ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
”18” սեպտեմբերի 2002թ. |
N 232 |
ք.Ստեփանակերտ
Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ սույն որոշման կիրառման նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի հրամանով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի սեպտեմբերի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է`
ԼՂՀ կառավարության
2002թ. սեպտեմբերի 18-ի
թիվ 232 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան չկատարված հարկային պարտավորության չափը մեկ միլիոն և ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը:
2. Սույն կարգի իմաստով արգելանքը հարկային մարմնի կողմից հարկ վճարողի չկատարած հարկային պարտավորության կատարմանն ուղղված հարկադրանքի միջոց է, որը ներառում է դրա գույքագրումը, գույքի տնօրինումն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օգտագործման իրավունքը սահմանափակելը, գույքն առգրավելը և ի պահ հանձնելը:
3. Սույն կարգի իմաստով հարկային մարմնի ղեկավար է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետը (փոխարինող պաշտոնատար անձը):
4. Արգելանք չի կարող դրվել այն գույքի վրա, որի վրա օրենքով սահմանված բռնագանձում չի կարող տարածվել կամ դրանց պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:
5. Արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները՝ հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ:
6. Արգելանքը կիրառվում է հարկ վճարողի գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում սահմանված կարգով իրացնելու նպատակով:
II. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելը
7. Արգելանք դնելուց առաջ հարկային մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) արգելանք դնելու մասին հրապարակում է հանձնարարագիր, որտեղ նշվում են արգելանք դնող մարմնի անվանումը, արգելանք դնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն, չկատարած հարկային պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը:
8. Արգելանք դնելիս հանձնարարագրի մեկ օրինակը ներկայացվում է հարկ վճարողին (փոխարինող պաշտոնատար անձին):
9. Հարկ վճարողի գույքի վրա արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է բանկային հաշիվների նկատմամբ, ապա՝ հարկ վճարողի անշարժ գույքի, այնուհետև՝ այլ ակտիվների նկատմամբ:
10. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնող և այն իրականացնող պաշտոնատար անձը հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ պետք է նշվեն որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը՝ այն օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը: Միաժամանակ հարկ վճարողը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերն օտարելու, փչացնելու կամ ոչնչացնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:
11. Որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը, ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը, պատշաճ ձևով ուղարկվում է հարկ վճարողին, ինչպես նաև սույն կարգով սահմանված այլ անձանց ու մարմիններ:
12. Պետական կազմակերպությունների գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում ընդունող պաշտոնատար անձն արգելադրված գույքի կամ դրա առանձին բաղադրամասերի ցանկն ուղարկում է պետական կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին:
13. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան, ընդ որում, որոշման բողոքարկումը չի կասեցնում գույքի արգելադրման գործընթացը:
14. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնող պաշտոնատար անձի գործողություններին խոչընդոտելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին և նրանց օժանդակությամբ շարունակում գույքի արգելադրման գործողությունները:
III. Այլ անձանց իրավունքների պաշտպանությունը հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելիս
15. Արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի արգելանք դնելու մասին որոշումը բողոքարկելու դատարան:
16. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել այդ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը:
IV. Արգելանքի տակ գտնվող գույքի գնահատումը
17. Արգելադրվող գույքի գնահատումը կատարում է արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը՝ արգելանք դնելու օրվա շուկայական գներով, իսկ արտարժույթով գնահատման դեպքում՝ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային բանկ Արցախբանկի կողմից հաշվարկային փոխարժեքի վերաբերյալ տրված տեղեկանքի:
18. Արգելանք դնելու ընթացքում մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար այն իրականացնող պաշտոնատար անձը հրավիրում է փորձագետ (փորձագետներ):
19. Գույքի արժեքը որոշելու համար արգելանք իրականացնող պաշտոնատար անձը հրավիրում է փորձագետ, եթե՝
ա) առանձին առարկաների գնահատումը դժվարություն է ներկայացնում.
բ) հարկ վճարողն առարկում է կատարված գնահատման դեմ:
20. Փորձագետը տալիս է գրավոր եզրակացություն:
21. Փորձագետի վարձատրությունը կատարում է գույքի գնահատումը վիճարկող կողմը:
V. Արգելանք դնելու ժամկետները
22. Արգելանքը դրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից դրա մասին հանձնարարագիրը հրապարակելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
23. Արգելանքը դրվում է աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն:
Ոչ աշխատանքային օրերին արգելանք դնելը թույլատրվում է, եթե՝
ա) անհրաժեշտ է դրա անհապաղ կատարումը.
բ) հարկ վճարողի մեղքով դրա կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին է:
24. Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դրվելուց հետո 30-օրյա ժամկետում դատարանի վճիռը չապահովելու դեպքում հարկ վճարողի գույքը համարվում է արգելանքից հանված:
VI. Հարկային մարմնի ու հարկ վճարողի իրավունքներն ու պարտականությունները
25. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելիս կողմերն իրավունք ունեն՝
ա) կնքելու հաշտության համաձայնագիր.
բ) ծանոթանալու նյութերին, դրանցից քաղվածքներ կազմելու և ստանալու պատճեներ.
գ) միջնորդություններ կատարելու.
դ) մասնակցելու արգելանքի գործողություններին, ունենալու ներկայացուցիչ.
ե) ծագած հարցերի վերաբերյալ տալու բանավոր և գրավոր բացատրություններ, ներկայացնելու փաստարկներ ու առաջարկություններ.
զ) առարկելու կատարված միջնորդությունները, փաստարկները և առաջարկությունները.
է) հայերենին չտիրապետելու դեպքում հրավիրելու թարգմանիչ.
ը) բողոքարկելու ընդունված որոշումների և արգելանք իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների դեմ.
թ) օգտվելու սույն կարգով իրենց վերապահված իրավունքներից:
26. Կողմերը պարտավոր են կատարել սույն կարգի պահանջները:
VII. Արգելադրվող գույքի պահատվությունը
27. Արգելանք իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին՝ ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերն օտարել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեության համար թույլտվություն (լիցենզիա) ունեցող մասնագիտացված կազմակերպությանը՝ պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:
VIII. Բռնագանձված գույքի իրացումը
28. Հարկային մարմնի հայցերով կայացված վճիռներով պարտապանի գույքի իրացումը կատարվում է բաց հրապարակային սակարկություններով այն վաճառելու միջոցով, որի կազմակերպումն ու անցկացումը կատարվում են հարկային մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ: Սակարկությունն անցկացվում է աճուրդի ձևով՝ աճուրդների անցկացման իրավունք ունեցող կազմակերպությունների միջոցով՝ համապատասխան պայմանագրի հիման վրա:
29. Դատարանի վճռից հետո հարկադիր կատարողը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, հարկային մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ, առգրավում է պարտապանի գույքը:
30. Հարկային մարմնի հայցերով բռնագանձված գույքի իրացման վերաբերյալ հաղորդագրությունը հրապարակվում է առանձին, իսկ սակարկություններն անցկացվում են առանձնացված ցուցակով՝ ըստ պարտապանների, հատուկ նշված ժամերին՝ հարկային մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ:
31. Սակարկությունների միջոցով իրացվող գույքի մեկնարկային գինը սահմանվում է հարկային մարմնի հետ համաձայնեցնելուց հետո: