Համարը 
N 273-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.04.19/06(370)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.04.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.04.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.04.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ, ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2019թ.

N 273-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ, ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ

 ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ

 20-Ի N 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական նպաստների համակարգման, հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել՝

1) պետական նպաստների նշանակման և վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) չափահասության նպաստի տրամադրման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝

1) առանձին խմբերի անձանց նշանակվում և վճարվում են ամենամսյա պետական նպաստներ.

2) երեխայի ծննդյան դեպքում ծնողին տրամադրվում է ծննդյան միանվագ նպաստ, որը հաշվարկվում է ծննդյան միանվագ նպաստի բազային չափի և ծնված երեխայի հաջորդականությամբ պայմանավորված՝ գործակցի արտադրյալով.

3) ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային՝ 18 տարին լրանալու դեպքում, տրամադրվում է չափահասության նպաստ.

4) հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի համար գնվում է բնակարան կամ բնակելի տուն կամ կառուցվում բնակելի տուն:

(2-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

3. Սահմանել՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 30.12.21 N1511-Ն)

2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի բազային չափը՝ 100 000 ՀՀ դրամ:

(3-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

4. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին՝ ապահովել սույն որոշման հանրային իրազեկումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

6. Սահմանել, որ.

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող պետական նպաստների նշանակման և վճարման կարգին համապատասխան պետական նպաստի իրավունք ձեռք բերած 18 տարին չլրացած չորս երեխա ունեցող ընտանիքներին պետական նպաստ նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև պետական նպաստի բազային չափի բազմապատիկ գործակիցները կարգավորվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող պետական նպաստների նշանակման և վճարման կարգով.

2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգին համապատասխան ծննդյան միանվագ նպաստի իրավունք ձեռք բերած անձանց ծննդյան միանվագ նպաստը վճարվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգին համապատասխան.

3) մինչև 2019 թվականի հունվարի 1-ը բացված ժամկետային ավանդների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ժամկետային ավանդների բացման կարգով.

4) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ժամկետային ավանդների բացման կարգին համապատասխան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ժամկետային ավանդի բացման իրավունքը ծագած անձանց համար ավանդները բացվում են՝ հաշվի չառնելով երեխայի ծնվելու օրվանից վեց ամսվա ընթացքում դիմելու սահմանափակումը:

(6-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» N 15-Ն որոշումը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական նպաստների (այսուհետ՝ նպաստ) նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները:

Սույն կարգի գործողությունը տարածվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

2. Նպաստի իրավունք ունի 18 տարին չլրացած այն անձը.

1) որը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից ճանաչվել է հաշմանդամ երեխա (այսուհետ՝ հաշմանդամ երեխա)՝ 21 600 ՀՀ դրամի չափով.

2) որի ծնողները ամուսնության մեջ չեն գտնվում և ճանաչված չէ հայրությունը (այսուհետ՝ միայնակ մոր երեխա)՝ 14 500 ՀՀ դրամի չափով.

3) որի ծնողները (միակ ծնողը) մահացել են (է), զրկվել են (է) ծնողական իրավունքներից, ճանաչվել են (է) անգործունակ, խուսափում են (է) երեխայի դաստիարակությունից կամ նրա իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են (է) մահացած կամ անհայտ են (է) (այսուհետ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխա)՝ 50 000 ՀՀ դրամի չափով.

4) որի ծնողներից մեկը մահացել է, զրկվել է ծնողական իրավունքներից, ճանաչվել է անգործունակ, խուսափում է նրա դաստիարակությունից կամ իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած (այսուհետ՝ միակողմանի ծնողազուրկ երեխա)՝ 25 200 ՀՀ դրամի չափով.

5) որի ծնողը զոհվել (մահացել) է Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ (այսուհետ՝ զոհված զինծառայողի երեխա)՝ 50 000 ՀՀ դրամի չափով.

6) որի օգտին դատական կարգով սահմանված է ալիմենտ (այսուհետ՝ ալիմենտ ստացող երեխա)՝ 9 500 ՀՀ դրամի չափով.

7) որի ծնողը շարքային կամ կրտսեր հրամանատարական կազմի ժամկետային զինծառայող է (այսուհետ՝ ժամկետային զինծառայողի երեխա)՝ 10 800 ՀՀ դրամի չափով.

8) որի ծնողը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից ճանաչվել է 1-ին խմբի հաշմանդամ՝ անկախ հաշմանդամության պատճառական կապից (այսուհետ՝ 1-ին խմբի հաշմանդամի երեխա)՝ 18 000 ՀՀ դրամի չափով.

9) որի ծնողը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից ճանաչվել է 2-րդ խմբի հաշմանդամ՝ անկախ հաշմանդամության պատճառական կապից (այսուհետ՝ 2-րդ խմբի հաշմանդամի երեխա)՝ 10 800 ՀՀ դրամի չափով:

(2-րդ կետը խմբ. 30.12.21 N1511-Ն)

2.1. Նպաստի իրավունք ունի մինչև 18 տարեկան չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքի՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր երեխան (այսուհետ՝ 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխա)՝ 10 800 ՀՀ դրամի չափով։ Սույն կետով սահմանված նպաստի իրավունքը պահպանվում է մինչև 18 տարեկան երեք երեխա ունեցող այն ընտանիքի 18 տարին չլրացած երեխաների համար, որի ավագ երեխայի 18 տարին լրացել է 2009 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո՝ 7 500 ՀՀ դրամի չափով։

(2.1-ին կետը լրաց. 30.12.21 N1511-Ն)

2.2. Նպաստի իրավունք ունի 18 տարին չլրացած այն անձը, որը ծնվել է 2019 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո և հանդիսանում է ընտանիքի 3-րդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխան (անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից)՝ 4 200 ՀՀ դրամի չափով:

(2.2-րդ կետը լրաց. 30.12.21 N1511-Ն)

2.3. Նպաստի իրավունք ունի 6 տարեկանը չլրացած այն անձը, որը ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո և հանդիսանում է ընտանիքի 3-րդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխան (անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից)՝ 50 000 ՀՀ դրամի չափով։

(2.3-րդ կետը լրաց. 30.12.21 N1511-Ն)

2.4. Սույն կարգի 2-րդ, 2.1-ին և 2.3-րդ կետերով սահմանված՝ մեկից ավելի նպաստի իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ նպաստ՝ սույն կարգի 5-րդ կետում նշված՝ նպաստ նշանակելու համար դիմող անձի ընտրությամբ։

(2.4-րդ կետը լրաց. 30.12.21 N1511-Ն)

2.5. Սույն կարգի 2.2-րդ կետով սահմանված նպաստը նշանակվում է անկախ սույն կարգով սահմանված այլ նպաստի իրավունք ունենալու հանգամանքից։

(2.5-րդ կետը լրաց. 30.12.21 N1511-Ն)

2.6. Նպաստի իրավունք ունի մինչև երկու տարեկան երեխա խնամող անձը (երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը)՝ 33 000 ՀՀ դրամի չափով:

(2.6-րդ կետը լրաց. 30.12.21 N1511-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 30.12.21 N1511-Ն)

4. Մինչև 18 տարեկան երեխան նպաստի իրավունք ունի, եթե.

1) երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալն ունի Արցախի Հանրապետությունում հաշվառում.

2) երեխայի ծնողներից մեկը զինվորական ծառայություն է անցնում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերում (բացառությամբ՝ շարքային և կրտսեր հրամանատարական կազմերի ժամկետային զինծառայողների)՝ անկախ Արցախի Հանրապետությունում հաշվառում ունենալու հանգամանքից:

(4-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

5. Նպաստը նշանակվում է նպաստի իրավունք ունեցող անձին, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված ծնողին, որդեգրողին կամ խնամակալին՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) տարածքային բաժինների (այսուհետ՝ տարածքային բաժին) կողմից: 14 տարին լրացած անձն իրավունք ունի նպաստ նշանակելու համար դիմելու անձամբ:

(5-րդ կետը փոփ. 02.02.21 N 52-Ն, խմբ. 30.12.21 N1511-Ն)

6. Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձինք նպաստի իրավունք ունեն, եթե.

1) երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալն ունի Արցախի Հանրապետությունում հաշվառում.

2) երեխայի ծնողներից մեկը զինվորական ծառայություն է անցնում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերում (բացառությամբ՝ շարքային և կրտսեր հրամանատարական կազմերի ժամկետային զինծառայողների)՝ անկախ Արցախի Հանրապետությունում հաշվառում ունենալու հանգամանքից։

(6-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 30.12.21 N1511-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 30.12.21 N1511-Ն)

9. Որդեգրողները նպաստի իրավունք ունեն ծնողներին համահավասար, իսկ որդեգրվածները՝ հարազատ զավակներին համահավասար:

10. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող անձը նպաստի իրավունք չունի:

11. Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի տվյալները, գործակալության տարածքային բաժինները գրավոր ծանուցում են (2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից ժամանակավոր դուրս մնացած համայնքներում հաշվառված անձանց դեպքում՝ Արցախի Հանրապետության համապատասխան շրջանների վարչակազմերի միջոցով) նախորդ ամսվա ընթացքում ծնված երեխաների ծնողներին՝ նպաստ նշանակելու համար դիմելու մասին։

(11-րդ կետը խմբ. 30.12.21 N1511-Ն)

12. Նպաստը նշանակվում և վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ամիսների համար, որի ընթացքում անձը նպաստի իրավունք է ունեցել:

(12-րդ կետը փոփ. 02.02.21 N 52-Ն, խմբ. 30.12.21 N1511-Ն) 

13. Նպաստ նշանակելու համար սույն կարգի 5-րդ կետում նշված անձը ցանկացած տարածքային բաժին է ներկայացնում գրավոր դիմում, տեղեկանք փաստացի բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին, ինչպես նաև՝

1) հաշմանդամ երեխաների, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքները և դրանց պատճենները.

2) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծնողի մահվան վկայականը կամ մահացած կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքից զրկելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը, կամ երեխայի (երեխաների) դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից խուսափելու փաստը հաստատող համապատասխան տեղեկանք (տեղեկանքներ) և դրանց պատճենները.

3) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները) կամ մահացած կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքից զրկելու մասին դատարանի վճիռը (վճիռները) կամ ծնողի (ծնողների) անհայտ լինելու կամ երեխայի (երեխաների) դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից խուսափելու փաստը հաստատող համապատասխան տեղեկանք (տեղեկանքներ) և դրանց պատճենները.

4) միայնակ մոր երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծննդյան վկայականում հոր վերաբերյալ տեղեկությունների գրանցման մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված տեղեկանքը և դրա պատճենը.

5) ալիմենտ ստացող երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ ալիմենտ սահմանելու մասին դատարանի վճիռը, ամուսնալուծության կամ հայրության ճանաչման վկայականը և դրանց պատճենները.

6) ժամկետային զինծառայողների երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծնողի՝ ժամկետային զինծառայության մեջ գտնվելու մասին զինվորական մասից տրված տեղեկանքը.

7) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծնողի մահվան վկայականը և դրա պատճենը, համապատասխան պետական լիազոր մարմնի տված տեղեկանքը` ծնողի զոհվելու մասին:

Արցախի Հանրապետությունում հաշվառում չունեցող, սակայն Արցախի Հանրապետությունում զինվորական ծառայություն անցնող անձինք ներկայացնում են նաև Արցախի Հանրապետությունում զինծառայության մեջ գտնվելու մասին զինվորական մասից տրված տեղեկանքը:

(13-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

14. Եթե երեխայի ծնողներից մեկն ունի Հայաստանի Հանրապետությունում հաշվառում, ապա նպաստը նշանակվում է վերջինիս հաշվառման վայրի նպաստ նշանակող ստորաբաժանումից նպաստի գործը կամ նմանատիպ նպաստ նշանակված չլինելու մասին տեղեկանք ստանալու դեպքում:

(14-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

15. Նպաստ նշանակելու համար դիմումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ընդունելուց հետո նպաստ նշանակող ստորաբաժանումը յոթ աշխատանքային օրվա ընթացքում դրանք քննարկում է և կայացնում որոշում:

16. Դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում տարածքային բաժինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է անձին՝ նշելով մերժելու պատճառը, բողոքարկելու կարգը և վերադարձնում բոլոր փաստաթղթերը:

(16-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

17. Նպաստ նշանակելու դեպքում տարածքային բաժինը անձի համար կազմում է նպաստի գործ, որտեղ պահվում են սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը:

(17-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

18. (կետն ուժը կորցրել է 30.12.21 N1511-Ն)

19. Ընտանիքում նպաստ ստանալու իրավունք ունեցող երկու և ավելի անձանց դեպքում՝ նպաստ է նշանակվում և վճարվում յուրաքանչյուրի հաշվով:

20. Յուրաքանչյուր ամսվա նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ ըստ Արցախի Հանրապետությունում անձի փաստացի բնակության վայրի, իսկ անձի՝ գրավոր դիմելու դեպքում, վճարող կազմակերպության գրասենյակում:

21. Նպաստ վճարելու ծառայությունների ծախսերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:

22. Արցախի Հանրապետության տարածքում հաշվառման կամ բնակության վայրը փոխելու դեպքում անձը գրավոր դիմում է նոր հաշվառման կամ բնակության վայրի տարածքային բաժին՝ ներկայացնելով բնակվելու մասին տեղեկանքը: Նոր հաշվառման կամ բնակության վայրի տարածքային բաժինը նախկին հաշվառման կամ բնակության վայրի տարածքային բաժնից պահանջում է նպաստի գործը: Նպաստի գործը ստանալուց հետո ստուգվում են դրանում առկա փաստաթղթերի ճշտությունը, հաշվարկում նպաստի չափը և նպաստ վճարելը վերսկսվում է անձի նախկին բնակության վայրում նպաստի վճարման դադարեցման օրվանից:

(22-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

23. Նպաստի գործն ուղարկող տարածքային բաժինը նպաստի գործի հետ ուղարկում է նաև նպաստի վերջին վճարման մասին տեղեկանքը:

(23-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

24. Նպաստը կարող է վճարվել լիազորագրով: Նպաստը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել 12 ամսից ոչ ավելի՝ սկսած նպաստ չստացած ամսից:

25. Անձը պարտավոր է նպաստի իրավունք տվող հանգամանքների վերացման կամ փոփոխման մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնել տարածքային բաժնին:

(25-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

26. Նպաստից պահումներ կարող են կատարվել՝

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա.

2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, նպաստի իրավունք տվող հանգամանքների վերացման կամ փոփոխման մասին տեղեկություններ չներկայացնելու հետևանքով անձին ավել վճարված գումարները հետ գանձելու մասին տարածքային բաժնի որոշման և անձի գրավոր համաձայնության հիման վրա, եթե վճարված նպաստի գումարի չափը չի գերազանցում որոշում կայացնելու ամսվան հաջորդող ամսվա նպաստի գումարի հնգապատիկը:

Անձի համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ավել վճարված նպաստի գումարը գերազանցում է սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված չափը, ավել վճարված նպաստի գումարը բռնագանձվում է դատական կարգով՝ նախարարության կողմից ներկայացված հայցի հիման վրա:

(26-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

27. Նպաստից կատարվող պահումների չափը հաշվարկվում է անձին վճարվելիք ամսական գումարից:

28. Նպաստից կատարվող պահումների ընդհանուր գումարը պետք է չգերազանցի նպաստի 50 տոկոսը:

29. Տարածքային բաժնի աշխատակցի մեղքով (գործողությունների կամ անգործության արդյունքում) ավել վճարված նպաստի գումարը տարածքային բաժնի աշխատակցի համաձայնությամբ, տարածքային բաժնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա, պահվում է աշխատակցից, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ բռնագանձվում դատական կարգով:

(29-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

30. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամների երեխաներին կամ հաշմանդամ երեխաներին նշանակված նպաստը վճարելը կասեցվում է հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում՝ նշված հանգամանքի առաջացման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Կասեցված նպաստի վճարումը վերսկսվում է կասեցման օրվանից, եթե սույն կետի 1-ին պարբերության մեջ նշված անձը հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում կրկին հաշմանդամ ճանաչվելու և նպաստի իրավունքը պահպանելու դեպքում հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` հաշմանդամ ճանաչվելու օրվանից վեց ամսվա ընթացքում, տարածքային բաժին է ներկայացնում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված` հաշմանդամությունը հաստատող տեղեկանքը և դրա պատճենը:

Սույն կետով սահմանված կասեցման ժամանակահատվածի համար նպաստը վճարվում է մինչև կասեցումն ունեցած հաշմանդամության խմբի համար հաշվարկված նպաստի չափով:

(30-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

31. Նպաստ վճարելը դադարեցվում է`

1) անձի կամ նպաստի իրավունք ունեցող անձի մահվան, ինչպես նաև մահացած ճանաչվելու դեպքում.

2) անձի կողմից տասներկու ամիս անընդմեջ անձամբ նպաստ չստանալու դեպքում.

3) նպաստի իրավունք տվող հանգամանքների վերացման դեպքում.

4) նպաստի իրավունք ունեցող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամների երեխաների կամ հաշմանդամ երեխաների պարագայում` հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո, երեք ամսվա ընթացքում կրկին հաշմանդամ չճանաչվելու դեպքում.

5) անձի կամ նպաստի իրավունք ունեցող անձի՝ պետության լրիվ խնամքի տակ անցնելու դեպքում.

6) անձի կամ նպաստի իրավունք ունեցող անձի՝ օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում.

7) նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում:

32. Սույն կարգի 31-րդ կետում նշված դեպքերում նպաստ վճարելը դադարեցվում է դեպքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1‑ից:

33. Նշանակված, սակայն չստացված նպաստի գումարները վճարվում են անցած ժամանակահատվածի համար, սակայն դիմելու ամսվան նախորդող մեկ տարուց ոչ ավելի:

34. Տարածքային բաժնի մեղքով չվճարված նպաստի գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:

(34-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

35. Սույն կարգի 33-34-րդ կետերում նշված դեպքերում չստացված նպաստի գումարը վճարվում է միանվագ՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

36. Սույն կարգի 2-րդ կետում չընդգրկված՝ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը դրամական օգնություն ստացող Արցախի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում բնակվող 2-16 տարեկան անձանց վճարումները շարունակվում են 2 000 ՀՀ դրամի չափով:

(36-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

(Հավելված N 1-ը փոփ., խմբ. 02.02.21 N 52-Ն, խմբ., լրաց., փոփ. 30.12.21 N1511-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի (այսուհետ՝ միանվագ նպաստ) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Միանվագ նպաստը տրվում է երեխայի ծնողներից մեկին կամ միակ ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին՝

1) Արցախի Հանրապետությունում հաշվառում ունենալու դեպքում.

2) անկախ Արցախի Հանրապետությունում հաշվառում ունենալու հանգամանքից, եթե երեխայի ծնողներից մեկը զինվորական ծառայություն է անցնում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում՝ բացառությամբ շարքային և կրտսեր հրամանատարական կազմերի ժամկետային զինվորական ծառայություն անցնողներից:

Երեխայից հրաժարվելու դեպքում երեխայի ծնողները կորցնում են միանվագ նպաստի իրավունքը:

(2-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

3. Միանվագ նպաստի գործակիցներն են.

1) 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 3.0, իսկ երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկը կամ միակ ծնողը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված լինելու դեպքում՝ 5.0.

2) 3-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 5.0.

3) 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 7.0:

(3-րդ կետը խմբ. 02.02.21 N 52-Ն) 

4. Միանվագ նպաստ ստանալու համար սույն կարգի 2-րդ կետում նշված անձը գրավոր դիմում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) ցանկացած տարածքային բաժին (այսուհետ՝ տարածքային բաժին)՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը, իսկ ծնվելուց հետո չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթուղթը և դրա պատճենը.

2) տեղեկանք բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին.

3) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթուղթը և դրա պատճենը.

4) ծնողի կամ խնամակալի կամ որդեգրողի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

5) ծնողի կամ խնամակալի կամ որդեգրողի հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.

6) երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկի կամ միակ ծնողի հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթը և դրա պատճենը:

(4-րդ կետը խմբ. 02.02.21 N 52-Ն, փոփ. 30.12.21 N1511-Ն)

5. Եթե երեխայի ծնողներից մեկը հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում, ապա նպաստը նշանակվում է միանվագ նպաստ ստացած չլինելու մասին վերջինիս հաշվառման վայրի նպաստ նշանակող ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքի առկայության դեպքում:

(5-րդ կետը խմբ. 30.12.21 N1511-Ն)

6. Տարածքային բաժնում փաստաթղթերի բնօրինակները համադրվում են պատճենների հետ, պատճենների վրա կատարվում է «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը և կնքվում: Ծննդյան վկայականի բնօրինակի դարձերեսը կնքվում է, կատարվում է «Ծննդյան միանվագ նպաստը վճարված է» գրառումը, թվագրվում և ստորագրվում:

(6-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

7. Միանվագ նպաստը նշանակվում է երեխայի ծնողներից մեկի կամ միակ ծնողի կամ որդեգրողի կամ խնամակալի կողմից սույն կարգի 4-5-րդ կետերում նշված դիմումը և համապատասխան փաստաթղթերը տարածքային բաժին ներկայացնելու դեպքում:

(7-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

8. Միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

9. Միանվագ նպաստի նշանակման-վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը պահվում են տարածքային բաժնում և իրականացվում է առանձին հաշվառում:

(9-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

10. Գործակալության կողմից նախարարությանը ամսական երկու անգամ տրամադրված տեղեկությունների հիման վրա կազմվում է միանվագ նպաստ տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին հայտ-պահանջագիր և ներկայացվում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

11. Միանվագ նպաստի վճարումներն իրականացվում են «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի (այսուհետ՝ մասնաճյուղ) միջոցով՝ տարածքային բաժնի կողմից կազմված վճարման ցուցակներով: Վճարումները կատարելուց հետո մասնաճյուղերը կիսամյակային հաշվետվություն են ներկայացնում տարածքային բաժիններ, որոնք էլ, իրենց հերթին՝ նախարարություն:

(11-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

(Հավելված N 2-ը խմբ. 02.02.21 N 52-Ն, փոփ., խմբ. 30.12.21 N1511-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՉԱՓԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային՝ 18 տարին լրանալու դեպքում, չափահասության նպաստի (այսուհետ՝ նպաստ) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Նպաստի չափերն են.

1) 3-րդ երեխայի համար 500 000 ՀՀ դրամ.

2) 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 700 000 ՀՀ դրամ:

3. Նպաստը տրամադրվում է 18 տարին լրացած անձին (այսուհետ՝ անձ):

4. Անձը նպաստի իրավունք ունի, եթե հաշվառված է Արցախի Հանրապետությունում և նրա ծնվելու պահին ծնողները ունեցել են Արցախի Հանրապետության հաշվառում:

5. Նպաստ ստանալու համար անձը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) տարածքային բաժին (այսուհետ՝ տարածքային բաժին) է ներկայացնում.

1) դիմում.

2) իր և ծնող(ներ)ի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

3) իր և ծնող(ներ)ի հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշներ չստանալու վերաբերյալ տեղեկանքները և դրանց պատճենները.

4) անհրաժեշտության դեպքում սույն կարգով նախատեսված դրույթներին համապատասխան այլ փաստաթղթեր:

(5-րդ կետը փոփ. 02.02.21 N 52-Ն, 30.12.21 N1511-Ն)

6. Գործակալության կողմից նախարարությանը ամիսը մեկ անգամ տրամադրված տեղեկությունների հիման վրա կազմվում է 18 տարին լրացած անձանց նպաստ տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին հայտ-պահանջագիր և ներկայացվում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

7. Նպաստի վճարումներն իրականացվում են «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի (այսուհետ՝ մասնաճյուղ) միջոցով՝ տարածքային բաժնի կողմից կազմված վճարման ցուցակներով: Վճարումները կատարելուց հետո մասնաճյուղերը կիսամյակային հաշվետվություն են ներկայացնում տարածքային բաժիններ, որոնք էլ, իրենց հերթին, նախարարություն:

(7-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)

8. Նպաստը ծնողին կամ խնամակալին տրամադրվում է այն դեպքում, երբ սույն կարգի 1-ին կետում նշված երեխան մահացել է երկու ամիսը լրանալուց հետո: Նպաստը ստանալու համար ծնողը կամ խնամակալը տարածքային բաժին է ներկայացնում երեխայի մահվան վկայականի պատճենը և իր անձը հաստատող փաստաթուղթը: (3-րդ նախ-ը հանվել է 30.12.21 N1511-Ն)

(Հավելված N 3-ը փոփ. 02.02.21 N 52-Ն, 30.12.21 N1511-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ