Համարը 
N 198-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.04.26/07(226)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.04.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.04.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.04.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊՐՈԹԵԶԱOՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 287 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«19» ապրիլի 2013թ.

N 198-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ,

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 287 ՈՐՈՇՈՒՄՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 15-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու մասին» N 287 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի ապրիլի 19-ի N 198-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ

ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների (այսուհետ` պարագաներ) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Հաշմանդամներին, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց պարագաները տրամադրվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 16.10.18 N 844-Ն)

3. Հաշմանդամներին պարագաները (բացառությամբ ձեռնափայտի) առաջին անգամ տրամադրվում են հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան: Վերականգնողական անհատական ծրագրի կազմման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքում հաշմանդամները դիմում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին:

4. Պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշվածների, տրամադրվում են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, մինչև 18 տարեկան երեխաներին, 63 տարին լրացած անձանց, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց` անձի բնակության վայրն սպասարկող բժշկական կազմակերպության կողմից տրված գրավոր եզրակացության հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 16.10.18 N 844-Ն, 14.10.21 N 1100-Ն)

5. Վերին և ստորին վերջույթների պրոթեզները, սրունքի օրթոպրոթեզները, օրթեզները, աչքի պրոթեզները, տրամադրվում են հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև 63 տարին լրացած, սակայն հաշմանդամություն չունեցող անձանց, իսկ ձայնաստեղծ սարքերը, սայլակները և քայլակները՝ միայն հաշմանդամություն ունեցող անձանց:

Կրծքագեղձի պրոթեզները տրամադրվում են ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ հաշմանդամություն չունեցող կանանց:

(5-րդ կետը խմբ. 27.11.2013 N 824-Ն, փոփ.14.10.21 N 1100-Ն)

6. Պարագաները, բացառությամբ սայլակների և լսողական սարքերի, տրամադրում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) համակարգում գործող կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):

Սայլակները տրամադրում են նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) տարածքային բաժինները (այսուհետ՝ տարածքային բաժին), իսկ սույն կարգի 6.1-ին կետում նշված դեպքում՝ «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ տարածքային բաժնի կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Լսողական սարքերը տրամադրում է նախարարությունը:

(6-րդ կետը խմբ. 04.10.16 N 594-Ն, փոփ. 16.10.18 N 844-Ն, խմբ.14.10.21 N 1100-Ն)

6.1. Նախարարության կողմից սայլակները կարող են տրամադրվել «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ հաշմանդամի առողջական վիճակից ելնելով սայլակի ձևի և չափի ընտրության համար նրան մասնագիտական օգնություն ցուցաբերելու նպատակով:

(6.1-ին կետը  լրաց.14.10.21 N 1100-Ն)

7. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին պարբերությունում նշված պարագաների հերթական տրամադրման համար եզրակացությունը տալիս է կազմակերպության բժիշկը կամ համապատասխան մասնագետը:

Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ պարբերությունում նշված սայլակների, ինչպես նաև հաշմանդամներին լսողական սարքերի հերթական տրամադրման համար եզրակացությունը տալիս է նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ՝ ԲՍՓ գործակալություն), իսկ 63 տարին լրացած անձանց, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց և մինչև 18 տարեկան երեխաներին լսողական սարքերի հերթական տրամադրման համար՝ աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատությունը:

(7-րդ կետը խմբ. 04.10.16 N 594-Ն, փոփ.14.10.21 N 1100-Ն)

8. Կազմակերպությունը իր տրամադրած պարագաները վերանորոգում է համապատասխան մասնագետի եզրակացության և հիմնավորման հիման վրա՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

(8-րդ կետը փոփ. 04.10.16 N 594-Ն, փոփ. 16.10.18 N 844-Ն)

9. Պարագաները տրամադրվում են սույն որոշման N 2 հավելվածով սահմանված պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետներին համապատասխան:

10. Սույն կարգով սահմանված ժամկետներից շուտ հաշմանդամների պրոթեզավորման և օրթեզավորման մասին վերականգնողական բժշկական փորձաքննական եզրակացությունը տալիս է ԲՍՓ գործակալությունը, իսկ պրոթեզների, օրթեզների տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը՝ կազմակերպությունը։

(10-րդ կետը փոփ. 04.10.16 N 594-Ն, 16.04.19 N 265-Ն, 14.10.21 N 1100-Ն)

 

II. ՊՐՈԹԵԶՆԵՐԻ ԵՎ ՕՐԹԵԶՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

11. Առաջին անգամ ստորին վերջույթի պրոթեզավորման դեպքում, մինչև հիմնական պրոթեզի պատրաստումը, հաշմանդամի համար պատրաստվում և տրամադրվում է բուժամարզական պրոթեզ: Բուժամարզական պրոթեզը փոխարինվում է հիմնական պրոթեզով, երբ անդամահատված ծայրատի անատոմիական փոփոխությամբ պայմանավորված այն հնարավոր չէ օգտագործել:

12. Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող հաշմանդամին չորս տարվա ընթացքում տրամադրվում են մեկ կոսմետիկ պրոթեզ և մեկ շարժողական պրոթեզ:

13. Վերին կամ ստորին վերջույթի պրոթեզ կրող հաշմանդամին, անկախ նոր պրոթեզ տրամադրելու ժամկետից, յուրաքանչյուր տարի տրամադրվում է ծայրատի երեք ձեռնոց կամ ութ գուլպա:

 

III. ՕՐԹՈՊԵԴԻԿ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԵՎ ՊՐՈԹԵԶԻ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

14. Հաշմանդամներին յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ, մեկ զույգ` առանց տաքացված տակդիրների և մեկ զույգ` կիսաճիտք կամ երկարաճիտք: Ելնելով հիվանդության առանձնահատկությունից` կարող են տրամադրվել տարեկան միայն երկու զույգ կիսաճիտք օրթոպեդիկ կոշիկներ: Պրոթեզավորված և օրթեզավորված հաշմանդամներին յուրաքանչյուր տարի տրվում է երկու զույգ պրոթեզի (օրթեզի) կոշիկ, մեկ զույգ` առանց տաքացված տակդիրների և մեկ զույգ` կիսաճիտք կամ երկարաճիտք:

15. Վերին երկու վերջույթների ծայրատներով, ինչպես նաև մեկ ձեռքի ծայրատով, մյուս ձեռքի դաստակի ձևախեղումով հաշմանդամներին տրվում է կոշիկ` կողային ռետինե ժապավեններով:

 

IV. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

16. 1-ին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին, վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, տրամադրվում է սայլակ: Նկատի ունենալով հաշմանդամի առողջական վիճակը` սայլակը կարող է ստանալ նրա հարազատներից որևէ մեկը, ով սույն կարգով նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը:

(16-րդ կետը փոփ. 04.10.16 N 594-Ն)

17. Ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատումից հետո, սայլակ ստացած հաշմանդամին, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև փոքր տրամաչափի սայլակ:

18. Լսողական սարքերը հաշմանդամներին տրամադրվում են վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, իսկ 63 տարին լրացած անձանց, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաներին` աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատության եզրակացության հիման վրա:

(18-րդ կետը  փոփ.14.10.21 N 1100-Ն)

 18.1. 1-ին խմբի հաշմանդամ և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխա չհանդիսացող անձանց սայլակ, իսկ սույն կարգի 18-րդ կետում չնշված անձանց լսողական սարք տրամադրվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հրամանով՝ նախարարության աշխատակազմի ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության առաջարկությամբ պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին՝ տվյալ տարվա համար ձեռքբերված սայլակների և լսողական սարքերի ընդհանուր թվի 5 տոկոսի չափով:

(18.1-ին կետը լրաց. 04.10.16 N 594-Ն, փոփ. 16.10.18 N 844-Ն, 14.10.21 N 1100-Ն)

19. Ելնելով անձի առողջական վիճակից, տարիքից և ծայրատի ձևից` կազմակերպության բժշկի կամ համապատասխան մասնագետի եզրակացությամբ, անձը կարող է ստանալ 1 կամ 2 արմնկային կամ 1 կամ 2 թևատակի հենակ, կամ 1 ձեռնափայտ և 1 հենակ կամ 2 ձեռնափայտ:

20. Կրծքագեղձի պրոթեզ հաշմանդամներին տրամադրվում է վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, իսկ հաշմանդամություն չունեցող կանանց` բժշկական հաստատության եզրակացության հիման վրա։

Վերին և ստորին վերջույթների պրոթեզները, սրունքի օրթոպրոթեզները, աչքի պրոթեզները, օրթեզները 63 տարին լրացած, սակայն հաշմանդամություն չունեցող անձանց տրամադրվում է ԲՍՓ գործակալության մասնագիտական եզրակացության հիման վրա:

(20-րդ կետը լրաց. 27.11.13 N 824-Ն, փոփ.14.10.21 N 1100-Ն)

 

V. ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ

ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

21. Պարագաներ ստանալու համար անձը դիմում է կազմակերպություն կամ տարածքային բաժին կամ նախարարություն` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (մինչև 16 տարեկան երեխաների համար նրանց ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի ծննդյան վկայականը)։ Հաշմանդամները ներկայացնում են բժշկասոցիալական փորձաքննական որոշման մասին տեղեկանքը (առաջին անգամ դիմելու դեպքում` նաև վերականգնողական անհատական ծրագիրը), սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք, ինչպես նաև 5-րդ կետում նշված հաշմանդամություն չունեցող կանայք` համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ և բժշկական եզրակացությունը, իսկ աչքի և ձայնալարերի պրոթեզավորման առաջնակի դեպքերում` համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպության եզրակացությունը։

Սույն կարգի 18.1-ին կետով նախատեսված դեպքում անձը, սայլակ կամ լսողական սարք ստանալու համար, դիմում է նախարարություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը և բժշկական հաստատության եզրակացությունը:

(21-րդ կետը փոփ., լրաց. 04.10.16 N 594-Ն, փոփ. 16.10.18 N 844-Ն, 14.10.21 N 1100-Ն)

22. Կազմակերպությունում պարագաներ ստացող անձանց համար լրացվում է անձնական քարտ, որտեղ նշվում են ստացողի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, ծննդյան տարեթիվը, հիվանդության ախտորոշումը, պարագաների անվանումները, տրամադրման ամսաթիվը, սոցիալական կարգավիճակը:

Սույն կարգով սահմանված ժամկետներից շուտ պրոթեզ, օրթեզ տրամադրելու դեպքում անձնական քարտին կցվում են սույն կարգի 10-րդ կետում նշված պրոթեզի, օրթեզի տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը և լուսանկարը:

(22-րդ կետը լրաց. 16.04.19 N 265-Ն)

23. Պարագան ստացող անձը կազմակերպությունից պարագաներ ստանալիս` ստորագրում է անձնական քարտում:

24. Անձնական քարտը պահպանվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(24-րդ կետը փոփ. 16.10.18 N 844-Ն)

25. Կազմակերպությունը պարտավոր է անձի խնդրանքով նրան տրամադրել քաղվածք անձնական քարտից:

26. Կազմակերպությունը կամ տարածքային բաժինը  կամ նախարարությունը մատուցված ծառայության վերաբերյալ հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրում կատարում է համապատասխան նշում, որը վավերացվում է կազմակերպության կամ տարածքային մարմնի կամ նախարարության աշխատակազմի կնիքով:

(26-րդ կետը խմբ. 04.10.16 N 594-Ն, փոփ. 16.10.18 N 844-Ն, 14.10.21 N 1100-Ն)

27. Պարագաները հաշմանդամին տրամադրվում են անհատական հարմարեցումից և հաշմանդամին օգտագործման ձևը սովորեցնելուց հետո:

28. ԲՍՓ գործակալությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը կազմակերպություն, տարածքային բաժին  և նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն նախորդ ամսում վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված պարագաների կարիք ունեցող հաշմանդամների մասին:

(28-րդ կետը փոփ. 04.10.16 N 594-Ն, փոփ. 16.10.18 N 844-Ն, 14.10.21 N 1100-Ն)

28.1. Սույն կարգի 6.1-ին կետում նշված դեպքում «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը տարածքային բաժին է ներկայացնում տեղեկատվություն՝ նախորդ ամսում սայլակ ստացած հաշմանդամների մասին:

(28.1-ին կետը լրաց. 14.10.21 N 1100-Ն)

29. Կազմակերպությունը և գործակալությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը նախարարություն են ներկայացնում նախորդ ամսում պարագաներ ստացած հաշմանդամների մասին հաշվետվություն` նշելով ծառայության առաջնակի կամ կրկնակի լինելու, իսկ կրկնակիի դեպքում` նաև նախորդ անգամ ստացած նմանատիպ ծառայության ժամկետի վերաբերյալ:

(29-րդ կետը փոփ. 16.10.18 N 844-Ն)

(Հավելված 1-ը փոփ., խմբ., լրաց. 14.10.21 N 1100-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի ապրիլի 19-ի N 198-Ն որոշման

 

ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

ՀՀ

Անվանումները

Օգտագործման ժամկետը

1.

Պրոթեզներ

 

1)

Ստորին վերջույթների պրոթեզներ

երեք տարի, երեխաներին `մեկ տարի

2)

Վերին վերջույթների պրոթեզներ

չորս տարի, երեխաներին` երկու տարի

3)

Սրունքի օրթոպրոթեզ

երեք տարի

4)

Կոսմետիկ պրոթեզ

չորս տարի

5)

Շարժողական պրոթեզ

չորս տարի

2.

Օրթեզներ

վեց ամիս - մեկ տարի

3.

Ապարատներ

երկու տարի

4.

Սեղմիրաններ

երկու տարի, երեխաներին` վեց ամիս-մեկ տարի

5.

Աղեկապեր

մեկ տարի

6.

Կոշիկներ

 

1)

Պրոթեզի (օրթեզի) (երկու զույգ)

մեկ տարի

2)

Օրթոպեդիկ (երկու զույգ)

մեկ տարի

3)

Կողային ռետինե ժապավեններով (մեկ զույգ)

մեկ տարի

7.

Վերականգնման տեխնիկական միջոցներ

 

1)

Ձեռնափայտեր` մեկ լրացուցիչ ռետինով

մեկ տարի

2)

Հենակներ` մեկ լրացուցիչ ռետինով

մեկ տարի

3)

Սուպինատորներ

մեկ տարի, երեխաներին` վեց ամիս

4)

Կրծքագեղձի պրոթեզ

մեկ տարի

5)

ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքեր

երեք տարի

 

Եվրոպական արտադրության լսողական սարքեր

հինգ տարի

6)

Սայլակ

երեք տարի

7)

Փոքր տրամաչափի սայլակ

երկու տարի

8)

Քայլակներ

երեք տարի

8.

Աչքի պրոթեզ

երեխաների համար` մեկ տարի, մեծահասակների համար` երկու տարի

9.

Ձայնաստեղծ սարքեր

հինգ տարի

10.

Ձեռնոցներ (երեք հատ)

մեկ տարի

11.

Գուլպաներ (ութ հատ)

մեկ տարի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ