Համարը 
ՀՕ-36
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.11.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմքերը, ինչպես նաև պետության կողմից նախատեսվող այն երաշխիքները, որոնք բացառում են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությունը և բարենպաստ պայմաններ ապահովում նրա և ապագա սերունդների կենսունակության համար:

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Արցախի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հիմնադրույթները

(վերնագիրը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը իրականացվում է՝

- բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ.

- պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևերից) պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պարտադիր պահպանմամբ, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմամբ.

- Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտման համար ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ կարգապահական, վարչական, նյութական և քրեական պատասխանատվության սահմանմամբ.

- բնակչության առողջական վիճակի, հիգիենիկ և համաճարակային իրադրության, իրականացվող սանիտարականխարգելիչ միջոցառումների մասին հավաստի լիարժեք տեղեկատվությամբ.

- պետական սանիտարահամաճարակային հսկողության համակարգի, արտադրական և հասարակական վերահսկողության մեխանիզմի արմատավորմամբ:

(1-ին հոդված փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 2.

Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը

 

Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը կազմված է սույն օրենքից, Արցախի Հանրապետության օրենսդրական և ենթաօրենսդրական այլ ակտերից:

(2-րդ հոդվածը խմբ.10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 3.

Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրության տարածումը Արցախի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև այլ պետությունների ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատկանող ձեռնարկությունների վրա

(վերնագիրը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը տարածվում է Արցախի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ պետությունների ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատկանող ձեռնարկությունների վրա:

(3-րդ հոդվածը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 4.

Սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները

 

 Սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (հետագայում՝ սանիտարական կանոններ) սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:

Սանիտարական կանոնների կատարումը պարտադիր է բոլոր պետական մարմինների ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար:

Սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Սանիտարական կանոնները պարտադիր կարգով հրապարակվում և ազատորեն տարածվում են բնակչության շրջանում:

(4-րդ հոդվածը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

(վերնագիրը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 5.

Արցախի Հանրապետության կառավարության լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

(վերնագիրը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Արցախի Հանրապետության կառավարությունն իր իրավասության շրջանակներում՝

- իրականացնում է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականություն.

- ապահովում է Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջների կատարումը.

- մշակում է պետական ծրագրեր՝ ուղղված հիվանդությունների կանխարգելմանը, վթարների, տարերային աղետների հետևանքների, բնակչության զանգվածային հիվանդությունների վերացմանը և թունավորումների կանխարգելման բնագավառում գիտատեխնիկական նվաճումների ներդրմանը.

- սահմանում է Արցախի Հանրապետության տարածքում բնակչության բնակեցման և տնտեսական գործունեության վարման ապահովմանն ուղղված վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմանները և ռեժիմը.

- կնքում է համապատասխան միջազգային պայմանագրեր.

- բնակչության շրջանում կազմակերպում է հիգիենիկ դաստիարակությունը և ուսուցումը սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ ապահովում է անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես հանրապետական, այնպես էլ տեղական մարմինների միջոցով.

- հաստատում է սույն օրենքով սահմանված եզրակացությունների տրամադրման կարգերը:

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 6.

Արցախի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

(վերնագիրը խմբ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Արցախի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) իր իրավասության շրջանակներում իրականացնում է՝

- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.

- Արցախի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը.

- մարդու և հանրության առողջության պահպանման, բնակչության առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.

- սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը.

- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ դիտարկումների, ուսումնասիրությունների իրականացումը.

- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական մեթոդական ղեկավարումը.

- բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին իրազեկումը.

- վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

- սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության իրականացման մեթոդական ղեկավարումը:

(6-րդ հոդվածը խմբ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 7.

Արցախի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմնի (այսուհետ` Վերահսկողություն իրականացնող մարմին) լիզորությունները

(վերնագիրը խմբ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Վերահսկողություն իրականացնող մարմինը իրականացնում է`

- Արցախի Հանրապետության տարածքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը.

- վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նկատմամբ վերահսկողությունը.

- սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության իրականացման մեթոդական ղեկավարումը.

- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության զննումների իրականացումը.

- բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին իրազեկումը:

(7-րդ հոդվածը խմբ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 8.

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

 

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանականերում՝

- ապահովում են Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրության իրականացումը համապատասխան տարածքում.

- մշակում և հաստատում են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված տեղական ծրագրերը, վերահսկողություն են սահմանում դրանց կատարման նկատմամբ, իրականացնում են սանիտարահիգիենիկ և այլ հատուկ փորձաքննությունների, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը և դրանց ֆինանսավորումը.

- կոորդինացնում են իրենց տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ գերատեսչական ենթակայությունից կամ սեփականության ձևերից), քաղաքացիների կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը.

- կազմակերպում են օպերատիվ միջոցառումներ հիվանդությունների և թունավորումների, վարակիչ հիվանդությունների բռնկումների, համաճարակների կանխարգելման ու վերացման ուղղությամբ.

- (կետն ուժը կորցրել է 10.11.21 ՀՕ-108-Ն)

- ապահովում են բարենպաստ շրջակա միջավայրի նկատմամբ քաղաքացիների իրավունքների իրացման պայմանները.

- օրենքով սահմանված դեպքերում իրականացնում են այլ լիազորություններ:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 9.

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

 

Արցախի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպություններն իրավունք ունեն՝

- պետական մարմիններից ստանալ տեղեկություններ սանիտարահամաճարակային իրադրության, շրջակա միջավայրի, բնակչության առողջական վիճակի և սանիտարական կանոնների մասին.

- մասնակցել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական մարմինների որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը:

Արցախի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են՝

- կատարել Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները և արտադրական վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ.

- մշակել ու իրականացնել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումները շրջակա միջավայրի աղտոտման վերացման և կանխման, բնակչության աշխատանքի, կենցաղի, կրթության և հանգստի պայմանների բարելավման, ինչպես նաև հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման ուղղությամբ.

- տեղեկացնել Վերահսկողություն իրականացնող մարմնին, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին վթարային իրավիճակների, արտադրության տեխնոլոգիական այն պրոցեսների մասին, որոնք կարող են հանգեցնել կամ հանգեցրել են սանիտարական կանոնների խախտման.

- կատարել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց որոշումները և կարգադրությունները, այդ թվում Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը խախտող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կամ դրանց առանձին կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կասեցման վերաբերյալ որոշումները.

- կազմակերպել իրենց աշխատողների սանիտարական կուլտուրայի բարձրացմանը նպաստող հիգիենիկ ուսուցում և դաստիարակություն:

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 10.

Քաղաքացիների իրավունքները և պարտականությունները սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

 

Քաղաքացիներն ունեն՝

- բարենպաստ շրջակա միջավայրի և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունք.

- շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվության ու իրազեկման իրավունք.

- պետական մարմինների՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը վերաբերող որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդումանը, սահմանված կարգով, մասնակցելու և դրանց իրականացումը վերահսկելու իրավունք.

- սանիտարական կանոնների խախտման հետևանքով իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցում ստանալու իրավունք՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Քաղաքացիները պարտավոր են՝

- հոգալ իրենց առողջական վիճակի, երեխաների առողջության և հիգիենիկ դաստիարակության մասին.

- կատարել Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները.

- կատարել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ Վերահսկողություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց որոշումներն ու կարգադրությունները.

- մասնակցել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը:

(10-րդ հոդվածը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 11.

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների իրավունքների իրացման երաշխիքները

 

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունը կամ անգործությունը, որը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման, կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

(11-րդ հոդվածը  խմբ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 12.

Արցախի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի հատակագծման և կառուցապատման բնագավառում

(վերնագիրը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Արցախի Հանրապետության բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նախագծերը մշակվում են սանիտարական կանոնների պարտադիր պահպանմամբ՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Շինարարության նպատակով հողահատկացումները, նախագծման նորմերի, շինարարության, վերակառուցման և կառուցապատման նախագծային ու նորմատիվային փաստաթղթերի հաստատումը, բնակելի շենքերի, մշակութային-կենցաղային և կոմունալ շինությունների, արդյունաբերական, տրանսպորտային և այլ ձեռնարկությունների շահագործումը թույլատրվում են Վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից:

Բնակելի շենքերի շինարարության, վերակառուցման և կառուցապատման նախագծային և նորմատիվային փաստաթղթերի վերաբերյալ դրական եզրակացություն տրամադրում է լիազոր մարմինը:

(12-րդ հոդվածը փոփ. լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 13.

Արցախի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները սննդամթերքի և պարենային հումքի արտադրության, փոխադրման, պահպանման և իրացման բնագավառում

(հոդվածն ուժը կորցրել է 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 14.

Արցախի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների կիրառման բնագավառում

(վերնագիրը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ օգտագործվող միջոցների, հանքային պարարտանյութերի, բույսերի աճի կարգավորիչների և դրանց պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների, պոլիմերային նյութերի և պլաստմասսաների, օծանելիքային գեղահարդարման արտադրանքի, այլ քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների կիրառումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում:

 (14-րդ հոդվածը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 15.

Արցախի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները նոր հումքի, նյութերի, պատրաստուկների և տեխնոլոգիաների արտադրության մեջ ներդրման և կիրառման, ինչպես նաև այն արտադրատեսակների բնագավառում, որոնց արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու կիրառությունը կարող են անբարենպաստ ազդեցություն գործել մարդու առողջության վրա

(վերնագիրը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Այն արտադրատեսակները, որոնց արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու կիրառությունը պահանջում են մարդու անմիջական մասնակցություն և կարող են անբարենպաստ ազդեցություն գործել նրա առողջության վրա, իրենց որակական ցուցանիշներով և հատկություններով պետք է համապատասխանեն սանիտարական կանոններին:

Տնտեսության մեջ և կենցաղում օգտագործելու համար նախատեսված նոր տեխնոլոգիաները, հումքը, նյութերը և պատրաստուկները թույլատրվում է արտադրության մեջ ներդնել և կիրառել միայն լիազոր մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում:

Գործող սանիտարական կանոններին չհամապատասխանող արտադրանքի թողարկման համար պատասխանատու ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիները Վերահսկողություն իրականացնող մարմնի որոշմամբ պարտավոր են կասեցնել դրա արտադրությունն ու իրացումը:

 (15-րդ հոդվածը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 16.

Արցախի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակչության ջրամատակարարման և ջրօգտագործման բնագավառում

(վերնագիրը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Համայնքը բնակիչներին ապահովում է կենցաղային և ֆիզիոլոգիական կարիքների համար խմելու ջրի անհրաժեշտ քանակությամբ՝ հիգիենիկ նորմատիվների համաձայն:

Խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոններին:

Պետական կառավարման մարմինները իրականացնում են միջոցառումներ ջրամատակարարման համակարգի պահպանման, զարգացման և բնակչությանը բարձրորակ ջրով ապահովելու ուղղությամբ:

Կենտրոնացված և ոչ կենտրոնացված ջրամատակարարման, լողանալու, սպորտով զբաղվելու և բնակչության հանգստի, բուժական նպատակներով օգտագործվող, ինչպես նաև բնակավայրերի սահմաններում գտնվող ջրամբարների ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոններին:

Բնակչության ջրօգտագործման աղբյուրների աղտոտումը կանխարգելելու և վերացնելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանվում են սանիտարական պահպանման գոտիներ՝ հատուկ ռեժիմով, Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Ջրի որակը սանիտարական կանոններին չհամապատասխանելու դեպքում Վերահսկողություն իրականացնող մարմնի որոշմամբ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից ջրի աղբյուրների օգտագործումը դադարեցվում է:

 (16-րդ հոդվածը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 17.

Արցախի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի մթնոլորտային օդի և աշխատատեղերի օդի մաքրության պահպանման բնագավառում

(վերնագիրը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Բնակավայրերի մթնոլորտային օդում և աշխատատեղերի օդում, մարդկանց գտնվելու վայրերում աղտոտող նյութերի քանակությունը և վնասակար ֆիզիկական գործոնների մակարդակները պետք է համապատասխանեն սանիտարական կանոններին:

Բնակավայրերի մթնոլորտային օդը արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական, էներգետիկ) արտանետումների աղտոտումից պաշտպանելու համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում են սանիտարապաշտպանական հատուկ ռեժիմով գործող գոտի՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 (17-րդ հոդվածը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 18.

Արցախի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի պահպանման բնագավառում

(վերնագիրը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, քաղաքացիները, Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրության համաձայն, պահպանում են բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակը: Բնակավայրերի սանիտարական վիճակի պահպանման և հսկողության կարգն ու պայմանները սահմանվում և իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, քաղաքացիները արտադրական և կենցաղային թափոնների հավաքման, վերամշակման, օգտահանման, վարակազերծման և թաղման ժամանակ պետք է պահպանեն սանիտարական կանոնները:

 (18-րդ հոդվածը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 19.

Արցախի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները շենքերի, կառույցների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների պահպանման ու շահագործման բնագավառում

(վերնագիրը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

(1-ին մասն ուժը կորցրել է 10.11.21 ՀՕ-108-Ն)

Արգելվում է բնակեցումը այն բնակելի կառույցներում, որոնք չեն համապատասխանում սանիտարական կանոններին:

 Բնակելի, արտադրական և մյուս շենքերը, կառույցները, տեխնոլոգիական և մյուս սարքավորումները, տրանսպորտային միջոցները, անհրաժեշտ է պահել և շահագործել սանիտարական կանոններին, ստանդարտներին և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովող այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:

 (19-րդ հոդվածը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 20.

Արցախի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները ճառագայթման աղբյուրների հետ աշխատելիս

(վերնագիրը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Ռադիոակտիվ նյութերի և այլ իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատելիս, ինչպես նաև դրանց արտադրության, օգտագործման, մշակման, պահպանման, փոխադրման, վնասազերծման և թաղման ժամանակ անհրաժեշտ է պահպանել ճառագայթային անվտանգության նորմերը և համապատասխան նորմատիվային փաստաթղթերի, այդ թվում՝ սանիտարական կանոնների պահանջները:

Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործումը թույլատրվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով լիազոր մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում:

 (20-րդ հոդվածը փոփ., լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 20.1.

Արցախի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնագավառում

 

Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերը ենթակա են հաշվառման և հաղորդման բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից: Հաղորդման և հաշվառման ենթակա վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների ցանկը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի սահմանած սանիտարական կանոնների համաձայն: Հաղորդման և հաշվառման ենթակա վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառումը և հաղորդումն իրականացվում են լիազոր մարմնի ղեկավարի սահմանած սանիտարական կանոնների համաձայն:

Մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչպես նաև վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման, կանխման ու վերացման նպատակով լիազոր մարմինը, տեսչական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում և բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունները, սանիտարական կանոններին համապատասխան, սույն օրենքի 6-10-րդ, 24-րդ հոդվածներով և այլ օրենքներով սահմանված կարգով իրականացնում են հետևյալ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները`

- բժշկական փաստաթղթերի, ներառյալ՝ բժշկական զննություն կամ լաբորատոր հետազոտություն հավաստող կամ կանխարգելիչ այլ միջոցառումներ հավաստող փաստաթղթերի ուսումնասիրություն.

- լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներ կամ վարակի օջախ հանդիսացող վայրեր ուղևորությունների պատմության ուսումնասիրություն.

- բժշկական զննություն.

- ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում.

- վարակիչ հիվանդությունների` լիազոր մարմնի կողմից սահմանված ախտանիշներին կամ առողջական վիճակին համապատասխանող անձանց (այսուհետ՝ հնարավոր վարակակիր), տվյալ վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձանց, հիվանդության ինկուբացիոն շրջանում վարակակրի հետ շփված անձանց (այսուհետ՝ կոնտակտավոր անձինք), ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննություն կամ բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում` իմունականխարգելման իրականացում կամ հոսպիտալացում.

- լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներից Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող կամ Արցախի Հանրապետության տարածքում գտնվող վարակիչ հիվանդության կասկածով անձանց հայտնաբերելիս բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը, պետական սահմանի անցակետում պետական վերահսկողություն իրականացնող մարմինները, դեպքն արձանագրող այլ անձինք կամ մարմինները սանիտարական կանոններին համապատասխան տեղեկացնում են լիազոր մարմնին` ապահովելով այդ անձանց ժամանակավոր մեկուսացումը, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացումը.

- հնարավոր վարակակիր, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավոր անձանց նկատմամբ բժշկական հսկողության սահմանում.

- հնարավոր վարակակիր, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավոր անձանց շփումների ուսումնասիրությանն ուղղված միջոցառումների ձեռնարկում.

- անհատական պաշտպանության միջոցների պարտադիր օգտագործում:

Սույն հոդվածով նախատեսված անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման կարգն ու պայմանները, ինչպես նաև սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։

Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումների ենթակա անձը տեղեկացվում է այն ախտանիշների մասին, որոնց առկայության հիմքով կատարվում է համապատասխան միջոցառումը, իսկ հոսպիտալացման դեպքում նաև այն վայրի մասին, որտեղ կատարվելու է հոսպիտալացումը: Անձի պահանջով հոսպիտալացում իրականացնողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին։

Անձի` սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումներից (բացառությամբ իմունականխարգելման) հրաժարվելու դեպքում դրանք իրականացվում են Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքերում ժամանակավոր մեկուսացման նկատմամբ ենթակա են կիրառման սույն օրենքի 20.8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երաշխիքները:

Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների առաջացման և տարածման, կանխման ու վերացման նպատակով զինված ուժերի, ոստիկանության և այլ զորքերի զորամասերում օրենքով սահմանված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումները կարող են իրականացնել պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, Արցախի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ Ոստիկանություն) կամ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ Ազգային անվտանգության ծառայություն):

(20.1-ին հոդվածը  լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 20.2.

Կարանտին սահմանելը

 

Վարակիչ հիվանդությունների` Արցախի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին:

Կարանտինը վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները տեղայնացնող, վերացնող, վարակի օջախները մեկուսացնող և վարակի հետագա տարածումը, վարակիչ հիվանդությունների ներբերումը (ներթափանցումը) կանխող ռեժիմ է, որը սահմանվում է Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ Արցախի Հանրապետության առանձին տարածքներում (հասցեներում):

Կարանտին սահմանելու մասին որոշումը լիազոր մարմնի առաջարկությամբ կայացնում են`

- Արցախի Հանրապետության կառավարությունը` Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցակետում կամ համաճարակի (կարանտինային) գոտին երկու կամ ավելի շրջան (ներառյալ՝ մեկ կամ ավելի շրջան և Ստեփանակերտ քաղաքը) ներառելու դեպքում, այդ թվում` արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքում.

- շրջանի վարչակազմի ղեկավարը` Արցախի Հանրապետության համապատասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում տվյալ վարչատարածքային միավորում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության կամ կազմակերպաիրավական ձևից) գտնվելու կամ գործունեության իրականացման վայրերում.

- Ստեփանակերտի քաղաքապետը` Ստեփանակերտ քաղաքում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում Ստեփանակերտ քաղաքում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության կամ կազմակերպաիրավական ձևից) գտնվելու կամ գործունեության իրականացման վայրերում:

Կարանտին սահմանելու մասին որոշման մեջ նշվում են՝

- կարանտին սահմանելու հիմքերը.

- կարանտինային գոտու (համաճարակի գոտու)՝ վարակի օջախի սահմանները.

- կարանտին սահմանելու ժամկետը.

- անհատական պաշտպանության միջոցների օգտագործման պահանջը.

- անհրաժեշտ կանխարգելիչ, հակահամաճարակային և սահմանափակող միջոցառումների ցանկը, սահմանափակող միջոցառումների կիրառման կարգը, դրանց կիրառման ժամկետը, կազմակերպումն ու իրականացումն ապահովելու համար պատասխանատու մարմինները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Լիազոր մարմինը, գնահատելով սույն օրենքի 20.1-ին հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը, հիվանդության հարուցիչի ախտածնությունը, տարածման առանձնահատկությունները, տարածքի բնական-աշխարհագրական պայմանները՝ հիվանդության արմատավորման տեսակետից, կարանտին սահմանելու և անհրաժեշտ սահմանափակող միջոցառումներ կիրառելու մասին առաջարկություն է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարություն կամ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին կամ Ստեփանակերտի քաղաքապետին։

Կարանտին սահմանելու մասին որոշումը կայացվում է համապատասխան առաջարկությունը լիազոր մարմնի կողմից Արցախի Հանրապետության կառավարություն կամ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին կամ Ստեփանակերտի քաղաքապետին ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Սահմանված ժամկետում որոշում չկայացվելու դեպքում անձանց ժամանակավոր մեկուսացումը վերացվում է:

(20.2-րդ  հոդվածը լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 20.3.

Կարանտին սահմանելու դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումները

 

Կարանտին սահմանելու դեպքում, ի լրումն 20.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված միջոցառումների, կարող են կիրառվել հետևյալ սահմանափակող միջոցառումները.

- համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

- պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

- անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

- օբսերվացիա.

- ինքնամեկուսացում.

- մեկուսացում:

 Սույն հոդվածով սահմանված միջոցառումները կիրառվում են վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու, դրանց հետևանքները վերացնելու, անձանց և հանրության առողջությունը պահպանելու նպատակներով և պետք է համաչափ լինեն այդ նպատակներին: Կարանտին սահմանելու դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին։

 Սույն հոդվածով սահմանված միջոցառումների կիրառումը չի կարող խոչընդոտել Ազգային ժողովի, դատարանների և Մարդու իրավունքների պաշտպանի, զինված ուժերի և այլ զորքերի բնականոն գործունեությունը:

Արտակարգ իրավիճակ առաջացնող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանությունը, կիրառվող այլ միջոցառումների ցանկը, այդ միջոցառումների կազմակերպման և իրականացման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով:

(20.3-րդ հոդվածը  լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 20.4.

Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմ սահմանելը

 

Կարանտին սահմանելու մասին որոշմամբ մուտքի և ելքի հատուկ ռեժիմ սահմանված լինելու դեպքում հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և բժշկական զննության իրականացման կետեր:

Անցակետերում և բժշկական զննության իրականացման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը։

Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անվտանգության և ռեժիմի պահպանությանը կարող են ներգրավվել նաև լիազոր մարմնի ներկայացուցիչները, Վերահսկողություն իրականացնող մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը և արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:

(20.4-րդ հոդվածը  լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 20.5.

Անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները

 

Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման հետևյալ սահմանափակումները.

- տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում որոշակի տարածքի սահմաններում.

- անհատական պաշտպանության միջոցների առկայություն կամ կիրառություն և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանում.

- բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձի մոտ անձը հաստատող փաստաթղթի առկայություն.

- անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում, մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, հանրային տրանսպորտում անհատական պաշտպանության միջոցների առկայություն կամ կիրառություն և սանիտարահամաճարակային կանոնների պահպանում, ուղևորների թվաքանակի սահմանափակում, ինչպես նաև սույն կետով սահմանված սահմանափակումների կիրառման նկատմամբ վերահսկողության նպատակով տրանսպորտային միջոցների զննում:

Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում և սահմանափակումների խախտման համար պատասխանատվության միջոցները կիրառում է Ոստիկանությունը:

(20.5-րդ հոդվածը  լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 20.6.

Օբսերվացիան

 

Օբսերվացիան բժշկական զննության, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների համալիր է, որը կիրառվում է որոշակի ժամանակահատվածով վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ անմիջական շփված (կոնտակտավորված)` մեկուսացված, ինքնամեկուսացված, համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներից Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող հիվանդության կասկածով անձանց նկատմամբ:

Օբսերվացիայի շրջանակներում անձի` բժշկական հետազոտության ենթարկվելուց հրաժարվելու դեպքում այն իրականացվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով:

Եթե օբսերվացիայի արդյունքներով անձի մոտ հաստատվում է վարակիչ հիվանդության առկայությունը, ապա նրա նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում` սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կամ հրահանգվում է ինքնամեկուսանալ` սույն օրենքի 20.7-րդ հոդվածով սահմանված կարգով:

Օբսերվացիայի իրականացման կարգի մանրամասները սահմանվում են լիազոր մարմնի ղեկավարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

(20.6-րդ հոդվածը  լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 20.7.

Ինքնամեկուսացումը

 

Ինքնամեկուսացումը հնարավոր վարակակիր, կոնտակտավոր անձանց, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների առանձնացումն է իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ որոշակի ժամանակահատվածում այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Ինքնամեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ինքնամեկուսացման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին:

Անձի նկատմամբ ինքնամեկուսացումը կիրառվում է սույն օրենքով նախատեսված կարգով: Ինքնամեկուսացման հրահանգը տրվում է լիազոր մարմնի կամ Վերահսկողություն իրականացնող մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության և այլ զորքերի զինծառայողներին (աշխատակիցներին) ինքնամեկուսացման հրահանգը կարող է տրվել համապատասխանաբար պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության անունից՝ նրանց ղեկավարի լիազորած պաշտոնատար անձանց բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ինքնամեկուսացման հրահանգը կարող է կարանտին սահմանելու որոշմամբ սահմանված դեպքերում կիրառվել նաև Արցախի Հանրապետություն մուտքի դեպքում:

Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում ինքնամեկուսացված անձանց տրված հրահանգի պահանջների կատարման նկատմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի։ Ոստիկանությունը սույն մասով սահմանված գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում կարող է դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում հսկողությունն իրականաց-նում են պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը։

(20.7-րդ հոդվածը  լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 20.8.

Մեկուսացումը

 

Մեկուսացումը հնարավոր վարակակիր, կոնտակտավոր անձանց, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների առանձնացումն է լիազոր մարմնի որոշմամբ նախատեսված վայրում՝ որոշակի ժամանակահատվածով այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Մեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է մեկուսացման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին: Մեկուսացման ենթարկված անձի պահանջով մեկուսացում կիրառող մարմինը պարտավոր է անձի մեկուսացման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին։

Մեկուսացման հրահանգը տրվում է լիազոր մարմնի կամ Վերահսկողություն իրականացնող մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի գրավոր հրահանգով:

Պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության և այլ զորքերի զինծառայողներին (աշխատակիցներին) մեկուսացման հրահանգը կարող է տրվել համապատասխանաբար պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության անունից՝ նրանց ղեկավարի լիազորած պաշտոնատար անձանց գրավոր հրահանգով։

Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում մեկուսացված անձանց տրված հրահանգի պահանջների կատարման նկատմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի։ Ոստիկանությունը սույն մասով սահմանված գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում կարող է դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում հսկողությունն իրականացնում են պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը։

Անձի նկատմամբ մեկուսացումը կիրառվում է այն դեպքում, երբ անձին հրահանգվել է ինքնամեկուսանալ, սակայն անձը հրաժարվել է, կամ երբ անձը խախտել է ինքնամեկուսացման հրահանգով նախատեսված կանոնները, ինչպես նաև` սանիտարահամաճարակային անվտանգության նորմերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

Մեկուսացման դեպքում անձը արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կամ Ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և լիազոր մարմնի կամ Վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է լիազոր մարմնի կողմից սահմանված մեկուսացման վայր, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

Մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են սննդի, կեցության համար բավարար պայմաններ, բժշկական խորհրդատվություն: Անհրաժեշտության դեպքում մեկուսացված անձի համար ապահովվում է բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հնարավորությունը:

Պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության և այլ զորքերի զինծառայողներին (աշխատակիցներին) մեկուսացնելու դեպքում անձը պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հսկողությամբ և ուղեկցությամբ տեղափոխվում է համապատասխանաբար պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի, Ոստիկանության պետի կամ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի սահմանած մեկուսացման վայրեր։

(20.8-րդ հոդվածը  լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 20.9.

Սահմանափակող միջոցառումների կիրառումն ապահովելու նպատակով անձանց տվյալների փոխանցումը

 

Սահմանափակող միջոցառումների կիրառման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանափակման ենթակա անձանց վերաբերյալ տվյալները էլեկտրոնային առողջապահության համակարգի միասնական օպերատորի կողմից փոխանցվում են Վերահսկողություն իրականացնող մարմնին և Ոստիկանությանը:

(20.9-րդ հոդվածը  լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 20.10.

Կարանտինի գործողության ժամկետը, դրա երկարաձգումը և կարանտինի դադարումը

 

Կարանտինը սահմանվում է մինչև վեց ամիս ժամկետով:

Կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ մինչև վեց ամիս՝ պահպանելով կարանտին սահմանելու՝ սույն օրենքով սահմանված կարգը։

 Կարանտինը դադարում է կարանտին սահմանելու մասին որոշման ժամկետը լրանալու կամ կարանտին սահմանելու մասին որոշման գործողությունը դադարեցվելու դեպքում։

(20.10-րդ  հոդվածը լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 20.11.

Կարանտին սահմանվելու դեպքում բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը

 

Կարանտին սահմանվելու դեպքում բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով լիազոր մարմնի ղեկավարի հրամանները:

(20.11-րդ  հոդվածը լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 20.12.

Սույն գլխով նախատեսված ակտերի և գործողությունների (անգործության) բողոքարկումը

 

1. Կարանտինի պայմաններում սույն գլխով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում սույն գլխով նախատեսված մարմինների կայացրած ակտերը ենթակա են անհապաղ կատարման, բացառությամբ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտման դեպքում կայացված ակտերի:

2. Կարանտինի պայմաններում սույն գլխով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում սույն գլխով նախատեսված մարմինների կայացրած ակտերը, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական կարգով կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով: Սույն մասով նախատեսված բողոքարկումը չի կասեցնում համապատասխան ակտի կատարումը, բացառությամբ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտման դեպքում կայացված ակտերի:

(20.12-րդ  հոդվածը լրաց. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 21.

Հիգիենիկ ուսուցման կազմակերպումը

 

Արցախի Հանրապետությունում իրականացվում է բնակչության հիգիենիկ կուլտուրայի բարձրացմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանն ու հիվանդությունների կանխարգելմանը նպատակաուղղված ուսուցում՝ հիգիենիկ գիտելիքների տարածում, որի կազմակերպման կարգը սահմանում է Արցախի  Հանրապետության կառավարությունը:

 (21-րդ հոդվածը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 22.

Բժշկական պարտադիր զննությունը

 

Առանձին մասնագիտությունների, ինչպես նաև առանձին հիմնարկների և կազմակերպությունների աշխատողները մարդկանց առողջության պահպանման, վարակիչ և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով ենթակա են նախնական և պարբերական բժշկական զննության:

Բժշկական զննությունների անցկացման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված դեպքի։

Այն անձանց, որոնք չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, ինչպես նաև եթե բժշկական զննությամբ ախտորոշվել է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած հիվանդություններից որևէ մեկը, ապա Վերահսկողություն իրականացնող մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում` մինչև առողջացումը, չեն թույլատրում աշխատել Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 (22-րդ հոդվածը խմբ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 23.

Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը

 

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական մարմինների կողմից հատուկ կարևորության խնդիրների վերաբերյալ որոշումներ կարող են կայացվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության առկայության դեպքում:

Պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական և կենսաբանական արտանետումներ և հոսքեր ունեցող օբյեկտների, ինչպես նաև էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման և ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում նաև լիազորված մարմնի կամ պետական մարմինների հանձնարարությամբ, Վերահսկողություն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ, ինչպես նաև հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, բնակչության կողմից բարձրացված սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված հարցերի կապակցությամբ:

Փորձաքննության տվյալների հիման վրա տրված եզրակացությունները քննարկվում և հաշվի են առնվում պետական մարմինների կողմից՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս:

 (23-րդ հոդվածը փոփ., լրաց.10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 24.

Համաճարակաբանական դիտարկումը, հիվանդությունների կանխարգելումը, պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը

 (վերնագիրը խմբ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Համաճարակաբանական դիտարկումը, հիվանդությունների կանխարգելումը լիազոր մարմնի գործունեությունն է՝ ուղղված Արցախի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը:

Լիազոր մարմինն իրականացնում է`

- համաճարակաբանական դիտարկում` առողջության, հիվանդությունների և դրանց տարածման պատճառների ու պայմանների հետ կապված տվյալների շարունակական և համակարգված հավաքում, վերլուծություն, գնահատում, կանխատեսում և իր իրավասության շրջանակներում որոշումների ընդունում.

- հիվանդությունների կանխարգելում` դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորում, համալիր միջոցառումների իրականացում և գնահատում.

- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակում.

- վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների վարչական վիճակագրական հաշվառում:

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը Վերահսկողություն իրականացնող մարմնի գործունեությունն է Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխարգելման միջոցով:

Վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը ներառում է`

- վերահսկողությունը հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների կողմից սանիտարական կանոնների, հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ.

- Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ համապատասխան միջոցների կիրառումը, այդ թվում՝ պատասխանատվության.

- պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը.

- վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը.

- վարակիչ, պրոֆեսիոնալ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների վիճակագրական տվյալների հավաքումը և վերլուծությունների իրականացումը:

 (24-րդ հոդվածը խմբ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 25.

Հասարակական, հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը

 

Հասարակական ու հասարակական-քաղաքական կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիների առանձին խմբերը իրավասու են, Արցախի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, հասարակական վերահսկողություն իրականացնել Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահպանման և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում՝ արդյունքների մասին տեղեկացնելով Վերահսկողություն իրականացնող մարմնին:

 (25-րդ հոդվածը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ  ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

(վերնագիրը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 26.

Պատասխանատվությունը Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների համար

(վերնագիրը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների համար Արցախի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաև պաշտոնատար անձինք և քաղաքացիները, պատասխանատվություն են կրում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 (26-րդ հոդվածը փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Հոդված 27.

Միջազգային պայմանագրեր

 

Եթե Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան սահմանում է սույն օրենքը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերը:

(27-րդ հոդվածը լրաց. 25.03.21 ՀՕ-39-Ն, փոփ. 10.11.21 ՀՕ-108-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 28.

Անցումային դրույթ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝

մշակել և ընդունել սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտեր:

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 29.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

24 դեկտեմբերի 1998թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-36