ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» դեկտեմբերի 2009թ. |
N 853-Ն |
ք.Ստեփանակերտ
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 124 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կազմը` համաձայն թիվ 2 հավելվածի.
2. Հանձնաժողովի նախագահին` մեկամսյա ժամկետում հաստատել Հանձնաժողովի աշխատակարգը:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 11-ի «Կանոնադրական կապիտալում ներդրողների փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքի չափը որոշող հաձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 124 որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«30» դեկտեմբերի 2009թ.
թիվ 853-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան ներդրում ունեցող ռեզիդենտ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) ներդրումների գնահատման, շահութահարկի նվազեցման արտոնության տրամադրման և կիրառման հարաբերությունները:
2. Եթե ռեզիդենտի (բացառությամբ «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 20 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնողների, ինչպես նաև վերակազմակերպված կազմակերպությունների) կանոնադրական կապիտալում սույն որոշմամբ հաստատված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովին հայտ ներկայացնելու տարվան նախորդող երեք տարիների ընթացքում հիմնադրի (մասնակցի) փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է` հայտ ներկայացնելու տարում և դրան հաջորդող երկու տարիներին 100 տոկոսի չափով, հետագա երկու տարիներին` 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ներդրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը:
(2-րդ կետը փոփ. 05.08.2014 N 496-Ն, խմբ. 26.04.2017 N 277-Ն)
3. Արտոնության կիրառման առումով`
1) ներդրում է համարվում հարկատուի կանոնադրական կապիտալի ձևավորմանը և համալրմանն ուղղված ակտիվների ներհոսքը, ինչպես նաև պետական գույքի սեփականաշնորհումը (մասնավորեցումը):
Ակտիվ են համարվում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող նյութական ակտիվները, արտարժույթը, արժեթղթերը, դեբիտորական պարտքը և այլ գույքը:
2) գույքային ներդրումների դեպքում գույքը ներդրողի կողմից պետք է ձեռքբերված և (կամ) կառուցված լինի հայտը ներկայացնելու տարվան նախորդող երեք տարիների ընթացքում: Գույքային ներդրումները ենթակա են պետական գրանցման և (կամ) նոտարական վավերացման` օրենքով սահմանված կարգով.
3) ներդրումները գնահատվում են առանց ավելացված արժեքի հարկի:
(3-րդ կետը փոփ., լրաց. 05.08.2014 N 496-Ն, խմբ. 26.04.2017 N 277-Ն)
4. Արտոնությունը տարածվում է միայն այն ներդրումների վրա, որոնք ուղղվում են արտադրական բնույթի հիմնական միջոցների ձեռքբերմանը (կառուցմանը):
Սույն կարգի իմաստով արտադրական բնույթի են համարվում այն հիմնական միջոցները, որոնք անմիջականորեն կապված են ապրանքների արտադրության կամ ծառայությունների մատուցման հետ, և որոնց շահագործումն ուղղակիորեն նպաստում է կազմակերպության արտադրական պրոցեսի ընդլայնմանը, վերազինմանը, վերափոխմանը կամ արդիականացմանը:
(4-րդ կետը խմբ. 26.04.2017 N 277-Ն)
4.1. Արտոնությունը կիրառվում է միայն մեկ անգամ:
(4.1-ին կետը լրաց. 26.04.2017 N 277-Ն)
II. ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
5. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված արտոնությունը տրամադրվում է Հանձնաժողովի որոշումներով՝ կազմակերպության կողմից ներկայացված հայտի հիման վրա:
6. Հայտը պետք է ներկայացվի Հանձնաժողով մինչև «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ներդրումների իրականացման ժամկետը լրանալու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը:
(6-րդ կետը խմբ. 05.08.2014 N 496-Ն)
7. Հայտին կից ներկայացվում են`
1) կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը.
2) կազմակերպության կանոնադրության (այդ թվում` փոփոխությունների) պատճենները.
3) բաց բաժնետիրական ընկերության դեպքում` քաղվածքներ ընկերության բաժնետերերի ռեեստրից, այլ դեպքերում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնի կողմից տեղեկանք` հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների, փայատերերի), ինչպես նաև նրանց բաժնեմասերի (փայերի) վերաբերյալ.
4) քաղվածքներ բաժնետեր կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռից կամ այդ կազմակերպություններում իրականացված աուդիտի աուդիտորական եզրակացությունից, որոնք հավաստում են ներդրող կազմակերպությունների կողմից շահութահարկի արտոնությունից օգտվող կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու մասին.
5) հիմնադրի (մասնակցի) կողմից կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված փաստացի ներդրումը (բանկային փոխանցում, կանխիկ վճարում, գույքային ներդրում) հաստատող փաստաթղթերի պատճենները.
6) գույքային ներդրումների դեպքում՝
ա. ներդրողի կողմից գույքի ձեռքբերումն ու (կամ) կառուցումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները,
բ. գույքային ներդրումների պետական գրանցումը և (կամ) նոտարական վավերացումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
գ. անկախ գնահատողի եզրակացությունը գույքի շուկայական արժեքի վերաբերյալ.
7) պետական գույքի սեփականաշնորհման (մասնավորեցման) դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին հիմնադրի (մասնակցի) կողմից կատարված վճարումները հաստատող փաստաթղթերի պատճենները.
8) կազմակերպության կողմից կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ստացված միջոցների հետագա օգտագործման ուղղությունները,
9) Կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ստացված միջոցների՝ հայտը ներկայացնելու պահին օգտագործման ուղղությունները՝ կցելով արտադրական բնույթի հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:
Արտադրական բնույթի հիմնական միջոցների ձեռքբերման փաստաթղթերի հիմնավորման մասով կիրառվում են «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված պահանջները:
(7-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 05.08.2014 N 496-Ն, խմբ., փոփ. 26.04.2017 N 277-Ն)
8. Կազմակերպության ցանկությամբ կարող են կցվել այլ փաստաթղթեր, նյութեր:
9. Ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման:
10. Եթե Հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում կամ չեն բավարարում սույն կարգի պահանջներին կամ դրանց պարունակած տեղեկությունները կարիք ունեն լրացուցիչ հիմնավորումների, ապա Հանձնաժողովը 10 օրացուցային օրվա ընթացքում հայտատուին տեղեկացնում է դրա մասին: 30 օրացուցային օրվա ընթացքում պատասխանը չստացվելու դեպքում հայտը հանվում է քննարկումից:
(10-րդ կետը փոփ. 05.08.2014 N 496-Ն)
10.1. Հանձնաժողովը հայտատուի ներդրումային գործընթացի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում կարող է դիմել համապատասխան մարմիններին անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով:
(10.1-ին կետը լրաց. 26.04.2017 N 277-Ն)
11. Հայտերը քննության են առնվում և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան հայտն ստացվելու (լրացուցիչ հիմնավորումներ պահանջող հայտերի դեպքում` փաստաթղթերը ստացվելու) օրվանից երկամսյա ժամկետում:
12. Հանձնաժողովը հայտը քննարկում է հայտատուի մասնակցությամբ: Քննարկման օրվա, ժամի և վայրի մասին հայտատուին պետք է տեղեկացվի քննարկումից առնվազն 2 օր առաջ: Պատշաճ տեղեկացված հայտատուի բացակայությունը խոչընդոտ չէ քննարկման համար, սակայն կարող է հայտի քննարկումը հետաձգելու մասին որոշում ընդունելու հիմք հանդիսանալ:
13. Հայտի քննարկման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է համապատասխան որոշում:
Հայտի մերժումը կամ հայտի քննարկման հետաձգումը (եթե քննարկման համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ) արձանագրվում է՝ նշելով համապատասխան հիմնավորումը:
Քննարկումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունից քաղվածքի կամ արտոնության տրամադրման մասին որոշման մեկական օրինակները ուղարկվում են Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն և հայտատուին:
(13-րդ կետը փոփ. 02.11.2015 N 706-Ն, փոփ. 06.12.2017 N 238-Ն)
III. ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ
14. Հանձնաժողովը արտոնության կիրառման ժամանակահատվածում վերահսկողություն է իրականացնում արտոնությունից օգտվող կազմակերպության նկատմամբ:
15. Շահութահարկի արտոնությունից օգտվող կազմակերպությունը արտոնության կիրառման ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը Հանձնաժողով է ներկայացնում՝
1) հաշվետու տարում կանոնադրության փոփոխությունների պատճենները.
2) հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկը` կնքված հաշվառման վայրի հարկային մարմնի կնիքով.
3) կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ստացված միջոցների հաշվետու տարում օգտագործման ուղղությունները` կցելով արտադրական բնույթի հիմնական միջոցների ձեռքբերման (կառուցման) նպատակով կատարած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:
(15-րդ կետը խմբ. 05.08.2014 N 496-Ն, փոփ. 26.04.2017 N 277-Ն)
16. Սույն կարգի 15-րդ կետում նշված տեղեկությունները (փաստաթղթերը) արտոնությունից օգտվող կազմակերպության կողմից Հանձնաժողով չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը 10-օրյա ժամկետում ծանուցում է ուղարկում կազմակերպությանը: Երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկությունները (փաստաթղթերը) չներկայացնելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է դադարեցնելու արտոնության գործողությունը:
16.1. Շահութահարկի արտոնության կիրառման ժամանակահատվածի ընթացքում տրամադրված արտոնության համար հիմք հանդիսացող գումարի չափից պակաս արտադրական բնույթի հիմնական միջոցների ձեռքբերման (կառուցման) նպատակով կատարած ծախսերը հիմնավորող փաստաթղթեր ներկայացվելու դեպքում կատարվում է տրամադրված արտոնության գումարի վերահաշվարկ` հաշվի առնելով տրամադրված արտոնության համար հիմք հանդիսացող գումարի և փաստացի հիմնավորված արտադրական բնույթի հիմնական միջոցների ձեռքբերման (կառուցման) նպատակով կատարված ծախսերի տարբերությունը:
Ընդ որում, շահութահարկի արտոնության կիրառման ժամանակահատվածի ընթացքում 100 միլիոն ՀՀ դրամ գումարից պակաս արտադրական բնույթի հիմնական միջոցների ձեռքբերման (կառուցման) նպատակով կատարած ծախսերը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կազմակերպությունը պարտավոր է ստացած արտոնության շրջանակներում նվազեցված շահութահարկի գումարները վճարել պետական բյուջե` «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:
Վերահաշվարկի համար հիմք հանդիսացած տեղեկությունների քննարկումները և դրանց վերաբերյալ որոշումների ընդունումը հանձնաժողովի կողմից իրականացվում է սույն կարգի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերին համապատասխան:
(16.1-ին կետը լրաց. 05.08.2014 N 496-Ն, փոփ. 26.04.2017 N 277-Ն)
17. Արտոնության գործողության դադարեցման հիմք է հանդիսանում նաև արտոնության ժամկետում.
1) կազմակերպության լուծարումը,
2) կազմակերպության կանոնադրական կապիտալում փաստացի կատարված ներդրման չափաքանակի նվազումը, որի արդյունքում կանոնադրական կապիտալը կազմում է 100 մլն դրամից պակաս,
3) (ենթակետն ուժը կորցրել է 05.08.2014 N 496-Ն)
4) սույն կարգի 15-րդ կետի համաձայն ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների առկայությունը:
Ընդ որում արտոնության ժամկետում կազմակերպության լուծարման դեպքում, շահութահարկի գումարն հաշվարկվում է լրիվ չափով՝ արտոնության ամբողջ ժամանակաշրջանի համար, իսկ ներդրման չափաքանակի նվազման դեպքում, որի հետևանքով կանոնադրական կապիտալը կազմում է 100 մլն դրամից պակաս, ներդրման չափաքանակի նվազեցման տարվանից սկսած հաշվարկվում է շահութահարկ` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
(17-րդ կետը փոփ. 05.08.2014 N 496-Ն)
18. Հանձնաժողովը արտոնության գործողության դադարեցման համար հիմք հանդիսացած տեղեկությունները քննարկում է կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի (անձանց) մասնակցությամբ, ինչին վերջինս նախապես ծանուցվում է: Պատշաճ տեղեկացված կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի (անձանց) բացակայությունը խոչընդոտ չէ քննարկում կազմակերպելու և համապատասխան որոշում կայացնելու համար:
19. Արտոնության գործողության դադարեցման համար հիմք հանդիսացած տեղեկությունները քննարկվում և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են համապատասխան հիմքերի առկայության առաջացումից 30 օրացուցային օրվա ընթացքում:
20. Արտոնության դադարեցման մասին որոշման մեկական օրինակները 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն և արտոնությունից օգտվող կազմակերպությանը:
(20-րդ կետը փոփ. 02.11.2015 N 706-Ն, փոփ. 06.12.2017 N 238-Ն)
21. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա իրավասու է Հանձնաժողով սահմանված կարգով միջնորդություն ներկայացնելու արտոնության գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
(21-րդ կետը փոփ. 02.11.2015 N 706-Ն, փոփ. 06.12.2017 N 238-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«30» դեկտեմբերի 2009թ.
թիվ 853-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար (հանձնաժողովի նախագահ)
2. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
3. Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական վարչության պետ
4. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության պետ
5. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետ
6. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ
7. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ
8. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային բաժնի պետ
9. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային-կոմունալ քաղաքականության և լիցենզավորման բաժնի պետ
10. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության գործարար և ներդրումային միջավայրի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
(Հավելված 2-ը խմբ. 25.01.2011 N 19-Ն, փոփ. 24.10.2012 N 738-Ն, խմբ. 05.08.2014 N 496-Ն, խմբ. 02.11.2015 N 706-Ն, փոփ. 10.05.2016 N 217-Ն, խմբ. 06.12.2017 N 238-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |