ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"20" դեկտեմբերի 2005թ. |
N 556 |
ք.Ստեփանակերտ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված պետական առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն արդյունավետ կազմակերպելու և կանոնակարգելու նպատակով ու «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնել առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Սահմանել, որ
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի ֆինանսավորումն իրականացնող մարմինն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը.
բ) բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության, հիգիենիկ հակահամաճարակային և առողջապահական այլ ծառայությունների մատուցման նորմատիվները, ինչպես նաև միջինացված գները ըստ բժշկական օգնության և ծառայությունների մատուցման առանձին տեսակների հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ.
գ) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության, հիգիենիկ հակահամաճարակային և առողջապահական այլ ծառայությունների մատուցման դիմաց փոխհատուցված միջոցների նպատակային օգտագործման ու բուժօգնության որակի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
3. Հաստատել՝
ա) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
բ) ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին՝ յուրաքանչյուր տարվա «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում`
ա) մշակել և համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, սահմանված կարգով հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող մարմնի և կազմակերպությունների միջև կնքվելիք օրինակելի պայմանագրերի, կազմակերպությունների կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծավալների մասին հաշվետվության և հանձնման-ընդունման ակտի ձևերը, հաշվետվությունը ներկայացնելու կարգը, ընթացիկ տարվա պայմանագրերի կնքման ժամկետները և բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ մեթոդական ցուցումները.
բ) մշակել ու համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության, հիգիենիկ հակահամաճարակային և առողջապահական այլ ծառայությունների մատուցման առանձին տեսակների նորմատիվներն ու գները.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների սահմաններում մշակել և, համաձայնեցնելով իրավասու նախարարությունների և այլ պետական մարմինների հետ, սահմանված կարգով հաստատել սույն որոշումից բխող անհրաժեշտ գերատեսչական ակտեր.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հետ համատեղ սահմանել քաղաքացիական բժշկական հաստատություններում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ուղեգրման կարգը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«20» դեկտեմբերի 2005թ.
թիվ 556 որոշման |
Ց Ա Ն Կ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ
(բացառությամբ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների և բուժծառայությունների, որոնց ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ)
- 1-ին, 2-րդ, 3-րդ խմբերի հաշմանդամներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
- Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պահեստ արձակված զինծառայողներ
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ (ամուսին, ծնողներ, մինչև 23 տարեկան երեխաներ)
- Բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ծնողներ
- Չեռնոբիլի ատոմային էլեկտրաէներգիայի կայանի (ԱԷԿ) վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներ
- Բռնադատվածներ
- Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով բոլոր բուժհաստատություններում ամբուլատոր և ստացիոնար պայմաններում բժշկական հետազոտության ենթարկվողներ
- Մինչև 18 տարեկան երեխաներ
- Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային և ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնություն և փորձաքննություն)
- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք
- Զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք) և նրանց ընտանիքների անդամներ (ամուսին, ծնողներ)
- Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
- 63 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձինք
- Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում:
(Հավելվածը 1-ը խմբ. 20.11.2010 N 734-Ն)
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«20» դեկտեմբերի 2005թ.
թիվ 556 որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՄԵՆԱՄՅԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
I. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման հիմնական սկզբունքները
1. Սույն կարգով սահմանվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական կազմակերպություններում (այսուհետև՝ կազմակերպություն) ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման (այսուհետև բժշկական օգնություն և սպասարկում) կազմակերպման ու ֆինանսավորման կարգը և պայմանները:
2. Հիվանդանոցային կազմակերպություններում իրականացվող՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալները որոշվում են սահմանափակված բյուջեի սկզբունքով:
Սահմանափակված բյուջեի սկզբունքով ֆինանսավորումը կատարվում է կազմակերպության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող մարմնի (այսուհետև՝ պատվիրատու) միջև կնքված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման մասին պայմանագրով սահմանված ծավալների շրջանակներում:
3. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծավալները որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետև՝ նախարար) կողմից հաստատված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով մեկ բնակչի հաշվով միջինացված գներով, իսկ շտապ բժշկական օգնության ծավալները` պլանավորող կանչերի թվի և մեկ կանչի սպասարկման արժեքի արտադրյալով:
4. Հիգիենիկ հակահամաճարակային և առողջապահական այլ ծառայությունների ձեռքբերման ծավալները որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված տեսակների համար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) հաստատված գներով, իսկ ֆինանսավորումը իրականացվում է փաստացի կատարված ծավալների դիմաց, սակայն ոչ ավելի, քան տարեկան պայմանագրային գումարները:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում սահմանված կարգով փոփոխություններ և վերաբաշխումներ կատարվելու դեպքում՝ հաստատված պայմանագրային ծավալները՝ ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների ենթակա են վերանայման:
6. Առողջապահական կազմակերպությունը բժշկական օգնության և սպասարկման ծավալների պահանջարկի վերլուծության և պայմանագրային ծավալների ձևավորման նպատակով պատվիրատուին՝ նրա կողմից սահմանված կարգով և ձևերով ներկայացնում է իր կողմից իրականացվող բժշկական ու ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներ, ինչպես նաև տեղեկություններ առկա մասնագիտական ներուժի և կառուցվածքի մասին:
7. Առողջապահական կազմակերպությունը պատվիրատուին ներկայացնում է հաշվետվություն իրականացված բժշկական օգնության և սպասարկման մասին՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանած կարգի և հաստատված ձևերի:
8. Առողջապահական կազմակերպության ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է պատվիրատուի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված հայտերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությամբ:
II.Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու ֆինանսավորումը
9. Հիվանդանոցային կազմակերպություններում (այսուհետև՝ հիվանդանոց) սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով հաստատված բժշկական օգնության և սպասարկման ծրագրերին համապատասխան:
10. Հոգեթմրաբանական, հակատուբերկուլյոզային ծառայություններում սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժման համար սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են տվյալ հիվանդանոցի համար պլանավորվող հիվանդների թվի, բուժման միջին տևողության և մեկ մահճակալ/օրվա համար նախատեսված միջին գնի արտադրյալով:
Ֆինանսավորումն իրականացվում է ըստ բուժօգնության տեսակների, փաստացի կատարված հիվանդ/օրերի դիմաց, հիվանդի բուժման մեկ օրվա համար նախատեսված միջինացված գնով, սակայն ոչ ավելի քան հաստատված սահմանափակված բյուջեի ծավալը:
Հիվանդանոցներում փաստացի կատարված հիվանդ/օրերը, որոնք ենթակա են փոխհատուցման, չեն կարող գերազանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված բուժման միջին տևողությունը:
11. Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության համար սահմանափակված բյուջեի ծավալը որոշվում է՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժօգնության համար նախատեսված հատկացումների չափով՝ ըստ նախորդ տարվա պետական պատվերի շրջանակներում կատարված և պատվիրատուի կողմից ընդունված բուժօգնության փաստացի ծավալների (այսուհետև՝ փաստացի կատարված բուժօգնության ծավալներ) համամասնության.
12. Մինչև 18 տարեկան երեխաների բուժօգնության համար սահմանափակված բյուջեի ծավալը որոշվում է՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության համար նախատեսված հատկացումների չափով՝ ըստ նախորդ տարվա ընթացքում հիվանդանոցներում կատարված և պատվիրատուի կողմից ընդունված “Բուժօգնություն մինչև 18 տարեկան երեխաներին” ծրագրի փաստացի ծավալների համամասնության.
13. Հիվանդանոցներում աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բուժօգնության, ՍՃՓ և մաշկային հիվանդությունների բուժօգնության, անհետաձգելի բուժօգնության իրականացման համար սահմանափակված բյուջեի պայմանագրային ծավալները որոշվում են ըստ նախորդ տարվա պետական պատվերի շրջանակներում կատարված և պատվիրատուի կողմից ընդունված բուժօգնության փաստացի ծավալների (այսուհետև՝ փաստացի կատարված բուժօգնության ծավալներ) համամասնության.
14. Ծննդաբերության հետ կապված բուժօգնության սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են՝
ա) ծնունդների կանխատեսվող թվի (նախորդ տարվա ծնունդների չափով) և մեկ ծնունդի համար հաստատված գնի արտադրյալով.
բ) հղիության ախտաբանության հետ կապված բուժօգնության կանխատեսվող դեպքերի թվի (ոչ ավել, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված չափաքանակները) և մեկ դեպքի համար հաստատված գնի արտադրյալով:
15. Հեմոդիալիզի անցկացման համար սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են նախարարության կողմից` ըստ հեմոդիալիզ իրականացնող հիվանդանոցի համար հաստատված հիվանդների թվի, մեկ հիվանդի համար նախատեսված սեանսների միջին տարեկան թվի և մեկ սեանսի գնի արտադրյալով:
16. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բուժման սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծավալների և նախորդ տարվա ընթացքում փաստացի կատարած բուժօգնության ծավալների համադրումից առաջացած գործակցի և առանձին հիվանդանոցների կողմից նախորդ տարվա ընթացքում կատարված փաստացի բուժօգնության ծավալի արտադրյալով:
Կազմակերպությունների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց փոխհատուցվում է բուժման նպատակով բնակության վայրից բուժհաստատություն և հակառակ ուղղությամբ մեկնելու ճանապարհածախսը` տվյալ բնակավայրում գործող հասարակական տրանսպորտային միջոցի սակագնով: Նշված տրանսպորտային ծախսերը բուժհաստատությանը փոխհատուցվում են պատվիրատուի կողմից` լրացուցիչ:
17. Պայմանագրային գումարները հաստատվում են սույն կարգով հաշվարկված սահմանափակված բյուջեի ծավալների չափով: Անհրաժեշտության դեպքում այն կարող է փոփոխվել նախարարի կողմից: Հաստատված պայմանագրային գումարի 10 տոկոս փաստացի ծավալների շեղումը (թերակատարում կամ գերակատարում) համարվում է ռիսկի գոտի, որի պայմաններում փոխհատուցումը կատարվում է հաստատված պայմանագրային գումարի չափով:
Ռիսկի գոտուց պակաս փաստացի կատարված բուժօգնության ծավալների թերակատարման դեպքում փոխհատուցումը կատարվում է փաստացի կատարված բուժօգնության ծավալների չափով:
Ելնելով կազմակերպությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների ծավալներից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի առողջապահական խմբի ծրագրերին հատկացված միջոցների սահմաններում տվյալ տարվա ընթացքում նախարարի կողմից կարող են կատարվել վերաբաշխումներ` կազմակերպությունների պայմանագրային գումարներում:
18. Բացառությամբ հեմոդիալիզի անցկացման և անհետաձգելի բուժօգնության՝ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժօգնությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված հիվանդանոցային բուժօգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկի շրջանակներում, տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, (իսկ հոգեկան հիվանդությունների և տուբերկուլյոզի հետ կապված դեպքերում՝ համապատասխան մասնագետի) կողմից տրված ուղեգրերով:
19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող գումարների շրջանակներում նախարարը հաստատում է հիվանդանոցային բուժօգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը:
20. Հատուկ ցուցումների դեպքում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնություն կարող է իրականացվել նաև՝
ա) նախարարի կողմից տրված ուղեգրերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում՝ յուրաքանչյուր հիվանդանոցի «Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժում» ծրագրով նախատեսված սահմանափակված բյուջեի պայմանագրային ծավալի սահմաններում,
բ) հիվանդանոցի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից գլխավորվող բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա` տվյալ հիվանդանոցի «Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժում» ծրագրով նախատեսված` սահմանափակված բյուջեի պայմանագրային ծավալի 3 տոկոսի սահմաններում:
21. Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն և սպասարկում ստանալու նպատակով հիվանդանոցային կազմակերպություն ուղեգրման կարգը սահմանում է նախարարը:
III. Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումն ու ֆինանսավորումը
22. Յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության համար «Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության» պայմանագրային ծավալը որոշվում է.
ա) առողջության առաջնային պահպանման՝ տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, դեռահասների կաբինետների մասնագետի համար՝ հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով,
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 20-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 555 որոշմամբ հաստատված ցանկերում ներառված խմբերին և հիվանդություններով տառապող անձանց դեղորայքի տրամադրման համար հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով,
գ) նեղ մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության (ներառյալ նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց իրականացվող մասնագիտացված բուժօգնությունը) և լաբորատոր-գործիքային հետազոտությունների (ներառյալ նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտությունները) համար՝ հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով,
դ) դիսպանսերային բուժօգնության համար՝ հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով,
ե) մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության համար՝ այդ ծրագրերով նախատեսված ֆինանսական ծավալների ու նախորդ տարվա ընթացքում փաստացի կատարված բուժօգնության ծավալների համադրումից առաջացած գործակցի և առանձին կազմակերպությունների կողմից նախորդ տարվա փաստացի կատարված բուժօգնության ծավալի արտադրյալով,
զ) մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության համար՝
- հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով հղիների կանխատեսվող թվաքանակի (նախորդ տարվա հղիների թվաքանակով) և մեկ հղիի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) հաստատված գնի արտադրյալով.
- հղիների նախածննդյան և հետծննդյան լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և նեղ մասնագետների կոնսուլտացիաների մասով՝ հղիների կանխատեսվող թվաքանակի (նախորդ տարվա հղիների թվաքանակով) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մեկ հղիին անհրաժեշտ հետազոտությունների համար հաշվարկված գնի արտադրյալով,
- կանանց գինեկոլոգիական օգնության համար` հունվարի մեկի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման համար հաստատված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքի մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով:
23. Պատվիրատուն յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության հետ կնքում է պայմանագիր սույն կարգով հաշվարկված ծավալի չափով, անհրաժեշտության դեպքում այն կարող է փոփոխվել նախարարի կողմից:
24. Պատվիրատուի կողմից ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ֆինանսավորումն իրականացվում է՝
ա) առողջության առաջնային պահպանման՝ տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, դեռահասների կաբինետի մասնագետի, նեղ մասնագիտացված կաբինետների, ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային և մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության (հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության համար) մասով՝ ամսական կտրվածքով, առողջության առաջնային պահպանման, ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային և մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության (հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով), նեղ մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության (ներառյալ նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց իրականացվող մասնագիտացված բուժօգնությունը), համար հաստատված տարեկան պայմանագրային գումարի համամասնությամբ.
բ) մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության, լաբորատոր-գործիքային հետազոտությունների (ներառյալ նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտությունները) և մանկաբարձագինեկոլոգիական օգնության (հղիների նախածննդյան և հետծննդյան լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար) մասով փաստացի կատարված աշխատանքների դիմաց, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայությունների համար հաշվարկված տարեկան պայմանագրային ծավալը.
գ) անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղորայքի մասով` փաստացի կատարված ծախսերի չափով, սակայն ոչ ավելի, քան դեղորայքի տրամադրման համար հաշվարկված տարեկան պայմանագրային գումարը:
(24-րդ կետը խմբ. 28.03.2006 N 175)
25. Պատվիրատուն ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով փոխհատուցումը կատարում է յուրաքանչյուր տարվա "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի "Առողջապահություն" խմբի "Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն" ենթախմբի համապատասխան ծրագրերով նախատեսված գումարներից:
26. Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված բնակչության պլանային հոսպիտալացումն իրականացվում է տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի կողմից տրված ուղեգրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախախարի կողմից հաստատված հիվանդանոցային բուժօգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկի շրջանակներում:
IV. Պետության կողմից երաշխավորված անվճար շտապ բժշկական օգնության կազմակերպումն ու ֆինանսավորումը
27. Պետության կողմից երաշխավորված անվճար շտապ բժշկական օգնության կայանի (բաժանմունքների) պայմանագրային ծավալը որոշվում է նախարարի կողմից հաստատված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) ըստ տարածաշրջանների տարեկան կտրվածքով պլանավորող կանչերի թվի և մեկ կանչի սպասարկման արժեքի արտադրյալով:
28. Ֆինանսավորումն իրականացվում է ըստ փաստացի սպասարկված կանչերի՝ նախարարի կողմից սահմանված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) գներով, ոչ ավել, քան տարեկան պայմանագրային գումարը:
29. Պատվիրատուն շտապ բժշկական օգնության դիմաց փոխհատուցումը կատարում է յուրաքանչյուր տարվա "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի "Առողջապահություն" խմբի "Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր" ենթախմբի շտապ բժշկական օգնության համար նախատեսված գումարներից:
V. Պետական մասնակցությամբ ընկերություններում ֆինանսական հոսքերի կառավարումը
30. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տարեկան ծավալի և տարվա ընթացքում առողջապահական կազմակերպությունում այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների շրջանակներում կազմվում և հիմնադրի լիազորությունները իրականացնող մարմնի կողմից հաստատվում է բժշկական կազմակերպության եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը:
31. Տարեկան եկամուտները հաշվարկվում են սույն կարգի II, III, IV բաժիններում նշված եղանակներով և այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների չափով: Ընդ որում, բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական մուտքերը կանխատեսվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի "Առողջապահություն" խմբի ծախսերի կատարման եռամսյակային համամասնությամբ:
32. Տարեկան ծախսերի ծավալները որոշվում են բժշկական օգնության և սպասարկման կանխատեսվող եկամուտների շրջանակներում: Ծախսերի կառուցվածքը որոշվում է հետևյալ կողմնորոշիչ չափանիշներով՝
ա) դեղորայքի, վիրակապական միջոցների, բժշկական պարագաների ձեռքբերման և տեխնիկական սպասարկման ծախսերը նախատեսվում են՝ ելնելով բժշկական կազմակերպության ուղղվածության, հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքի պահանջի ապահովման, լաբորատոր-ախտորոշիչ նյութերի ձեռքբերման, սարքավորումների տեխնիկական վիճակի ապահովման ծախսերի չափից.
բ) սննդի ծախսերը նախատեսվում են հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող կազմակերպություններում և բաժանմունքներում: Մյուս կազմակերպություններում և բաժանմունքներում սննդի ծախսերը կատարվում են հիվանդի պահանջով, ընդ որում, առաջացած սննդի ծախսերի տնտեսումները (թերածախս) կարող են ուղղվել կազմակերպության մյուս ծախսերին.
գ) էկեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղու, ջեռուցման, կապի և մյուս ծախսերը սահմանվում են տարածաշրջանի համանման պրոֆիլի կազմակերպություններում մեկ հիվանդի հաշվով նախորդ տարվա փաստացի կատարված ծախսերի նվազագույնի չափով:
33. Կատարողի և պատվիրատուի փոխհամաձայնությամբ սահմանվում են՝ բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային ծախսերի կառուցվածքը և կողմնորոշիչ չափաքանակները, աշխատանքների կատարման տարեկան ծավալների եռամսյակային համամասնությունը:
34. Կազմակերպությունում ստացված ֆինանսական մուտքերը, անկախ ֆինանսավորման աղբյուրից, հաշվառվում են ընդհանուր դրամարկղում և առաջին հերթին ուղղվում են կոլեկտիվի անդամների աշխատանքի վարձատրությանը, դեղորայքային ապահովմանը և այլ առաջնահերթ ծախսերի համամասնական կատարմանը:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |