Համարը 
ՀՕ-11
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.04.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.06.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.06.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
21.01.2005


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Հանրապետության Նախագահի ընտրությունների հիմունքները

 

Հանրապետության Նախագահի ընտրությունները իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ:

Հանրապետության Նախագահն ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում: Մեկ անգամից ավելի Նախագահ չի կարող ընտրվել այն անձը, որը ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում առնվազն երկու և կես տարի զբաղեցրել է Նախագահի պաշտոնը:

 

Հոդված 2.

Քաղաքացիների ընտրական իրավունքը

 

Հանրապետության Նախագահ ընտրելու իրավունք ունեն 18 տարեկան դարձած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները:

Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել 35 տարի լրացած, վերջին 10 տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող, ԼՂՀ քաղաքացի հանդիսացող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

Ընտրությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից իրականացվում են անմիջականորեն: Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայն, ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի որևէ սահմանափակում անթույլատրելի է և հետապնդվում է օրենքով:

 

Հոդված 3.

Հանրապետության Նախագահի ընտրությունների անցկացումը ընտրական հանձնաժողովների կողմից

 

Հանրապետության Նախագահի ընտրությունների անցկացումը ապահովում են կենտրոնական, շրջանային (քաղաքային) և տեղամասային ընտրական հանձնաժողովները:

 

Հոդված 4.

Հրապարակայնությունը Հանրապետության Նախագահի ընտրությունները նախապատրաստելիս և անցկացնելիս

 

Պետական և հասարակական մարմինները, որոնք մասնակցում են Հանրապետության Նախագահի ընտրությունների նախապատրաստմանը և անցկացմանը, իրենց գործունեությունն իրականացնում են բացեիբաց և հրապարակայնորեն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երաշխավորում է հասարակական-քաղաքական և հասարակական կազմակերպություններին, աշխատավորական կոլեկտիվներին և Հանրապետության քաղաքացիներին Հանրապետության Նախագահի ցանկացած թեկնածուին կողմ կամ դեմ ազատորեն քարոզչություն անելու իրավունք:

Քվերակության օրը քարոզչությունն արգելվում է:

Ընտրական հանձնաժողովները քաղաքացիներին տեղեկացնում են իրենց աշխատանքի, տեղամասեր կազմելու, ընտրական հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրի ու աշխատաժամերի և քվեարկողների ցուցակների մասին: Ընտրական հանձնաժողովները քաղաքացիներին իրազեկ են պահում Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրման և գրանցման արդյունքների, նրանց նախընտրական ծրագրերի հիմնադրույթների, Հանրապետության Նախագահի գրանցված թեկնածուների կենսագրական տվյալների, ըստ յուրաքանչյուր թեկնածուի քվեարկության և ընտրությունների արդյունքների ամփոփման մասին:

Ընտրական հանձնաժողովների նիստերին, այդ թվում՝ Հանրապետության Նախագահի թեկնածուներին գրանցելիս, ընտրական տեղամասերում քվեատուփերը կնքելիս, բացելիս և ձայները հաշվելիս, քվեարկության արդյունքները որոշելիս, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում, իրավունք ունեն ներկա լինելու թեկնածուներին առաջադրող հասարակական-քաղաքական կազմակերպությունների, քաղաքացիների նախաձեռնող խմբերի, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները՝ համապատասխան լիազորագրերով, թեկնածուների վստահված անձինք: Ընտրական հանձնաժողովները հավասար պայմաններ են ստեղծում ներկայացուցիչների ներկայության համար:

Զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են լուսաբանել ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքը: Նրանց ներկայացուցիչների համար երաշխավորվում է անարգել ներկա լինել ընտրությունների հետ կապված բոլոր ժողովներին և նիստերին:

Ընտրական հանձնաժողովները, պետական և հասարակական մարմինները, աշխատավորական կոլեկտիվները զանգվածային լրատվության միջոցներին տրամադրում են ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված տեղեկություններ:

 

Հոդված 5.

Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է Հանրապետությունում գրանցված հասարակական-քաղաքական կազմակերպություններին և Հանրապետության քաղաքացիներին՝ սույն օրենքով նախատեսված կարգով:

 

Հոդված 6.

Հանրապետության Նախագահի ընտրությունների նյութական ապահովումը

 

Հանրապետության Նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են պետության հաշվին:

Հանրապետության Նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված պետական միջոցների ծախսերը կատարում են ընտրական հանձնաժողովները՝ յուրաքանչյուր թեկնածուի համար հավասար չափով:

Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, պետական և հասարակական մարմինները ընտրական հանձնաժողովներին տրամադրում են ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ շենքեր և կահավորանք:

 

Հոդված 7.

Հանրապետության Նախագահի ընտրությունների վերաբերյալ օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը

 

Այն անձինք, ովքեր բռնությամբ, խաբեությամբ, սպառնալիքով կամ այլ ճանապարհով խոչընդոտում են Հանրապետության Նախագահ ընտրվելու կամ ընտրելու, նախընտրական քարոզչություն անելու՝ Հանրապետության քաղաքացու իրավունքի ազատ իրականացմանը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների այն անդամները, պետական և հասարակական մարմինների պաշտոնատար անձինք, քաղաքացիների նախաձեռնող խմբերի անդամները, ստորագրություններ հավաքող անձինք, ովքեր խոչընդոտում են Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրման իրավունքի ազատ իրականացմանը, անհիմն կերպով մերժում թեկնածուների գրանցումը, կատարում են ընտրական փաստաթղթերի կեղծում, ձայների ակնհայտ սխալ հաշվում, քվեարկության գաղտնիության խախտում կամ թույլ են տալիս սույն օրենքի այլ խախտումներ, կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Պատասխանատվության են ենթարկվում նաև այն անձինք, ովքեր Հանրապետության Նախագահի թեկնածուների մասին հրապարակել կամ այլ եղանակով տարածել են կեղծ տեղեկություններ:

Ընտրությունների նախապատրաստման ընթացքում կամ ընտրություններից հետո ընտրական հանձնաժողովներում, պետական և հասարակական մարմիններում ընտրությունների մասին օրենսդրության խախտումների վերաբերյալ ստացված դիմումները պետք է քննարկվեն հնգօրյա ժամկետում, իսկ թեկնածուների գրանցման օրը կամ քվեարկության օրը կամ նրանց նախօրյակին ստացվածները՝ անհապաղ:

Քննարկման արդյունքների մասին որոշման պատճենը տրվում է դիմողին անհապաղ:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

Հոդված 8.

Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամկետը

 

Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից 28 օր առաջ: Այդ մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է ընդունում, հաղորդագրություն հրապարակում առնվազն 90 օր առաջ:

 

Հոդված 9.

Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը և գրանցումը

 

Հասարակական-քաղաքական կազմակերպությունները Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու նախաձեռնության իրավունքը իրականացնում են իրենց բարձրագույն կամ մշտապես գործող բարձրագույն մարմինների միջոցով, իսկ Հանրապետության քաղաքացիները՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով՝ ընտրական իրավունք ունեցող առնվազն երկու հարյուր քաղաքացիների ստորագրություններ հավաքելու միջոցով:

Քաղաքացիական նախաձեռնության կարգով Նախագահի թեկնածու առաջադրելու համար ընտրողների ստորագրություններ հավաքելը կազմակերպում է քաղաքացիների նախաձեռնող խումբը: Ստորագրությունները դրվում են Հանրապետության քաղաքացիների կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման ձևաթղթի վրա:

Յուրաքանչյուր հասարակական-քաղաքական կազմակերպություն և քաղաքացիների նախաձեռնող խումբ իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի միայն մեկ թեկնածու:

Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը սկսվում է քվեարկության օրվանից 45 օր առաջ և ավարտվում 30 օր առաջ:

Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման մասին հասարակական-քաղաքական կազմակերպության համապատասխան մարմնի որոշումը կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման ձևաթուղթը, առնվազն 200 քաղաքացիների ստրագրությամբ, ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում նրանց տրվում են իրենց առաջադրած թեկնածուի պաշտպանության համար ստորագրություններ հավաքելու հատուկ ձևաթղթեր:

Ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվում են Հանրապետության Նախագահի այն թեկնածուները, որոնց թեկնածությունը պաշտպանվել է ընտրական իրավունք ունեցող առնվազն 1500 քաղաքացիների ստորագրությամբ, հավաքված համամասնության սկզբունքով՝ Հանրապետության շրջանային կարգավիճակ ունեցող առնվազն չորս վարչատարածքային միավորներից:

Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցումը սկսվում է քվեարկության օրվանից 25 օր առաջ և ավարտվում 20 օր առաջ:

Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման մասին ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունում է որոշում, եթե քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 29 օր առաջ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին փաստաթղթերը,

2. Հանրապետության Նախագահի թեկնածության պաշտպանության մասին ստորագրություններով ձևաթղթերը,

3. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրավոր համաձայնությունը քվեարկվելու մասին,

4. տեղեկանք գրանցման և բնակության վայրի մասին,

5. ինքնակենսագրությունը:

Հանրապետության Նախագահի թեկնածուները կարող են հանել իրենց թեկնածությունները ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 5 օր առաջ՝ այդ մասին դիմում ներկայացնելով ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

 

Հոդված 10.

Հանրապետության Նախագահի թեկնածուի գործունեության երաշխիքները, Հանրապետության Նախագահի թեկնածուի վստահված անձինք

 

Հանրապետության Նախագահի թեկնածուները ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվելուց հետո մասնակցում են նախընտրական արշավին հավասար հիմունքներով, հավասար իրավունք ունեն օգտագործելու զանգվածային լրատվության պետական միջոցների հնարավորությունները, այդ թվում՝ հեռուստատեսությունը և ռադիոն:

Գրանցումից հետո Հանրապետության Նախագահի թեկնածուները կարող են ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականությունների կատարումից՝ ընտրությունների անցկացման համար հատկացվող միջոցների հաշվին՝ միջին աշխատավարձի պահպանմամբ:

Հանրապետության Նախագահի թեկնածուների ընտրարշավը ապահովվում է յուրաքանչյուր թեկնածուի համար հավասար նյութատեխնիկական և ֆինանսական հնարավորություններով:

Հանրապետության Նախագահի թեկնածուները անձեռնմխելի են, չեն կարող քրեական պատասխանատվության կանչվել, կալանվել կամ ենթարկվել դատական կարգով նշանակվող վաչական տույժի միջոցների առանց Ազգային ժողովի համաձայնության:

Հանրապետության Նախագահի թեկնածուն կարող է ունենալ մինչև երեսուն վստահված անձինք:

Հանրապետության Նախագահի թեկնածուն, ինչպես նաև նրա վստահված անձինք օգտվում են այն բոլոր իրավունքներից, որոնք սահմանված են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով:

Ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի թեկնածուներին գրանցելուց հետո երկու օրվա ընթացքում նրանց տալիս է համապատասխան վկայական:

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է գանգատարկվել թեկնածու առաջադրողների կողմից Հանրապետության գերագույն դատարան: Հանրապետության գերագույն դատարանը գանգատը քննարկում է երեք օրվա ընթացքում և ավարտում ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 6 օր առաջ: Հանրապետության գերագույն դատարանի որոշումը վերջնական է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման մասին որոշումը և թեկնածուների կենսագրական տեղեկությունները եռօրյա ժամկետում հրապարակում է մամուլում:

 

Հոդված 11.

Հանրապետության Նախագահի ընտրությունների կազմակերպումը

 

Հանրապետության Նախագահի ընտրությունները կազմակերպում և անց է կացնում ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հանրապետության Նախագահի ընտրությունները կազմակերպվում են ըստ շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների:

Հանրապետության Նախագահի ընտրությունների շրջանային, քաղաքային հանձնաժողովները կազմվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան:

Քվեարկությունն անցկացնելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ կազմավորվում են ընտրական տեղամասեր և տեղամասային ընտրական հանձնաժողովներ՝ 5-7 անդամներով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Հոդված 12.

Ընտրողների ցուցակները

 

Ընտրողների ցուցակները կազմելու, քաղաքացիներին ընտրողների ցուցակի մեջ մտցնելու, ընտրողների ցուցակներին քաղաքացիների ծանոթացման, ընտրողների ցուցակների անճշտությունները գանգատարկելու, քվեարկության իրավունքի վկայական տալու, ինչպես նաև ընտրողների լրացուցիչ ցուցակ կազմելու կարգը սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Հոդված 13.

Քվեաթերթիկը

 

Քվեաթերթիկի ձևը և բովանդակությունը հաստատում է Հանրապետության Նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Քվեարկության թերթիկի մեջ Հանրապետության Նախագահի թեկնածուների անունները մտցվում են ըստ այբբենական կարգի, որտեղ նշվում են թեկնածուների մասին հետևյալ տվյալները՝ ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թվականը, զբաղեցրած պաշտոնը (զբաղմունքը), աշխատանքի վայրը և առաջադրող հասարակական-քաղաքական կազմակերպության անվանումը:

Քվեաթերթիկի մեջ Հանրապետության Նախագահի յուրաքանչյուր թեկնածուի մասին տվյալների դիմաց գրվում է «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» բառը, Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու քվեարկելու դեպքում քվեաթերթիկում նշվում են «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» և «ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ» բառերը:

Քվեաթերթիկը տպագրվում է հայերեն լեզով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ լեզվով՝ Հանրապետության Նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և նրա հսկողության տակ:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 14.

Քվեարկության ժամանակը և տեղը

 

Հանրապետության Նախագահի ընտրություններում քվեարկությունն անցկացվում է ընտրությունների նշանակված օրը, տեղական ժամանակով ժամը 7-ից մինչև 20-ը:

Քվեարկության ժամանակի ու տեղի մասին տեղամասային ընտրական հանձնաժողովը ընտրողներին տեղեկացնում է ընտրություններից ոչ ուշ, քան 10 օր առաջ:

 

Հոդված 15.

Քվեարկության կազմակերպումը և անցկացումը

 

Հանրապետության Նախագահի ընտրություններում քվեարկության կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:

Քվեարկողը քվեաթերթիկում ջնջում է այն թեկնածուների տվյալների դիմաց նշված «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» բառը, որոնց ինքը դեմ է քվեարկում:

 

Հոդված 16.

Ձայների հաշվումը ընտրական տեղամասերում

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովը, ըստ ընտրողների հիմնական և լրացուցիչ ցուցակների, պարզում է տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը, ինչպես նաև քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը:

Քվեատուփը բացելուց առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովը հաշվում և մարում է բոլոր չօգտագործված քվեաթերթիկները:

Քվեատուփերը բացում է տեղամասային ընտրական հանձնաժողովը՝ քվեարկությունն ավարտելու մասին հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետո: Մինչև քվեարկության ավարտը քվեատուփերը բացելն արգելվում է:

Քվեատուփերում եղած քվեաթերթիկների հիման վրա հանձնաժողովը պարզում է քվեարկությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թիվը, Հանրապետության Նախագահի յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների և նրա դեմ տրված ձայների թիվը, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը: Ընտրողների կողմից քվեաթերթիկների մեջ լրացուցիչ մտցված քաղաքացիների ազգանունների վերաբերյալ ձայները, ինչպես նաև թեկնածուների տվյալների վրա կատարված գրառումները հաշվի չեն առնվում:

Անվավեր են ճանաչվում այն քվեաթերթիկները, որոնցում քվեարկության ժամանակ թողնվել է մեկից ավելի «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» բառը, իսկ մեկ թեկնածուի դեպքում միաժամանակ ջնջվել են կամ չեն ջնջվել «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» և «ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ» բառերը: Չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում: Քվեաթերթիկի վավերականության հարցում կասկածներ առաջանալու դեպքում հարցը լուծում է տեղամասային ընտրական հանձնաժողովը՝ քվեարկության միջոցով:

Այն քվեաթերթիկները, որոնցում ջնջված են բոլոր թեկնածուների դիմաց նշված «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» բառերը, համարվում են վավերական և հաշվվում են որպես թեկնածուների դեմ տրված ձայներ:

Ձայների հաշվման արդյունքները քննարկվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում և գրանցվում ընտրական տեղամասում կազմվող արձանագրության մեջ: Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի ու անդամների կողմից և ուղարկվում համապատասխան շրջանային կամ քաղաքային ընտրական հանձնաժողով՝ ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 17.

Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքների ամփոփումը և հրապարակումը

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա շրջանային, քաղաքային ընտրական հանձնաժողովները որոշում են համապատասխան շրջանի կամ քաղաքի ընտրողների ընդհանուր թիվը, քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը, քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների և դեմ տրված ձայների թիվը, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը:

Շրջանում, քաղաքում ընտրությունների արդյունքները որոշում են համապատասխան շրջանային կամ քաղաքային ընտրական հանձնաժողովի նիստում և գրանցում արձանագրության մեջ:

Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի ու անդամների կողմից և ուղարկվում կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրա կողմից սահմանված կարգով:

Հանրապետության Նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը շրջանային, քաղաքային հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա եռօրյա ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և որոշում ընտրողների ընդհանուր թիվը, քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը, յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների և դեմ տրված ձայների թիվը, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը: Ընտրությունները համարվում են կայացված, եթե քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից ավելին:

Ընտրված է համարվում Հանրապետության Նախագահի այն թեկնածուն, որը ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին: Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

Ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններն ամբողջությամբ կամ առանձին շրջանում, քաղաքում կամ առանձին տեղամասում անվավեր է ճանաչում, եթե ընտրությունների ընթացքում կամ ձայները հաշվելիս տեղ են գտել սույն օրենքի այնպիսի խախտումներ, որոնք էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա:

Ընտրություններն անվավեր ճանաչելու մասին որոշումը կարող է գանգատարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարան:

Ընտրությունների արդյունքների մասին հաղորդագրությունը ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը մամուլում հրապարակում է ոչ ուշ, քան տանսօրյա ժամկետում:

 

Հոդված 18.

Երկրորդ փուլի քվեարկությունը

 

Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա քվեարկությունից հետո 14-րդ օրն անցկացվում է քվեարկության երկրորդ փուլը, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածու:

Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:

 

Հոդված 19.

Նոր ընտրություններ

 

Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո 40-րդ օրն անցկացվում են նոր ընտրություններ:

 

Հոդված 20.

Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություններ

 

Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ նրան պաշտոնանկ անելու դեպքերում Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո 40-րդ օրն անցկացվում են Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություններ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

4 հունիսի 1996թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-11