Համարը 
ՀՕ-133
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.12.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.02.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 26.12.2012թ. ՀՕ-47-Ն օրենքի 6-րդ հոդվածը:


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնապահպանական և բնօգտագործման վճարների (այսուհետ՝ վճարներ) հասկացությունները, վճարողների շրջանակը, վճարների տեսակները, հաշվարկման և վճարման կարգը, սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը, կարգավորում է վճարների հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2.

Բնապահպանական և բնօգտագործման վճարների հասկացությունները

 

Բնապահպանական վճար՝ բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքին համապատասխան պետական բյուջե վճարվող պարտադիր վճարն է:

Բնօգտագործման վճար՝ պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ, համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման և (կամ) իրացման համար սույն օրենքին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճարն է:

(2-րդ հոդվածը խմբ. 26.12.2012 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 3.

Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողները

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողներ (այսուհետ՝ վճարողներ) են համարվում ֆիզիկական, իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, որոնք իրականացնում են սույն օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով սահմանված գործառույթներ:

 

Հոդված 4.

Բնապահպանական վճարի տեսակները

 

Բնապահպանական վճարի տեսակներն են՝

ա) վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու համար.

բ) արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար.

գ) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար:

 

Հոդված 5.

Բնօգտագործման վճարի տեսակները

 

Բնօգտագործման վճարի տեսակներն են՝

ա) ջրօգտագործման համար.

բ) պինդ օգտակար հանածոների, բացառությամբ մետաղական օգտակար հանածոների, մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար.

գ) կենսապաշարների օգտագործման համար.

դ) ռոյալթին` արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար:

(5-րդ հոդվածը խմբ. 01.10.2001 ՀՕ-167, լրաց. 26.12.2012 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 6.

Վճարողների հաշվառման կարգը

 

Վճարողների հաշվառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 7.

Վճարների դրույքաչափերը

 

Բնապահպանական վճարների դրույքաչափերը սահմանվում են օրենքով, իսկ բնօգտագործման վճարներինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 8.

Վճարների հաշվարկման և վճարման կարգը

 

Վճարողները վճարների գումարները հաշվարկում են սույն օրենքին համապատասխան ինքնուրույն, եռամսյակի կտրվածքով, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ, և պետական բյուջե են վճարում սույն օրենքին համապատասխան:

(8-րդ հոդվածը փոփ. 01.10.2001 ՀՕ-167)

 

Հոդված 9.

Բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման կարգը

 

1. Ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով անմիջապես վերցրած ջրի ծավալի հիման վրա՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքի:

2. Ձկնաբուծական և խեցգետնաբուծական գործունեություն իրականացնող վճարողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնում են օգտագործված ջրի ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա:

3. (1-ին պարբերությունը հանվել է 26.12.2012 ՀՕ-47-Ն)

Ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի ծավալների հիման վրա:

(3-րդ պարբերությունը հանվել է 26.12.2012 ՀՕ-47-Ն)

Սույն օրենքով ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը:

Սույն օրենքով հանքային ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:

Ըստ օգտակար հանածոների առանձին տեսակների և առանձին հանքավայրերի՝ բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

4. Անտառանյութի օգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա:

Մնացած կենսապաշարների համար վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա՝ սույն օրենքին համապատասխան, և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ՝ մինչև կենսապաշարների տեղափոխումը:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) ստուգում է կենսապաշարների օգտագործման համար վճարի սույն օրենքին համապատասխան հաշվարկված լինելը:

6. Կենսապաշարների օգտագործման համար վճարը պակաս մուծելու կամ վճարումն ուշացնելու դեպքում սույն օրենքի համաձայն հաշվարկված տույժերի գումարները գանձում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային վարչության մարմինները (այսուհետ՝ հարկային մարմիններ):

7. Ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում հանածոյի մարված պաշարների ծավալների, այդ ժամանակաշրջանում օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի դրույքաչափի (սույն կետում այսուհետ` դրույքաչափ) հիման վրա, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) և դրույքաչափի արտադրյալը գերազանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի հաստատագրված դրույքաչափը (սույն կետում այսուհետ` հաստատագրված դրույքաչափ):

Ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հաստատագրված դրույքաչափի և հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների բազմապատկումով`

ա) եթե հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) և դրույքաչափի արտադրյալը չի գերազանցում հաստատագրված դրույքաչափը.

բ) եթե հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների իրացում չի կատարվել: Եթե հաշվետու ժամանակաշրջանում իրացվել է այդ ժամանակաշրջանում մարված պաշարների մի մասը, ապա մարված պաշարների իրացված մասի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան, իսկ մարված պաշարների չիրացված մասի համար՝ հաստատագրված դրույքաչափերով.

գ) եթե իրացվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքը, կամ եթե օգտակար հանածոն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար.

դ) բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացված` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերության համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից օգտակար հանածոների առանձին տեսակների համար սահմանված հաստատագրված դրույքաչափերը սույն կետին համապատասխան կիրառվում են օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի առնելով փորձաքննություն անցած և հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի ելքի առանձին ցուցանիշները, եթե հաստատագրված դրույքաչափերը սահմանված են ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի բացակայության դեպքում, ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի, ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը կիրառվում է պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների ծավալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարի համար սահմանված վճարի դրույքաչափի և հաշվետու ժամանակաշրջանում տվյալ քարի միջազգային շուկայական միջին գնի հիման վրա` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը: Արտարժույթով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության դրամով հաշվարկելիս որպես փոխարժեք կիրառվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա 20-րդ օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արտարժույթի նկատմամբ շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

9. Սույն օրենքի իմաստով օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:

(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 01.10.2001 ՀՕ-167, փոփ., լրաց. 26.12.2012 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 10.

Բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման կարգը

 

1. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար վճարը հաշվարկվում է շրջակա միջավայր արտանետված վնասակար նյութերի ծավալի հիման վրա և վճարվում է սույն օրենքին համապատասխան:

Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում և վճարվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա և պետական բյուջե է վճարվում ներմուծելիս՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող և իրացվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է արտադրողը՝ իրացման շրջանառության հիման վրա և վճարում հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքին համամասնորեն:

3. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում աղբյուսներում և արտադրական հարթակներում տեղադրված արտադրական և սպառման թափոնների ծավալներից և վտանգավորության դասից ու վճարվում է սույն օրենքին համապատասխան:

(10-րդ հոդվածը խմբ. 01.10.2001 ՀՕ-167)

 

Հոդված 11.

Վճարների հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները

(վերնագիրը փոփ. 01.10.2001 ՀՕ-167)

 

1. Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, իսկ տարեկան հաշվետվությունները՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:

Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները սույն կետով սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:

2. Վճարողները հաշվարկված եռամսյակային վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակ՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ, իսկ տարեկան վճարները՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող երրորդ ամսվա 1-ը:

3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարը վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին՝ վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:

(11-րդ հոդվածը փոփ., խմբ. 01.10.2001 ՀՕ-167)

 

Հոդված 12.

Վճարների վճարման արժույթը

 

Վճարները վճարվում են հայկական դրամով:

 

Հոդված 13.

Ավել վճարված վճարների գումարների վերադարձը

 

Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվածից ավել վճարված գումարները վճարողի դիմումի համաձայն հաշվանցվում են վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ վերադարձվում են՝ դիմումն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում:

 

Գ Լ ՈՒ Խ  2.1

 

ՌՈՅԱԼԹԻՆԵՐ

 

Հոդված 13.1.

Ռոյալթիի հասկացությունը

 

Ռոյալթին մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության համար սույն օրենքին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:

 

Հոդված 13.2.

Ռոյալթի վճարողները

 

Ռոյալթի վճարողներ են համարվում սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և (կամ) մետաղի խտանյութ արտադրող հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

 

Հոդված 13.3.

Ռոյալթիի հաշվարկման բազան

 

1. Ռոյալթիի հաշվարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված` հանքարդյունաբերության արտադրանքի իրացումից հասույթը` առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ` իրացումից հասույթ):

2. Սույն օրենքի իմաստով հանքարդյունաբերության արտադրանք է համարվում մետաղի խտանյութը (այսուհետ` խտանյութ):

3. Եթե իրացվում է ոչ թե խտանյութը, այլ ձուլվածքը կամ խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքը (այսուհետ` խտանյութի հետ միասին` արտադրանք), ապա սույն հոդվածով սահմանված կարգով ռոյալթիի հաշվարկման բազայի որոշման համար հիմք է ընդունվում մատակարարված արտադրանքում պարունակվող կամ օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը:

4. Սույն հոդվածին համապատասխան` իրացումից հասույթի հաշվարկման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 13.4.

Ռոյալթիի դրույքաչափը

 

Ռոյալթիի համար սահմանվում է ռոյալթիի հաշվարկման բազայի նկատմամբ արժեքային (տոկոսային) դրույքաչափ, որի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

R = 4 + [Շ/(Հx8)]x100, որտեղ`

R - ռոյալթիի դրույքաչափն է տոկոսով,

Շ - շահույթն է նախքան հարկումը` դրամով: Այն որոշվում է որպես ռոյալթիի հաշվարկման բազայի և «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն,

Հ - արտադրանքի իրացումից հասույթն է` առանց ԱԱՀ-ի` դրամով:

 

Հոդված 13.5.

Ռոյալթիի հաշվարկման կարգը

 

Ռոյալթին հաշվարկվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` ելնելով ռոյալթիի հաշվարկման բազայից և սույն օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող դրույքաչափից:

 

Հոդված 13.6.

Ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը

 

Ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր տարին:

 

Հոդված 13.7.

Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվությունները

 

1. Ռոյալթի վճարողները պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու տարվա համար, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ, լիազոր մարմնի սահմանած ձևով ռոյալթիների հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնել իրենց հաշվառման հարկային մարմին, որում արտացոլվում է սույն օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող դրույքաչափով հաշվարկվող ռոյալթին: Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև ռոյալթիի հաշվարկման օբյեկտի բացակայության դեպքում վճարողը կարող է ներկայացնել գրավոր հայտարարություն, որը համարվում է հարկային մարմին ներկայացվող հաշվարկների ամփոփ ձև:

2. Յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ներկայացվող հաշվարկ-հաշվետվության հետ մեկտեղ վճարողները ներկայացնում են նաև հաշվետու տարվան հաջորդող տարում իրականացվելիք` արտադրանքի մատակարարումներին վերաբերող` արտադրանքի մատակարարման պայմանագրերի պատճենները` հայերեն բովանդակությամբ կամ դրանց հայերեն թարգմանությամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանագրերը հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման ժամկետից հետո կնքվելու կամ հարկային մարմին ներկայացրած պայմանագրերի փոփոխությունների դեպքերում դրանց պատճենները հարկային մարմին են ներկայացվում պայմանագրի կնքման (փոփոխությունների կատարման) ամսաթվին հաջորդող 30-օրյա ժամկետում: Արտադրանքի մատակարարման կնքված պայմանագրերը լուծվելու դեպքում դրանց վերաբերյալ լիազոր մարմնի սահմանած ձևի տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում պայմանագրի լուծման ամսաթվին հաջորդող 30-օրյա ժամկետում:

4. Նախորդ հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում վճարողների կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերվելու դեպքում վճարողները կարող են հարկային մարմին ներկայացնել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց հիման վրա հարկային մարմինը կատարում է այդ ժամանակահատվածների համար ռոյալթիների պարտավորությունների վերահաշվարկ:

5. Հարկային մարմինների կողմից վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո վճարողները հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակահատվածներին վերաբերող ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ չեն ներկայացնում:

6. Արտադրանքի մատակարարման պայմանագրերով նախատեսված` ռոյալթիի հաշվարկման օբյեկտի և ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները կատարվում են և դրանց արդյունքներն արտացոլվում են վերջնահաշվարկն ընդգրկող հաշվետու ժամանակահատվածում (արտացոլվում են այդ հաշվետու ժամանակահատվածի հաշվարկ-հաշվետվություններում):

 

Հոդված 13.8.

Ռոյալթիի վճարման կարգը

 

1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված ռոյալթիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը ներառյալ:

2. Նախքան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիների վճարումը վճարողները յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակի երրորդ ամսվա 15-ը ներառյալ, սույն հոդվածով սահմանված կարգով, կատարում են ռոյալթիի կանխավճարային վճարումներ` նախորդ տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարի (ներառյալ տվյալ տարվա ընթացքում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիներին վերաբերող ռոյալթիների լրացուցիչ գումարները) մեկ քառորդի չափով:

3. Մինչև նախորդ տարվա ռոյալթիի գումարի հաշվարկումը (մինչև ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության ներկայացումը) վճարողները ռոյալթիի կանխավճարները յուրաքանչյուր եռամսյակի համար կատարում են նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս:

Նախորդ տարվա ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության ներկայացումից հետո հաշվարկ-հաշվետվության ներկայացմանը անմիջապես հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկ-հաշվետվության ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճողական հանրագումարով, ելնելով սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված չափից:

4. Եթե յուրաքանչյուր եռամսյակի առաջին երկու ամիսների արդյունքներով մատակարարված խտանյութի միջազգային շուկայական միջին գինը 20 տոկոս և ավելի ցածր է նախորդ տարվա արդյունքով խտանյութի միջազգային շուկայական միջին գնից, ապա վճարողները կարող են մինչև տվյալ եռամսյակի համար կանխավճարի կատարման ժամկետը իրենց հաշվառման հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն և հայտարարության հիման վրա տվյալ եռամսյակի կանխավճարը պակաս վճարել` խտանյութի գնի նվազման գործակցով պակաս չափով:

Եթե յուրաքանչյուր եռամսյակի առաջին երկու ամիսների արդյունքներով մատակարարված խտանյութի միջազգային շուկայական միջին գինը 20 տոկոս և ավելի բարձր է նախորդ տարվա արդյունքով խտանյութի միջազգային շուկայական միջին գնից, ապա վճարողների տվյալ եռամսյակի ռոյալթիների կանխավճարների գումարներն ավելացվում են խտանյութի գնի բարձրացման գործակցով ավել չափով:

Սույն մասի կիրառման առումով միջազգային շուկայական միջին գինը որոշելու համար հիմք է ընդունվում ֆինանսների բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարած գինը:

5. Ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվության հիման վրա հաշվարկված ռոյալթիի և տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի դրական տարբերությունը վճարվում է պետական բյուջե մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը:

6. Ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվության հիման վրա հաշվարկված ռոյալթիի գումարի նկատմամբ տարվա ընթացքում ավելի վճարված ռոյալթիի կանխավճարի գումարը (ավելի մասը) հաշվանցվում կամ վերադարձվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

7. Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված ռոյալթիների գումարներից ավելի վճարված գումարները, այդ թվում` տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարի` ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվությունում արտացոլված ռոյալթիի պարտավորության գերազանցող մասը, վճարողի դիմումի համաձայն, հարկային մարմնի կողմից հաշվանցվում են վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած կարգով վերադարձվում է դիմումն ստանալու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում:

 

Հոդված 13.9.

Ռոյալթիի հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունը

 

Ռոյալթիների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինները:

(2.1-ին գլուխը լրաց. 26.12.2012 ՀՕ-47-Ն)

 

ԳԼՈՒԽ 3

 

ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 14.

Վճարողների իրավունքները

 

Վճարողներն իրավունք ունեն՝

ա) վճարներ գանձող մարմիններից պահանջել կատարելու հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վերահաշվարկ.

բ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել վճարներ գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

գ) սույն օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա վճարների գումարները.

դ) ստանալ համապատասխան տեղեկանք՝ վճարների վճարման մասին:

 

Հոդված 15.

Վճարողների պարտականությունները

 

Վճարողները պարտավոր են՝

ա) սույն օրենքին համապատասխան, սահմանված դրույքաչափերից ելնելով, ինքնուրույն հաշվարկել և ժամանակին վճարել վճարների գումարները.

բ) անհրաժեշտության դեպքում վճարները գանձող մարմիններին ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և տեղեկություններ.

գ) ներկայացնել վճարների գծով արտոնության՝ իրենց իրավունքը հաստատող փաստաթղթերը.

դ) իրավասու մարմինների անցկացրած ստուգումների հետևանքով բացահայտված՝ թաքցված կամ պակաս ցույց տրված վճարների գումարների չափով ուղղումներ մտցնել հաշվապահական հաշվառումներում:

 

ԳԼՈՒԽ 4

 

ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 16.

Վճարների արտոնությունները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները՝ այդ ավտոմեքենաների համար:

2. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարից ազատվում են՝

ա) դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում փոխադրումներ իրականացնողները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ բնույթի որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը:

3. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարից ազատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխվող ապրանքները:

4. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարից ազատվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք՝ սպառման թափոնների համար:

 (16-րդ հոդվածը լրաց. 01.10.2001 ՀՕ-167)

 

Հոդված 17.

Վճարների արտոնությունների սահմանումը

 

Բնապահպանական վճարների այլ արտոնությունները սահմանվում են օրենքով, իսկ բնօգտագործման վճարներինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

 

ԳԼՈՒԽ 5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 18.

Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

2. Վճարը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և սույն օրենքի մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են վճարողները, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ դրանց օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:

Վճար վճարողի կողմից սույն օրենքով սահմանված հաշվարկ-հաշվետվություններ չներկայացնելու կամ ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու կամ օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններին տեղեկություններ (հաշվետվություններ) չներկայացնելու կամ ներկայացված տեղեկություններում (հաշվետվություններում) ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու կամ վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների կամ ռոյալթիի հաշվարկման բազայի հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով վարելու, ինչպես նաև սույն հոդվածի 9-րդ կետում նշված դեպքերում հարկային մարմինը կարող է կիրառել վճարողների հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները անուղղակի եղանակներով գնահատելու` օրենքով սահմանված կարգը:

Եթե հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների ընթացքում պարզվում է, որ ռոյալթի վճարողների կողմից հաշվետու տարին ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով արտադրանքի իրացումից հասույթը 10 տոկոս և ավելի չափով ցածր է նույն ամսվա արդյունքներով խտանյութի միջազգային միջին գների հիման վրա հաշվարկված հասույթի մեծությունից, ապա հարկային մարմինները վերահաշվարկում են իրացումից հասույթի մեծությունը` այդ ամսվա համար կիրառելով խտանյութի միջազգային միջին գների 90 տոկոսը` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից տվյալ ամսվա համար հայտարարված գինը:

3. Վճարումներն (այդ թվում` ռոյալթիների կանխավճարների կատարումը) ուշացնելու համար վճարողներից գանձվում է տույժ՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված գումարի 0.2 տոկոսի չափով:

Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) վճարման օբյեկտի գծով վճարի գումարի նկատմամբ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

4. Վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշացնելու դեպքում հաջորդ յուրաքանչյուր 15 օրվա համար գանձվում է տուգանք՝ վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի այդ վճարի ընդհանուր գումարից:

5. Սույն օրենքի 4 և 5 հոդվածներով սահմանված գործառույթներ իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ գործառույթն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք կրում են վճարման պարտավորություններ՝ սույն օրենքով սահմանված կարգով:

6. Վճարը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու (սահմանված հաշվարկ-հաշվետվություններում վճարի գումարը ցույց չտալու, պակաս ցույց տալու կամ գործունեություն չիրականացնելու մասին կեղծ տվյալներ ներկայացնելու) դեպքում գանձվում է սույն օրենքին համապատասխան հաշվարկված՝ թաքցված կամ պակաս ցույց տրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում վճարը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում նաև տուգանք՝ վճարի ամբողջ գումարի չափով:

Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև վճարի օբյեկտ հանդիսացող գույք չունենալու դեպքում վճարողը ներկայացնում է հայտարարություն, որը համարվում է լիազոր և հարկային մարմիններ ներկայացվող փաստաթղթերի ամփոփ ձև:

7. Թաքցված կամ պակաս ցույց տրված վճարը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված տույժերը և տուգանքները պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

8. Վճարման պարտավորությունների գծով գումարի մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դիմել դատարան՝ վճարի բռնագանձման կամ գույքի վրա արգելանք դնելու պահանջով:

9. Եթե բնապահպանական կամ հարկային մարմիններն ունեն փաստեր այն մասին, որ չմարված վճարային պարտավորություններ ունեցող վճարողները վերացնում (լուծարում) են վճարման պարտավորություն առաջացնող իրենց օբյեկտները կամ թաքցնում են դրանք, որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել սույն օրենքով սահմանված վճարները, ապա այդ մարմինները կարող են միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակաշրջանը դրանք գանձելու համար: Այդ դեպքում բնապահպանական կամ հարկային մարմինները կարող են պահանջել հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկ-հաշվետվություններ և օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր՝ մինչև դրանք ներկայացնելու ժամկետը լրանալը:

(18-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.10.2001 ՀՕ-167, խմբ., լրաց. 26.12.2012 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 19.

Վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը

 

Վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 20.

Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները

 

1. Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`

ա) տասնապատիկը` բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար վճարի հաշվարկման դեպքում.

բ) հնգապատիկը` պինդ օգտակար հանածոների օգտագործման համար վճարի հաշվարկման դեպքում.

գ) եռապատիկը` վճարի մյուս (բացառությամբ օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարի) տեսակների հաշվարկման դեպքում:

3. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային ու լիազոր մարմինների ներկայացրած` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերությունն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման համար համամասնորեն բաշխվում է ստուգվող ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների վրա:

4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարի օբյեկտների համար սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`

1) հնգապատիկը` չափաքանակները (սահմանափակումները) մինչև 5 անգամ գերազանցող մասի համար.

2) տասնապատիկը` չափաքանակները (սահմանափակումները) 5-ից ավելի անգամ գերազանցող մասի համար:

Անկախ սույն մասի դրույթներից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած բնապահպանական միջոցառումների ծրագրի հիման վրա սահմանված` օդային ավազան վնասակար նյութերի արտանետումների ժամանակավոր (մինչև հինգ տարի ժամկետով) չափաքանակները (սահմանափակումները) գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը:

5. Զրոյական չափաքանակների (սահմանափակումների)`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն ջրօգտագործման թույլտվություն չունենալու (այդ թվում` ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները կամ ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մասին տվյալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի եռապատիկը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում` պայմանագրում մարման կամ արդյունահանման ենթակա ծավալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար անտառօգտագործման պայմանագրեր (այդ թվում` անտառհատման, անտառային տոմսեր, արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդեր) չունենալու դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի տասնապատիկը.

4) օրենսդրության համաձայն կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում` պայմանագրում օգտագործման ենթակա ծավալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի եռապատիկը.

5) օրենսդրության համաձայն սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություն չունենալու դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`

ա) տասնապատիկը, եթե վճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները չեն գերազանցում ըստ վճարի օբյեկտների ներքոհիշյալ չափաքանակները`

 

փոշի

2

տոննա

ածխածնի մոնօքսիդ

1.5

տոննա

ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի)

1.0

տոննա

ծծմբային անհիդրիդ

0.5

տոննա

քլոր

0.1

տոննա

վճարի օբյեկտ հանդիսացող մյուս նյութերի համար

0.05

տոննա,

 

բ) քսանհինգապատիկը, եթե վճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները հավասար են կամ գերազանցում են ըստ վճարի օբյեկտների սույն կետի «ա» ենթակետում նշված չափաքանակները:

(20-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-208, խմբ., լրաց. 21.12.2005 ՀՕ-252)

 

Հոդված 21.

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ:

(21-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-208)

 

Հոդված 22.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

9 փետրվարի 2001թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-133