Համարը 
ՀՕ-147
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.12.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 26.02.2015թ. ՀՕ-5-Ն օրենքի 3-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի

նոյեմբերի 24-ին

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբոսաշրջության բնագավառին առնչվող հարաբերությունները և զբոսաշրջային գործունեության բնագավառում ծագող այն հարաբերությունները, որոնք ի հայտ են գալիս քաղաքացիների հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման գործընթացում:

 

Հոդված 2.

Օրենքի հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

զբոսաշրջություն՝ ճանաչողական, հանգստի, առողջարարական, մարզական, կրոնական, ազգականներին այցելության, մասնագիտական, գործնական և այլ նպատակներով բնակության մշտական վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի անընդմեջ ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեություն.

այցելու՝ իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացի, որի ճանապարհորդության հիմնական նպատակը ժամանման վայրում (երկրում) վճարովի աշխատանքային գործունեությունը չէ, և որը ժամանման վայրում (երկրում) չի վարձատրվում իր հիմնական աշխատանքային գործունեության դիմաց.

զբոսաշրջիկ՝ այցելու, որը ճանապարհորդություն իրականացնելիս ժամանման վայրում (երկրում) անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց.

ներքին զբոսաշրջություն՝  որևէ երկրում բնակվող քաղաքացիների ճանապարհորդությունն իրենց երկրի սահմաններում.

արտագնա զբոսաշրջություն՝  որևէ երկրում բնակվող քաղաքացիների ճանապարհորդությունը մեկ այլ երկիր.

ներգնա զբոսաշրջություն՝ քաղաքացիների ճանապարհորդությունը որևէ երկիր, որը նրանց բնակության վայրը չէ.

զբոսաշրջային գործունեություն՝  իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից զբոսաշրջային ծառայություններ մատուցելու գործունեություն.

զբոսաշրջային ծառայություններ՝  զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային, սննդի կազմակերպման և մատուցման, մշակութային, մարզական բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման և այլ ծառայություններ.

զբոսաշրջային գործունեության սուբյեկտ՝  զբոսաշրջային օպերատոր և զբոսաշրջային գործակալ.

զբոսաշրջային օպերատոր՝  իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի ձևավորման, խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ.

զբոսաշրջային գործակալ՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ.

զբոսաշրջային արդյունք՝  զբոսաշրջային ծառայությունների ամբողջական համալիր.

զբոսաշրջային միջոցառում՝  զբոսաշրջային արդյունք, որը բաղկացած է մեկ ծրագրում համակցված առնվազն երկու զբոսաշրջային ծառայությունից, տրամադրվում է միասնական սակագնով և մատուցվում է առնվազն 24 ժամից ոչ պակաս ժամանակահատվածում կամ ընդգրկում է առնվազն մեկ գիշերակաց.

տուր՝ զբոսաշրջային միջոցառում, որ նախատեսում է զբոսաշրջիկների կացության վայրի փոփոխություն.

զբոսաշրջային փաթեթ՝  զբոսաշրջային ծառայությունների համալիր, որն ընդգրկում է ծառայությունների մատուցման առնվազն երկու գործառույթ՝ կապված տրանսպորտային (և դրա հետ առնչվող), հյուրանոցային (և դրա հետ առնչվող) ծառայությունների հետ, ինչպես նաև այն ծառայությունների հետ, որոնք կապված չեն տրանսպորտային և հյուրանոցային ծառայությունների հետ և զբոսաշրջային արդյունքի էական մասն են կազմում: Զբոսաշրջային փաթեթով մատուցված ծառայության տևողությունը պետք է գերազանցի 24 ժամը կամ ներառի առնվազն մեկ գիշերակաց.

զբոսաշրջային խումբ՝  զբոսաշրջիկներից բաղկացած խումբ, որի անդամները ճամապարհորդում են միասին, նույն երթուղով և նույն սպասարկման պայմաններով.

զբոսաշրջային խմբի ղեկավար՝  զբոսաշրջիկներին ուղեկցող, զբոսաշրջային ծառայությունների պայմանագրի պայմանների կատարումն ապահովող անձ, որը զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ներկայացուցիչն է և հանդես է գալիս նրա անունից.

զբոսավար՝  զբոսաշրջիկներին վճարովի էքսկուրսային տեղեկատվական, կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձ.

ուղեկցորդ՝  զբոսաշրջիկներին վճարովի կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձ.

զբոսաշրջային տարածաշրջան և (կամ) կենտրոն՝  առաջնահերթ զարգացման ենթակա բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող տարածք, որի սահմանները և կարգավիճակը որոշում ու հայտարարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.

զբոսաշրջային ռեսուրսներ՝ զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական և այլ պահանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակութային, կրոնական բնույթի, բնական, մարդկային, սոցիալ-տնտեսական և այլ ռեսուրսներ.

զբոսաշրջային երթուղի՝  զբոսաշրջային ծառայությունների համալիրով (ամրագրում, տեղավորում, կերակրում, հանգստի կազմակերպում, տրանսպորտ, էքսկուրսիա և այլն) ապահովված, որոշակի երթուղով և կոնկրետ ժամկետներով զբոսաշրջային ճանապարհորդություն (ուղևորություն).

զբոսաշրջային օբյեկտ՝  զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական ևայլ գրավչության օբյեկտ.

քաղաքացի՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա պետությունների քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ:

 

Հոդված 3.

Զբոսաշրջային գործունեության իրավական կարգավորումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսաշրջային գործունեությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքում, ապա կիրառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 4.

Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները

 

Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝

1) ճանաչել զբոսաշրջությունը՝ որպես տնտեսության գերակա ճյուղ.

2) աջակցել զբոսաշրջային գործունեությանը և դրա առաջնային ուղղությունների զարգացման համար ստեղծել բարենպաստ իրավական, տնտեսական և կառուցվածքային պայմաններ.

3) սահմանել զբոսաշրջության զարգացման գերակա ուղղությունները.

4) իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորումը.

5) ստեղծել պայմաններ զբոսաշրջիկների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար.

6) իրականացնել զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը.

7) աջակցել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով ստեղծված հասարակական միավորումներին:

 

Հոդված 5.

Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակները, գերակա ուղղությունները և միջոցները

 

1. Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են՝

1) քաղաքացիների զբոսաշրջության ընթացքում ծագած իրավունքների ապահովումը.

2) զբոսաշրջային այնպիսի համակարգի ստեղծումը, որը բավարարում է ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների պահանջմունքները, նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, պետության և նրա քաղաքացիների եկամուտների ավելացմանը, միջազգային կապերի զարգացմանը, զբոսաշրջային գրավչություն ունեցող ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանմանը, պատմամշակութային ժառանգության և բնության ռացիոնալ օգտագործմանը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առաջնային զարգացման ենթակա բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսներով հարուստ զբոսաշրջային տարածաշրջանների և (կամ) կենտրոնների զարգացման ապահովումը:

2. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության գերակա ուղղություններն են ներգնա և ներքին զբոսաշրջության զարգացումն ու աջակցումը:

3. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է՝

1) զբոսաշրջիկների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովելու միջոցառումների իրականացման,

2) զբոսաշրջային համակարգում լիցենզավորման, որակի համակարգի ներդրման, ստանդարտացման,

3) զբոսաշրջության զարգացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի և ելքի կանոնների սահմանման,

4) ձևավորված զբոսաշրջային արդյունքըվ ներքին և արտաքին զբոսաշրջային շուկաներում ներկայացնելու գործին աջակցման,

5) զբոսաշրջության բնագավառում պետական նպատակային ծրագրերի մշակման և իրականացման նպատակով ֆինանսավորման,

6) զբոսաշրջային համակարգում ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման,

7) զբոսաշրջային համակարգի կադրային ապահովման,

8) հարկային քաղաքականության,

9) զբոսաշրջային համակարգի գիտական հետազոտությունների զարգացման,

10) միջազգային զբոսաշրջային միջոցառումներին հայրենական զբոսաշրջային համակարգի տնտեսավարող սուբյեկտների և զբոսաշրջիկների մասնակցության աջակցման և համապատասխան ներկայացուցչական ենթակառուցվածքների ձևավորման,

11) միջազգային զբոսաշրջության և դրան հարակից ոլորտների վերաբերյալ տեղեկատվության ստացման ու հրապարակման, ինչպես նաև խորհրդատվության տրամադրման և այլ միջոցներով:

 

Հոդված 6.

Զբոսաշրջության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

1) մշակում և իրականացնում է զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական բազայի զարգացման ծրագրերն ու ուղղությունները.

2) սահմանում է հյուրանոցային ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները.

3) սահմանում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերն ու որակավորման ընթացակարգը.

4) սահմանում է զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ և երթուղիներ, որոշում է ընդգրկել դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային զարգացման ծրագրերում.

5) իր իրավասության սահմաններում կնքում է զբոսաշրջության բնագավառում միջազգային պայմանագրեր.

6) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 7.

Զբոսաշրջության  բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը

 

1. Զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին), որի լիազորությունները զբոսաշրջության ոլորտում սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Լիազոր մարմինը սույն օրենքով վերապահված իրավասության սահմաններում՝

1) մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական և սոցիալական բազայի զարգացման հեռանկարների և ուղղությունների վերաբերյալ.

2) համագործակցում է նախարարությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հետ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսաշրջիկների ընդունման, սպասարկման, զբոսաշրջային ուղևորությունների կազմակերպման, տեղեկատվական բազայի ձևավորման, զարգացման ծրագրերի մշակման և մարքեթինգի իրականացման ուղղություններում, վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը.

3) նպաստում է զբոսաշրջային գործունեության վերաբերյալ տեղեկատվական, գովազդային և հրատարակչական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ, երթուղիներ և օբյեկտներ սահմանելու և դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային զարգացման ծրագրերում ներառելու վերաբերյալ.

5) իրականացնում է զբոսաշրջային բնագավառում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների կատարման հսկողությունը.

6) որոշում է ընդունում օրենքի պահանջների խախտման համար տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին.

7) տրամադրում և փոփոխում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգը, մերժում է որակավորման կարգ ստանալու համար ներկայացված հայտը, զրկում է որակավորման կարգից, հսկողություն է իրականացնում որակավորման պայմանների նկատմամբ.

71) հսկողություն է իրականացնում սույն օրենքով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ.

8) աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը.

9) տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում դրանց տարածքում գտնվող զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների և օբյեկտների վերանորոգման, բարեկարգման և պատշաճ վիճակում պահպանման վերաբերյալ.

10) աջակցում է զբոսաշրջության բնագավառում կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և նրանց որակավորման բարձրացմանը, զբոսաշրջության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը.

11) այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մասնակցում է զբոսաշրջության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի կնքմանը.

12) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(7-րդ հոդվածը լրաց. 23.06.2011 ՀՕ-36-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

Հոդված 8.

Հյուրանոցային ծառայությունները

 

1. Հյուրանոցային ծառայություններն են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման, ինչպես նաև կացության հետ կապված այլ ծառայությունները:

2. Նվազագույն հյուրանոցային ծառայություններն են կացարանի և սանհանգույցի տրամադրումը, ընդ որում՝ կացարանը և սանհանգույցը մաքրվում և կացարանում անկողինը հարդարվում է ամեն օր:

3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներն են հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները (իջևանատները), առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները, որտեղ առնվազն մատուցվում են նվազագույն հյուրանոցային ծառայություններ:

(8-րդ հոդվածը խմբ. 23.06.2011 ՀՕ-36-Ն)

 

Հոդված 9.

Հյուրանոցային տնտեսության օբյեկտները

 

1. Հյուրանոցները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն ինը համար, որոնցից առնվազն հինգը` մեկ կամ երկտեղանոց:

2. Մոթելները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որոնք գտնվում են ճանապարհների հարևանությամբ, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն ինը համար, որոնցից առնվազն հինգը՝ մեկ կամ երկտեղանոց: Մոթելներում մատուցվում են նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ:

3. Հյուրանոցատիպ հանգրվանները (իջևանատները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում և որոնք ունեն 4-8 համար:

4. Առողջարանները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, բացի հյուրանոցային ծառայություններից, մատուցվում են նաև հատուկ կարգի ծառայություններ՝ առողջարանային, բուժական կամ վերականգնողական:

5. Հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ շինության կամ դրան հարակից տարածքներում որոշակի մասնագիտական գործունեություն (հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, սկաուտական, մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման, ալպինիստական և այլն) վարող անձանց:

6. Պանսիոնները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, ի լրումն նվազագույն հյուրանոցային ծառայությունների, օրական առնվազն երեք անգամ կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ:

7. Զբոսաշրջային բնակատեղիները (համալիրները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, բացի հյուրանոցային ծառայություններից, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ և որոնք ունեն գիշերելու համար առնվազն քսան ննջատեղ:

8. Մանկապատանեկան բնակատեղիները (համալիրները) այն զբոսաշրջային բնակատեղիներն են, որոնք նախատեսված են դպրոցահասակ զբոսաշրջիկների համար:

9. Ճամբարային բնակատեղիները (համալիրները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ գիշերակացի և սննդի ծառայությունները մատուցվում են վրաններում և որոնք, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, ապահովված են ավտո-մոտո տրանսպորտի կայանման ծառայությամբ:

10. Զբոսաշրջային տները այն բնակելի տները կամ բնակարաններն են, որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ:

(9-րդ հոդվածը խմբ. 23.06.2011 ՀՕ-36-Ն)

 

Հոդված 10.

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը և հաշվառումը

(վերնագիրը լրաց. 23.06.2011 ՀՕ-36-Ն)

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում:

2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացվում է կամավոր սկզբունքով:

3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացնում է լիազոր մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման կարգերին և ընթացակարգին համապատասխան:

4. Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրամադրվում է համապատասխան վկայական:

5. Որակավորում կարող են ստանալ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտները, որոնք բավարարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և սույն օրենքում շարադրված նվազագույն պահանջները:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հյուրանոցները և մոթելները որակավորվում են որակավորման 5 կարգով, որոնք նշվում են հնգաթև աստղերով:

7. Հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները որակավորվում են որակավորման չորս կարգով, որոնք նշվում են հնգաթև աստղերով:

8. Հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները որակավորվում են որակավորման երեք կարգով, որոնք նշվում են հռոմեական թվանշաններով:

81. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները հաշվառվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման մատյանում` լիազոր մարմնի կողմից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ըստ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված անունների:

82. Հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրվում է համապատասխան վկայական:

9. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման և ներկայացման նպատակով պետք է օգտագործի հյուրանոցային տնտեսության օբյեկտի հաշվառման վկայականում նշված անունը, իսկ սահմանված կարգով որակավորման կարգ ունենալու դեպքում՝ համապատասխան որակավորման կարգի նշանը:

10. Արգելվում է որակավորման կարգի նշան օգտագործել այն հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով, որը չունի օգտագործվող նշանին համապատասխանող որակավորման կարգ:

11. Արգելվում է օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված անուն օգտագործելը այն հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով, որը չի համապատասխանում օգտագործվող անվանը:

(10-րդ հոդվածը լրաց., խմբ. 23.06.2011 ՀՕ-36-Ն)

 

Հոդված 11.

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ պահանջները

 

1. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդների համար տեսանելի տեղերում տեղադրել հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն.

1) հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանման և որակավորման կարգի (եթե առկա է) մասին տեղեկատվություն.

2) մատուցվող ծառայությունների ցանկը և կացությանն առնչվող հիմնական ծառայությունների գնացուցակը (գիշերակացը և, եթե առկա է, սննդի համալիր ապահովումը).

3) (կետն ուժը կորցրել է 23.06.2011 ՀՕ-36-Ն)

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված տեղեկատվությունը պետք է տեսանելի լինի նաև դրսից:

21. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է մինչև հյուրանոցային տնտեսության օբյեկտը գործարկելը այն ներկայացնել հաշվառման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հաճախորդի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար պետք է հաստատի և կիրառության մեջ դնի ներքին կանոնակարգ:

4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտին վերաբերող համապատասխան անվանման և որակավորման կարգի պահանջների սահմանումները, ինչպես նաև ծառայությունների ամբողջական գնացուցակը պետք է մատչելի լինեն հաճախորդին և տրամադրվեն առաջին իսկ պահանջով:

5. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հաշմանդամների համար պետք է ապահովված լինի նվազագույն հյուրանոցային ծառայություններից օգտվելու հնարավորություն:

(11-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.06.2011 ՀՕ-36-Ն)

 

Հոդված 12.

Զբոսաշրջային գործունեության տեսակների լիցենզավորումը

 

1. Զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը լիցենզավորվում է, բացառությամբ այն անձանց գործունեության, ովքեր զբոսավարի կամ ուղեկցորդի գործունեություն են իրականացնում բացառապես այն զբոսաշրջային օբյեկտի սահմաններում, որի աշխատողն են:

2. Լիցենզիա է ստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որակավորում ստացած անձը:

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման վկայականն ուժը կորցրած է համարվում լիցենզիայի գործողության դադարեցման պահից:

3. Լիցենզավորման գործընթացի արդյունքում ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

4. Սույն հոդվածում նշված գործունեության տեսակների լիցենզիաների տրման համար պետական տուրքը ենթակա է գանձման (վճարման) «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

(12-րդ հոդվածը լրաց. 23.06.2011 ՀՕ-36-Ն)

 

Հոդված 13.

Զբոսաշրջային օպերատորը և գործակալը

 

1. Զբոսաշրջային օպերատորի գործունեություն են իրականացնում այն անձինք, ովքեր ձևավորում և իրացնում են՝

1) տուրեր և կեցության կազմակերպման ծառայություններ.

2) տուրերի և կեցության կազմակերպման հետ անմիջականորեն կապված ծառայություններ, մասնավորապես՝ փոխադրման պայմանագրերի կամ տոմսերի իրացման, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղերի ամրագրման, ինչպես նաև զբոսաշրջիկների տեղաբաշխման և սննդի կազմակերպման ու մատուցման ծառայություններ.

3) զբոսաշրջիկների հանգստի և ճանաչողական նպատակներով, մասնավորապես՝ թանգարաններ, հուշարձաններ և այլ զբոսաշրջային օբյեկտներ այցելությունների կազմակերպված ծառայություններ.

4) զբոսաշրջային փաթեթներ.

5) կոնգրեսներ, համաժողովներ և նմանատիպ այլ միջոցառումներ կազմակերպելիս և անցկացնելիս 1-3-րդ կետերում ընդգրկված ծառայություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված գործունեությունն իրականացնելիս մատուցում են իրենց իսկ արտադրած արդյունքը.

2) զբաղվում են վերգետնյա ուղևորափոխադրումների իրացմամբ և օգտվում են մեկ կամ մի քանի ուղևորատար տրանսպորտային փոխադրողների միջնորդավորված ծառայություններից.

3) սույն հոդվածի 1-ին մասում ընդգրկված ծառայություններից կատարում են միայն օդային փոխադրումներ և դրանց հետ կապված իր կողմից կամ այլ փոխադրողների կողմից լրացուցիչ տրանսպորտային ուղևորափոխադրումներ.

4) սույն հոդվածի 1-ին մասում ընդգրկված ծառայություններից կատարում են միայն երկաթուղային փոխադրումներ և դրանց հետ կապված իր կողմից կամ այլ փոխադրողների կողմից լրացուցիչ տրանսպորտային ուղևորափոխադրումներ:

3. Զբոսաշրջային գործակալի գործունեությունը զբոսաշրջային արդյունքի միջնորդավորված իրացման գործունեություն է և ընդգրկում է սույն հոդվածում շարադրված զբոսաշրջային օպերատորի գործունեության արդյունքում ձևավորված արդյունքի, այդ թվում՝ զբոսաշրջային փաթեթների իրացումը:

 

Հոդված 14.

Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների նկատմամբ պահանջները

 

1. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող անձի նկատմամբ պահանջն է գրասենյակային տարածքի առկայությունը՝ սեփականության կամ օգտագործման հիմունքներով:

2. Գրասենյակը պետք է բավարարի հետևյալ պահանջները՝

1) զբոսաշրջային օպերատորի անվանումը և գործունեության բնույթը ներկայացնող ցուցատախտակի առկայություն.

2) հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների առկայություն.

3) հաճախորդների համար սպասարկման համապատասխան տեղերի (աթոռ, բազկաթոռ) առկայություն:

3. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտները մինչև զբոսաշրջային գործունեություն սկսելը պարտավոր են հաշվառվել լիազոր մարմնի կողմից` զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման մատյանում: Հաշվառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

4. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող հաշվառված սուբյեկտներին տրվում է համապատասխան վկայական:

(14-րդ հոդվածը լրաց. 26.02.2015 ՀՕ-5-Ն)

 

Հոդված 15.

Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների պարտավորությունները

 

1. Զբոսաշրջային օպերատորի գործունեություն իրականացնող անձը պարտավոր է գրասենյակում՝ հաճախորդների համար տեսանելի մասում, տեղադրել հետևյալ տեղեկատվությունը՝

1) պետական գրանցման վկայականի պատճենը.

2) սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը.

3) զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաստաթղթերի օրինակները.

4) իր կողմից ձևավորված զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային նյութերը.

5) Լեռնային Ղարաբաղը ներկայացնող տեղեկատվական, գովազդային և այլ նյութեր.

6) հաշվառման վկայականը:

2. Զբոսաշրջային գործակալի գործունեություն իրականացնող անձը պարտավոր է գրասենյակում՝ սպառողներին տեսանելի մասում, տեղադրել հետևյալ տեղեկատվությունը՝

1) պետական գրանցման վկայականի պատճենը.

2) սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը.

3) զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաստաթղթերի օրինակները.

4) իր կողմից ձևավորված զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային նյութերը.

5) ժամանման երկրները ներկայացնող տեղեկատվական, գովազդային և այլ նյութեր.

6) վտանգավոր վարակներով երկրների ցանկը.

7) անձնագրային և վիզային ձևակերպումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր.

8) ժամանման երկրների ազգային սովորույթների, կրոնական ծեսերի, սրբավայրերի, բնության, մշակույթի, պատմության և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ օբյեկտների, հատուկ պահպանվող հուշարձանների, օրենսդրական, կրոնական պահանջների և արգելքների վերաբերյալ այնպիսի տեղեկատվական նյութեր, որոնք անհրաժեշտ են շրջագայության ընթացքում.

9) հաշվառման վկայականը:

3. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտները զբոսավարների և (կամ) ուղեկցորդների ծառայություններից օգտվելիս (մատուցելիս) պարտավոր են օգտվել բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ունեցող զբոսավարների և (կամ) ուղեկցորդների ծառայություններից:

(15-րդ հոդվածը լրաց. 26.02.2015 ՀՕ-5-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ, ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 16.

Զբոսաշրջիկների օրինական շահերի պաշտպանությունը

 

1. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային արդյունքը տրամադրվում է սպառողի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր պայմանագրի կնքմամբ:

2. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը մինչև պայմանագիր կնքելը պարտավոր է զբոսաշրջիկին տրամադրել զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամանման կամ տարանցիկ երկրների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝

1) անձնագրային, մուտքի և ելքի պահանջների,

2) ժամանման կամ տարանցիկ երկրներում՝ առողջության հետ կապված սահմանափակումների և պահանջների (անհրաժեշտ ներարկումներ և այլն),

3) տրանսպորտային տուրքերի և հատուկ գանձումների,

4) ուղևորային փոխադրումների ընթացքում պահանջվող մաքսային սահմանափակումների.

5) դրամային փոխարժեքի,

6) դժբախտ պատահարների դեպքում, ինչպես նաև առողջության ու կյանքի ապահովագրության հետ կապված պահանջների կամ երաշխավորությունների մասին:

3. Մինչև զբոսաշրջային փաթեթի մատուցումը զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է հաճախորդներին՝

1) տեղեկացնել իր այն գործընկերների գտնվելու վայրերը (հասցեները) և հեռախոսահամարները, որոնց զբոսաշրջիկները կարող են դիմել խնդիրներ ծագելու դեպքում.

2) մատուցել տեղեկատվություն մանկական զբոսաշրջային միջոցառումների դեպքում երեխայի կամ պատասխանատու անձի հետ ժամանման վայրում ուղիղ կապ ապահովելու միջոցների մասին.

3) տեղեկացնել ծրագրավորված ճանապարհորդության տևողության, կանգառների և կայանումների տեղերի ու ժամկետների մասին:

4. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտի և զբոսաշրջիկի միջև կնքվող պայմանագրում պարտադիր կարգով նշվում են՝

1) զբոսաշրջային գործունեության սուբյեկտի գտնվելու կամ բնակության վայրը, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, ինչպես նաև ստորագրողի անունը, ազգանունը.

2) զբոսաշրջիկի տեղաբաշխման վայրը և (կամ) շրջագայության երթուղին.

3) զբոսաշրջային երթուղու տևողությունը կամ զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամկետները.

4) ուղևորության ընթացքում մատուցվող ծառայությունների տեսակները, որակական ցուցանիշները և ժամկետները, այդ թվում՝

- տրանսպորտային միջոցների տեսակը, դասակարգումը, ժամանման և մեկնման նախնական ժամկետները, ժամերը և վայրերը,

- ժամանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը, կարգը,

- սննդի կազմակերպման և մատուցման ծառայության հաճախականությունը, պայմանները,

- տեսարժան վայրերի այցելության ծրագրերը, երթուղիները և փաթեթի գնի մեջ ներառված այլ ծառայություններ.

5) զբոսաշրջային փաթեթի գինը՝ բոլոր անհրաժեշտ վճարումների, հարկերի և տուրքերի (եթե դրանք ներառված չեն գնի մեջ) մանրամասներով, ինչպես նաև պարզ ձևակերպված այն հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել գնի փոփոխման.

6) վճարման ձևը և պայմանները.

7) զբոսաշրջային ապահովագրության տեսակը և չափը (եթե առկա է):

5. Պայմանագրով որոշված զբոսաշրջային փաթեթի գինը չի կարող փոփոխվել միակողմանիորեն, եթե պայմանագրի մեջ նշված չէ դրա հնարավոր փոփոխման հիմքերի մասին, ընդ որում, գնի աճի դեպքում զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է փաստաթղթերով հիմնավորել այդ աճը, որը կարող է վերաբերել միայն՝

1) տրանսպորտային ծախսերին.

2) մաքսային գանձումներին, այն տուրքերին և գանձումներին, որոնք առնչվում են օդանավակայաններին և նավահանգիստներին.

3) տարադրամի փոխարժեքին:

Պայմանագրում նշված գինը չի կարող աճել մեկնման ժամկետին նախորդող 20 օրվա ժամանակահատվածում:

6. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը զբոսաշրջային խմբի ղեկավարին, իսկ նրա բացակայության դեպքում զբոսաշրջիկներին զբոսավարով կամ ուղեկցորդով ապահովելիս զբոսավարին կամ ուղեկցորդին պետք է տրամադրի գրավոր հանձնարարական, որտեղ պետք է նշված լինեն զբոսաշրջային ծառայությունների մատուցման վայրը և տևողությունը, ինչպես նաև զբոսաշրջային միջոցառման անցկացման շրջանակներում լիազորությունները հաստատող փաստաթուղթ:

7. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը արտագնա զբոսաշրջային ուղևորություններ կազմակերպելիս պետք է ապահովի ժամանման երկրում համընդհանուր օգտագործվող լեզվի իմացությամբ կամ օտարերկրյա գործընկերոջ հետ պայմանագրով համաձայնեցված լեզվի իմացությամբ զբոսավարի առկայությունը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

8. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը ներգնա զբոսաշրջային ուղևորություններ կազմակերպելիս պետք է ապահովի զբոսաշրջիկների հետ անկաշկանդ շփման համար անհրաժեշտ լեզվի կամ օտարերկրյա գործընկերոջ հետ պայմանագրով համաձայնեցված լեզվի իմացությամբ զբոսավարներ կամ ուղեկցորդներ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

Հոդված 17.

Զբոսաշրջիկի իրավունքները

 

1. Ժամանակավոր բնակության և տարանցման վայրերում զբոսաշրջիկն իրավունք ունի՝

1) ստանալ պայմանագրով և շրջագայության ծրագրով նախատեսված զբոսաշրջային համալիր ծառայությունները.

2) անձնական անվտանգության, կյանքի, առողջության, սպառողի իրավունքների և գույքի պաշտպանության.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան՝ պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում.

4) իր համար հասկանալի լեզվով զբոսաշրջային գործունեության սուբյեկտից ստանալ լրիվ և օբյեկտիվ տեղեկատվություն՝ ժամանման երկրի (վայրի)՝ զբոսաշրջության հետ առնչվող օրենքների և բնակվելու կանոնների, տեղաբնակների սովորույթների, հասարակական և կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքների, ապահովագրության պայմանների, զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանագրի պայմանների մասին.

5) օգտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

2. Գրավոր պայմանագրի կամ սույն օրենքով նախատեսված պայմանագրում պարտադիր նշման ենթակա դրույթների բացակայության դեպքում զբոսաշրջության գործունեության սուբյեկտի և սպառողի միջև մատուցվելիք կամ մատուցված զբոսաշրջային ծառայությունների հետ կապված վեճի դեպքում հիմք են ընդունվում սպառողի խելամիտ գրավոր բացատրությունները:

 

Հոդված 18.

Զբոսաշրջիկի պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը պարտավոր է՝

1) պահպանել զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պայմանները և կանոնները.

2) հարգել ժամանման երկրի (տեղանքի) ավանդույթները, սովորույթները, կրոնական հավատալիքները.

3) չխախտել հասարակական կարգը, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և կատարել ժամանման երկրի տարածքում գործող օրենքների պահանջները:

2. Ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ իր ապօրինի գործողությունների հետևանքով առաջացած նյութական վնասի փոխհատուցմամբ:

 

Հոդված 19.

Օտարերկրյա պետություններում զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

 

Օտարերկրյա պետությունում զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են ժամանման երկրի օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 20.

Պետության պարտավորություններն օտարերկրյա զբոսաշրջիկների և օտարերկրյա պետություններում զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ

 

1. Պետությունն ապահովում է օտարերկրյա զբոսաշրջիկների իրավունքները և օրինական շահերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Պետությունը պարտավոր է հնարավորինս բոլոր միջոցները ձեռնարկել արտագնա զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 21.

Զբոսաշրջիկի անվտանգության ապահովման համակարգը

 

1. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտները մշակում են միջոցառումներ՝ իրենց կազմակերպած զբոսաշրջային ճանապարհորդություններին, արշավներին, էքսկուրսիաներին և այլ միջոցառումներին մասնակցող զբոսաշրջիկների անվտանգության ապահովման, վնասվածքների և դժբախտ պատահարների կանխարգելման համար:

2. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտները պարտավոր են պետական համապատասխան մարմիններին անհապաղ տեղյակ պահել զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած արտակարգ պատահարների մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

(6-րդ գլուխը խմբ. 23.06.2011 ՀՕ-36-Ն)

 

Հոդված 22.

Պետական հսկողության խնդիրները

                

Պետական հսկողության հիմնական խնդիրներն են՝

1) զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.

2) սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին զբոսաշրջության բնագավառում մատուցվող ծառայությունների համապատասխանության ապահովումը:

 

Հոդված 221. Պետական հսկողություն իրականացնող մարմինը

 

1. Զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

2. Լիազոր մարմնի ղեկավարը կարող է վարչական վարույթ և դրա առանձին փուլեր իրականացնելու լիազորություններ վերապահել լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կամ իր կողմից ստեղծված հանձնաժողովին:

3. Վարչական ակտի դեմ բերված բողոքները քննելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարը կարող է ստեղծել հանձնաժողով:

 

Հոդված 222. Կարգադրագիրը

 

1. Կարգադրագիրը լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում ընդունված իրավական ակտ է` ուղղված սույն օրենքի 10-րդ հոդվածի 9-11-րդ մասերով, 11-րդ, 14-16-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտումների վերացմանը և հետագայում դրանց բացառմանը:

2. Կարգադրագրով սահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ողջամիտ ժամկետ:

3. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում վերացնել կարգադրագրում նշված խախտումը և այդ մասին գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին:

4. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտման հետ կապված կարգադրագիրը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում բազային տուրքի հարյուրապատիկի չափով:

Նույն կարգադրագիրը` այն չկատարելու համար տուգանք նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգ օրվա ընթացում չկատարելը` յուրաքանչյուր անգամ առաջացնում է տուգանքի նշանակում բազային տուրքի երկուհարյուրապատիկի չափով:

5. Կարգադրագիրը չկատարելու համար պատասխանատվության ենթարկվելը տնտեսավարող սուբյեկտին չի ազատում կարգադրագիրը կատարելու պարտականությունից:

6. Կարգադրագրի գործողությունը դադարեցվում է`

1) լիազոր մարմնի ղեկավարի կողմից` տնտեսավարող սուբյեկտի դիմումով, եթե այն չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը.

2) կարգադրագիրն արձակած պաշտոնատար անձի կողմից` տնտեսավարող սուբյեկտի դիմումով, կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:

7. Կարգադրագրի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

8. Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կողմից արձակված կարգադրագիրը կարող է բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6-րդ գլուխը խմբ. 23.06.2011 ՀՕ-36-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 23.

Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը համարվում է անցումային ժամանակաշրջան:

3. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող բոլոր անձինք պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին մինչև անցումային ժամանակաշրջանի ավարտը:

4. Անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո սույն օրենքի պահանջների խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքում զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքով սահմանված պատասխանատվության նորմերը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

17 դեկտեմբերի 2004թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-147