Համարը 
Հ.Ն-0049-1
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
06.06.1992
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
06.06.1992
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.06.1992
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.02.2002

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, հանրապետությունում բնակչության անվտանգության և խաղաղ կյանքի ապահովման նպատակով զինապարտություն է սահմանվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ծառայության անցնելու համար: ԼՂՀ զինված ուժերը հանդիսանում են ապաքաղաքականացված և ապակուսակցականացված մարտական կառուցվածքներ:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18 տարեկան դարձած քաղաքացիների պարտականությունն է: Նրանք պարտավոր են պաշտպանել ԼՂՀ շահերը, նպաստել նրա հզորության և հեղինակության ամրապնդմանը:

 

Հոդված 2. Զինվորական ծառայությունը բաղկացած է իսկական զինվորական ծառայությունից, կոնտրակտով զինվորական ծառայությունից, այլընտրական զինվորական ծառայությունից և պահեստի զինվորական ծառայությունից:

Կոնտրակտով զինվորական ծառայությունը և այլընտրական զինվորական ծառայությունը կազմակերպելու և անցկացնելու կարգը սահմանվում է ԼՂՀ օրենսդրությամբ:

 

Հոդված 3. Մինչև զինվորական ծառայության զորակոչը, այն անձանց հետ, ովքեր ունեն նախազորակոչային (16-ից մինչև 18 տարեկան) և զորակոչային (18-ից մինչև 27 տարեկան) տարիք, կազմակերպվում և առանց ուսումից կամ արտադրությունից կտրված նախազորակոչային պատրաստություն է անցկացվում ԼՂՀ կառավարության սահմանած կարգով:

Զորակոչիկներին նախնական գրանցումը և հաշվառումը իրականացնում են տվյալ տարածքի զինվորական կոմիսարիատները:

(3-րդ հոդվածը փոփ. 02.10.1996 ՀՕ-25)

 

Հոդված 4. Իսկական զինվորական ծառայության, կոնտրակտով զինվորական ծառայության և այլընտրական զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիները կոչվում են զինծառայողներ, իսկ պահեստայինները՝ զինապարտներ:

 

Հոդված 5. Այլ պետությունների բանակներում և ռազմաուսումնական հաստատություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը և ուսուցումը կարգավորվում են միջպետական պայմանագրերով:

 

Հոդված 6. Զինծառայողները ընդունում են զինվորական երդում:

Երդման տեքստը ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:

 

Հոդված 7. Յուրաքանչյուր զինծառայողի և յուրաքանչյուր զինապարտի շնորհվում է համապատասխան զինվորական կոչում: Զինվորական կոչումները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:

Գնդապետ և դրանից բարձր զինվորական կոչումները շնորհվում են ԼՂՀ նախագահի, իսկ մյուս զինվորական կոչումները՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից:

(7-րդ հոդվածը խմբ. 02.10.1996 ՀՕ-25)

 

Հոդված 8. Սույն օրենքը հիմք է հանդիսանում ԼՂՀ տարածքում զորակոչ, ուսումնական զորահավաքներ և մոբիլիզացում կազմակերպելու և անցկացնելու համար:

 

Հոդված 8-1. ԼՂՀ զինված ուժերում արգելվում է հասարակական կազմակերպությունների, միավորումների և կուսակցությունների ստեղծումը:

Զինված ուժերի զինծառայողների կուսակցական պատկանելիությունը կասեցվում է զինվորական ծառայության ամբողջ ընթացքում:

(8-1-րդ հոդվածը լրաց. 02.10.1996 ՀՕ-25)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 9. Իսկական զինվորական ծառայության են զորակոչվում արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը:

18-ից մինչև 35 տարեկան կանայք կարող են ԼՂՀ զինված ուժերում ծառայության զորակոչվել կոնտրակտի հիման վրա:

 

Հոդված 10. Արական սեռի այն քաղաքացիները, ովքեր ցանկություն են հայտնում սովորել այլ պետությունների ռազմա-ուսումնական հաստատություններում, կարող են այդ հաստատություններում ընդունվել, եթե ուսման ընդունվելու տարում լրանում է նրանց 17 տարին` ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբի երաշխավորությամբ:

(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.11.1994 Թ.Ն-0091-1, փոփ. 02.10.1996 ՀՕ-25)

 

Հոդված 11. Իսկական զինվորական ծառայության ժամկետը սահմանել 2 տարի: Իսկական զինվորական ծառայության ժամկետը հաշվվում է զինվորական ծառայությունը սկսելու օրից:

(11-րդ հոդվածը լրաց. 23.11.1994 Թ.Ն-0091-1, փոփ. 02.10.1996 ՀՕ-25)

 

Հոդված 12. Անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը կարող է զինծառայողների զինվորական ծառայության ժամկետը երկարաձգել մինչև 2 ամիս, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը՝ մինչև 1 ամիս:

(12-րդ հոդվածը խմբ. 26.02.1997 ՀՕ-32)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

 

Հոդված 13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիների իսկական զինվորական ծառայության զորակոչը կատարվում է Հանրապետության կառավարության որոշմամբ, մայիս-հունիս և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Զորակոչի ենթակա քաղաքացիների թվաքանակը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 14. Այն զորակոչիկները, ովքեր ժամանակավոր մեկնել են մշտական բնակության վայրից, իսկական զինվորական զորակոչ հայտարարելու դեպքում պարտավոր են ներկայանալ այն զինվորական կոմիսարիատը, որտեղ նրանք հաշվառման են վերցված:

Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և ուսումնական հաստատությունները պարտավոր են զորակոչիկներին ազատել աշխատանքից (ուսումից) զորակոչի, ուսումնական հավաքների համար անհրաժեշտ ժամանակով՝ պահպանելով միջին աշխատավարձը կամ կրթաթոշակը:

Զինվորական ուսումնական հաստատություններից հեռացված անձինք զորակոչվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության սույն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով, ուսման ժամանակաշրջանը չհաշվարկելով զինվորական ծառայության ժամկետում:

(14-րդ հոդվածը լրաց. 02.10.1996 ՀՕ-25)

 

Հոդված 15. Զորակոչային տեղամաս ներկայանալը պարտադիր է բոլոր զորակոչիկների համար:

 

Հոդված 16. Իսկական զինվորական ծառայության զորակոչին ենթակա չեն այն անձինք, ովքեր զորակոչային տարիքին հասնելու պահին գտնվում են ազատազրկման վայրերում, ինչպես նաև այն անձինք, ում նկատմամբ հետաքննություն կամ դատաքննություն է տարվում քննական գործով:

 

Հոդված 17. Իսկական զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու համար շրջաններում, քաղաքներում ստեղծում են զորակոչային հանձնաժողովներ:

Տվյալ տարածքի զորակոչային հանձնաժողովի անձնակազմը հաստատում են տեղական ինքնակառավարման իշխանության մարմինները՝ տվյալ տարածքի զինվորական կոմիսարիատի ներկայացմամբ:

Տվյալ տարածքի զորակոչային հանձնաժողովի վրա դրվում են հետևյալ պարտականությունները.

- զորակոչիկների բուժզննման կազմակերպում.

- իսկական զինվորական ծառայության զորակոչի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ըստ զորքերի տեսակների զորակոչվածներին տեղաբաշխելու, այլընտրական զինվորական ծառայության ուղարկելու մասին որոշումների ընդունումը.

- զորակոչի հետաձգում տրամադրելը.

- զորակոչներին զինվորական ծառայությունից ազատելը:

- (8-րդ պարբերությունն ուժը կորցրել է 23.11.1994 Թ.Ն-0091-1)

Տվյալ տարածքի զորակոչային հանձնաժողովի որոշումները ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

(17-րդ հոդվածը փոփ. 23.11.1994 Թ.Ն-0091-1, փոփ. 02.10.1996 ՀՕ-25)

 

Հոդված 18. Տվյալ տարածքի հանձնաժողովների աշխատանքը ղեկավարելու և նրանց գործունեությունը վերահսկելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը զորակոչի ժամանակաշրջանում ստեղծում է հանրապետական զորակոչային հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահը համարվում է ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալը: Հանձնաժողովի անդամներն են ԼՂՀ զինվորական կոմիսարը, ԼՂՀ կառավարության, ԼՂՀ ներքին գործերի և առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները:

Տվյալ տարածքի զորակոչային հանձնաժողովի որոշումից զորակոչիկի կամ այլ անձանց բողոքը չի կասեցնում որոշման կատարումը:

Տվյալ տարածքի զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ բողոքների առթիվ հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշումները, դրանց ընդունման պահից հաշված՝ մեկամսյա ժամկետում, կարող են բողոքարկվել ժողովրդական դատարանում:

(18-րդ հոդվածը փոփ. 02.10.1996 ՀՕ-25)

 

Հոդված 19. Բոլոր զորակոչիկներն անցնում են բժշկական զննում, որը կատարում են տեղական իշխանության մարմինների կողմից ստեղծված բժշկական հանձնաժողովները:

Բժշկական զննման արդյունքներին համապատասխան, տվյալ տարածքի զորակոչային հանձնաժողովը որոշում է ընդունում՝ այն հայտարարելով զորակոչիկին.

1. իսկական զինվորական ծառայության համար պիտանիության մասին.

2. հիվանդության պատճառով իսկական զինվորական ծառայության համար ժամանակավոր անպիտանիության մասին, բուժման համար հետաձգում տալով ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով.

3. իսկական զինվորական ծառայության համար լրիվ անպիտանիության, զորակոչիկների մոտ այնպիսի հիվանդության կամ ֆիզիկական արատների առկայության մասին, որոնք խոչընդոտում են իսկական զինվորական ծառայություն կրելուն:

(19-րդ հոդվածը փոփ. 02.10.1996 ՀՕ-25)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼԸ

 

Հոդված 20. Իսկական զինվորական ծառայությունից ազատվում է այն զորակոչիկները, ովքեր ունեն.

1. Անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն տվյալ բնակավայրում իրենց հետ ապրող ընտանիքի աշխատունակ անդամներ`

ա. 60 տարեկանը լրացած հայրը և 55 տարեկան լրացած մայրը,

բ. հաշմանդամ հայրը կամ մայրը` անկախ տարիքից:

2. Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին:

3.Միայնակ աշխատունակ մայր` մինչև 16 տարեկան երկու և ավելի երեխայի հետ, որը չունի իր հետ ապրող ուրիշ աշխատունակ երեխաներ:

4. Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հարազատ եղբայր կամ քույր, եթե չկա նրանց խնամող անձ:

1. այն անձինք, ովքեր բժշկական զորակոչային հանձնաժողովների կողմից անպիտանի են ճանաչվել իսկական զինվորական ծառայության համար.

2. այն անձինք, որոնք գտնվում են ազատազրկման վայրերում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏԱՁԳՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

Հոդված 21. Իսկական զինվորական ծառայությունից հետաձգումը կարող է տրամադրվել մինչև զորակոչիկի 27 տարեկան դառնալը: Եթե զորակոչիկները չեն կորցնում հետաձգման իրավունքը, ապա խաղաղ ժամանակ նրանք ազատվում են իսկական զինվորական ծառայությունից և հաշվվում են պահեստային:

 

Հոդված 22. Ուսումը շարունակելու հետ կապված՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրվում է.

ա) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, բժշկական, իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներին,

բ) միջնակարգ հանրակրթական դպրոցների և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին՝ մինչև ուսումն ավարտելը կամ մինչև 20 տարեկան դառնալը:

 Բարձրագույն ուսումնական հաստատությունների այլ ֆակուլտետների ուսանողները առաջին կուրսն ավարտելուց կանչվում են ժամկետային զինվորական ծառայության, տարկետում ստանալով ըստ ուսման վայրի՝ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ժամկետով:

Բարձրագույն ուսումնական հաստատություններից և հանրակրթական դպրոցներից հեռացված, ինչպես և ուսման կապակցությամբ տարկետում ստացած անձինք կորցնում են ժամկետային զինվորական ծառայությունից կրկնակի տարկետում ստանալու իրավունքը:

(22-րդ հոդվածը խմբ. 02.10.1996 ՀՕ-25, խմբ. 11.02.1997 ՀՕ-31)

 

Հոդված 23. Առողջության վիճակի պատճառով իսկական զինվորական ծառայության զորակոչից հետաձգումը ընձեռվում է այն անձանց, ովքեր հիվանդության պատճառով ճանաչվել են ժամանակավոր անպիտանի զինվորական ծառայության համար:

Հիվանդության պատճառով զորակոչի հետաձգումը կարող է ընձեռվել երեք տարի շարունակ, որից հետո առողջության վիճակի պատճառով հետաձգում ստացած քաղաքացիները կամ զորակոչվում են ծառայության, կամ անպիտանի են ճանաչվում զինվորական ծառայության համար և հանվում զինվորական հաշվառքից, կամ էլ համարվում պահեստային, նրանց պարբերական բժշկական զննությամբ մինչև 27 տարեկան դառնալը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պահեստային համարվող, այդ տարիքի չհասած, բժշկական զննումից հետո իսկական զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակներում պիտանի ճանաչված անձինք կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով զինվորական ծառայության զորակոչվել ընդհանուր հիմունքներով:

 

Հոդված 24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը իրավունք ունի հատուկ անհրաժեշտության դեպքում որոշել այն քաղաքացիների կատեգորիաները, որոնց կարող է իսկական զինվորական ծառայության հետաձգում տրամադրել` ելնելով այլ հիմքերից: Սույն հոդվածով չնախատեսված դեպքերում իսկական զինվորական ծառայության զորակոչի հետաձգում տրամադրելու մասին, ընտանեկան հանգամանքների բերումով, որոշումը ընդունվում է տվյալ տարածքի զորակոչային հանձնաժողովի հաստատմամբ:

(24-րդ հոդվածը փոփ. 02.10.1996 ՀՕ-25)

 

Հոդված 25. Այն անձինք, ովքեր իսկական զինվորական ծառայության զորակոչի հետաձգում են ստացել կրթությունը շարունակելու համար, ինչպես նաև նրանք, ովքեր տարբեր պատճառներով, սահմանված ժամկետներում չեն զորակոչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժեր, իսկական զինվորական ծառայության են զորակոչվում մինչև իրենց 27 տարեկան դառնալը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԶՈՐԱՑՐՈՒՄԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇԱՐՔԵՐԻՑ, ՊԱՀԵՍՏ

 

Հոդված 26. Սույն օրենքով սահմանված ժամկետներում իսկական զինվորական ծառայությունն ավարտած ծառայողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շարքերից զորացրվում են պահեստ:

Զինված ուժերից զորացրումը կատարվում է զորամասի հրամանատարի կողմից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարի հրամանի հիման վրա:

 

Հոդված 27. Իսկական զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները կարող են ժամկետից շուտ զորացրվել պահեստ, եթե նրանք զինվորական բժշկության հանձնաժողովների կողմից առողջության վիճակի պատճառով ոչ պիտանի են ճանաչվել իսկական զինվորական ծառայությունը շարունակելու համար:

Այն զինծառայողները, ովքեր ծառայությունն անցնելու ժամանակաշրջանում ընտանեկան դրության փոփոխման հետևանքով ձեռք են բերում սույն օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան զորակոչից ազատվելու իրավունք, զորացրվում են պահեստ: Այդ անձանց զորացրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը:

 

Հոդված 28. Ազատազրկման վայրերում պատիժ կրող կամ կարգապահական գումարտակներում ծառայություն կատարող զինծառայողների իսկական զինվորական ծառայության ժամկետի մեջ չի հաշվվում պատիժը կրելու ժամանակը:

 

Հոդված 29. Այն զինվորներին և սերժանտներին, ովքեր ունեն բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն, անցել են ուսումնական զորահավաքները և բռնել սահմանված քննությունները իսկական զինվորական ծառայությունն ավարտելուց առաջ, պահեստ փոխադրելիս շնորհվում է սպայի կոչում: Այն անձինք, որոնց պահեստ զորացրելիս չի շնորհվել սպայի կոչում, կարող են ընդգրկվել զինապարտների ուսումնական զորահավաքներում՝ պահեստի սպաներ պատրաստելու համար: Փորձաքննությունների հանձնման ժամկետը և կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը:

 

Հոդված 30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շարքերից զորացրված զինծառայողները, ժամանելով բնակության վայր, պարտավոր են եռօրյա ժամկետում ներկայանալ զինվորական կոմիսարիատ՝ հաշվառման համար:

 

Հոդված 31. Զինված ուժերի պահեստը բաժանվում է երկու կատեգորիայի:

Առաջին կատեգորիայի պահեստին են պատկանում այն զինապարտները, ովքեր իսկական զինվորական ծառայություն են կրել առնվազն մեկ տարի, իսկ պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները՝ ծառայության ժամկետից անկախ:

Երկրորդ կատեգորիայի պահեստին են պատկանում այն զինապարտները, ովքեր իսկական զինվորական ծառայության մեջ եղել են մեկ տարուց պակաս, ինչպես նաև այն զինապարտները, ովքեր զանազան պատճառներով չեն զորակոչվել իսկական ծառայության կամ այլընտրական ծառայության:

Երկրորդ կատեգորիայի պահեստի զինապարտները առնվազն մեկ տարվա ընդհանուր տևողությամբ ուսումնական զորահավաքներ անցնելուց հետո փոխադրվում են առաջին կատեգորիայի պահեստ:

Զինվորական հաշվառման մեջ գտնվող կանայք պատկանում են երկրորդ կատեգորիայի պահեստին:

 

Հոդված 32. Առաջին և երկրորդ կատեգորիայի պահեստը բաժանվում է երեք տարիքային կարգի.

առաջին կարգ - մինչև 35 տարեկան.

երկրորդ կարգ - 35-ից մինչև 45 տարեկան.

երրորդ կարգ - 45-ից մինչև 50 տարեկան:

 

Հոդված 33. Առաջին կատեգորիայի առաջին կարգի պահեստում գրանցված զինապարտները, առաջին կարգի պահեստում գրանցված ժամանակ ուսումնական զորահավաքների են զորակոչվում մինչև չորս անգամ, ամեն անգամ մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում՝ երեք ամիս:

 

Հոդված 34. Երկրորդ կատեգորիայի առաջին կարգի պահեստում գրանցված զինապարտները առաջին կարգի պահեստում գրանցված ժամանակ ուսումնական զորահավաքների են զորակոչվում մինչև 6 անգամ, ամեն անգամ մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում՝ երեք ամիս:

 

Հոդված 35. Առաջին կարգի պահեստի անձինք, ովքեր պատրաստվում են սպաների պաշտոնների, ուսումնական զորահավաքների զորակոչվում են երեք ամիս ժամկետով:

 

Հոդված 36. Առաջին կարգի պահեստի թռիչքային անձնակազմը ուսումնական զորահավաքներից բացի, ինչը նախատեսված է սույն օրենքի 34-րդ, 35-րդ հոդվածներով, առաջին կարգի պահեստում եղած ժամանակ զորակոչվում է նաև թռիչքային մարզման զորահավաքների, մինչև 5 անգամ, ամեն անգամ՝ երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում՝ երկու ամիս:

 

Հոդված 37. Երկրորդ կարգի պահեստում գրանցված զինապարտները ուսումնական զորահավաքների են զորակոչվում մեկ-երկու անգամ, յուրաքանչյուր դեպքում՝ մինչև երկու ամիս ժամկետով:

 

Հոդված 38. Երրորդ կարգի պահեստում գրանցված զինապարտները ուսումնական զորահավաքների են զորակոչվում մեկ անգամ՝ մեկ ամիս ժամկետով:

 

Հոդված 39. Ուսումնական զորահավաքների անցկացման ժամկետները որոշում է ԼՂՀ պաշտպանության նախարարը, որն անհրաժեշտության դեպքում պահում է զինապարտներին ուսումնական զորահավաքներում մինչև երկու ամիս ժամկետով այն ժամկետներից, որոնք սահմանված են սույն օրենքով, ինչպես նաև ավելացնում է ուսումնական զորահավաքների թիվը առաջին և երկրորդ կարգի զինվորների և սերժանտների համար, չգերազանցելով զորահավաքներում նրանց գտնվելու այն ընդհանուր ժամանակը, որը սահմանված է սույն օրենքի 34-րդ, 35-րդ, 38-րդ հոդվածներով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԺԱՄԿԵՏԱՆՑՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 40. ԼՂՀ զինված ուժերում որպես ժամկետանցների՝ կամավոր զինվորական ծառայության են ընդունվում այն զինվորները, սերժանտներն ու զինապարտները, ովքեր չունեն սպայական կոչումներ:

 

Հոդված 41. ԼՂՀ զինված ուժերում ժամկետանցների կողմից զինվորական ծառայության անցման կարգը, սույն օրենքին համապատասխան, սահմանում է ԼՂՀ պաշտպանության նախարարը:

Ժամկետանցները կարող են զինվորական ծառայության մեջ լինել մինչև նրանց 45 տարեկան դառնալը:

 

Հոդված 42. Զինվորական ծառայությունից զորացրված ժամկետանցները ԼՂՀ զինված ուժերի պահեստային են համարվում մինչև նրանց 55 տարեկանը լրանալը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 43. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայության անցնելու կարգը, սույն օրենքին համապատասխան, որոշում է ԼՂՀ կառավարությունը:

ԼՂՀ զինված ուժերի սպայական կազմը ԼՂՀ զինված ուժերի իսկական զինվորական ծառայության մեջ և պահեստում է գտնվում մինչև հետևյալ սահմանային տարիքը.

 

Սահմանային տարիք

Սպայական կոչում

իսկական զինվորական ծառայություն

1-ին կարգի
պահեստ

2-րդ կարգի
պահեստ

3-րդ կարգի
պահեստ

Կրտսեր լեյտենանտ,
լեյտենանտ

40

40

45

50

Ավագ լեյտենանտ,
կապիտան

40

45

50

55

Մայոր

45

45

50

55

Փոխգնդապետ

45

50

55

60

Գնդապետ

50

55

-

60

Գեներալ

60

-

-

65

Զինվորական հաշվառման վերցված կին սպաները, իրենց մասնագիտությանը համապատասխան, զինվորական կոչումից անկախ, համարվում են 3-րդ կարգի պահեստային:

 

Հոդված 44. Իսկական զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքի հասած սպաները ենթակա են զորացրման ԼՂՀ զինված ուժերի պահեստ: Սպաների վաղաժամկետ զորացրումը կատարվում է.

- առողջության վիճակի պատճառով՝ զինվորական-բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա.

- հաստիքների կրճատման կապակցությամբ.

- ըստ ատեստավորման արդյունքների՝ ծառայական անհամապատասխանության պատճառով.

- այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ սպայի հիմնավորված զեկույցի համաձայն.

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սպայի վեհ կոչումը վարկաբեկող արարքներ կատարելու դեպքում.

- դատարանի կողմից դատապարտվելու դեպքում:

 

Հոդված 45. ԼՂՀ զինված ուժերի սպայական կազմի պահեստը կազմվում է.

- իսկական զինվորական ծառայությունից զորացրված և պահեստային գրանցված սպաներից, գեներալներից.

- բարձրագույն և միջնակարգ կրթությամբ այն սերժանտներից ու պրապորշչիկներից, ովքեր անցել են իսկական զինվորական ծառայություն և սպայական կոչում ստացել զորացրվելիս սահմանված քննությունները հանձնելուց հետո.

- այն անձանցից, ովքեր ռազմական պատրաստություն են անցել քաղաքացիական ուսումնական հաստատություններում, որոնց սպայական կոչում է շնորհվել սահմանված քննությունները նրանց կողմից հանձնելուց հետո.

- այն զինվորներից, սերժանտներից և պրապորշչիկներից, որոնց բարձրագույն և միջնակարգ մասնագիտական քաղաքացիական կրթության հիման վրա շնորհվել է սպայական կոչում:

 

Հոդված 46. ԼՂՀ զինված ուժերի պահեստի սպաները անցնում են ուսումնական զորահավաքներ: Առաջին կարգի պահեստայինները կարող են զորակոչվել մեկ զորահավաքի՝ մինչև երեք ամիս ժամկետով, երկրորդ կարգի պահեստայինները՝ մեկ զորահավաքի՝ մինչև երկու ամիս ժամկետով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում պահեստային սպաների ուսումնական զորահավաքների ժամկետները երկարացնել մինչև մեկ ամսով, ինչպես նաև ավելացնել ուսումնական զորահավաքների թիվը, չգերազանցելով սույն հոդվածի առաջին մասով սահմանված ընդհանուր ժամկետները:

 

Հոդված 47. Պահեստազորի սպաները խաղաղ ժամանակ կարող են կանչվել զինվորական ծառայության.

 

- պայմանագրային կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության որոշմամբ,

 

- զորակոչի միջոցով՝ մինչև 3 տարի ժամկետով, ԼՂՀ կառավարության կողմից որոշվող մասնագիտությունների գծով և քանակով:

(47-րդ հոդվածը խմբ. 02.10.1996 ՀՕ-25)

 

Հոդված 48. Այն սպաները, ովքեր հասել են պահեստում գտնվելու սահմանային տարիքին կամ հիվանդության պատճառով ոչ պիտանի են ճանաչվել զինվորական ծառայություն կրելու համար, հանվում են զինվորական հաշվառքից և պաշտոնաթող լինում:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 49. Զինծառայողների և ուսումնական զորահավաքների զորացրված զինապարտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, ԼՂՀ զինվորական կանոնադրություններով և այլ օրենսդրական ակտերով:

 

Հոդված 50. Զինվորական հաշվառքի զորակոչային տեղամասերում գրանցվելու և զորակոչի կապակցությամբ քաղաքացիները ազատվում են աշխատանքից սահմանված կարգով: Նշված պարտականությունները կատարելու ժամանակ պահպանվում է նրանց միջին աշխատավարձը և կրթաթոշակը լրիվ չափով, ըստ մշտական աշխատանքի վայրի:

 

Հոդված 51. Զինծառայողների վարձատրությունը, սոցիալական ապահովությունը և պաշտպանությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 52. Զինվորական ծառայության ժամանակ զինծառայողի կամ զինապարտի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամները օգտվում են կենսաթոշակային ապահովության իրավունքից այն կարգով, որը սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 53. Այն զինծառայողները և ուսումնական զորահավաքների զորակոչված զինապարտները, ովքեր խուսափում են իսկական զինվորական ծառայությունից, մոբիլիզացումից, ուսումնական զորահավաքներից և զինվորական հաշվառքից, ինչպես նաև զինվորական հանցանքներ և իրավախախտումներ են կատարում զինվորական հաշվառքի բնագավառում, պատասխանատվության են ենթարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՔ

 

Հոդված 54. Զինակոչիկների և զինապարտների զինվորական հաշվառքը կատարվում է ըստ նրանց բնակության վայրի՝ զինվորական կոմիսարիատների կողմից:

 

Հոդված 55. Բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր (ավելի քան մեկուկես ամիս ժամկետով) փոփոխման դեպքում զինակոչիկները և զինապարտները պարտավոր են ներկայանալ նոր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ՝ զինվորական հաշվառման մեջ վերցվելու համար:

 

Հոդված 56. Զինակոչիկները և զինապարտները պարտավոր են ներկայանալ տվյալ տարածքի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառքից հանվելու համար և նոր բնակության վայր ժամանելուց եռօրյա ժամկետում՝ զինվորական հաշվառման վերցվելու համար:

(56-րդ հոդվածը փոփ. 02.10.1996 ՀՕ-25)

 

Հոդված 57. Զինակոչիկների և զինապարտների ընտանեկան դրությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և պաշտոնը փոփոխվելիս նրանք պարտավոր են մեկշաբթյա ժամկետում այդ մասին հայտնել այն զինվորական կոմիսարիատին, որտեղ նրանք հաշվառման են վերցված:

 

Հոդված 58. Իշխանության տեղական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ղեկավարները պարտավոր են տվյալ տարածքի զինվորական կոմիսարիատի պահանջով զինակոչիկներին և զինապարտներին իրազեկել զինվորական կոմիսարիատ ներկայանալու կանչի մասին և օժանդակել նրանց ներկայանալուն:

(58-րդ հոդվածը փոփ. 23.11.1994 Թ.Ն-0091-1, փոփ. 02.10.1996 ՀՕ-25)

 

Հոդված 59. Այն անձինք, ովքեր առանց հարգելի պատճառների չեն ներկայանում ուսումնական զորահավաքների` գրանցման և զորակոչի համար, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների այն ղեկավարները, ովքեր խոչընդոտում են նշված անձանց ներկայանալուն զորահավաքային կետեր կամ զորակոչային տեղամասեր, պատասխանատվության են ենթարկվում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 60. Պատերազմի ժամանակ զինակոչիկներին և զինապարտներին արգելվում է մշտական բնակության վայրից բացակայել առանց տվյալ տարածքի կոմիսարի թույլտվության: Այս կանոնը խախտելու համար նրանք պատասխանատվության են ենթարկվում օրենքով սահմանված կարգով:

(60-րդ հոդվածը փոփ. 02.10.1996 ՀՕ-25)

 

Հոդված 61. Բժշկա-փորձաքննական հանձնաժողովները պարտավոր իշխանության տեղական մարմինների սոցիալական ապահովության բաժինների միջոցով համապատասխան տվյալ տարածքի  զինվորական կոմիսարիատին հայտնել հաշմանդամ ճանաչված բոլոր զինակոչիկների և զինապարտների մասին` անկախ հաշմանդամության խմբից:

(61-րդ հոդվածը փոփ. 23.11.1994 Թ.Ն-0091-1, փոփ. 02.10.1996 ՀՕ-25)

 

Հոդված 62. Քաղաքացիական վիճակի ակտերի գրանցման մարմինները պարտավոր են տվյալ տարածքի զինվորական կոմիսարիատներին հայտնել քաղաքացիական վիճակի ակտերի գրանցման մեջ զինակոչիկների և զինապարտների կողմից ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվն ու վայրը փոխելու, ինչպես նաև նրանց մահվան գրանցման դեպքերի մասին:

(62-րդ հոդվածը փոփ. 02.10.1996 ՀՕ-25)

 

Հոդված 63. Հետաքննության և նախաքննության մարմինները պարտավոր են մեկշաբթյա ժամկետում տվյալ տարածքի զինվորական կոմիսարիատներին հաղորդել այն զինակոչիկների մասին, որոնց հանդեպ հարուցվել է քրեական գործ, իսկ դատարանները՝ դատապարտված զինակոչիկների և զինապարտների նկատմամբ դատավճիռները օրինական ուժի մեջ մտնելու մասին:

Զինակոչիկների և զինապարտների, աշխատանքի պարտադիր ներգրավմամբ ազատազրկվածների զինվորական տոմսերն ու զորակոչային տեղամասերում գրանցման մասին վկայականները դատարանների կողմից ուղարկվում են ըստ նրանց բնակության վայրի զինվորական կոմիսարիատները:

(63-րդ հոդվածը փոփ. 02.10.1996 ՀՕ-25)

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԶՈՐԱՀԱՎԱՔ

 

Հոդված 64. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ զինված հարձակման կամ արտաքին սպառնալիքի առկայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Զորահավաքի կազմակերպման և անցկացման հարցը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

(64-րդ հոդվածը փոփ. 26.02.1997 ՀՕ-32)

 

Հոդված 65. Այն զինծառայողները, ովքեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերն են զորակոչվել զորահավաքի համար, զորացրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

(65-րդ հոդվածը փոփ. 26.02.1997 ՀՕ-32)

 

Հոդված 66. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում կասեցվում է սույն օրենքի 1-ին, 13-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածների կիրարկումը: Տվյալ հոդվածներով նախատեսված պահանջները իրականացվում են ԼՂՀ-ում ռազմական դրությունը իրականացնող մարմնի ընդունած ենթաօրենսդրական ակտերով:

Սույն օրենքի թիվ 1 հոդվածին վերաբերվող ենթաօրենսդրական ակտերը ուժի մեջ են մտնում ԼՂՀ ԳԽ նախագահության կողմից հաստատվելուց հետո:

(66-րդ հոդվածը լրաց. 23.11.1994 Թ.Ն-0091-1)

 

 

ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

 

Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐ`

 Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

6 հունիսի 1992թ.

ք. Ստեփանակերտ

 

      հ.ն--0049-1