ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ
ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 17.02.23 N87-Ն)
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի (այսուհետ՝ Հրամանագիր) 9-րդ կետով և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ, 92-րդ կետերով ու 105-րդ կետի 1-ին ենթակետով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն N1 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 17.02.23 N87-Ն)
2. Կարգի կիրառմամբ պայմանավորված աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել Հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբին կից հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N2 հավելվածի։
3. Սահմանել, որ Կարգի կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբը:
4. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին՝ Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրել համապատասխան համայնքներում փաստացի բնակվող անձանց վերաբերյալ տեղեկություններ՝ համաձայն Կոմիտեի կողմից պահանջվող ձևի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
1. Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում են Արցախի Հանրապետության տարածքում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների (այսուհետ՝ ապրանքատեսակ)՝ համաձայն ցանկի, վաճառքի և ձեռքբերման հետ կապված հարաբերությունները:
2. Արցախի Հանրապետության տարածքում գրանցված և (կամ) գործունեություն ծավալող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) 2023 թվականի փետրվարի 21-ի ժամը 00:00-ից դադարեցնում են ապրանքատեսակի ազատ վաճառքը՝ այն իրականացնելով բացառապես ապրանքատեսակի ձեռքբերման կտրոններով (այսուհետ՝ կտրոն)՝ համաձայն Ձևի:
3. Կտրոնը տրամադրվում է Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 5-րդ կետի համաձայն ստեղծված Օպերատիվ շտաբի անունից՝ Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից, Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող յուրաքանչյուր անձի՝ մեկանգամյա օգտագործման համար:
4. Կտրոնը վավեր է դրանում նշված ժամկետներում:
5. Կտրոնը 3X5 սմ չափերով, տարբեր գույների դիմերեսով քարտ է:
6. Կտրոնի դիմերեսին նշվում է նաև դրա գործողության ժամկետը, սերիան և հերթական համարը: Սերիան պարունակում է մեկ նիշ, իսկ հերթական համարը՝ ութ նիշ՝ սկսած 00000001-ից: Սերիայի նիշը մեծատառ է և հայատառ:
7. Կտրոնի կորստի դեպքում նոր կտրոն չի տրամադրվում:
8. Կտրոնով վաճառքի ենթակա ապրանքատեսակի չափը նշված է ցանկում՝ յուրաքանչյուր անձի համար մեկ ամսվա հաշվարկով։
9. Ցանկում նշված ապրանքատեսակը վաճառվում է կտրոնում նշված չափով և ժամկետներում, բացառությամբ 2023 թվականի փետրվարի 18-ից տրամադրված կտրոնների, որոնցում նշված ապրանքատեսակը՝ անկախ կտրոնում նշված ժամկետների, կարող է վաճառվել մինչև 2023 թվականի ապրիլի 10-ը:
(9-րդ կետը խմբ. 22.03.2023 N177-Ն)
10. Յուրաքանչյուր անձի վերաբերյալ տեղեկությունը՝ ըստ Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից տրամադրված ցանկերի, կոմիտեի կողմից մտցվում է համապատասխան էլեկտրոնային ծրագիր, ինչի հիման վրա էլ յուրաքանչյուր շրջանի վարչակազմին տրամադրվում է իր բնակիչների թվին համապատասխան կտրոն:
11. Կտրոնը ստանալու նպատակով անձն իր (այլ անձի համար՝ նաև տվյալ անձի) անձը հաստատող փաստաթղթ(եր)ով դիմում է կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված սպասարկման կետեր՝ Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում, իսկ գյուղական համայնքներում՝ տեղական ինքնակառավարման մարմնի վարչական շենք (այսուհետ միասին՝ սպասարկման կետ):
12. Սպասարկման կետում անձը ստորագրում է ստացական՝ կտրոնը ստանալու վերաբերյալ և ստանում կտրոն(ներ)ը:
13. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեցող անձը կտրոնը ստանալու նպատակով դիմում է կոմիտեի վարչական շենքի սպասարկման կետ (հասցե՝ քաղաք Ստեփանակերտ, Ս. Դավիթ 2):
14. Կտրոնը ստանալուց հետո՝ դրանում նշված ժամկետներում, անձը հանձնում է այն իր նախընտրած տնտեսավարող սուբյեկտին և ձեռք բերում կտրոնում նշված ապրանքատեսակը:
15. Տնտեսավարող սուբյեկտն ապրանքատեսակի ձեռքբերումն իրականացնում է մատակարարող կազմակերպությունից՝ կտրոնների քանակին համապատասխան (բացառությամբ ավելացված ապրանքատեսակի՝ առաջին ամսվա համար):
16. Մատակարարող կազմակերպությունը տնտեսավարող սուբյեկտից ստացված կտրոնները հավաքագրում և հանձնում է Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 2-րդ կետով ստեղծված հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), իսկ հաջորդ բաշխումն իրականացնում է ստացված կտրոններին համապատասխան:
17․ Մատակարարող կազմակերպությունը ապրանքատեսակը ստանում է հանձնաժողովից։
ՑԱՆԿ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ
|
Հ/հ |
Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքի անվանումը |
Չափը
(մեկ անձի համար մեկ ամսվա հաշվարկով) |
|
1. |
շաքարավազ |
1 կգ |
|
2. |
մակարոնեղեն |
1 կգ |
|
3. |
բրինձ |
1 կգ |
|
4. |
հնդկաձավար |
1 կգ |
|
5. |
ձեթ |
1 լ |
|
6. |
ձու |
10 հատ |
|
7. |
բանջարեղեն |
6 կգ |
|
8. |
միրգ |
4 կգ |
|
9. |
լվացքի փոշի |
1 տուփ |
ԿՏՐՈՆՆԵՐ
ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
(հավելված 1-ը խմբ. 17.02.23 N87-Ն, 22.03.2023 N177-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ
ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆՀ-1792-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ
ՍՏԵՂԾՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԻՆ ԿԻՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը լրաց. 17.02.23 N87-Ն)
|
1․ Լևոն Սարգսյան |
- Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ). |
|
2․ Իննա Իշխանյան |
- Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)․ |
|
3․ Վալերի Ղազարյան |
- Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն․ |
|
4․ Նարեկ Հարությունյան |
- Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ․ |
|
5․ Արթուր Մուսայելյան |
- Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ. |
|
6․ Համլետ Ապրեսյան |
- Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար․ |
|
7․ Էդիկ Ավանեսյան |
- Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար․ |
|
8․ Արսեն Ավանեսյան |
- Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար․ |
|
9․ (կետն ուժը կորցրել է 22.03.2023 N177-Ն) |
|
10․ Գոհար Պողոսյան |
- Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)։ |
(հավելված 2-ը լրաց. 17.02.23 N87-Ն, խմբ., փոփ. 22.03.2023 N177-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական