Համարը 
N 243
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.08.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.08.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.09.2017


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“26” օգոստոսի 2003թ.

  N 243

ք.Ստեփանակերտ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» հրամանագրին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը` համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ կառավարության

2003թ. օգոստոսի 26-ի

թիվ 243 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (այսուհետ` աշխատակազմ) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բնականոն գործունեությունը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:

Աշխատակազմը ղեկավարում է կառավարության աշխատակազմի ղեկավարը (այսուհետ՝ աշխատակազմի ղեկավար):

2. Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

3. Աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, աշխատողների թիվը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, իսկ աշխատակազմի հաստիքացուցակը` աշխատակազմի ղեկավարը:

4. Աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

5. Աշխատակազմի համակարգը կազմված է աշխատակազմի ղեկավարից, աշխատակազմի ղեկավարի տեղակալից (տեղակալներից), խորհրդականներից և օգնականներից, աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից (այսուհետ՝ ստորաբաժանումներ), աշխատակազմի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

(5-րդ կետը խմբ. 29.12.2014 N 950-Ն)

6. Աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից:

7. Աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

9. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Աշխատակազմն իր կնքած գործարքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից օտարում է ապրանքներ, կատարում աշխատանքներ և մատուցում ծառայություններ, որոնց դիմաց ստացված հատուցումը հաշվեգրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնական գանձապետական հաշվի համապատասխան ենթահաշիվներին: Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

10. Աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

11. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

12. Աշխատակազմի գտնվելու վայրն է՝ ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, թիվ 1, կառավարության շենք:

 

II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Աշխատակազմի հիմնական խնդիրներն են`

1) սահմանված կարգով կառավարություն ներկայացված օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի նախապատրաստումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունում քննարկելու համար.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման և կազմման կազմակերպումը, գործունեության միջոցառումների տարեկան ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունը.

3) տնտեսության, իրավական կամ պետական կառավարման համապատասխան բնագավառներում գործերի վիճակի պարբերաբար վերլուծությունը, հրատապ հարցերի բացահայտումը և դրանց հիման վրա, իր նախաձեռնությամբ, առաջարկությունների մշակումը.

4) հանրապետական գործադիր ու տարածքային մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

5) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի քաղաքականության մշակումը և իրականացման ընդհանուր համակարգումը.

6) պետական գույքի կառավարման և տնօրինման արդյունավետության բարձրացումը.

7) ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների համակարգման և վերահսկողության ապահովումը.

8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի գործունեության պաշտոնական լուսաբանումների ապահովումը:

14. Աշխատակազմն իր հիմնական խնդիրներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ըստ ոլորտների, իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերի նախապատրաստման և կազմակերպման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի ընթացքավորման ոլորտում`

ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան` իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի նախագծի մշակումը,

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի առաջարկությունների հիման վրա մշակում և մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության յուրաքանչյուր տարվա գործունեության միջոցառումների ծրագիրը.

գ. ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերի նախապատրաստման ամբողջ աշխատանքը, ինչպես նաև նիստերի անցկացումը.

դ. նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերը, դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություններ, վերլուծական ու տեղեկատվական բնույթի նյութեր և առաջարկություններ.

ե. նախապես, 15-օրյա ժամկետում, քննության է առնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացված փաստաթղթերը: Անհրաժեշտության դեպքում հարց ներկայացնողից կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, նյութեր, հիմնավորումներ և հրավիրել տվյալ հարցով իրավասու կամ շահագրգիռ հանրապետական գործադիր մարմնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին կամ այլ պաշտոնատար անձի.

զ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստին ներկայացվող հարցերը նախապատրաստելու նպատակով կազմակերպում է դրանց նախնական քննարկումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի, աշխատակազմի ղեկավարի մոտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության յուրաքանչյուր նիստից առաջ անցկացվող նախանիստերում.

է. ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացված հարցերի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի քննարկումը.

ը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի համաձայնեցմանն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը` նախքան դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում ընդգրկելը.

թ. մշակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերի ժամանակացույցը` ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տվյալ տարվա գործունեության ծրագրից և ընթացիկ հրատապ խնդիրներից.

ժ. կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստի հանձնարարականների` տվյալ նիստի արձանագրության՝ քաղվածքի ձևով, երկօրյա ժամկետում առաքումը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, պետական և այլ մարմինների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց.

ժա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ստորագրած որոշումներն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, սահմանված կարգով կազմակերպում է դրանց առաքումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով, հանրապետական գործադիր, տարածքային կառավարման և այլ պետական մարմիններ.

ժբ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան` առանձին գրանցամատյաններում գրանցում և համարակալում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումները.

2) վերահսկողության ոլորտում`

ա. ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողությունը, վերլուծում և ամփոփում է դրանց կատարման ընթացքն ու արդյունքների մասին պարբերաբար տեղեկատվություն ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին.

բ. վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ապահովման նկատմամբ.

գ. պարբերաբար ստուգում է քաղաքացիների ընդունելության, նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման ուղղությամբ հանրապետական գործադիր և տարածքային մարմինների կողմից տարվող աշխատանքը.

դ. յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 10-օրյա ժամկետում, նախապատրաստում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկանք տվյալ եռամսյակում քննարկված հարցերի, իսկ ընթացիկ տարվա ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների տարեկան ծրագրի կատարման մասին.

3) իրավական սպասարկման ոլորտում`

ա. իրականացնում է իրավական փորձաքննություն և տալիս մասնագիտական եզրակացություններ աշխատակազմում նախապատրաստված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի կամ դրանց նախագծերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական համակարգին և օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության մասին.

բ. կազմակերպում է աշխատակազմի գործունեության իրավական ապահովումը, այդ թվում` տեղեկատվական բնույթի.

գ. ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի բազայի մշտական համալրումները.

դ. ապահովում է պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված  օրինագծի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անդամներից ստացված առաջարկությունների հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի նախապատրաստումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունում դրա քննարկումը.

ե. նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ստորագրմանը ներկայացված օրենքների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անդամներից ստացված առաջարկությունների հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կարծիքի նախագիծը.

զ. ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի դռնբաց նիստերին, մշտական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի աշխատանքներին.

է. նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ հրավիրվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստերի և նստաշրջանների օրակարգերի նախագծերը.

4) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում`

ա. ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության մշակումը և դրա իրականացման ընթացքի դիտարկումը.

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից սահմանված կարգով ստանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը.

գ. ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերվող անհրաժեշտ տեղեկատվությամբ.

դ. քննարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը և ամփոփում դրանք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու համար.

ե. իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.

զ. հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև այդ ծրագրերում չընդգրկված միջոցառումներին տալիս է համաձայնություն.

է. ապահովում է համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության իրականացումը.

ը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքային բյուջեների ձևավորման և կատարման ընթացքում իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորություններ.

թ. դիտարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների բյուջեների կատարման ընթացքը.

ժ. տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով, սահմանված կարգով տալիս է սեփական և պատվիրակված լիազորությունների հետ կապված պաշտոնական պարզաբանումներ և խորհրդատվություններ.

ժա. իրականացնում է իրավական հսկողություն շրջանների վարչակազմերի ղեկավարների ընդունած որոշումների նկատմամբ և, անհրաժեշտության դեպքում, դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին.

ժբ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավական, սոցիալական և այլ բնույթի օժանդակություն է տրամադրում փախստականներին և բռնի տեղահանվածներին.

ժգ. գնահատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակչության ներքին տեղաշարժերի հետևանքով ստեղծված միգրացիոն իրավիճակը, վերլուծում դրա զարգացման հիմնական միտումները.

ժդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան պետական մարմինների, դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ մշակում և իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտագաղթած բնակչության հայրենադարձության (ռեէմիգրացիայի) ծրագրեր.

5) պետական գույքի կառավարման ոլորտում`

ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարում է պետական գույքը` պետությանը, որպես գույքի սեփականատեր, դարձնելով շուկայական հարաբերությունների լիարժեք մասնակից` առաջնորդվելով արդյունավետության սկզբունքով.

բ. մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի կառավարման` ներառյալ մասնավորեցման վերաբերյալ առաջարկություններ.

գ. իր իրավասության սահմաններում լուծում է պետական գույքի կառավարմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, տարածքների արդյունավետ օգտագործման և սպասարկման վերաբերյալ առաջարկություններ.

դ. իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները, ինչպես նաև իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարումը.

ե. իրականացնում է լուծարված առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների կառավարումը.

զ. կատարում է հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվությամբ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի տնօրինման, ինչպես նաև հարկային և ոչ հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձված գույքի իրացման աշխատանքները.

է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում պետական հիմնարկների գույքի պահպանման կամ օգտագործման վիճակի բարելավման վերաբերյալ.

ը. իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում պետական և այլ իրավասու մարմինների մասնակցությամբ պետական գույքի օգտագործման նկատմամբ.

թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի օգտագործումից ու մասնավորեցումից ստացվելիք միջոցների վերաբերյալ կանխատեսումները և իրականացնում դրանց ապահովման համար միջոցառումները.

ժ. իր իրավասության սահմաններում պետական գույքը տիրապետող կամ օգտագործող սուբյեկտներից օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդունում է տեղեկատվություն պետական գույքը տիրապետողի, օգտագործողի, ինչպես նաև այդ գույքի կազմի ու որակի փոփոխությունների մասին.

ժա. պետական գույքի գույքագրման աշխատանքներում համագործակցում է պետական մարմինների հետ, ընդունում գույքագրման վերաբերյալ հաշվետվություններ, իսկ հատուկ լիազորության դեպքում կազմակերպում է գույքագրման աշխատանքները.

ժբ. իր իրավասության սահմաններում նպաստում է պետական մասնակցությամբ առևտրային կազակերպությունների ներդրումային գրավչության բարձրացմանը.

ժգ. իր իրավասության սահմաններում մասնակցում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, այդ կազմակերպությունների լուծարման, վարձակալված պետական գույքի կառավարման քաղաքականության մշակմանն ու իրականացմանը.

ժդ. մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի մասնավորեցման և մասնավորեցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը.

ժե. իրականացնում է գույքի գնահատում, մասնավորեցում, մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում իրավաբանական անձանց լուծարումը կարգավորող նորմատիվ ակտերի նախագծերը, ապահովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը.

ժզ. մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի մասնավորեցման ծրագրերի, ինչպես նաև այդ ծրագրերում առաջարկվող լրացումների և փոփոխությունների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների նախագծերը.

ժէ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի, «փոքր» ու անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման, ինչպես նաև այդ առնչությամբ պետական մասնակցությամբ կազմակերպությունների վերակազմակերպման աշխատանքները.

ժը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ և վարձում փորձագետներ.

ժթ. մասնավորեցման ծրագրին համապատասխան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում և ընթացքավորում է մասնավորեցման հայտերը.

ի. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքում է մասնավորեցման գործարքներ.

իա. վերահսկողություն է իրականացնում իր կողմից կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ և եզրակացություն տալիս պարտավորությունների կատարման մասին.

իբ. մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում կատարում է վերլուծություններ.

իգ. իրականացնում է պետական գույքի մասնավորեցման, տնօրինման, ինչպես նաև հաշվառման գործընթացների վերլուծությունը և ընդհանրացնում դրանց վերաբերյալ առաջարկությունները.

իդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում մասնավորեցման ծրագրի պահանջներից ելնելով՝ օրենքով սահմանված դեպքերում մասնավորեցման մասնակիցների և մասնավորեցման օբյեկտների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ.

իե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մասնավորեցման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունների նախագծերը.

իզ. կազմակերպում է մասնավորեցման ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասին տեղեկությունների ու ազդագրերի հրապարակումը.

իէ. պետական գույքի հավանական գնորդներին տրամադրում է մասնավորեցման գործընթացին վերաբերող տեղեկություններ.

իը. իր իրավասության սահմաններում աջակցում է պետական սեփականություն հանդիսացող հողի, անտառների, ջրային և այլ բնական ռեսուրսների տնօրինման ու օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը.

6) բնակարանային քաղաքականության ոլորտում`

ա. իրականացնում է բնակչության սոցիալական առանձին խմբերի, այդ թվում` վերաբնակիչների և փախստականների, բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ բնակարանային ծրագրերի մոնիթորինգ.

բ. բնակարանային ոլորտի միջնաժամկետ և երկարաժամկետ քաղաքականության ուղղություններին առնչվող հարցերի, ծրագրային մոտեցումների և դրանցում կատարվող փոփոխությունների վերաբերյալ համապատասխան մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների կապակցությամբ անցկացնում է փորձաքննություն և դրանց վերաբերյալ ներկայացնում առաջարկություններ.

7) ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի ոլորտում`

ա. իրականացնում է ազգային փոքրամասնությունների հարցերին և կրոնի ու խղճի ազատությանն առնչվող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն և վերլուծություն.

բ. նախքան կրոնական կազմակերպության պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ստացումը` կրոնական կազմակերպության ներկայացրած համապատասխան փաստաթղթերի հիման վրա տալիս է փորձագիտական եզրակացություն.

գ. հսկողություն է իրականացնում կրոնական թեմաներով գրականության և ծիսական նշանակության առարկաների արտադրության, ներմուծման և վաճառքի նկատմամբ.

դ. ապահովում է ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների համակարգումն ու վերահսկողությունը.

ե. տալիս է առաջարկություններ ոլորտի զարգացման ու գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ.

8) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտում`

ա. ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության ամենօրյա լուսաբանումը (այդ թվում` համացանցի միջոցով).

բ. իրականացնում է զանգվածային լրատվության միջոցների հետ ամենօրյա աշխատանք, օրվա մամուլի, հեռուստառադիոհաղորդումների լրաքաղ և դիտարկում,

գ. արտասահմանյան երկրների մամուլի և լրատվության միջոցներին ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեությանը վերաբերվող նյութերով.

դ. համագործակցում է տարբեր գերատեսչությունների լրատվական ծառայությունների հետ.

ե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի ելույթների, ուղերձների նախապատրաստման համար ապահովում է անհրաժեշտ նյութերն ու տեղեկատվությունը.

զ. կազմակերպում է հասարակայնության հետ կապի ապահովումը` զանգվածային լրատվության միջոցներում քաղաքացիների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ուղղված հարցերին և բարձրացված ահազանգերին արձագանքումը.

9) փաստաթղթաշրջանառության ապահովման ոլորտում`

ա. իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործավարության կազմակերպումը.

բ. ապահովում է աշխատակազմ մտնող պաշտոնական փաստաթղթերի և քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների ընդունումը, գրանցումը, ըստ անհրաժեշտության վերահասցեագրումը, ինչպես նաև պատասխան գրությունների առաքումը համապատասխան գերատեսչություններին.

գ. կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունում քաղաքացիների ընդունելությունը, ինչպես նաև նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումը, վերլուծումն ու ամփոփումը` պարբերաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին տեղեկացնելով դիմումների վիճակի մասին.

դ. կազմում է ամենամսյա վերլուծական տեղեկանք` աշխատակազմ մտնող փաստաթղթերի շարժի, դրանցում բարձրացված հարցերի բնույթի վերաբերյալ:

 

III. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, իսկ ղեկավարումը՝ աշխատակազմի ղեկավարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը:

17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը`

1) կառավարում է աշխատակազմի գործունեությունը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

3) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

4) վերահսկողություն է իրականացնում հիմնարկին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

5) սահմանում է աշխատակազմի աշխատողների առավելագույն թվաքանակը.

6) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

18. Աշխատակազմի ղեկավարը`

1) ղեկավարում և կազմակերպում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.

2) վերադարձնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերն ու դրանց վերաբերյալ մյուս նյութերը, եթե դրանք ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության կարգի խախտմամբ.

3) մեկօրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին զեկուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովից փաստաթղթեր ստանալու մասին, ինչպես նաև կառավարության քննարկմանը ներկայացվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի՝ անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով և նյութերով (մեկ օրինակից), հարց ներկայացնողի ուղեկցական գրությամբ աշխատակազմում ստացված փաստաթղթերի մասին.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մակագրությանն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարներից, տարածքային կառավարման մարմիններից, ինչպես նաև պետական այլ մարմիններից ու պաշտոնատար անձանցից, տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրությունները, նամակները, հեռագրերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշում չպահանջող մյուս փաստաթղթերը.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ հանձնարարականներ է փոխանցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարություններին, տարածքային կառավարման մարմիններին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի կամ այլ փաստաթղթերի պահանջների կատարման կամ դրանց վերաբերյալ եզրակացություն կամ կարծիք հայտնելու համար, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունում ստացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի և մյուս փաստաթղթերի պահանջների կատարման կապակցությամբ հանձնարարականներ է փոխանցում գործադիր իշխանության համապատասխան մարմիններին.

6) հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման նպատակով` ներգրավելով ճյուղային և տարածքային մարմինների ղեկավարներին, մասնագետներին, փորձագետներին.

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մակագրությանն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված փաստաթղթերը.

8) երկարաձգում է հանձնարարականների կատարման ժամկետները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ.

9) մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերին.

10) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տվյալ նիստին կամ տվյալ նիստին ներկայացվող հարցի քննարկմանը հրավիրվողների ցուցակը և ապահովում նրանց մասնակցությունը նիստին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ.

11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումները՝ ստորագրության համար.

12) ստորագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների հավելվածները.

13) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրումը.

14) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների առաքման ենթակա մարմինների ցանկը.

15) վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ապահովման նկատմամբ.

16) պարբերաբար քննության է առնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների հանձնարարականների կատարման արդյունքները և միջոցներ ձեռնարկում թերությունները վերացնելու համար.

17) հաստատում է աշխատակազմի հաստիքացուցակը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի աշխատողների թիվը.

18) աշխատակազմում սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում ընդգրկված, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկում չընդգրկված անձանց, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

19) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս աշխատակազմի անունից, ինչպես նաև տալիս է աշխատակազմի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

20) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտները.

21) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

22) ապահովում է աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանումը.

23) իր իրավասության սահմաններում ստեղծում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

24) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի գործունեության մասին տարեկան, այդ թվում` ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.

25) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

19. Աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ աշխատակազմին կարող են վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի տիրապետման իրավասություն:

20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու աշխատակազմին հանձնված գույքը:

21. Աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու և տիրապետելու իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները): Աշխատակազմն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող է տնօրինել (օտարել, վարձակալության տալ) իրեն հանձնված գույքը և գույքային իրավունքները:

 

V. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում ֆինանսական, բյուջետային, հարկային, պարտադիր վճարների մասին ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

23. Աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

VI. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԵՎ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ

 

24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետը կարող են ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև կատարվում է պարտականությունների բաշխում:

25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի խորհրդականները, մամուլի քարտուղարը և օգնականները գործում են համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի անմիջական ղեկավարությամբ, հաշվետու և պատասխանատու են նրանց:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:

 

VII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

26. Աշխատակազմի կառուցվածքը ներառում է ստորաբաժանումները, որոնք իրենց գործառույթներն իրականացնում են համագործակցելով միմյանց հետ:

Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:

27. Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները կազմակերպում ու ղեկավարում են ստորաբաժանումների գործունեությունը, իրականացնում են ստորաբաժանման աշխատողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում աշխատանքային կարգապահությունը և պատասխանատու են իրենց առջև դրված խնդիրների իրականացման համար:

Աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարը կարող է մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող խորհրդակցություններին:

28. Աշխատակազմի ստորաբաժանման հիմնական խնդիրը իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի փորձաքննությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերի քննարկմանը ներկայացվող հարցերի նախապատրաստումն է:

29. Իր առջև դրված խնդիրների իրականացման համար աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարը`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացված մյուս փաստաթղթերի քննարկումներին հրավիրում է տվյալ հարցով իրավասու կամ շահագրգիռ հանրապետական գործադիր մարմնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին կամ այլ պաշտոնատար անձանց.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացված հարցերի համակողմանի ուսումնասիրման նպատակով աշխատակազմի ղեկավարի միջոցով փորձաքննության է ուղարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացված նյութերը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը հարց ներկայացրած պետական մարմնի և ստորաբաժանման միջև ծագած տարաձայնությունները ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերը համաձայնեցնում է աշխատակազմի շահագրգիռ ստորաբաժանումների հետ.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում անհրաժեշտ տեղեկանքներ` զանգվածային լրատվության միջոցների կողմից բարձրացված այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին կամ կարող են լուծում ստանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից.

6) անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից քննարկվող հարցերին.

7) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության հրապարակայնությունը.

8) անհրաժեշտության դեպքում կատարում է համապատասխան ոլորտների և դրանց առանձին ծրագրերի վերլուծություն, մշակում է առաջարկություններ դրանց բարելավման կամ առանձին ուղղությունների ու գործառույթների ծրագրերի վերաբերյալ և դրանք աշխատակազմի ղեկավարի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի միջոցով փոխանցում պետական կառավարման լիազոր մարմնին.

9) կազմում է համապատասխան ոլորտների տարեկան գործունեության հաշվետվության մասին եզրակացություն՝ համապատասխան առաջարկություններով, և դրանք ներկայացնում աշխատակազմի ղեկավարին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին.

10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան ոլորտի իրավիճակի մասին տեղեկանքներ է պահանջում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական գործադիր և այլ պետական մարմինների ղեկավարներից:

30. Աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

31. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

(թիվ 1 հավելվածը խմբ. 02.11.2012 N 763-Ն, խմբ. 29.12.2014 N 950-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ կառավարության

2003թ.օգոստոսի 26-ի

թիվ 243 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայություն

2. Բնակարանային հարցերի վարչություն

3. Իրավաբանական վարչություն

4. Պետական գույքի կառավարման վարչություն

5. Սոցիալ-տնտեսական վարչություն

6. Տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչություն

7. Քարտուղարություն

8. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին

9. Անձնակազմի կառավարման բաժին

10. Առաջին բաժին

11. Արձանագրային բաժին

12. Կազմակերպչական բաժին

13. Հատուկ համակարգերի բաժին

14. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

15. Ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժին

(Հավելված թիվ 2-ը լրաց. 25.01.2005 N 11, խմբ. 25.10.2007 N 445, լրաց. 15.04.2008 N 304, խմբ. 13.08.2008 N 564, խմբ. 10.09.2009 N 556-Ն, խմբ. 25.06.2010 N 335-Ն, խմբ. 02.11.2012 N 763-Ն, խմբ. 29.12.2014 N 950-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ