Համարը 
N 488
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.10.20/26(35)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.09.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.09.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» սեպտեմբերի 2006թ.

N 488

 ք.Ստեփանակերտ

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

1.1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության գործընթացն իրականացնելու հատուկ ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 02.06.21 N 572-Ն)

1.2. Սահմանել, որ`

1) անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա բժշկասոցիալական վերափորձաքննությունները՝ մինչև 2022 թվականի հունիսի 1-ը իրականացվում են հատուկ ընթացակարգով, բացառությամբ առողջական վիճակը վատթարանալու, հեռակա փորձաքննությունների, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 16 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և անձի 63 տարին լրանալուց հետո անժամկետ սահմանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի N 283 որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 31-րդ կետի «գ» ենթակետով սահմանված 8-րդ տարվա դիտարկման դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում վերափորձաքննության համար դիմող անձանց փորձաքննությունն իրականացվում է հետևյալ հատուկ ընթացակարգով`

ա. վերափորձաքննության համար դիմող անձը (ներկայացուցիչը) ներկայացնում է միայն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հրամանով հաստատված՝ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման դիմումը, առանց դիմումին կցվող՝ հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերի,

բ. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը վերափորձաքննությունն իրականացնում է առանց անձի օբյեկտիվ զննության,

գ. բժշկասոցիալական փորձաքննական որոշում կայացնելու օրվանից հետո եռօրյա ժամկետում անձին տրամադրվում է բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը)՝ նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով,

դ. բժշկասոցիալական փորձաքննության գործի վարչական վարույթում լրացվում են միայն անձնական տվյալները և եզրափակիչ մասերը:

(1.2-րդ կետը լրաց. 02.06.21 N 572-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 8-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 2-ի թիվ 26 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 207 որոշումը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ երկամսյա ժամկետում հաստատել բժշկական կազմակերպության կողմից անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման կարգը և տրվող ուղեգրի ձևը:

(3-րդ կետը փոփ. 18.07.2013 N 461-Ն)

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի ձևը:

(4-րդ կետը փոփ. 18.07.2013 N 461-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«29» սեպտեմբերի 2006թ.

թիվ 488 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին համապատասխան՝ կարգավորվում են բժշկասոցիալական փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը խմբ. 11.04.2018 N 246-Ն)

2. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն)՝ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) միջոցով, իսկ հանձնաժողովի որոշումը վերադասության կարգով բողոքարկման կամ վերահսկողական վերափորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով ստեղծված բժշկասոցիալական փորձաքննական բողոքարկման և վերահսկողական հանձնաժողովը (այսուհետ՝ բողոքարկման հանձնաժողով):

(2-րդ կետը խմբ. 29.01.2009 N 48-Ն, փոփ. 18.07.2013 N 461-Ն, փոփ. 11.04.2018 N 246-Ն, խմբ. 02.06.21 N 572-Ն)

3. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանի որոշման, անձին հաշմանդամ ճանաչելու` «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու, ժամանակավոր անաշխատունակության մասին եզրակացություն տալու նպատակով:

(3-րդ կետը փոփ. 18.07.2013 N 461-Ն, 02.06.21 N 572-Ն)

4. Անձին հաշմանդամ ճանաչելու և մասնագիտական անաշխատունակության կորստի աստիճանը որոշելու համար հիմք են հանդիսանում հիվանդությունների, վնասվածքների կամ արատների հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության այնպիսի սահմանափակումները, որոնք առաջացրել են սոցիալական անբավարարություն և սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:

5. Անձին հաշմանդամ ճանաչելը, հաշմանդամության առաջացման պատճառական կապ և մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննությամբ` ելնելով ախտաբանական վիճակով պայմանավորված (հիվանդություն, վնասվածք կամ խեղում) օրգանիզմի ֆունկցիաների խանգարումից առաջացած կենսագործունեության սահմանափակման աստիճանից և սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից: Փորձաքննությամբ սահմանվում է մահվան պատճառական կապի առկայությունն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ, եթե դրանց հետևանքով առաջացած ախտաբանական պրոցեսները մահվան հետ ունեն անմիջական կապ կամ հետևանք: Հաշմանդամության պատճառական կապ սահմանվում է հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի և այդ ախտաբանական վիճակի պատճառի (անմիջական կապ կամ հետևանք) վերաբերյալ փաստաթղթերում եղած տվյալների հիման վրա:

6. Հաշմանդամ ճանաչված 18 տարին լրացած անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ կամ 3-րդ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին` «հաշմանդամ երեխա» կարգավիճակ: 63 տարին լրացած, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան` վերականգման ոչ ենթակա կենսագործունեության սահմանափակում ունեցող անձանց հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ:

(6-րդ կետը փոփ. 11.04.2018 N 246-Ն, 02.06.21 N 572-Ն)

7. Անձը կամ նրա լիազորած անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը (այսուհետ` ներկայացուցիչ), ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը, կարող են բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքներում որպես խորհրդատու ներգրավել համապատասխան մասնագետի:

8. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը պարտավոր է անձին կամ նրա ներկայացուցչին նրանց պահանջով ծանոթացնել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգին:

 

II. ԱՆՁԻՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԵԼԸ

 

9. Հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն կամ տևական խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո (իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում), սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից երեք ամիս հետո (բացառությամբ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման ու Արցախի Հանրապետության առողջապահության նախարարների հաստատած` առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայության դեպքում առանց եռամսյա դիտարկման ժամկետի պահպանման բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրվող անձանց հիվանդությունների ցանկի) անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության: Բժշկական կազմակերպության ուղեգրում նշվում է քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի վերաբերյալ տվյալները (օբյեկտիվ, գործիքային և լաբորատոր)` նշելով ֆունկցիայի խանգարման աստիճանը:

(9-րդ կետը լրաց. 11.04.2018 N 246-Ն)

91. Բժշկական կազմակերպությունը 63 տարին լրացած անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության, եթե նրա մոտ առկա է կենսագործունեության հետևյալ հիմնական տեսակներից որևէ մեկի 3-րդ աստիճանի սահմանափակում.

1) ինքնասպասարկման ապահովման ունակության,

2) տեղաշարժվելու կարողության,

3) կողմնորոշվելու կարողության,

4) հաղորդակցվելու կարողության,

5) սեփական վարքը հսկելու կարողության:

Բժշկական կազմակերպությունը 63 տարին լրացած անձանց ուղեգրում է վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, սրունքի օրթոպրոթեզներ, օրթեզներ, աչքի պրոթեզներ տրամադրելու նպատակով՝ գործակալության անհատական վերականգնողական ծրագրերի բաժնին (այսուհետ՝ բաժին) մասնագիտական եզրակացություն ստանալու համար:

(91-ին կետը լրաց. 24.02.2010 N 88-Ն, փոփ., լրաց. 27.11.2013 N 823-Ն, փոփ. 02.06.21 N 572-Ն)

 

III. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

(վերնագիրը փոփ. 11.04.2018 N 246-Ն)

 

10. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է հանձնաժողովը:

(երկրորդ նախադասությունն հանվել է 29.01.2009 N 48-Ն) Անձի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է գործակալություն ներկայացված` անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` ներկայացնելով անձի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը: Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը: Մինչև 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձը հաստատող փաստաթուղթը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաև սույն կարգի 9-րդ և 91-րդ կետերով սահմանված կարգով տրված ուղեգիրը: Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Արցախի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Արցախի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր, իսկ նման պայմանագիր չլինելու դեպքում` նախարարի թույլտվությամբ:

(10-րդ կետը խմբ., փոփ. 29.01.2009 N 48-Ն, փոփ. 24.02.2010 N 88-Ն, փոփ. 18.07.2013 N 461-Ն, փոփ. 11.04.2018 N 246-Ն, փոփ., լրաց. 02.06.21 N 572-Ն)

11. Եթե անձը, ելնելով առողջական վիճակից, չի կարող ներկայանալ փորձաքննության անցկացման վայր և դրա մասին նշել է դիմումում, ապա հանձնաժողովը բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում (բնակության վայր կամ հիվանդանոց): Եթե անձը բուժման նպատակով գտնվում է Արցախի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի և այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ անձը գտնվում է բուժման մեջ:Անձը կամ նրա ներկայացուցիչը հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կարող է դիմել հաշմանդամության սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում:

(11-րդ կետը փոփ. 11.04.2018 N 246-Ն, փոփ., լրաց. 02.06.21 N 572-Ն)

11.1. Հեռակա փորձաքննությունն իրականացվում է, եթե անձն իր նախորդ բժշկասոցիալական փորձաքննությունն անցել է իր մշտական բնակության վայրում:

(11.1-ին կետը լրաց. 05.08.2014 N 502-Ն, փոփ. 02.06.21 N 572-Ն)

11.2. Հեռակա փորձաքննության արդյունքում հաշմանդամությունն անժամկետ չի սահմանվում:

(11.2-րդ կետը լրաց. 05.08.2014 N 502-Ն)

12. Հանձնաժողովի նախագահը, ուսումնասիրելով ներկայացված դիմումն ու համապատասխան փաստաթղթերը և հավաստիանալով փաստաթղթերի լիարժեքության մեջ, հարուցում է վարչական վարույթ` անձին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձևով ծանուցելով փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին: Հանձնաժողովի նախագահը նշանակված փորձաքննության օրը ներկայացված փաստաթղթերը ներկայացնում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովը զննում է անձին (բացառությամբ հեռակա փորձաքննության դեպքերի), ձևակերպում փորձաքննական ախտորոշումը, գնահատում նրա կենսագործունեության սահմանափակման աստիճանը, քննարկում ստացված արդյունքները և դրանց հիման վրա ընդունում որոշում:

13. Հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննությունն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը` անձին հաշմանդամ ճանաչելու կամ անձին հաշմանդամ ճանաչելու մասին դիմումը մերժելու կամ միայն անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով) որոշելու վերաբերյալ: Անձին հաշմանդամ ճանաչելը մերժելու մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին: Անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում բաժնի կողմից կազմվում և վարչական վարույթին է կցվում անհատական վերականգնողական ծրագիրը և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնողական տեխնիկական միջոցների, այլ օժանդակ պարագաների անհրաժեշտության մասին տեղեկանքը, որոնք ստորագրվում են բաժնի առնվազն երկու բժիշկ-մասնագետների կողմից, հաստատվում՝ բաժնի պետի ստորագրությամբ և վավերացվում գործակալության կնիքով: Անհատական վերականգնողական ծրագիրը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնողական տեխնիկական միջոցների, այլ օժանդակ պարագաների անհրաժեշտության մասին տեղեկանքը, փորձաքննական որոշման մասին տեղեկանքի հետ միասին, օրենքով սահմանված կարգով, հանձնվում է հաշմանդամին կամ նրա ներկայացուցչին: Միայն անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու դեպքում հանձնաժողովը փորձաքննական որոշման մասին տեղեկանքը եռօրյա ժամկետում հանձնում է անձին կամ նրա ներկայացուցչին: Անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր պահանջի դեպքում տրվում է նաև վարչական վարույթի (բժշկասոցիալական փորձաքննության գործի) պատճենը: Վերականգնողական անհատական ծրագիրը 10-օրյա ժամկետում թղթային կամ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է նախարարության աշխատակազմի համապատասխան սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանում: Հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի, վարչական վարույթի, կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմիններ ուղարկվող փորձաքննական որոշման քաղվածքի և անձին տրվող փորձաքննական որոշման տեղեկանքի ձևերը հաստատում է նախարարը:

(13-րդ կետը փոփ. 29.01.2009 N 48-Ն, փոփ. 18.07.2013 N 461-Ն, լրաց. 22.06.2017 N 447-Ն, փոփ. 11.04.2018 N 246-Ն, փոփ., խմբ. 02.06.21 N 572-Ն)

13.1. Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի N 283 որոշումն ուժի մեջ մտնելը, անժամկետ հաշմանդամ ճանաչված անձի վերաբերյալ կամ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում վերականգնողական անհատական ծրագիրը կազմում է բաժինը՝ անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա: Դիմումին կցվում են անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը: Բաժնի բժիշկ-մասնագետները, ուսումնասիրելով առկա փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում զննելով հիվանդին, կազմում են անհատական վերականգնողական ծրագիր և (կամ) տալիս են վերականգնողական եզրակացություն:

(13.1-ին կետը լրաց. 18.07.2013 N 461-Ն, փոփ. 11.04.2018 N 246-Ն, խմբ. 02.06.21 N 572-Ն)

14. Փորձաքննական որոշման քաղվածքը կամ ծանուցումը մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմին:

(14-րդ կետը լրաց. 11.04.2018 N 246-Ն, փոփ. 02.06.21 N 572-Ն)

15. Հաշմանդամության սահմանման սկիզբ է համարվում գործակալությունում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի մուտքագրման օրը: Փորձաքննական որոշումն ուժի մեջ է մտնում բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի կողմից որոշումն ստանալու հաջորդ օրվանից:

Անձը համարվում է հաշմանդամ մինչև բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշված ժամկետին հաջորդող ամսվա 1-ը:

(15-րդ կետը փոփ. 29.01.2009 N 48-Ն, 02.06.21 N 572-Ն)

16. Հանձնաժողովը մասնագիտական հարցերում կողմնորոշվելիս դժվարանալու դեպքում համապատասխան վարչական վարույթի վերաբերյալ գործը գրավոր հիմնավորմամբ 5 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդատվության նպատակով ներկայացնում է բաժին` տեղյակ պահելով փորձաքննվողին կամ նրա ներկայացուցչին: Կենտրոնի բաժնի մասնագետի (մասնագետների) կողմից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է համապատասխան փորձաքննական խորհրդատվություն:

(16-րդ կետը խմբ. 29.01.2009 N 48-Ն, փոփ. 02.06.21 N 572-Ն) 

17. Հանձնաժողովը բժշկասոցիալական փորձաքննական որոշումն ընդունում է բոլոր անդամների համաձայնությամբ: Եթե հանձնաժողովի նախագահը կամ անդամներից որևէ մեկը համաձայն չէ փորձաքննական որոշման հետ, ապա գրավոր ձևակերպում է իր անհամաձայնությունը` նշելով հիմքերը, որը կցվում է վարչական վարույթի վերաբերյալ գործին, և այն եռօրյա ժամկետում ներկայացվում է գործակալության պետին: Գործակալության պետը եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում նախարարին բողոքարկման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որը սույն կարգի 10-13-րդ կետերին համապատասխան իրականացնում է բժշկասոցիալական փորձաքննություն:

(17-րդ կետը խմբ. 29.01.2009 N 48-Ն, խմբ. 18.07.2013 N 461-Ն, փոփ., խմբ. 02.06.21 N 572-Ն) 

18. Ախտորոշման ճշտման, հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար հանձնաժողովը կազմում է լրացուցիչ հետազոտման ծրագիր, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը և դրա մասին տեղեկացնում անձին կամ նրա ներկայացուցչին: Այդ դեպքում հանձնաժողովի նախագահի կողմից անձին տրվում է ուղեգիր, որում նշվում է բժշկական կազմակերպության անվանումը և կցվում է հետազոտման ծրագիրը: Լրացուցիչ հետազոտման ծրագրով նախատեսված տվյալներն անձի կողմից ներկայացվելուց հետո, ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովն ընդունում է փորձաքննական որոշում: Սույն կետով նշված դրույթը տարածվում է նաև բողոքարկման հանձնաժողովի վրա:

(18-րդ կետը փոփ. 29.01.2009 N 48-Ն, 02.06.21 N 572-Ն) 

19. Սույն կարգի 18-րդ կետով նշված դեպքերում հանձնաժողովը կամ բողոքարկման հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, վարույթը կասեցնում է:

(19-րդ կետը փոփ. 02.06.21 N 572-Ն) 

20. Հաշմանդամության առաջացման պատճառները սահմանվում են օրենքով:

21. Երբ բժշկական կամ ռազմաբժշկական փաստաթղթերում առկա չեն պատճառական կապը հաստատող փաստեր կամ բացակայում են հաշմանդամության առաջացման պատճառի մասին տվյալներ, հաշմանդամության առաջացման պատճառը սահմանվում է ընդհանուր հիվանդությամբ: Բացառություն են կազմում այն բնածին հիվանդությունները կամ ախտաբանական վիճակները, որոնք կյանքի ընթացքում զարգացման հակում չունեն: Տվյալ դեպքում հաշմանդամություն առաջացնող պատճառը սահմանվում է մանկուց հիվանդությամբ:

(21-րդ կետը լրաց. 18.07.2013 N 461-Ն)

22. Երբ հաշմանդամության պատճառները մեկից ավելի են, ապա որոշման մեջ հաշմանդամության պատճառական կապը նշվում է անձի ընտրությամբ: Հաշմանդամության նոր պատճառի վերաբերյալ դիմումի և համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում` պատճառական կապը փոփոխվում է բժշկասոցիալական վերափորձաքննությամբ: Եթե վերափորձաքննության ժամանակ այլ հիմքով որոշվում է ավելի ծանր հաշմանդամության խումբ, ապա նախկին պատճառական կապը կարող է պահպանվել, եթե փորձաքննության պահին առկա է տվյալ պատճառական կապով որևիցե աստիճանի կենսագործունեության սահմանափակում:

23. Անձի բժշկասոցիալական փորձաքննական վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարումը և հաշվառումը կատարվում է նախարարի կողմից սահմանված կարգով:

(23-րդ կետը փոփ. 18.07.2013 N 461-Ն, փոփ. 11.04.2018 N 246-Ն)

24. Գործակալություն դիմած ժամանակավոր անաշխատունակ անձին հաշմանդամ ճանաչելու կամ ժամանակավոր անաշխատունակության մասին եզրակացություն տալու դեպքում հանձնաժողովի նախագահը կատարում է գրանցում ժամանակավոր անաշխատունակության թերթիկում, որը վավերացնում է կնիքով:

(24-րդ կետը փոփ. 29.01.2009 N 48-Ն, փոփ. 18.07.2013 N 461-Ն, 02.06.21 N 572-Ն) 

25. Փորձաքննական որոշումն ընդունվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին դիքումը (բողոքը) մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

 

IV. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՄԱՆ, ԿԱՐՃՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

26. Վարչական վարույթը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշմամբ կարող է կասեցվել մինչև 60 օր ժամկետով, եթե`

ա) փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին պատշաճ ձևով իրազեկված անձը չի ներկայացել փորձաքննության, և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին չի ներկայացվել հեռակա, տնային կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր.

բ) սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերում.

գ) սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքում փորձաքննվող անձը սահմանված ժամկետում բաժնի կողմից չի ստացել խորհրդատվություն:

Այդ ժամկետում կասեցման հիմքերի վերանալու դեպքում վարույթը վերսկսվում է:

(26-րդ կետը լրաց. 26.05.2015 N 310-Ն, փոփ. 02.06.21 N 572-Ն)

27. Վարչական վարույթը կարճվում է, եթե`

ա) դիմողը գրավոր ձևով հրաժարվում է դիմումից.

բ) գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած փորձաքննական որոշում կամ դատական ակտ.

գ) դատարանի վարույթում է գտնվում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի և միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ, միևնույն հիմքերով գործ.

դ) լրացել է վարույթի կասեցման համար սահմանված 60-օրյա ժամկետը, իսկ անձն այդ ընթացքում չի ներկայացել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին.

ե) սույն կարգի 91-րդ կետին համապատասխան իրականացված բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում արձանագրվել է կենսագործունեության հիմնական տեսակներից որևէ մեկի 1-ին կամ 2-րդ աստիճանի սահմանափակում:

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը վարչական վարույթը կարճելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում այդ որոշումը պատշաճ ձևով ուղարկում է բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձին կամ նրա ներկայացուցչին: Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

(27-րդ կետը լրաց. 24.02.2010 N 88-Ն, փոփ. 18.07.2013 N 461-Ն) 

28.Գործակալության մասնագետի ինքնաբացարկ և բացարկ հայտնելու հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով:

(28-րդ կետը խմբ. 29.01.2009 N 48-Ն, փոփ. 02.06.21 N 572-Ն) 

 

V. ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության (այսուհետ` վերափորձաքննություն) է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը փոփոխվելու՝ վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Վերափորձաքննություն կարող է իրականացվել նաև դատարանի որոշման կամ վճռի հիման վրա: Վերափորձաքննությունն իրականացվում է սույն կարգի 10-13-րդ կետերին համապատասխան:

(29-րդ կետը լրաց. 18.07.2013 N 461-Ն, լրաց. 11.04.2018 N 246-Ն)

29.1. Սույն որոշման 29-րդ կետով սահմանված, առողջական վիճակի վատթարանալու հիմքով, անձը բժշկասոցիալական վերափորձաքննության համար կարող է դիմել անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական (այդ թվում՝ վիրահատական) և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից երեք ամիս հետո (բացառությամբ՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի ու Արցախի Հանրապետության առողջապահության նախարարների հաստատած` առողջական վերականգնման հեռանկարի բացակայության դեպքում առանց եռամսյա դիտարկման ժամկետի պահպանման բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրվող անձանց հիվանդությունների ցանկի):

(29.1-ին կետը լրաց. 02.06.21 N 572-Ն) 

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

 

30. Հանձնաժողովի ընդունած որոշումները վերադասության կարգով կարող են վերանայվել նախարարի հրամանով՝ գործակալության պետի առաջարկությամբ:

(30-րդ կետը փոփ. 29.01.2009 N 48-Ն, խմբ. 02.06.21 N 572-Ն) 

 

VII. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼԸ

(վերնագիրը փոփ. 11.04.2018 N 246-Ն)

 

31. Անձը կարող է հանձնաժողովի կայացրած փորձաքննական որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե օրենքով սահմանված ժամկետում բողոքարկել գործակալության պետին: Բողոքարկման մասին դիմումն ստանալու դեպքում ` գործակալության պետը եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում նախարարին բողոքարկման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Նախարարի հրամանով ձևավորված բողոքարկման հանձնաժողովը ոչ ուշ, քան բողոքարկման դիմումը մուտքագրելու օրվանից 30 օրվա ընթացքում իրականացնում է վերափորձաքննություն: Վերափորձաքննության արդյունքները գրանցվում են վարչական ակտում, որը ստորագրում են վերափորձաքննությանը մասնակցած բոլոր բժիշկ-մասնագետները և վավերացնում բողոքարկման հանձնաժողովի կնիքով: Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն կարող է բողոքարկվել դատական կարգով:

(31-րդ կետը խմբ. 18.07.2013 N 461-Ն, փոփ. 11.04.2018 N 246-Ն, խմբ. 02.06.21 N 572-Ն)

32. Բողոքարկման հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել անձի բուժմանը և բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրմանը մասնակցած բժիշկները, հանձնաժողովի անդամները, խորհրդատվական եզրակացություն տված բժիշկները:

(32-րդ կետը լրաց. 02.06.21 N 572-Ն)

(Հավելվածը խմբ., փոփ., լրաց. 02.06.21 N 572-Ն)

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

     

Հավելված N 1

 ԼՂՀ կառավարության

«29» սեպտեմբերի 2006թ. թիվ 488 որոշման

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ

ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

1. Սույն որոշման 1.2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ անձի բժշկասոցիալական վերափորձաքննության դիմումները բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին ներկայացվում են առձեռն կամ փոստային եղանակով։

2. Դիմումների հիման վրա վերափորձաքննություններն իրականացվում են դիմումը մուտքագրելու օրվանից 30 օրվա ընթացքում։

3. Սույն որոշման 1.2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բացառությունների դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություններն իրականացնում է հանձնաժողովը՝ ընդհանուր ընթացակարգով։

(Հավելված N 1-ը լրաց. 02.06.21 N 572-Ն)