ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 դեկտեմբերի 2014թ. |
N 889-Ն |
ք. Ստեփանակերտ
ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԽՄԲԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ, ՄԻԱԾՆՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ, ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ԳՆԵԼՈՒ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012-2017 թվականների գործունեության ծրագրի մասին» N 700-Ա որոշման 3-րդ գլխի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակներին, փախստականներին և բազմազավակ, միածնող ընտանիքներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ գնելու կամ բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 889-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԽՄԲԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ, ՄԻԱԾՆՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ, ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ԳՆԵԼՈՒ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
I. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
1. Սույն կարգը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակների, փախստականների և բազմազավակ, միածնող ընտանիքների (այսուհետ՝ Շահառու) բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետական ֆինանսական աջակցության իրավական հիմքերի, սկզբունքների, ձևերի ու ֆինանսավորման մեխանիզմերի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի նպատակը Շահառու հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ցուցաբերումն է:
3. Սույն կարգի գործողությունը տարածվում է սույն կարգով պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների վրա:
II. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն կարգի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամ՝ առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն ունեցող անձ.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի զավակ՝ իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերող և իրականացնող, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծող ու դրանք կատարող չափահաս անձ.
3) բազմազավակ ընտանիք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող ընտանիք, որտեղ ծնվել և (կամ) որդեգրվել և խնամվում են չորս և ավելի անչափահաս երեխաներ.
4) միածնող ընտանիք՝ ամուսիններից մեկը մահացած կամ ամուսնալուծված կամ երեխա որդեգրած միայնակ անձ, կամ առանց օրինական ամուսնու (ամուսնության մեջ չգտնվող, երեխայի ծննդյան վկայականում հոր մասին տեղեկությունների բացակայության կամ երեխայի հոր մասին գրանցումը սահմանված կարգով մոր ցուցումով կատարված լինելու դեպքում) երեխա ունեցող և առանց հոր մեծացնող մայր.
5) փախստական՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ և քաղաքացիություն ստացած անձ՝ այդ թվում, վերջինիս փախստականի վկայականում նշված ընտանիքի անդամ.
6) ընտանիք՝ միևնույն բնակության վայրում հաշվառված և (կամ) փաստացի բնակվող քաղաքացիների սոցիալական փոքր խումբ, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն և ունեն ընդհանուր բյուջե.
7) հիփոթեքային վարկ՝ ֆինանսավարկային կազմակերպության կողմից Շահառուին բնակարան, բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու (այսուհետ՝ ձեռք բերում) և (կամ) վերանորոգելու նպատակով տրամադրվող երկարաժամկետ վարկ՝ տվյալ անշարժ գույքի գրավադրմամբ.
8) հիփոթեքային վարկի մարում՝ հավասար ամսական վճարումներով վարկի հիմնական գումարի մարում, հիմնական գումարի մարմանը զուգընթաց հաշվեգրված տոկոսների գումարի նվազում՝ հիփոթեքային վարկի մարման ժամանակացույցին համապատասխան.
9) պետական ֆինանսական աջակցություն՝ սույն կարգով սահմանված պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող աջակցություն, որն արտահայտվում է հիփոթեքային վարկի տոկոսագումարի սուբսիդավորմամբ և հիփոթեքային վարկի կանխավճարի տրամադրմամբ.
10) տոկոսադրույքի սուբսիդավորում՝ սույն կարգով սահմանված ձևով ֆինանսավարկային կազմակերպության կողմից Շահառուին բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու և (կամ) վերանորոգելու նպատակով տրված հիփոթեքային վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսագումարի անհատույց մարում.
11) բնակարան՝ բնակության համար նախատեսված շենքում գտնվող և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածք.
12) բնակելի տուն՝ բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա կառուցված, առանձին փոստային համար ունեցող, բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններով օժտված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կառույց.
13) վերանորոգում՝ շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր՝ ուղղված շենքի կամ կառուցվածքի, դրա առանձին մասերի, կոնստրուկտիվ տարրերի, ինժեներական հաղորդակցուղիների ու սարքավորումների աշխատունակության և շահագործողական ցուցանիշների վերականգնմանը՝ չկապված վերակառուցման հետ.
14) կառուցում՝ շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր՝ ուղղված բնակելի տան շինարարությանը.
15) բնակարանային պայմանների վատթարացում՝ պետական ֆինանսական աջակցության տրամադրման օրվա դրությամբ Շահառուի կողմից վերջին հինգ տարիների ընթացքում նրան սեփականության իրավունքով պատկանող բնակարանի կամ բնակելի տան օտարում.
16) պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմին՝ սույն կարգով սահմանված ձևով պետական ֆինանսական աջակցություն իրագործող լիազոր մարմին.
17) ֆինանսավարկային կազմակերպություն՝ պետական ֆինանսական աջակցությունը իրագործող մարմնի հետ համագործակցության պայմանագիր կնքած կազմակերպություն:
III. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Հիփոթեքային վարկի սուբսիդավորումը սահմանվում է մինչև հինգ տարի ժամկետով՝ հետագայում ժամկետի երկարաձգման հնարավորության պայմանով:
6. Սուբսիդավորման գումարները վերադարձման ենթակա չեն:
7. Պետական ֆինանսական աջակցություն կարող է ստանալ 18 տարին լրացած և սեփականության իրավունքով բնակելի տարածք չունեցող Շահառուն:
8. Շահառուին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքի մակերեսը ընտանիքի մեկ շնչի հաշվարկով 18 քառակուսի մետրը չգերազանցելու և սույն կարգի 12-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված պայմանը ապահովելու դեպքում կարող է տրամադրվել պետական ֆինանսական աջակցություն:
9. Պետական ֆինանսական աջակցությունից կարող է օգտվել նաև միևնույն բնակարանում երկու և ավելի ընտանիքներ համատեղ բնակվելու դեպքում առանձնացող յուրաքանչյուր Շահառուի ընտանիք՝ անկախ բնակելի տարածքի մակերեսի մեծության, ձեռքբերման հիմքի և համատեղ սեփականության իրավունքի առկայությունից:
10. Շահառուն պետական ֆինանսական աջակցության յուրաքանչյուր ձևից կարող է օգտվել մեկ անգամ:
11. Շահառուն, որի բնակարանային խնդրի լուծման հանդեպ պետությունը ստանձնել է պարտավորություն, կարող է օգտվել սույն կարգով սահմանված պետական ֆինանսական աջակցությունից՝ հրաժարվելով այլ պետական ծրագրերով տրամադրվող բնակարանից:
12. Պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվում է՝
1) Ստեփանակերտ քաղաքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջկենտրոններում բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու համար, եթե Շահառուն կամ նրա ամուսինը հաշվառված է ձեռք բերվող բնակարանի, բնակելի տան բնակավայրում 10 տարուց ավելի.
2) Ստեփանակերտ քաղաքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջկենտրոններում բնակարան, բնակելի տուն վերանորոգելու համար, եթե Շահառուն կամ նրա ամուսինը հաշվառված և բնակվում է վերանորոգվող բնակարանի, բնակելի տան բնակավայրում.
3) Շահառուի ընտանիքի անդամների դրամական եկամուտներից կենսաապահովման համար նվազեցվող գումարը մեկ շնչի հաշվով ամսական սահմանվում է ոչ ավել, քան՝ 50 000 ՀՀ դրամը.
4) պետական ֆինանսական աջակցությամբ բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող Շահառուի պարտավորությունների մարմանը կարող են ուղղվել նաև այլ անձանց եկամուտը՝ նրանց համաձայնությամբ, առանց համասեփականատեր դառնալու նախապայմանի: Այդ անձինք կարող են դիտվել նաև որպես համավարկառու կամ երաշխավորող.
5) պետական ֆինանսական աջակցության միջոցով հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակարանի, բնակելի տան ընդհանուր բնակելի տարածքի մակերեսը ընտանիքի մեկ շնչի հաշվով հաշվարկվում է ընտանիքի անդամների ընդհանուր եկամտի բավարարումից, բայց ոչ ավելի, քան մեկ շնչի հաշվով սահմանված ընդհանուր բնակելի տարածքի մակերեսից՝
ա. գնման դեպքում 30 քառակուսի մետր,
բ. կառուցման դեպքում 40 քառակուսի մետր.
6) պետական ֆինանսական աջակցության միջոցով հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակարանի, բնակելի տան գինը չի կարող գերազանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացված՝ անշարժ գույքի շուկայի մոնիթորինգի (համակարգված դիտարկումներ) աշխատանքների արդյունքներում արձանագրված շուկայական գները, որոնց տվյալները հրապարակվում են յուրաքանչյուր եռամսյակ.
7) բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու համար հիփոթեքային վարկը տրամադրվում է առնվազը 15 տարի ժամկետով, իսկ վերանորոգման համար՝ մինչև 10 տարի ժամկետով: Շահառուի կողմից հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման համար չի սահմանվում որևէ ֆինանսական կամ այլ պատասխանատվություն.
8) բնակարանի, բնակելի տան ձեռք բերման և (կամ) վերանորոգման դեպքում հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ դրան համարժեք Հայաստանի Հանրապետությունում ազատ փոխարկվող արտարժույթով:
13. Բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու և (կամ) վերանորոգելու համար ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Շահառուին տրվող հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման լրիվ չափը սահմանվում է ֆինանսավարկային կազմակերպության և պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի միջև կնքվող համագործակցության պայմանագրով:
14. Բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու և (կամ) վերանորոգելու համար ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Շահառուին տրվող հիփոթեքային վարկի տրամադրումը ՀՀ դրամին համարժեք Հայաստանի Հանրապետությունում ազատ փոխարկվող արտարժույթի դեպքում տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է ազատ փոխարկվող արտարժույթին համարժեք ՀՀ դրամով՝ հաշվի առնելով արտարժույթի փոխարժեքի տատանումները ամսական կտրվածքով, որի մեխանիզմները կարգավորվում են ֆինանսավարկային կազմակերպության և պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի միջև կնքվող համագործակցության պայմանագրով:
15. Ֆինանսավարկային կազմակերպության և պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի միջև կնքված համագործակցության պայմանագրով հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման համար նախատեսված վարկի տոկոսադրույքը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրկնապատիկը:
16. Հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման և բնակարան, բնակելի տուն գնելու համար կանխավճարի ստացման նպատակով Շահառուն նախքան ֆինանսավարկային կազմակերպության հետ վարկային պայմանագիր կնքելը պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմին է ներկայացնում հայտեր համաձայն N N 1, 2 ձևերի՝ կցելով սույն կարգով նախատեսված փաստաթղթերը:
IV. ՀԱՅՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
17. Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը վարում է հատուկ հաշվառման մատյան (այսուհետ՝ մատյան), որում գրանցվում են հայտերի ստացման, դրանց քննարկման արդյունքների հիման վրա ընդունված որոշումների, ուղարկված ծանուցումների մասին բոլոր տվյալները: Մատյանը պետք է համարակալված, ժապավենավորված և ստորագրված լինի պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի ղեկավարի կողմից: Լիազոր մարմնի կնիքով կնքված մատյանը պահվում է որպես խիստ հաշվառման փաստաթուղթ և չի թույլատրվում դրանում կատարել ուղղումներ:
18. Հաշվառման վերցված յուրաքանչյուր Շահառուի համար կազմվում է գործ, որի մեջ պահվում են սույն կարգով պահանջվող փաստաթղթերը: Շահառուի գործի համարը պետք է համընկնի մատյանում նրա ազգանվան դիմաց նշված համարին:
19. Հայտերին կից ներկայացված տեղեկությունների հավաստիությունը պարզելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ կառույցներից ու կազմակերպություններից կարող է ստանալ օրենքով չարգելված եզրակացություններ, պարզաբանումներ և տեղեկություններ (Շահառուի համաձայնությամբ):
20. Շահառուի կողմից ներկայացված հայտերը համարվում են ընդունված միայն այն դեպքում, երբ պահանջվող փաստաթղթերը ներկայացված են ամբողջությամբ և ստուգված է դրանցում ներկայացված տեղեկությունների հավաստիությունը:
21. Հայտերը քննարկվում են ըստ մատյանում գրանցված համարների հերթականության՝ առանց Շահառուի դասակարգման:
22. Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը մատյանում գրանցած հայտերը քննարկում է տասնհինգօրյա ժամկետում և յուրաքանչյուր հայտի մասով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) հայտը համապատասխանում է բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու և (կամ) վերանորոգելու համար տրամադրվող հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի լրիվ սուբսիդավորման պայմաններին.
2) հայտը համապատասխանում է բնակարան, բնակելի տուն գնելու համար տրամադրվող հիփոթեքային վարկի կանխավճարի տոկոսային կետի չափով տրամադրման պայմաններին.
3) հայտը չի համապատասխանում բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու և (կամ) վերանորոգելու համար տրամադրվող հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման պայմաններին.
4) հայտը չի համապատասխանում բնակարան, բնակելի տուն գնելու համար տրամադրվող հիփոթեքային վարկի կանխավճարի տոկոսային կետի չափով տրամադրման պայմաններին:
23. Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը հայտ(եր)ը մերժում է, եթե՝
1) Շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
2) Շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ արժանահավատ տվյալներ.
3) Շահառուի կողմից բնակարանային պայմանները վատթարացվել են.
4) Շահառուն նախկինում օգտվել է սույն կարգով սահմանված պետական ֆինանսական աջակցության նույն ձևից:
24. Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը քննարկման արդյունքում հայտերի մերժման մասին որոշում ընդունելու դեպքում Շահառուին ծանուցում է ոչ ուշ, քան հայտերը ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում՝ նշելով յուրաքանչյուր հայտի մերժման պատճառը:
25. Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը քննարկման արդյունքում դրական որոշում ընդունելու դեպքում Շահառուին և նրա կողմից ընտրված ֆինանսավարկային կազմակերպությանը տալիս է հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման կամ հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման և կանխավճարի տրամադրման մասին գրավոր երաշխավորագրեր: Երաշխավորագրերի ձևերը սահմանվում են պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի և ֆինանսավարկային կազմակերպության միջև կնքվող համագործակցության պայմանագրով՝ նշելով հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման չափը, ժամկետը և (կամ) տրամադրվող հիփոթեքային վարկի կանխավճարի տոկոսային կետի չափը:
V. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ (ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ) ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
26. Սուբսիդավորումը վաղաժամկետ դադարեցվում է հետևյալ հիմքերով՝
1) Շահառուի դիմումի համաձայն.
2) սուբսիդավորման ժամկետում ի հայտ են եկել Շահառուի կողմից ներկայացված տեղեկություններում անարժանահավատ տվյալներ, որոնք հնարավոր չէր պարզել հայտ(եր)ի քննարկման ընթացքում.
3) ֆինանսավարկային կազմակերպության հետ կնքված հիփոթեքային վարկային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում.
4) Շահառուի կողմից հիփոթեքային վարկի մարումների ժամանակացույցի խախտման դեպքում.
5) Շահառուի կողմից սույն կարգի 43-րդ կետի պայմանները չապահովելու դեպքում:
27. Ֆինանսավարկային կազմակերպությունը Շահառուի հետ կնքած հիփոթեքային վարկային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնին:
28. Հիփոթեքային վարկի մարումների ժամանակացույցի խախտումը սահմանված հիփոթեքային վարկի մարման ժամանակացույցի ամսաթվի ամսվա վերջին բանկային օրն է, որի մասին ֆինանսավարկային կազմակերպությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնին:
29. Շահառուի կողմից սույն կարգի 28-րդ և 43-րդ կետերի խախտման դեպքում ֆինանսավարկային կազմակերպության կողմից հաշվարկված ժամկետանց տոկոսագումարի ու դրան նկատմամբ հաշվարկված տույժ, տուգանքի սուբսիդավորում չի կատարվում:
30. Սույն կարգի 26-րդ կետի ենթակետ(եր)ում նշված հիմք(եր)ով հիփոթեքային վարկի տոկոսագումարի սուբսիդավորումը վաղաժամկետ դադարեցնելուց հետո պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը Շահառուի մոտ իրականացված մոնիթորինգի դրական արդյունքների հիման վրա կարող է ընդունել սուբսիդավորումը վերականգնելու մասին որոշում:
31. Սուբսիդավորումը վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով տեղեկացնում է Շահառուին և ֆինանսավարկային կազմակերպությանը:
32. Սուբսիդավորման դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ ֆինանսավարկային կազմակերպության կողմից Շահառուի հետ կնքված հիփոթեքային վարկային պայմանագրի լուծման համար, որի մասին հիփոթեքային վարկային պայմանագրում կատարվում է պարտադիր նշում:
VI. ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
33. Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը կանխավճար տրամադրելու պատրաստակամության մասին ֆինանսավարկային կազմակերպությանը տալիս է գրավոր երաշխավորագիր՝ տեղեկացնելով Շահառուին:
34. Բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկային պայմանագիր կնքելու համար պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ խմբի հաշմանդամ Շահառուին տրամադրում է կանխավճար՝ գործարքի արժեքի մինչև 30 տոկոսային կետի չափով, որից 20 տոկոսային կետի չափով անհատույց, իսկ 10 տոկոսային կետի չափով հետ վերադարձման պայմանով: Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը հետ վերադարձման պայմանով կանխավճարը տրամադրում է Շահառուին նպատակային անտոկոս փոխառության պայմանագիր կնքելու միջոցով, որի ապահովման համար ֆինանսավարկային կազմակերպության գրավոր համաձայնությամբ կնքում է ձեռք բերվող բնակարանի, բնակելի տան հաջորդող գրավի պայմանագիր:
35. Բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկային պայմանագիր կնքելու համար պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երրորդ խմբի հաշմանդամներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակներին և բազմազավակ, միածնող, փախստական Շահառուներին հետ վերադարձման պայմանով տրամադրում է կանխավճար՝ գործարքի արժեքի մինչև 20 տոկոսային կետի չափով: Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը կանխավճարը տրամադրում է Շահառուին նպատակային անտոկոս փոխառության պայմանագիր կնքելու միջոցով, որի ապահովման համար ֆինանսավարկային կազմակերպության գրավոր համաձայնությամբ կնքում է ձեռք բերվող բնակարանի, բնակելի տան հաջորդող գրավի պայմանագիր:
36. Նպատակային անտոկոս փոխառության պայմանագրի համաձայն տրամադրված հիփոթեքային վարկի կանխավճարը Շահառուի կողմից ենթակա է վերադարձման հիփոթեքային վարկի լրիվ մարման ժամկետին հաջորդող հինգ տարվա ընթացքում, որի պայմանները սահմանվում են նպատակային անտոկոս փոխառության պայմանագրով: Հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման դեպքում Շահառուն պարտավոր է վաղաժամկետ մարել նաև տրամադրված նպատակային անտոկոս փոխառության գումարը:
37. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ խմբի հաշմանդամ Շահառուին տրամադրած հիփոթեքային վարկի անհատույց կանխավճարը ենթակա է վերադարձման պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմին՝ նրա կողմից մինչև հիփոթեքային վարկային պայմանագրի ժամկետը լրանալը հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերված բնակարանը կամ բնակելի տունը օտարելու դեպքում:
VII. ՀԱՅՏԵՐԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
38. N N 1, 2 ձևերով հաստատված հայտ(եր)ին կից ներկայացվում են՝
1) Շահառուի և (կամ) նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, իսկ փախստական լինելու դեպքում նաև փախստականի վկայականի պատճենը.
2) Շահառուի հաշմանդամության խմբի մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.
3) Շահառուի ամուսնության և (կամ) ամուսնալուծության մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.
4) Շահառուի և (կամ) նրա ընտանիքի անդամի կազմի մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.
5) Շահառուի և (կամ) նրա ընտանիքի անդամի բնակության վայրի մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.
6) Շահառուի և (կամ) նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի անշարժ գույքի վերաբերյալ առանձին տվյալների մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.
7) Շահառուի և (կամ) նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի դրամական եկամուտների մասին տեղեկանքը.
8) ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը.
9) ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան գնահատման հաշվետվությունը՝ կազմված լիցենզավորված մասնագիտացված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից.
10) սույն կարգի այլ կետերով սահմանված դրույթներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր.
11) բնակարանի կամ բնակելի տան վերանորոգման, ինչպես նաև բնակելի տան կառուցման դեպքում ներկայացվում են համապատասխան նախագիծը և նախահաշիվը՝ կազմված լիցենզավորված մասնագիտացված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից:
VIII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
39. Սույն կարգի դրույթներին համապատասխան մեթոդական ցուցումները և գործընթացը կարգավորող ընթացակարգերը ընդունում է պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը:
40. Ֆինանսավարկային կազմակերպության ընտրությունը, համագործակցության և սույն կարգից բխող այլ պայմանագրերի և փաստաթղթերի քննարկումը և կնքումը իրականացնում է պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը:
41. Պետական ֆինանսական աջակցության իրագործման նպատակով ֆինանսավարկային կազմակերպության և պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի միջև կնքվող համագործակցության պայմանագրի մշակումը իրականացնում է ֆինանսավարկային կազմակերպությունը՝ հաշվի առնելով սույն կարգով սահմանված հիփոթեքային վարկի սուբսիդավորման վաղաժամկետ դադարեցման և հաշվարկված ժամկետանց տոկոսագումարի ու դրա նկատմամբ հաշվարկված տույժ, տուգանքի սուբսիդավորում չկատարելու պայմանները:
42. Համագործակցության պայմանագրի դրույթները չպետք է հակասեն սույն կարգով սահմանված պահանջներին:
43. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված պայմանով պետական ֆինանսական աջակցությամբ բնակարան, բնակելի տուն ձեռք բերած Շահառուն եռամսյա ժամկետում պարտավոր է օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը կամ բնակելի տունը՝ տվյալ պահին գործող շուկայական միջին արժեքներից ոչ ցածր արժեքով, և գործարքի արդյունքում ստացած գումարն ամբողջությամբ ուղղել պարտավորության մարմանը:
44. Պետական ֆինանսական աջակցությամբ բնակարան, բնակելի տուն ձեռք բերած Շահառուն պարտավոր է եռամսյա ժամկետում ապահովել իր հետ միասին պետական ֆինանսական աջակցություն ստացած անձանց հաշվառումը ձեռք բերված բնակարանում կամ բնակելի տանը:
45. Սույն կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բնակության և հաշվառման ժամկետի պահանջ չի սահմանվում՝
1) լիազոր մարմնի կողմից տրված նախընտրելի բնակավայրի մասին տեղեկանքում նշված բնակավայրում փախստական Շահառուի կողմից բնակարան, բնակելի տուն ձեռք բերելիս.
2) Շահառուի կողմից իր հաշվառման և բնակության վայրի համեմատ ավելի քիչ բնակչության թվաքանակ ունեցող բնակավայրում բնակարան, բնակելի տուն ձեռք բերելիս:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |