակներով կամ խողովակաշարերով և գոմաղբապահեստարաններով:
5. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է ոչ պարենային ապրանքների վաճառքը (բացառությամբ վաճառքի համար անհրաժեշտ փաթեթավորման և տարայավորման ապրանքների):
Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է կենդանի կենդանիների վաճառքը:
6. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գործող առևտրի օբյեկտների գործունեության վրա չեն տարածվում սույն հոդվածի 5-րդ մասի պահանջները:
Նշված առևտրի օբյեկտներում արգելվում է վաճառել սույն օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասում նշված ապրանքները:
7. Սպառողական ապրանքների շուկաներում արգելվում է գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը:
8. Սպառողական ապրանքների շուկաների տարածքում գործող առևտրի օբյեկտների գործունեության վրա չեն տարածվում սույն հոդվածի 7-րդ մասի պահանջները:
9. Առևտրի իրականացման վայրը պետք է ապահովված լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
10. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպչի կողմից սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ներդրված և շահագործվող համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանին (այդ թվում` յուրաքանչյուր վաճառատեղի հսկիչ-դրամարկղային մեքենաների տվյալներին) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնին հասանելիության կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 28.10.2009 ՀՕ-49-Ն)
|
Հոդված 51. |
Բացօթյա առևտրին ներկայացվող պահանջները |
1. Բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
2. Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանօրյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:
3. Բացօթյա առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ` վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար:
Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջական գետնին, մայթին, սալահատակին:
(51-րդ հոդվածը լրաց. 17.09.2008 ՀՕ-53-Ն)
|
Հոդված 6. |
Վաճառողին ներկայացվող պահանջները |
1. Վաճառողը պարտավոր է ապահովել՝
ա) սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-7-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.
բ) յուրաքանչյուր աշխատողին` իր ստորագրությամբ և կնիքով հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և պաշտոնի նշմամբ:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ:
Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը.
գ) սպառողի (գնորդի) հետ դրամական հաշվարկները հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով իրականացնելու դեպքում վաճառված ապրանքի հետ սպառողին (գնորդին) դրամարկղային չեկի, իսկ առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների իրականացնելու դեպքում` ապրանքի գնի վճարումը հաստատող, վաճառողի կողմից հաստատված ձևի, փաստաթղթի տրամադրումը.
դ) ապրանքը վաճառքի հանելուց առաջ առաջարկվող ապրանքի որակի ստուգումն ըստ արտաքին հատկանիշների.
ե) սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստի կրումը:
2. Մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առևտուր) իրականացնելիս վաճառողը (մատակարարը) պարտավոր է իր կողմից բաց թողնված ապրանքի հետ գնորդին (պատվիրատուին) տրամադրել՝
ա) օրենքով սահմանված կարգով լրացված հաշվարկային փաստաթուղթ.
բ) օրենքով սահմանված դեպքերում՝ վաճառվող ապրանքների համապատասխանության հավաստագրեր:
3. Առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման տվյալ վայրում վաճառողի (մատակարարի) կողմից մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առևտուր) կատարելու դեպքում այդ մասին ցուցանակի վրա պետք է զետեղվի համապատասխան տեղեկատվություն:
(6-րդ հոդվածը խմբ. 28.10.2009 ՀՕ-49-Ն, փոփ. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
|
Հոդված 61. |
Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողին ներկայացվող պահանջները |
Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողը պարտավոր է ապահովել՝
ա) սույն օրենքի 51-րդ հոդվածի, ինչպես նաև 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «դ» և «ե» կետերի պահանջների կատարումը.
բ) ելնելով վաճառվող ապրանքների առանձնահատկություններից` սույն օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան՝ պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով:
(61-րդ հոդվածը լրաց. 17.09.2008 ՀՕ-53-Ն)
|
Հոդված 7. |
Առևտրի իրականացման վայրի կազմակերպչին ներկայացվող պահանջները |
1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է ապահովել՝
ա) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 41-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.
բ) վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների)` օրենսդրությանը համապատասխան առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեությունն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով.
գ) վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների)` տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով.
դ) առևտրի իրականացման վայրում սպառողների գնումների համար նախատեսված առևտրային տարածքներում (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտների տարածքների)՝ սպառողներին հասանելի տեղերում տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցների առկայությունը.
ե) սույն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման ենթակա առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերին հսկիչ-դրամարկղային մեքենաներով` իր հաշվին, ինչպես նաև «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն` հսկիչ-դրամարկղային մեքենաների` հարկային մարմնում գրանցումը.
զ) սույն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման ենթակա առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջև ցանցային կապուղիների միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանի ներդրումը և շահագործումը` իր հաշվին:
2. Գյուղատնտեսական արտադրանքի շուկայի կազմակերպիչը վաճառքի ընդունվող՝ փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով ապահովում է գյուղատնտեսական արտադրանքի շուկայում համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիա, իսկ կենդանիների շուկաներում` անասնաբուժական ծառայության առկայությունը, որը վարում է գյուղատնտեսության ոլորտի լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաստատված ձևի, կնքված ու համարակալված գրանցամատյան, և այն ենթակա է պարտադիր պահպանման առնվազն երեք տարի:
3. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով տրամադրում է վաճառողներին՝ նրանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տիպային պայմանագրի հիման վրա, բացառությամբ 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված, ինչպես նաև անմիջապես կազմակերպչի կողմից վաճառքն իրականացնելու դեպքերի:
Գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում ու տոնավաճառներում (վերնիսաժներում) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վաճառատեղերը տրամադրվում են նրանց անձնագրի հիման վրա:
Առանց պայմանագրերի կնքման կամ սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտմամբ կնքված պայմանագրերով, առևտրի իրականացման վայրերում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությունում նախատեսված դեպքերի, առուվաճառք իրականացնելն արգելվում է:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.09.2008 ՀՕ-53-Ն, լրաց., փոփ. 28.10.2009 ՀՕ-49-Ն)
|
Հոդված 8. |
Աշխատողին ներկայացվող պահանջները |
1. Անմիջականորեն վաճառք իրականացնող աշխատողը պարտավոր է՝
ա) վաճառքի հանելուց առաջ ստուգել ապրանքի որակն ըստ արտաքին հատկանիշների, դրանց պիտակների և գնապիտակների առկայությունը և գնորդին վաճառել օգտագործման նշանակությանը համապատասխանող ապրանք.
բ) իրազեկ լինել վաճառքում առկա ապրանքները բնութագրող հիմնական հատկություններին և անհրաժեշտության դեպքում սպառողին (գնորդին) տալ ստույգ և հավաստի տեղեկատվություն:
(8-րդ հոդվածը փոփ. 17.09.2008 ՀՕ-53-Ն)
|
Հոդված 9. |
Առևտրի կազմակերպման կանոնները |
1. Առևտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացվում է օրենքով սահմանված տեսակներով:
2. Մանրածախ առևտուրն իրականացվում է խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի առևտրի կետերում, առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքի կազմակերպման և բացօթյա առևտրի վայրերում, շրջիկ առևտրի կետերի, շրջածախ առևտրի, էլեկտրոնային կապի, դիլերների միջոցով և ավտոմատներով:
3. Վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք է ունենա գնապիտակ: Գնապիտակի վրա նշվում են ապրանքի անվանումը, մեկ միավորի գինը և գնապիտակի լրացման թվականը: Գնապիտակը կնքվում է վաճառողի կնիքով կամ ստորագրվում է պաշտոնատար անձի կողմից:
4. Սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում վաճառվող կամ վաճառքի ցուցադրվող ապրանքների համար գնապիտակի առկայությունը պարտադիր չէ (բացառությամբ նշված վայրերում գործող առևտրի օբյեկտների):
5. Գնված պատշաճ և ոչ պատշաճ որակի ապրանքների փոխարինումը կամ դրանց համար վճարված գումարի վերադարձումը և վերահաշվարկն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
6. (մասն ուժը կորցրել է 17.09.2008 ՀՕ-53-Ն)
7. Վաճառողի կողմից սննդամթերքի կշռափաթեթավորում կատարելիս, ելնելով տվյալ ապրանքատեսակի առանձնահատկությունից, փաթեթավորման համար օգտագործվում են հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից թույլատրված նյութերից պատրաստված փաթեթավորման միջոցներ: Փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա նշվում են ապրանքի անվանումը, տեսակը, քաշը (նետտո), մեկ կիլոգրամի և կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը, նաև պիտանիության ժամկետը:
8. Ցուցահանդես-վաճառքները կազմակերպվում և անցկացվում են իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից:
Ցուցահանդես-վաճառքներում ապրանքների առուվաճառքն իրականացվում է նաև նմուշներով, կատալոգներով, ուրվանկարներով, տեղեկագրերով և էլեկտրոնային տեղեկատվության միջոցներով:
9. Տոնավաճառները (վերնիսաժները) կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները, օրենսդրությամբ սահմանված կարգով, միայն շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին:
10. Ապրանքների վաճառքը սպառողների (գնորդների) պատվերներով կարող է իրականացվել առևտրի օբյեկտներից:
Վաճառողը պարտավոր է սպառողներին (գնորդներին) ապահովել մատուցվող ծառայությունների ցանկի, պատվերների ընդունման և ապրանքների հանձնման ժամկետի, վաճառվող ապրանքների տեսականու և գների վերաբերյալ մատչելի և ստույգ տեղեկատվությամբ:
Պատվերների ընդունման և ապրանքների հանձնման ժամկետները սահմանում է վաճառողը:
Պատվերի ընդունման և մատուցվող ծառայության գինը հաշվարկվում է վաճառողի և վճարվում գնորդի կողմից՝ ապրանքի հաշվի վճարման հետ միաժամանակ:
11. Դեղերի վաճառքն իրականացվում է դեղատների միջոցով:
Գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման և (կամ) վերադարձման:
12. Զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների վաճառքն իրականացվում է միայն առանձնացված առևտրի օբյեկտներում:
Զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների վաճառքի առանձնահատկությունները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
13. Կրպակներում վաճառքի են թույլատրվում միայն արտադրական կշռափաթեթավորում ունեցող և հատային ապրանքները:
14. Կրպակներում արգելվում է վաճառել՝
ա) պարտադիր ջերմային ռեժիմով տեղափոխում և պահում պահանջող սննդամթերքը, բացառությամբ պաղպաղակի, զովացուցիչ ջրերի և գարեջրի, որոնց տեղափոխումը և պահումը պետք է կատարվի դրանց տեղափոխման և պահման համար նախատեսված հատուկ սառնարաններում.
բ) չափափորձարկում պահանջող ապրանքները:
15. Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի առանձնահատկություններն են`
ա) հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտուրն իրականացվում է հացի և հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, առանձնացված կրպակներում, սննդամթերքի մասնագիտացված խանութների առանձնացված բաժիններում, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գտնվող առանձ-նացված առևտրի օբյեկտներում, իսկ մանր կշռափաթեթավորված հատային ապրանքները` նաև շրջիկ առևտրի կետերի միջոցով.
բ) առաքվող ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթում պարտադիր պետք է նշված լինեն վառարանից արտադրանքի հանման ժամը և քաշը.
գ) վաճառվող փաթեթավորված և ոչ փաթեթավորված հացի գնապիտակի վրա, բացի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանվող պահանջներից, նշվում են նաև մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափը:
16. Արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքն ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող առևտրի օբյեկտներում:
17. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքը թույլատրվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող սարքավորումներով և գործարանային արտադրության ավտոցիստեռններով:
18. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքն արգելվում է, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված պատերազմական գործողություններից տուժած, նոր բնակեցվող, ծայրամասային և լքված բնակավայրերի:
19. Կենդանի կենդանիների վաճառքն իրականացվում է միայն կենդանիների շուկաներում և առանձնացված առևտրի օբյեկտներում:
Առևտրի օբյեկտներում արգելվում է վաճառել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 0101-0105 ծածկագրերին դասվող կենդանի կենդանիներ (ձիեր, ավանակներ, ջորիներ, խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, ոչխարներ, այծեր, տնային հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր և խայտահավեր):
20. Արտադրողները, մատակարարները, այդ թվում` դիստրիբյուտորները մատակարարման պայմանագրերով ապրանքների (այդ թվում` արտադրատեխնիկական նշանակության) վաճառքն իրականացնում են առանձնացված խանութների, սպառողական ապրանքների շուկաների, ապրանքային պահեստների, ցուցահանդես-վաճառքի իրականացման վայրերի միջոցով:
21. (մասն ուժը կորցրել է 17.09.2008 ՀՕ-53-Ն)
22. Դիստրիբյուտորի և դիլերի գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում թույլատրվում է միայն համապատասխան պայմանագրի առկայության դեպքում:
23. Դիստրիբյուտորը և դիլերը պարտավոր են ապահովել սույն օրենքով սահմանված` վաճառողին և կատարողին ներկայացվող պահանջների կատարումը:
24. Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում արգելվում է օգտագործել այլ անձանց պատկանող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը:
(9-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 17.09.2008 ՀՕ-53-Ն, լրաց. 28.10.2009 ՀՕ-49-Ն, լրաց. 16.12.2010 ՀՕ-61-Ն, փոփ., խմբ. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
| Հոդված 9.1. |
Ապրանքների դրոշմավորումը |
1. Եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օտարման ենթակա (օտարվող)` սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված ապրանքները:
2. Եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` անձինք) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք:
3. Պարտադիր դրոշմավորման ենթակա չեն ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային և քանակական չափերը չգերազանցող՝ սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված ապրանքները:
4. Սույն օրենքի 9.1-9.7-րդ հոդվածների կիրառման լիազոր մարմին է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:
5. Սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների դրոշմավորմանը, դրոշմապիտակների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(9.1-րդ հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
| Հոդված 9.2. |
Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված հետևյալ ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է.
|
Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Ապրանքախմբի անվանումը |
Ապրանքախմբի համառոտ անվանումը |
|
2201 |
ջրեր` ներառյալ բնական կամ արհեստական հանքային ջրերը, գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման |
ջուր |
|
2202 |
ջրեր` ներառյալ հանքային և գազավորված ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ |
ըմպելիք |
|
2203 |
Գարեջուր |
գարեջուր |
|
2208 |
ապրանքային դիրքին դասվող` մինչև 9% սպիրտայնությամբ խմիչքներ, ներառյալ` ալկոհոլային կոկտեյլները |
կոկտեյլ |
|
2009 |
մրգահյութեր և բանջարեղենի հյութեր, չխմորված և սպիրտ չավելացված |
հյութ |
(9.2-րդ հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
| Հոդված 9.3. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմապիտակների տրամադրման կարգը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային մարմնից` մինչև այդ ապրանքների օտարումը:
2. Դրոշմապիտակները տրամադրվում են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց` նրանց կողմից դրոշմապիտակների ձեռք բերման ամբողջ արժեքը նախապես պետական բյուջե վճարելու դեպքում:
3. Դրոշմապիտակները հարկային մարմնի կողմից տրամադրվում են դրոշմապիտակի ձեռք բերման հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա:
Դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռք բերման համար հայտ ներկայացրած անձի լիազորած ֆիզիկական անձին` սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:
4. Դրոշմապիտակներ ձեռք բերելու համար սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում`
1) դրոշմապիտակների ձեռք բերման հայտ.
2) դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճեն.
3) նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվություն, բացառությամբ առաջին անգամ դրոշմապիտակներ ձեռք բերելու դեպքի.
4) դրոշմապիտակ ստացող անձի լիազորած անձի անձնագրի պատճեն:
Հայտի ընդունումը մերժվում է սույն մասում նշված փաստաթղթերը ոչ լիարժեք ներկայացված լինելու դեպքում, ինչը հայտ ներկայացրած անձին չի զրկում փաստաթղթերը լիարժեք դարձնելուց հետո կրկին դիմելու իրավունքից:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դրոշմապիտակները տրամադրվում են հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Դրոշմապիտակների ստացումը հաստատվում է ստացականով:
6. Հարկային մարմինները յուրաքանչյուր արտադրողի համար վարում են դրոշմապիտակների հաշվառման քարտեր՝ ըստ դրոշմապիտակների տեսակների:
Քարտում նշվում են տրամադրված կամ հետ ընդունված դրոշմապիտակների քանակները, սերիաները և համարները:
7. Սույն հոդվածով նախատեսված հայտի և հաշվետվության ձևերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:
(9.3-րդ հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
|
Հոդված 9.4. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմապիտակներով դրոշմավորման (վերադրոշմավորման) կանոնները |
1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք ապրանքների դրոշմավորումն իրականացնում են ինքնուրույն` սույն օրենքի 9.3-րդ հոդվածի համաձայն ձեռք բերված դրոշմապիտակները այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել ապրանքի արտադրության կամ իրացման նախապատրաստման ցանկացած փուլում` իրենց կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ մինչև այդ ապրանքների օտարումը:
3. Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմապիտակ:
4. Ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները (այդ թվում` դրոշմավորման ենթակա յուրաքանչյուր ապրանքախմբի համար դրոշմապիտակի փակցման տեղը) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
5. Արգելվում է դրոշմապիտակների օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված դրոշմապիտակներն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:
(9.4-րդ հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
| Հոդված 9.5. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմապիտակների նմուշների, տեխնիկական պահանջների և արժեքի սահմանումը, դրոշմապիտակները կիրառության մեջ դնելը և կիրառությունից հանելը |
1. Դրոշմապիտակների նմուշները (այդ թվում` ձևը, գույնը, ըստ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքատեսակների և տարողության) և տեխնիկական պահանջները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը: Տեղական արտադրության ապրանքների դրոշմապիտակների վրա պարտադիր է «տեղական» մակագրությունը:
2. Դրոշմապիտակի դարձերեսը պետք է ծածկված լինի փակցնելուց հետո այն անվնաս պոկելու հնարավորությունը բացառող սոսնձով:
3. Դրոշմապիտակի արժեքը որոշվում է տվյալ նմուշի դրոշմապիտակի արտադրության, պահպանության, օգտագործումից հանելու հետ կապված ծախսերից: Յուրաքանչյուր օրացուցային տարում կիրառվող դրոշմապիտակների արժեքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Դրոշմապիտակների սահմանված արժեքը հրապարակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում՝ յուրաքանչյուր տարվա սկզբից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն մասով սահմանված ժամկետում դրոշմապիտակների արժեքը չհրապարակվելու դեպքում տվյալ օրացուցային տարում կիրառվում է դրոշմապիտակի նախորդ տարվա արժեքը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության սահմանած նմուշի դրոշմապիտակները կիրառության մեջ դրվում և կիրառությունից հանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:
5. Կիրառությունից հանված դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների օտարումը թույլատրելի լինելու ժամկետից հետո կարող է իրականացվել անմիջական արտադրողի կողմից ապրանքների` նոր նմուշի դրոշմապիտակներով դրոշմավորված (հերթական թվով նմուշի դրոշմապիտակով վերադրոշմավորված) լինելու դեպքում:
(9.5-րդ հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
| Հոդված 9.6. |
Օգտագործված դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարների` հարկ վճարողի պարտավորությունների դիմաց հաշվանցումը |
1. Օգտագործված դրոշմապիտակների ձեռք բերման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարը (բացառությամբ այն դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարների, որոնք չեն օգտագործվել և չեն վերադարձվել) հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևով դիմումի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների մասով` նաև նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման մասին մաքսային մարմին ներկայացված հաշվետվության պատճենի) հիման վրա հաշվանցվում է հարկային պարտավորությունների դիմաց:
(9.6-րդ հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
| Հոդված 9.7. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար ձեռք բերված և չօգտագործված (այդ թվում` վնասված) դրոշմապիտակների վերադարձը |
1. Ձեռք բերված և չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են հարկային մարմին` համապատասխան արտադրությունը դադարեցնելու ամսվան հաջորդող եռամսյա ժամկետում:
2. Տվյալ նմուշի չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են կիրառությունից հանելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում:
3. Փակցնելու ընթացքում վնասված դրոշմապիտակները սույն հոդվածով սահմանված կարգով և դեպքերում վերադարձվում են հարկային մարմին` յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
4. Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձը սույն հոդվածով սահմանված ժամկետներից ուշացնելու, սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում հարկային մարմինների կողմից հետ չընդունվելու կամ դրոշմապիտակների կորստի դեպքերում համապատասխան փաստն արձանագրվելու օրվա դրությամբ հաշվարկվում են հարկային պարտավորություններ այն չափով, որ չափով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կհաշվարկվեին դրանք, եթե դրոշմապիտակների տեսակին, քանակությանը և տարողությանը համապատասխանող ապրանքները հարկ վճարողի կողմից իրացված լինեին:
5. Սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված` պիտանելիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների գծով հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե համապատասխան հաշվարկային և այլ փաստաթղթերով հիմնավորվում է, որ տվյալ ապրանքները պիտանելիության (պահպանման) ժամկետի ընթացքում չեն իրացվել և այդ ժամկետի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դուրս են գրվել:
6. Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձման համար տնտեսավարող սուբյեկտները հարկային մարմին են ներկայացնում դիմում` նշելով դրոշմապիտակների վերադարձման պատճառները:
Հարկային մարմինը դրոշմապիտակներ վերադարձնելու մասին դիմումը ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրոշմապիտակների համապատասխանությունը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում օրենքի պահանջներին դրանց համապատասխանության մասին: Դրական որոշման դեպքում չօգտագործված և հետ ընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձվում է հարկ վճարողին: Վնասված և հետ ընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
7. Հարկ վճարողի կողմից վերադարձվող դրոշմապիտակները հարկային մարմնի կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները`
1) դրոշմապիտակները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա` առանց ծալքերի և անհարթությունների.
2) պետք է պարզ երևան դրոշմապիտակի սերիան և դրա կենտրոնական մասը.
3) դրոշմապիտակների պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.
4) վերադարձվող յուրաքանչյուր դրոշմապիտակի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:
(9.7-րդ հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
Գ Լ Ո Ւ Խ 3
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
|
Հոդված 10. |
Հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքի իմաստով հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
հանրային սնունդ (սննդի ապահովման ծառայություններ)` խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպում.
հանրային սննդի ծառայություն` սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր.
խոհարարական արտադրանք՝ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածքների համախումբ.
ճաշացուցակ՝ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների ցուցակ, որը վաճառողն առաջարկում է սպառողին` զանգվածի գնի նշումով.
հանրային սննդի օբյեկտներ՝ հանրային սննդի ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր.
վաճառող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն աշխատանքներ է կատարում խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպման ուղղությամբ.
աշխատող (պարբերությունն ուժը կորցրել է 17.09.2008 ՀՕ-53-Ն)
(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.09.2008 ՀՕ-53-Ն)
|
Հոդված 11. |
Հանրային սննդի օբյեկտների դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները |
1. Հանրային սննդի օբյեկտները դասակարգվում են հետևյալ տեսակների` ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ:
2. Հանրային սննդի ծառայություններն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
3. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:
4. Բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտները պետք է ունենան դեպի օբյեկտի մուտք տանող մատուցային և հետիոտնային ճանապարհներ, անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակներ, սանհանգույցներ:
5. Հանրային սննդի օբյեկտներում թույլատրվում է ալկոհոլային խմիչքների լցնովի վաճառքը:
6. Ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող հանրային սննդի օբյեկտներում արգելվում է ալկոհոլային խմիչքների իրացումը:
7. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
8. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:
(11-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.09.2008 ՀՕ-53-Ն)
|
Հոդված 12. |
Հանրային սննդի օբյեկտի վաճառողին և աշխատողին ներկայացվող պահանջները |
1. Վաճառողը պարտավոր է ապահովել սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը:
2. Վաճառողն ինքնուրույն է որոշում սպառողներին սպասարկելու ձևերը և մեթոդները:
3. Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին):
Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի զանգվածը և վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման:
4. Վաճառողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ և կնիքով հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և պետական ստանդարտին համապատասխան պաշտոնի նշմամբ:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ:
Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:
5. Վաճառողն ապահովում է հանրային սննդի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստ կրելը:
6. Աշխատողներից` բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական:
Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:
7. Մատուցողի ներկայացրած հաշվում (որի երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է վաճառողի մոտ) նշվում են նրա ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների անվանումները, քանակը, զանգվածը և վճարման ենթակա վերջնական գինը:
(12-րդ հոդվածը խմբ. 17.09.2008 ՀՕ-53-Ն, փոփ. 28.10.2009 ՀՕ-49-Ն, փոփ. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
Գ Լ Ո Ւ Խ 4
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Հոդված 13. |
Հիմնական հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով կենցաղային ծառայության ոլորտում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
կենցաղային ծառայություն` սպառողների կենցաղային կարիքների բավարարման համար՝ նրանց պատվերով կատարողի կողմից մատուցվող ծառայություն:
Կենցաղային ծառայությունների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.
կենցաղային ծառայության օբյեկտներ՝ կենցաղային ծառայությունների համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ տարածք.
կատարող` սպառողների համար պայմանագրով աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
աշխատող (պարբերությունն ուժը կորցրել է 17.09.2008 ՀՕ-53-Ն)
(13-րդ հոդվածը փոփ. 17.09.2008 ՀՕ-53-Ն)
|
Հոդված 14. |
Կենցաղային ծառայության օբյեկտներին ներկայացվող պահանջները |
1. Կենցաղային ծառայության օբյեկտներում գործունեությունն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
2. Կենցաղային ծառայության օբյեկտներում՝ սպառողներին տեսանելի տեղում, փակցվում է մատուցվող ծառայությունների գնացուցակը:
3. Կենցաղային ծառայության օբյեկտները պետք է ապահովված լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
4. Ելնելով կենցաղային ծառայության օբյեկտի առանձնահատկություններից` կենցաղային ծառայության օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:
(14-րդ հոդվածը լրաց. 17.09.2008 ՀՕ-53-Ն)
|
Հոդված 15. |
Կենցաղային ծառայության օբյեկտների կատարողին և աշխատողին ներկայացվող պահանջները |
1. Կատարողը պարտավոր է ապահովել սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը:
2. Կենցաղային ծառայության օբյեկտներում ծառայությունների պատվերների ընդունման տեղը և ձևը որոշում է կատարողը:
3. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում, առանձին կենցաղային ծառայությունների մասով, կենցաղային ծառայություններ մատուցող աշխատողը պարտավոր է ունենալ համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական կամ առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժ:
Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:
4. Կատարողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ և կնիքով հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և պաշտոնի նշմամբ:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող կատարողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ:
Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:
(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.09.2008 ՀՕ-53-Ն, փոփ. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
Գ Լ Ո Ւ Խ 5
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Հոդված 16. |
Պետական կառավարման լիազոր մարմինը և նրա իրավասությունները |
Առևտրի և ծառայությունների ոլորտի պետական կառավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:
|
Հոդված 17. |
Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները |
1. Առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 3.1-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի «դ» կետի և 5-րդ մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերի, 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե» և «զ» կետերի, 3-րդ մասի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի և 15-րդ մասի «գ» կետի, 11-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
2. Տեղական ինքնակառավարման մարմինները սույն հոդվածով նախատեսված գործառույթների կատարման մասով հաշվետու են` շրջաններում` շրջանի վարչակազմի ղեկավարին, Ստեփանակերտում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին:
(17-րդ հոդվածը խմբ. 17.09.2008 ՀՕ-53-Ն, խմբ. 28.10.2009 ՀՕ-49-Ն, խմբ. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
ԳԼՈՒԽ 51
(51-րդ գլուխը լրաց. 17.09.2008 ՀՕ-53-Ն)
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
|
Հոդված 171. |
Հսկողության իրականացման կարգը |
1. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի և ծառայությունների ոլորտում (այսուհետ՝ ոլորտ) հսկողությունն իրականացվում է սույն օրենքով վերապահված իրավասությունների շրջանակներում:
2. Հսկողության իրականացման կարգը ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակներում իրականացվող հսկողության միջոցառումների ամբողջություն է:
3. Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողությունն իրականացնում են համապատասխան աշխատակիցների (այսուհետ՝ տեսուչներ) միջոցով:
4. Հսկողության իրականացումն սկսելու համար հիմք է հանդիսանում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (այսուհետ՝ իրավասու անձ) հրամանը կամ հանձնարարագիրը:
5. Իրավասու անձի հրամանի կամ հանձնարարագրի համար հիմք են հանդիսանում օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը և քաղաքացիներից (սպառողներից) ստացված առաջարկություններն ու առարկությունները:
6. Հսկողություն իրականացնելու մասին իրավասու անձն արձակում է հրաման կամ տալիս է հանձնարարագիր, որտեղ նշվում են հսկողություն իրականացնող մարմնի անվանումը, տեսուչների (տեսչի) անունը, ազգանունը, հսկողություն իրականացնելու ենթակա տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը:
Հրամանով կամ հանձնարարագրով չամրագրված տեսուչները (տեսուչը) իրավունք չունեն (չունի) մասնակցելու հսկողության իրականացմանը:
7. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ հսկողության ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան մեկ աշխատանքային օր, ընդ որում, հսկողության փաստացի սկսելու օր է համարվում հսկողություն իրականացվող օբյեկտում պահվող հսկողության մատյանում գրառում կատարելու օրը:
8. Տեսուչները (տեսուչը) սույն օրենքով սահմանված պահանջներին և գործունեության տեսակին համապատասխան` իրավունք ունեն (ունի) սույն օրենքով սահմանված պահանջների արձանագրված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով տալ հանձնարարականներ և հետևել դրանց կատարմանը:
9. Տեսուչները (տեսուչը) պարտավոր են (է)՝
ա) պահպանել հսկողության իրականացման հետ առնչվող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
բ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների մասին ցանկացած, այդ թվում՝ առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.
գ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին:
10. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում տեսուչները (տեսուչը) հատուկ համարակալված պաշտոնաթերթերի վրա կազմում են (է) արձանագրություն երկու օրինակից, իսկ խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում` տեղեկանք:
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում կազմված արձանագրության և տեղեկանքի օրինակելի ձևերը հաստատում է առևտրի և ծառայությունների ոլորտի պետական լիազոր մարմինը:
11. Կազմված արձանագրությունը կամ տեղեկանքը հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) երկու օրվա ընթացքում ներկայացնում են (է) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված արձանագրությունն ստորագրում են (է) տեսուչները (տեսուչը), տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում ստորագրողների կարծիքները նշվում են արձանագրությունում: Արձանագրությունն ստորագրելուց ստորագրողների հրաժարվելու դեպքում այդ մասին արձանագրությունում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից արձանագրությունն ստորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել երկու աշխատանքային օրը: Արձանագրության պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:
12. Հսկողության իրականացման արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի՝
ա) ծանոթանալու հսկողության իրականացման ժամանակ կազմված արձանագրությանը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու տեսուչների (տեսչի) ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի, այդ թվում՝ բաց թողնված օգուտների հատուցում.
գ) տնտեսավարող սուբյեկտի շահերի և իրավունքների պաշտպանության նպատակով հսկողության իրականացմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, փաստաբանների:
14. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է՝
ա) կատարել սույն օրենքով սահմանված պահանջները.
բ) չխոչընդոտել հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին.
գ) կատարել տեսուչների (տեսչի) օրինական պահանջներն ու ցուցումները:
15. Սույն օրենքի պահանջների խախտմամբ հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) պատասխանատվություն են (է) կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
16. Տեսուչների (տեսչի) գործողություններն օրենքով սահմանված ժամկետներում կարող են (է) բողոքարկվել այն լիազոր մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են (է) տեսուչները (տեսուչը): Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչև բողոքի վերաբերյալ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու հսկողության իրականացումը:
Լիազոր մարմնում բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքը ստացվելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:
Լիազոր մարմնի կողմից ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկելու դատական կարգով:
(51-րդ գլուխը լրաց. 17.09.2008 ՀՕ-53-Ն)
Գ Լ Ո Ւ Խ 6
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
|
Հոդված 18. |
Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար |
Սույն օրենքի պահանջները խախտելու համար առևտրի և ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք (անհատ ձեռնարկատերերը) կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Սույն օրենքով սահմանված դրույթները խախտելու համար կիրառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվության միջոցները:
(18-րդ հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
Գ Լ Ո Ւ Խ 7
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 19. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված բնակավայրերի համար` երկու տարվա ընթացքում, առևտրի և ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք (անհատ ձեռնարկատերերը) պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարումը 2011 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում գործող հանրային սննդի և կենցաղային ծառայությունների աշխատողների համար:
Սույն մասի պահանջների կատարման ապահովման միջոցառումների ցանկը և ժամանակացույցը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն oրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի և 5-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետի պահանջները`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերում գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերի համար ուժի մեջ են մտնում 2010 թվականի ապրիլի 1-ից.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերից դուրս` միջպետական, հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներին գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերի համար ուժի մեջ են մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
5. Սույն oրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետի և 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի պահանջներն ուժի մեջ են մտնում 2010 թվականի ապրիլի 1-ից:
6. Սույն օրենքի 3.1-րդ հոդվածի պահանջները պարտադիր են 2016 թվականի հունվարի 1-ից:
7. Սույն օրենքի 3.1-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինները:
(19-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-90, փոփ., լրաց. 28.10.2009 ՀՕ-49-Ն, փոփ. 16.12.2010 ՀՕ-55-Ն, լրաց. 16.12.2010 ՀՕ-61-Ն, փոփ., խմբ. 31.10.2013 ՀՕ-40-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
25 հունիսի 2005թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-206 |
|