Համարը 
ՀՕ-11
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.04.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.06.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.06.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
21.01.2005

Ծանուցում
22.04.1997 թվականի ՀՕ-40 օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության, 2-5-րդ հոդվածների ինկորպորացիաները հնարավոր չէ իրականացնել:
30.04.2002 ՀՕ-204 օրենքի 16-րդ հոդվածի պահանջը հնարավոր չէ իրականացնել, օրենքում առկա են անճշտություններ:


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Հանրապետության Նախագահի ընտրությունների հիմունքները

 

Հանրապետության Նախագահի ընտրությունները իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ:

Հանրապետության Նախագահն ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում: Մեկ անգամից ավելի Նախագահ չի կարող ընտրվել այն անձը, որը ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում առնվազն երկու և կես տարի զբաղեցրել է Նախագահի պաշտոնը:

 

Հոդված 2.

Քաղաքացիների ընտրական իրավունքը

 

Հանրապետության Նախագահ ընտրելու իրավունք ունեն 18 տարեկան դարձած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները:

Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ում առնվազն 35 տարին լրանում է նախագահական ընտրությունների տարում:

Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

Ընտրությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից իրականացվում են անմիջականորեն: Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայն, ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի որևէ սահմանափակում անթույլատրելի է և հետապնդվում է օրենքով:

(2-րդ հոդվածը խմբ. 28.07.1997 ՀՕ-45)

 

Հոդված 3.

Հանրապետության Նախագահի ընտրությունների անցկացումը ընտրական հանձնաժողովների կողմից

 

Հանրապետության Նախագահի ընտրությունների անցկացումը ապահովում են կենտրոնական, շրջանային (քաղաքային) և տեղամասային ընտրական հանձնաժողովները, որոնց կազմավորման, գործունեության կարգը և լիազորությունները սահմանվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-51-րդ հոդվածներով:

(3-րդ հոդվածը լրաց. 30.04.2002 ՀՕ-204)

 

Հոդված 4.

Հրապարակայնությունը Հանրապետության Նախագահի ընտրությունները նախապատրաստելիս և անցկացնելիս

 

Պետական և հասարակական մարմինները, որոնք մասնակցում են Հանրապետության Նախագահի ընտրությունների նախապատրաստմանը և անցկացմանը, իրենց գործունեությունն իրականացնում են բացեիբաց և հրապարակայնորեն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երաշխավորում է հասարակական-քաղաքական և հասարակական կազմակերպություններին, աշխատավորական կոլեկտիվներին և Հանրապետության քաղաքացիներին Հանրապետության Նախագահի ցանկացած թեկնածուին կողմ կամ դեմ ազատորեն քարոզչություն անելու իրավունք:

(3-րդ մասն ուժը կորցրել է 30.04.2002 ՀՕ-204)

Ընտրական հանձնաժողովները քաղաքացիներին տեղեկացնում են իրենց աշխատանքի, տեղամասեր կազմելու, ընտրական հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրի ու աշխատաժամերի և քվեարկողների ցուցակների մասին: Ընտրական հանձնաժողովները քաղաքացիներին իրազեկ են պահում Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրման և գրանցման արդյունքների, նրանց նախընտրական ծրագրերի հիմնադրույթների, Հանրապետության Նախագահի գրանցված թեկնածուների կենսագրական տվյալների, ըստ յուրաքանչյուր թեկնածուի քվեարկության և ընտրությունների արդյունքների ամփոփման մասին:

Ընտրական հանձնաժողովների նիստերին, այդ թվում՝ Հանրապետության Նախագահի թեկնածուներին գրանցելիս, ընտրական տեղամասերում քվեատուփերը կնքելիս, բացելիս և ձայները հաշվելիս, քվեարկության արդյունքները որոշելիս, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում, իրավունք ունեն ներկա լինելու թեկնածուներին առաջադրող հասարակական-քաղաքական կազմակերպությունների, քաղաքացիների նախաձեռնող խմբերի, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները՝ համապատասխան լիազորագրերով, թեկնածուների վստահված անձինք: Ընտրական հանձնաժողովները հավասար պայմաններ են ստեղծում ներկայացուցիչների ներկայության համար:

Զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են լուսաբանել ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքը: Նրանց ներկայացուցիչների համար երաշխավորվում է անարգել ներկա լինել ընտրությունների հետ կապված բոլոր ժողովներին և նիստերին:

Ընտրական հանձնաժողովները, պետական և հասարակական մարմինները, աշխատավորական կոլեկտիվները զանգվածային լրատվության միջոցներին տրամադրում են ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված տեղեկություններ:

(4-րդ հոդվածը փոփ. 30.04.2002 ՀՕ-204)

 

Հոդված 5.

Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է Հանրապետությունում գրանցված հասարակական-քաղաքական կազմակերպություններին և Հանրապետության քաղաքացիներին՝ սույն օրենքով նախատեսված կարգով:

 

Հոդված 6.

Հանրապետության Նախագահի ընտրությունների նյութական ապահովումը

 

Հանրապետության Նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են պետության հաշվին:

Հանրապետության Նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված պետական միջոցների ծախսերը կատարում են ընտրական հանձնաժողովները՝ յուրաքանչյուր թեկնածուի համար հավասար չափով:

Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, պետական և հասարակական մարմինները ընտրական հանձնաժողովներին տրամադրում են ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ շենքեր և կահավորանք:

 

Հոդված 7.

Հանրապետության Նախագահի ընտրությունների վերաբերյալ օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը

 

Այն անձինք, ովքեր բռնությամբ, խաբեությամբ, սպառնալիքով կամ այլ ճանապարհով խոչընդոտում են Հանրապետության Նախագահ ընտրվելու կամ ընտրելու, նախընտրական քարոզչություն անելու՝ Հանրապետության քաղաքացու իրավունքի ազատ իրականացմանը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների այն անդամները, պետական և հասարակական մարմինների պաշտոնատար անձինք, քաղաքացիների նախաձեռնող խմբերի անդամները, ստորագրություններ հավաքող անձինք, ովքեր խոչընդոտում են Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրման իրավունքի ազատ իրականացմանը, անհիմն կերպով մերժում թեկնածուների գրանցումը, կատարում են ընտրական փաստաթղթերի կեղծում, ձայների ակնհայտ սխալ հաշվում, քվեարկության գաղտնիության խախտում կամ թույլ են տալիս սույն օրենքի այլ խախտումներ, կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Պատասխանատվության են ենթարկվում նաև այն անձինք, ովքեր Հանրապետության Նախագահի թեկնածուների մասին հրապարակել կամ այլ եղանակով տարածել են կեղծ տեղեկություններ:

Ընտրությունների նախապատրաստման ընթացքում կամ ընտրություններից հետո ընտրական հանձնաժողովներում, պետական և հասարակական մարմիններում ընտրությունների մասին օրենսդրության խախտումների վերաբերյալ ստացված դիմումները պետք է քննարկվեն հնգօրյա ժամկետում, իսկ թեկնածուների գրանցման օրը կամ քվեարկության օրը կամ նրանց նախօրյակին ստացվածները՝ անհապաղ:

Քննարկման արդյունքների մասին որոշման պատճենը տրվում է դիմողին անհապաղ:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

Հոդված 8.

Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամկետը

 

Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից 28 օր առաջ: Այդ մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է ընդունում, հաղորդագրություն հրապարակում առնվազն 85 օր առաջ:

(8-րդ հոդվածը փոփ. 29.08.1996 ՀՕ-19)

 

Հոդված 9.

Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը և գրանցումը

 

Հասարակական-քաղաքական կազմակերպությունները Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու նախաձեռնության իրավունքը իրականացնում են իրենց բարձրագույն կամ մշտապես գործող բարձրագույն մարմինների միջոցով, իսկ Հանրապետության քաղաքացիները՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով՝ ընտրական իրավունք ունեցող առնվազն երկու հարյուր քաղաքացիների ստորագրություններ հավաքելու միջոցով:

Քաղաքացիական նախաձեռնության կարգով Նախագահի թեկնածու առաջադրելու համար ընտրողների ստորագրություններ հավաքելը կազմակերպում է քաղաքացիների նախաձեռնող խումբը: Ստորագրությունները դրվում են Հանրապետության քաղաքացիների կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման ձևաթղթի վրա:

Յուրաքանչյուր հասարակական-քաղաքական կազմակերպություն և քաղաքացիների նախաձեռնող խումբ իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի միայն մեկ թեկնածու:

Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը սկսվում է քվեարկության օրվանից 45 օր առաջ և ավարտվում 30 օր առաջ:

Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման մասին հասարակական-քաղաքական կազմակերպության համապատասխան մարմնի որոշումը կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման ձևաթուղթը, առնվազն 200 քաղաքացիների ստրագրությամբ, կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում նրանց տրվում են իրենց առաջադրած թեկնածուի պաշտպանության համար ստորագրություններ հավաքելու հատուկ ձևաթղթեր:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվում են Հանրապետության Նախագահի այն թեկնածուները, որոնց թեկնածությունը պաշտպանվել է ընտրական իրավունք ունեցող առնվազն 1500 քաղաքացիների ստորագրությամբ, հավաքված համամասնության սկզբունքով՝ Հանրապետության շրջանային կարգավիճակ ունեցող առնվազն չորս վարչատարածքային միավորներից: Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը ստուգվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցումը սկսվում է քվեարկության օրվանից 25 օր առաջ և ավարտվում 20 օր առաջ:

Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունում է որոշում, եթե քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 29 օր առաջ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին փաստաթղթերը,

2. Հանրապետության Նախագահի թեկնածության պաշտպանության մասին ստորագրություններով ձևաթղթերը,

3. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրավոր համաձայնությունը քվեարկվելու մասին,

4. տեղեկանք գրանցման և բնակության վայրի մասին,

5. ինքնակենսագրությունը:

Հանրապետության Նախագահի թեկնածուները կարող են հանել իրենց թեկնածությունները ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 5 օր առաջ՝ այդ մասին դիմում ներկայացնելով կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.04.2002 ՀՕ-204)

 

Հոդված 91.

Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելը

 

1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե՝

1) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները.

2) թեկնածուի առաջադրումը պաշտպանելու համար քաղաքացիների ստորագրություններ հավաքելու ընթացքում խախտվել են սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, կամ սահմանված կարգով ստուգման արդյունքում թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում վավեր ստորագրությունների թիվը պակաս է 1500-ից»:

3) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դնում է քվեարկության: Գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված:

(91-րդ հոդվածը լրաց. 30.04.2002 ՀՕ-204)

 

Հոդված 92.

Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

 

Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի երկու երրորդով ընդունված որոշմամբ անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքի 91  հոդվածի առաջին կետով նախատեսված սահմանափակումները:

(92-րդ հոդվածը լրաց. 30.04.2002 ՀՕ-204)

 

Հոդված 93.

Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու կամ թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

 

1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու կամ թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում կարող է բողոքարկվել դատարան:

2. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու կամ թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա անձը ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված՝ որպես Հանրապետության Նախագահի թեկնածու:

(93-րդ հոդվածը լրաց. 30.04.2002 ՀՕ-204, խմբ. 20.06.2002 ՀՕ-212)

 

Հոդված 94.

Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա՝

1) խախտել է նախընտրական քարոզչության սահմանված կարգը.

2) կորցրել է ընտրական իրավունքը.

3) ներկայացրել է դիմում՝ ինքնաբացարկի մասին.

4) մահացել է:

2. Երկրորդ փուլում թեկնածուի կողմից իր թեկնածությունը հանելու դեպքում նրա փոխարեն քվեարկության երկրորդ փուլին մասնակցում է առաջին փուլում հաջորդ առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա երկրորդ փուլում քվեարկվում է մեկ թեկնածու:

(94-րդ հոդվածը լրաց. 30.04.2002 ՀՕ-204)

 

Հոդված 10.

Հանրապետության Նախագահի թեկնածուի գործունեության երաշխիքները, Հանրապետության Նախագահի թեկնածուի վստահված անձինք: Դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները

                        (վերնագիրը խմբ. 30.04.2002 ՀՕ-204)

 

Հանրապետության Նախագահի թեկնածուները կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվելուց հետո մասնակցում են նախընտրական արշավին հավասար հիմունքներով, հավասար իրավունք ունեն օգտագործելու զանգվածային լրատվության պետական միջոցների հնարավորությունները, այդ թվում՝ հեռուստատեսությունը և ռադիոն:

Գրանցումից հետո Հանրապետության Նախագահի թեկնածուները կարող են ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականությունների կատարումից՝ ընտրությունների անցկացման համար հատկացվող միջոցների հաշվին՝ միջին աշխատավարձի պահպանմամբ:

Հանրապետության Նախագահի թեկնածուների ընտրարշավը ապահովվում է յուրաքանչյուր թեկնածուի համար հավասար նյութատեխնիկական և ֆինանսական հնարավորություններով:

Հանրապետության Նախագահի թեկնածուները անձեռնմխելի են, չեն կարող քրեական պատասխանատվության կանչվել, կալանվել կամ ենթարկվել դատական կարգով նշանակվող վաչական տույժի միջոցների առանց Ազգային ժողովի համաձայնության:

Հանրապետության Նախագահի թեկնածուն կարող է ունենալ մինչև երեսուն վստահված անձինք:

Հանրապետության Նախագահի թեկնածուն, նրա վստահված անձինք, ինչպես նաև դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները օգտվում են այն բոլոր իրավունքներից, որոնք սահմանված են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 33-36-րդ հոդվածներով:

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի թեկնածուներին գրանցելուց հետո երկու օրվա ընթացքում նրանց տալիս է համապատասխան վկայական:

(8-րդ մասն ուժը կորցրել է 30.04.2002 ՀՕ-204)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման մասին որոշումը և թեկնածուների կենսագրական տեղեկությունները եռօրյա ժամկետում հրապարակում է մամուլում:

(10-րդ հոդվածը փոփ., խմբ. 30.04.2002 ՀՕ-204)

 

Հոդված 101.

Նախընտրական քարոզչությունը

 

Նախընտրական քարոզչությունն իրականացվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-29-րդ հոդվածներին համապատասխան:

(101-րդ հոդվածը լրաց. 30.04.2002 ՀՕ-204)

 

Հոդված 11.

Ընտրական տեղամասերը

                      (վերնագիրը խմբ. 30.04.2002 ՀՕ-204)

 

1. Քվեարկությունը կազմակերպելու և ընտրողների ձայները հաշվելու նպատակով կազմվում են ընտրական տեղամասեր:

2. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր համայնքների բնակավայրեր:

3. Ընտրական տեղամասի ընտրողների թիվը չպետք է գերազանցի 3000-ը՝ բացառությամբ առանձին դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությամբ կազմվող ընտրական տեղամասերի:

4. Ընտրական տեղամասերը կազմվում են շրջանային վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից, քվեարկությունից ոչ ուշ, քան 45 օր առաջ:

5. Մինչև Ընտրական տեղամասեր կազմավորելու օրը զորամասերի ղեկավարները համապատասխան համայնքի ղեկավարին են ներկայացնում զորամասերում հաշվառված ընտրողների թիվը:

6. Քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրական տեղամասեր են կազմավորվում մոտակա բնակավայրից առնվազն 30 կմ հեռավորությամբ տեղակայված զորամասերում: Այդ տեղամասերը կազմավորում են զորամասերի ղեկավարները:

7. Ընտրական տեղամասեր են կազմավորվում նաև կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

(11-րդ հոդվածը խմբ. 30.04.2002 ՀՕ-204)

 

Հոդված 12.

Ընտրողների ցուցակները

 

Ընտրողների ցուցակները կազմելու, քաղաքացիներին ընտրողների ցուցակի մեջ մտցնելու, ընտրողների ցուցակներին քաղաքացիների ծանոթացման, ընտրողների ցուցակների անճշտությունները գանգատարկելու, քվեարկության իրավունքի վկայական տալու, ինչպես նաև ընտրողների լրացուցիչ ցուցակ կազմելու կարգը սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Հոդված 13.

Քվեաթերթիկը, քվեատուփը, ընտրական հանձնաժողովների կնիքները

                      (վերնագիրը խմբ. 30.04.2002 ՀՕ-204)

 

1. Քվեաթերթիկների, քվեատուփի, ընտրական հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր ընտրող ստանում է մեկական քվեաթերթիկ:

2. Քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Քվեաթերթիկում այբբենական կարգով նշվում են թեկնածուների ազգանունը, անունը և հայրանունը, զբաղմունքը, առաջադրող կուսակցության անվանումը, իսկ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու դեպքում՝ «քաղաքացիական նախաձեռնություն» բառերը:

4. Յուրաքանչյուր քվեաթերթիկ պետք է պարունակի ծանուցում քվեաթերթիկի լրացման կարգի մասին:

5. Քվեաթերթիկները թողարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով՝ շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովների ներկայացրած հայտերի համաձայն, քվեարկությունից ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 3 օր առաջ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովների միջոցով քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին:

6. Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի:

7. Քվեաթերթիկները հատկացվում են տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թվից 5 տոկոս ավելի քանակով:

8. Ընտրական հանձնաժողովների կնիքները պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով հաստատված նմուշին համապատասխան:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային, շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովների կնիքները փաթեթավորում, կնքում ու քվեարկությունից ոչ շուտ, քան 5 և ոչ ուշ, քան 3 օր առաջ հանձնում է շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովներ՝ կատարելով բացառապես քանակական հաշվառում՝ յուրաքանչյուր տեղամասային, շրջանային (քաղաքային) հանձնաժողովին՝ մեկական կնիք հաշվարկով:

10. Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովներում տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները փաթեթավորվում, կնքվում և քվեարկության նախորդ օրը հանձնվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներին՝ յուրաքանչյուրին մեկական փաթեթավորված կնիք:

11. Քվեարկությունից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, կնիքները հետ են վերադարձնում:

(13-րդ հոդվածը խմբ. 30.04.2002 ՀՕ-204)

 

 

ԳԼՈՒԽ 3

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 14.

Քվեարկության ժամանակը և տեղը

 

1. Քվեարկությունն անց է կացվում ընտրությունների օրը՝ տեղական ժամանակով ժամը 7.00-ից մինչև 20.00-ն: Քվեարկության ժամանակի և տեղի մասին տեղամասային ընտրական հանձնաժողովն ընտրողներին իրազեկում է ուչ ուշ, քան 10 օր առաջ:

2. Քվեարկությունը կատարվում է գաղտնի քվեարկության համար հատուկ կահավորված խցիկներում կամ սենյակներում: Քվեախցիկները տեղադրվում են քվեաթերթիկների հատկացման սեղանների և քվեատուփի միջև ընկած տարածքում:

Քվեարկության խցիկում պետք է տեղադրվի սեղան, վրան՝ գրիչ:

(14-րդ հոդվածը խմբ. 30.04.2002 ՀՕ-204)

 

Հոդված 15.

Քվեարկության նախապատրաստումը

                      (վերնագիրը խմբ. 30.04.2002 ՀՕ-204)

 

1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները:

2. Ընտրական տեղամասում՝ տեսանելի տեղում, պետք է փակցված լինեն լրացված քվեաթերթիկների նմուշներ, ինչպես նաև թեկնածուների ցուցակները:

(15-րդ հոդվածը խմբ. 30.04.2002 ՀՕ-204)

 

Հոդված 151.

Քվեարկության կարգը

 

Քվեարկության կարգը սահմանված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքի 55-62-րդ հոդվածներով:

(15-րդ հոդվածը լրաց. 30.04.2002 ՀՕ-204)

 

Հոդված 16.

Քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

                      (վերնագիրը խմբ. 30.04.2002 ՀՕ-204)

 

Քվեարկության արդյունքների ամփոփումն ընտրական տեղամասերում, շրջանային (քաղաքային) և կենտրոնական ընտրական հանձնաժողովներում կատարվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 63-65-րդ հոդվածներին համապատասխան:

(16-րդ հոդվածը խմբ. 30.04.2002 ՀՕ-204)

 

Հոդված 17.

Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքների ամփոփումը և հրապարակումը

 

(1-ին, 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրել են 30.04.2002 ՀՕ-204)

 Ընտրությունները համարվում են կայացված, եթե քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 25 տոկոսը:

Ընտրված է համարվում Հանրապետության Նախագահի այն թեկնածուն, որը ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին: Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններն ամբողջությամբ կամ առանձին շրջանում, քաղաքում կամ առանձին տեղամասում անվավեր է ճանաչում, եթե ընտրությունների ընթացքում կամ ձայները հաշվելիս տեղ են գտել սույն օրենքի այնպիսի խախտումներ, որոնք էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա:

Ընտրություններն անվավեր ճանաչելու մասին որոշումը կարող է գանգատարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարան:

Ընտրությունների արդյունքների մասին հաղորդագրությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը մամուլում հրապարակում է ոչ ուշ, քան ՀՆԳօրյա ժամկետում:

(17-րդ հոդվածը խմբ. 30.09.1996 ՀՕ-22, փոփ. 19.04.1997 ՀՕ-40, փոփ. 30.04.2002 ՀՕ-204)

 

Հոդված 18.

Երկրորդ փուլի քվեարկությունը

 

Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա քվեարկությունից հետո 14-րդ օրն անցկացվում է քվեարկության երկրորդ փուլը, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածու:

Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:

 

Հոդված 19.

Նոր ընտրություններ

 

Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո 40-րդ օրն անցկացվում են նոր ընտրություններ:

 

Հոդված 20.

Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություններ

 

Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ նրան պաշտոնանկ անելու դեպքերում Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո 160 օրվա ընթացքում անցկացվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն:

(20-րդ հոդվածը փոփ. 19.04.1997 ՀՕ-40)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

4 հունիսի 1996թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-11