ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
”18” սեպտեմբերի 2002թ. |
N 232 |
ք.Ստեփանակերտ
Չկատարված հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին
(վերնագիրը լրաց. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216)
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216)
1. Հաստատել չկատարված հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը (կցվում է):
(1-ին կետը լրաց. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216)
2. Սահմանել, որ սույն որոշման կիրառման նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով:
(2-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի սեպտեմբերի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է`
ԼՂՀ կառավարության
2002թ. սեպտեմբերի 18-ի
թիվ 232 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու
(վերնագիրը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորության չափը հինգ հարյուր հազար և ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը:
(1-ին կետը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216)
2. Սույն կարգի իմաստով արգելանքը հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորության կատարմանն ուղղված հարկադրանքի միջոց է, որը ներառում է դրա գույքագրումը, գույքի տնօրինումն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օգտագործման իրավունքը սահմանափակելը, գույքն առգրավելը և ի պահ հանձնելը:
Հարկային մարմնի կողմից արգելանքը կիրառվում է հարկ վճարողի և (կամ) ապահովադրի հարկային պարտավորությունն ապահովելու նպատակով «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 30-րդ և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորության չափը հինգ հարյուր հազար և ավելի դրամ կազմելու դեպքում յուրաքանչյուր պահանջով:
(2-րդ կետը լրաց. 26.08.2003 N 244, փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216)
3. Սույն կարգի իմաստով հարկային մարմնի ղեկավար է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը (փոխարինող պաշտոնատար անձը):
(3-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)
4. Արգելանք չի կարող դրվել այն գույքի վրա, որի վրա օրենքով սահմանված բռնագանձում չի կարող տարածվել կամ դրանց պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:
Հարկային մարմնի կողմից արգելանք չի կարող կիրառվել այլ իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով արդեն իսկ արգելադրված գույքի վրա:
Արգելանք չի կիրառվում նաև, եթե հարկային մարմնի և հարկ վճարողի և (կամ) ապահովադրի միջև կնքվել է գրավի պայմանագիր` ԼՂՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
(4-րդ կետը լրաց. 26.08.2003 N 244, փոփ. 28.02.2005 N 83)
5. Արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները՝ հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ:
6. Արգելանքը կիրառվում է հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում սահմանված կարգով իրացնելու նպատակով:
(6-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)
II. Հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելը
(վերնագիրը փոփ. 28.02.2005 N 83)
7. Արգելանք դնելուց առաջ հարկային մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) արգելանք դնելու մասին հրապարակում է հանձնարարագիր, որտեղ նշվում են արգելանք դնող մարմնի անվանումը, արգելանք դնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի և (կամ) ապահովադրի անվանումը, ՀՎՀՀ-ն (ապահովադրի կոդը), չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը:
(7-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216)
8. Արգելանք դնելիս հանձնարարագրի մեկ օրինակը ներկայացվում է հարկ վճարողին և (կամ) ապահովադրին (փոխարինող պաշտոնատար անձին):
(8-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)
9. Հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է բանկային հաշիվների նկատմամբ, ապա՝ հարկ վճարողի և (կամ) ապահովադրի անշարժ գույքի, այնուհետև՝ այլ ակտիվների նկատմամբ:
Արգելանք դրվում է չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությանը համարժեք գույքի վրա: Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն:
(9-րդ կետը լրաց. 26.08.2003 N 244, փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216)
10. Հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնող և այն իրականացնող պաշտոնատար անձը հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ պետք է նշվեն որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը՝ այն օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը: Միաժամանակ հարկ վճարողը և (կամ) ապահովադիրը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերն օտարելու, փչացնելու կամ ոչնչացնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:
Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը պահպանում է իր ուժը մինչև հարկադիր կատարողի կողմից պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման ընդունումը:
(10-րդ կետը լրաց. 26.08.2003 N 244, փոփ. 28.02.2005 N 83)
11. Որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը, ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը, պատշաճ ձևով ուղարկվում է հարկ վճարողին և (կամ) ապահովադրին, ինչպես նաև սույն կարգով սահմանված այլ մարմիններ:
Դատարանի վճռի կամ որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմինը կատարողական թերթն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ հայցի ապահովման դեպքում անհապաղ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն է ներկայացնում կատարողական թերթը և արգելանքի վերցված գույքի ցանկը (առկայության դեպքում), գույքի բացակայության կամ անբավարարության մասին արձանագրությունը, արգելանք դնելու մասին որոշումը, հարկ վճարողի և (կամ) ապահովադրի վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը և այլ փաստաթղթեր:
(11-րդ կետը լրաց. 26.08.2003 N 244, փոփ., լրաց. 28.02.2005 N 83)
12. Պետական կազմակերպությունների գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում ընդունող պաշտոնատար անձն արգելադրված գույքի կամ դրա առանձին բաղադրամասերի ցանկն ուղարկում է պետական կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին:
13. Հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան, ընդ որում, որոշման բողոքարկումը չի կասեցնում գույքի արգելադրման գործընթացը:
(13-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)
14. Հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնող պաշտոնատար անձի գործողություններին խոչընդոտելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին և նրանց օժանդակությամբ շարունակում գույքի արգելադրման գործողությունները:
(14-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)
III. Այլ անձանց իրավունքների պաշտպանությունը հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելիս
(վերնագիրը փոփ. 28.02.2005 N 83)
15. Արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի արգելանք դնելու մասին որոշումը բողոքարկելու դատարան:
16. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել այդ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը:
IV. Արգելանքի տակ գտնվող գույքի գնահատումը
17. Արգելադրվող գույքի գնահատումը կատարում է արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը՝ արգելանք դնելու օրվա շուկայական գներով, իսկ արտարժույթով գնահատման դեպքում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
(17-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216)
18. Արգելանք դնելու ընթացքում մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար արգելանք իրականացնող պաշտոնատար անձը կարող է հրավիրել փորձագետ (փորձագետներ):
(18-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)
19. (կետն ուժը կորցրել է 28.02.2005 N 83)
20. Փորձագետը տալիս է գրավոր եզրակացություն:
21. Փորձագետի վարձատրությունը կատարում է գույքի գնահատումը վիճարկող կողմը:
V. Արգելանք դնելու ժամկետները
22. Արգելանքը դրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից դրա մասին հանձնարարագիրը հրապարակելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
23. Արգելանքը դրվում է աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն:
Ոչ աշխատանքային օրերին արգելանք դնելը թույլատրվում է, եթե՝
ա) անհրաժեշտ է դրա անհապաղ կատարումը.
բ) հարկ վճարողի և (կամ) ապահովադրի մեղքով դրա կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին է:
(23-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)
24. Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դրվելուց հետո 30-օրյա ժամկետում դատարանի վճիռը չապահովելու դեպքում հարկ վճարողի գույքը համարվում է արգելանքից հանված:
(24-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)
VI. Հարկային մարմնի ու հարկ վճարողի և (կամ) ապահովադրի իրավունքներն ու պարտականությունները
(վերնագիրը փոփ. 28.02.2005 N 83)
25. Հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելիս կողմերն իրավունք ունեն՝
ա) կնքելու հաշտության համաձայնագիր.
բ) ծանոթանալու նյութերին, դրանցից քաղվածքներ կազմելու և ստանալու պատճեներ.
գ) միջնորդություններ կատարելու.
դ) մասնակցելու արգելանքի գործողություններին, ունենալու ներկայացուցիչ.
ե) ծագած հարցերի վերաբերյալ տալու բանավոր և գրավոր բացատրություններ, ներկայացնելու փաստարկներ ու առաջարկություններ.
զ) առարկելու կատարված միջնորդությունները, փաստարկները և առաջարկությունները.
է) հայերենին չտիրապետելու դեպքում հրավիրելու թարգմանիչ.
ը) բողոքարկելու ընդունված որոշումների և արգելանք իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների դեմ, իսկ արգելադրման ենթակա գույքի գնահատման վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում հրավիրել փորձագետ.
թ) օգտվելու սույն կարգով իրենց վերապահված իրավունքներից:
(25-րդ կետը փոփ., լրաց. 28.02.2005 N 83)
26. Կողմերը պարտավոր են կատարել սույն կարգի պահանջները:
VII. Արգելադրվող գույքի պահատվությունը
27. Արգելանք իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին և (կամ) ապահովադրին՝ ստացականով, իսկ եթե հարկ վճարողը և (կամ) ապահովադիրը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերն օտարել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեության համար թույլտվություն (լիցենզիա) ունեցող մասնագիտացված կազմակերպությանը՝ պահատվության պայմանագրի հիման վրա կամ վերցվում ի տնօրինություն: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:
(27-րդ կետը փոփ., լրաց. 28.02.2005 N 83)
VIII. Բռնագանձված գույքի իրացումը
28. Հարկային մարմինը կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում արգելադրված գույքը հանձնում է հարկադիր կատարողին՝ օրենքով սահմանված կարգով բռնագանձում կատարելու համար:
(28-րդ կետը խմբ. 26.08.2003 N 244)
29. Հարկային մարմնի հայցի հիման վրա կայացված վճռով պարտապանի գույքն իրացվում է դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների միջոցով՝ օրենքով սահմանված կարգով:
(29-րդ կետը խմբ. 26.08.2003 N 244)
30. Նույն հարկ վճարողի և (կամ) ապահովադրի նկատմամբ մեկից ավելի կատարողական թերթի առկայության դեպքում բռնագանձումները կատարվում ու գումարները բաշխվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(30-րդ կետը խմբ. 26.08.2003 N 244, փոփ. 28.02.2005 N 83)
31. (կետը հանվել է 26.08.2003 N 244)