ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի
հոկտեմբերի 30-ին
ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված հարաբերությունները:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
գեոդեզիա` երկրագնդի ձևի, չափերի, ծանրաչափական դաշտի, Երկրի մակերևույթի կետերի կոորդինատների որոշման հետ կապված գիտական, տեխնիկական և արտադրական գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.
գեոդեզիական և քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գիտական, տեխնիկական, արտադրական և կառավարչական գործունեություն, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում ծառայությունների մատուցման գործունեություն.
գեոդեզիական կետ` կառուցվածք, որով տեղանքում տեղադրված են երկրագնդի ֆիզիկական մակերևույթի կետերը` որոշվող կոորդինատներով և բարձրություններով.
գեոդեզիական ցանց` մեկը մյուսին կապակցված գեոդեզիական կետերի ամբողջություն.
գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ` գեոդեզիական և քարտեզագրական նյութերի ու տվյալների, ինչպես նաև արտադրանքի ստեղծման գործընթաց.
երկրագնդի հեռահար զոնդավորում` տիեզերքից կատարված նկարահանումների միջոցով Երկրի մակերևույթի վերաբերյալ տվյալների ստացման գործընթաց.
կոորդինատային համակարգ` երկրագնդի ֆիզիկական մակերևույթի կետերին կոորդինատներ վերագրելու մաթեմատիկական կանոններ.
մասշտաբ` համամասնություն, որը սահմանում (հաստատում) է հարաբերակցությունը քարտեզագրական պատկերում արտահայտված օբյեկտի գծային չափերի և բնության մեջ նրա իրական չափերի միջև.
մասշտաբային շարք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ընդունված պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի որոշակի մասշտաբների հստակ համակարգ.
տեղական կոորդինատային համակարգ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորը չգերազանցող սահմանափակ տարածքի համար սահմանված պայմանական կոորդինատային համակարգ, որի կոորդինատների սկիզբը և կոորդինատային առանցքների կողմնորոշումը շեղված են պետական միասնական կոորդինատային համակարգի նկատմամբ, որը կիրառվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ.
տարածական տվյալներ` օբյեկտների վերաբերյալ տարածական տեղեկություններ, որոնք ընդգրկում են տեղեկություններ դրանց տեղադիրքի, ձևի և հատկությունների մասին.
տարածական մետատվյալներ` տվյալների հավաքածու, որոնք թույլ են տալիս նկարագրել տարածական տվյալների բնութագրերը.
քարտեզագրություն` քարտեզների ուսումնասիրման, ստեղծման և օգտագործման հետ կապված գիտական, տեխնիկական և արտադրական գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.
քարտեզագրագեոդեզիական ֆոնդ` գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստեղծված և հետագա օգտագործման նպատակներով երկարատև պահպանման ենթակա նյութերի ու տվյալների հավաքածու:
(1-ին հոդվածը խմբ. 21.02.2013 ՀՕ-10-Ն)
|
Հոդված 2. |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը |
1. Գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներն ըստ իրենց նշանակության դասակարգվում են.
ա/ պետական նշանակության աշխատանքների.
բ/ տեղական նշանակության աշխատանքների:
2. Պետական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`
ա/ երկրագնդի ձևի և արտաքին ծանրաչափական դաշտի պարամետրերի որոշումը.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի համար պետական /ազգային/ և միջազգային պլանային ու բարձունքային համակարգերի սահմանումը.
գ/ պետական գեոդեզիական /պլանային և բարձունքային/ ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը.
դ/ պետական ծանրաչափական ցանցի ստեղծումը և զարգացումը.
ե/ պետական գեոդինամիկական ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը.
զ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված գեոդեզիական աշխատանքների կատարումը.
է/ գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովումը, գեոդեզիական գործիքների և սարքավորումների հաշվառումը, գրանցումը, սերտիֆիկացումը, տեխնիկական նորմերի և ստանդարտների սահմանումը.
ը/ գեոդեզիական և ծանրաչափական ցանցերի կետերի քարտադարանների /կատալոգների/ ստեղծումը և վարումը.
թ/ գեոդեզիական և ծանրաչափական չափումների արդյունքում ստացված նյութերի ու տվյալների ֆոնդերի /տեղեկատվական բանկի/ ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.
ժ/ գեոդեզիայի ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը.
ժա/ (կետն ուժը կորցրել է 21.12.2011 ՀՕ-83-Ն)
ժբ/ գեոդեզիական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.
ժգ/ պետական գեոդեզիական ցանցի կետերի պահպանությունը.
ժդ) նավիգացիոն գործունեության իրականացման նպատակով գեոդեզիական դիտարկումներ:
3. Տեղական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`
ա/ ճյուղային, տարածքային և տեղական ծրագրերի /գեոդինամիկա, քաղաքաշինություն, բնության պահպանություն, հանքավայրերի շահագործում, կադաստրի, հողերի ծրաչափություն և հողաշինարարական այլ աշխատանքներ/ իրականացման հետ կապված խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի ստեղծումը կոորդինատային տարբեր /տեղական և պայմանական/ համակարգերում.
բ/ խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի քարտադարանների ստեղծումն ու վարումը:
4. Պետական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`
ա/ տեղագրական քարտեզների և հատակագծերի պետական մասշտաբային շարքի սահմանումը.
բ) հանութային աշխատանքների իրականացումը, պետական մասշտաբային շարքի տեղագրական, հատուկ և նավիգացիոն քարտեզների ստեղծումը, դրանց թարմացումը և բազմացումը.
գ) երկրագնդի հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նյութերի մշակումը, տիեզերական և օդահանութային (աերոհանութային) աշխատանքների արդյունքում ստացված նյութերի ֆոտոգրամետրիկ մշակումը քարտեզների ստացման նպատակով.
դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված քարտեզագրական աշխատանքների կատարումը.
ե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գտնվող այլ տարածքների քարտեզագրումը.
զ) աշխարհագրական անվանումների պետական գրանցման իրականացումը, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծումն ու վարումը և դրանց տվյալների հիման վրա պաշտոնական տեղեկատուների, ընդհանուր և թեմատիկ բառարանների, ցանկերի ստեղծումն ու հրատարակումը.
է/ հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների /այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ատլասի, կրթական համակարգի համար ուսումնական և այլ պաշտոնական քարտեզների/ ստեղծումը և հրատարակումը.
ը/ քարտեզագրական աշխատանքների իրականացման համար կիրառվող սարքավորումների հաշվառումը, գրանցումը, չափաբանական ապահովումը, սերտիֆիկացումը, նորմերի և ստանդարտների սահմանումը.
թ/ պետական բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը և վարումը.
ժ/ պետական մասշտաբային շարքի քարտեզների ու հատակագծերի և հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների ֆոնդի /տեղեկատվական բանկի/ ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.
ժա/ քարտեզագրության ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոն-ստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը.
ժբ/ (կետն ուժը կորցրել է 21.12.2011 ՀՕ-83-Ն)
ժգ/ քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.
5. Տեղական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`
ա/ ճյուղային, տարածքային և տեղական ծրագրերի իրականացման նպատակով տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների /կադաստրային, գյուղատնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական, ոռոգելի հողերի, երկրաբանական, տնտեսական, կլիմայական, պատմական, տուրիստական, հողերի ծրաչափության, հողաշինարարական գեոդինամիկայի և այլն/ ստեղծումն ու հրատարակումը.
բ/ գերատեսչական և տեղական /համայնքային/ երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը և վարումը.
գ/ անշարժ գույքի միավորի սահմաններում կադաստրային քարտեզագրական աշխատանքների իրականացումը:
(2-րդ հոդվածը փոփ. 21.12.2011 ՀՕ-83-Ն, լրաց., խմբ. 21.02.2013 ՀՕ-10-Ն)
|
Հոդված 3. |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները և օբյեկտները |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, միջազգային կազմակերպությունները:
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները կարող են հանդես գալ որպես գեոդեզիական և քատեզագրական աշխատանքների պատվիրատուներ, գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստեղծված նյութերի և տվյալների օգտագործողներ:
2. Գեոդեզիայի և քարտեզագրության օբյեկտներ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը և նրա առանձին մասերը, երկրագնդի մնացած տարածքները և տիեզերքի բնական երկնային մարմինները:
Գ Լ ՈՒ Խ 2
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
|
Հոդված 4. |
Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`
ա/ իրականացնում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական քաղաքականությունը.
բ/ հաստատում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերը և ծրագրերը.
գ/ սահմանում է կոորդինատային, բարձունքային, ծանրաչափական չափումների միասնական պետական համակարգերը, պետական տեղագրական քարտեզների և հատակագծերի մասշտաբային շարքերը.
դ/ սահմանում է պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը.
ե/ սահմանում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների վերահսկողության կարգը.
զ/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
|
Հոդված 5. |
Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը |
Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը /այսուհետ` լիազորված մարմին/`
ա/ ապահովում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական կառավարման իրականացումը.
բ/ իրականացնում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները.
գ/ իրականացնում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերի և ծրագրերի մշակումը, վերահսկում է դրանց իրականացումը.
դ/ սահմանված կարգով իրականացնում է գեոդեզիական և քարտեզագրական գործունեության վերահսկողություն.
ե/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և երկրագնդի մնացած տարածքների գեոդեզիական, տեղագրական և քարտեզագրական տվյալների բանկի կառավարումը.
զ/ սահմանված կարգով գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներին ամբողջական տեղեկություններ է տրամադրում իրենց առնչվող տարածքների գեոդեզիական և քարտեզագրական ուսումնասիրվածության մասին.
է/ հանդես է գալիս որպես պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու.
ը/ հաստատում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների նախագծային փաստաթղթերը.
թ/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման աշխատանքները և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը.
ժ/ իրականացնում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները:
(5-րդ հոդվածը փոփ. 21.02.2013 ՀՕ-10-Ն)
|
Հոդված 6. |
Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական կառավարման այլ մարմինների իրավասությունը |
Պետական կառավարման մարմինը`
ա/ իրականացնում է ճյուղային և տարածքային ծրագրերի իրագործման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները.
բ/ իրականացնում է ճյուղային և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված խտացման և հատուկ ցանցերի կետերի քարտադարանների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.
գ/ իրականացնում է ճյուղային և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.
դ/ իրականացնում է տվյալ պետական կառավարման մարմնի տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղադրված գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի պահպանումը.
ե/ վարում է այդ բնագավառին առնչվող տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական տվյալների բանկը.
զ/ լիազորված մարմնին սահմանված կարգով տրամադրում է գեոդեզիական և քարտեզագրական բնույթի նյութեր.
է/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
|
Հոդված 7. |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում համայնքի ղեկավարը`
ա/ իրականացնում է տեղական ծրագրերի իրագործման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները.
բ/ իրականացնում է տեղական ծրագրերի իրագործումից ստեղծված խտացման և հատուկ ցանցերի կետերի քարտադարանների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.
գ/ իրականացնում է տեղական ծրագրերի իրագործումից ստեղծված տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.
դ/ ապահովում է համայնքի տարածքում պետական գեոդեզիական ցանցի կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի պահպանության աշխատանքները.
ե/ լիազորված մարմնին տրամադրում է տեղագրական և քարտեզագրական բնույթի նյութեր ու տվյալներ:
Գ Լ ՈՒ Խ 3
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
|
Հոդված 8. |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության կարգավորման նորմատիվ իրավական ակտերի համակարգը, նորմատիվ տեխնիկական և գեոդեզիական ու քարտեզագրական ծրագրային փաստաթղթերը |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի համակարգը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և նորմատիվ իրավական այլ ակտերից:
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի համակարգը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է այդ աշխատանքների նկատմամբ ներկայացվող տեխնիկական պահանջները, նորմերը և ստանդարտները:
Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը հաստատում է լիազորված մարմինը: Այդ փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ իրականացնող բոլոր սուբյեկտների համար:
3. Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթերը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց են:
Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթեր են`
ա/ պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայցակարգերը և ծրագրերը.
բ/ գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների տեխնիկական նախագծերը և տեխնիկական հաշվետվությունները:
|
Հոդված 9. |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության չափաբանական ապահովումը |
1. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գեոդեզիական չափումների, քարտեզագրական ստանդարտների միասնականության ապահովումը, գեոդեզիական և քարտեզագրական սարքերի և գործիքների փորձարկումների իրականացումը, այդ գործիքների ու սարքերի սերտիֆիկացումը, չափաբանական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը: Չափաբանական նորմատիվների և ստանդարտների սահմանումն իրականացնում է լիազորված մարմինը` համաձայնեցնելով սերտիֆիկացման և ստանդարտացման պետական լիազորված մարմնի հետ:
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման, գրանցման և սերտիֆիկացման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
|
Հոդված 10. |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության ֆինանսավորումը |
1. Պետական կարիքների համար իրականացվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հաստատված ծրագրերի հիման վրա:
Այլ նպատակների համար իրագործվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը ֆինանսավորվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին:
Համայնքային ծրագրերի իրականացման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
2. Պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու և /կամ/ կատարող հանդիսացող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները պարտադիր կարգով պետք է օգտագործեն նախկինում ստեղծված գեոդեզիական և քարտեզագրական նյութերն ու տվյալները, եթե դրանք բավարարում են տվյալ աշխատանքների համար սահմանված նորմատիվ պահանջները:
Պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նյութերի առկայության, տարածքների ուսումնասիրվածության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է լիազորված մարմինը:
|
Հոդված 11. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդը |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստացված պետական գեոդեզիական պլանային և բարձունքային, պետական ծանրաչափական, գեոդինամիկական ցանցերի կետերի քարտադարանները, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզները և հատակագծերը /գրաֆիկ, թվային և այլ ձևերով/, հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունները, օդահանութային և տիեզերահանութային նյութերն ու տվյալները, պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված գեոդեզիական և քարտեզագրական այլ նյութերն ու տվյալները ձևավորում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդը` տեղեկատվական բանկը:
2. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ընդգրկում է պետական նշանակություն ունեցող աշխատանքների իրականացումից ստացված նյութերն ու տվյալները և գտնվում է լիազորված մարմնի տնօրինության տակ:
Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման, տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերից և տվյալներից օգտվելու համար սահմանված կարգով գանձվում է վճար:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերն ու տվյալները պետական սեփականություն են:
5. Տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստեղծված գերատեսչական ֆոնդերն ստեղծում է պետական կառավարման տվյալ մարմինը, որի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է համապատասխան մարմինը` համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:
6. Տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքը տեղեկատվական ռեսուրսների ամբողջականություն է, որը նախատեսված է տարածական տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության, արդիականացման, պահպանման և սպառողին տվյալների տրամադրման համար և բաղկացած է պետական տարածական տվյալների բանկից, ճյուղային, տարածքային և համայնքային տարածական տվյալների բանկից, մետատվյալների բանկից, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց տարածական տվյալների բանկից:
7. Տարածական տվյալների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձևավորումը, վարումը և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
(11-րդ հոդվածը լրաց. 21.02.2013 ՀՕ-10-Ն)
|
Հոդված 12. |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության լիցենզավորումը |
(12-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.12.2011 ՀՕ-83-Ն)
|
Հոդված 13. |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական վերահսկողությունը |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը` գեոդեզիական պետական տեսչության միջոցով:
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական խնդիրներն են`
ա/ գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բոլոր սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների պահպանման վերահսկողությունը.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը.
գ/ գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.
ե/ քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումների ճիշտ արտահայտման նկատմամբ վերահսկողությունը.
զ/ պետական և տեղական նշանակության /գերատեսչական/ քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը.
է/ պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխա-տանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը, բացառությամբ անշարժ գույքի միավորի սահմաններում կադաստրային քարտեզագրական աշխատանքների:
3. Գեոդեզիական պետական տեսչությունն իրավունք ունի`
ա/ գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներից տեղեկատվություն ստանալ սույն օրենքով նախատեսված գործառույթների իրագործման համար, ինչպես նաև ծանոթանալ գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառին վերաբերող անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ.
բ/ պահանջել գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կազմակերպման ու կատարման, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքով ստացված գեոդեզիական և քարտեզագրական նյութերի ու տվյալների կուտակման, հաշվառման, պահպանման, օգտագործման և իրացման կարգի, հայտնաբերված խախտումների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման ցուցումներ, ենթարկել վարչական տույժերի, իրավասու պետական մարմիններին տրամադրել համապատասխան տեղեկատվություն:
4. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության վերահսկողության կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 14. |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության թույլտվությունը պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տվյալներից օգտվելու համար |
1. Պետական գեոդեզիական ցանցի կետերից, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներից ու հատակագծերից և պետական ու ծառայողական գաղտնիք բովանդակող այլ նյութերից ու տվյալներից օգտվելու համար լիազորված մարմինը տալիս է թույլտվություն:
2. Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 15. |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակներով |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումը Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակներով իրագործում են պաշտպանության և գեոդեզիայի ու քարտեզագրության պետական կառավարման լիազորված մարմինները: Այդ մարմինների իրավասությունը վերոնշյալ բնագավառում որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 16. |
Պետական գեոդեզիական ցանցերի կետերի պահպանությունը |
1. Պետական գեոդեզիական /պլանային և բարձունքային/ ցանցերի և ծանրաչափական ցանցերի կետերը, այդ կետերի վերգետնյա նշանները և կենտրոնները /այսուհետ` գեոդեզիական կետեր/ համարվում են պետական սեփականություն:
2. Գեոդեզիական կետերի արտաքին նշանների քանդումը կամ կենտրոնների վերահիմնումը կատարվում է միայն լիազորված մարմնի թուլտվությամբ:
3. Գեոդեզիական կետերի ստեղծման, պահպանման և սպասարկման խնդիրները կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով:
4. Գեոդեզիական կետերի պահպանությունը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս` շրջանի վարչակազմի ղեկավարը: Շրջանների վարչակազմերի և համայնքների ղեկավարները պարտավոր են լիազորված մարմնին տեղյակ պահել գեոդեզիական կետերի ոչնչացման կամ վնասման բոլոր դեպքերի մասին:
5. Գեոդեզիական կետերի պահպանության կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 4
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ
ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
|
Հոդված 17. |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված վեճերի լուծումը |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
|
Հոդված 18. |
Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար |
Սույն օրենքը խախտելու համար գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Հոդված 19. |
Սույն օրենքը խախտելու հետևանքով պատճառված վնասների հատուցումը |
1. Սույն օրենքի խախտման հետևանքով վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառած վնասը հատուցում է վնասը հասցրած անձը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ
ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
|
Հոդված 20. |
Միջազգային համագործակցությունը գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում |
Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է սույն օրենքին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կարգավորվում է սույն օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
|
Հոդված 21. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 նոյեմբերի 2002թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-12 |
|