Համարը 
N 97
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.03.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" մարտի 2004թ.

N 97

 ք.Ստեփանակերտ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության

աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և

աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին

 

 Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին` աշխատակազմն ձևավորվելուց հետո երկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:

4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կանոնադրությունը և կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 161 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«16» մարտի 2004թ.

թիվ 97 որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են՝

ա) օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության ստեղծմանն օժանդակելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համակարգումը,

բ) դատական պրակտիկայի ուսումնասիրումն ու ամփոփումը.

գ) դատական վիճակագրության արդյունքների ամփոփումը.

դ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթների իրականացումը.

ե) նոտարական գործունեության կազմակերպումը.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց` բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների, և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների խմբագրությունների կանոնադրությունների գրանցման գործառույթների իրականացման ապահովումը.

է) կուսակցությունների, հասարակական միավորների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կազմակերպությունների ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումը` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

ը) անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման և լիցենզիայի պահանջների իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումը.

թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային կապերի իրավական ապահովման և միջպետական հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մասնակցության ապահովումը.

ժ) նախարարության համակարգում դատական փորձաքննությունների կատարման ապահովումը.

ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարման ապահովումը.

ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացման ապահովումը:

 

II. Նախարարության գործառույթները

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) օրենքով սահմանված կարգով գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի հաշվառում, համակարգում և պետական գրանցում.

բ) օրենքով սահմանված կարգով իրավական ակտերի պաշտոնական օրինակների հաշվառում, համակարգում և պահպանում.

գ) նոտարական կամ այլ գործողությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում, նոտարական գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում.

դ) օրենքով սահմանված կարգով նոտարներին դասային կոչումների շնորհում.

ե) նոտարին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի տրամադրում.

զ) քաղաքացիների /այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց/ և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների ու դիմումների օրենքով սահմանված կարգով քննարկում, ինչպես նաև քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկում.

է) դատական պրակտիկայի ուսումնասիրում ու ամփոփում, դատական վիճակագրության արդյունքների ամփոփում.

ը) դատարաններից ավարտված քրեական և քաղաքացիական գործեր, դրանց մասին տեղեկանքներ պահանջելը, ինչպես նաև դատարաններում ուսումնասիրությունների կատարում.

թ) դատարաններից ստացված վճիռների, որոշումների և դատավճիռների ուսումնասիրության կազմակերպում.

ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված իրավական օգնության մասին պայմանագրերի պահանջներին համապատասխան դատական հանձնարարությունների կատարմանը մասնակցություն.

ժա) օրենքով սահմանված կարգով միջազգային, միջպետական կամ միջկառավարական պայմանագրի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելը.

ժբ) օրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագրի դրույթների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության միջև հակասության կամ դրա բացակայության մասին կարծիք ներկայացնելը.

ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման իրականացում, պետական գրանցման գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում.

ժդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց` բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների, և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների խմբագրությունների կանոնադրությունների գրանցում, պետական գրանցման գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում.

ժե) կուսակցությունների, հասարակական միավորների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կազմակերպությունների ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում` օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

ժզ) անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման և լիցենզիայի պահանջների իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժէ) անվճարունակ կազմակերպությունների գրանցամատյանի վարում.

ժը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների դատական ակտերի, ինչպես նաև միջնորդ դատարանների վճիռների հարկադիր կատարման ապահովում.

ժթ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների /հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն/ ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարում.

ի) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:

 

III. Նախարարության կառավարումը

 

9. Նախարարությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը, /այսուհետ` նախարար/ որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարը կարող է ունենալ տեղակալ (տեղակալներ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը՝

ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական կամ այլ ծառայությունների պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխում տեղակալի (տեղակալների) միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժդ) օրենքով սահմանված կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դասային աստիճաններ (հատուկ կոչումներ).

ժե) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը (տեղակալներից մեկը):

14. Նախարարի տեղակալը՝

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի վերաբերյալ.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

16. Նախարարի խորհրդականները`

ա) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.

բ) պարբերաբար նախարարին են ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

գ) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն.

դ) նախարարի հաձնարարությամբ մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

ե) նախարարի որոշմամբ կարող են ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

զ) նախարարի հանձնարարությամբ հրավիրում են խորհրդակցություններ, կազմակերպում իրենց հանձնարարված հարցերի քննարկումներ.

է) կատարում են նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

17. Նախարարի օգնականը կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին:

Նախարարի օգնականը`

ա) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.

բ) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

գ) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

դ) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

ե) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

18. Նախարարի մամուլի քարտուղարը`

ա) նախարարի պաշտոնական տեսակետերը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

բ) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

գ) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

դ) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

ե) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

զ) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

19. Նախարարի սահմանված գործառույթները և հանձնարարականները կատարելիս նախարարի խորհրդականները, նախարարի օգնականը, նախարարի մամուլի քարտուղարը համագործակցում են միմյանց, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների և նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:

 

IV. Նախարարության աշխատակազմը

 

20. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանը օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

21. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

22. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

23. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

24. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

25. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

26. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

27. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

28. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

29. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

30. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20:

 

V. Նախարարության աշխատակազմի գույքը

 

31. Նախարարության աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով՝ ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և նախարարության աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

32. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

33. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:

 

VI. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը

 

34. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ) և տարածքային մարմինները /բաժիններ/: Նախարարության աշխատակազմը կարող է ունենալ նաև առանձնացված ստորաբաժանումներ /գործակալություններ, տեսչություններ/:

35. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

39. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

VII. Նախարարության աշխատակազմի կառավարումը

 

41. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

42. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

45. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

46. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ այլ աշխատող՝ նախարարի հրամանով:

47. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

զ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժբ) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության այլ մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

48. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները

 

49. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

50. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. Դատավորների հավակնորդների նախնական հաշվառումը

 

51. Նախարարությունում իրականացվում են դատավորների հավակնորդների նախնական հաշվառման աշխատանքներ: Հավակնորդները նախարարություն են ներկայացնում համապատասխան փաստաթղթեր, որոնց ցանկը հաստատում է նախարարը: Նշված փաստաթղթերից կազմված գործերը նախարարի մակագրությամբ վերցվում են հաշվառման և պահվում նախարարությունում:

52. Նախարարությունում ուսումնասիրվում և ստուգվում է դատավորների հավակնորդների ներկայացրած փաստաթղթերն ու նրանց անձնական գործերը, որի արդյունքները ներկայացնում է ԼՂՀ Նախագահի հրամանագրով ստեղծված իրավաբանական որակավորող հանձնաժողովին:

53. Հավակնորդների մասնագիտական կարողությունների և իրավաբանական գիտելիքների կիրարկման ունակությունները վերջնական ստուգման է ենթարկվում իրավաբանական որակավորող հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովը ուսումնասիրում է դատավորների հավակնորդների ներկայացրած փաստաթղթերը, որից հետո կազմակերպում և անցկացնում նրանց մասնագիտական կարողությունների ստուգում` գործող օրենսդրության իմացության աստիճանը պարզելու նպատակով:

Դրական արդյունքներով ստուգումը անցած հավակնորդները վերցվում են հաշվառման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունում, որպես դատավորի պաշտոնում նշանակվելու թեկնածուներ:

Նշված թեկնածուների թվից էլ, «Դատական մագիստրատուրայի խորհրդի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով կատարվում է դատավորի պաշտոններում նշանակելու համար թեկնածուների առաջադրումը:

 

X. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը

 

54. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«16» մարտի 2004թ.

թիվ 97 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության

նախարարության աշխատակազմի

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

 

1. Վարչություններ

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն

 

2. Բաժիններ

Պետական ռեգիստրի բաժին

Դատական մարմինների բաժին

Օրենսդրական հարցերի բաժին

Ընդհանուր բաժին

 

II. Տարածքային մարմիններ

 

ԼՂՀ շրջ/քաղ/ ՔԿԱԳ բաժիններ

ԼՂ Հանրապետական ՔԿԱԳ արխիվ

ԼՂՀ շրջ/քաղ/ պետական նոտարական գրասենյակներ /բաժիններ/

ԼՂՀ շրջ/քաղ/ պետական ռեգիստրի բաժիններ

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ