ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման և հատկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման կատարման վերահսկողությունն ու կառավարման լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, հաշմանդամների սանատոր-առողջարանային սոցիալական սպասարկման մասին» թիվ 294 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
«18» մարտի 2008թ.
թիվ 228 որոշման |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման և հատկացման
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրեր ստանալու իրավունքից օգտվող քաղաքացիների խմբերը, ուղեգրերի բաշխման և հատկացման հետ կապված հարաբերությունները:
2. Առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերն առաջնահերթության կարգով հատկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում ունեցող՝
ա) հաշմանդամ զինծառայողներին («Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներ),
բ) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին,
գ) խուլ-համր 3-րդ խմբի հաշմանդամներին (3-րդ խմբի հաշմանդամ ճանաչված՝ խուլ‑համր անձինք),
դ) հաշմանդամ երեխաներին (հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող՝ մինչև 18 տարեկան երեխաներ),
ե) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին (ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ամուսիններ, ծնողներ, ինչպես նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16‑րդ հոդվածով սահմանված՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 16 տարին լրացած անձինք),
զ) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, ինչպես նաև նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած զինծառայողներ),
է) Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամներին (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ամուսիններ, ծնողներ),
ը) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներին (Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացած անձինք, ինչպես նաև նույն պատճառներով մահացած անձանց այրիներ, ծնողներ),
թ) բռնադատվածներին («Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան՝ բռնադատվածի կարգավիճակ ստացած անձինք),
ժ) հերոսներին և շքանշանակիրներին (Հայաստանի ազգային հերոսներ, Արցախի հերոսներ, 1-ին կամ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք),
ժա) միայնակ քաղաքացիներին (օրենքով սահմանված՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած՝ չաշխատող, զավակ և խնամակալ չունեցող անձինք):
Հայաստանի Հանրապետությունում գործող առողջարաններում բուժման ուղեգրվող՝ 1-ին խմբի հաշմանդամին և հաշմանդամ երեխային ուղեկցելու անհրաժեշտության դեպքում ուղեգիր է հատկացվում նաև ուղեկցողին:
(2-րդ կետը լրաց. 21.05.2009 N 317-Ն, խմբ. 15.06.2010 N 299-Ն)
3. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մասնագիտացված առողջարաններում բուժման համար ուղեգրեր կարող են հատկացվել միայն 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողներին և հաշմանդամ երեխաներին:
Սույն կետի առաջին մասում նշված քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում է դրամական փոխհատուցում` բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերի դիմաց, իսկ այդ քաղաքացիներին ուղեկցելու անհրաժեշտության դեպքում` նրանց ուղեկցողներին նաև օրապահիկի և գիշերավարձի դիմաց:
(3-րդ կետը փոփ. 15.06.2010 N 299-Ն)
4. Հանգստյան տների ուղեգրերի ձեռք բերման համար կարող է ծախսվել տվյալ տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով ուղեգրերի ձեռքբերման համար նախատեսված գումարի մինչև 25 տոկոսը:
5. Առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերը կարող են հատկացվել սոցիալական ծառայության տարածքային մարմինների (այսուհետ` տարածքային մարմիններ) կողմից:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) հաստատում է`
ա) առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման տարեկան ծրագիրը` ըստ ժամկետների, առանձին սոցիալական խմբերի և տարածքային մարմինների,
բ) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մասնագիտացված առողջարաններում բուժման ուղեգրերի բաշխման տարեկան ծրագիրը` ըստ ժամկետների և առանձին սոցիալական խմբերի:
7. Ուղեգիրը քաղաքացուն հատկացվում է ոչ ուշ, քան ուղեգրի սկզբնաժամկետից 15 օր առաջ:
(7-րդ կետը փոփ. 15.06.2010 N 299-Ն)
8. Հանգստյան տան ուղեգիր ստանալու համար քաղաքացին իր դիմումի հետ միասին ներկայացնում է անձը և իր կարգավիճակը հաստատող փաստաթղթերը, սոցիալական քարտը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը, իսկ առողջարանային բուժման ուղեգիր ստանալու համար՝ նաև իր բնակության վայրի պոլիկլինիկայի կողմից տրված սանատոր-կուրորտային քարտը:
1-ին խմբի հաշմանդամին կամ հաշմանդամ երեխային տրված սանատոր-կուրորտային քարտը պետք է նշում պարունակի այդ քաղաքացուն ուղեկցելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին:
Քաղաքացու դիմումը հաշվառվում է դիմումների հաշվառման մատյանում, որի ձևը և վարման կարգը սահմանում է նախարարությունը:
(8-րդ կետը լրաց. 26.01.2010 N 23-Ն, փոփ. 15.06.2010 N 299-Ն)
9. Սույն կարգի 2-րդ կետում նշված քաղաքացիներին ուղեգրեր կարող են հատկացվել երեք տարին մեկ անգամ:
Սույն կետի դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
10. Սույն կարգի 2-րդ կետում նշված քաղաքացիները առողջարանից կամ հանգստյան տնից վերադառնալուց հետո, տարածքային մարմին պետք է ներկայացնեն առողջարանում կամ հանգստյան տանը հաշվառված լինելու օրերի մասին տեղեկանք: Տեղեկանքը չներկայացնելու դեպքում քաղաքացին զրկվում է հետագայում ուղեգիր ստանալու իրավունքից:
11. Ուղեգրերը խիստ հաշվառման ֆինանսական փաստաթղթեր են, ենթակա են պահպանման օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Տարածքային մարմինը յուրաքանչյուր ամսվա ընթացքում հատկացված ուղեգրերի մասին տեղեկանք է ներկայացնում նախարարություն` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը:
13. Նախարարության կողմից հաստատված ծրագրով նախատեսված ժամկետներում չհատկացված, ինչպես նաև քաղաքացիներին հատկացված, սակայն նրանց կողմից չօգտագործված ուղեգրերը տարածքային մարմինը հնգօրյա ժամկետում վերադարձնում է նախարարությանը:
Սույն կետում նշված ուղեգրերը քաղաքացիներին են հատկացվում նախարարության կողմից՝ սույն կարգի 8-րդ և 10-րդ կետերի դրույթներին համապատասխան:
(13-րդ կետը լրաց. 16.09.2008 N 619)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |