Համարը 
h. 121
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
18.11.1992
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.11.1992
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.11.1992
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՊՊԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

,,18,, նոյեմբերի 1992թ.

 h.121

 ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի մասին

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն որոշում է`

1. Հաստատել ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կանոնադրությունը /կցվում է/:

2. Պետական սոցիալական ապահովագրության մուծումների ժամանակին և լրիվ գանձումն ապահովելու նպատակով ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին իրավունք վերապահել գործարաններից գանձելու`

ա/ ժամանակին չվճարված պետական սոցիալական ապահովագրության մուծումների գումարը.

բ/ ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին պետական սոցիալական ապահովագրության մուծումները հաշվարկելիս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների թաքցրած կամ նվազեցրած գումարը.

գ/ պետական սոցիալական ապահովագրության մուծումների հասանելիք գումարը` ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ապահովադիրի գրանցումից խուսափելու դեպքում.

դ/ ԼՂՀ բանկերից պետական սոցիալական ապահովագրության մուծումները սահմանված ժամկետում ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին չհաշվեգրելու և չփոխանցելու յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տույժ` այդ մուծումների գումարի 1 տոկոսի չափով:

Նշված գումարները և տույժը գործատուներից և ԼՂՀ բանկերից գանձվում են անվիճելիորեն, իսկ քաղաքացիներից` դատական կարգով և հաշվեգրվում են ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին:

3. ԼՂՀ բանկերին`

ա/ ապահովել պետական սոցիալական ապահովագրության մուծումների ամենօրյա փոխանցումը ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կենտրոնացված հաշվին.

բ/ ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ներկայացրած անվիճելիորեն գանձման մասին հանձնարարականները կատարել առաջնահերթ կարգով:

4. ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` ԼՂՀ ֆինանսների նախարարության և պետբանկի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում մշակել ու հաստատել ԼՂՀ բանկերի կողմից պետական սոցիալական ապահովագրության մուծումները ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին հաշվեգրելու կարգը:

5. Սահմանել, որ հանրապետության տարածքում գործող պետական և ոչ պետական հիմնարկությունները, ձեռնարկությունները, կազմակերպությունները, այդ թվում բանկերը պարտավոր են ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ու նրա տեղական մարմինների պահանջով ներկայացնել ֆոնդի գործունեությանն առնչվող անհրաժեշտ տեղեկություններ և ֆինանսական փաստաթղթեր:

6. ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների ձևավորման ու ծախսման կարգին վերաբերող օրենսդրական և այլ ակտերի նախագծերը համաձայնեցվում են ֆոնդի հետ:

7. ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` մեկ շաբաթյա ժամկետում մշակել և հաստատել ԼՂՀ-ում պետական սոցիալական ապահովագրության մուծումների գանձման, հաշվառման և այդ միջոցների ծախսման կարգի մասին հրահանգը:

8. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ նախարարների խորհրդի 1992 թվականի մայիսի 23-ի ,,ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքը ԼՂՀ կենսաթոշակային ֆոնդի վերակազմավորելու մասին,, թիվ 36 որոշման 1-ին, 3-րդ, 4-րդ և 8-րդ կետերը:

 

 

ԼՂՀ Պաշտպանության պետական

կոմիտեի նախագահ`

Ռ. Քոչարյան

 

ԼՂՀ նախարարների խորհրդի

գործերի կառավարիչ`

 Վ. Թովմասյան

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ Պաշտպանության պետական

կոմիտեի 1992թ. ,,18,, նոյեմբերի

հ. 121 որոշմամբ

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ֆինանսների կառավարման, զբաղվածության պետական քաղաքականության ֆինանսավորումն իրականացնող պետական մարմին է:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը տնտհաշվարկի սկզբունքով գործող ինքնուրույն ֆինանսական համակարգ է, որի դրամական միջոցները չեն մտնում հանրապետական բյուջե:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային զբաղվածության ֆոնդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու կառավարության որոշումներով և կարգադրություններով, սույն կանոնադրությամբ:

 

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային զբաղվածության ֆոնդի նպատակները և խնդիրները

 

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի գլխավոր նպատակը հանրապետության քաղաքացիների սոցիալական ապահովագրության և զբաղվածության պետական քաղաքականության իրականացման ֆինանսական ապահովումն է:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի խնդիրներն են`

ա/ ապահովել ֆոնդի պետական սոցիալական ապահովագրության սահմանված մուծումների գանձումը, հաշվառումը և կուտակումը.

բ/ ապահովել սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության, հանրապետության բնակչության զբաղվածության ծրագրերի իրականացման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը.

գ/ մասնակցել կենսաթոշակառուներին, հաշմանդամներին, երեխաներին, գործազուրկներին սոցիալական աջակցություն ցույց տալու հանրապետական տարածքային ծրագրերի ֆինանսավորման գործին.

դ/ սոցիալական ապահովության և զբաղվածության հարցերով, իր իրավասության սահմաններում, համագործակցել արտերկրյա համապատասխան մարմինների հետ:

6. Իր նպատակների իրագործման և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը`

ա/ կազմակերպում է պետական սոցիալական ապահովագրության մուծումների գանձումը, հաշվառումը, կուտակումը, վերարտադրությունը և այդ միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործումը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների հետ համատեղ իրականացնում է մուծումների ժամանակին և լրիվ մուտքը ֆոնդի հաշվին.

բ/ ֆոնդը մուծումների գանձումը, հաշվառումը, կուտակումը և միջոցների ծախսումը կատարում է ֆոնդի նախագահության կողմից հաստատված հրահանգի համաձայն.

գ/ իրականացնում է վերահսկողություն գործատուների, սոցիալական ապահովության ու զբաղվածության տարածքային մարմինների կողմից ֆոնդի միջոցների ճիշտ և նպատակային ծախսումների նկատմամբ.

դ/ մասնակցում է սոցիալական զարգացման և ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված հանրապետական ծրագրերի նախապատրաստման աշխատանքներին.

ե/ մասնակցում է կենսարժողության դասիչի փոփոխման հետ կապված կենսաթոշակների բարձրացման կարգի և չափի մասին առաջարկությունների նախապատրաստմանը կամ մշակում է այդ առաջարկությունները.

զ/ կազմակերպում և ապահովում է ֆոնդին տրված նվիրատվությունների, հանգանակությունների, այլ դրամական միջոցների հաշվառումը և ֆոնդի նախագահության որոշմամբ սահմանում դրանց օգտագործման ուղղությունները.

է/ տալիս է պետական սոցիալական ապահովագրության մուծումների գանձման, հաշվառման, կուտակման և այդ միջոցների ծախսման կարգի վերաբերյալ հրահանգչական ցուցումներ և պարզաբանումներ.

ը/ ֆոնդի կողմից իրականացվող միջոցառումներին ներգրավում է այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց գործունեությունն առնչվում է կենսաթոշակառուների, հաշմանդամների, երեխաների և գործազուրկների շահերի պաշտպանությանը.

թ/ սահմանված կարգով կազմում է ֆինանսահաշվապահական հաշվետվություններ և պատասխանատվություն է կրում դրանց հավաստիության համար.

ժ/ իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող բանկային հիմնարկներից պահանջում է տեղեկություններ, որոնց հիման վրա կազմակերպում է գործատուների կողմից ապահովագրական մուծումների հատկացման, վճարման և նրանց հաշվից կատարված ծախսերի ֆինանսահաշվարկային փաստաթղթերի ստուգումներ:

 

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցները գոյանում են`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, կոոպերատիվների, համատեղ ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, առանձին քաղաքացիների աշխատանքի վարձող անձանց, անկախ սեփականության ձևից և տնտեսավարման եղանակից, անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական /կոլեկտիվ/ վարձակալությամբ կամ գյուղացիական տնտեսություններում զբաղված անձանց սոցիալական ապահովագրության մուծումներից, ինչպես նաև քաղաքացիների պարտադիր ապահովագրական մուծումներից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափերին համապատասխան.

բ/ հանրապետական և տեղական բյուջեներից կատարվող հատկացումերից.

գ/ ռեգրեսիվ հայցերով ստացված միջոցներից.

դ/ գործատուների լրացուցիչ հատկացումներից` ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի 1992 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 107 որոշման համապատասխան օրենքի 11 և 19 հոդվածներով նախատեսված դեպքերում.

ե/ հանրապետության և այլ պետությունների գործատուների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների և քաղաքացիների կամավոր մուծումներից.

զ/ ինքնուրույն ֆինանսատնտեսական գործունեության շնորհիվ ձեռք բերված գումարներից և այլ մուծումներից:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցները ծախսվում են հետևյալ նպատակներով`

ա/ օրենսդրությամբ սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների վճարման համար.

բ/ երեխայի խնամքի և յուրաքանչյուր երեխայի համար ամենամսյա նպատակների վճարման, մայրության և մանկության պահպանության համար.

գ/ կենսարժողության դասիչի փոփոխության հետ կապված կենսաթոշակի չափի բարձրացման համար.

դ/ գործազրկության նպատակների վճարման, չզբաղված բնակչությանն օգնության ցուցաբերման, աշխատանքի տեղավորման գործում միջնորդության, մասնագիտական կողմնորոշման, գործազուրկների մասնագիտական պատրաստման, նրանց որակավորման բարձրացման և վերամասնագիտացման կազմակերպման համար.

ե/ ֆոնդի ընթացիկ գործունեությունը ու ապարատի և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների պահպանումն ու զարգացումն ապահովելու համար.

զ/ ֆոնդի նյութատեխնիկական բազայի ստեղծման, զարգացման և օրենսդրությամբ սահմանված այլ վճարումների համար.

է/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման համար.

ը/ բնակչության շրջանում ֆոնդի խնդիրների վերաբերյալ բացատրական աշխատանքի և այլ միջոցառումների անցկացման համար.

թ/ բնակչության առավել կարիքավոր խավերին սոցիալական աջակցություն ցույց տալու համար.

 

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կառավարումը.

 

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի համակարգն ընդգրկում է ֆոնդի վարչատարածքային մարմինների ամբողջությունը:

10. Ֆոնդի կառավարման մարմինն է ֆոնդի վարչությունը, որի անհատական կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` ֆոնդի նախագահի ներկայացմամբ:

Ֆոնդի վարչության կազմում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության, հարկային տեսչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության վարչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանկի ղեկավարները կամ նրանց տեղակալները:

Ֆոնդի վարչության կազմում կարող են ընդգրկվել նաև պետական և հասարակական այն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց գործունեությունը կապված է կենսաթոշակառուների, հաշմանդամների, գործազուրկների և երեխաների շահերի պաշտպանության հետ:

11. Ֆոնդի նախագահին պաշտոնի է նշանակում Լեռնային Ղարաբաղի  կառավարությունը:

12. Ֆոնդի վարչությունը`

ա/ ֆոնդի նախագահի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում ֆոնդի նախագահի տեղակալներին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

բ/ մշակում և հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների գոյացման կարգը.

գ/ հաստատում է ֆոնդի բյուջեն և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև դրանց կատարման մասին հաշվետվությունը.

դ/ նախապատրաստում է առաջարկություններ սոցիալական ապահովության մուծումների չափի, ֆոնդի միջոցների գոյացման, դրանց գրանցման, հաշվառման ու կուտակման կարգի մասին և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն` հաստատման.

ե/ հաստատում է ֆոնդի կառուցվածքը, հաստիքները և ծախսերի նախահաշիվը, համակարգի աշխատողների աշխատանքի վարձատրության կարգը, համակարգի տեղական մարմինների կանոնադրություններն ու հրահանգները.

զ/ հաստատում է ֆոնդի վերստուգիչ հանձնաժողովի կանոնադրությունը.

է/ ֆոնդը ներկայացնում է պետական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև` արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.

ը/ ընթացիկ հարցերի լուծման համար կազմում է ֆոնդի վարչության 7 անդամներից բաղկացած նախագահություն:

13. Ֆոնդի վերստուգիչ հանձնաժողովը ստուգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի համակարգի ֆինանսատնտեսական գործունեությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի վերստուգիչ հանձնաժողովի կազմը հաստատում է ֆոնդի նախագահությունը` ֆոնդի նախագահի ներկայացմամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության վարչության, կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի, ինչպես նաև այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց գործունեությունը կապված է կենսաթոշակառուների, հաշմանդամների, գործազուրկների և երեխաների շահերի պաշտպանության հետ:

Հանձնաժողովն անդրանիկ նիստում ընտրում է հանձնաժողովի նախագահ և տեղակալ:

 

5. Ֆոնդի կարգավիճակը.

 

14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդն իրավաբանական անձ է, ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի նախագահության գտնվելու վայրն է Ստեփանակերտ քաղաքը:

16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը լուծարվում կամ վերակազմավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը` ներառյալ իր ֆինանսատնտեսական գործունեությունից ստացվող գումարները, օրենքով սահմանված կարգով ազատվում է հարկերի վճարումից:

 

 

 

Վ.Ավետիսյան