Համարը 
ՀՕ-79
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.11.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2009

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1994թ. մայիսի 13-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների դատավորներին որակավորման դասեր շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրությունը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ  ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է դատավորի անկախության, նյութական և սոցիալական ապահովության, անվտանգության և գործունեության այլ երաշխիքների հետ կապված հարաբերությունները, սահմանում է դատավորի լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության հիմքերը, դատավորներին շնորհվող որակավորման դասերը և դրանց հետ կապված արտոնությունները:

Պետական ծառայողների կարգավիճակին վերաբերող օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտերը դատավորներին վերաբերում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:

 

Հոդված 2.

Դատավորների կարգավիճակի միասնականությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատավորներ են՝ օրենքով սահմանված կարգով նշանակված առաջին ատյանի և գերագույն դատարանների նախագահները և դատավորները:

Դատավորի պաշտոնում նշանակվում են բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող 25 տարին լրացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն իրավաբանի առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ և կարող են աշխատել որպես դատավոր:

Դատավոր է այն անձը, ով Սահմանադրությամբ սահմանված կարգով օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ և իր պաշտոնեական պարտականություններն իրականացնում է մշտական հիմունքներով:

Բոլոր դատավորներն ունեն միասնական կարգավիճակ և միմյանցից տարբերվում են իրենց լիազորություններով և իրավասությամբ:

 

Հոդված 3.

Օրենքի գործողությունը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է առաջին ատյանի և գերագույն դատարանների դատավորների վրա:

 

Հոդված 4.

Դատավորի կարգավիճակը սահմանող օրենսդրությունը

 

Դատավորի կարգավիճակը սահմանվում է Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության և քրեական դատավարության օրենսգրքերով, սույն օրենքով, «Դատարանակազմության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով:

 

Հոդված 5.

Դատավորի անկախությունը

 

Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է և ենթարկվում է միայն օրենքին:

Արդարադատություն իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի:

Դատավորի պատասխանատվության հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 6.

Դատավորի գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը

 

Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, կուսակցությունների, հասարակական միավորումների և լրատվության միջոցների ցանկացած միջամտություն դատավորի գործունեությանը արդարադատություն իրականացնելիս անթույլատրելի է և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Դատավորը պարտավոր չէ բացատրություններ տալ իր վարույթում գտնվող գործի կամ նյութի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

 

Հոդված 7.

Պատասխանատվությունը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար

 

Արդարադատության իրականացման կապակցությամբ դատավորին կամ նրա մերձավորներին սպառնալը, նրան վիրավորանք հասցնելը, դատարանի վճիռը, դատավճիռը կամ որոշումը դիտավորյալ չկատարելը կամ դրանց կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաև գործին մասնակցող կամ դատական նիստին ներկա անձանց կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը, ինչ ձևով էլ որ դա արտահայտված լինի, առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 8.

Դատավորի ապաքաղաքականացվածությունը

 

Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, մասնակցել նախընտրական քարոզչությանը կամ ցանկացած այլ ձևով զբաղվել քաղաքական գործունեությամբ:

 

Հոդված 9.

Դատավորի՝ այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումը

 

Դատավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Դատավորը չի կարող լինել պետական իշխանության կամ տեղական ինքնակառավարման որևէ ներկայացուցչական մարմնի անդամ:

Դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

 

Հոդված 10.

Դատավորի անփոփոխելիությունը

 

Դատավորն անփոփոխելի է:

Դատավորը պաշտոնավարում է մինչև իր 65 տարին լրանալը: Բացառիկ դեպքերում դատավորի պաշտոնավարման ժամկետը Հանրապետության Նախագահի կողմից կարող է երկարաձգվել մինչև երեք տարի ժամանակով:

Դատավորը չի կարող առանց իր գրավոր համաձայնության փոխադրվել աշխատանքի՝ այլ դատարան:

Դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերը և կարգը սահմանվում են սույն օրենքով և այլ օրենքներով:

 

Հոդված 11.

Դատավորի անձեռնմխելիությունը

 

Դատավորն անձեռնմխելի է:

Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը, որն էլ հսկողություն է իրականացնում տվյալ գործի քննության օրինականության նկատմամբ:

Դատավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել՝ առանց դատական մագիստրատուրայի խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության:

Դատավորի ձերբակալման, բերման ենթարկելու, նրա կամ նրա բնակարանի խուզարկության դեպքում համապատասխան մարմինն այդ մասին անմիջապես տեղյակ է պահում Հանրապետության Նախագահին, արդարադատության պետական վարչության պետին և դատական մագիստրատուրայի խորհրդին:

 

Հոդված 12.

Դատավորի երդումը

 

Դատավորի պաշտոնում նշանակված անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը, երդվում եմ՝ արդարադատություն իրականացնելիս ենթարկվել միայն Սահմանադրությանն ու օրենքներին, լինել անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, բարձր պահել պետության և դատարանի հեղինակությունը»:

Երդումը տրվում է անհատական կարգով՝ յուրաքանչյուր դատավորի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

Դատավորը ստորագրում է երդման տեքստը:

Երդումը տրվում է դատավորի նշանակման օրվանից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:

 

ԳԼՈՒԽ 2

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 13.

Դատավորի իրավունքները

 

Դատավորի՝ արդարադատության իրականացման հետ կապված իրավունքները սահմանվում են Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերով և այլ օրենքներով:

Դատավորները կարող են կազմավորել միավորումներ և անդամակցել դրանց՝ իրենց շահերի ներկայացման, մասնագիտական մակարդակի բարձրացման և կարգավիճակի պաշտպանության նպատակով:

Դատավորն իրավունք ունի առաջադրվել դատական մագիստրատուրայի խորհրդի անդամության թեկնածու:

 

Հոդված 14.

Դատավորի պարտականությունները

 

Դատավորը քաղաքացիական, տնտեսական, քրեական կամ վարչական գործեր լսելիս պարտավոր է խստիվ ղեկավարվել օրենքով, ապահովել անձանց՝ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքների և ազատությունների, պատվի և արժանապատվության պաշտպանությունը:

Դատավորը պարտավոր է հոգ տանել իր մասնագիտական գիտելիքների մակարդակի և աշխատանքի որակի բարձրացման ուղղությամբ:

Դատավորը թե դատարանում իր պարտականությունները կատարելիս, թե արտածառայողական հարաբերություններում պարտավոր է խուսափել այն ամենից, ինչը կարող է վնասել դատարանի հեղինակությանը և դատավորի բարձր կոչմանը, կասկած հարուցել դատավորի անաչառության և անկողմնակալության նկատմամբ:

Դատավորն իրավունք չունի հրապարակել դատավորների խորհրդակցության և քվեարկության գաղտնիքը, դռնփակ դատաքննության ժամանակ ստացած տեղեկություններն ինչպես պաշտոնավարության ժամանակ, այնպես էլ պաշտոնաթողությունից հետո:

 

Հոդված 15.

Դատավորը և հասարակությունը

 

Դատավորը պարտավոր է խստագույնս պահպանել էթիկայի և բարոյականության նորմերը:

Դատավորին արգելվում է հրապարակայնորեն ցանկացած ձևով անհարգալից վերաբերմունք արտահայտել օրենքի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական կարգի նկատմամբ: Հավասարապես արգելվում են բոլոր այն գործողությունները, որոնք կարող են վնասել պետության և դատարանի հեղինակությանը:

 

ԳԼՈՒԽ 3

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 16.

Դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված դրամական հավելավճարները

               (վերնագիրը խմբ. 24.12.2003 ՀՕ-83)

 

Դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է օրենքով, ընդ որում`

1) միևնույն ատյանի դատավորների և դատարանների նախագահների պաշտոնային դրույքաչափերը հավասար են.

2) գերագույն դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը գերազանցում է առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը քսան տոկոսով.

3) տվյալ դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է դրամական հավելավճար` պաշտոնային դրույքաչափի քառորդի չափով.

4) յուրաքանչյուր դատավորի վճարվում է հավելավճար` դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժի համար` առաջին հինգ տարիների համար` յուրաքանչյուր տարի երկուական տոկոսի (ընդամենը` տասը տոկոս), իսկ վեցերորդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար` հինգական տոկոսի չափով:

(16-րդ հոդվածը խմբ. 20.06.2002 ՀՕ-213, խմբ. 24.12.2003 ՀՕ-83)

 

Հոդված 17.

Հավելավճարներ դատավորների աշխատավարձին

               (17-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.2003 ՀՕ-83)

 

Հոդված 18.

Դատավորի պաշտոնում աշխատած անձանց կենսաթոշակի իրավունքը

 

Դատավորն իրավունք ունի ստանալ աշխատանքային կենսաթոշակ դատավորի՝ իր վերջին զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված աշխատավարձի 75 տոկոսի չափով:Այդ իրավունքը վերապահվում է նաև նախկինում կենսաթոշակի անցած դատավորներին:

Նշված իրավունքից չեն օգտվում այն անձինք, ովքեր դատավորի պաշտոնում աշխատել են երեք տարուց պակաս, կամ որոնց լիազորությունները դադարեցվել են Հանրապետության Նախագահի կողմից՝ սույն օրենքի 30 հոդվածի առաջին մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով:

(18-րդ հոդվածը լրաց. 20.06.2002 ՀՕ-213)

 

Հոդված 19.

Դատավորին տրամադրվող արձակուրդը

 

Դատավորներն ունեն 30 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

Առանձին դեպքերում, անձնական, ընտանեկան կամ այլ հանգամանքներից ելնելով, դատարանի նախագահի կողմից դատավորին կարող է տրամադրվել լրացուցիչ չվճարվող արձակուրդ՝ մինչև 30 օրացուցային օր տևողությամբ:

 

Հոդված 20.

Դատավորի ապահովումը ծառայողական բնակարանով

 

Դատավորին իր մշտական բնակության վայրից դուրս աշխատանքի նշանակելիս, կառավարության սահմանած չափերով և կարգով, վճարվում է իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման հետ կապված ծախսերի, ինչպես նաև բնակարանային վարձի փոխհատուցում: Նոր բնակավայրում դատավորի ընտանիքը երեք ամսվա ընթացքում ապահովվում է ծառայողական բնակարանով:

Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին, կառավարության սահմանած չափերով և կարգով, վճարվում են գործուղման ծախսերը:

 

ԳԼՈՒԽ 4

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 21.

Դատավորի աշխատասենյակը

 

Դատավորն ունի առանձին ծառայողական աշխատասենյակ՝ կառավարության սահմանած տիպային կահավորման ցանկին համապատասխան: Դատավորի աշխատասենյակում պետք է տեղադրված լինի հանրապետության տարածքում հեռախոսակապ հաստատելու միջոց:

Դատավորի աշխատասենյակում առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերը, իսկ աշխատասեղանի մոտ տեղադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը:

 

Հոդված 22.

Դատավորի հանդերձանքը դատական նիստի ընթացքում

 

Դատական նիստին դատավորը մասնակցում է սահմանված ձևի պատմուճանով /թիկնոցով/, որը նրան տրամադրվում է անվճար:

Պատմուճանի նկարագրությունը հաստատում է կառավարությունը:

 

Հոդված 23.

Դատավորի աշխատակազմը

 

Օրենքով յուրաքանչյուր դատավորի տրամադրվող հաստիքներում նշանակումը կատարվում է դատավորի ներկայացմամբ՝ տվյալ ատյանի դատարանի նախագահի կողմից:

 

Հոդված 24.

Դատավորի անվտանգությունը

 

 Դատավորը և նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատավորի դիմումի հիման վրա իրավասու պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դատավորի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով:

(24-րդ հոդվածը փոփ. 20.06.2002 ՀՕ-213)

 

Հոդված 25.

Դատավորի անձնական պաշտպանության միջոցները

 

Դատավորներն ունեն հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ ունենալու և կրելու իրավունք:

 

Հոդված 26.

Դատավորի զինվորական ամրագրումը

 

Դատավորն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:

 

Հոդված 27.

Կապի միջոցներից օգտվելու իրավունքը

 

 Հանրապետության տարածքում կապ հաստատելու համար դատավորն իրավունք ունի օգտվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող կապի միջոցներից:

 

Հոդված 28.

Դատավորի ծառայողական վկայականը

 

 Դատավորին՝ իր գործունեության ողջ ժամանակահատվածի համար, Հանրապետության Նախագահի կողմից տրվում է ծառայողական վկայական:

 

Հոդված 29.

Դատավորի ընդունելության իրավունքը

                (հոդվածն ուժը կորցրել է 20.06.2002 ՀՕ-213)

 

ԳԼՈՒԽ 5

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 30.

Դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերը

 

Դատավորի լիազորությունները դատական մագիստրատուրայի խորհրդի առաջարկության հիման վրա դադարեցնում է Հանրապետության Նախագահը, եթե՝

1) նա դիմում է այդ մասին /հրաժարական է տալիս/.

2) լրացել է նրա 65 տարին /պաշտոնավարման տարիքը/.

3) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

5) նա ավելի քան տասն օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի.

6) նա նշանակվել է դատավորի պաշտոնում՝ օրենքի պահանջների խախտմամբ.

7) նա կատարել է այնպիսի արարք, որը «Դատավորի վարքագծի կանոնագրքի» համաձայն, հիմք է լիազորությունների դադարեցման համար.

8) նա արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում.

9) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

10) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

11) նա խախտել է սույն օրենքի 8 կամ 9 հոդվածների պահանջները.

12) նա կորցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը:

Դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դատական մագիստրատուրայի խորհուրդ է դիմում արդարադատության պետական վարչության պետը:

 

Հոդված 31.

Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերը

 

 Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում դատական մագիստրատուրայի խորհուրդը:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունի արդարադատության պետական վարչության պետը:

Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝

1) արդարադատություն իրականացնելիս օրենքի խախտում թույլ տալը.

2) աշխատանքային կարգապահությունը խախտելը.

3) դատավորին անվայել արարք կատարելը.

4) սույն օրենքի 14 կամ 15 հոդվածների պահանջները խախտելը:

Դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած /կայացմանը մասնակցած/ դատավորի պատասխանատվություն, եթե արդարադատություն իրականացնելիս նա թույլ չի տվել օրենքի կանխամտածված խախտում կամ անբարեխղճություն, որն էական հետևանքներ է առաջացրել:

Դատավորը կարող է կարգապահական տույժի ենթարկվել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս հետո՝ չհաշված կարգապահական վարույթի ընթացքը կամ աշխատանքից հարգելի պատճառներով դատավորի բացակայության ժամանակը, բայց ոչ ուշ, քան խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարի հետո:

Մինչև կարգապահական վարույթի նյութերը դատական մագիստրատուրայի խորհուրդ ուղարկելը, դրանց հետ իրավունք ունի ծանոթանալ այն դատավորը, ում նկատմամբ վարույթ է հարուցվել: Ընդ որում, դատավորն իրավունք ունի ներկայացնել լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն հարուցել լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին:

 

Հոդված 32.

Կարգապահական պատասխանատվության տեսակները

 

Դատավորի կարգապահական հարցը քննելիս դատական մագիստրատուրայի խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը՝

1) դիտողություն.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն:

Եթե դատական մագիստրատուրայի խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ՝ կարճելով հարուցված կարգապահական վարույթը:

Դատական մագիստրատուրայի խորհուրդը /իսկ մինչև խորհրդում հարցի քննարկումը՝ արդարադատության պետական վարչության պետը/ կարգապահական վարույթը կարճում է նաև այն դեպքերում, երբ հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, կամ երբ բաց են թողնված սույն օրենքի 31 հոդվածի հինգերորդ մասով սահմանված ժամկետները:

Եթե կարգապահական տույժ տալու օրվանից երկու տարվա ընթացքում դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված:

Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել մի քանի փաստերի հիման վրա, ապա նրա նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժի միայն մեկ միջոց:

 (32-րդ հոդվածը խմբ., լրաց. 20.06.2002 ՀՕ-213)

 

ԳԼՈՒԽ 6

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ

(6-րդ գլուխն ուժը կորցրել է 24.12.2003 ՀՕ-83)

 

Հոդված 33.

Դատավորների որակավորման դասերը

 

 (33-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.2003 ՀՕ-83)

 

Հոդված 34.

Որակավորման դասերի շնորհման հաջորդականությունը

 

(34-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.2003 ՀՕ-83)

 

Հոդված 35.

Որակավորման դասերի շնորհումը

 

 (35-րդ հոդվածը խմբ. 20.06.2002 ՀՕ-213, ուժը կորցրել է 24.12.2003 ՀՕ-83)

 

Հոդված 36.

Որակավորման դասերի աստիճանային հաջորդականության ժամկետը խախտելը

 

(36-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.2003 ՀՕ-83)

 

Հոդված 37.

Որակավորման դասերի համար տրվող հավելավճարները և այլ արտոնությունները

 

(37-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.2003 ՀՕ-83)

 

 

ԳԼՈՒԽ 7

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 38.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 39.

Որոշ իրավական ակտերն ուժը կորցրած ճանաչելը

 

 Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1994թ. մայիսի 13-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների դատավորներին որակավորման դասեր շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրությունը:

 

Հոդված 40.

Անցումային դրույթ

 

(40-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.2003 ՀՕ-83)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

29 դեկտեմբերի 1999թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-79