ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ, ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ
ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ
20-Ի N 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 85-րդ, «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 27-րդ և «Իրավական ակտերի մասին» օրենքի 73-րդ հոդվածները՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 04.07.22 N 761-Ն, լրաց. 23.05.23 N 383-Ն)
1. Սահմանել՝
1) պետական նպաստների նշանակման և վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) չափահասության միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 04.07.22 N 761-Ն, 23.05.23 N 383-Ն)
2. Սահմանել, որ Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝
1) առանձին խմբերի անձանց նշանակվում և վճարվում են ամենամսյա պետական նպաստներ.
2) երեխայի ծննդյան դեպքում ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին նշանակվում և վճարվում է ծննդյան միանվագ նպաստ.
3) ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային՝ կամ նրա ծնողին նշանակվում և վճարվում է չափահասության միանվագ նպաստ.
4) հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի համար գնվում է բնակարան կամ բնակելի տուն կամ կառուցվում բնակելի տուն:
(2-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն, 04.07.22 N 761-Ն, խմբ. 23.05.23 N 383-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 23.05.23 N 383-Ն)
4. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին՝ ապահովել սույն որոշման հանրային իրազեկումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
6. Սահմանել, որ.
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող պետական նպաստների նշանակման և վճարման կարգին համապատասխան պետական նպաստի իրավունք ձեռք բերած 18 տարին չլրացած չորս երեխա ունեցող ընտանիքներին պետական նպաստ նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև պետական նպաստի բազային չափի բազմապատիկ գործակիցները կարգավորվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող պետական նպաստների նշանակման և վճարման կարգով.
2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգին համապատասխան ծննդյան միանվագ նպաստի իրավունք ձեռք բերած անձանց ծննդյան միանվագ նպաստը վճարվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգին համապատասխան.
3) մինչև 2019 թվականի հունվարի 1-ը բացված ժամկետային ավանդների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ժամկետային ավանդների բացման կարգով.
4) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ժամկետային ավանդների բացման կարգին համապատասխան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ժամկետային ավանդի բացման իրավունքը ծագած անձանց համար ավանդները բացվում են՝ հաշվի չառնելով երեխայի ծնվելու օրվանից վեց ամսվա ընթացքում դիմելու սահմանափակումը:
(6-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)
7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» N 15-Ն որոշումը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական նպաստների (այսուհետ՝ նպաստ) նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները:
Սույն կարգի գործողությունը տարածվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
2. Նպաստի իրավունք ունի 18 տարին չլրացած այն անձը.
1) որը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից ճանաչվել է հաշմանդամ երեխա (այսուհետ՝ հաշմանդամ երեխա)՝ 21 600 ՀՀ դրամի չափով.
2) որի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ մոր ցանկությամբ հոր մասին տեղեկությունը չի լրացվել (այսուհետ՝ միայնակ մոր երեխա)՝ 14 500 ՀՀ դրամի չափով.
3) որի ծնողները (միակ ծնողը) մահացել են (է), զրկվել են (է) ծնողական իրավունքներից, ճանաչվել են (է) անգործունակ, խուսափում են (է) երեխայի դաստիարակությունից կամ նրա իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են (է) մահացած կամ անհայտ են (է) (այսուհետ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխա)՝ 50 000 ՀՀ դրամի չափով.
4) որի ծնողներից մեկը մահացել է, զրկվել է ծնողական իրավունքներից, ճանաչվել է անգործունակ, խուսափում է նրա դաստիարակությունից կամ իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած (այսուհետ՝ միակողմանի ծնողազուրկ երեխա)՝ 25 200 ՀՀ դրամի չափով.
5) որի ծնողներից մեկը զոհվել (մահացել, դատական կարգով ճանաչվել է մահացած) կամ անհայտ կորել է (դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող) Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ (այսուհետ՝ զոհված զինծառայողի երեխա)՝ 50 000 ՀՀ դրամի չափով.
6) որի օգտին դատական կարգով սահմանված է ալիմենտ (այսուհետ՝ ալիմենտ ստացող երեխա)՝ 9 500 ՀՀ դրամի չափով.
7) (ենթակետն ուժը կորցրել է 23.05.23 N 383-Ն)
8) որի ծնողը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից ճանաչվել է 1-ին խմբի հաշմանդամ՝ անկախ հաշմանդամության պատճառական կապից (այսուհետ՝ 1-ին խմբի հաշմանդամի երեխա)՝ 18 000 ՀՀ դրամի չափով.
9) որի ծնողը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից ճանաչվել է 2-րդ խմբի հաշմանդամ՝ անկախ հաշմանդամության պատճառական կապից (այսուհետ՝ 2-րդ խմբի հաշմանդամի երեխա)՝ 10 800 ՀՀ դրամի չափով:
(2-րդ կետը խմբ. 30.12.21 N1511-Ն, փոփ., խմբ. 23.05.23 N 383-Ն)
2.1. Նպաստի իրավունք ունի մինչև 18 տարեկան չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքի՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր երեխան (այսուհետ՝ 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխա)՝ 10 800 ՀՀ դրամի չափով։ Սույն կետով սահմանված նպաստի իրավունքը պահպանվում է մինչև 18 տարեկան երեք երեխա ունեցող այն ընտանիքի 18 տարին չլրացած երեխաների համար, որի ավագ երեխայի 18 տարին լրացել է 2009 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո՝ 7 500 ՀՀ դրամի չափով։
(2.1-ին կետը լրաց. 30.12.21 N1511-Ն)
2.2. Նպաստի իրավունք ունի 18 տարին չլրացած այն անձը, որը ծնվել է 2019 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո և հանդիսանում է ընտանիքի 3-րդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխան (անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից)՝ 4 200 ՀՀ դրամի չափով:
(2.2-րդ կետը լրաց. 30.12.21 N1511-Ն)
2.3. Նպաստի իրավունք ունի 6 տարեկանը չլրացած այն անձը, որը ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո և հանդիսանում է ընտանիքի 3-րդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխան (անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից)՝ 50 000 ՀՀ դրամի չափով։
(2.3-րդ կետը լրաց. 30.12.21 N1511-Ն)
2.4. Սույն կարգի 2-րդ, 2.1-ին և 2.3-րդ կետերով սահմանված՝ մեկից ավելի նպաստի իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ նպաստ՝ սույն կարգի 5-րդ կետում նշված՝ նպաստ նշանակելու համար դիմող անձի ընտրությամբ։
(2.4-րդ կետը լրաց. 30.12.21 N1511-Ն)
2.5. Սույն կարգի 2.2-րդ կետով սահմանված նպաստը նշանակվում է անկախ սույն կարգով սահմանված այլ նպաստի իրավունք ունենալու հանգամանքից։
(2.5-րդ կետը լրաց. 30.12.21 N1511-Ն)
2.6. Նպաստի իրավունք ունի մինչև երկու տարեկան երեխա խնամող անձը (երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը)՝ 33 000 ՀՀ դրամի չափով:
(2.6-րդ կետը լրաց. 30.12.21 N1511-Ն)
2.7. Նպաստի իրավունքը ծագում է սույն կարգի 2-2.3-րդ և 2.6-րդ կետերում նշված հանգամանքներն առաջանալու ամսվա 1-ից:
(2.7-րդ կետը լրաց. 23.05.23 N 383-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 30.12.21 N1511-Ն)
4. Մինչև 18 տարեկան երեխան նպաստի իրավունք ունի, եթե.
1) երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալն ունի Արցախի Հանրապետությունում հաշվառում.
2) երեխայի ծնողներից մեկը զինվորական ծառայություն է անցնում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերում (բացառությամբ՝ շարքային և կրտսեր հրամանատարական կազմերի ժամկետային զինծառայողների)՝ անկախ Արցախի Հանրապետությունում հաշվառում ունենալու հանգամանքից:
(4-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)
5. Նպաստը նշանակվում է նպաստի իրավունք ունեցող անձին, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված ծնողին, որդեգրողին կամ խնամակալին՝ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) տարածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում) կողմից: 14 տարին լրացած անձն իրավունք ունի նպաստ նշանակելու համար դիմելու անձամբ:
(5-րդ կետը փոփ. 02.02.21 N 52-Ն, խմբ. 30.12.21 N1511-Ն, փոփ. 04.07.22 N 761-Ն)
6. Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձինք նպաստի իրավունք ունեն, եթե.
1) երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալն ունի Արցախի Հանրապետությունում հաշվառում.
2) երեխայի ծնողներից մեկը զինվորական ծառայություն է անցնում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերում (բացառությամբ՝ շարքային և կրտսեր հրամանատարական կազմերի ժամկետային զինծառայողների)՝ անկախ Արցախի Հանրապետությունում հաշվառում ունենալու հանգամանքից։
(6-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)
7. (կետն ուժը կորցրել է 30.12.21 N1511-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 30.12.21 N1511-Ն)
9. Որդեգրողները նպաստի իրավունք ունեն ծնողներին համահավասար, իսկ որդեգրվածները՝ հարազատ զավակներին համահավասար:
10. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող անձը նպաստի իրավունք չունի:
11. Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի տվյալները, գործակալության տարածքային ստորաբաժանումները գրավոր ծանուցում են (2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից ժամանակավոր դուրս մնացած համայնքներում հաշվառված անձանց դեպքում՝ Արցախի Հանրապետության համապատասխան շրջանների վարչակազմերի միջոցով) նախորդ ամսվա ընթացքում ծնված երեխաների ծնողներին՝ նպաստ նշանակելու համար դիմելու մասին։
(11-րդ կետը խմբ. 30.12.21 N1511-Ն, փոփ. 04.07.22 N 761-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 23.05.23 N 383-Ն)
13. Նպաստ նշանակելու համար սույն կարգի 5-րդ կետում նշված անձը ցանկացած տարածքային ստորաբաժանում է ներկայացնում գրավոր դիմում, տեղեկանք փաստացի բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին, ինչպես նաև՝
1) հաշմանդամ երեխաների, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքները և դրանց պատճենները.
2) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծնողի մահվան վկայականը կամ մահացած կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքից զրկելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը, կամ երեխայի (երեխաների) դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից խուսափելու փաստը հաստատող համապատասխան տեղեկանք (տեղեկանքներ) և դրանց պատճենները.
3) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները) կամ մահացած կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքից զրկելու մասին դատարանի վճիռը (վճիռները) կամ ծնողի (ծնողների) անհայտ լինելու կամ երեխայի (երեխաների) դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից խուսափելու փաստը հաստատող համապատասխան տեղեկանք (տեղեկանքներ) և դրանց պատճենները.
4) միայնակ մոր երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծննդյան վկայականում հոր վերաբերյալ տեղեկությունների գրանցման մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված տեղեկանքը և դրա պատճենը.
5) ալիմենտ ստացող երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ ալիմենտ սահմանելու մասին դատարանի վճիռը, ամուսնալուծության կամ հայրության ճանաչման վկայականը և դրանց պատճենները.
6) (ենթակետն ուժը կորցրել է 23.05.23 N 383-Ն)
7) զոհված զինծառայողների երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծնողի մահվան վկայականը և դրա պատճենը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը, համապատասխան պետական լիազոր մարմնի տված տեղեկանքը` Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորչելու մասին:
(13-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն, 04.07.22 N 761-Ն, փոփ., խմբ. 23.05.23 N 383-Ն)
14. Եթե երեխայի ծնողներից մեկն ունի Հայաստանի Հանրապետությունում հաշվառում, ապա նպաստը նշանակվում է վերջինիս հաշվառման վայրի նպաստ նշանակող ստորաբաժանումից նպաստի գործը կամ նմանատիպ նպաստ նշանակված չլինելու մասին տեղեկանք ստանալու դեպքում:
(14-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն)
15. Նպաստ նշանակելու համար գրավոր դիմումն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով ընդունելուց հետո նպաստ նշանակող տարածքային ստորաբաժանումը յոթ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է նպաստ նշանակելու կամ նպաստ նշանակելը մերժելու մասին որոշում:
(15-րդ կետը խմբ. 23.05.23 N 383-Ն)
16. Գրավոր դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում տարածքային ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է անձին՝ նշելով մերժելու պատճառը և որոշումը բողոքարկելու կարգը:
(16-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն, 04.07.22 N 761-Ն, 23.05.23 N 383-Ն)
16.1. Տարածքային ստորաբաժանման կողմից նպաստ նշանակելու մասին որոշում կայացվելու դեպքում նպաստի ամենամսյա վճարումներն սկսվում են այդ որոշումը կայացվելու ամսվան հաջորդող ամսվանից։ Նպաստը նշանակվում և միանվագ կերպով վճարվում է նաև գրավոր դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տարածքային ստորաբաժանում ներկայացվելու ամսվան նախորդող 12-րդ ամսվանից (ներառյալ) մինչև նպաստի առաջին վճարումն ընկած ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձը նպաստի իրավունք է ունեցել։
(16.1-ին կետը լրաց. 23.05.23 N 383-Ն)
17. Նպաստ նշանակելու դեպքում տարածքային ստորաբաժանումը անձի համար կազմում է նպաստի գործ, որտեղ պահվում են սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը:
(17-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն, 04.07.22 N 761-Ն)
18. (կետն ուժը կորցրել է 30.12.21 N1511-Ն)
19. Ընտանիքում նպաստ ստանալու իրավունք ունեցող երկու և ավելի անձանց դեպքում՝ նպաստ է նշանակվում և վճարվում յուրաքանչյուրի հաշվով:
20. Յուրաքանչյուր ամսվա նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ կանխիկ եղանակով՝ ըստ Արցախի Հանրապետությունում անձի փաստացի բնակության վայրի, իսկ անձի՝ գրավոր դիմելու դեպքում, վճարող կազմակերպության գրասենյակում:
(20-րդ կետը լրաց. 23.05.23 N 383-Ն)
21. Նպաստ վճարելու ծառայությունների ծախսերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:
22. Արցախի Հանրապետության տարածքում հաշվառման կամ բնակության վայրը փոխելու դեպքում անձը գրավոր դիմում է նոր հաշվառման կամ բնակության վայրի տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով բնակվելու մասին տեղեկանքը: Նոր հաշվառման կամ բնակության վայրի տարածքային ստորաբաժանումը նախկին հաշվառման կամ բնակության վայրի տարածքային ստորաբաժանումից պահանջում է նպաստի գործը: Նպաստի գործը ստանալուց հետո ստուգվում են դրանում առկա փաստաթղթերի ճշտությունը, հաշվարկում նպաստի չափը և նպաստ վճարելը վերսկսվում է անձի նախկին բնակության վայրում նպաստի վճարման դադարեցման օրվանից:
(22-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն, 04.07.22 N 761-Ն)
23. Նպաստի գործն ուղարկող տարածքային ստորաբաժանումը նպաստի գործի հետ ուղարկում է նաև նպաստի վերջին վճարման մասին տեղեկանքը:
(23-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն, 04.07.22 N 761-Ն)
24. Նպաստը կարող է վճարվել լիազորագրով: Նպաստը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել 12 ամսից ոչ ավելի՝ սկսած նպաստ չստացած ամսից: Դադարեցված նպաստի վճարումը լիազորագրով չի վերսկսվում։
(24-րդ կետը լրաց. 23.05.23 N 383-Ն)
25. Անձը պարտավոր է նպաստի իրավունք տվող հանգամանքների վերացման կամ փոփոխման մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնել տարածքային ստորաբաժանմանը:
(25-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն, 04.07.22 N 761-Ն)
26. Նպաստից պահումներ կարող են կատարվել՝
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա.
2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, նպաստի իրավունք տվող հանգամանքների վերացման կամ փոփոխման մասին տեղեկություններ չներկայացնելու հետևանքով անձին ավել վճարված գումարները հետ գանձելու մասին տարածքային ստորաբաժանման որոշման և անձի գրավոր համաձայնության հիման վրա, եթե վճարված նպաստի գումարի չափը չի գերազանցում որոշում կայացնելու ամսվան հաջորդող ամսվա նպաստի գումարի հնգապատիկը:
Անձի համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ավել վճարված նպաստի գումարը գերազանցում է սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված չափը, ավել վճարված նպաստի գումարը բռնագանձվում է դատական կարգով՝ գործակալության կողմից ներկայացված հայցի հիման վրա:
(26-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն, 04.07.22 N 761-Ն, 23.05.23 N 383-Ն)
27. Նպաստից կատարվող պահումների չափը հաշվարկվում է անձին վճարվելիք ամսական գումարից:
28. Նպաստից կատարվող պահումների ընդհանուր գումարը պետք է չգերազանցի նպաստի 50 տոկոսը:
29. Տարածքային ստորաբաժանման աշխատակցի մեղքով (գործողությունների կամ անգործության արդյունքում) ավել վճարված նպաստի գումարը տարածքային ստորաբաժանման աշխատակցի համաձայնությամբ, տարածքային ստորաբաժանման հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա, պահվում է աշխատակցից, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ բռնագանձվում դատական կարգով:
(29-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն, 04.07.22 N 761-Ն)
30. (կետն ուժը կորցրել է 23.05.23 N 383-Ն)
31. Նպաստ վճարելը դադարեցվում է`
1) անձի կամ նպաստի իրավունք ունեցող անձի մահվան, ինչպես նաև դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում.
2) անձի կողմից տասներկու ամիս անընդմեջ անձամբ նպաստ չստանալու դեպքում.
3) նպաստի իրավունք տվող հանգամանքների վերացման դեպքում.
4) նպաստի իրավունք ունեցող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամների երեխաների կամ հաշմանդամ երեխաների պարագայում` հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում.
5) անձի կամ նպաստի իրավունք ունեցող անձի՝ պետության լրիվ խնամքի տակ անցնելու դեպքում.
6) անձի կամ նպաստի իրավունք ունեցող անձի՝ օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում.
7) նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում:
(31-րդ կետը լրաց., փոփ. 23.05.23 N 383-Ն)
32. Նպաստ վճարելը դադարեցվում է սույն կարգի 31-րդ կետի՝
1) 1-3-րդ և 5-7-րդ ենթակետերում նշված հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) 4-րդ ենթակետում նշված հանգամանքն առաջանալու օրվանից:
(32-րդ կետը խմբ. 23.05.23 N 383-Ն)
32.1. Եթե հաշմանդամ երեխայի հաշմանդամության ժամկետը լրանալուց (նպաստի վճարումը դադարեցնելուց) հետո նա երեք ամսվա ընթացքում կրկին ճանաչվում է հաշմանդամ երեխա, ապա նպաստի վճարումը դադարեցնելու օրվանից մինչև կրկին հաշմանդամ ճանաչվելու օրն ընկած ժամանակահատվածում նա պահպանում է նպաստի իրավունքը։
(32.1-ին կետը լրաց. 23.05.23 N 383-Ն)
32.2. Եթե 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ժամկետը լրանալուց (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամի երեխայի նպաստի վճարումը դադարեցնելուց) հետո նա երեք ամսվա ընթացքում կրկին ճանաչվում է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, ապա նպաստի վճարումը դադարեցնելու օրվանից մինչև նրա՝ կրկին հաշմանդամ ճանաչվելու օրն ընկած ժամանակահատվածում երեխան պահպանում է նպաստի իրավունքը։ Այս դեպքում երեխայի նպաստի վճարումը դադարեցնելու օրվանից մինչև ծնողի՝ կրկին հաշմանդամ ճանաչվելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար նպաստը հաշվարկվում է ծնողի հաշմանդամության նոր խմբի համար սահմանված չափով։
(32.2-րդ կետը լրաց. 23.05.23 N 383-Ն)
33. Նշանակված, սակայն չստացված նպաստի գումարները վճարվում են անցած ժամանակահատվածի համար, սակայն դիմելու ամսվան նախորդող մեկ տարուց ոչ ավելի:
34. Տարածքային ստորաբաժանման մեղքով չվճարված նպաստի գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:
(34-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն, 04.07.22 N 761-Ն)
35. Սույն կարգի 33-34-րդ կետերում նշված դեպքերում չստացված նպաստի գումարը վճարվում է միանվագ՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:
36. (կետն ուժը կորցրել է 23.05.23 N 383-Ն)
36.1. Տարածքային ստորաբաժանման որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով։
(36.1-ին կետը լրաց. 23.05.23 N 383-Ն)
(Հավելված N 1-ը փոփ., խմբ. 02.02.21 N 52-Ն, խմբ., լրաց., փոփ. 30.12.21 N1511-Ն, փոփ. 04.07.22 N 761-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.05.23 N 383-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 23.05.23 N 383-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի (այսուհետ՝ միանվագ նպաստ) նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 23.05.23 N 383-Ն)
2. Միանվագ նպաստը նշանակվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար՝ ծնողներից մեկին կամ միակ ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին՝ Արցախի Հանրապետությունում հաշվառում ունենալու դեպքում։ Երեխայից հրաժարվելու դեպքում երեխայի ծնողները կորցնում են միանվագ նպաստի իրավունքը:
(2-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն. խմբ. 23.05.23 N 383-Ն)
3. Միանվագ նպաստի չափերն են.
1) 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 300 000 ՀՀ դրամ, իսկ երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկը կամ միակ ծնողը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված լինելու դեպքում՝ 500 000 ՀՀ դրամ.
2) 3-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 500 000 ՀՀ դրամ.
3) 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 700 000 ՀՀ դրամ:
(3-րդ կետը խմբ. 02.02.21 N 52-Ն, 23.05.23 N 383-Ն)
3.1. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նոր ծնված երեխայի մոր՝
1) նոր ծնված երեխայի ծնվելու օրվա դրությամբ ողջ երեխաները՝ անկախ տարիքից.
2) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և դրանից հետո Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ անհայտ կորած (դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված) զավակները (այսուհետ՝ զոհված զավակ)՝ անկախ տարիքից։
(3.1-ին կետը լրաց. 23.05.23 N 383-Ն)
4. Միանվագ նպաստ նշանակելու համար սույն կարգի 2-րդ կետի առաջին նախադասությունում նշված անձը գրավոր դիմում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության ցանկացած տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում)։
(4-րդ կետը խմբ. 02.02.21 N 52-Ն, փոփ. 30.12.21 N1511-Ն, 04.07.22 N 761-Ն, խմբ. 23.05.23 N 383-Ն)
4.1. Գրավոր դիմումի հետ ներկայացվում են.
1) նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը, իսկ ծնվելուց հետո չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված՝ ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.
2) նոր ծնված երեխայի ծնողներից մեկի կամ միակ ծնողի կամ խնամակալի անվամբ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ «Արցախբանկ» ՓԲԸ) բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը.
3) նոր ծնված երեխայի ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքը` նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը Արցախի Հանրապետությունում տրամադրված լինելու դեպքում.
4) տեղեկանք բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին.
5) գրավոր դիմումը նոր ծնված երեխայի ծնողներից մեկի (կամ միակ ծնողի) կողմից ներկայացվելու դեպքում՝ նաև.
ա. նոր ծնված երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը և դրանց պատճենները, հանրային ծառայությունների համարանիշները և դրանց պատճենները (միակ ծնողի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը),
բ. սույն կարգի 3.1-ին կետի 1-ին ենթակետում նշված երեխաների առկայության դեպքում՝ նրանց ծննդյան վկայականները և դրանց պատճենները, հանրային ծառայությունների համարանիշները և դրանց պատճենները,
գ. սույն կարգի 3.1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքի առկայության դեպքում՝ զոհված զավակի ծննդյան և մահվան վկայականները և դրանց պատճենները կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը, համապատասխան պետական լիազոր մարմնի տված տեղեկանքը` Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորչելու մասին,
դ. նոր ծնված երեխայի ծննդյան պահին նրա ծնողներից մեկին կամ միակ ծնողին հաշմանդամություն ունենալու դեպքում՝ հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթը և դրա պատճենը.
6) գրավոր դիմումը նոր ծնված երեխայի խնամակալի կողմից ներկայացվելու դեպքում՝ նաև խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը, խնամակալության փաստը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը:
(4.1-ին կետը լրաց. 23.05.23 N 383-Ն)
5. Եթե երեխայի ծնողներից մեկը հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում, ապա նպաստը նշանակվում է միանվագ նպաստ ստացած չլինելու մասին վերջինիս հաշվառման վայրի նպաստ նշանակող ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքի առկայության դեպքում:
(5-րդ կետը խմբ. 30.12.21 N1511-Ն)
6. Տարածքային ստորաբաժանումում փաստաթղթերի բնօրինակները համադրվում են պատճենների հետ, պատճենների վրա կատարվում է «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը և կնքվում: Ծննդյան վկայականի բնօրինակի դարձերեսը կնքվում է, կատարվում է «Ծննդյան միանվագ նպաստ նշանակելու գրավոր դիմումն ընդունված է» գրառումը, թվագրվում և ստորագրվում:
(6-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն, 04.07.22 N 761-Ն, 23.05.23 N 383-Ն)
7. Սույն կարգով սահմանված փաստաթղթերն ընդունելուց (ստանալուց) հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային ստորաբաժանումն ընդունում է միանվագ նպաստ նշանակելու կամ միանվագ նպաստ նշանակելը մերժելու մասին որոշում։
(7-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն, 04.07.22 N 761-Ն, խմբ. 23.05.23 N 383-Ն)
7.1. Միանվագ նպաստ նշանակելու կամ միանվագ նպաստ նշանակելը մերժելու մասին որոշումը ձևակերպվում է տարածքային ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ։ Միանվագ նպաստ նշանակելու մասին կարգադրության մեջ պարտադիր նշվում է նոր ծնված երեխայի կարգաթիվն ու միանվագ նպաստի չափը։ Միանվագ նպաստ նշանակելը մերժելու մասին կարգադրության մեջ պարտադիր նշվում է մերժման պատճառը (պատճառները)։
(7.1-ին կետը լրաց. 23.05.23 N 383-Ն)
7.2. Միանվագ նպաստ նշանակելը մերժելու դեպքում տարածքային ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է գրավոր դիմում ներկայացրած անձին՝ նշելով մերժելու պատճառը (պատճառները) և որոշումը բողոքարկելու կարգը։
(7.2-րդ կետը լրաց. 23.05.23 N 383-Ն)
7.3. Միանվագ նպաստ նշանակելու կամ միանվագ նպաստ նշանակելը մերժելու մասին տարածքային ստորաբաժանման որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով։
(7.3-րդ կետը լրաց. 23.05.23 N 383-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 23.05.23 N 383-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 23.05.23 N 383-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 23.05.23 N 383-Ն)
11. Միանվագ նպաստը վճարվում է տարածքային ստորաբաժանման կողմից միանվագ նպաստ նշանակելու մասին որոշման ընդունման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվին փոխանցելու միջոցով:
(11-րդ կետը փոփ. 30.12.21 N1511-Ն, 04.07.22 N 761-Ն, խմբ. 23.05.23 N 383-Ն)
12. Եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված երեխայի համար անձին նշանակվել և վճարվել է միանվագ նպաստ, սակայն երեխայի կարգաթիվը որոշվել է առանց սույն կարգի 3.1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքը հաշվի առնելու, ապա մինչև 2024 թվականի հունվարի 1-ն այդ անձի կողմից գրավոր դիմում և սույն կարգի 4-րդ կետի 1.2-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում նրան վճարվում է միանվագ նպաստ՝ երեխայի նոր կարգաթվով հաշվարկված միանվագ նպաստի և նշանակված (վճարված) միանվագ նպաստի տարբերության չափով։
(12-րդ կետը լրաց. 23.05.23 N 383-Ն)
(Հավելված N 2-ը խմբ. 02.02.21 N 52-Ն, փոփ., խմբ. 30.12.21 N1511-Ն, փոփ. 04.07.22 N 761-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.05.23 N 383-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության
կառավարության 2019 թվականի
ապրիլի 17-ի N 273-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՉԱՓԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին չափահասության միանվագ նպաստի (այսուհետ՝ նպաստ) նշանակման ու վճարման հետ կապված հարաբերությունները։
2. Նպաստի իրավունք ունի.
1) 18 տարին լրացած այն անձը, ով ծնվել է 2019 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո և հանդիսացել է ընտանիքի 3-րդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխան (այսուհետ՝ չափահաս անձ)՝ հետևյալ պայմանների բավարարման դեպքում.
ա. ծնվելու օրվա դրությամբ նրա ծնողները (կամ միակ ծնողը) հաշվառված են (է) եղել Արցախի Հանրապետությունում,
բ. 18 տարին լրանալու օրվա դրությամբ նա հաշվառված է եղել Արցախի Հանրապետությունում.
2) 2019 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված, սակայն մինչև 18 տարին լրանալը մահացած այն երեխայի ծնողներից մեկը (կամ միակ ծնողը) (այսուհետ՝ մահացած երեխայի ծնող), որը հանդիսացել է ընտանիքի 3-րդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխան՝ հետևյալ պայմանների բավարարման դեպքում.
ա. մահանալու օրվա դրությամբ երեխան հաշվառված է եղել Արցախի Հանրապետությունում,
բ. երեխայի ծնվելու օրվա դրությամբ նրա ծնողները (կամ միակ ծնողը) հաշվառված են (է) եղել Արցախի Հանրապետությունում,
գ. երեխան մահացել է 2 ամիսը լրանալուց հետո։
3. Նպաստը նշանակվում և վճարվում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) Ստեփանակերտի բաժնի (այսուհետ՝ Ստեփանակերտի բաժին) կողմից։
4. Նպաստ նշանակելու համար՝
1) չափահաս անձը գործակալության ցանկացած տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում) է ներկայացնում՝
ա. գրավոր դիմում,
բ. իր անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,
գ. իր հանրային ծառայությունների համարանիշը և պատճենը կամ վավեր սոցիալական քարտն ու պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,
դ. «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ «Արցախբանկ» ՓԲԸ) իր անվամբ բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը,
ե. իր ծննդյան վկայականը և պատճենը.
2) մահացած երեխայի ծնողը տարածքային բաժին է ներկայացնում՝
ա. սույն կետի առաջին ենթակետի «ա»-«դ» պարբերություններում նշված փաստաթղթերը,
բ. երեխայի ծննդյան վկայականը և պատճենը,
գ. երեխայի մահվան վկայականը և պատճենը։
5. Նպաստը նշանակվում է, եթե.
1) չափահաս անձի կողմից սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված բոլոր փաստաթղթերը տարածքային բաժին են ներկայացվել նրա 18 տարին լրանալուց հետո՝ 3 տարվա ընթացքում.
2) մահացած երեխայի ծնողի կողմից սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բոլոր փաստաթղթերը տարածքային բաժին են ներկայացվել երեխայի մահվան օրվանից հետո՝ 3 տարվա ընթացքում։
6. Սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային ստորաբաժանման մասնագետը՝
1) գործակալության միջոցով ճշտում է չափահաս անձի կամ մահացած երեխայի` ընտանիքի 3-րդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխան հանդիսանալու փաստը և կազմում համապատասխան տեղեկանք.
2) գրավոր դիմումում լրացված տվյալները համեմատում է դիմողի անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի բնօրինակների տվյալների հետ.
3) փաստաթղթերի բնօրինակները համեմատում է դրանց պատճենների հետ՝ առանց դրանց տեքստերը վնասելու պատճենների բոլոր էջերի վրա կատարում է «Համապատասխանում է բնօրինակին» գրառումը և ստորագրում.
4) չափահաս անձին կամ մահացած երեխայի ծնողին է վերադարձնում ներկայացված փաստաթղթերի (բացառությամբ՝ գրավոր դիմումի, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի և «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված բանկային հաշվի մասին տեղեկանքի) բնօրինակները և տալիս ստորագրված ծանուցում՝ նշելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրը, ամիսը և տարին։
7. Տարածքային ստորաբաժանումը (բացառությամբ՝ Ստեփանակերտի բաժնի) սույն կարգի 4-րդ կետում նշված՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ փաստաթղթերն ու սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկանքն ուղարկում է Ստեփանակերտի բաժին՝ կից գրության մեջ նշելով դրանք ներկայացվելու օրը, ամիսը և տարին։
8. Ստեփանակերտի բաժինը սույն կարգի 4-րդ կետում նշված՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ստանալուց (ընդունելուց) հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» և «բ» պարբերություններով սահմանված պայմանները ճշտելու նպատակով գրավոր հարցում է կատարում Արցախի Հանրապետության ոստիկանությանը, որից պատասխան ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է նպաստ նշանակելու կամ նպաստ նշանակելը մերժելու մասին որոշում։
9. Նպաստ նշանակելու կամ նպաստ նշանակելը մերժելու մասին որոշումը ձևակերպվում է Ստեփանակերտի բաժնի պետի կարգադրությամբ։
10. Նպաստը վճարվում է Ստեփանակերտի բաժնի կողմից նպաստ նշանակելու մասին որոշման ընդունման ամսվանը հաջորդող ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ում չափահաս անձի կամ մահացած երեխայի ծնողի անվամբ բացված հաշվին փոխանցելու միջոցով:
11. Նպաստը նշանակվում է հետևյալ չափերով.
1) ընտանիքի 3-րդ երեխայի դեպքում՝ 500 000 ՀՀ դրամ.
2) ընտանիքի 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ 700 000 ՀՀ դրամ։
12. Չափահաս անձին նպաստ նշանակելը մերժվում է, եթե.
ա. ծնվելու օրվա դրությամբ նրա ծնողները (կամ միակ ծնողը) հաշվառված չեն (չի) եղել Արցախի Հանրապետությունում,
բ. 18 տարին լրանալու օրվա դրությամբ նա հաշվառված չի եղել Արցախի Հանրապետությունում.
գ. սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված բոլոր փաստաթղթերը սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում տարածքային բաժին չեն ներկայացվել։
13. Մահացած երեխայի ծնողին նպաստ նշանակելը մերժվում է, եթե.
ա. մահանալու օրվա դրությամբ երեխան հաշվառված չի եղել Արցախի Հանրապետությունում,
բ. երեխայի ծնվելու օրվա դրությամբ նրա ծնողները (կամ միակ ծնողը) հաշվառված չեն (չի) եղել Արցախի Հանրապետությունում,
գ. սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բոլոր փաստաթղթերը սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում տարածքային բաժին չեն ներկայացվել։
14. Նպաստ նշանակելը մերժելու մասին Ստեփանակերտի բաժնի որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով։
15. Նպաստ նշանակելը մերժելու դեպքում Ստեփանակերտի բաժինը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է չափահաս անձին կամ մահացած երեխայի ծնողին՝ նշելով մերժման պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը։
(Հավելված N 3-ը փոփ. 02.02.21 N 52-Ն, 30.12.21 N1511-Ն, խմբ. 04.07.22 N 761-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |