ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱ,ՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի
հոկտեմբերի 30-ին
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Օրենքի նպատակները |
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմամշակութային ժառանգության մասը կազմող աշխարհագրական անվանումների կանոնավորման, միօրինակացման, օգտագործման, հաշվառման և պահպանության իրավական հիմքերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի:
(1-ին հոդվածը փոփ. 21.02.2013 ՀՕ-9-Ն)
|
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները.
ա/ աշխարհագրական օբյեկտ՝ աշխարհագրական որոշակի դիրքով ամբողջական և համեմատաբար կայուն կազմավորում, որն ունի բնական կամ արհեստական ծագում:
Աշխարհագրական օբյեկտներ են՝
- մայրցամաքները, աշխարհամասերը, օվկիանոսները, ծովերը, լեռները, գետերը, լճերը, դաշտավայրերը, բարձրավանդակները և այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտները,
- պետությունները, դրանց վարչատարածքային միավորները և գործառական տարածքները,
- երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքները և այլ ինժեներատեխնիկական կառույցները,
- փողոցները, հրապարակները, պուրակները, զբոսայգիները և այլ պատմաճարտարապետական կառույցները և ներբնակավայրային օբյեկտները.
բ/ աշխարհագրական օբյեկտի անվանում /աշխարհագրական անվանում/՝ աշխարհագրական օբյեկտը ճանաչելու և առանձնացնելու նպատակով տրվող հատուկ անուն.
գ/ աշխարհագրական օբյեկտի անվան կանոնավորում՝ աշխարհագրական անվանումների ոլորտի օրենսդրությանը և կիրառման ավանդույթներին համապատասխան աշխարհագրական անվան ու դրա գրելաձևի որոշում.
դ/ աշխարհագրական անվանումների պետական քարտադարան՝ որևէ պետության տարածքի աշխարհագրական անվանումների համավաք՝ բազային համարվող տեղագրական քարտեզներում արտահայտված աշխարհագրական անվանումների ծավալով.
ե/ աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկ՝ որոշակի սկզբունքներով ստեղծված աշխարհագրական անվանումների ֆոնդ.
զ/ աշխարհագրական օբյեկտի անվանակոչում` սույն օրենքով սահմանված մարմինների կողմից իրավական ակտերով ընդունված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտին տրված անվանում.
է/ աշխարհագրական օբյեկտի անվանափոխում` անվանակոչված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտի անվանման փոփոխություն:
(2-րդ հոդվածը լրաց. 17.09.2008 ՀՕ-46-Ն, 21.02.2013 ՀՕ-9-Ն)
|
Հոդված 3. |
Աշխարհագրական օբյեկտների անվանումների բացահայտումը |
Աշխարհագրական օբյեկտների անվանումները բացահայտվում են քարտեզների, տպագիր կամ ձեռագիր աղբյուրների վերլուծության, տեղացիների, մասնագետների տեղեկատվության, հարցումների և այլ աղբյուրների միջոցով:
|
Հոդված 4. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը |
1. Անվանումները տրվում են՝
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր ստեղծված վարչատարածքային միավորներին, բնակավայրերին և գործառական տարածքներին.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անանուն աշխարհագրական օբյեկտներին:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը կատարվում է՝ տվյալ վայրի աշխարհագրական, պատմական, մշակութային, ազգագրական, կենցաղային և այլ տեղական պայմանները հաշվի առնելով:
Աշխարհագրական անվանումը պետք է ունենա բառակազմական մեծ հնարավորություն, լինի բարեհունչ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտներին կարող են տրվել դրանց հայտնաբերման, ուսումնասիրման, յուրացման կամ հիմնադրման գործում մեծ ավանդ ներդրած առանձին անհատների անունները:
Տվյալ աշխարհագրական օբյեկտի հետ առնչություն չունեցող նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների անունով կարող են անվանակոչվել անանուն աշխարհագրական օբյեկտները:
Նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն հինգ տարի հետո:
4. Չի թույլատրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում աշխարհագրական օբյեկտները անվանակոչել կամ անվանափոխել նույնատեսակ օբյեկտների կրկնվող անվանումներով:
(4-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.02.2013 ՀՕ-9-Ն)
|
Հոդված 5. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխումը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխում թույլատրվում է՝
ա/ առանձին օբյեկտների պատմական անունները վերականգնելիս.
բ/ օտար, անբարեհունչ և կրկնվող անունները վերացնելիս.
գ/ աշխարհագրական անունները կանոնավորելիս:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխումները պետք է բավարարեն սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջները:
|
Հոդված 6. |
Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման կարգը |
1. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններ կարող են անել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
2. Ըստ աշխարհագրական օբյեկտների գտնվելու տեղի՝ առաջարկությունները ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջանների վարչակազմերի ղեկավարներին (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետին):
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները երկշաբաթյա ժամկետում քննարկում են աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններն ու դրանք հիմնավորող փաստաթղթերը և իրենց եզրակացությունն են ներկայացնում աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին:
4. Աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը, մեկամսյա ժամկետում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ստեղծած մասնագիտական հանձնաժողովի հետ ուսումնասիրում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկությունները: Դրական կարծիքի դեպքում սահմանված կարգով դրանք ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը:
(6-րդ հոդվածը լրաց. 17.09.2008 ՀՕ-46-Ն, փոփ. 21.02.2013 ՀՕ-9-Ն)
|
Հոդված 7. |
Աշխարհագրական օբյեկտների անվանումների լեզուն |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները տրվում են հայոց լեզվով:
2. Միջազգային օգտագործման համար նախատեսված փաստաթղթերում, քարտեզներում և այլ նյութերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումները փոխանցվում են լատիներեն այբուբենի տառերով՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համաձայն:
|
Հոդված 8. |
Աշխարհագրական օբյեկտների անվանումների կանոնավորումը |
1. Հայոց լեզվով աշխարհագրական օբյեկտների հայերեն և օտարալեզու անվանումների կանոնավորված գրելաձևը որոշվում է օրենքների, այլ իրավական ակտերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին և կիրառման ավանդույթներին համապատասխան:
2. Աշխարհագրական անվանումների կանոնավորումը կատարվում է գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն:
|
Հոդված 9. |
Աշխարհագրական անվանումների գրանցումը և հաշվառումը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները ենթակա են պարտադիր գրանցման և հաշվառման: Աշխարհագրական օբյեկտների գրանցման և հաշվառման տվյալների հիման վրա ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը:
Սպառողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների մասին պաշտոնական տեղեկատվությամբ ապահովելու համար աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի տվյալների հիման վրա պարբերաբար հրատարակվում է /են/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատու /գազետիր/, ընդհանուր ու թեմատիկ բառարաններ, այլ տեղեկատուներ և ցանկեր:
1.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված մարմինների ընդունած իրավական ակտերի հիման վրա`
ա. շրջանի, համայնքի, բնակավայրի անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից,
բ. ֆիզիկաաշխարհագրական և ինժեներատեխնիկական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից,
գ. (կետն ուժը կորցրել է 21.02.2013 ՀՕ-9-Ն)
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների գրանցման և հաշվառման, ինչպես նաև աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.09.2008 ՀՕ-46-Ն, փոփ. 21.02.2013 ՀՕ-9-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
|
Հոդված 10. |
Աշխարհագրական անվանումների բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝
ա/ ապահովում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.
բ/ որոշումներ է կայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասին՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.
գ/ կազմավորում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով.
դ/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(10-րդ հոդվածը փոփ. 21.02.2013 ՀՕ-9-Ն)
|
Հոդված 11. |
Պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը |
Պետական կառավարման լիազորված մարմինը՝
ա/ վերահսկում է աշխարհագրական անվանումների բնագավառում իրավական ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից.
բ/ ղեկավարում է աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքները.
գ/ հաշվառում, այնուհետև գրանցում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանափոխումներն ու անվանակոչումները.
դ/ (կետն ուժը կորցրել է 21.02.2013 ՀՕ-9-Ն)
ե/ համագործակցում է միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ.
զ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ֆիզիկական ու իրավաբանական անձանց տեղեկություն է տալիս աշխարհագրական անվանումների մասին.
է/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
(11-րդ հոդվածը փոփ. 21.02.2013 ՀՕ-9-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
|
Հոդված 12. |
Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը |
1. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը սահմանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների բացահայտման, կանոնավորման, օգտագործման և պահպանության նկատմամբ միասնական պահանջները, նորմերը և կանոնները:
2. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատում է աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:
|
Հոդված 13. |
Աշխարհագրական անվանումների բնագավառի ֆինանսավորումը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների բացահայտման, կանոնավորման, անվանակոչման և անվանափոխման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման հետ կապված բոլոր ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով են ֆինանսավորվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների տեղեկատվական բանկի ստեղծման ու վարման ծախսերը:
2. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են տեղական բյուջեների միջոցների հաշվին:
|
Հոդված 14. |
Աշխարհագրական անվանումների պահպանությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումները պահպանում է պետությունը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
|
Հոդված 15. |
Պատասխանատվությունն աշխարհագրական անվանումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար |
Աշխարհագրական անվանումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
|
Հոդված 16. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 նոյեմբերի 2002թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-13 |
|