ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի
ապրիլի 30-ին
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է առևտրի հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափը, հաշվարկման և վճարման կարգը:
|
Հոդված 2. |
Առևտրի հարկի հասկացությունը |
1. Առևտրի հարկը օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում ձեռնարկատիրական գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հարկ է:
2. Առևտրային կազմակերպությունների համար առևտրի հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին:
3. Անհատ ձեռնարկատերերի համար առևտրի հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) եկամտահարկին:
|
Հոդված 3. |
Հարկային արտոնությունների կասեցումը |
Առևտրի հարկ վճարողների համար սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են ԱԱՀ-ի և շահութահարկի (եկամտահարկի) գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հարկվող շահույթը կամ եկամուտը որոշելիս՝ հաշվի չեն առնվում համախառն եկամտից նվազեցումները:
|
Հոդված 4. |
Առևտրի հարկ վճարողները |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առևտրի հարկ վճարող են համարվում խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով վաճառք իրականացնող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ անձինք), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշվածների:
2. Առևտրի հարկ վճարողներ չեն կարող համարվել՝
ա) «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարող անձինք՝ գործունեության այդ մասով.
բ) անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին, գերազանցում է մեկ մլն. դրամը.
գ) այն անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ.
դ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները՝ իրենց սեփական արտադրության արտադրանքի՝ խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով իրացման մասով:
3. (կետն ուժը կորցրել է 26.02.2003 ՀՕ-33)
(4-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-33, 19.10.2005 ՀՕ-229)
|
Հոդված 5. |
Առևտրի հարկ վճարողների կողմից հայտարարագիր ներկայացնելը |
(վերնագիրը խմբ. 26.02.2003 ՀՕ-33)
Առևտրի հարկ վճարողները յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև 20-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հայտարարագիր՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տեղեկությունների վերաբերյալ:
Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշվածների), հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում մինչև պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ը:
(5-րդ հոդվածը խմբ. 26.02.2003 ՀՕ-33, փոփ. 15.02.2006 ՀՕ-263)
|
Հոդված 6. |
Առևտրի հարկի գործողության դադարումը |
1. Առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե նա՝
ա) (ենթակետն ուժը կորցրել է 26.02.2003 ՀՕ-33)
բ) իրականացնում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված գործունեություն.
գ) եռամսյակի ընթացքում իր կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին, գերազանցում է 250 հազար դրամը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված դեպքում առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին՝ սահմանված փաստը տեղի ունենալու պահից, իսկ «գ» ենթակետում նշված դեպքում՝ դրանում նշված փաստը տեղի ունենալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.02.2003 ՀՕ-33, խմբ. 22.12.2004 ՀՕ-163)
|
Հոդված 7. |
Հարկվող օբյեկտը |
Առևտրի հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը՝ ներառյալ սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով իրենց կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
|
Հոդված 8. |
Հարկի դրույքաչափը և հաշվարկումը |
1. Առևտրի հարկ վճարողներն ընթացիկ տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկում են 2.5 տոկոս դրույքաչափով:
2. Հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը:
3. Հարկ վճարողներն առևտրի հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքաչափով:
4. Հարկի ընդհանուր գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոս:
(8-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-33)
|
Հոդված 9. |
Համախառն եկամտի և ծախսերի հաշվառման եղանակը |
Եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով (հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ համապատասխանաբար ելնելով իր կողմից եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից):
(9-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-33)
|
Հոդված 10. |
Հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները |
Առևտրի հարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հարկի հաշվարկը:
Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրի հարկի ներկայացված հաշվարկներում առևտրի հարկ վճարողի կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում առևտրի հարկ վճարողը կարող է իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևով ճշգրտված հաշվարկներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
(10-րդ հոդվածը փոփ. 15.02.2006 ՀՕ-263)
|
Հոդված 11. |
Առևտրի հարկի վճարման կարգը և ժամկետները |
1. Առևտրի հարկ վճարողները հարկի գումարը յուրաքանչյուր ամսվա համար պետական բյուջե են վճարում մինչև հաջորդ ամսվա 20-ը:
2. Հարկ վճարողներն այդ գործունեության մասով շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարներ չեն կատարում:
(11-րդ հոդվածը փոփ. 15.02.2006 ՀՕ-263)
|
Հոդված 12. |
Առևտրի հարկ վճարողների կողմից այլ հարկերի վճարումը |
1. Առևտրի հարկ վճարողների համար պահպանվում է գույքահարկի, հողի հարկի վճարման, աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից հարկերի հաշվարկման, գանձման և վճարման (այդ թվում՝ որպես հարկային գործակալ), մաքսային սահմանում գանձվող ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարների հաշվարկման և վճարման կարգը:
2. Առևտրի հարկ վճարողները ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարած (ինչպես նաև ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում վճարած) ԱԱՀ-ի գումարները միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման արժեքին (ծախսերին):
3. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով առևտրի հարկ վճարողները ազատվում են «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:
31. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով առևտրի հարկ վճարողները ազատվում են «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների (հատկացումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պարտավորությունների կատարումից:
32. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով անհատ ձեռնարկատեր առևտրի հարկ վճարողների վրա չեն տարածվում «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված եկամտի ստացման հետ կապված ձեռք բերված ապրանքների համար կատարած ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները:
4. Բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի, անհատ ձեռնարկատեր առևտրի հարկ վճարողները հարկային մարմիններին «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն եկամտահարկի հայտարարագրում չեն ներառում հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում այդ հարկով հարկված՝ ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտները, ինչպես նաև դրանց ստացման հետ կապված ծախսերը:
(12-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-33, փոփ., լրաց. 21.02.2007 ՀՕ-16)
|
Հոդված 13. |
Առևտրի հարկ վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը |
1. Առևտրի հարկ վճարողներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Առևտրի հարկ վճարողներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ կարող են նշում կատարել (հարկային հաշիվ դուրս գրել), եթե այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մատակարարների կողմից ներկայացված են հարկային հաշիվներ (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրեր):
Ընդ որում՝ առևտրի հարկ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում նշված ԱԱՀ-ի գումարը չի կարող գերազանցել մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:
(13-րդ հոդվածը լրաց. 22.12.2004 ՀՕ-163, փոփ., լրաց. 21.02.2007 ՀՕ-16)
|
Հոդված 14. |
Հարկման ընդհանուր կարգից առևտրի հարկով հարկման և առևտրի հարկով հարկումից հարկման ընդհանուր կարգին անցումը |
1. Առևտրի հարկ վճարող դարձած անձինք որպես այդպիսիք դառնալու պահին նախորդող ժամանակահատվածներում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող՝ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված, ինչպես նաև մաքսային մարմիններում վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի գումարների մնացորդը միացնում են ծախսերին:
2. ԱԱՀ-ով հարկման ընդհանուր կարգի անցնելու պահից իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից չեն հաշվանցվում առևտրի հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
3. Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս հարկ վճարողները շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարները հաշվարկում են շահութահարկի (եկամտահարկի) և (կամ) առևտրի հարկի գումարում ներառված շահութահարկի (եկամտահարկի)՝ սույն օրենքի 8-րդ հոդվածով որոշվող համամասնությամբ որոշվող հարկի գումարի հիման վրա՝ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առևտրի հարկի վճարման դադարեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում հարկ վճարողները շահութահարկը (եկամտահարկը), այդ թվում՝ կանխավճարները և ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
5. Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելու պահից ստացվող եկամուտներից չեն նվազեցվում առևտրի հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ծախսերը:
6. Հարկ վճարողը նախորդ տարիների ընթացքում ստացած վնասը չի նվազեցնում առևտրի հարկով հարկման դադարեցման պահից (հարկման ընդհանուր կարգին անցնելուց) հետո գործունեությունից ստացված համախառն եկամտից: Առևտրի հարկով հարկման ժամանակաշրջանում ստացած վնասը ենթակա չէ նվազեցման:
7. Առևտրի հարկ վճարողները վարում են եկամուտների և ծախսերի հաշվառում, ինչպես նաև հարկային օրենսդրությանն առնչվող գրանցումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
8. Առևտրի հարկ վճարողները սույն օրենքով սահմանված հաշվառումից բացի կարող են հարկման նպատակով այլ հաշվառում չվարել:
(14-րդ հոդվածը խմբ. 21.02.2007 ՀՕ-16)
|
Հոդված 15. |
Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը |
1. Սույն օրենքը խախտելու համար հարկ վճարողները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Առևտրի հարկ վճարողներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտումով ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում կատարելու դեպքում տվյալ ամսվա համար հարկը վճարելու ժամկետում բյուջե են վճարում հաշվարկային փաստաթղթերում առանձին նշված ԱԱՀ-ի գումարը:
3. Առևտրի հարկով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու հետևանքով բյուջե վճարման ենթակա առևտրի հարկի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված առևտրի հարկի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի չափով.
4. Առևտրի հարկ վճարողները սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսվող հայտարարագրի մեջ սույն օրենքի 4-րդ հոդվածի՝
ա) 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված՝ մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ներմուծված և չիրացված ապրանքների վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք՝ սահմանաչափի նկատմամբ ներմուծման փաստացի ծավալը գերազանցող մասի 50 տոկոսի չափով:
բ) 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսվող գործունեություն չիրականացնելու վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք՝ 100 հազար դրամի չափով:
(15-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-33)
|
Հոդված 16. |
Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը:
|
Հոդված 17. |
Անցումային դրույթներ |
(17-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.02.2003 ՀՕ-33)
|
Հոդված 18. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
8 հունիսի 2002թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-207 |
|