ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի
մարտի 28-ին
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Օրենքի գործունեության ոլորտը |
1. Սույն օրենքը կարգավորում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի իրավասությունները:
2. Բանկերի, ֆոնդային բորսաների պետական գրանցման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:
3. Հասարակական միավորումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ժամկետները սահմանվում են համապատասխան օրենքով:
4. Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ենթակա են հաշվառման, որի կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 2. |
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման մասին օրենսդրությունը |
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման մասին օրենսդրությունը կազմված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
|
Հոդված 3. |
Պետական գրանցումը |
1. Պետական գրանցումը ստեղծվող իրավաբանական անձի իրավունակության ճանաչումն է պետության կողմից:
2. Իրավաբանական անձը ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից, իսկ նրա գործունեությունը դադարած՝ գործունեության դադարման պետական գրանցման պահից:
Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է գրանցված իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում սույն օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից: Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը հավաստվում է իրավաբանական անձանց գրանցող մարմնի /այսուհետ՝ պետական ռեգիստր/ տարածքային ստորաբաժանման կողմից տրված համապատասխան վկայականով:
3. Հասարակական միավորումների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միությունների պետական գրանցումն իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը: Նրանց գրանցումը նույնպես հավաստվում է համապատասխան վկայականով:
4. Սույն օրենքի 11-14-րդ հոդվածներով սահմանված գործառույթները հասարակական միավորումների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միությունների համար իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը:
5. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ /բացառությամբ վերակազմավորման դեպքերի/ պայմանավորված պետական գրանցումներն իրականացվում են սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով՝ պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից:
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց կանոնադրությունների փոփոխությունների պետական գրանցման, կորցրած պետական գրանցման վկայականի փոխարեն նորը տալու, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման, ինչպես նաև պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու համար գանձվում է տուրք՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:
|
Հոդված 5. |
Պետական գրանցման բովանդակությունը |
1. Պետական գրանցումն ընդգրկում է՝
ա/ իրավաբանական անձի պետական գրանցումը, որը գրանցվող /ստեղծվող/ իրավաբանական անձի մասին սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների գրառումն է պետական գրանցամատյանում.
բ/ իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը, որը իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության /այսուհետ՝ փոփոխությունների/ պետական գրանցումն է.
գ/ իրավաբանական անձի լուծարման /գործունեության դադարման/ պետական գրանցումը, որը գրանցված իրավաբանական անձի գոյության դադարման մասին պետական գրանցամատյանում գրառում կատարելն է:
2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կողմից իրավաբանական անձանց պետական գրանցումը կատարվում է ըստ նրանց գտնվելու վայրի, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերի:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն արգելվում է: Առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
|
Հոդված 6. |
Պետական ռեգիստրում փաստաթղթերի պահպանումը |
1. Պետական ռեգիստրը պահպանում է բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցման փաստաթղթերը:
2. Իր գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ արխիվային գործը ենթակա է պահպանման պետական ռեգիստրի արխիվում 5 տարի, որից հետո սահմանված կարգով հանձնվում է պետական արխիվ: Իր գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը ենթակա է ոչնչացման՝ սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման փաստաթղթերի պահպանման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետը:
Գ Լ ՈՒ Խ II
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
|
Հոդված 7. |
Պետական ռեգիստրը |
1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն իրականացնում է պետական ռեգիստրը, որը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության համակարգում: Պետական ռեգիստրը կազմված է կենտրոնական մարմնից և տարածքային ստորաբաժանումներից:
2. Պետական ռեգիստրը գլխավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետի տեղակալը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ղեկավարը:
3. Պետական ռեգիստրի ղեկավարին նշանակում և ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետի ներկայացմամբ:
4. Պետական ռեգիստրը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:
5. Պետական ռեգիստրի գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
6. Պետական ռեգիստրի կառուցվածքը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետը:
7. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը և նրա տարածքային ստորաբաժանումներն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք:
|
Հոդված 8. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության լիազորություններն իրավաբանական անձանց պետական գրանցման կազմակերպման գործում |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությունը պետական ռեգիստրի ղեկավարի միջոցով կազմակերպում և մեթոդական ղեկավարություն է իրականացնում պետական ռեգիստրի նկատմամբ:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությունը՝
ա/ սահմանում է իրավաբանական անձանց պետական գրանցամատյանի և պետական միասնական գրանցամատյանի վարման կարգը.
բ/ հաստատում է փաստաթղթերի ընդունման մատյանները, դրանց ձևերը և վարման կարգը.
գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը.
դ/ սահմանում է պետական գրանցման համար օգտագործվող փաստաթղթերի /դիմումների, գրանցման քարտերի և այլն/ ձևերը.
ե/ սահմանում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի արխիվային գործերի վարման և պահպանման կարգը.
զ/ հաստատում է ոչնչացված վկայականների գրանցման մատյանների ձևերը, դրանց վարման կարգը.
է/ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
|
Հոդված 9. |
Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի գործառույթները |
Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը՝
ա/ կազմակերպում է պետական գրանցման գործընթացը.
բ/ հսկողություն է իրականացնում տարածքային ստորաբաժանումների գործունեության նկատմամբ.
գ/ իրականացնում է հասարակական միավորումների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միությունների պետական գրանցումը.
դ/ իրականացնում է իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ /բացառությամբ վերակազմավորման դեպքերի/ պայմանավորված պետական գրանցումները.
ե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լրատվության միջոցներով տեղեկություններ է հրապարակում իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին.
զ/ իրականացնում է հասարակական միավորումների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միությունների պետական գրանցամատյանի և իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը, օրենքով սահմանված դեպքերում վարում է առևտրային կազմակերպությունների մասնակիցների ռեեստրը.
է/ սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից.
ը/ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
|
Հոդված 10. |
Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները |
1. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են տվյալ տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը:
2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում վարվում է տվյալ տարածքում գրանցված իրավաբանական անձանց պետական գրանցամատյան, որը հանդիսանում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի մասը:
3. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը և աշխատակիցները նշանակվում և ազատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետի կողմից՝ պետական ռեգիստրի ղեկավարի ներկայացմամբ:
4. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները գործում են պետական ռեգիստրի կանոնադրությանը համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ III
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
|
Հոդված 11. |
Պետական գրանցման կարգը |
1. Իրավաբանական անձանց պետական գրանցման համար սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց գտնվելու վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում, ինչի մասին փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում: Անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման համար սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացվել բնակության կամ պետական գրանցման վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում:
2. Նոր գրանցվող /ստեղծվող/ առևտրային կազմակերպությունների պահանջով պետական ռեգիստրի կողմից տրամադրվում են գրանցման /ստեղծման/ համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևեր, որոնցում առևտրային կազմակերպությունները լրացնում են միայն իդենտիֆիկացնող /անհատականացնող/ տեղեկություններ: Առևտրային կազմակերպությունների գրանցման /ստեղծման/ համար անհրաժեշտ փաստաթղթերի /դիմումի ձևի, կանոնադրության, հիմնադիր ժողովի որոշման/ նմուշային ձևերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետը:
3. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում ստուգվում է իրավաբանական անձի կազմավորման կարգը և ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքների պահանջներին: Հիմնադիր փաստաթղթերի նմուշային ձևեր ներկայացվելու դեպքում ստուգվում է միայն լրացված տեղեկությունների լիարժեքությունը և ճշտությունը:
4. Փաստաթղթերի ստուգումից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները լրացնում է պետական գրանցման քարտում /այսուհետ՝ քարտ/, կենտրոնական մարմնի տրամադրած կոդերին համապատասխան կոդավորում է իրավաբանական անձը, շնորհում գրանցման համար, ստորագրում և կնքում է քարտը և գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու տալիս է պետական գրանցման վկայական:
5. Հասարակական միավորումների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են կենտրոնական մարմին:
|
Հոդված 12. |
Փոփոխությունների պետական գրանցման կարգը |
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված փոփոխությունների պետական գրանցման համար սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում, ինչի վերաբերյալ փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է համապատասխան գրառում:
2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքների պահանջներին:
3. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը փոփոխությունների մասին տեղեկությունները լրացնում է քարտերում, անհրաժեշտության դեպքում կոդավորում է տեղեկությունները, ստորագրում ու կնքում է քարտերը և գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու դիմողին տալիս է պետական գրանցման վկայականի հերթական ներդիրը: Փոփոխությունների պետական գրանցումը համարվում է կատարված՝ քարտում լրացված տեղեկությունները պետական գրանցամատյանում գրառելու պահից:
4. Անհատ ձեռնարկատերը փոփոխությունների պետական գրանցման նպատակով դիմում է պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում՝ սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի «դ» - «ը» ենթակետերով նախատեսված տվյալների փոփոխման դեպքում: Փոփոխությունների պետական գրանցումը կատարվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
5. Իրավաբանական անձի /անհատ ձեռնարկատիրոջ/ գտնվելու վայրի /պետական գրանցման վայրի/ փոփոխության պետական գրանցումը կատարում է մինչև փոփոխությունը գրանցելու պահը գտնվելու վայրի /պետական գրանցման վայրի/ տարածքային ստորաբաժանումը, որը համապատասխան պետական գրանցումը կատարելուց հետո իրավաբանական անձի /անհատ ձեռնարկատիրոջ/ գրանցման գործերը տեղափոխում է համապատասխան տարածքային բաժին:
|
Հոդված 13. |
Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումները |
1. Իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում/ բացառությամբ վերակազմավորման դեպքերի/ սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են պետական ռեգիստրի կենտրոնական մարմին, ինչի վերաբերյալ փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում: Իրավաբանական անձի վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում:
2. Պետական ռեգիստրը ստուգում է ներակայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքների պահանջներին:
3. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված /բացառությամբ վերակազմավորման դեպքերի/ պետական գրանցումների այն բոլոր դեպքերում, երբ՝
ա/ ստեղծվում է նոր իրավաբանական անձ, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում տրվում է նոր վկայական, որի ներդիրում կատարվում է նշում՝ իրավահաջորդության մասին.
բ/ իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվում են փոփոխություններ, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով.
գ/ իրավաբանական անձի գործունեությունը դադարում է, ապա պետական գրանցումը կատարվում է 14-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:
4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պետական գրանցումներ իրականացնելուց հետո պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը գրանցման բոլոր փաստաթղթերն ուղարկում է պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում, որոնք հիմք են հանդիսանում պետական գրանցամատյաններում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:
5. Վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում տրվում է նոր վկայական, որի ներդիրում կատարվում է նշում՝ իրավահաջորդության մասին:
6. Իրավաբանական անձի վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը լրացնում է անհրաժեշտ քարտը և պետական գրանցամատյանում կատարում է գրառում՝ գործունեության դադարման մասին:
|
Հոդված 14. |
Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցումը |
1. Իրավաբանական անձի լուծարման դեպքում նրա լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրների /մասնակիցների/ կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի դիմումի, որոշման և մամուլում հրապարակված համապատասխան հայտարարության հիման վրա պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը պետական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ՝ տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին, որի վերաբերյալ դիմողին տրվում է պետական գրանցման վկայականի հերթական ներդիր:
2. Լուծարվող իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը, լուծարման գործընթացն ավարտելուց հետո, հաստատված լուծարման հաշվեկշիռը սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում է պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ լուծարման պետական գրանցում կատարելու համար:
3. Լուծարման վերաբերյալ գրառում է կատարվում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման փաստաթղթերի ընդունման մատյանում: Պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքի պահանջներին:
4. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո, լուծարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում, պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարն անհրաժեշտ տեղեկությունները լրացնում է քարտերում, ստորագրում ու կնքում է դրանք, և լուծարումը գրանցվում է պետական գրանցամատյանում:
5. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման դեպքում անհատ ձեռնարկատերը պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում է ներկայացնում դիմում և սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, ինչի վերաբերյալ փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում: Պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքի պահանջներին:
6. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո, գործունեության դադարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում, տարածքային ստորաբաժանման ղեկավարն անհրաժեշտ տեղեկությունները լրացնում է քարտում, ստորագրում ու կնքում է այն և գործունեության դադարումը գրառում է պետական գրանցամատյանում:
7. Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը՝ դադարած /այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարած/, այդ մասին պետական գրանցամատյանում գրառման պահից, ինչի մասին տրվում է տեղեկանք:
8. Իրավաբանական անձանց կան անհատ ձեռնարկատերերի լուծարման գրանցման համար պետական տուրք չի գանձվում:
|
Հոդված 15. |
Պետական ռեգիստր փաստաթղթեր ներկայացնելը |
Պետական ռեգիստր փաստաթղթերի ներկայացման օրը պետական ռեգիստրում գրանցման համար սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաստացի ստացման ամսաթիվն է, որը նշվում է ստացված դիմումի վրա փաստաթղթերն ընդունած անձի ստորագրությամբ, և գրառվում է նաև փաստաթղթերի ընդունման մատյանում:
|
Հոդված 16. |
Պետական գրանցման ժամկետները և մերժման հիմքերը |
1. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետական ռեգիստր ներկայացնելուց և նույն օրը տարածքային ստորաբաժանման փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը պետք է կատարի դրանց պետական գրանցումը: Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված, պետական գրանցման /ստեղծման/ համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերով պետական գրանցումը, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն իրականացվում է ոչ ուշ, քան երկու օրվա ընթացքում:
2. Իրավաբանական անձի կազմավորման՝ օրենքով սահմանված կարգի խախտումը կամ նրա կանոնադրության անհամապատասխանությունն օրենքին հիմք է իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար: Իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում կանոնադրությունների հետ փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաև դրանցում /կանոնադրությունում, փոխանցման ակտում, բաժանիչ հաշվեկշռում/ վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը հիմք է նոր առաջացած իրավաբանական անձանց պետական գրանցումը մերժելու համար: Իրավաբանական անձանց լուծարման համար ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին հիմք է պետական գրանցումը մերժելու համար:
3. Իրավաբանական անձի կազմավորման կարգի խախտում կամ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից իրավաբանական անձանց համար՝ երկօրյա, իսկ անհատ ձեռնարկատերերի համար՝ մեկօրյա ժամկետում, պետական գրանցումը գրավոր մերժվում է՝ մերժման հիմքի /հիմքերի/ պարտադիր նշումով: Գրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:
4. Իրավաբանական անձի փոփոխությունների, վերակազմակերպման և իրավաբանական անձի գործունեության դադարման պետական գրանցման մերժման մասին պետական ռեգիստրի որոշումը պետք է լինի պատճառաբանված և հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմերին, որոնց պահանջները խախտվել են իրավաբանական անձն ստեղծելիս, նրա կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելիս, իրավաբանական անձի գործունեությունը դադարելիս, կամ որոնց հակասում է իրավաբանական անձի կանոնադրությունը:
5. Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:
6. Իրավաբանական անձի, նրա կանոնադրությունում կատարված փոփոխությունների և լրացումների, իրավաբանական անձի գործունեության դադարման պետական գրանցման մերժման մասին որոշումը ստորագրում է տարածքային ստորաբաժանման ղեկավարը: Այն վավերացվում է տվյալ տարածքային ստորաբաժանման կնիքով: Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում պետական գրանցման մերժման մասին որոշումը ստորագրում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ղեկավարը կամ նրա տեղակալը:
7. Եթե բոլոր փաստաթղթերը ներկայացնելու մասին գրանցամատյանում գրառում կատարելուց հետո իրավաբանական անձի, նրա կանոնադրությունում կատարված փոփոխությունների կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը սահմանված ժամկետներում չի մերժվում, ապա գրանցումը համարվում է կատարված և ոչ ուշ, քան համապատասխան գրանցման համար նախատեսված ժամկետի լրանալուց հետո մեկ օրվա ընթացքում, դիմողին տրվում է համապատասխան վկայական /ներդիր/:
8. Պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև պետական գրանցումից խուսափելը կարող է բողոքարկվել դատարան:
|
Հոդված 17. |
Իրավաբանական անձանց կոդավորումը և պետական միասնական գրանցամատյանի վարման կարգը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է իրավաբանական անձանց պետական գրանցման կոդերի միասնական համակարգ:
2. Կոդավորման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից տարածքային մարմինների կոդերի տրամադրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետը:
4. Պետական միասնական գրանցամատյանը, որը ձևավորվում է պետական գրանցամատյաններից, տեղեկություններ է պարունակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին: Պետական միասնական գրանցամատյանը վարում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը, որն այդ նպատակով ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 օրը մեկ պետական գրանցամատյանների տեղեկությունների հիման վրա, արդիականացնում է այն: Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են հանընդհանուր ծանոթացման համար: Պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 18. |
Պետական գրանցման վկայականը |
1. Պետական գրանցման վկայականը պետական գրանցման փաստը հավաստող փաստաթուղթ է, որն ունի հերթական համարով ներդիր /ներդիրներ/՝ կատարված փոփոխություններն ամրագրելու համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տրվում են պետական գրանցման միասնական ձևի վկայականներ:
2. Պետական գրանցման վկայականների ձևերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
ա/ իրավաբանական անձի անվանումը /ներառյալ՝ ֆիրմային անվանումը և կազմակերպական-իրավական ձևը/.
բ/ պետական գրանցման վկայականի սերիան և համարը.
գ/ իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
դ/ պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.
ե/ կոդը.
զ/ գտնվելու վայրը.
է/ իրավաբանական անձի տեսակը.
ը/ պետական գրանցումն իրականացրած պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման անվանումը.
թ/ գործունեության ժամկետը /անժամկետ, իսկ որոշակի ժամկետի դեպքում՝ նշելով դրա ավարտի տարին, ամիսը և ամսաթիվը/:
4. Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
ա/ անհատ ձեռնարկատիրոջ անունը, անձնագրային տվյալները.
բ/ պետական գրանցման վկայականի սերիան և համարը.
գ/ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համարը.
դ/ պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.
ե/ բնակության վայրը և պետական գրանցման վայրը.
զ/ անհատ ձեռնարկատիրոջ լուսանկարը.
է/ պետական գրանցումն իրականացրած պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման անվանումը.
ը/ գործունեության ժամկետը /անժամկետ, իսկ որոշակի ժամկետի դեպքում՝ նշելով դրա ավարտի տարին, ամիսը և ամսաթիվը/:
5. Պետական գրանցման վկայականն ստորագրում է պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, և այն վավերացվում է կնիքով:
6. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերում իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականն ստորագրում է պետական ռեգիստրի ղեկավարը կամ նրա տեղակալը:
7. Պետական գրանցման վկայականի կորստյան կամ գործածության համար ոչ պիտանի լինելու դեպքում տրվում է նոր վկայական իր ներդիրներով:
|
Հոդված 19. |
Պետական գրանցման վկայականների ոչնչացման կարգը |
Լուծարված /գործունեությունը դադարեցրած/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման վկայականները ոչնչացնելու նպատակով պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում ստեղծվում է հանձնաժողով, որի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև պետական գրանցման վկայականների ոչնչացման կարգը և ժամկետները սահմանվում են պետական ռեգիստրի կանոնադրությամբ:
|
Հոդված 20. |
Պետական գրանցամատյանում գրառվող տեղեկությունները |
1. Իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները՝
ա/ անվանումը, ներառյալ ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.
բ/ իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
գ/ պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.
դ/ պետական գրանցման վկայականի սերիան և համարը.
ե/ հիմնադրման տարին.
զ/ հիմնադրման եղանակը.
է/ իրավաբանական անձի կոդը.
ը/ հիմնադիրների /մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի/ կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ /ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության /հաշվառման/ վայրը, իրավաբանական անձանց դեպքում՝ անվանումը, գրանցման վկայականի տվյալները, գտնվելու վայրը/.
թ/ կանոնադրական կապիտալի /բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն/ չափը.
ժ/ կանոնադրական կապիտալում /բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն/ հիմնադիրների /մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի/ ներդրումների չափը.
ժա/ իրավաբանական անձի գտնվելու վայրը /փոստային հասցեն/, այդ թվում՝ հեռախոսը և կապի այլ միջոցներ.
ժբ/ գործունեության ժամկետը, եթե ստեղծված է որոշակի ժամանակով/.
ժգ/ տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին.
ժդ/ գործունեության /գոյության/ դադարման դեպքում՝ նշում այդ մասին:
2. Իրավաբանական անձանց միությունների, հասարակական միավորումների և հիմնադրամների պետական գրանցման դեպքում պարտադիր գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին կետի «թ» և «ժ» ենթակետերով սահմանված տեղեկությունները:
3. Բաժնետիրական ընկերությունների պետական գրանցման դեպքում պարտադիր գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին կետի «ը» և «ժ» ենթակետերով սահմանված տեղեկությունները:
4. Կոոպերատիվների պետական գրանցման դեպքում բաժնային ֆոնդի /սույն հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետ/ հետ գրառվում է անբաժանելի ֆոնդի չափը:
5. Անհատ ձեռնարկատիրոջ մասին պետական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տվյալները՝
ա/ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համարը.
բ/ պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.
գ/ պետական գրանցման վկայականի սերիան և համարը.
դ/ անհատ ձեռնարկատիրոջ անունը.
ե/ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալները /սերիան, համարը, ում կողմից է տրված և այլն/.
զ/ բնակության վայրը.
է/ պետական գրանցման հասցեն /եթե չի համընկնում բնակության վայրի հետ/.
ը/ գործունեության ժամկետը, եթե գրանցվում է որոշակի ժամկետով.
թ/ գործունեության դադարման դեպքում՝ նշում այդ մասին:
6. Սույն հոդվածում սահմանված տեղեկությունները պետական ռեգիստրի կողմից փոփոխվել չեն կարող:
|
Հոդված 21. |
Պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Պետական գրանցման համար իրավաբանական անձինք ներկայացնում են՝
ա/ իրավաբանական անձի հիմնադրի /հիմնադիրների/ լիազորված անձի դիմումը.
բ/ իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադրի /հիմնադիրների/ ժողովի /համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի/ արձանագրությունը՝ ստորագրված նախագահի և քարտուղարի կողմից/ բացառությամբ մեկ ֆիզիկական անձով հիմնադրվող իրավաբանական անձանց/: Եթե հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ, ապա անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը.
գ/ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ հաստատված ժողովի /համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի/ կողմից.
դ/ պետական տուրքի վճարման անդորրագիրը:
2. Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով կարող են նախատեսվել պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա նաև այլ փաստաթղթեր:
3. Օտարերկրյա հիմնադիր /մասնակից/ իրավաբանական անձով իրավաբանական անձինք պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև քաղվածք՝ տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա ներդրողի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը /կամ համապատասխան քաղվածքները/՝ վավերացված և հայերեն թարգմանված:
4. Պետական գրանցման համար անհատ ձեռնարկատերը ներկայացնում է՝
ա/ գրանցման մասին դիմում՝ նշելով անունը, անձնագրի տվյալները, բնակության և պետական գրանցման վայրը, գործունեության ժամկետը.
բ/ անձնագրի պատճենը.
գ/ լուսանկար.
դ/ պետական տուրքի վճարման անդորրագիրը:
|
Հոդված 22. |
Փոփոխությունների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
Փոփոխությունների պետական գրանցման համար դիմող սուբյեկտները պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում ներկայացնում են՝
ա/ դիմում.
բ/ կանոնադրությունում կատարված փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունների, լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին իրավասու մարմնի որոշումը.
գ/ կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները /կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը/.
դ/ պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի «դ»-«զ» ենթակետերով նախատեսված տվյալների փոփոխությունը գրանցելու համար անհատ ձեռնարկատերը ներկայացնում է դիմում և փոփոխությունը հավաստող փաստաթուղթ, իսկ «է» և «ը» ենթակետերի դեպքում՝ միայն դիմում:
|
Հոդված 23. |
Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար անհրաժեշտ փաստաթղթերը |
Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար ներկայացվում են՝
ա/ միաձուլման դեպքում՝
- դիմում,
- միաձուլվող իրավաբանական անձանց հիմնադիրների /մասնակիցների/ կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,
- փոխանցման ակտերը,
- միաձուլման պայմանագիրը,
- միաձուլվող իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականները,
- հիմնադիր /միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ /ժողովի/ համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի/ արձանագրությունը,
- կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ հաստատված ժողովի /համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի/ կողմից,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ/ միացման դեպքում՝
- դիմում,
- միացող իրավաբանական անձանց հիմնադիրների /մասնակիցների/ կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,
- փոխանցման ակտը /ակտերը/,
- միացման պայմանագիրը /պայմանագրերը/,
- միացող իրավաբանական անձի /անձանց/ պետական գրանցման վկայականը /վկայականները/,
- միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի /համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի/ արձանագրությունը,
- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները /կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը/,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ/ բաժանման դեպքում՝
- դիմումները,
- բաժանվող իրավաբանական անձի հիմնադիրների /մասնակիցների/ կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
- բաժանիչ հաշվեկշիռը,
- բաժանվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,
- հիմնադիր /բաժանման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց /ժողովների/ համագումարների կամ օրենքով սահմանված այլ մարմինների/ արձանագրությունները,
- կանոնադրությունները՝ առնվազն երկու օրինակից՝ հաստատված ժողովի /համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի/ կողմից,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը.
դ/ առանձնացման դեպքում՝
- դիմումները,
- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի հիմնադիրների /մասնակիցների/ կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
- բաժանիչ /առանձնացման/ հաշվեկշիռը,
- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները /կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը/,
- հիմնադիր /առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի կամ անձանց/ ժողովների /համագումարների կամ օրենքով սահմանված այլ մարմինների/ արձանագրությունները,
- կանոնադրություններն առնվազն երկու օրինակից՝ հաստատված ժողովի /համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի/ կողմից,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը.
ե/ վերակազմավորման դեպքում՝
- դիմում,
- վերակազմավորվող իրավաբանական անձի հիմնադիրների /մասնակիցների/ կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,
- փոխանցման ակտը,
- վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովի /համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի/ արձանագրությունը,
- կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ հաստատված ժողովի /համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի/ կողմից,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը:
|
Հոդված 24. |
Լուծարման /գործունեության դադարման/ պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են՝
ա/ դիմում.
բ/ իրավաբանական անձի հիմնադիրների /մասնակիցների/ կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին և լուծարման հաշվեկշիռը.
գ/ տեղեկանքներ հարկային և սոցիալական ապահովության մարմիններից՝ պարտավորությունների բացակայության մասին.
դ/ կնիքը հանձնելու մասին համապատասխան փաստաթուղթ.
ե/ պետական գրանցման վկայականը:
2. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման համար ներկայացվում են՝
ա/ դիմում.
բ/ տեղեկանքներ հարկային և սոցիալական ապահովության մարմիններից՝ պարտավորությունների բացակայության մասին.
գ/ պետական գրանցման վկայականը:
3. Մահացած անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի մարումն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը և մահվան փաստը հավաստող փաստաթուղթը:
4. Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարումն իրականացվում է վճռում նշված մարմնի, իսկ նման նշման բացակայության դեպքում իրավաբանական անձի հիմնադիրների /մասնակիցների/ կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի կողմից, որոնք լուծարումը գրանցելու համար պետական ռեգիստր են ներկայացնում դատարանի վճիռը և սույն հոդվածում նշված փաստաթղթերը:
Գ Լ ՈՒ Խ IV
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
|
Հոդված 25. |
Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը |
1. Պետական ռեգիստրին ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձինք:
2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, իսկ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սամանված դեպքերում պետական ռեգիստրի ղեկավարը կամ նրա տեղակալը պատասխանատվություն են կրում իրավաբանական անձի, նրա կանոնադրությունում կատարված փոփոխությունների և լրացումների, վերակազմակերպման կամ լուծարման /գործունեության դադարման/, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման, գործունեության դադարման պետական գրանցումն անհիմն մերժելու կամ դրանց կատարումից խուսափելու կամ գրանցումն անհիմն կամ անօրինական կատարելու համար՝ օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ V
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 26. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գոյություն ունեցող այլ գրանցամատյանները փոխանցվում են պետական ռեգիստր՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյան ձևավորելու համար:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
17 ապրիլի 2002թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-200 |
|