ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» սեպտեմբերի 2006թ. |
N 488 |
ք.Ստեփանակերտ
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 8-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 2-ի թիվ 26 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 207 որոշումը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ երկամսյա ժամկետում հաստատել բժշկական կազմակերպության կողմից անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման կարգը և տրվող ուղեգրի ձևը:
(3-րդ կետը փոփ. 18.07.2013 N 461-Ն)
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի ձևը:
(4-րդ կետը փոփ. 18.07.2013 N 461-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«29» սեպտեմբերի 2006թ.
թիվ 488 որոշման |
Կ Ա Ր Գ
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան, կարգավորվում են բժշկասոցիալական փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը (այսուհետ` կենտրոն) փորձաքննական և վերականգնողական ծրագրերի բաժնի (այսուհետ` բաժին) և բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) միջոցով:
(2-րդ կետը խմբ. 29.01.2009 N 48-Ն, փոփ. 18.07.2013 N 461-Ն)
3. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանի որոշման, անձին հաշմանդամ ճանաչելու` «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիր մշակելու և հաստատելու, ժամանակավոր անաշխատունակության մասին եզրակացություն տալու նպատակով:
(3-րդ կետը փոփ. 18.07.2013 N 461-Ն)
4. Անձին հաշմանդամ ճանաչելու և մասնագիտական անաշխատունակության կորստի աստիճանը որոշելու համար հիմք են հանդիսանում հիվանդությունների, վնասվածքների կամ արատների հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության այնպիսի սահմանափակումները, որոնք առաջացրել են սոցիալական անբավարարություն և սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:
5. Անձին հաշմանդամ ճանաչելը, հաշմանդամության առաջացման պատճառական կապ և մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննությամբ` ելնելով ախտաբանական վիճակով պայմանավորված (հիվանդություն, վնասվածք կամ խեղում) օրգանիզմի ֆունկցիաների խանգարումից առաջացած կենսագործունեության սահմանափակման աստիճանից և սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից: Փորձաքննությամբ սահմանվում է մահվան պատճառական կապի առկայությունն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ, եթե դրանց հետևանքով առաջացած ախտաբանական պրոցեսները մահվան հետ ունեն անմիջական կապ կամ հետևանք: Հաշմանդամության պատճառական կապ սահմանվում է հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի և այդ ախտաբանական վիճակի պատճառի (անմիջական կապ կամ հետևանք) վերաբերյալ փաստաթղթերում եղած տվյալների հիման վրա:
6. Հաշմանդամ ճանաչված 18 տարին լրացած անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ կամ 3-րդ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին` «հաշմանդամ երեխա» կարգավիճակ: Օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան` վերականգման ոչ ենթակա կենսագործունեության սահմանափակում ունեցող անձանց հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ:
7. Անձը կամ նրա լիազորած անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը (այսուհետ` ներկայացուցիչ), ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը, կարող են բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքներում որպես խորհրդատու ներգրավել համապատասխան մասնագետի:
8. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը պարտավոր է անձին կամ նրա ներկայացուցչին նրանց պահանջով ծանոթացնել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգին:
II. ԱՆՁԻՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԵԼԸ
9. Հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն կամ տևական խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո (իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում) անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության: Բժշկական կազմակերպության ուղեգրում նշվում է քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի վերաբերյալ տվյալները (օբյեկտիվ, գործիքային և լաբորատոր)` նշելով ֆունկցիայի խանգարման աստիճանը:
91. Բժշկական կազմակերպությունը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության, եթե նրա մոտ առկա է կենսագործունեության հետևյալ հիմնական տեսակներից որևէ մեկի 3-րդ աստիճանի սահմանափակում.
1) ինքնասպասարկման ապահովման ունակության,
2) տեղաշարժվելու կարողության,
3) կողմնորոշվելու կարողության,
4) հաղորդակցվելու կարողության,
5) սեփական վարքը հսկելու կարողության:
Բժշկական կազմակերպությունը կենսաթոշակային տարիքը լրացած անձանց ուղեգրում է վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, սրունքի օրթոպրոթեզներ, օրթեզներ, աչքի պրոթեզներ տրամադրելու նպատակով՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի մասնագիտական եզրակացություն ստանալու համար:
(91-ին կետը լրաց. 24.02.2010 N 88-Ն, փոփ., լրաց. 27.11.2013 N 823-Ն)
III. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
10. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է հանձնաժողովը:
(երկրորդ նախադասությունն հանվել է 29.01.2009 N 48-Ն) Անձի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է կենտրոն ներկայացված` անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաև իր անձնագիրը: Մինչև 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաև սույն կարգի 9-րդ և 91-րդ կետերով սահմանված կարգով տրված ուղեգիրը: Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր, իսկ նման պայմանագիր չլինելու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ:
(10-րդ կետը խմբ., փոփ. 29.01.2009 N 48-Ն, փոփ. 24.02.2010 N 88-Ն, փոփ. 18.07.2013 N 461-Ն)
11. Եթե անձը, ելնելով առողջական վիճակից, չի կարող ներկայանալ փորձաքննության անցկացման վայր և դրա մասին նշել է դիմումում, ապա հանձնաժողովը բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում (բնակության վայր կամ հիվանդանոց): Եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի և այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ:
11.1. Հեռակա փորձաքննությունն իրականացվում է, եթե հաշմանդամություն ունեցող անձն իր նախորդ բժշկասոցիալական փորձաքննությունն անցել է իր մշտական բնակության վայրում՝ արտագնա կարգով:
(11.1-ին կետը լրաց. 05.08.2014 N 502-Ն)
11.2. Հեռակա փորձաքննության արդյունքում հաշմանդամությունն անժամկետ չի սահմանվում:
(11.2-րդ կետը լրաց. 05.08.2014 N 502-Ն)
12. Հանձնաժողովի նախագահը, ուսումնասիրելով ներկայացված դիմումն ու համապատասխան փաստաթղթերը և հավաստիանալով փաստաթղթերի լիարժեքության մեջ, հարուցում է վարչական վարույթ` անձին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձևով ծանուցելով փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին: Հանձնաժողովի նախագահը նշանակված փորձաքննության օրը ներկայացված փաստաթղթերը ներկայացնում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովը զննում է անձին (բացառությամբ հեռակա փորձաքննության դեպքերի), ձևակերպում փորձաքննական ախտորոշումը, գնահատում նրա կենսագործունեության սահմանափակման աստիճանը, քննարկում ստացված արդյունքները և դրանց հիման վրա ընդունում որոշում:
13. Հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննությունն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը` անձին հաշմանդամ ճանաչելու կամ անձին հաշմանդամ ճանաչելու մասին դիմումը մերժելու կամ միայն անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով) որոշելու վերաբերյալ: Անձին հաշմանդամ ճանաչելը մերժելու մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին: Անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում հանձնաժողովի կողմից նույն օրը կազմվում է անհատական վերականգնողական ծրագիր և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնողական տեխնիկական միջոցների, այլ օժանդակ պարագաների անհրաժեշտության մասին տեղեկանք, որոնք հաստատում է հանձնաժողովի նախագահը և վավերացնում կնիքով: Անհատական վերականգնողական ծրագիրը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնողական տեխնիկական միջոցների, այլ օժանդակ պարագաների անհրաժեշտության մասին տեղեկանքը, փորձաքննական որոշման մասին տեղեկանքի հետ միասին, օրենքով սահմանված կարգով, հանձնվում է հաշմանդամին կամ նրա ներկայացուցչին: Միայն անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու դեպքում հանձնաժողովը փորձաքննական որոշման մասին տեղեկանքը եռօրյա ժամկետում հանձնում է անձին կամ նրա ներկայացուցչին: Անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր պահանջի դեպքում տրվում է նաև վարչական վարույթի (բժշկասոցիալական փորձաքննության գործի) պատճենը: Վերականգնողական անհատական ծրագիրը 10-օրյա ժամկետում թղթային կամ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի, վարչական վարույթի, կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմիններ ուղարկվող փորձաքննական որոշման քաղվածքի և անձին տրվող փորձաքննական որոշման տեղեկանքի ձևերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
(13-րդ կետը փոփ. 29.01.2009 N 48-Ն, փոփ. 18.07.2013 N 461-Ն, լրաց. 22.06.2017 N 447-Ն)
13.1. Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի N 283 որոշումն ուժի մեջ մտնելը, անժամկետ հաշմանդամ ճանաչված անձի վերաբերյալ վերականգնողական անհատական ծրագրի կազմման բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հաշմանդամի անձնագրի պատճենը և առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը: Հանձնաժողովի նախագահը, ուսումնասիրելով ներկայացված դիմումն ու հավաստիանալով համապատասխան փաստաթղթերի լիարժեքության մեջ, հարուցում է վարչական վարույթ` հաշմանդամին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձևով ծանուցելով փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին: Փորձաքննության ընթացքում, հանձնաժողովը զննում է հաշմանդամին (բացառությամբ հեռակա փորձաքննության դեպքերի), ձևակերպում փորձաքննական ախտորոշումը և տալիս վերականգնողական փորձաքննական եզրակացություն:
(13.1-ին կետը լրաց. 18.07.2013 N 461-Ն)
14. Փորձաքննական որոշման քաղվածքը մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է անձի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմին:
15. Հաշմանդամության սահմանման սկիզբ է համարվում կենտրոնում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի մուտքագրման օրը: Փորձաքննական որոշումն ուժի մեջ է մտնում բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի կողմից որոշումն ստանալու հաջորդ օրվանից:
Անձը համարվում է հաշմանդամ մինչև բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշված ժամկետին հաջորդող ամսվա 1-ը:
(15-րդ կետը փոփ. 29.01.2009 N 48-Ն)
16. Հանձնաժողովը մասնագիտական հարցերում կողմնորոշվելիս դժվարանալու դեպքում համապատասխան վարչական վարույթի վերաբերյալ գործը գրավոր հիմնավորմամբ 5 աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննական խորհրդատվության նպատակով ներկայացնում է կենտրոնի բաժին` տեղյակ պահելով փորձաքննվողին կամ նրա ներկայացուցչին: Կենտրոնի բաժնի մասնագետի (մասնագետների) կողմից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան փորձաքննական խորհրդատվություն:
(16-րդ կետը խմբ. 29.01.2009 N 48-Ն)
17. Հանձնաժողովը բժշկասոցիալական փորձաքննական որոշումն ընդունում է բոլոր անդամների համաձայնությամբ: Եթե հանձնաժողովի նախագահը կամ անդամներից որևէ մեկը համաձայն չէ փորձաքննական որոշման հետ, ապա գրավոր ձևակերպում է իր անհամաձայնությունը` նշելով հիմքերը, որը կցվում է վարչական վարույթի վերաբերյալ գործին, և այն եռօրյա ժամկետում ներկայացվում է կենտրոնի տնօրենին: Հանձնաժողովից ստացված վարչական վարույթի գործը քննելու համար, կենտրոնի տնօրենը հանձնարարում է բաժնին, սույն կարգի 10-13-րդ կետերին համապատասխան իրականացնել բժշկասոցիալական փորձաքննություն: Որոշումն ընդունվում է ձայների պարզ մեծամասնությամբ:
(17-րդ կետը խմբ. 29.01.2009 N 48-Ն, խմբ. 18.07.2013 N 461-Ն)
18. Ախտորոշման ճշտման, հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար հանձնաժողովը կազմում է լրացուցիչ հետազոտման ծրագիր, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը և դրա մասին տեղեկացնում անձին կամ նրա ներկայացուցչին: Այդ դեպքում հանձնաժողովի նախագահի կողմից անձին տրվում է ուղեգիր, որում նշվում է բժշկական կազմակերպության անվանումը և կցվում է հետազոտման ծրագիրը: Լրացուցիչ հետազոտման ծրագրով նախատեսված տվյալներն անձի կողմից ներկայացվելուց հետո, ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովն ընդունում է փորձաքննական որոշում: Սույն կետով նշված դրույթը տարածվում է նաև կենտրոնի բաժնի վրա:
(18-րդ կետը փոփ. 29.01.2009 N 48-Ն)
19. Սույն կարգի 18-րդ կետով նշված դեպքերում հանձնաժողովը կամ փորձաքննական խումբը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, վարույթը կասեցնում է:
20. Հաշմանդամության առաջացման պատճառները սահմանվում են օրենքով:
21. Երբ բժշկական կամ ռազմաբժշկական փաստաթղթերում առկա չեն պատճառական կապը հաստատող փաստեր կամ բացակայում են հաշմանդամության առաջացման պատճառի մասին տվյալներ, հաշմանդամության առաջացման պատճառը սահմանվում է ընդհանուր հիվանդությամբ: Բացառություն են կազմում այն բնածին հիվանդությունները կամ ախտաբանական վիճակները, որոնք կյանքի ընթացքում զարգացման հակում չունեն: Տվյալ դեպքում հաշմանդամություն առաջացնող պատճառը սահմանվում է մանկուց հիվանդությամբ:
(21-րդ կետը լրաց. 18.07.2013 N 461-Ն)
22. Երբ հաշմանդամության պատճառները մեկից ավելի են, ապա որոշման մեջ հաշմանդամության պատճառական կապը նշվում է անձի ընտրությամբ: Հաշմանդամության նոր պատճառի վերաբերյալ դիմումի և համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում` պատճառական կապը փոփոխվում է բժշկասոցիալական վերափորձաքննությամբ: Եթե վերափորձաքննության ժամանակ այլ հիմքով որոշվում է ավելի ծանր հաշմանդամության խումբ, ապա նախկին պատճառական կապը կարող է պահպանվել, եթե փորձաքննության պահին առկա է տվյալ պատճառական կապով որևիցե աստիճանի կենսագործունեության սահմանափակում:
23. Անձի բժշկասոցիալական փորձաքննական վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարումը և հաշվառումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից սահմանված կարգով:
(23-րդ կետը փոփ. 18.07.2013 N 461-Ն)
24. Կենտրոն դիմած ժամանակավոր անաշխատունակ անձին հաշմանդամ ճանաչելու կամ ժամանակավոր անաշխատունակության մասին եզրակացություն տալու դեպքում հանձնաժողովի նախագահը կատարում է գրանցում ժամանակավոր անաշխատունակության թերթիկում, որը վավերացնում է կնիքով:
(24-րդ կետը փոփ. 29.01.2009 N 48-Ն, փոփ. 18.07.2013 N 461-Ն)
25. Փորձաքննական որոշումն ընդունվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին դիքումը (բողոքը) մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
IV. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՄԱՆ, ԿԱՐՃՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
26. Վարչական վարույթը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշմամբ կարող է կասեցվել մինչև 60 օր ժամկետով, եթե`
ա) փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին պատշաճ ձևով իրազեկված անձը չի ներկայացել փորձաքննության, և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին չի ներկայացվել հեռակա, տնային կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր.
բ) սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերում.
գ) սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքում փորձաքննվող անձը սահմանված ժամկետում կենտրոնի բաժնի կողմից չի ստացել փորձաքննական խորհրդատվություն:
Այդ ժամկետում կասեցման հիմքերի վերանալու դեպքում վարույթը վերսկսվում է:
(26-րդ կետը լրաց. 26.05.2015 N 310-Ն)
27. Վարչական վարույթը կարճվում է, եթե`
ա) դիմողը գրավոր ձևով հրաժարվում է դիմումից.
բ) գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած փորձաքննական որոշում կամ դատական ակտ.
գ) դատարանի վարույթում է գտնվում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի և միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ, միևնույն հիմքերով գործ.
դ) լրացել է վարույթի կասեցման համար սահմանված 60-օրյա ժամկետը, իսկ անձն այդ ընթացքում չի ներկայացել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին.
ե) սույն կարգի 91-րդ կետին համապատասխան իրականացված բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում արձանագրվել է կենսագործունեության հիմնական տեսակներից որևէ մեկի 1-ին կամ 2-րդ աստիճանի սահմանափակում:
Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը վարչական վարույթը կարճելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում այդ որոշումը պատշաճ ձևով ուղարկում է բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձին կամ նրա ներկայացուցչին: Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
(27-րդ կետը լրաց. 24.02.2010 N 88-Ն, փոփ. 18.07.2013 N 461-Ն)
28. Կենտրոնի մասնագետի ինքնաբացարկ և բացարկ հայտնելու հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով:
(28-րդ կետը խմբ. 29.01.2009 N 48-Ն)
V. ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
29. Հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության (այսուհետ` վերափորձաքննություն) է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Վերափորձաքննություն կարող է իրականացվել նաև դատարանի որոշման կամ վճռի հիման վրա: Վերափորձաքննությունն իրականացվում է սույն կարգի 10-13-րդ կետերին համապատասխան:
(29-րդ կետը լրաց. 18.07.2013 N 461-Ն)
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
30. Հանձնաժողովի ընդունած որոշումները վերադասության կարգով կարող են վերանայվել կենտրոնի տնօրենի հանձնարարությամբ` օրենքով սահմանված կարգով:
(30-րդ կետը փոփ. 29.01.2009 N 48-Ն)
VII. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
31. Անձը կարող է հանձնաժողովի կայացրած փորձաքննական որոշումը վեցամսյա ժամկետում բողոքարկել կենտրոնի տնօրենին, վերջինիս հանձնարարությամբ, անձը վերափորձաքննվում է բաժնի կողմից: Վերափորձաքննության արդյունքում բաժինը ընդունում է որոշում: Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն կարող է բողոքարկվել դատական կարգով:
(31-րդ կետը խմբ. 18.07.2013 N 461-Ն)
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |