ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օրենքը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ընտրվում է հինգ տարվա ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարձրագույն ներկայացուցչական և օրենսդիր մարմին է:
(1-ին հոդվածը լրաց. 22.11.1995թ., փոփ. 06.03.1997 ՀՕ-33)
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորների ընտրությունների կարգը սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատգամավորների ընտրությունների մասին» օրենքով:
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության նախագահը, նրա տեղակալները, Կառավարության անդամները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, պետական արբիտրները միաժամանակ չեն կարող լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի անդամներ:
Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր խորհրդարանը գումարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ոչ ուշ, քան ընտրություններից երկու ամիս անց:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը բացում և մինչև խորհրդարանի նախագահի ընտրվելը վարում է խորհրդարանի ժողպատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ այնուհետև՝ խորհրդարանի նախագահը կամ նրա տեղակալը, կամ խորհրդարանի քարտուղարը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը իր կողմից ընտրվող մանդատային հանձնաժողովի ներկայացմամբ որոշում է ընդունում պատգամավորների լիազորությունները ճանաչելու մասին, իսկ ընտրությունների մասին օրենսդրության խախտման դեպքում՝ առանձին պատգամավորների ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:
(4-րդ հոդվածը փոփ. 23.10.1996 ՀՕ-30)
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը իր գործունեությունն իրականացնում է խորհրդարանի նիստերի և նրա մարմինների միջոցով:
Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը գումարվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի մասին» կանոնակարգով սահմանված ժամկետներում:
Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի արտահերթ նիստը գումարվում է կամ խորհրդարանի ժողովրդական պատգամավորների մեկ երրորդի, կամ խորհրդարանի նախագահի պահանջով, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից:
Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է ժողովրդական պատգամավորներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, խորհրդարանի նախագահին, Կառավարությանը, Գերագույն դատարանին, դատախազին:
Կառավարության ներկայացրած և նրա որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը խորհրդարանն օրակարգ է մտցնում առանց քվեարկության: Այն քննարկվում և քվեարկվում է 30 օրվա ժամկետում: Այդ ժամկետում խորհրդարանը կարող է քննարկման չընդունել այլ անհետաձգելի օրենքի նախագիծ:
(8-րդ հոդվածը փոփ. 23.10.1996 ՀՕ-30)
Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները և խորհրդարանի որոշումներն ընդունվում են խորհրդարանի նիստերում:
Օրենքների նախագծերը և հանրապետության պետական կյանքի մյուս առավել կարևոր հարցերը խորհրդարանի որոշմամբ կարող են դրվել համաժողովրդական քննարկման, հրապարակվել պաշտոնական մամուլում:
Հոդված 10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը՝
1/ ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները և դրանց մեջ կատարում փոփոխություններ.
2/ իրականացնում է ազգային անվտանգության ապահովման, սեփականության հարաբերությունների, ժողովրդական տնտեսության և ընկերային-մշակութային ոլորտի կառավարման կազմակերպման, բյուջետաֆինանսական համակարգի, աշխատանքի վարձատրության, գնագոյացման և հարկման, շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների օգտագործման, քաղաքացիների սահմանադրական իրավունքների, ազատությունների ու պարտականությունների իրականացման և այլ հարաբերությունների օրենսդրական կարգավորումը.
3/ սահմանում է պետական իշխանության, պետական կառավարման և դատական իշխանության մարմինների իրավասությունը, կազմակերպման և գործունեության օրենսդրական կարգը.
4/ որոշում է ազգային դրամանիշի կիրառման և էմիսիայի իրականացման կարգը.
5) հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և ընկերային զարգացման հանրապետական ծրագրերը, հանրապետության պետական բյուջեն, վերահսկողություն է իրականացնում իր կողմից հաստատված ծրագրերի և բյուջեի կատարման ընթացքի նկատմամբ, հաստատում է դրանց կատարման մասին հաշվետվությունները և իր կողմից հաստատված ծրագրերի և բյուջեի մեջ կատարում է փոփոխություններ.
6/ սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային կառուցվածքին վերաբերող հարցերի լուծման կարգը, որոշում և փոխում է վարչատարածքային միավորների սահմանները, որոշում դրանց կարգավիճակը, կատարում է շրջանների և բնակավայրերի վերանվանում.
7/ իրականացնում է ընդունված օրենքների և որոշումների կատարման վերահսկողություն, որոշում է դրանց կիրարկման կարգը, տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների մեկնաբանություն.
8/ որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը.
9/ օրենքով սահմանված դեպքերում վավերացնում և չեղյալ է հայտարարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կամ կառավարության կնքած միջազգային պայմանագրերը, վերահսկողություն է իրականացնում օտարերկրյա պետություններին պետական փոխառություններ, տնտեսական և այլ օգնություն տրամադրելու, ինչպես նաև օտարերկրյա պետական փոխառությունների և վարկերի վերաբերյալ համաձայնագրերի կնքման նկատմամբ.
10/ որոշումներ է ընդունում հանրաքվե անցկացնելու գործում.
11/ նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորների ընտրությունները.
12/ հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորների ընտրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովների կազմը.
13/ ընտրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահ.
14/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահի ներկայացմամբ ընտրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի քարտուղար.
15/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորների թվից ընտրում է խորհրդարանի մարմինների ղեկավարներ և անդամներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը ստեղծում է խորհրդարանի նախագահություն, որը լուծարվում է միայն խորհրդարանի կողմից.
Անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը կարող է ստեղծել համակարգող խորհուրդ, որը լուծարվում է միայն Ազգային ժողովի կողմից.
16/ օրենքով սահմանված դեպքերում հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման բնագավառի հիմնական միջոցառումները.
17/ (կետն ուժը կորցրել է 23.10.1996 ՀՕ-30).
17/անհրաժեշտության դեպքում լսում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հաղորդումները հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների կատարման մասին.
18/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ներկայացմամբ ընտրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին, նրա տեղակալներին և գերագույն դատարանի անդամներին, գլխավոր պետական արբիտրին, նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին.
(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 09.11.1995թ.)
19/ Խորհրդարանը հաստատում է գերագույն դատարանի նախագահության կազմը, ընտրում է շրջանային և քաղաքային ժողովրդական դատարանների ժողդատավորներին, շրջանային և քաղաքային ժողովրդական դատարանների դատավորների թվից հաստատում է այդ դատարանների նախագահներին:
Լսում է իր կողմից նշանակվող կամ ընտրվող մարմինների պաշտոնատար անձանց հաշվետվությունները կամ հաղորդագրությունները:
Օրենքով սահմանված կարգով լուծում է նշված պաշտոնատար անձանց հետկանչելը կամ զբաղեցրած պաշտոններից ազատման հարցը.
20/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի առաջարկությամբ հաստատում և վերանայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին առաջարկում է վերանայել կառավարության, նրա նախագահի կամ որևէ անդամի նշանակման հարցը, օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում նշված պաշտոնատար անձանց լիազորությունները դադարացնելու մասին.
21/ անվստահություն է հայտնում Կառավարությանը, այն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, որը 20-օրյա ժամկետում ընդունում է Կառավարության հրաժարականը, նշանակում վարչապետին և կազմավորում Կառավարություն.
22/ (կետն ուժը կորցրել է 23.10.1996 ՀՕ-30)
22/ որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում այլ պետությունների զորքերի տեղաբաշխման հարցը և դրանց կարգավիճակը.
23/ որոշումներ է ընդունում ամնիստիայի մասին.
24/ օրենքով սահմանված կարգով լուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորների պատասխանատվության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը.
25/ լուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորության թեկնածուներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազի միջնորդության հարցը.
26/ օրենքով սահմանված կարգով լուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից իր լիազորությունները շարունակելու անհնարինության հարցը.
27/ օրենքով սահմանված կարգով հարց է հարուցում և որոշում կայացնում հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին.
28/ դիմում է Գերագույն դատարանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները և խորհրդարանի այլ ակտերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու մասին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, իշխանության և կառավարման տեղական մարմինների որոշումները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխանեցնելու մասին եզրակացություններ ներկայացնելու առաջարկությամբ.
29/ Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա չեղյալ է հայտարարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին հակասող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները.
30/ հիմնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևներ, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական կոչումներ, դիվանագիտական և այլ դասեր, պատվավոր կոչումներ:
(10-րդ հոդվածը փոփ. 09.11.1995թ., խմբ. 22.11.1995թ., խմբ., լրաց., փոփ. 23.10.1996 ՀՕ-30)
Հոդված 11. Պատերազմ հայտարարելու իրավունքի հարցերում խորհրդարանը ընդունում է որոշումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների սահմանած շրջանակներում:
Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած օրենքները ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին՝ օրենքով սահմանված կարգով դրանք ստորագրելու և հրապարակելու համար:
(12-րդ հոդվածը փոփ. 31.01.1996 ՀՕ-1, խմբ. 23.10.1996 ՀՕ-30)
Հոդված 13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահը, նախագահի տեղակալը, խորհրդարանի քարտուղարը, Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահները ընտրվում են խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդարանի նախագահը հաշվետու է խորհրդարանին:
Խորհրդարանի նախագահը, նախագահի տեղակալը, խորհրդարանի քարտուղարը կարող են հետ կանչվել խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ:
(13-րդ հոդվածը լրաց. 23.10.1996 ՀՕ-30)
Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահը՝
1/ ղեկավարում է խորհրդարանի և նրա մարմինների աշխատանքը.
2/ խորհրդարանին ներկայացնում է թեկնածուներ խորհրդարանի նախագահի տեղակալի, խորհրդարանի քարտուղարի պաշտոններում ընտրվելու համար.
3/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում զբաղեցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնը.
4/ (կետն ուժը կորցրել է 23.10.1996 ՀՕ-30)
5/ ստորագրում և հրապարակում է խորհրդարանի որոշումները և այլ ակտեր.
6/ արձակում է կարգադրություններ.
7/ նախապատրաստում և անց է կացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների նախագծերի և հանրապետության պետական կյանքի առավել կարևոր հարցերի ժողովրդական քննարկումները.
8/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ հրավիրում է հատուկ նիստ.
9/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(14-րդ հոդվածը փոփ. 23.10.1996 ՀՕ-30)
Հոդված 15. Խորհրդարանի նախագահի տեղակալը և խորհրդարանի քարտուղարը խորհրդարանի նախագահի հանձնարարությամբ իրականացնում են առանձին լիազորություններ: Խորհրդարանի նախագահի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում խորհրդարանի նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է նախագահի տեղակալը կամ քարտուղարը:
Խորհրդարանի քարտուղարը նախապատրաստում և գումարում է խորհրդարանի նիստերը, կազմակերպում և համակարգում խորհրդարանի մարմինների աշխատանքը, աջակցում խորհրդարանի պատգամավորներին իրենց լիազորությունների իրականացման գործում և նրանց ապահովում անհրաժեշտ լրատվությամբ:
(15-րդ հոդվածը փոփ. 23.10.1996 ՀՕ-30)
Հոդված 16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի կողմից ստեղծվող մշտական գործող մարմինները նախապատրաստում և քննարկում են օրենքների և այլ ակտերի նախագծերը, խորհրդարանի իրավասությանը վերապահված այլ հարցեր, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը անհրաժեշտության դեպքում համապետական նշանակության հարցերի ուսումնասիրման և խորհրդարանին համապատասխան առաջարկություններ ներկայացնելու համար իր իրավասության սահմաններում կարող է ստեղծել այլ հանձնաժողովներ:
Հոդված 17. Պետական մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել խորհրդարանի հանձնաժողովների՝ նրանց իրավասության սահմաններում ներկայացված պահանջները, տրամադրել անհրաժեշտ նյութեր և փաստաթղթեր: խորհրդարանի հանձնաժողովների՝ նրանց իրավասության սահմաններում ներկայացված հանձնարարականները ենթակա են պարտադիր քննարկման պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից: Քննարկման արդյունքների և ձեռնարկված միջոցների մասին օրենքով սահմանված ժամկետում հաղորդվում է հանձնաժողովներին:
Հոդված 18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորը խորհրդարանի նիստերում իր իրավասության սահմաններում իրավունք ունի հարցապնդումով դիմելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, խորհրդարանի նախագահին, Կառավարությանը, խորհրդարանի կողմից կազմվող կամ ընտրվող մարմինների ղեկավարներին: Այն մարմինը կամ պաշտոնատար անձը, որին ուղղված է խորհրդարանի կողմից ընդունված հարցապնդումը, պարտավոր է խորհրդարանի սահմանած ժամկետում բանավոր կամ գրավոր պատասխան տալ խորհրդարանի նիստում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորը իր պատգամավորական գործունեության ընթացքում ազատվում է պաշտոնական, զինվորական, արտադրական և այլ ծառայողական պարտականություններից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորը, կամ պատգամավորության թեկնածուն չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, նրա ազատությունը սահմանափակող միջոցների, կալանավորվել կամ դատական կարգով վարչական պտասխանատվության ենթարկվել առանց խորհրդարանի համաձայնության:
(18-րդ հոդվածը խմբ. 22.11.1995թ.)
Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի, նրա մարմինների գործունեության կարգը սահմանվում է խորհրդարանի կանոնակարգով և այլ օրենսդրական ակտերով:
|
ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Կ. ԲԱԲՈՒՐՅԱՆ |
|
ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐ` |
Վ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
22 դեկտեմբերի 1994 թվականի,
քաղ. Ստեփանակերտ |
|