Համարը 
ՀՕ-42
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
18.12.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.01.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.11.2018

Ծանուցում
Սույն օրենքի դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների՝ կենսաթոշակային ապահովության և սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական և կազմակերպական դրույթները:

ԳԼՈՒԽ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրությունը

 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենսդրական և ենթաօրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 2.

«Զինծառայող» հասկացությունը

 

Սույն օրենքի համաձայն՝ զինծառայող են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողները: 

 (2-րդ հոդվածը լրաց. 24.03.1999 ՀՕ-55, փոփ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 3.

Զինծառայողներին հավասարեցված անձինք

 

Զինծառայողներին հավասարեցված անձինք են՝

ա) վարժական հավաքների կանչված զինապարտները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 7 (երրորդ մաս), 8, 9, 13-23, 25-28, 31, 33 (չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 35, 36 (առաջին մաս), 38, 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 7 (երրորդ մաս), 8, 9, 13-23, 25-28, 29 (երրորդ մաս), 33 (չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38, 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-28, 38 հոդվածներով նախատեսված դրույթները.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական դատախազության աշխատողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասով, 33-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դրույթները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև՝

ա) զինծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.

բ) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների վրա

(3-րդ հոդվածը խմբ. 01.10.2001 ՀՕ-165, փոփ., լրաց. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 4.

Պետական մարմինների և գործատուների պարտավորությունները զինծառայողների սոցիալական ապահովության բնագավառում

 

Համապատասխան մարմինների՝ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաև բոլոր կարգի գործատուները զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ու նրանց ընտանիքների անդամների պահանջով պարտավոր են նրանց ապահովել սույն օրենքով սահմանվող սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը, տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Համապատասխան մարմինների սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները պարտավոր են՝

ա) կենսաթոշակների նշանակման կարգի հետ կապված հարցերով իրենց դիմած քաղաքացիներին ապահովել խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց աջակցել պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.

բ) գործատուներից, պետական մարմիններից կամ առանձին անձանցից պահանջել համապատասխան փաստաթղթեր, իսկ անհրաժեշտության դեպքում ստուգել դրանց արժանահավատությունը:

 

Հոդված 5.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը

 

Եթե զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ  2

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 6.

Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական կենսաթոշակների տեսակները

 

Զինծառայողներին նշանակվում են հետևյալ պետական կենսաթոշակները՝

ա) երկարամյա ծառայության համար.

բ) հաշմանդամության համար.

Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին նշանակվում է սոցիալական կենսաթոշակ՝ կերակրողին կորցնելու դեպքում:

 

Հոդված 7.

Կենսաթոշակների նշանակման պայմանները

 

Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում և վճարվում է ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո:

(2-րդ մասն ուժը կորցրել է 25.05.2005 ՀՕ-209)

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների ամսական դրամական բավարարմանը նշանակվում են հավելումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով և չափերով:

Զինծառայողներին՝ հաշմանդամության կենսաթոշակ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամներին սոցիալական կենսաթոշակ է նշանակվում անկախ ծառայության տևողությունից:

(7-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 8.

Կենսաթոշակի ընտրության իրավունքը

 

Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ:

(8-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 9.

Կենսաթոշակների վճարման միջոցները

 

Սույն օրենքի համաձայն՝ զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին նշանակված պետական կենսաթոշակները վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից:

Զինծառայողների կենսաթոշակները հաշվարկելիս նրանց դրամական բավարարմանը միացվում է սննդի փոխհատուցման գումարը:

 

Հոդված 10.

Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու պայմանները

                      (վերնագիրը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով զինվորական ծառայություն անցած այն զինծառայողները, ովքեր`

ա) ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեն առնվազն 20 տարվա զինվորական ծառայության ընդհանուր ժամկետ (ստաժ).

բ) տարիքի կամ առողջական վիճակի կամ հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին առնվազն 50 տարեկան են և ունեն 25 և ավելի տարվա ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 8 տարի:

Սույն հոդվածով սահմանված անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի բացակայության դեպքում զինծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

(10-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 11.

Երկարամյա ծառայության կենսաթոշակի չափերը

 

Երկարամյա ծառայության կենսաթոշակը նշանակվում է հետևյալ չափերով՝

ա) սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «ա» ենթակետում թվարկված զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով: 20 տարուց ավելի ծառայած յուրաքանչյուր լրիվ տարվա դիմաց երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու, իսկ աշխատած և զինվորական ծառայության հետ չկապված յուրաքանչյուր տարվա համար՝ մեկ տոկոսի չափով.

բ) սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «բ» ենթակետում թվարկված զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 65 տոկոսի չափով: 8 տարուց ավելի զինվորական ծառայության յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսի, բայց ոչ ավելի հինգ տոկոսը, 25 տարուց ավելի արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության և այլ բնույթի գործունեության մեկ լրիվ տարվա համար` երկու տոկոսի և 25 տարուց ավելի աշխատած և զինվորական ծառայության հետ չկապված մեկ լրիվ տարվա համար` մեկ տոկոսի չափով: Բոլոր դեպքերում կենսաթոշակը չի կարող գերազանցել ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափը և ցածր լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 150 տոկոսից:

(11-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 12.

Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժի հաշվարկման կարգը և պայմանները

                     (վերնագիրը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային և զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաև այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(12-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 13.

Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու պայմանները

                      (վերնագիրը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողներին, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել`

ա) զինվորական ծառայության ընթացքում.

բ) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում, սակայն ծառայության ժամանակ ծագած հիվանդության, վնասվածքի կամ խեղման պատճառով, այդ ժամկետից ուշ, սակայն ծառայության ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով ծագած հաշմանդամության պատճառով:

Սույն օրենքի համաձայն` հաշմանդամության կենսաթոշակի իրավունք տվող պատճառներն են զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքները, խեղումները և հիվանդությունները:

(13-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 14.

Հաշմանդամության կենսաթոշակի չափերը

 

Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հետևյալ չափերով՝

ա) 1-ին խմբի հաշմանդամներին՝ ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 200 տոկոսից.

բ) 2-րդ խմբի հաշմանդամներին՝ ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակի 150 տոկոսից.

գ) 3-րդ խմբի հաշմանդամներին՝ ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակից:

 

Հոդված 15.

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակման պայմանները

 

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ է նշանակվում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի այն անդամներին, ովքեր գտնվել են նրա խնամքի տակ, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, ինչպես նաև մինչև 18 տարեկան դառնալը հաշմանդամ ճանաչված զավակներին` անկախ նրանից` վերջիններս զոհված (մահացած) կերակրողի խնամքի տակ եղել են, թե ոչ:

Կերակրողին կորցնելու դեպքում զինծառայողի ընտանիքի անդամներին սոցիալական կենսաթոշակ նշանակվում է անկախ կերակրողի զոհվելու (մահանալու) պատճառից և անցած ժամանակաշրջանից:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ:

Կերակրողին կորցնելու դեպքում ընտանիքի անդամի պահանջով սոցիալական կենսաթոշակի նրա բաժինն առանձնացվում և վճարվում է առանձին:

Կենսաթոշակի բաժնի առանձնացումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակով ապահովվող ընտանիքի անդամների թիվը փոփոխվելիս կենսաթոշակը փոփոխվում է կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամների թվին համապատասխան:

(15-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 16.

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները

 

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն ընտանիքի հետևյալ անդամները.

ա) 18 տարին չլրացած երեխան, եղբայրը, քույրը և թոռը, ընդ որում` եղբայրը, քույրը և թոռը, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.

բ) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը և չեն աշխատում.

գ) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում.

դ) ամուսինը կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամը, կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը՝ անկախ տարիքից, եթե նա զբաղված է զոհված (մահացած) կերակրողի ութ տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով և չի աշխատում.

ե) պապը և տատը, եթե չունեն աշխատունակ զավակներ և չեն աշխատում:

Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողները կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն մինչև նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչև նրանց 23 տարին լրանալը:

(16-րդ հոդվածը փոփ. 29.06.2001 ՀՕ-159, խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 17.

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք վերապահող լրացուցիչ երաշխիքները

 

Որդեգրողները կենսաթոշակի իրավունք ունեն ծնողներին համահավասար, իսկ որդեգրվածները՝ հարազատ զավակներին համահավասար:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող անչափահասները այդ իրավունքը պահպանում են նաև որդեգրվելու դեպքում:

Խորթ հայրը և խորթ մայրը կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ հոր և մոր հետ համահավասար, եթե զոհված (մահացած) խորթ զավակին պահել և դաստիարակել են առնվազն 5 տարի:

Խորթ զավակները կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ զավակներին համահավասար:

Զոհված (մահացած) զինծառայողի ամուսնուն նշանակված կենսաթոշակը պահպանվում է նաև կենսաթոշակառուի նոր ամուսնության դեպքում:

(17-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 18.

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ վճարելը պետության լրիվ խնամքի տակ գտնվող երեխային

                      (վերնագիրը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում նշանակված սոցիալական կենսաթոշակը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով:

(18-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 19.

Կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող սոցիալական կենսաթոշակի չափերը

 

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում է՝

ա) յուրաքանչյուր երեխային՝ կերակրողի դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակից.

բ) ծնողներին կորցրած (զոհվածի, մահացածի) զավակներից յուրաքանչյուրին՝ կերակրողի դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 200 տոկոսից.

գ) ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին՝ կերակրողի դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 30 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակից.

դ)(կետը հանվել է 29.06.2001 ՀՕ-159)

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում և վճարվում է անկախ այն բանից, թե կենսաթոշակի իրավունք ունեցող անձը սահմանված կարգով այլ կենսաթոշակներ կամ սոցիալական նպաստներ ստանում է, թե ոչ:

(19-րդ հոդվածը փոփ. 29.06.2001 ՀՕ-159)

 

Հոդված 20.

Կենսաթոշակների նշանակման և մերժման կարգը

 

Սույն օրենքի համաձայն՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սահմանվող կենսաթոշակների նշանակման հարցը որոշում է համապատասխան մարմինների՝ սոցիալական ապահովության խնդիրներն իրականացնող ստորաբաժանումը՝ դիմում (զեկուցագիր) և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:

Մերժման որոշում ընդունելու դեպքում ամենաուշը 5 օրվա ընթացքում համապատասխան մարմինը այդ մասին գրավոր ծանուցում է դիմողին՝ նշելով մերժման պատճառն ու բողոքարկման կարգը՝ միաժամանակ վերադարձնելով բոլոր փաստաթղթերը:

Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակ փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(20-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 21.

Կենսաթոշակների նշանակման ժամկետները

 

Սույն օրենքի համաձայն հաշվարկվող կենսաթոշակները նշանակվում են՝

ա) երկարամյա ծառայության և հաշմանդամության կենսաթոշակները՝ զինծառայությունից արձակվելու կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամությունը հաստատվելու օրվանից, եթե կենսաթոշակ ստանալու դիմումը տրվել է զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամությունը հաստատվելուց հետո 6 ամսվա ընթացքում.

բ) կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը՝ կենսաթոշակի իրավունքի առաջանալու օրվանից, եթե կենսաթոշակի համար դիմումը տրվել է կերակրողին կորցնելու օրվանից հետո 6 ամսվա ընթացքում:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետներից ավելի ուշ դիմում տալու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմում տալու օրվանից:

Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակները նշանակվում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից սահմանված հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

(4-րդ մասն ուժը կորցրել է 25.05.2005 ՀՕ-209)

Զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակները նշանակվում են ցմահ:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը նշանակվում է այն ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը պահպանում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը (սույն օրենքի 16 հոդված):

Կենսաթոշակի չափի փոփոխումը կամ ընտանիքի անդամներին կենսաթոշակի վճարման դադարեցումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբից, որի ընթացքում առաջացել են կենսաթոշակի չափի փոփոխումը կամ վճարման դադարեցումը պայմանավորող հանգամանքներ:

(21-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 22.

Հաշմանդամության կենսաթոշակի հետագա վերահաշվարկը

 

Եթե վերազննության հետևանքով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը զինծառայողների հաշմանդամության խումբը փոխելու վերաբերյալ որոշում է կայացնում, ապա հաշմանդամության կենսաթոշակը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածներով սահմանված կարգով: Ընդ որում, եթե հաշմանդամության խումբը բարձրանում է, ապա հաշմանդամության կենսաթոշակի չափը որոշվում է սույն օրենքի 14 հոդվածով սահմանված կարգով՝ անկախ հաշմանդամության խմբի փոփոխման հանգեցնող պատճառներից:

(22-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 23.

Կենսաթոշակների նշանակման վերաբերյալ որոշումների բողոքարկումը

                      (վերնագիրը փոփ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Սույն օրենքով սահմանվող կենսաթոշակների նշանակման վերաբերյալ համապատասխան մարմինների որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

(23-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 24.

Ամսական դրամական բավարարումը որոշելու կարգը

 

Սույն օրենքով սահմանված կենսաթոշակները հաշվարկելիս՝ որպես ամսական դրամական բավարարման (վաստակի) չափ ընդունվում է զինվորական ծառայությունից արձակվելու կամ կենսաթոշակի իրավունքի առաջացման պահին նախորդող ամսում զինծառայողի ստացած դրամական բավարարումը և սննդի փոխհատուցման գումարը:

Դրամական բավարարման մեջ մտնող վճարումների տեսակների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողներին՝ հաշմանդամության կենսաթոշակ, իսկ նրանց ընտանիքների անդամներին՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ է նշանակվում սույն օրենքի 14 և 19 հոդվածներով սահմանված նվազագույն չափերի կրկնապատիկով:

 

Հոդված 25.

Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը

 

Զինծառայողների կենսաթոշակները հաշվարկելիս և նշանակելիս սահմանվում են հետևյալ հավելումները՝

ա) պատերազմի, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հաշմանդամ դարձածների համար՝ ըստ հաշմանդամության խմբերի՝ սույն օրենքի 14 հոդվածով հաշվարկվող հաշմանդամության կենսաթոշակի նվազագույն չափով.

բ) պատերազմի մասնակիցների համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 60 տոկոսի չափով.

գ) իրենց խնամքի տակ, սույն օրենքի 16-րդ հոդվածի «ա» և «բ» կետերով սահմանված, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով խնամարկյալներ ունեցող կենսաթոշակառուների համար` յուրաքանչյուր խնամարկյալին` բազային կենսաթոշակի 30 տոկոսի չափով.

դ) 1-ին խմբի հաշմանդամների համար՝ բազային կենսաթոշակի 60 տոկոսի, իսկ 2-րդ խմբի հաշմանդամների, ինչպես նաև 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուների համար՝ բազային կենսաթոշակի 40 տոկոսի չափով:

ե) Արցախի ազգային հերոսների համար, նախկին ԽՍՀՄ հերոսների, 1-ին և 2-րդ աստիճանի «Մարտական խաչի», ինչպես նաև ԽՍՀՄ «Փառքի» 3 աստիճանի շքանշանակիրների համար՝ բազային կենսաթոշակի չափով:Նրանց զոհվելու (մահանալու) դեպքում հավելումը տարածվում է սույն օրենքի 16-րդ հոդվածում թվարկված ընտանիքի անդամների վրա.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած շարքային զինծառայողների համար՝ սույն օրենքի 14-րդ և 24-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի 40 տոկոսի չափով.

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված շարքային զինծառայողների ընտանիքների համար՝ սույն օրենքի 19-րդ և 24-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 40 տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված հավելումները կարող են հաշվեգրվել միաժամանակ՝ բացառությամբ «ա» և «բ» ենթակետերով նախատեսվածների, բայց ընդհանուր գումարով բազային կենսաթոշակի քառապատիկից ոչ ավելի:

(25-րդ հոդվածը լրաց. 29.06.2001 ՀՕ-159, լրաց. 14.04.2004 ՀՕ-110, խմբ., փոփ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 26.

Կենսաթոշակ վճարելը, վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը

                      (վերնագիրը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Սույն օրենքով նշանակված կենսաթոշակը վճարվում է ըստ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրի:

Կենսաթոշակը կարող է վճարվել լիազորագրով: Կասեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում:

Կենսաթոշակը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել վեց ամսից ոչ ավելի՝ սկսած կենսաթոշակ չստացած ամսից:

Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին (բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված դեպքի) վճարվում է նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:

Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակվում և վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին կենսաթոշակ է վճարվում «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածին համապատասխան:

Սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը կասեցվում, դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով:

(26-րդ հոդվածը խմբ. 24.03.1999 ՀՕ-55, խմբ. 29.11.1999 ՀՕ-75, խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 27.

Պահումներ կենսաթոշակից

 

Սույն օրենքով նշանակվող կենսաթոշակներից պահումներ կատարվում են «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով ու չափերով:

(27-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 28.

Թաղման նպաստի վճարումը մահացած կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին

 

Կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան կապակցությամբ չստացված կենսաթոշակի գումարները ենթակա են ժառանգման:

Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքին վճարվում է թաղման նպաստ՝ կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:

Եթե կենսաթոշակառուի թաղումը կատարում են ընտանիքի անդամ չհանդիսացող անձինք, ապա նրանց նպաստ է վճարվում թաղման փաստացի կատարված ծախսերի չափով՝ վերը նշված նպաստի սահմաններում:

Նշված գումարները վճարվում են, եթե դրանց համար դիմում է տրվել կենսաթոշակառուի մահվանից ոչ ուշ, քան 12-ամսյա ժամկետում:

(28-րդ հոդվածը խմբ. 24.03.1999 ՀՕ-55, խմբ. 29.11.1999 ՀՕ-75)

 

ԳԼՈՒԽ  3

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 29.

Զինծառայողների աշխատանքային երաշխիքները

 

Զինծառայողները, բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվողների, չեն կարող ծառայությունից արձակվել մինչև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, բացի այն դեպքերից, երբ ծառայությունը կասեցվում է նրանց անձնական ցանկությամբ, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմը կրճատելու, պայմանագրի ժամկետը ավարտվելու կամ պայմանագրի պայմանները չկատարելու կապակցությամբ, զինվորական կանոնադրությունների պահանջների պարբերական խախտումների պատճառով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող բոլոր գործատուները պարտավոր են մինչև զորակոչվելը իրենց մոտ աշխատած ժամկետային զինծառայողներին զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո երկամսյա ժամկետում ընդունել աշխատանքի նախկինից ոչ ցածր պաշտոնով:

(29-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 30.

Զինծառայողների նյութական ապահովությունը

 

Զինծառայողները պետական բյուջեի, իսկ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող ստորաբաժանումների զինծառայողները` մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող միջոցների հաշվին ստանում են ֆինանսական, պարենային և հանդերձանքի ապահովություն կամ դրա փոխարեն դրամական փոխհատուցում ՝ իրենց ցանկությամբ:

Զինծառայողների ֆինանսական, պարենային և հանդերձանքի ապահովություն ստանալու կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Պետական կառավարման մարմիններ, հիմնարկներ, ձեռնարկություններ և ուսումնական հաստատություններ աշխատանքի գործուղված զինծառայողների համար պահպանվում են նյութական ապահովության, երաշխիքների և արտոնությունների բոլոր ձևերը:

Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին տրվում է դրամական օգնություն՝

մինչև 10 տարի ծառայած զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման հնգապատիկի չափով.

10-ից 15 տարի ծառայած զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման տասնապատիկի չափով.

15-ից 20 տարի ծառայած զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման տասնհինգապատիկի չափով.

20-ից ավել տարի ծառայած զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման քսանապատիկի չափով.

պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի չափով, իսկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին՝ բազային կենսաթոշակի քսանապատիկի չափով:

Դրամական օգնություն չի տրվում դիտավորյալ հանցագործության համար դատապարտված կամ կարգապահական խախտում թույլ տալու համար ծառայությունից արձակված (ազատված) զինծառայողներին: Դատապարտված անձանց նկատմամբ հետագայում արդարացման դատավճիռ կայացվելու դեպքում դրամական օգնությունը ենթակա է վճարման, ընդ որում, դրամական օգնության չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում զինծառայողին աշխատանքից ազատելու պահը:

Առողջության, տարիքի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, դրամական օգնություն ստացած եւ հետագայում զինվորական ծառայությունում վերականգնված զինծառայողներին, սահմանված կարգով նորից արձակվելու (ազատվելու) դեպքում, դրամական օգնությունը վճարվում է արձակվելու (ազատվելու) կամ կենսաթոշակի անցնելու պահին դրամական բավարարման նկատմամբ սահմանված եւ նախկինում վճարված դրամական բավարարման բազմապատիկների տարբերության չափով:

Ծառայության ժամկետը լրանալու պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), դրամական օգնությունը ստացած եւ կրկին ծառայության անցած զինծառայողներին` ժամկետը լրանալու կապակցությամբ դրամական օգնությունը վճարելիս կիրառվում են սույն հոդվածով սահմանված ժամկետները եւ չափերը: Հերթական անգամ վճարվող եւ նախկինում վճարված դրամական օգնությունների բազմապատիկների հանրագումարը չի կարող ծառայության ընդհանուր ստաժի տվյալ խմբի համար սահմանված դրամական բավարարման բազմապատիկից ավելի լինել:

Դրամական օգնության վճարման կարգը եւ պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) տարվա ընթացքում մեկ անգամ վճարվում է նաև`

ա) ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի 50 տոկոսի չափով, եթե նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 50-100 կմ է, պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի 100 տոկոսի չափով, եթե այդ հեռավորությունը 100 կմ և ավելի է, իսկ զինծառայողի ընտանիքի` նրան ուղեկցող յուրաքանչյուր անդամին դրամական օգնությունը վճարվում է վերը նշված դրույքաչափերի 25 տոկոսի չափով.

բ) միանվագ դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի կրկնակին չգերազանցող չափով` համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ:

(30-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 31.

Զինծառայողների աշխատելու և հանգստի ժամանակը

 

Զինծառայողների աշխատելու և հանգստի ժամանակի տևողությունն ու բախշումը կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական կանոնագրքերով և համապատասխան այլ օրենսդրական ակտերով:

Զինավարժությունները, մարտական հրաձգությունները և մարտական հերթապահությունները անցկացվում են շաբաթվա ցանկացած օր, առանց աշխատաժամանակի ընդհանուր տևողության սահմանափակման:

Սպաներին, ենթասպաներին, ինչպես նաև զինծառայող կանանց, ովքեր ծառայողական անհրաժեշտության բերմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարում են տոնական և ոչ աշխատանքային օրերին, տրամադրվում են հանգստյան այլ օրեր:

Նշված օրերին զինվորական պարտականությունները կատարելու դեպքում ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների հանգստի ժամանակը սահմանում է համապատասխան հրամանատարը (պետը):

Զինծառայողների վերակարգերը և հերթապահություններն անցկացվում են զինված ուժերի կանոնագրքերի, կանոնադրությունների և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի համաձայն:

 

Հոդված 32.

Զինծառայողներին արձակուրդ տալը

 

Ժամկետային զինծառայողներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է հերթական տարեկան արձակուրդ: Արձակուրդի տևողությունը կազմում է. մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար՝ 30 օր, 15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար՝ 40 օր, 25 և ավելի տարի ծառայած զինծառայողների համար՝ 45 օր, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության սպայական կազմի համար՝ յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար՝ երկու և կես օր հաշվարկով:

Ծառայության հատուկ պայմաններ ունեցող կամ վնասակար աշխատանքներում զբաղված ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցիչ տարեկան արձակուրդ՝ 10 օր տևողությամբ: Նման արձակուրդի իրավունք տվող ծառայության տեսակների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Ընտանեկան հանգամանքների բերմամբ, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով, հրամանատարի (պետի) որոշմամբ, ժամկետային զինծառայողին կարող է տրվել լրացուցիչ տարեկան արձակուրդ՝ մինչև 10 օր տևողությամբ:

Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ մասերի դրույթները չեն տարածվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողների վրա:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներին զինվորական ծառայության ընթացքում բարեխիղճ ծառայության, մարտական, հասարակական-պետական բարձր ցուցանիշների համար որպես խրախուսանք կարող է տրվել արձակուրդ, զինվորներին՝ 15 օր, սերժանտներին և ավագներին՝ 20 օր տևողությամբ:

Հրամանատարի (պետի) որոշմամբ պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել մինչև 5 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ՝ ելնելով զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշներից, իսկ ամուսնացածներին՝ ևս 5 օր, 6 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ:

Զինծառայողների ամուսիններին, իրենց ցանկությամբ, տարեկան արձակուրդ կարող է տրվել ամուսնու արձակուրդի հետ միաժամանակ:

(32-րդ հոդվածը փոփ. 19.05.2004 ՀՕ-114)

 

Հոդված 33.

Զինծառայողների բժշկական սպասարկումը

 

Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ՝ համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում զինծառայողներին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցույց է տրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում՝ համապատասխան մարմինների միջոցների հաշվին՝ բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք:

Առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաև բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են համապատասխան մարմինների՝ այդ նպատակով հատկացրած միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով պահեստ արձակված, սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը կատարվում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 34.

Զինծառայողների բնակարանային ապահովությունը

 

Մինչև մշտական բնակտարածություն ստանալը, զինծառայողները (բացի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներից) և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով նրանց վճարվում է դրամական փոխհատուցում՝ բնակելի տարածություններ վարձակալելու կամ բնակարաններ ձեռք բերելու համար:

Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

20 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, տարիքի, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով պահեստազոր արձակված և 15 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, իրենց զբաղեցրած բնակելի տարածությունները սեփականաշնորհելիս օգտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից:

Գազի, ջրամատակարարման ծառայություններից և տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը վճարելու համար սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողին, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին (ամուսնուն, ծնողներին, ինչպես նաև սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին) տրվում է դրամական օգնություն, իսկ եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով տրվում է լրացուցիչ գումար:

Ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր դրամական օգնություն:

Ընտանիքի անդամի պահանջով դրամական օգնության նրա բաժինն առանձնացվում և վճարվում է առանձին:

Դրամական օգնության առանձնացումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:

Դրամական օգնության չափերը, նշանակման և վճարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(34-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 35.

Լրացուցիչ երաշխիքներ և արտոնություններ՝ ժամկետային զինծառայողների ու մարտական գործողությունների մասնակիցների համար

 

Ժամկետային զինծառայողներն ու մարտական գործողությունների մասնակիցները զբաղեցրած բնակելի տարածության նկատմամբ իրենց իրավունքները՝ անկախ բնակարանի սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, պահպանում են ծառայության ու մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում:

 

Հոդված 36.

Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը

 

Զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:

Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Զինծառայողներն արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս ընտանիքի՝ նրանց ուղեկցող անդամները քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), օգտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(36-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 37.

Զինծառայողների կրթություն ստանալու երաշխիքները

 

Զինծառայողներն իրավունք ունեն սովորել ռազմաուսումնական հաստատություններում, իսկ սպաներն ու ենթասպաները՝ նաև վերապատրաստման և որակավորման բարձրացման կուրսերում:

Ռազմաուսումնական հաստատություններից հեռացված ունկնդիրների և կուրսանտների վերականգնումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած կարգով՝ հեռացվելու օրվանից ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում:

Պետությունը երաշխավորում է՝

ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ, ներառյալ՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա, մրցույթից դուրս՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների զորացրվելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ, մրցույթից դուրս պետական պատվերի շրջանակներում, ուսումնական հաստատություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում:

(37-րդ հոդվածը լրաց. 29.06.2001 ՀՕ-159, լրաց. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 38.

Զինծառայողների եկամուտների հարկավորելը և կենսաթոշակների վերահաշվարկելը

 

Զինծառայողները, ինչպես նաև ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից՝ օրենքով սահմանված կարգով և չափերով: Սույն օրենքի 33 և 36 հոդվածների համաձայն՝ զինծառայողներին մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները հարկման առումով չեն ներառվում համախառն եկամտի մեջ և չեն հարկվում եկամտահարկով:

Պարտադիր ժամկետային զինծառայողները սահմանված կարգով պահեստ արձակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից՝ «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով զինծառայողների համար սահմանված կարգով և չափերով:

Զինծառայողների դրամական բավարարման բարձրացման հետ միաժամանակ վերահաշվարկվում են համապատասխան պաշտոններ զբաղեցրած և պահեստ արձակված զինծառայողների կենսաթոշակների չափերը: Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

 

Հոդված 39.

Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը

 

Զինծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի հիսնապատիկի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքերից՝ բազային կենսաթոշակի հարյուրապատիկի չափով:

Նշված ապահովագրությունը տարածվում է նաև սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների վրա՝ աշխատունակության կորստի չափին համամասնորեն, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ զոհվելու (մահանալու) դեպքից ապահովագրվելու համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ:

Ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 40.

Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը

 

Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողների մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով:

(40-րդ հոդվածը լրաց. 25.05.2005 ՀՕ-209)

 

ԳԼՈՒԽ  4

 

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 41.

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները

 

Սույն օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և համապատասխան մարմինների՝ սոցիալական խնդիրներ իրականացնող ծառայությունները:

 

Հոդված 42.

Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

 Սույն օրենքը խախտող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 43.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի սեպտեմբերի 30-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը՝ հետագա լրացումներով և փոփոխություններով:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

22 հունվարի 1999թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-42