ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“26” օգոստոսի 2003թ. |
N 243 |
ք.Ստեփանակերտ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» հրամանագրին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը` համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ կառավարության
2003թ. օգոստոսի 26-ի
թիվ 243 որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի
I. Ընդհանուր դրույթներ
1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (այսուհետ` աշխատակազմ) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բնականոն գործունեությունը եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
Աշխատակազմը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը (այսուհետ՝ աշխատակազմի ղեկավար):
2. Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը եւ սույն կանոնադրությանը համապատասխան:
3. Աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, աշխատողների թիվը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, իսկ աշխատակազմի հաստիքացուցակը` աշխատակազմի ղեկավարը:
4. Աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ:
5. Աշխատակազմի համակարգն ընդգրկում է աշխատակազմի կառուցվածքը (կառուցվածքային ստորաբաժանումներ` քարտուղարություն, վարչություն, բաժին) եւ նրա ենթակայությանը հանձնված պետական ոչ առեւտրային կազմակերպությունները:
6. Աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
7. Աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
9. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Աշխատակազմն իր կնքած գործարքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ եւ աշխատանքներ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից օտարում է ապրանքներ, կատարում աշխատանքներ եւ մատուցում ծառայություններ, որոնց դիմաց ստացված հատուցումը հաշվեգրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնական գանձապետական հաշվի համապատասխան ենթահաշիվներին: Աշխատակազմի կատարած գործառնությունների եւ մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով եւ կարգով:
10. Աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
11. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
12. Աշխատակազմի գտնվելու վայրն է՝ ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, թիվ 1, կառավարության շենք:
II. Աշխատակազմի հիմնական խնդիրներն ու գործառույթները
13. Աշխատակազմի հիմնական խնդիրներն են`
ա) սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացված օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի նախապատրաստումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունում քննարկելու համար.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման եւ կազմման կազմակերպումը, գործունեության միջոցառումների տարեկան ծրագրերի կատարման նկատմամբ վերահսկողությունը.
գ) տնտեսության, իրավական կամ պետական կառավարման համապատասխան բնագավառներում գործերի վիճակի պարբերաբար վերլուծությունը, հրատապ հարցերի բացահայտումը եւ դրանց հիման վրա, իր նախաձեռնությամբ, առաջարկությունների մշակումը.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների եւ պետական կառավարման մյուս հանրապետական ու տարածքային մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողությունը:
14. Աշխատակազմն իր հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետեւյալ գործառույթները`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակումը.
բ) յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում նախապատրաստում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկանք տվյալ եռամսյակում քննարկված հարցերի, իսկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների տարեկան ծրագրերի կատարման մասին.
գ) նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերը.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստին ներկայացվող հարցերը նախապատրաստելու նպատակով կազմակերպում է դրանց նախնական քննարկումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մոտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության յուրաքանչյուր նիստից առաջ անցկացվող նախանիստերում.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունում քննարկվելիք հարցերի վերաբերյալ տալիս է եզրակացություններ, վերլուծական ու տեղեկատվական բնույթի նյութեր եւ առաջարկություններ.
զ) նախապես, 15-օրյա ժամկետում, քննության է առնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացված փաստաթղթերը: Անհրաժեշտության դեպքում հարց ներկայացնողից կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, նյութեր, հիմնավորումներ եւ հրավիրել տվյալ հարցով իրավասու կամ շահագրգիռ հանրապետական գործադիր մարմնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին կամ այլ պաշտոնատար անձի.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի համաձայնեցմանն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների նախագծերը, նախքան դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում ընդգրկելը.
ը) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացված հարցերի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի քննարկումը.
թ) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերի նախապատրաստման ամբողջ աշխատանքը.
ժ) մշակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերի ժամանակացույցը` ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տվյալ տարվա գործունեության ծրագրից եւ ընթացիկ հրատապ խնդիրներից.
ժա) կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստի հանձնարարականների` տվյալ նիստի արձանագրության՝ քաղվածքի ձեւով, երկօրյա ժամկետում առաքումը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, պետական եւ այլ մարմինների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց.
ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության վավերացված որոշումներն ստանալուց հետո երկօրյա ժամկետում՝ սահմանված կարգով կազմակերպում է դրանց առաքումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով, հանրապետական գործադիր, տարածքային կառավարման եւ այլ համապատասխան մարմիններ.
ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան առանձին գրանցամատյաններում գրանցում եւ համարակալում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումները.
ժդ) կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունում քաղաքացիների ընդունելություն, ինչպես նաեւ նրանց դիմումների, բողոքների եւ առաջարկությունների քննարկումը, վերլուծումն ու ամփոփումը` պարբերաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին տեղեկացնելով դիմումների վիճակի մասին.
ժե) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների եւ հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժզ) վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ապահովման նկատմամբ:
III. Աշխատակազմի կառավարումը
15. Աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, իսկ ղեկավարումը՝ աշխատակազմի ղեկավարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ եւ սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`
ա) վերակազմակերպում եւ դադարեցնում է աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է աշխատակազմի կանոնադրությունը եւ դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է աշխատակազմին հանձնվող գույքի կազմը եւ չափը:
17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը`
ա) կառավարում է աշխատակազմի գործունեությունը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաեւ նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
գ) օրենքով եւ սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները եւ ցուցումները.
դ) հաստատում է աշխատակազմի աշխատողների թիվը.
ե) վերահսկողություն է իրականացնում հիմնարկին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
զ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով եւ սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
18. Աշխատակազմի ղեկավարը`
ա) ղեկավարում եւ կազմակերպում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.
բ) վերադարձնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի նախագծերն ու դրանց վերաբերյալ մյուս նյութերը, եթե դրանք ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության կարգի խախտմամբ.
գ) մեկօրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին զեկուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովից փաստաթղթեր ստանալու մասին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի նախագծերի՝ անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով եւ նյութերով (մեկ օրինակից), հարց ներկայացնող նախարարի ուղեկցական գրությամբ աշխատակազմում ստացված փաստաթղթերի մասին.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մակագրությանն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարներից, տարածքային կառավարման մարմիններից, ինչպես նաեւ պետական այլ մարմիններից ու պաշտոնատար անձանցից, տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրությունները, նամակները, հեռագրերը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշում չպահանջող մյուս փաստաթղթերը.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ հանձնարարականներ է փոխանցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարություններին, տարածքային կառավարման մարմիններին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի կամ այլ փաստաթղթերի պահանջների կատարման կամ դրանց վերաբերյալ եզրակացություն կամ կարծիք հայտնելու համար, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունում ստացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի եւ մյուս փաստաթղթերի պահանջների կատարման կապակցությամբ հանձնարարականներ է փոխանցում գործադիր իշխանության համապատասխան մարմիններին.
զ) հրավիրում եւ անցկացնում է խորհրդակցություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման նպատակով` ներգրավելով ճյուղային եւ տարածքային մարմինների ղեկավարներին, մասնագետներին, փորձագետներին.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մակագրությանն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված փաստաթղթերը.
ը) երկարաձգում է հանձնարարականների կատարման ժամկետները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ.
թ) մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերին.
ժ) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տվյալ նիստին կամ տվյալ նիստին ներկայացվող հարցի քննարկմանը հրավիրվողների ցուցակը եւ ապահովում նրանց մասնակցությունը նիստին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ.
ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումները՝ ստորագրության համար.
ժբ) ստորագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների հավելվածները.
ժգ) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրումը.
ժդ) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների առաքման ենթակա մարմինների ցանկը.
ժե) վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ապահովման նկատմամբ.
ժզ) պարբերաբար քննության է առնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների հանձնարարականների կատարման արդյունքները եւ միջոցներ ձեռնարկում թերությունները վերացնելու համար.
ժէ) հաստատում է աշխատակազմի հաստիքացուցակը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի աշխատողների թիվը.
ժը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմում սահմանված կարգով պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոնների խմբերում ընդգրկված, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկում չընդգրկված անձանց, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ժթ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ եւ տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս աշխատակազմի անունից, ինչպես նաեւ տալիս է աշխատակազմի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաեւ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ի) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը եւ սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտները.
իա) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջեւ.
իբ) ապահովում է աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանումը.
իգ) իր իրավասության սահմաններում ստեղծում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.
իդ) ԼՂՀ վարչապետի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի գործունեության մասին տարեկան, այդ թվում` ֆինանսական, հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.
իե) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով եւ սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
IV. Աշխատակազմի գույքը
19. Աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձեւավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ աշխատակազմին կարող են վերապահվել նաեւ պետական բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի տիրապետման իրավասություն:
20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու աշխատակազմին հանձնված գույքը:
21. Աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով եւ իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, իր գործունեության նպատակներին եւ գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու եւ տիրապետելու իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները): Աշխատակազմն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող է տնօրինել (օտարել, վարձակալության տալ) իրեն հանձնված գույքը եւ գույքային իրավունքները:
V. Հաշվապահական հաշվառումը եւ հաշվետվությունները
22. Աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում եւ համապատասխան մարմիններին ներկայացնում ֆինանսական, բյուջետային, հարկային, պարտադիր վճարների մասին ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
23. Աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
VI. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խորհրդականները, մամուլի քարտուղարը եւ օգնականները
24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար եւ օգնականներ, որոնց միջեւ կատարում է պարտականությունների բաշխում:
25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խորհրդականները, մամուլի քարտուղարը եւ օգնականները գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի անմիջական ղեկավարությամբ, հաշվետու եւ պատասխանատու են նրան:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խորհրդականներին, մամուլի քարտուղարին եւ օգնականներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:
VII. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները
26. Աշխատակազմի կառուցվածքը ներառում է կառուցվածքային ստորաբաժանումները (քարտուղարություն, վարչություններ, բաժիններ), որոնք իրենց գործառույթներն իրականացնում են համագործակցելով միմյանց հետ:
Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:
27. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կազմակերպում ու ղեկավարում են ստորաբաժանումների գործունեությունը, իրականացնում են ստորաբաժանման աշխատողների միջեւ աշխատանքի բաշխումը, ապահովում աշխատանքային կարգապահությունը եւ պատասխանատու են իրենց առջեւ դրված խնդիրների իրականացման համար:
Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կարող է մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող խորհրդակցություններին:
28. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման հիմնական խնդիրը իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի փորձաքննությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերի քննարկմանը ներկայացվող հարցերի նախապատրաստումն է:
29. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կազմմանը, ներկայացնում է առաջարկություն այդ ծրագրի կատարման եւ դրանում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
30. Իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացված մյուս փաստաթղթերի քննարկումներին հրավիրում է տվյալ հարցով իրավասու կամ շահագրգիռ հանրապետական գործադիր մարմնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին կամ այլ պաշտոնատար անձանց.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացված հարցերի համակողմանի ուսումնասիրման նպատակով աշխատակազմի ղեկավարի միջոցով փորձաքննության է ուղարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացված նյութերը.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը հարց ներկայացրած պետական մարմնի եւ կառուցվածքային ստորաբաժանման միջեւ ծագած տարաձայնությունները ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերը համաձայնեցնում է աշխատակազմի շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների եւ իրավաբանական բաժնի հետ.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին եւ աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում անհրաժեշտ տեղեկանքներ` զանգվածային լրատվության միջոցների կողմից բարձրացված այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին կամ կարող են լուծում ստանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից.
զ) անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից քննարկվող հարցերին.
է) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության հրապարակայնությունը.
ը) անհրաժեշտության դեպքում կատարում է համապատասխան ոլորտների եւ դրանց առանձին ծրագրերի վերլուծություն, մշակում է առաջարկություններ դրանց բարելավման կամ առանձին ուղղությունների ու գործառույթների ծրագրերի վերաբերյալ եւ դրանք աշխատակազմի ղեկավարի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի միջոցով փոխանցում պետական կառավարման լիազոր մարմնին.
թ) կազմում է համապատասխան ոլորտների տարեկան գործունեության հաշվետվության մասին եզրակացություն՝ համապատասխան առաջարկություններով, եւ դրանք ներկայացնում աշխատակազմի ղեկավարին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին.
ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան ոլորտի իրավիճակի մասին տեղեկանքներ է պահանջում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարներից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման եւ այլ պետական մարմինների ղեկավարներից:
31. Աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. Աշխատակազմի վերակազմակերպումը եւ գործունեության դադարումը
32. Աշխատակազմի վերակազմակերպումը եւ գործունեության դադարումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ կառավարության
2003թ.օգոստոսի 26-ի
թիվ 243 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի
Վարչատարածքային կառավարման բաժին
Նյութական արտադրության հարցերի բաժին
Սոցիալական հարցերի բաժին
Իրավաբանական բաժին
Վերահսկողության ծառայություն
Կառավարության մամլո ծառայություն
Ընդհանուր բաժին
Արձանագրային ենթաբաժին
Կադրերի ենթաբաժին
Առաջին բաժին
Համակարգչային ծառայություն
Հաշվապահություն
Տնտեսական ծառայություն
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |