Համարը 
N 509-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.08.10/13(175)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.07.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
20.06.2023

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2011 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 228 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հուլիսի 2011թ.

N 509-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 228 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գործող մասնագիտացված առողջարանների ուղեգրերի ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման կատարման վերահսկողությունն ու կառավարման լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը։

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման և հատկացման մասին» N 228 որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2011 թվականի

հուլիսի 26-ի N 509-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ՝ պետական բյուջե) միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի (այսուհետ՝ ուղեգիր), բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գործող մասնագիտացված առողջարանների ուղեգրերի, ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները։

2. Ուղեգրերը ձեռք են բերվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից՝ hամապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների` առողջարանների ու հանգստյան տների հետ յուրաքանչյուր տարի պայմանագրեր կնքելով։

3. Ուղեգրերն առաջնահերթության կարգով հատկացվում են`

1) հաշմանդամ զինծառայողներին (հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձինք).

2) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին.

3) հաշմանդամ երեխաներին (հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող՝ մինչև 18 տարեկան երեխաներ).

4) խուլ-համր 3-րդ խմբի հաշմանդամներին (3-րդ խմբի հաշմանդամ ճանաչված՝ խուլ‑համր անձինք).

5) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին (ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ամուսիններ, ծնողներ, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 16 տարին լրացած անձինք).

6) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, ինչպես նաև նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած զինծառայողներ).

7) Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամներին (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ամուսիններ, ծնողներ).

8) Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացած անձանց.

9) բռնադատվածներին («Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան՝ բռնադատվածի կարգավիճակ ստացած անձինք).

10) հերոսներին և շքանշանակիրներին (Հայաստանի ազգային հերոսներ, Արցախի հերոսներ, 1-ին կամ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք).

11) միայնակ քաղաքացիներին (օրենքով սահմանված՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած՝ չաշխատող, զավակ և խնամակալ չունեցող անձինք)։

4. Ուղեգրերը նախարարության կողմից տրամադրվում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններին (այսուհետ՝ տարածքային մարմին)՝ նախարարության կողմից հաստատված` ուղեգրերի բաշխման տարեկան ծրագրի համաձայն։

5. Ուղեգիր ստանալու համար քաղաքացին (տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացու դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմում է իր մշտական բնակության վայրը սպասարկող տարածքային մարմին:

6. Դիմումի հետ քաղաքացին ներկայացնում է.

1) անձը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառումը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը) և պատճեն(ներ)ը.

2) կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը) և պատճեն(ներ)ը.

3) սոցիալական ապահովության քարտը և պատճենը, կամ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը։

Սույն կետում նշված փաստաթղթերից բացի առողջարանային բուժման ուղեգիր ստանալու համար քաղաքացին ներկայացնում է նաև իր բնակության վայրը սպասարկող համապատասխան բուժհաստատության կողմից տրված` առողջարանային բուժում ստանալու անհրաժեշտությունը հաստատող տեղեկանքը (երաշխավորագիրը):

7. Առողջարանային բուժման ուղեգրված քաղաքացին առողջարան է ներկայացնում իր բնակության վայրը սպասարկող համապատասխան բուժհաստատության կողմից տրված սանատոր-կուրորտային քարտը:

8. Անհատական ուղեգրով ուղեգրվող 1-ին խմբի հաշմանդամների և հաշմանդամ երեխաների՝ ուղեգիր հատկացնելու դիմումներում նրանց կամ նրանց օրինական ներկայացուցիչների կողմից նշվում են նաև ուղեկցողի մասին տվյալներ:

1-ին խմբի հաշմանդամին ուղեկցողին հատկացվում է առանձին ուղեգիր, իսկ հաշմանդամ երեխայի համար` մեծահասակի և երեխայի համար մեկ միասնական ուղեգիր:

9. Քաղաքացու դիմումը հաշվառվում է նախարարության կողմից հաստատված դիմումների հաշվառման մատյանում։

10. Ուղեգրերը հատկացվում են քաղաքացիների դիմումների տրման ժամանակագրական հերթականությանը համապատասխան, ոչ ուշ, քան ուղեգրի սկզբնաժամկետից 15 օր առաջ։

11. Սույն կարգի իմաստով` երեք տարվա ընթացքում քաղաքացուն կարող է հատկացվել առողջարանի և (կամ) հանգստյան տան միայն մեկ ուղեգիր։

12. Պայմանագրերի կնքման անհնարինության պատճառով ուղեգրերի բացակայության, տարեկան ծրագրով տվյալ սոցիալական խմբի համար նախատեսված ուղեգրերի սպառման դեպքերում տվյալ տարվա ուղեգիր ստանալու համար դիմած քաղաքացու դիմումը պահպանում է իր իրավաբանական ուժը մինչև հաջորդ տարիների ընթացքում քաղաքացու ուղեգրումը։

13. Առողջարանից կամ հանգստյան տնից վերադառնալուց հետո քաղաքացին տարածքային մարմին է ներկայացնում առողջարանում կամ հանգստյան տանը հաշվառված լինելու օրերի մասին տեղեկանք։

Տեղեկանքը չներկայացնելու դեպքում քաղաքացին զրկվում է հետագայում ուղեգիր ստանալու իրավունքից։

14. Յուրաքանչյուր ամսվա ընթացքում հատկացված ուղեգրերի մասին, մինչև հաջորդ ամսվա 10-ը, տարածքային մարմինը տեղեկանք է (ըստ նախարարության կողմից հաստատված ձևի) ներկայացնում նախարարություն` թղթային և էլեկտրոնային տարբերակներով:

Տարածքային մարմիններից ստացված տեղեկանքների հիման վրա նախարարությունում ստեղծվում է պետական բյուջեի միջոցների հաշվին ուղեգիր ստացած քաղաքացիների էլեկտրոնային շտեմարան, որը համալրվում է նախարարության կողմից ուղեգիր ստացած քաղաքացիների տվյալներով։

Էլեկտրոնային շտեմարանում ներառվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ուղեգրված քաղաքացիների տվյալները՝ սկսած 2008 թվականից։

15. Ուղեգրերի բաշխման տարեկան ծրագրով նախատեսված ժամկետներում չհատկացված, ինչպես նաև քաղաքացիներին հատկացված, սակայն նրանց կողմից չօգտագործված ուղեգրերը տարածքային մարմինը ողջամիտ ժամկետում վերադարձնում է նախարարությանը, որն իրականացնում է այդ ուղեգրերի վերաբաշխումը և (կամ) տրամադրումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2011 թվականի

հուլիսի 26-ի N 509-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ՝ պետական բյուջե) միջոցների հաշվին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գործող մասնագիտացված առողջարանների ուղեգրերի (այսուհետ՝ ուղեգիր) ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները։

2. Ուղեգրերը ձեռք են բերվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից՝ յուրաքանչյուր տարի համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելով։

3. Ուղեգրերը ձեռք են բերվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գործող մասնագիտացված առողջարաններից և հատկացվում են 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողներին և հաշմանդամ երեխաներին՝ առաջնահերթությունը վերապահելով այն քաղաքացիներին, ում հաշմանդամության սահմանման համար հիմք հանդիսացած հիվանդությունը (վնասվածքը, խեղումը) համապատասխանում է տվյալ առողջարանում բուժման հիմնական ուղղվածությանը։

4. Ուղեգրերը քաղաքացիներին են հատկացվում նախարարության կողմից։

5. Ուղեգիր ստանալու համար քաղաքացին (տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացու դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմում է նախարարությանը:

6. Դիմումի հետ քաղաքացին ներկայացնում է.

1) անձը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառումը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը) և պատճեն(ներ)ը.

2) կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը) և պատճեն(ներ)ը.

3) սոցիալական ապահովության քարտը և պատճենը, կամ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը.

4) իր բնակության վայրը սպասարկող համապատասխան բուժհաստատության կողմից տրված սանատոր-կուրորտային քարտը։

7. Անհատական ուղեգրով ուղեգրվող 1-ին խմբի հաշմանդամների և հաշմանդամ երեխաների՝ ուղեգիր հատկացնելու դիմումներում նրանց կամ նրանց օրինական ներկայացուցիչների կողմից նշվում են նաև ուղեկցողի մասին տվյալներ։

1-ին խմբի հաշմանդամին ուղեկցողին հատկացվում է առանձին ուղեգիր, իսկ հաշմանդամ երեխայի համար` մեծահասակի և երեխայի համար մեկ միասնական ուղեգիր:

Խմբային ուղեգրով ուղեգրվող 1‑ին խմբի հաշմանդամներին ուղեկցող (ներ) է (են) ընտրվում նախարարության կողմից և նրան (նրանց) հատկացվում է (են) ուղեգիր (ուղեգրեր)։

8. Քաղաքացու դիմումը հաշվառվում է նախարարության կողմից հաստատված դիմումների հաշվառման մատյանում։

9. Ուղեգրերը հատկացվում են քաղաքացիների դիմումների տրման ժամանակագրական հերթականությանը համապատասխան, ոչ ուշ, քան ուղեգրի սկզբնաժամկետից 15 օր առաջ։

10. Պայմանագրերի կնքման անհնարինության պատճառով ուղեգրերի բացակայության, նախատեսված ուղեգրերի սպառման դեպքերում տվյալ տարվա ուղեգիր ստանալու համար դիմած քաղաքացու դիմումը պահպանում է իր իրավաբանական ուժը հաջորդ տարիների ընթացքում։

11. Առողջարանից վերադառնալուց հետո քաղաքացին նախարարություն է ներկայացնում առողջարանում հաշվառված լինելու օրերի մասին տեղեկանք։

Տեղեկանքը չներկայացնելու դեպքում քաղաքացին զրկվում է հետագայում ուղեգիր ստանալու իրավունքից։

12. Ուղեգրվող քաղաքացիներին և նրանց ուղեկցողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում է դրամական օգնություն` առողջարան մեկնելու և վերադառնալու, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նպատակային այլ ծախսեր իրականացնելու համար։

Սկսած 2012 թվականից` սույն կետում նշված ծախսերը կիրականացվեն պետական բյուջեի «Առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ձեռք բերում» ծրագրով նախատեսված դրամական միջոցների հաշվին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ