ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«5» օգոստոսի 2014թ. |
N 504-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել աշխատանքի տոնավաճառի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել աշխատանքի տոնավաճառի կազմակերպման ֆինանսավորման հայտ-պահանջագրի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի օգոստոսի 5-ի N 504-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից աշխատանքի տոնավաճառի կազմակերպման (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:
2. Ծրագրի նպատակն է` գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցման միջոցով ապահովել.
1) աշխատանք փնտրողի կայուն զբաղվածությունը.
2) գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղի արդյունավետ համալրումը:
3. Ծրագիրը մեկօրյա միջոցառում է, որն իրականացվում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված ծառայություններ մատուցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:
4. Ծրագիրը ֆինանսավորվում է`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.
2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
5. Նախարարությունը կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ելնելով աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունքներից: Ծրագրի իրականացման շրջանի կամ Ստեփանակերտ քաղաքի ընտրությունը պայմանավորված է հետևյալ նվազագույն պայմաններով.
1) Ստեփանակերտ քաղաքում` տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, արտադրական ծավալների ավելացման, ներդրումների իրականացման կանխատեսումների արդյունքում թափուր աշխատատեղերի հայտ ներկայացրած առնվազն 15 գործատուի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում` առնվազն 5 գործատուի առկայության դեպքում.
2) Ստեփանակերտ քաղաքում առնվազն 50, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում առնվազն 20 թափուր աշխատատեղի հայտի առկայության դեպքում:
6. Ծրագրի իրականացման վայրի, ժամկետի, գործատուների մասնակցության, օգտագործվող սարքավորումների, տպագրական նյութերի, գովազդային ծառայությունների, տրանսպորտային և այլ ծախսերի հետ կապված, ինչպես նաև ծրագրի այլ կազմակերպչական հարցեր կարգավորվում են կազմակերպության հետ կնքված գնման պայմանագրով (այսուհետ` պայմանագիր):
7. Նախարարությունը ծրագրի տեխնիկական բնութագրի և պայմանագրի պատճենները տրամադրում է ծրագրի իրականացման վայրը սպասարկող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններին (այսուհետ՝ տարածքային մարմին):
8. Կազմակերպությունը ծրագրի իրականացման օրվանից մեկ ամիս առաջ, նախարարության հետ նախապես համաձայնեցնելով, զանգվածային լրատվության, ինչպես նաև տեղեկատվության տարածման այլ միջոցներով (հանդիպումներ, հրավեր-նամակներ, թռուցիկներ, ուղեցույցներ, պաստառներ և այլն) հրապարակում է տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ` նշելով իրականացման վայրը, ժամկետը, կազմակերպության տվյալները (անվանումը, հեռախոսը): Տոնավաճառի մասին տեղեկատվությունն արտացոլվում է նախարարության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում՝ «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան: Այդ տեղեկատվությունը փակցվում է նաև տարածքային մարմնի տեսանելի վայրում:
9. Տարածքային մարմինը պայմանագիրը ստանալուց հետո, որպես ծրագրի նախապատրաստական աշխատանք, կազմում է աշխատանք փնտրողների հետ հանդիպումների և խորհրդատվական աշխատանքների իրականացման ժամանակացույց և նշանակում ծրագրի պատասխանատու:
10. Տարածքային մարմինը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը` նախարարության աշխատակազմ է ներկայացնում սույն ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը, որի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
11. Նախարարության աշխատակազմը տարածքային մարմնից ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը ստանալուց հետո զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար տեղական գանձապետական բաժնում նախարարության աշխատակազմի անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում ծրագրի դիմաց վճարվող գումարը:
13. Ծրագրի ձեռքբերման դիմաց վճարման ենթակա գանձապետական հաշվին փոխանցված գումարը պայմանագրով նախատեսված ժամկետներում փոխանցվում է կազմակերպության բանկային հաշվին:
14. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |