ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"5" հոկտեմբերի 1999թ. |
N 97 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին
ԼՂՀ-ում ծնելիությունը և բազմազավակությունը խթանելու, բնակչության թվաքանակի աճին նպաստելու, աճող սերնդի նյութական ապահովությունն ու դաստիարակությունը բարելավելու և բազմազավակ ընտանիքների բարեկեցությունը բարձրացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ սկսած 2000 թվականի հունվարի 1-ից.
ա) ԼՂՀ ազգային բանկ ‹‹Արցախբանկ››-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքներում բացվում է նպատակային ժամկետային ավանդ, ընտանիքներում ծնված`
- յուրաքանչյուր 3-րդ երեխայի անվամբ – 700 ԱՄՆ դոլարի չափով
- յուրաքանչյուր 4-րդ երեխայի անվամբ – 1000 ԱՄՆ դոլարի չափով
- Ստեփանակերտ քաղաքում յուրաքանչյուր 5-րդ և հաջորդ երեխայի անվամբ – 1000 ԱՄՆ դոլարի չափով
- շրջաններում յուրաքանչյուր 5-րդ երեխայի անվամբ – 1500 ԱՄՆ դոլարի չափով
- շրջաններում յուրաքանչյուր 6-րդ և 7-րդ երեխայի անվամբ – 2000 ԱՄՆ դոլարի չափով.
- շրջաններում յուրաքանչյուր 8-րդ և 9-րդ երեխայի անվամբ – 2500 ԱՄՆ դոլարի չափով.
- շրջաններում յուրաքանչյուր 10-րդ և հաջորդ երեխայի անվամբ – 3000 ԱՄՆ դոլարի չափով:
Նպատակային ժամկետային ավանդները բացվում են մինչև երեխայի 18 տարին լրանալը ԼՂՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
բ) ԼՂՀ ընտանիքներում յուրաքանչյուր 4-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում, ընտանիքի բոլոր դպրոց հաճախող երեխաներին տրամադրվում է գրքերի վարձակալության փոխհատուցում` ԼՂՀ կառավարության կողմից սահմանված կարգով.
գ) շրջաններում 5 և ավելի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրվում է դրամական փոխհատուցում` 1 երեխայի հաշվով ամսական 60 կվտ ժամ էլեկտրաէներգիայի գնի չափով, ԼՂՀ կառավարության կողմից սահմանված կարգով.
դ) շրջաններում 7 և ավելի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին մեկ տարվա ընթացքում հատկացվում է նոր բնակելի տուն, ԼՂՀ կառավարության կողմից սահմանված կարգով.
ե) շրջկենտրոնների և գյուղերի բնակիչների ընտանիքներում յուրաքանչյուր 10-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում, ընտանիքին հատկացվում է ‹‹Նիվա›› կամ ‹‹Ուազ›› մակնիշի ավտոմեքենա կցասայլով` ըստ ցանկության, ԼՂՀ կառավարության կողմից սահմանված կարգով.
զ) շրջկենտրոնների և գյուղերի բնակիչների ընտանիքներում յուրաքանչյուր 5-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքներին, որոնք ունեն սեփականաշնորհված հողամասեր, առաջնահերթ տրամադրվում են վարկեր` գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՂՀ ֆինանսների նախարարությանը` սույն որոշման մեջ նշված միջոցառումների իրականացման համար ԼՂՀ 2000 թվականի պետական բյուջեում նախատեսել համապատասխան ֆինանսական միջոցներ:
3. ԼՂՀ սոցապահովության նախարարությանը, ԼՂՀ ֆինանսների նախարարությանը, ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին, ԼՂՀ կրթության և գիտության նախարարությանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում ԼՂՀ կառավարության հաստատմանն ներկայացնել նպատակային ժամկետային ավանդների, գրքերի վարձակալության և էլեկտրաէներգիայի փոխհատուցման տրամադրման, բնակելի տան և ավտոմեքենայի հատկացման կարգերը:
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության վրա:
5. 2000 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 23-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառման մասին›› թիվ 203 որոշումը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |