ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻ
ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով, հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածները, 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ որոշում եմ.
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել ռազմական դրության աշխատանքային ռեժիմի:
2. Ըստ անհրաժեշտության սահմանափակել Արցախի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաև սահմանել նշված տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ:
3. Իրականացնել բնակչության կենսագործունեության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն:
3.1. Ըստ անհրաժեշտության իրականացնել ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային և բանկային պետական հատուկ քաղաքականություն, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ:
(3.1-ին կետը լրաց. 23.12.22 ՆՀ-1807-Ն)
4. Սահմանափակել հավաքների ազատության իրավունքը, արգելել գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կասեցնել ռազմական դրության պայմաններում Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:
5. Սույն հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ (այսուհետ` Օպերատիվ շտաբ):
6. Օպերատիվ շտաբի ղեկավարման համար Օպերատիվ շտաբի պետ նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանին (այսուհետ` Շտաբի պետ):
7. Շտաբի պետին՝
1) հաստատել Օպերատիվ շտաբի անհատական կազմը.
2) անհրաժեշտության դեպքում միջոցառումների իրականացմանը և սահմանափակումների կիրառմանը ներգրավել պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների, ինչպես նաև պետական այլ մարմինների և կազմակերպությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ներկայացուցիչների, քաղաքացիական անձանց։
8. Սահմանել, որ Շտաբի պետի` սույն հրամանագրից բխող ցուցումները պարտադիր են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
9. Արցախի Հանրապետության կառավարությանը՝ սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո սեղմ ժամկետում սահմանել սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ:
10. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ ուժեղացված հսկողություն իրականացնել անօրինական զինված խմբավորումների գործունեության, ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ:
11. Օպերատիվ շտաբին՝ վերահսկողություն իրականացնել սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի կիրառման նկատմամբ:
12. Օպերատիվ շտաբի աշխատանքների սպասարկման ապահովումը վերապահել Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմին և Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությանը:
13. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
14. Սույն հրամանագրի 4-րդ կետում նշված հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չտարածել այն միջոցառումների վրա, որոնք նպատակ ունեն միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետության լիակատար շրջափակմանը և ստեղծված հումանիտար ճգնաժամին, ինչպես նաև այն միջոցառումների վրա, որոնք ուղղված են ճգնաժամի հաղթահարմանը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը:
(14-րդ կետը լրաց. 23.12.22 ՆՀ-1807-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. դեկտեմբերի 13
Ստեփանակերտ
ՆՀ-1792-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2022 թվական