ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Հ Ա Ր Կ Ե Ր Ի Մ Ա Ս Ի Ն
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկի հասկացությունը և հարկերի տեսակները, հարկային վեճերի լուծման կարգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրության (այսուհետ՝ հարկային օրենսդրություն) և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվությունը, ինչպես նաև այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում են հարկերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը և հարկային հարաբերություններ կարգավորող մյուս իրավական ակտերը:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորվում են՝
ա) հարկային օրենսդրությամբ, որը բաղկացած է սույն օրենքից և առանձին հարկատեսակներին վերաբերող օրենքներից,
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով՝ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և սահմաններում,
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը (այսուհետ՝ հարկային վարչություն), ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում՝ կառավարման այլ մարմինների կողմից ընդունված ակտերով՝ հարկային օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում և սահմաններում:
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաև հարկային մարմինների կողմից (գույքահարկի և հողի հարկի դեպքում` նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից) կիրառվում են հարկ վճարողի օգտին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերում հակասության, երկիմաստության կամ տարընթերցման դեպքում դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով հարկ վճարողը կարող է նաև սահմանված կարգով դիմել հարկային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ:
(2-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-151, խմբ. 23.06.2004 ՀՕ-123)
Հոդված 3. Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկներից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից, ներկայացուցչություններից), հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից՝ հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում:
(3-րդ հոդվածը փոփ. 06.02.2002 ՀՕ-187)
Հոդված 4. Սույն օրենքով սահմանված հարկերը վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ:
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկները, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները), հիմնարկները, տեղական ինքնակառավարման մարմինները (այսուհետ՝ հարկ վճարողներ) պարտավոր են վճարել հարկեր, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
(5-րդ հոդվածը փոփ. 06.02.2002 ՀՕ-187)
Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դեպքերում հարկի վճարման պարտավորությունը կարող է դրվել հարկային գործակալի վրա:
Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա, օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում՝ անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը:
(6-րդ հոդվածը խմբ. 06.02.2002 ՀՕ-187, լրաց. 22.12.2004 ՀՕ-161)
Հոդված 7. Հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Հարկ վճարողների հաշվառումն իրականացնում են հարկային մարմինները:
Հոդված 8. Հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանումը կամ վերացումը կատարվում է միայն ֆինանսական տարվա սկզբից (հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում պետական բյուջեի հաստատման դեպքում՝ հաստատման պահից), եթե առանձին հարկատեսակի մասին օրենքով այլ բան չի սահմանվում:
Հարկի դրույքաչափի փոփոխություն, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները, եթե դրանք պարունակում են հարկ վճարողի գործելու պայմանները խստացնող դրույթներ, ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 օր հետո:
(8-րդ հոդվածը լրաց. 21.02.2007 ՀՕ-17)
Հոդված 9. Հարկվող միևնույն օբյեկտը հաշվետու ժամանակաշրջանում նույն տեսակի հարկով կարող է հարկվել միայն մեկ անգամ:
Հոդված 10. Հարկերը վճարվում են հայկական դրամով՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(10-րդ հոդվածը խմբ. 12.10.1999 ՀՕ-71)
Հոդված 11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկ վճարողների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս ստացած եկամտի (շահույթի) գումարը, սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի արժեքը ներառվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկման ենթակա եկամտի (շահույթի) ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի մեջ և հաշվի են առնվում հարկերի չափը որոշելիս, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկ վճարողի եկամտի (շահույթի) գումարից, սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի արժեքից գանձվող հարկերը նվազեցվում են հարկերի այն գումարների չափերով, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկ վճարողներից գանձվել են օտարերկրյա պետություններում՝ նրանց օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նվազեցվող գումարների չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից (շահույթից), այդ պետություններում գտնվող գույքի արժեքից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարները:
Հոդված 111. Հարկման նպատակով փոխկապակցված անձինք ֆիզիկական և իրավաբանական անձինք են, որոնք կարող են ազդեցություն ունենալ ֆիզիկական և իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության վրա:
Իրավաբանական անձի փոխկապակցված անձինք են՝
- կառավարման մարմնի անդամը, ինչպես նաև միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը,
- անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ իրավաբանական անձը,
- անձինք, որոնք իրավունք ունեն տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,
- իրավաբանական անձը, որի մեջ տվյալ իրավաբանական անձն իավունք ունի տնօրինել նրա կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,
- իրավաբանական անձը, որի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին տնօրինող անձը կամ անձանց խումբը միաժամանակ տնօրինում է տվյալ իրավաբանական անձի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:
Անհատ ձեռնարկատիրոջ փոխկապակցված անձինք են՝
- անձը, որն ընդգրկված է անձանց խմբի մեջ, որին պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատերը,
- իրավաբանական անձը, որի մեջ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:
Սույն հոդվածի կիրառման իմաստով անձանց խումբ է համարվում իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց խումբը, որը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի (համաձայնեցված գործողությունների) արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինել (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների միջոցով) իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 50 տոկոսից ավելին,
- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն են ստանում կանխորոշել այլ անձի կամ անձանց կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) կամ իրականացնել գործադիր մարմնի իրավասությունները,
- անձն իրավունք ունի նշանակել միանձնյա գործադիր մարմին և (կամ) իրավաբանական անձի կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին, և (կամ) նրա առաջարկությամբ ընտրվել է իրավաբանական անձի կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,
- ֆիզիկական անձն իրականացնում է իրավաբանական անձի գործադիր մարմնի իրավասությունները,
- նույն իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրված ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) այլ անձինք կազմում են երկու կամ ավելի իրավաբանական անձանց կառավարման մարմնի կազմի կեսից ավելին կամ նույն իրավաբանական անձի առաջակությամբ ընտրված են մեկից ավելի իրավաբանական անձանց կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,
- նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) իրավաբանական անձինք իրավունք են ստանում տնօրինել մեկից ավելի իրավաբանական անձանց քվեարկող փայաբաժնի կեսից ավելին,
- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք իրավունք ունեն ինքնուրույն կամ իրենց ներկայացուցիչների միջոցով գումարային տնօրինել մեկ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի քվեարկող փայաբաժնի կեսից ավելին, և միաժամանակ նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) նույն իրավաբանական անձի կողմից առաջարկված անձինք կազմում են իրավաբանական անձի կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,
- ֆիզիկական անձինք ամուսիններ են, ծնողներ, երեխաներ, եղբայրներ կամ քույրեր:
(111-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-151, խմբ. 26.02.2003 ՀՕ-36)
ԳԼՈՒԽ 2
ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանվում են հարկերի հետևյալ տեսակները՝
շահութահարկ,
եկամտահարկ,
ակցիզային հարկ,
ավելացված արժեքի հարկ,
գույքահարկ,
հողի հարկ:
Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներից մեկին կամ խմբին փոխարինող հաստատագրված վճարներ կամ առևտրի հարկ:
(12-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-36)
Հոդված 13. Հարկային օրենսդրությամբ կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները՝
հարկվող օբյեկտի նվազեցում,
հարկի դրույքաչափի նվազեցում,
հարկի նվազեցում,
հարկի հաշվարկման ժամկետի հետաձգում,
հարկի վճարման ժամկետի հետաձգում,
հարկային օրենսդրությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում:
Հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հարկ վճարողներին փոխհատուցվում է վճարված (գանձված) հարկի գումարը:
Հարկային արտոնությունները սահմանվում են օրենքով, եթե առանձին հարկերի տեսակների մասին օրենքներով այլ բան չի նախատեսված:
Գործող հարկային արտոնության դադարեցման կամ փոփոխման դեպքում սահմանվում է տվյալ արտոնությունից օգտվող հարկ վճարողների նկատմամբ դրա կիրառման կարգը:
Առանձին հարկատուների կամ հարկատուների խմբերի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի հետ, կարող է սահմանել հարկերի, ինչպես նաև դրանց գծով օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի և տուգանքների վճարման ժամկետների հետաձգում կամ տարաժամկետում:
(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.12.1999 ՀՕ-89, լրաց. 21.02.2007 ՀՕ-17, 12.12.2007 ՀՕ-91)
ԳԼՈՒԽ 3
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. Հարկ վճարողն իրավունք ունի՝
ա) ծանոթանալ իր գործունեության ստուգումների ակտերին,
բ) հարկային մարմիններին ներկայացնել բացատրություններ հարկերի հաշվարկման ու վճարման և ստուգումների արդյունքների վերաբերյալ,
գ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել հարկային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները,
դ) առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով դիմել հարկային արտոնություն ստանալու համար:
Հոդված 15. Հարկ վճարողը պարտավոր է՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնել հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ), կազմել հաշվետվություններ՝ իր ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ,
բ) հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, ինքնուրույն հաշվարկել սահմանված հարկերի գումարները և իրականացնել դրանց վճարումը բյուջե,
գ) սահմանված ժամկետներում հարկային մարմիններին ներկայացնել (մասնավորապես՝ ըստ պատկանելության հանձնել կամ ուղարկել էլեկտրոնային փոստով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով) հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ,
դ) ժամանակին վճարել օրենքով սահմանված հարկերը՝ հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սահմանված կարգով կատարելով նաև դրանց կանխավճարային մուծումները,
ե) անհրաժեշտ պայմաններ ապահովել հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների (ուսումնասիրությունների) համար,
զ) ներկայացնել հարկային արտոնությունների՝ իր իրավունքը հաստատող փաստաթղթերը,
է) հարկային մարմինների ստուգումների (ուսումնասիրությունների) հետևանքով բացահայտված, թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի գումարի չափով ուղղումներ (ճշգրտումներ) կատարել հաշվապահական հառվառման (հարկային օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառմանը և (կամ) գրանցումներին վերաբերվող) փաստաթղթերում,
ը) հարկային մարմնի կազմած ստուգման ակտի փաստերի հետ չհամաձայնվելու դեպքում ներկայացնել ակտը չստորագրելու պատճառների վերաբերյալ գրավոր բացատրություն, որը կազմում է ակտի անբաժանելի մասը.
թ) իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) փակցնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները):
Իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գրանցում (լիցենզիա) ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում պարտավոր են հաշվառման կանգնել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողների հաշվարման համարներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Անուղղակի հարկեր վճարողների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել առանձին հաշվառման կարգ:
(15-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-151, 23.06.2004 ՀՕ-123, 24.12.2008 ՀՕ-81-Ն)
Հոդված 16. Հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում՝ թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկային հարաբերույթունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:
Հարկային պարտավորությունը դադարում է դրա կատարման, հարկի վերացման, հարկից ազատելու արտոնության սահմանման, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, իսկ ֆիզիկական անձի համար՝ նաև նրա մահվան դեպքում, եթե օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:
Չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի և դրանց մասով վարվում է առանձնացված հաշվառում հետևյալ դեպքերում`
ա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով.
բ) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` 500.000 դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, եթե բացակայում են անհատ ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու հիմքերը.
գ) անհատ ձեռնարկատիրոջ հարկային պարտավորությունների մասով` սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման դեպքում:
Անհուսալի դառնալուց հետո` հինգ տարվա ընթացքում, չգանձված պարտավորությունները դադարում են և հանվում հաշվառումից: Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության վերակազմավորման (վերակառուցման) դեպքում չկատարված հարկային պարտավորությունը կրում է նրա իրավահաջորդը (իրավահաջորդները):
Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարման կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումները ընդունող լիազորված մարմինները լուծարման (գործունեության դադարեցման) որոշման ընդունման մասին յոթօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում են հարկային մարմիններին:
Իրավաբանական անձի լուծարումից հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ իրավաբանական անձի որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող սեփականատերերի և (կամ) ղեկավար մարմնի անդամների վրա՝ լուծարմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմնից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով, եթե նշված պարտավորությունները ծագել են այդ անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով:
Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարումից կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարումից հետո, հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ ձեռնարկության սեփականատերերի կամ անհատ ձեռներեցի վրա՝ լուծարմանը
նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմնից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով:
(16-րդ հոդվածը լրաց. 19.10.2005 ՀՕ-225)
Հոդված 17. Հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային վարչությունը, իսկ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային վարչությունը:
Հոդված 18. Հարկերի հաշվարկման հսկողության և գանձման ընթացքում հարկ վճարողների վերաբերյալ օրենքի խախտմամբ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար:
Հոդված 19. Որևէ տեղեկություն հիմք չի հանդիսանում վճարողի հարկային պարտավորության հաշվարկման և գանձման համար, քանի դեռ նա հնարավորություն չի ունեցել ծանոթանալ դրան և տալ համապատասխան բացատրություններ:
Հոդված 20. Իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են հարկային մարմնին տեղեկություններ հաղորդել հարկ վճարողների հետ կատարված գործառնությունների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված հարկերի, հարկման նպատակով անհրաժեշտ տվյալների մասին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Բանկային և առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմիններին տրամադրում են օրենքով սահմանված կարգով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում (լիցենզավորում) իրականացնող լիազորված մարմինները դրանց գրանցման (լիցենզավորման), ինչպես նաև դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալներ են հայտնում հարկային մարմիններին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Հարկ վճարողները պարտավոր են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ցանկում ընդգրկված ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում՝ միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմիններ:
(20-րդ հոդվածը լրաց. 06.02.2002 ՀՕ-187)
ԳԼՈՒԽ 4
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 21. Հարկային օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետույթան օրենքներով սահմանված կարգով:
Հոդված 22. Հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են հարկ վճարողները և դրանց (ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:
Եթե հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառմանը և (կամ) գրանցումներին վերաբերող) սահմանված փաստաթղթերը կամ դրանք վարում է սահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային մարմիններին ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը, ապա հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մասնավորապես, հիմնվելով՝
հարկ վճարողի ակտիվների,
հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալների,
հարկ վճարողի արտադրության և շրջանառության ծախսերի,
գույքագրման և չափագրման տվյալների,
օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունների,
համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջև կիրառված գների և այլ ցուցանիշների,
հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադրի, այդ հարկ վճարողի վաճառվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացման փաստացի գների ամրագրման և հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ճշտությանն ուղղված հսկիչ գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաթղթավորված տվյալների վրա:
Սույն հոդվածով նախատեսված հսկիչ գնումների արդյունքները կիրառվում են գործարքների չփաստաթղթավորված մասի նկատմամբ:
(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.02.2002 ՀՕ-187)
Հոդված 221. Ավելացված արժեքի հարկ (կամ դրան փոխարինող հաստատագրված վճար կամ առևտրի հարկ) վճարողների (այսուհետ, սույն հոդվածի իմաստով` հարկ վճարողներ) կողմից արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերի և այլ ներքին հաշվառման տվյալների (այսուհետ` հաշվետվություններ) և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների միջև էական շեղումների (տարբերությունների) առկայությունը սույն օրենքի 22-րդ հոդվածի իմաստով դիտարկվում է որպես հարկվող օբյեկտների հաշվառման սահմանված կարգի կոպիտ խախտում:
Սույն հոդվածի կիրառման իմաստով էական շեղում (տարբերություն) է համարվում չափագրումների արդյունքով արձանագրված արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համապատասխան տվյալների միջև 20 և ավելի տոկոսի (իսկ օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան չափի) տարբերությունը:
Հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվետվությունների տվյալների և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների միջև էական շեղման (տարբերության) առկայության դեպքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի հարկային պարտավորությունները օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են չափագրումների արդյունքներով արձանագրված տվյալների (ներառյալ` ծախսերի և կորուստների) հիման վրա հաշվարկված արտադրության և շրջանառության ծավալների նկատմամբ: Չափագրումների արդյունքով արձանագրված տվյալների հիման վրա հարկային մարմինների կողմից հարկ վճարողների հարկային պարտավորությունները հաշվարկելիս հաշվի է առնվում նաև սովորաբար տվյալ ոլորտի գործունեության տեսակի համար դիտարկվող համադրելի (համարժեք) ժամանակահատվածի հիմնական գործոնների ազդեցությունը` խելամիտ աստիճանի ջանքերի ներդրմամբ իրականացված ուսումնասիրությունների շնորհիվ: Սույն հոդվածով սահմանված կարգը հարկային պարտավորությունների հաշվարկման առումով չի կիրառվում տարվա ընթացքում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած այն հարկ վճարողների վրա, որոնք նախապես այդ մասին տեղեկացրել են հարկային մարմնին` նշելով գործունեության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը): Նշված դեպքում սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է միայն գործունեության իրականացման ժամանակահատվածի նկատմամբ:
(221-րդ հոդվածը լրաց. 24.12.2008 ՀՕ-81-Ն)
Հոդված 23. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից մինչև 90 օր (ներառյալ) ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.075 տոկոսի չափով:
Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու 91-րդ օրվանից սկսած ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.1 տոկոսի չափով:
(2-րդ մասն ուժը կորցրել է 12.10.1999 ՀՕ-71)
Նշված չափերով օրական տույժերը կիրառվում են, եթե հարկային օրենսդրությամբ ավելի նվազ չափ չի սահմանված:
Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև՝ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
(23-րդ հոդվածը խմբ., փոփ. 12.10.1999 ՀՕ-71, փոփ. 31.05.2001 ՀՕ-151, խմբ. 12.12.2007 ՀՕ-91)
Հոդված 24. Հարկ վճարողների (հարկային գործակալների), կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը), հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշացնելու դեպքում, այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար հարկ վճարողից (հարկային գործակալից), գանձվում է տուգանք՝ դրա հետևանքով չմուծված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան այդ հարկի ընդհանուր գումարն է:
(24-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-123)
Հոդված 25. Հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառում և (կամ գրանցումներ) չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու, հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերը և տեղեկությունները սխալ կազմելու համար վճարողից գանձվում է տուգանք՝ այդ խախտումների հետևանքով բյուջե չմուծված կամ պակաս մուծված հարկերի գումարի 10 տոկոսի չափով:
Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմիններ ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հարկային հաշվարկների և օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների ճշտում չի իրականացվում:
(25-րդ հոդվածը լրաց. 06.02.2002 ՀՕ-187, 23.06.2004 ՀՕ-123, խմբ. 22.03.2006 ՀՕ-277)
Հոդված 26. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված կամ առանց լիցենզիայի կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս այդ գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ձեռնարկատիրական կամ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, վերոհիշյալ տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը կրկնելու դեպքում` իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանցից, բացի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցների կիրառումից, գանձվում է նաև տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ («Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով) սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի)100 տոկոսի չափով:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:
Սույն հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից՝ կիրառելով սույն օրենքի 22-րդ հոդվածի դրույթները:
Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:
(26-րդ հոդվածը խմբ. 06.02.2002 ՀՕ-187, 26.02.2003 ՀՕ-36, լրաց. 23.06.2004 ՀՕ-123, 24.12.2008 ՀՕ-81-Ն)
Հոդված 27. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողներից (հարկային գործակալներից) սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հարկային մարմնի կողմից հաշվարկված) հարկի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն հարկատեսակի գծով հարկվող օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում՝ տուգանք՝ հարկի ամբողջ գումարի չափով, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:
Հարկվող օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` հարկային մարմին ներկայացված տվյալ հարկատեսակի հաշվարկներում (հայտարարագրերում) հարկվող օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը, կամ էլ գործունեություն չիրականացնելու (հարկվող օբյեկտներ չառաջանալու) մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է:
Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ հանդիսացող գույք չունենալու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացվող հաշվարկի (հայտարարագրի) ամփոփ ձևն է:
(27-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-123)
Հոդված 28. Ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն՝ առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (այսուհետ մինչև հոդվածի վերջը՝ ձեռնարկատիրական գործունեության առարկաներ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է.
տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում՝ վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային պետական վարչության կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Հարկային պետական վարչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է.
տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 50 տոկոսի չափով, այդ թվում՝ վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային պետական վարչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Ձեռնարկատիրական գործունեության առարկաները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելիս (իրացնելիս) հարկ վճարողից գանձվում է.
տուգանք՝ տարբերության գումարի 25 տոկոսի չափով, այդ թվում՝ չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային պետական վարչության կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Հարկային պետական վարչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության առարկաները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելու (իրացնելու) կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է.
տուգանք՝ տարբերության գումարի 50 տոկոսի չափով, այդ թվում՝ չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային պետական վարչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար սահմանված կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող՝ հարկային օրենսդրությամբ կամ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր:
Սույն հոդվածում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքում (այդ թվում՝ այն հաշվետու ժամանակաշրջանների առումով, որոնց համար արդեն ներկայացվել են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող՝ հարկային օրենսդրությամբ կամ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) հարկային պետական վարչությունը կարող է օգտվել «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22 հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:
Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում սահմանված կարգով հարկային պարտավորությունների կատարումից:
(պարբերությունն ուժը կորցրել է 24.12.2008 ՀՕ-81-Ն)
Հարկային մարմինների կողմից յուրաքանչյուր հասցեի (կետի) համար ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գրքերը հաստատվում են հարկ վճարողի ներկայացրած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
(28-րդ հոդվածը խմբ. 12.10.1999 ՀՕ-71, փոփ. 06.02.2002 ՀՕ-187, լրաց. 26.02.2003 ՀՕ-36, 23.06.2004 ՀՕ-123, 22.03.2006 ՀՕ-277, փոփ. 24.12.2008 ՀՕ-81-Ն)
Հոդված 281. (հոդվածն ուժը կորցրել է 22.12.2004 ՀՕ-161)
Հոդված 282. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների և սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ապրանքների իրացման դեպքերում այդ ապրանքները ենթակա են այդ ապրանքային տեսքով շրջանառությունից դուրս բերման հարկային մարմինների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(282-րդ հոդվածը լրաց. 06.02.2002 ՀՕ-187, փոփ. 23.06.2004 ՀՕ-123)
Հոդված 283. Արտարժույթի առքուվաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով չգրանցելու դեպքում` հարկ վճարողներից գանձվում է տուգանք` չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի դրամով արտահայտված ընդհանուր գումարի 25 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմինների կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Հարկային մարմինների կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք` չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի դրամով արտահայտված ընդհանուր գումարի 50 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմինների կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
(283-րդ հոդվածը լրաց. 19.10.2005 ՀՕ-225, 12.12.2007 ՀՕ-91)
Հոդված 284. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման գործարքների համար երկկողմանի հաշվարկային փաստաթուղթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս չգրելու դեպքում (այդ թվում` գնորդի պահանջով) ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից, ինչպես նաև այդպիսի ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ ձեռք բերած կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող վարձու աշխատանքի դեպքերի) գանձվում է տուգանք` այդ գործարքների լրիվ արժեքով` հատուցման գումարի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների կողմ հանդիսացող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք`
1) իրականացրել են յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով 150.0 հազար դրամը, իսկ այդպիսի գործարքների հանրագումարով ամսական 1.5 միլիոն դրամը չգերազանցող ձեռքբերումներ, կամ
2) այդ գործարքների համար որպես հաշվարկային փաստաթուղթ տրամադրել կամ ստացել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ կամ կրճատ հաշիվ ապրանքագրեր, կամ
3) որոնց մոտ առկա չեն այդ գործարքների համար դուրս գրված կամ ստացված հաշվարկային փաստաթղթերը, սակայն առկա այլ փաստաթղթերը (մասնավորապես, հաշվարկային փաստաթղթերի պատճենները, հարկային հաշիվների վերաբերյալ երկկողմանի ներկայացված տեղեկությունները) բավարար են պարզելու, որ այդպիսի փաստաթղթերը դուրս են գրվել կամ ստացվել, կամ
4) ապրանքներ մատակարարելիս, ծառայություններ մատուցելիս կամ աշխատանքներ կատարելիս օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով դուրս են գրել հաշվարկային փաստաթղթերը` նշելով իրենց տվյալները, սակայն գնորդը հրաժարվել է ստանալ հաշվարկային փաստաթուղթը, որի վերաբերյալ հաշվարկային փաստաթղթում կատարվել է համապատասխան նշում, կամ
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ձևով այդ գործարքների կատարմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմիններին տեղեկություններ են ներկայացրել առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի (բացառությամբ սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքի) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապրանքների ձեռքբերման, ծառայությունների կամ աշխատանքների ստացման գործարքների վերաբերյալ, և որը հիմնավորվել է տեղեկությունների ներկայացման օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմինների կողմից կատարված հսկիչ գնումների արդյունքում:
Սույն հոդվածին համապատասխան` հարկային մարմիններ ներկայացվող տեղեկություններում ներառման ենթակա են նաև այն հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, որոնցում նշված գործարքները կատարվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված էական պայմաններից տարբերվող պայմաններով, որը սահմանված կարգով հիմնավորվելուց հետո հիմք է հանդիսանում նաև սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով և չափերով պատասխանատվության չկիրառման համար:
Սույն հոդվածին համապատասխան իրականացված հսկիչ գնումների արդյունքների մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է հարկ վճարողին:
(284-րդ հոդվածը լրաց. 24.12.2008 ՀՕ-81-Ն)
Հոդված 285. Սույն օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով նախատեսված տեղեկությունները չփակցնելու դեպքում առեւտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցրած տեղեկության մասով, իսկ խախտումն արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում նշված տեղեկությունները չփակցնելու կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցրած տեղեկության մասով 200 հազար դրամի չափով:
(285-րդ հոդվածը լրաց. 24.12.2008 ՀՕ-81-Ն)
Հոդված 29. Հարկ վճարողները թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաև սույն օրենքի 23-28, 283-285-րդ և 32-րդ հոդվածների համաձայն հաշվարկված տույժերը և տուգանքները բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում:
(29-րդ հոդվածը փոփ. 06.02.2002 ՀՕ-187, 22.12.2004 ՀՕ-161, լրաց. 19.10.2005 ՀՕ-225, փոփ. 24.12.2008 ՀՕ-81-Ն)
Հոդված 30. Հարկային պարտավորությունների գծով գումարների մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում՝ հարկ վճարողի գույքի բռնագանձման համար:
(2-րդ մասն ուժը կորցրել է 24.03.1999 ՀՕ-65, 22.12.2004 ՀՕ-161)
Հարկերի վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմինը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, հարկերի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ հարկային պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:
Չկատարված հարկային պարտավորության չափը հինգ հարյուր հազար և ավելի դրամ կազմելու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի հարկ վճարողի հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնել մինչև դատարանի կողմից վճռի կայացումը՝ բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:
Սույն հոդվածով նախատեսված արգելանքը առաջնահերթության կարգով կիրառվում է նախ հարկ վճարողի բանկային հաշիվների նկատմամբ, ապա՝ հարկ վճարողի անշարժ գույքի նկատմամբ, այնուհետև՝ հարկ վճարողի այլ ակտիվների նկատմամբ:
Դատարանի վճռից հետո հարկային մարմինն ապահովում է բռնագանձված գույքի իրացումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի արգելադրումից հետո՝ 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում հարկ վճարողի գույքը համարվում է արգելանքից հանված:
Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
(8-րդ պարբերությունն ուժը կորցրել է 22.03.2006 ՀՕ-277)
(9-րդ պարբերությունն ուժը կորցրել է 22.03.2006 ՀՕ-277)
Հարկային մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով, ցանկերի տեսքով հրապարակում են տեղեկատվություն`
1) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը`
ա) հաշվետու տարվա արդյունքներով 1.0 մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ,
բ) օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա, թույլտվություն կամ արտոնագրեր ունեցող, սակայն գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություն կամ զրոյական հաշվարկ-հաշվետվություններ ներկայացրած հարկ վճարողների վերաբերյալ,
գ) հաշվետու տարվան նախորդող և հաշվետու տարում «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված շահութահարկի հիսուն և հարյուր տոկոս նվազեցման արտոնությունից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ,
դ) հաշվետու տարվա արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե 10.0 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների, ինչպես նաև 1.0 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած բանկերի վերաբերյալ,
ե) հաշվետու տարվա արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե 3.0 մլն դրամ և ավելի եկամտահարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ.
2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`
ֆինանսական տարվա սկզբից մեկ միլիոն դրամ և ավելի հարկեր վճարած հարկ վճարողների ցանկերը` ըստ վճարված հարկերի մեծության` հաշվարկված աճողական կարգով:
(30-րդ հոդվածը փոփ. 24.03.1999 ՀՕ-65, լրաց. 31.05.2001 ՀՕ-151, 06.02.2002 ՀՕ-187, 23.06.2004 ՀՕ-123, փոփ. 22.12.2004 ՀՕ-161, լրաց. 19.10.2005 ՀՕ-225, փոփ., լրաց. 22.03.2006 ՀՕ-277)
Հոդված 31. Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:
Սույն հոդվածի առաջին մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների փորձը ձախողվել է՝ ձախողման փաստը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով արձանագրվելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարեցումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարեցման մասին:
Հաշվարկված հարկային պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Անկախ առանձին հարկատեսակների մասին օրենքով սահմանվածից` սույն մասում նշված ժամկետը լրանալուց հետո հարկային պարտավորության գումարները նվազեցնող կամ հաշվանցվող գումարներն ավելացնող հարկատեսակի հաշվարկներ (հայտարարագրեր) չեն կարող ներկայացվել:
(31-րդ հոդվածը լրաց. 12.12.2007 ՀՕ-91)
Հոդված 32. Եթե հարկային մարմինն ունի փաստեր այն մասին, որ չմարված հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողները վերացնում (լուծարում) են եկամուտ (շահույթ) առաջացնող իրենց օբյեկտները կամ թաքցնում են եկամուտը (շահույթը), որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերը, ապա հարկային մարմինը կարող է միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակը դրանք գանձելու ուղղությամբ: Այդ դեպքում հարկային մարմինը կարող է պահանջել հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված մյուս փաստաթղթերը՝ մինչև հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը:
Հարկային օրենսդրության կիրառման առումով անապրանք փաստաթուղթը հարկերի հաշվարկման և (կամ) վճարման համար հիմք հանդիսացած (հարկային հաշվառման մեջ ներառված)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին ձևականորեն համապատասխանող վճարահաշվարկային այն փաստաթուղթն է, որում նշված գործարքը (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում կամ աշխատանքի կատարում) այդ փաստաթուղթը կազմած կողմերի միջև փաստացի չի կատարվել կամ կատարվել է այդ փաստաթղթում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով:
Սույն հոդվածի կիրառման առումով էականորեն տարբերվող պայմաններ են համարվում կատարված գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) տեսականին, գինը, քանակը, գումարը:
Անապրանք փաստաթղթեր դուրս գրած և ձեռք բերած անձանց նկատմամբ կիրառվում է տուգանք՝ գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) փաստացի կատարումը հավաստող` կազմված փաստաթղթում նշված էական պայմանների (այդ թվում` դրանցից որևէ մեկի) 20 և ավելի տոկոս շեղման դեպքում՝ շեղման (դրամական արտահայտությամբ) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 1 միլիոն դրամից:
Սույն հոդվածի չորրորդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում կիրառվում է տուգանք` շեղման կրկնապատիկի չափով, բայց ոչ պակաս 1 միլիոն դրամից:
Անապրանք փաստաթղթերը հարկ վճարողների կողմից հարկերի հաշվարկման և (կամ) վճարման ենթակա հարկային պարտավորությունների նվազեցման և (կամ) հաշվանցումներ կատարելու հիմք չեն կարող հանդիսանալ:
Փաստաթղթերը չեն համարվում անապրանք, և սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե անձն ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն կրում է գործարքը կատարելու պարտավորություն կամ ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերող անձը սույն օրենքի 284-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացրել է տեղեկություններ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասին, որը սահմանված կարգով հիմնավորվել է հարկային մարմինների կողմից:
(32-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-36, խմբ., լրաց. 22.03.2006 ՀՕ-277, լրաց. 24.12.2008 ՀՕ-81-Ն)
Հոդված 33. Առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում առանձին հարկ վճարողների կամ հարկ վճարողների խմբի և հարկային գործակալների համար, ինչպես նաև առանձին հարկատեսակի գծով՝ հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում կարող են կիրառվել տուգանքների այլ տեսակներ և չափեր, դրանց հաշվարկման, մուծման (գանձման) այլ կարգ, քան նախատեսված է սույն օրենքով:
(33-րդ հոդվածը լրաց. 21.02.2007 ՀՕ-17)
ԳԼՈՒԽ 5
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 34. Հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները (գերավճարները) հարկային մարմնի կողմից հաշվանցվում են վճարովի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին հարկ վճարողի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
Հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հաշվանցվում են հարկ վճարողի հաշվարկված տույժերի, տուգանքների, ապա հարկերի գումարների հաշվին:
Հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում հաշվարկված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարները վերադարձվում են այն դեպքում, եթե հարկ վճարողի կողմից կատարվել են սույն օրենքի 16 հոդվածում նշված հարկային պարտավորությունները:
Հաշվարկված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարները վճարողին վերադարձնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և նրա տեղական մարմինները:
Անուղղակի հարկերի (ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ) գծով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված գումարների և հաշվանցման (պակասեցման կամ վերադարձման) ենթակա հարկի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը հաշվանցվում (պակասեցվում կամ վերադարձվում) է այդ հարկատեսակների մասին օրենքներով սահմանված կարգով:
Ուղղակի հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) գծով տարեկան կանխավճարային մուծումների և վերջնական հարկային պարտավորության միջև առաջացող բացասական տարբերությունը հաշվանցվում (պակասեցվում) է սույն հոդվածով սահմանված կարգով, եթե այդ հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ:
(34-րդ հոդվածը խմբ. 31.05.2001 ՀՕ-151, լրաց. 26.02.2003 ՀՕ-36, փոփ. 23.06.2004 ՀՕ-123)
Հոդված 35. Եթե գործատուները աշխատանքային պայմանագրով աշխատող անձանցից (վարձու աշխատողներից) ժամանակին չեն պահել (գանձել) հարկի գումարները, ապա դրանք վարձու աշխատողներից պահվում (գանձվում) են այդ մասին հայտնի դառնալուց ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ մնացած հարկային պարտավորությունները դրվում են գործատուի վրա:
Հարկերի սահմանված չափից ավել գանձված գումարները վարձու աշխատողներին վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ սահմանված չափից ավել գանձման օրվան հաջորդող երեք տարվա համար: Սահմանված չափից ավել վճարված գումարները վերադարձնելու մասին վճարողի դիմումը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը:
Հոդված 36. Հարկային մարմնի կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով հարկ վճարողներին պատճառված վնասը (ներառյալ՝ բաց թողնված եկամուտը) հատուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 6
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ
Հոդված 37. Հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները 30 օրվա ընթացքում կարող են գանգատարկվել այն հարկային մարմին, որին անմիջականորեն ենթակա են նրանք: Գանգատները հարկային մարմնի կողմից քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Ընդունված որոշումները կարող են գանգատարկվել հարկային մարմնի վերադաս մարմին՝ գանգատարկողի կողմից որոշման կրկնօրինակը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, կամ՝ դատարան:
Հարկ վճարողը և (կամ) նրա կողմից լիազորված անձը իրավունք ունեն մասնակցել գանգատի քննարկմանը:
Հարկային մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
(37-րդ հոդվածը խմբ. 26.02.2003 ՀՕ-36, 23.06.2004 ՀՕ-123)
Հոդված 38. Հարկային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի դադարեցնում հարկերի գանձումը: Գանգատը քննության առնող հարկային մարմինն իրավունք ունի մինչև գանգատի լուծումը դադարեցնել հարկի գանձումը:
ԳԼՈՒԽ 7
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 39. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ 8
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 40. Սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1997 թվականի մարտի 17-ի օրենքը:
Հոդված 41. Սույն օրենքի 8 հոդվածի դրույթները չեն գործում 1998 թվականի ընթացքում և չեն կիրառվում հարկային արտոնությունների սահմանման կամ վերացման առումով:
Հոդված 42. Սույն օրենքի 11 հոդվածի դրույթները տարածվում են նաև հողի հարկի վրա:
Հոդված 43. Սույն օրենքի 23 հոդվածում նշված տույժերը կիրառվում են և դրանց ժամկետի հաշվարկը սկսվում է 1998 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ գործում էր նախկինում ընդունված կարգը:
Հոդված 44. Հարկի վճարումը հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում մինչև 2001 թվականի հունվարի 1-ը այդ գումարներն իրավաբանական անձանց բանկային հաշիվներից հարկային մարմինների կողմից գանձվում են անվիճելի կարգով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված հարկային մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են իրավաբանական անձանց բանկային հաշիվներից անվիճելի կարգով գումարների գանձման հետ, կատարվում են սույն օրենքի 37 և 38 հոդվածներով սահմանված կամ դատական կարգով:
(44-րդ հոդվածը խմբ. 29.12.1999 ՀՕ-89)
Հոդված 45. Սույն օրենքի 39 հոդվածի դրույթները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերի նկատմամբ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
5 օգոստոսի 1998թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-23 |
|