Համարը 
N 95
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.05.02/12(21)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
30.03.2006
Ստորագրող մարմինը 
Խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 2006թ.ապրիլի 13-ին

Գրանցման համար 548

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» մարտի 2006թ.

 N 95

ք. Ստեփանակերտ

 

ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. օգոստոսի 26-ի «ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանելու մասին» թիվ 15 որոշումը:

 

 

Խորհրդի նախագահ`

Բ.Ս. Առուշանյան 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

քաղաքացիական ծառայության խորհրդի

2006թ. մարտի 30-ի N 95 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Քաղաքացիական ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր հետևյալ դեպքերում.

ա) հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի.

բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.

գ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողի գործուղման.

դ) մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից գբաղեցնելու.

ե) քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության.

զ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(2-րդ կետը փոփ. 07.08.2007 N 132)

3. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը սույն կարգով նախատեսված դեպքերում կարող է զբաղեցվել`

ա) տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի.

բ)  տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում (այսուհետ` կադրերի կարճաժամկետ ռեզերվ) գրանցված քաղաքացիական ծառայողի, իսկ կրտսեր պաշտոնների դեպքում՝ նաև հավաստագիր ունեցող անձի.

գ) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում (այսուհետ` կադրերի երկարաժամկետ ռեզերվ) գրանցված անձի.

դ) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի կողմից:

Սույն կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված քաղաքացիական ծառայողը և անձը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնում է իր համաձայնությամբ:

(3-րդ կետը լրաց. 13.06.12 N 128-Ն)

4. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից կարող է զբաղեցվել սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև վեց ամիսը չգերազանցող ժամկետով օրենքով նախատեսված այլ դեպքերում` մինչև վեց ամիս ժամկետով տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ` նրա հրամանով (որոշմամբ)` մեկշաբաթյա ժամկետում:

Եթե տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված է տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի փոխարինումը մեկից ավելի քաղաքացիական ծառայողների կողմից, ապա նրանց փոխարինման ժամկետների հանրագումարը չպետք է գերազանցի վեց ամիսը:

Սույն կետով նախատեսված հրամանի (որոշման) պատճենը համապատասխան մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

5. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի, իսկ կրտսեր պաշտոնների դեպքում՝ նաև հավաստագիր ունեցող անձի, իսկ դրա անհնարինության դեպքում` կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի, իսկ դրա անհնարինության դեպքում մեկ այլ անձի կողմից կարող է զբաղեցվել`

ա) սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև վեց ամիսը չգերազանցող ժամկետով օրենքով նախատեսված այլ դեպքերում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ` նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր) կնքելով (Ձևը կցվում է).

բ) սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետով և օրենքով նախատեսված այլ դեպքերում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից նրա հետ Պայմանագիր կնքելով:

(5-րդ կետը փոփ. 28.07.2011 N 167-Ն, լրաց. 13.06.12 N 128-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում (ընդ որում սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերում` երեք աշխատանքային օրվա ընթացքում) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը գրավոր դիմում է Խորհուրդ` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող սույն կարգով նախապատվություն ստացած կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի կամ կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի մասին տեղեկություններ ստանալու և նրա հետ Պայմանագիր կնքելու համար:

7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված գրավոր դիմումը կամ 16-րդ կետով նախատեսված գրավոր տեղեկությունը ստանալուց հետո Խորհուրդն տասնօրյա ժամկետում հրապարակում է հայտարարություն` կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրացված քաղաքացիական ծառայողների, իսկ կրտսեր պաշտոնների դեպքում՝ նաև հավաստագիր ունեցող անձանց, ինչպես նաև կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձանց կողմից քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմում ներկայացնելու նպատակով:

(7-րդ կետը փոփ. 28.07.2011 N 167-Ն,13.06.12 N 128-Ն)

8. Հայտարարության մեջ պետք է պարունակվեն առնվազն հետևյալ տվյալները.

ա) համապատասխան մարմնի անվանումը.

բ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը և տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

գ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

դ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը կամ դրա վերացման ժամկետը.

ե) դիմումների ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության առաջին հրապարակման երրորդ աշխատանքային օրը.

զ) Խորհրդի աշխատակազմի գտնվելու վայրը և համապատասխան հեռախոսահամարը:

(8-րդ կետը փոփ. 07.08.2007 N 132)

9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հայտարարության հիման վրա ներկայացված դիմումներից նախապատվությունը տրվում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին.

Եթե դիմում են ներկայացրել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված մեկից ավելի քաղաքացիական ծառայողներ, ապա նախապատվության իրավունքը տրվում է տվյալ համապատասխան մարմնի հաստիքների կրճատման հիմքով պաշտոնից ազատված և կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:

10. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի (քաղաքացիական ծառայողների) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը (քաղաքացիական ծառայողները) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա կրտսեր պաշտոնների համար հիմք է ընդունվում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկում ընդգրկված անձի դիմումը:

Եթե կրտսեր պաշտոնների համար դիմում են ներկայացրել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկում ընդգրկված մեկից ավելի անձինք, ապա նախապատվության իրավունքը տրվում է ցանկում առավել երկար ժամկետով գտնվող անձին, այս պայմանի հավասարության դեպքում՝ թեստավորման արդյունքում ավելի բարձր տոկոսներ հավաքած անձին, այս պայմանի հավասարության դեպքում՝ առավել երկար քաղաքացիական ծառայության ստաժ ունեցող անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` ավելի բարձր դասային աստիճան ունեցող անձին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող անձին:

Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկում ընդգրկված անձի կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկում ընդգրկված անձը (անձինք) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա հիմք է ընդունվում կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի (անձանց) դիմումը:

Եթե դիմում են ներկայացրել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված մեկից ավելի անձինք, ապա նրանցից մեկին նախապատվության իրավունք տալիս հաշվի է առնվում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կարծիքը:

(10-րդ կետը խմբ. 07.08.2007 N 132, 13.06.12 N 128-Ն)

11. Սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձի մասին Խորհուրդը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին տեղեկացնում է երեք աշխատանքային օրվա ընթացքում` այդ մասին համապատասխան տեղեկություն հրապարակելով Խորհրդի աշխատակազմում տեսանելի ցուցանակի վրա, ինչպես նաև Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:

Սույն կետով նախատեսված տեղեկացումը ստանալու մասին հրապարակվում է տեղեկություն համապատասխան մարմնի տեսանելի ցուցանակի վրա:

(11-րդ կետը լրաց. 28.07.2011 N 167-Ն)

12. Խորհուրդը սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված համապատասխան անձին սույն կարգով սահմանված ընթացակարգով նախապատվություն տալու դեպքում այդ մասին հայտնում է նրան սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկացման օրը:

13. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի (անձանց) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձը (անձինք) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա Խորհուրդը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին:

14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված տեղեկությունն ստանալուց հետո քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, կարող է մեկամսյա ժամկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ կնքել Պայմանագիր` հաշվի առնելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

Չի թույլատրվում այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա այդ պաշտոնից Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «գ2»,  «դ», «ե», «թ», «ժ» և «ի» կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:

(14-րդ կետը խմբ., փոփ. 28.07.2011 N 167-Ն)

15. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկությունները ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերում` մեկամսյա ժամկետում, Պայմանագիրը կնքում է երեք հավասարազոր օրինակից, որի առաջին օրինակը պահվում է համապատասխան մարմնում, երկրորդը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Խորհուրդ, իսկ երրորդը՝ նույն օրը տրվում է այն անձին, ում հետ կնքվել է Պայմանագիրը:

(15-րդ կետը խմբ. 28.07.2011 N 167-Ն)

16. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից մեկամսյա ժամկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ Պայմանագիր չկնքելու, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձի համապատասխան մարմին չներկայանալու կամ համապատասխան մարմին սահմանված ժամկետում ներկայանալուց հետո քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը Պայմանագրով զբաղեցնելուց հրաժարվելու դեպքերում համապատասխան մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Խորհրդին:

Համապատասխան մարմին չներկայացած կամ ժամանակավոր թափուր պաշտոնը Պայմանագրով զբաղեցնելուց հրաժարված անձինք սույն կետով նախատեսված տեղեկությունը Խորհուրդ ներկայացվելուց հետո երեք ամիս ժամկետով չեն օգտվում սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված նախապատվության իրավունքից:

Սույն կետով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցվում է ընդհանուր հիմունքներով:

(16-րդ կետը խմբ. 28.07.2011 N 167-Ն)

17. Պայմանագրի ժամկետը, մինչև սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հիմքերից մեկի առաջացումը, կարող է երկարաձգվել քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի կամ դրա վերացման ժամկետի փոփոխման դեպքում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակագմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի և այն անձի համաձայնությամբ, ում հետ կնքվել է Պայմանագիրը:

18. Պայմանագիրը լուծվում է`

ա) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման, այղ թվում` վաղաժամկետ, դեպքում.

բ) Օրենքի 33-րդ հոդվածով (բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի «դ», «ե», «է», «թ», «ժդ» և «իա» կետերով և 3-րդ մասով) նախատեսված դեպքերում.

գ) սույն կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում.

դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով Պայմանագրով սահմանված ժամկետում աշխատանքի չներկայանալու դեպքում, ընդ որում` քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն մեկ ամսից ավելի ժամկետով զբաղեցնելու դեպքում ոչ պակաս քան յոթ աշխատանքային օր, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն մինչև մեկ ամիս ժամկետով զբաղեցնելու դեպքում` ոչ պակաս քան երեք աշխատանքային օր:

Սույն կետի «դ» ենթակետով նախատեսված ժամկետները կարող են երկարաձգվել քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ:

Սույն կարգի խախտմամբ կնքված Պայմանագիրը ենթակա չէ լուծման տվյալ պաշտոնը Պայմանագրով զբաղեցնող անձի անձնական դիմումի համաձայն:

(18-րդ կետը լրաց. 07.08.2007 N 132, խմբ., լրաց. 28.07.2011 N 167-Ն)

19. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում սույն կարգի 3-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված անձինք չեն կարող Օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով գործուղվել:

(19-րդ կետը փոփ. 07.08.2007 N 132)

20. Չի թույլատրվում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում կատարել այնպիսի փոփոխություն, որը կարող է հանգեցնել տվյալ պաշտոնը Պայմանագրով զբաղեցնող անձի հետ կնքված Պայմանագրի լուծմանը:

(20-րդ կետը լրաց. 28.07.2011 N 167-Ն)

(Հավելվածը փոփ., խմբ., լրաց. 07.08.2007 N 132, փոփ., լրաց., խմբ. 28.07.2011 N 167-Ն, լրաց., փոփ., խմբ. 13.06.12 N 128-Ն)

 

 

 

Ձև

ժամկետային աշխատանքային

պայմանագիր կնքելու կարգի

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N_____

 

ք.--------------------

«----------------»----------------200--թ.

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ------------------------------------------------------------------------, մի

                                                                          (համապատասխան մարմնի անվանումը)

 

կողմից, ի դեմս-------------------------------------------------------------------------------------------------------------

                                           (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

                                                      (այսուհետ` Համապատասխան մարմին) և

________________________________________________________________________________

       (քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձի անունը, ազգանունը, հայրանունը)

 

(ծնված 19-----թ.--------------«--------»-ին, բնակության վայրը`-----------------------------------------------------

անձնագիր N----------------- տրված --------------կողմից ---------------թ. ------------------«-----------»ին) մյուս

կողմից (այսուհետ` Պաշտոնակատար) կնքեցին սույն պայմանագիր հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Համապատասխան մարմինը հանձնարարում է, իսկ Պաշտոնակատարին ապահովում է

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------ում

                                               (համապատասխան մարմնի անվանումը)

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

        (քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը)

 

պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Կողմերն ունեն «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:

 

III. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Համապատասխան մարմինը Պաշտոնակատարին վճարում է ամենամսյա աշխատավարձ

--------------------------------------------------------------------------------------------------------------դրամի չափով:

                                                       (տառերով և թվերով)

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

5. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

6. Սույն պայմանագիրը լուծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի մարտի 30-ի «ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 95 որոշմամբ սահմանված կարգով:

7. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

8. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից:

9. Սույն պայմանագիրը կնքվել է երեք հավասարազոր օրինակից:

 

Համապատասխան մարմին

Պաշտոնակատար

 

____________________

(ստորագրություն)

 

__________________

(ստորագրություն)

 

Կ.Տ.