Համարը 
N 462
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''26'' նոյեմբերի 2004թ.

N 462

ք.Ստեփանակերտ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. ԼՂՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության ենթակայության պետական արխիվը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «ԼՂՀ պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

3. Ստեղծել «ԼՂՀ պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքային ներկայացուցչությունները՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

4. «ԼՂՀ պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման պահին դրա տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «ԼՂՀ պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման համար ամրացնել «ԼՂՀ պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

5. Սահմանել, որ պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պատմամշակութային ժառանգության՝ Լեռնային Ղարաբաղի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի պահպանումը, հաշվառումը, համալրումը, օգտագործումը, հրապարակումը և հանրահռչակումը:

6. Պետական կազմակերպությունը, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ արխիվային վավերագրերի հրատարակության, փաստաթղթերի պատճենների տրամադրում, ֆիզիկական և իրավաբանական անձանց արխիվագիտական ծառայությունների մատուցում, փաստաթղթերի և գրականության վերականգնում ու կազմապատում, արխիվային տուփերի, արկղերի և արխիվային փաստաթղթերի ապահովագրական պատճենների պատրաստում:

7. Պետական կազմակերպության գործունեությունը ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Պետական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝ հետևյալ ուղղություններով՝

ա/ պետական կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.

բ/ ԼՂ ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) մասին տեղեկատվություն ներկայացնելը և հանրահռչակման միջոցառումների իրականացում (գովազդներ, հայտարարություններ, խորհրդակցություններ և այլն).

գ/ արխիվային գործին վերաբերող գրականության ձեռքբերում, ԼՂ ազգային արխիվային ֆոնդին (հավաքածուին) վերաբերող տեղեկությունները հասարակությանը մատչելի դարձնելու նպատակով գրքույկների և տեղեկագրերի հրատարակման կազմակերպում.

դ/ պետական կազմակերպության աշխատողների կենսաապահովման բարձրացում՝ պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման այլ ձևերով.

ե/ պետական կազմակերպության հագեցվածության բարելավում, այդ թվում՝ հիմնական միջոցների ձեռքբերում.

զ/ պետական կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ մասնակցություն կազմակերպված դասընթացներին.

է/ լիազորված մարմնի կողմից և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ ուղղություններ:

9. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե», «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել ԼՂՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությանը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ կառավարության

«26» նոյեմբերի 2004թ.

թիվ 462 որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ պետական կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի մշտական պահպանման, համալրման, օգտագործման և հրատարակման բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

Պետական կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության ենթակայության ԼՂՀ պետական արխիվների իրավահաջորդն է:

Պետական կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

2. Պետական կազմակերպությունը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Լեռնային Ղարաբաղի ազգային արխիվային ֆոնդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային վարչության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

3. Պետական կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտականությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

4. Պետական կազմակերպությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

5. Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվներ:

6. Պետական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար, իսկ հիմնադիրը՝ պետական կազմակերպության պարտավորությունների համար:

7. Պետական կազմակերպության անվանումն է՝

հայերեն լրիվ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, հայերեն կրճատ՝ «ԼՂՀ պետական արխիվ» ՊՈԱԿ:

8. Պետական կազմակերպության գտնվելու վայրն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Վ. Սարգսյանի 14:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

9. Պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պատմամշակութային ժառանգության՝ Լեռնային Ղարաբաղի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի պահպանումը, հաշվառումը, համալրումը, օգտագործումը, հրապարակումը և հանրահռչակումը:

10. Պետական կազմակերպությունն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան՝

ա) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումը.

բ) վարում է Լեռնային Ղարաբաղի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի կենտրոնացված հաշվառումը.

գ) սահմանված կարգով օգտագործում է Լեռնային Ղարաբաղի ազգային արխիվային ֆոնդը (հավաքածու).

դ) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ Լեռնային Ղարաբաղի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու վերաբերյալ, ստեղծում և պահպանում է դրանց ապահովագրական պատճենները.

ե) արխիվային գործի և գործավարության բնագավառում իրականացնում է պետական ծրագրերը.

զ) ներդրում է փաստաթղթերի պահպանության, կոնսերվացման, պատճենման, վերականգնման և օգտագործման առավել արդյունավետ համակարգեր ու մեթոդներ.

է) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ համալրման աղբյուրների ցանկի և արխիվում պահպանության ենթակա փաստաթղթերի կազմի, Լեռնային Ղարաբաղի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերն օտարելիս պետության անունից առաջնային գնման վերաբերյալ.

ը) մասնակցում է արխիվային գործի ավտոմատ տեղեկատվական համակարգերի մշակման, ներդրման և օգտագործման, տեղեկատվական ցանցի և էլեկտրոնային տվյալների միասնական կենտրոնական շտեմարանի ստեղծման աշխատանքներին.

թ) աջակցում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող արխիվների պահպանման գործին.

ժ) լիազորված պետական մարմին է ներկայացնում արխիվային գործի և գործավարության բնագավառում վարչական վիճակագրությունը.

ժա) պատրաստում և հրատարակում է գիտական աշխատություններ, մենագրություններ, Լեռնային Ղարաբաղի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի, դրանց կազմի և բովանդակության վերաբերյալ գիտատեղեկատվական և գիտահանրամատչելի գրականություն, տեղեկագրեր, ուսումնական ու գործնական ձեռնարկներ, քարոզչական բնույթի և գովազդային նյութեր.

ժբ) ուսումնասիրում է հետադարձ տեղեկատվության հասարակական պահանջները, փաստաթղթերի նպատակային և արդյունավետ օգտագործումը.

ժգ) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքներ), լուծում բարձրացված հարցերը:

11. Պետական կազմակերպությունը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է՝

ա) արխիվային վավերագրերի հրատարակություն.

բ) փաստաթղթերի պատճենների տրամադրում.

գ) ֆիզիկական և իրավաբանական անձանց արխիվագիտական ծառայությունների մատուցում.

դ) փաստաթղթերի և գրականության վերականգնում ու կազմապատում.

ե) արխիվային տուփերի, արկղերի և արխիվային փաստաթղթերի ապահովագրական պատճենների պատրաստում:

Պետական կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

 

III. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

12. Պետական կազմակերպությունը ֆինանսավորվում է՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից.

բ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթից.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:

Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման չափերի նվազեցմանը:

13. Պետական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝

ա) պետական կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.

բ) Լեռնային Ղարաբաղի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) մասին տեղեկատվություն ներկայացնելը և հանրահռչակման միջոցառումների իրականացումը (գովազդներ, հայտարարություններ, խորհրդակցություններ և այլն).

գ) արխիվային գործին վերաբերող գրականության ձեռքբերում, Լեռնային Ղարաբաղի ազգային արխիվային ֆոնդին (հավաքածուին) վերաբերող տեղեկությունները հասարակությանը մատչելի դարձնելու նպատակով գրքույկների և տեղեկագրերի հրատարակման կազմակերպում.

դ) պետական կազմակերպության աշխատողների կենսաապահովման բարձրացում՝ պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման այլ ձևերով.

ե) պետական կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում,այդ թվում հիմնական միջոցների ձեռքբերում.

զ) պետական կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ մասնակցություն կազմակերպված դասընթացներին.

է) լիազորված պետական մարմնի կողմից և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ նպատակներ:

Պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

14. Պետական կազմակերպության ֆինանսական գործունեությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)՝ լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:

15. Պետական կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

16. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա կողմից լիազորված մարմինը, կազմակերպության գործադիր մարմինը՝ տնօրենը:

17. Պետական կազմակերպության հիմանդիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հիմնադրի բացառիկ լիազորություններն են՝

ա) պետական կազմակերպության հիմնադրումը.

բ) պետական կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) պետական կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրա մեջ փոփոխությունների կատարումը.

դ) պետական կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

ե) օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

18. Լիազորված պետական մարմինն իրականացնում է պետական կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ իրականացման համար:

Լիազորված պետական մարմինը՝

ա) հաստատում է պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմը.

բ) սահմանում է պետական կազմակերպության կառավարման համակարգը.

գ) նշանակում է պետական կազմակերպության լուծարման հանձնաժողովը և հաստատում լուծարման հաշվեկշիռը.

դ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորվում է պետական կազմակերպության կառավարման մարմինը և վաղաժամկետ դադարեցնում նրա լիազորությունները.

ե) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպության գործունեության նկատմամբ.

զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

է) լսում է պետական կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

ը) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

թ) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս պետական կազմակերպությանը՝ նրան սեփականության իրավունքով հանձնված գույքի օտարման համար.

ժ) հաստատում է պետական կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.

ժա) հաստատում է պետական կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ժբ) իրականացնում է օրենքով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

19. Պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը:

Պետական կազմակերպության տնօրենն օրենքով և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի և լիազորված մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Պետական կազմակերպության տնօրենի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրով սահմանվում են պետական կազմակերպության տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերն անհրաժեշտ կգտնեն: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Լեռնայինն Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

21. Պետական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

22. Պետական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում, նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

23. Պետական կազմակերպության տնօրենը՝

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս պետական կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի, լիազորված պետական մարմնի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) տալիս է պետական կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է պետական կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր աշխատողների միջև.

է) սահմանում է պետական կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները, աշխատողների թիվը, աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը և հաստատում հաստիքացուցակը.

ը) հաստատում է պետական կազմակերպության ներկայացուցչությունների կանոնադրությունները.

թ) նշանակում է պետական կազմակերպության ներկայացուցչությունների ղեկավարներին.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժա) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և պետական կազմակերպության կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:

24. Պետական կազմակերպության հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են նրա բաժինները և լաբորատորիան, որոնք գործում են իրենց կանոնակարգերին համապատասխան:

Պետական կազմակերպության կառուցվածքի մեջ են մտնում նաև սպասարկող և օժանդակ բնույթի կառուցվածքային ստորաբաժանումները կամ հաստիքներ (հաշվապահություն, կադրային աշխատանք, գրասենյակ, տնտեսության վարում):

25. Պետական կազմակերպության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, պետական կազմակերպության աշխատանքային ներքին ու կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերով և այլ իրավական ակտերով:

 

V. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

26. Պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է պետական կազմակերպության հիմնադրման ժամանակ՝ հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ լիազորված չափով հանձնված գույքից, հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

27. Պետական կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

28. Պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

29. Պետական կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

30. Պետական կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում՝ միայն դատական կարգով:

31. Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:

Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից պետական կազմակերպությանն ամրացված գույքը:

32. Պետական կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու ու գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

Պետական կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության:

33. Հիմնադրի կողմից գույքը պետական կազմակերպությանն ամրացվելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

34. Հիմնադրի կողմից պետական կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ պետական կազմակերպության՝ օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի գրանցման պահից:

 

VI. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

35. Պետական կազմակերպությունն ունի ներկայացուցչություններ՝ տարածաշրջաններում, որոնք գործում են սույն կանոնադրությանն ու իրենց կանոնադրություններին համապատասխան և ենթակա են հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

36. Պետական կազմակերպության ներկայացուցչություններն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով, պետական կազմակերպության և իրենց՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք ու ձևաթուղթ:

 

VII. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

37. Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Պետական կազմակերպությունը կարող է դատական կարգով վերակազմակերպվել՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

38. Պետական կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

Պետական կազմակերպությունը կարող է դատական կարգով լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

39. Պետական կազմակերպության լուծարման դեպքում պետական կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար 

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ կառավարության

«26» նոյեմբերի 2004թ.

թիվ 462 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչությունների

 

Հ/Հ

Ներկայացուցչության անվանումը

1.

Ասկերանի տարածքային ներկայացուցչություն

2.

Հադրութի տարածքային ներկայացուցչություն

3.

Մարտակերտի տարածքային ներկայացուցչություն

4.

Մարտունու տարածքային ներկայացուցչություն

5.

Շուշիի տարածքային ներկայացուցչություն

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ