Համարը 
N 168
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.06.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.06.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.06.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“19” հունիսի 2001թ.

N 168

 ք.Ստեփանակերտ

 

Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին

 

«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին, 19-րդ հոդվածի 1-ին կետին, «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին և 18-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 29.09.2006 N 487, փոփ. 28.01.2014 N 28-Ն, փոփ. 29.12.2017 N 365-Ն)

1. Սահմանել, որ`

ա/ սույն որոշման դրույթները տարածվում են «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի իմաստով հարկատու համարվող անձանց վրա, ինչպես նաև «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի իմաստով հարկ վճարող համարվող այն անձանց վրա, որոնք հարկվող եկամուտը որոշելու նպատակով, նույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, համախառն եկամտից կատարում են նվազեցումներ.

բ/ սույն որոշումը սահմանում է համախառն եկամտից իրականացվող` սույն որոշմամբ նախատեսված նվազեցումների առավելագույն թույլատրելի չափը հարկվող շահույթը կամ հարկվող եկամուտը որոշելու նպատակով.

գ/ անկախ սույն որոշմամբ նախատեսված սահմանափակումներից, փաստացի կատարված ծախսերը կարող են ամբողջությամբ արտացոլվել հարկատուի ֆինանսական հաշվետվություններում: Ընդ որում, եթե օրենքի կամ իրավական այլ ակտի համաձայն հարկատուն պարտավոր է հրապարակել իր ֆինանսական հաշվետվությունները, ապա նրա կողմից փաստացի կատարված ծախսերը դրանցում արտացոլվում են ամբողջ ծավալով` անկախ սույն որոշմամբ նախատեսված առավելագույն թույլատրելի չափերից.

դ/ սույն որոշման որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել որպես դրանում նախատեսված ծախսի չափի ուղղակի կամ անուղղակի սահմանափակում, կամ որպես փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի նվազեցումը թույլատրված է օրենքով.

ե/ սույն որոշման դրույթները տարածվում են որոշումն ուժի մեջ մտնելու պահից հետո կատարված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի վրա:

(1-ին կետը փոփ. 28.01.2014 N 28-Ն)

2. Սահմանել, որ սույն որոշման կիրառման նպատակով օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

ա/ վնասակար նյութեր են համարվում այն քիմիական և կենսաբանական նյութերը, ինչպես նաև աղմուկի, վիբրացիայի, մագնիսական դաշտի, ռադիոակտիվ ճառագայթների ու այլ վնասակար ֆիզիկական ներգործությունը, որոնք, ներթափանցելով շրջակա միջավայր և կենդանի օրգանիզմներ, ներկա ու ապագա սերունդների մոտ կարող են առաջացնել կենսագործունեության խախտումներ.

բ/ շրջակա միջավայր է համարվում համատեղ կերպով և անմիջականորեն մարդկանց ու իրենց տնտեսությունների վրա ազդող կենդանի, կենդանական ծագում չունեցող և սոցիալական միջավայրերի համախմբությունը.

գ/ գովազդի ծախսեր են համարվում տարբեր տեսակի տեղեկատվական միջոցներով անորոշ թվով անձանց շրջանում հարկատուների, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին այն տեղեկությունները տարածելու համար կատարվող ծախսերը, որոնք կոչված են ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունն այդ հարկատուների, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ.

դ/ կադրերի պատրաստման ծախսեր են համարվում առկա արտադրական գործընթացներին և ընթացակարգերին, աշխատանքի կազմակերպման եղանակներին կամ մեթոդներին տիրապետելու համապատասխան որակավորում ապահովելու նպատակով հատուկ դասընթացներին աշխատողների մասնակցության նպատակով հարկատուի կատարած ծախսերը (դասընթացի արժեքը): Ընդ որում, վերջիններս չեն ներառում գործուղման ծախսերը, որոնք հաշվառվում են համապատասխան ծախսային հոդվածներով.

ե/ կադրերի վերապատրաստման ծախսեր են համարվում արտադրական նոր գործընթացների և ընթացակարգերի յուրացման, աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ եղանակների կամ մեթոդների ներդրման նպատակով որակավորման հատուկ դասընթացներին աշխատողների մասնակցության նպատակով հարկատուի կատարած ծախսերը (դասընթացի արժեքը): Ընդ որում, վերջիններս չեն ներառում գործուղման ծախսերը, որոնք հաշվառվում են համապատասխան ծախսային հոդվածներով.

զ/ (ենթակետն ուժը կորցրել է 22.03.2011 N 148-Ն)

է/ արտահագուստի և այլ հանդերձանքի համար կատարված ծախսեր են համարվում աշխատողների համար անվտանգության կանոններն ապահովելու, հիգիենիկ պահանջները բավարարելու նպատակով հագուստի ձեռքբերման ծախսերը, ինչպես նաև հարկատուի կողմից ձեռք բերված աշխատողների աշխատանքային պարտավորությունները կատարելու համար հատուկ հանդերձանքի գծով ծախսերը: Սույն որոշման կիրառման նպատակով հանդերձանքը կհամարվի հատուկ, եթե այդ հանդերձանքի օգտագործմամբ աշխատանքային պարտավորությունների կատարումը հարկատուի կողմից ներկայացվող պարտադիր պահանջ է.

ը/ գործուղման ծախսեր են համարվում հարկատուին կամ նրա աշխատողներին աշխատանքի մշտական վայրից (քաղաք, գյուղ և այլն) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարների հետ կապված հարկատուի կատարած ծախսերը.

թ/ ներկայացուցչական ծախսեր են համարվում հարկատուի կատարած այն ծախսերը, որոնք կապված են փոխշահավետ համագործակցություն հաստատելու և այն պահպանելու նպատակով բանակցություններ վարելու համար այլ հարկատուների ներկայացուցիչների, ինչպես նաև հարկատուի խորհրդի ու վերստուգիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար այլ մասնակիցների ընդունման և սպասարկման հետ.

ժ/ մարքեթինգի ծախսեր են համարվում ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրության, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացման հետ կապված ծախսերը.

ժա/ հովանավորչական ծախսեր են համարվում այլ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության մեջ ներդրումները` հովանավորվողի կողմից հովանավորի կամ նրա ապրանքների (արտադրանքի, ծառայությունների) կամ գործունեության մասին տեղեկատվության հրապարակման պայմանով (հովանավորի և հովանավորվողի միջև հարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրով).

ժբ/ կառավարման ծառայությունների ծախսեր են համարվում հարկատուի գործունեությունը փաստացի ղեկավարելու համար այլ անձանց կողմից հարկատուին մատուցվող ծառայությունների և (կամ) հարկատուի համար կատարվող աշխատանքների (բացառությամբ վարձու աշխատող համարվող անձանց կողմից կատարվող աշխատանքների) դիմաց այդ անձանց վճարվող գումարները (բացառությամբ կառավարման գծով խորհրդատվության և հավատարմագրային կառավարման համար այլ անձանց վճարվող գումարների).

ժգ/ խորհրդատվական ծառայությունների ծախսեր են համարվում հարկատուի գործունեությանը վերաբերող խորհրդատվության, կարծիքի ներկայացման, վերլուծության և նմանատիպ ծառայությունների համար այլ անձանց կողմից հարկատուին մատուցվող ծառայությունների և (կամ) հարկատուի համար կատարվող աշխատանքների (բացառությամբ վարձու աշխատող համարվող անձանց կողմից կատարվող աշխատանքների) դիմաց այդ անձանց վճարվող գումարները, ներառյալ կառավարման գծով խորհրդատվության համար այլ անձանց վճարվող գումարները:

(2-րդ կետը լրաց. 02.04.2002 N 82, փոփ., լրաց. 22.03.2011 N 148-Ն, լրաց. 31.07.2012 N 536-Ն, լրաց. 29.12.2017 N 365-Ն)

3. Սահմանել, որ հարկվող շահույթը կամ հարկվող եկամուտը որոշելու նպատակով հարկատուի համախառն եկամտից կարող են նվազեցվել՝

ա/ վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարների հետ կապված ծախսերը հաշվետու տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը չգերազանցող գումարի չափով.

բ/ Արցախի Հանրապետության տարածքից դուրս գովազդի ծախսերը՝ հաշվետու տարվա համախառն եկամտի 3 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից Արցախի Հանրապետության տարածքից դուրս արտահանված ապրանքների կամ ծառայությունների արժեքի 20 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով.

գ/ Արցախի Հանրապետության տարածքից դուրս կադրերի պատրաստման համար կատարված ծախսերը՝ հաշվետու տարվա համախառն եկամտի 2 տոկոսը չգերազանցող գումարի, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պատրաստում անցած յուրաքանչյուր աշխատողի հաշվով 1.5 մլն դրամի չափով.

դ/ Արցախի Հանրապետության տարածքից դուրս կադրերի վերապատրաստման համար կատարված ծախսերը՝ հաշվետու տարվա համախառն եկամտի 1 տոկոսը չգերազանցող գումարի, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վերապատրաստում անցած յուրաքանչյուր աշխատողի հաշվով 1 մլն դրամի չափով.

ե/ (ենթակետն ուժը կորցրել է 22.03.2011 N 148-Ն)

զ/ արտահագուստի և այլ հանդերձանքի համար կատարված ծախսերը՝ աշխատանքի ու դրան հավասարեցված պարտականությունների համար աշխատողներին վճարված եկամուտների 5 տոկոսը չգերազանցող գումարի, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր աշխատողի հաշվով 100 հազ. դրամի չափով.

է/ աշխատողներին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված և սույն կետով չնախատեսված փոխհատուցումների համար կատարված ծախսերը՝ աշխատանքի ու դրան հավասարեցված պարտականությունների համար աշխատողներին վճարված եկամուտների 5 տոկոսը չգերազանցող գումարի չափով.

ը/ Արցախի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը՝ հաշվետու տարվա համախառն եկամտի 3 տոկոսը չգերազանցող գումարի չափով: Ընդ որում, գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կնվազեցվի .

- ՀՀ տարածք գործուղվելու դեպքում 8 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, ընդ որում մոնտաժային, կարգավորման և շինարարական աշխատանքներ իրականացնող հարկ վճարողների համար օրապահիկի ծախսերի ամսական գումարը չի կարող գերազանցել տվյալ աշխատանքում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների գումարից.

- այլ վայրեր (բացառությամբ ՀՀ-ի) գործուղվելու դեպքում 25 հազ. դրամը, իսկ Արցախի Հանրապետության կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն գումարը չգերազանցող գումարի չափով.

ը1) Արցախի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ ՀՀ-ի) ծառայությունների մատուցման գծով փաստացի կատարված և փաստաթղթերով հիմնավորված գործուղման ծախսերը՝ պատվիրատուի հետ կնքված պայմանագրերով երկկողմանիորեն հաստատված նախահաշիվներում այդ ծառայությունների դիմաց հատուցման չափն առանձնացված լինելու դեպքում, հարկատուի համախառն եկամտից նվազեցվում են ամբողջությամբ, բայց ոչ ավելի պայմանագրի շրջանակներում՝ վերը նշված ծառայությունների դիմաց ստացված (ստացվելիք) եկամուտների 80 տոկոսից:

թ/ Արցախի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը՝ գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 3 000 ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով, ընդ որում մոնտաժային, կարգավորման և շինարարական աշխատանքներ իրականացնող հարկ վճարողների համար օրապահիկի ծախսերի ամսական գումարը չի կարող գերազանցել տվյալ աշխատանքում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների գումարից.

Ընդ որում, գործուղման օրապահիկի ծախսերը չեն հատուցվում հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ գործուղված աշխատողին

թ1/ Արցախի Հանրապետության տարածքում մոնտաժային, կարգավորման և շինարարական աշխատանքներ կատարելու համար գործուղված աշխատողներին, այն դեպքերում, երբ այդ աշխատանքները շարունակվում են 1 ամսից ավելի, գործուղման վայրում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար օրապահիկի փոխարեն վճարվում են աշխատավարձի նկատմամբ հավելում պաշտոնային դրույքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 60000 դրամից:

Եթե աշխատողը գործուղվել է մոնտաժային, կարգավորման և շինարարական աշխատանքներ կատարելու համար 1 ամսից ավելի ժամկետով, սակայն ղեկավարության կարգադրությամբ վերադարձել է հիմնական աշխատանքի վայրը 1 ամսից շուտ, նրան գործուղման վայրում գտնվելու ժամանակամիջոցի համար վճարվում է աշխատավարձի նկատմամբ հավելում սահմանված չափով.

ժ/ ներկայացուցչական ծախսերը՝ հաշվետու տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը չգերազանցող գումարի, բայց ոչ ավելի, քան 3 մլն. դրամի չափով.

ժա/ առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական ու մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար կատարված՝ հաշվետու տարվա համախառն եկամտի 0.2 տոկոսը չգերազանցող գումարների մասով.

ժբ/ Արցախի Հանրապետության տարածքից դուրս մարքեթինգի ծախսերը հաշվետու տարվա համախառն եկամտի 1 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից արտահանված ապրանքների և ծառայությունների արժեքի 5 տոկոսը չգերազանցող գումարներից կամ հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից ներմուծված ապրանքների արժեքի 2 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով.

ժգ/ հովանավորչական ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5 տոկոսը չգերազանցող գումարի չափով.

ժդ/ ոչ ռեզիդենտ կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացված կառավարման ծառայությունների ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 2 տոկոսը չգերազանցող գումարի չափով.

ժե/ ոչ ռեզիդենտ կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացված խորհրդատվական ծառայությունների ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 2 տոկոսը չգերազանցող գումարի չափով:

Սույն ենթակետի դրույթները չեն կիրառվում տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում նորամուծությունների ներդրման և ինովացիոն գործունեություն իրականացնող Արցախի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների հիմնադիր հանդիսացող ոչ ռեզիդենտ կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացված կառավարման ծառայությունների ծախսերի նկատմամբ:

(3-րդ կետը լրաց. 02.04.2002 N 82, խմբ. 03.02.2004 N 13, լրաց. 29.09.2006 N 487, փոփ., լրաց. 22.03.2011 N 148-Ն, լրաց. 31.07.2012 N 536-Ն, փոփ. 14.10.2014 N 671-Ն, լրաց. 29.12.2017 N 365-Ն, փոփ. 29.12.2017 N 365-Ն)

4. Ուժը կորցրած ճանաչել` ԼՂՀ կառավարության 1996 թվականի ապրիլի 8-ի ‹‹Անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու համար փոխհատուցումների և ներկայացուցչական ծախսերի նորմաներ և նորմատիվներ սահմանելու մասին›› թիվ 76 որոշումը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ