ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«19» հունվարի 2012թ. |
N 10-Ն |
ք.Ստեփանակերտ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ
ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ԴՐԱՄԱԿԱՆ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ,
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 341-րդ, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4‑րդ հոդվածների համաձայն և զինվորական կենսաթոշակ չստացող՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձանց սոցիալապես աջակցելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրենին՝
1) ընդունել ի գիտություն, որ մինչև սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի գործողությունը տարածվելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքին նշանակված դրամական օգնությունը շարունակվում է վճարվել սույն որոշմամբ սահմանված` զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի հիման վրա.
2) միջոցներ ձեռնարկել սույն որոշմամբ սահմանված` զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը մեկամսյա ժամկետում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումներին տրամադրելու (կենսաթոշակի, դրամական օգնության գործերին կցելու) և կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազայում համապատասխան տեղեկատվությունն արտացոլելու համար.
3) սույն որոշմամբ սահմանված դրամական օգնություն ստացողների և վճարված գումարների մասին կիսամյակային տեղեկատվություն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
(2-րդ կետը փոփ. 28.02.2013 N 82-Ն)
3. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշանակվող ամենամսյա դրամական օգնության գումարները ֆինանսավորվում են՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ սահմանված ամենամսյա դրամական օգնության չափերով, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» կետերում նշված դեպքերի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից՝
ա. սույն կետի 1-ին ենթակետում նշված չափերը գերազանցող գումարների մասով,
բ. սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետում նշված անձանց մասով,
գ. սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ և դրա փոխարեն սահմանված ամենամսյա դրամական օգնություն չնշանակված այն անձանց մասով, ում կենսաթոշակի իրավունքը ծագել է 2011 թվականի հունվարի 1-ից հետո։
(3-րդ կետը խմբ. 28.02.2013 N 82-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
5. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մասով՝ 2011 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«19» հունվարի 2012թ. N 10-Ն որոշման |
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ
ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ԴՐԱՄԱԿԱՆ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնություն (այսուհետ` դրամական օգնություն) նշանակելու և վճարելու կարգը, ինչպես նաև դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների:
Սույն կարգի իմաստով զինծառայողը համարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե՝
1) զոհվել (մահացել) է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս.
2) եղել է պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող (կամ ռազմաուսումնական հաստատությունում սովորող կուրսանտ) և զոհվել (մահացել) է պարտադիր զինծառայության ժամանակ՝ բացառությամբ զորամասն ինքնակամ լքելու կամ կանխամտածված այլ օրինազանցության դեպքերի (ընդ որում՝ կանխամտածված օրինազանցություն չի համարվում պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի ինքնասպանությունը).
3) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով, կամ մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց 5 տարի հետո, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով.
4) անհայտ կորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հատուկ պարտականություններ կատարելու ժամանակ:
(1-ին կետը փոփ., խմբ. 28.02.2013 N 82-Ն)
2. Դրամական օգնությունը նշանակում են՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումները.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմին) համապատասխան իրավասու ստորաբաժանումները (այսուհետ՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում):
(2-րդ կետը փոփ. 28.02.2013 N 82-Ն)
II. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ
ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
3. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`
1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 27000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 23000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 18000 դրամ.
2) այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 5000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 3000 դրամ.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 50000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 43000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 31000 դրամ.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 14000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 12000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 10000 դրամ.
5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները` 8000 դրամ.
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` 5000 դրամ.
7) Արցախի հերոսները` 150000 դրամ.
8) Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձինք` 15000 դրամ.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝
ա. յուրաքանչյուր երեխան՝ 16000 դրամ,
բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 13000 դրամ.
Սույն կետի 1-6-րդ ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:
(3-րդ կետը փոփ. 28.12.2013 N 966-Ն)
4. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`
1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք`12000 դրամ.
1.1) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողություններին մասնակից անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել հետագայում` 7000 դրամ.
2) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ.
Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:
(4-րդ կետը լրաց. 28.02.2013 N 82-Ն)
5. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող հետևյալ կատեգորիաների անձինք`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝
ա. յուրաքանչյուր երեխան՝ 30000 դրամ,
բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 23000 դրամ.
2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամը՝ 12000 դրամ.
Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:
(5-րդ կետը փոփ. 28.02.2013 N 82-Ն)
6. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն պետական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող (կենսաթոշակ չստացող)՝ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ:
7. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն (անկախ ընտանիքում կենսաթոշակառու լինելու հանգամանքից) զոհված զինծառայողների ընտանիքները՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, անչափահաս տարիքում առնվազն 10 տարի խնամած (դատական կարգով խնամած անձ ճանաչված) անձը, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 30000 դրամ, որին ավելացվում է զոհված զինծառայողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի համար՝ լրացուցիչ 20000 դրամ.
2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, անչափահաս տարիքում առնվազն 10 տարի խնամած (դատական կարգով խնամած անձ ճանաչված) անձը, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 7000 դրամ:
8. Սույն կարգի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:
Եթե սույն կարգով սահմանված ամենամսյա դրամական օգնության չափը փոքր է նախկինում (մինչև սույն կարգի գործողությունը տարածվելը) տվյալ անձին կամ ընտանիքին նշանակված (վճարվող) դրամական օգնության և զինվորական կենսաթոշակին տրվող հավելման հանրագումարից՝ ապա ամենամսյա դրամական օգնությունը վճարվում է նախկինում վճարվող դրամական օգնության և զինվորական կենսաթոշակին տրվող հավելման հանրագումարի չափով:
III. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
9. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց դրամական օգնություն է նշանակվում լիազոր կամ համապատասխան այն մարմնի կողմից, որտեղ գտնվում է անձի կենսաթոշակի գործը:
10. Սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց և 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված ընտանիքներին դրամական օգնություն է նշանակվում համապատասխան այն մարմնի կողմից, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը, իսկ 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց և 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ընտանիքներին՝ լիազոր մարմնի կողմից:
11. Սույն կարգի 6-րդ կետում նշված անձանց դրամական օգնություն է նշանակվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:
12. Դրամական օգնությունը նշանակվում է զոհված զինծառայողի ընտանիքի՝ այդ օգնությունն ստանալու իրավունք ունեցող անդամներից մեկին՝ ընտանիքի համար:
13. Ընտանիքի՝ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անդամի պահանջով նրա դրամական օգնության բաժինն առանձնացվում է: Այս դեպքում ընտանիքի անդամի դրամական օգնության բաժինը հաշվարկվում է ընտանիքին տրվող դրամական օգնության գումարը (առանց սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ երեխաների համար տրվող դրամական օգնության գումարի) ընտանիքի՝ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Զոհված զինծառայողի երեխայի պահանջով, նրա դրամական օգնության բաժինն առանձնացնելիս, նրան վճարվում է այդ բաժինը և նրան հասանելիք դրամական օգնությունը: Դրամական օգնության առանձնացված բաժինը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
14. Դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու օրվանից:
15. Դրամական օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում, վերականգնվում, դրամական օգնություն վճարելը դադարեցվում և վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու՝ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ չվճարված դրամական օգնության գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով:
16. Դրամական օգնությունը նշանակվում, վճարումն ապահովվում, չվճարված դրամական օգնության գումարների վճարումն ապահովվում, դրամական օգնության գործը (փաստաթղթերը) վարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9 -Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգին համապատասխան:
16.1. Դրամական օգնության ավելի վճարված գումարների հետգանձումն իրականացվում է ավելի վճարված կենսաթոշակի գումարների հետգանձման համար սահմանված կարգով:
(16.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 82-Ն)
17. Եթե դրամական օգնություն ստանալու համար դիմող անձը կենսաթոշակ նշանակող տվյալ ստորաբաժանումում ունի կենսաթոշակի գործ, ապա նրա կենսաթոշակի գործին կարվում է դրամական օգնություն նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իսկ եթե դրամական օգնություն ստանալու համար դիմող անձը կենսաթոշակ նշանակող տվյալ ստորաբաժանումում կենսաթոշակի գործ չունի, ապա կազմվում է դրամական օգնության գործ:
18. Յուրաքանչյուր ամսվա դրամական օգնությունը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Դրամական օգնության գումարները վճարվում են կենսաթոշակների վճարման հետ միասին:
19. Մինչև սույն կարգի գործողությունը տարածվելը նշանակված, բայց չստացված դրամական օգնության գումարները վճարվում են դիմելուն նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը դրամական օգնություն ստանալու իրավունք է ունեցել:
20. Զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են աշխատանքային կենսաթոշակ և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ կամ սոցիալական կենսաթոշակ և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ, իրավունք ունեն, իրենց ընտրությամբ, զինվորական կենսաթոշակի փոխարեն ստանալու դրամական օգնություն՝ այդ մասին ներկայացնելով գրավոր դիմում:
21. Դիմումի հետ միասին անձը ներկայացնում է նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ վճարելը դադարեցնելու մասին տեղեկանքը, որում պետք է նշված լինի կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ժամկետը: Այս դեպքում դրամական օգնությունը նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից:
22. (կետն ուժը կորցրել է 28.12.2013 N 966-Ն)
22.1. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով, ինչպես նաև 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է, եթե տվյալ անձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի N 34 որոշմամբ սահմանված ամենամսյա դրամական օգնություն նշանակված չէ։
(22.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 82-Ն)
IV. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
23. Դրամական օգնությունը նշանակելու համար սույն կարգի 3-6-րդ կետերում նշված անձինք կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացնում՝
1) դիմումը.
2) անձնագիրը և դրա պատճենը.
3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.
4) կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը).
4.1) գրավոր հայտարարություն՝ կենսաթոշակ նշանակող այլ ստորաբաժանումների կողմից սույն որոշմամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի N 34 որոշմամբ սահմանված ամենամսյա դրամական օգնություն նշանակված լինելու կամ չլինելու մասին.
5) սույն կարգի 3-րդ կետի 9-րդ ենթակետում նշված անձինք՝ նաև սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մարմինների տված տեղեկանքը՝ զինծառայողի զոհվելու մասին:
(23-րդ կետը լրաց. 28.02.2013 N 82-Ն, փոփ. 28.12.2013 N 966-Ն)
24. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամն ընտանիքի համար դրամական օգնություն ստանալու նպատակով կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում՝
1) դիմումը.
2) անձնագիրը և դրա պատճենը.
3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.
4) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մարմինների տված տեղեկանքը՝ զինծառայողի զոհվելու մասին,
5) անհրաժեշտության դեպքում՝ նաև.
ա. կերակրողի երեխայի, հաշմանդամ զավակի, ամուսնու, ծնողի անձնագրերը (մինչև 16 տարեկան անչափահասների համար՝ ծննդյան վկայականները) և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքները և դրանց պատճենները,
բ. ամուսնության վկայականը,
գ. զավակին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը,
դ. առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը,
ե. զոհված զինծառայողին անչափահաս տարիքում առնվազն 10 տարի խնամած լինելու (խնամած անձ ճանաչված լինելու) մասին դատարանի վճիռը,
զ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը կերակրողի մահվան պատճառական կապի մասին:
(24-րդ կետը լրաց. 28.02.2013 N 82-Ն, փոփ., խմբ. 28.12.2013 N 966-Ն)
(հավելված 1-ը փոփ., խմբ., լրաց. 28.08.2013 N 82-Ն, փոփ., խմբ. 28.12.2013 N 966-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«19» հունվարի 2012թ. N 10-Ն որոշման |
Ձև
| ____________________ |
|
(մարմնի անվանումը) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Զինծառայող_______________________________________________________________________ |
|
(անունը, հայրանունը, ազգանունը) |
| Ծնվել է ___________________________________________________________________________ |
|
(օրը, ամիսը, տարեթիվը) |
| Բնակվել է _________________________________________________________________________ |
|
(հասցեն) |
| __________________________________________________________________________________ |
| __________________________________________________________________________________ |
|
(զոհվելու (մահանալու, անհայտ կորչելու) օրը, ամիսը, տարեթիվը, պատճառը) |
| __________________________________________________________________________________ |
|
(կազմը և զինվորական կոչումը) |
|
Տեղեկանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012
թվականի______ -ի N______ -Ն որոշմամբ սահմանված դրամական օգնություն նշանակելու համար`
զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից մեկին: |
|
Տեղեկանքը տրամադրող
ստորաբաժանման անվանումը __________________________________________________________ |
| Ստորաբաժանման ղեկավար ___________________________________________________________ |
| (ստորագրությունը, անունը, ազգանունը) |
| ___ ___________ |
| ____ _______________20__ թ. |
| Կ.Տ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |