Համարը 
N 9-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.01.01-2023.01.31 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.01.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ պետական նախարար
Ստորագրման ամսաթիվը 
13.01.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.01.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2023թ.

N 9-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ

ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 17.02.23 N87-Ն)

 

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի (այսուհետ՝ Հրամանագիր) 9-րդ կետով և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ, 92-րդ կետերով ու 105-րդ կետի 1-ին ենթակետով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն N1 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 17.02.23 N87-Ն)

2. Կարգի կիրառմամբ պայմանավորված աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել Հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբին կից հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N2 հավելվածի։

3. Սահմանել, որ Կարգի կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբը:

4. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին՝ Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրել համապատասխան համայնքներում փաստացի բնակվող անձանց վերաբերյալ տեղեկություններ՝ համաձայն Կոմիտեի կողմից պահանջվող ձևի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2023 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

1. Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում են Արցախի Հանրապետության տարածքում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների (այսուհետ՝ ապրանքատեսակ)՝ համաձայն ցանկի, վաճառքի և ձեռքբերման հետ կապված հարաբերությունները:

2. Արցախի Հանրապետության տարածքում գրանցված և (կամ) գործունեություն ծավալող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) 2023 թվականի փետրվարի 21-ի ժամը 00:00-ից դադարեցնում են ապրանքատեսակի ազատ վաճառքը՝ այն իրականացնելով բացառապես ապրանքատեսակի ձեռքբերման կտրոններով (այսուհետ՝ կտրոն)՝ համաձայն Ձևի:

3. Կտրոնը տրամադրվում է Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 5-րդ կետի համաձայն ստեղծված Օպերատիվ շտաբի անունից՝ Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից, Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող յուրաքանչյուր անձի՝ մեկանգամյա օգտագործման համար:

4. Կտրոնը վավեր է դրանում նշված ժամկետներում:

5. Կտրոնը 3X5 սմ չափերով, տարբեր գույների դիմերեսով քարտ է:

6. Կտրոնի դիմերեսին նշվում է նաև դրա գործողության ժամկետը, սերիան և հերթական համարը: Սերիան պարունակում է մեկ նիշ, իսկ հերթական համարը՝ ութ նիշ՝ սկսած 00000001-ից: Սերիայի նիշը մեծատառ է և հայատառ:

7. Կտրոնի կորստի դեպքում նոր կտրոն չի տրամադրվում:

8. Կտրոնով վաճառքի ենթակա ապրանքատեսակի չափը նշված է ցանկում՝ յուրաքանչյուր անձի համար մեկ ամսվա հաշվարկով։

9. Ցանկում նշված ապրանքատեսակը վաճառվում է կտրոնում նշված չափով և ժամկետներում:

10. Յուրաքանչյուր անձի վերաբերյալ տեղեկությունը՝ ըստ Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից տրամադրված ցանկերի, կոմիտեի կողմից մտցվում է համապատասխան էլեկտրոնային ծրագիր, ինչի հիման վրա էլ յուրաքանչյուր շրջանի վարչակազմին տրամադրվում է իր բնակիչների թվին համապատասխան կտրոն:

11. Կտրոնը ստանալու նպատակով անձն իր (այլ անձի համար՝ նաև տվյալ անձի) անձը հաստատող փաստաթղթ(եր)ով դիմում է կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված սպասարկման կետեր՝ Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում, իսկ գյուղական համայնքներում՝ տեղական ինքնակառավարման մարմնի վարչական շենք (այսուհետ միասին՝ սպասարկման կետ):

12. Սպասարկման կետում անձը ստորագրում է ստացական՝ կտրոնը ստանալու վերաբերյալ և ստանում կտրոն(ներ)ը:

13. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեցող անձը կտրոնը ստանալու նպատակով դիմում է կոմիտեի վարչական շենքի սպասարկման կետ (հասցե՝ քաղաք Ստեփանակերտ, Ս. Դավիթ 2):

14. Կտրոնը ստանալուց հետո՝ դրանում նշված ժամկետներում, անձը հանձնում է այն իր նախընտրած տնտեսավարող սուբյեկտին և ձեռք բերում կտրոնում նշված ապրանքատեսակը:

15. Տնտեսավարող սուբյեկտն ապրանքատեսակի ձեռքբերումն իրականացնում է մատակարարող կազմակերպությունից՝ կտրոնների քանակին համապատասխան (բացառությամբ ավելացված ապրանքատեսակի՝ առաջին ամսվա համար):

16. Մատակարարող կազմակերպությունը տնտեսավարող սուբյեկտից ստացված կտրոնները հավաքագրում և հանձնում է Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 2-րդ կետով ստեղծված հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), իսկ հաջորդ բաշխումն իրականացնում է ստացված կտրոններին համապատասխան:

17․ Մատակարարող կազմակերպությունը ապրանքատեսակը ստանում է հանձնաժողովից։

 

ՑԱՆԿ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

Հ/հ

Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքի անվանումը

Չափը

(մեկ անձի համար մեկ ամսվա հաշվարկով)

1.

շաքարավազ

1 կգ

2.

մակարոնեղեն

1 կգ

3.

բրինձ

1 կգ

4.

հնդկաձավար

1 կգ

5.

ձեթ

1 լ

6.

ձու

10 հատ

7.

բանջարեղեն

6 կգ

8.

միրգ

4 կգ

9.

լվացքի փոշի

1 տուփ

 

 

Ձև

 

ԿՏՐՈՆՆԵՐ

ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_2890

(հավելված 1-ը խմբ. 17.02.23 N87-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2023 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ

ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆՀ-1792-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

ՍՏԵՂԾՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԻՆ ԿԻՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը լրաց. 17.02.23 N87-Ն)

 

1․ Արմեն Մանգասարյան

- Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար (հանձնաժողովի նախագահ)․

2․ Իննա Իշխանյան

- Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)․

3․ Վալերի Ղազարյան

- Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն․

4․ Նարեկ Հարությունյան

- Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ․

5․ Միքայել Սարգսյան

- Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի սննդամթերքի անվտանգության վերահսկողության պետական տեսչության պետ․

6․ Համլետ Ապրեսյան

- Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար․

7․ Էդիկ Ավանեսյան

- Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար․

8․ Արսեն Ավանեսյան

- Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար․

9․ Գրաչիկ Սարքիսյան

- Արցախի Հանրապետության պետական նախարարի հասարակական հիմունքներով օգնական․

10․ Գոհար Պողոսյան

- Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)։

(հավելված 2-ը լրաց. 17.02.23 N87-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական