ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«19» հունվարի 2012թ. |
N 10-Ն |
ք.Ստեփանակերտ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ
ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ
ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 341-րդ, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4‑րդ հոդվածների համաձայն և զինվորական կենսաթոշակ չստացող՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձանց սոցիալապես աջակցելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը` ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճարը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու (սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու) մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ., լրաց. 28.11.2014 N 810-Ն)
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենին՝
1) ընդունել ի գիտություն, որ մինչև սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի գործողությունը տարածվելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքին նշանակված դրամական օգնությունը շարունակվում է վճարվել սույն որոշմամբ սահմանված` զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի հիման վրա.
2) միջոցներ ձեռնարկել սույն որոշմամբ սահմանված` զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը մեկամսյա ժամկետում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումներին տրամադրելու (կենսաթոշակի, պարգևավճարի գործերին կցելու) և կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազայում համապատասխան տեղեկատվությունն արտացոլելու համար.
3) սույն որոշմամբ սահմանված պարգևավճար ստացողների և վճարված գումարների մասին կիսամյակային տեղեկատվություն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
(2-րդ կետը փոփ. 28.02.2013 N 82-Ն, 28.11.2014 N 810-Ն)
3. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշանակվող ամենամսյա պարգևավճարի գումարները ֆինանսավորվում են՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ սահմանված ամենամսյա պարգևավճարի չափերով, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետի «բ» կետում նշված դեպքի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից՝
ա. սույն կետի 1-ին ենթակետում նշված չափերը գերազանցող գումարների մասով,
բ. սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետում նշված անձանց մասով:
գ. (պարբերությունն ուժը կորցրել է 26.05.2015 N 312-Ն)
(3-րդ կետը խմբ. 28.02.2013 N 82-Ն, փոփ. 28.11.2014 N 810-Ն, 26.05.2015 N 312-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
5. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մասով՝ 2011 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«19» հունվարի 2012թ. N 10-Ն որոշման |
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ
ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ
ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճար (այսուհետ` պարգևավճար) նշանակելու և վճարելու կարգը, ինչպես նաև պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների:
Սույն կարգի իմաստով զինծառայողը համարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե՝
1) զոհվել (մահացել) է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս.
2) եղել է պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող (կամ ռազմաուսումնական հաստատությունում սովորող կուրսանտ) և զոհվել (մահացել) է պարտադիր զինծառայության ժամանակ՝ բացառությամբ զորամասն ինքնակամ լքելու կամ կանխամտածված այլ օրինազանցության դեպքերի (ընդ որում՝ կանխամտածված օրինազանցություն չի համարվում պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի ինքնասպանությունը).
3) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով, կամ մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց 5 տարի հետո, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով.
4) անհայտ կորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հատուկ պարտականություններ կատարելու ժամանակ:
Սույն կարգի իմաստով՝ զինծառայողը համարվում է այլ պետություններում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե եղել է պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող և զոհվել (մահացել) է պարտադիր զինծառայության ժամանակ:
(1-ին կետը փոփ., խմբ. 28.02.2013 N 82-Ն, փոփ., լրաց. 28.11.2014 N 810-Ն)
2. Պարգևավճարը նշանակում են՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության (այսուհետ՝ լիազոր մարմին) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումները.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմին) համապատասխան իրավասու ստորաբաժանումները (այսուհետ՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում):
(2-րդ կետը փոփ. 28.02.2013 N 82-Ն, 25.04.2014 N 256-Ն, 28.11.2014 N 810-Ն)
II. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ
ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
3. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`
1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 32000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 28000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 23000 դրամ.
2) այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 5000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 3000 դրամ.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 55000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 48000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 36000 դրամ.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 19000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 17000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 15000 դրամ.
5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները` 8000 դրամ.
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` 5000 դրամ.
7) Արցախի հերոսները` 150000 դրամ.
8) Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձինք` 15000 դրամ.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝
ա. յուրաքանչյուր երեխան՝ 16000 դրամ,
բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 13000 դրամ.
Սույն կետի 1-6-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:
(3-րդ կետը փոփ. 28.12.2013 N 966-Ն, 28.11.2014 N 810-Ն, 23.12.2014 N 905-Ն)
4. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`
1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք`12000 դրամ.
1.1) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողություններին մասնակից անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել հետագայում` 7000 դրամ.
2) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ.
Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:
(4-րդ կետը լրաց. 28.02.2013 N 82-Ն, փոփ. 28.11.2014 N 810-Ն)
5. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով`
1) յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ,
2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ:
(5-րդ կետը փոփ. 28.02.2013 N 82-Ն, խմբ. 28.11.2014 N 810-Ն, փոփ. 23.12.2014 N 905-Ն)
5.1. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ (բացառությամբ մասնակի, արտոնյալ պայմաններով և երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) ստացող՝ հետևյալ կատեգորիաների անձինք (եթե չեն աշխատում` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝
ա. յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ,
բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ.
2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը՝ 17000 դրամ։
Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:
(5.1-ին կետը լրաց. 28.11.2014 N 810-Ն, փոփ. 23.12.2014 N 905-Ն)
6. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն պետական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող (կենսաթոշակ չստացող)՝ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ:
(6-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
7. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն (անկախ ընտանիքում կենսաթոշակառու լինելու հանգամանքից) զոհված զինծառայողների ընտանիքները՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, անչափահաս տարիքում առնվազն 10 տարի խնամած (դատական կարգով խնամած անձ ճանաչված) անձը, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 30000 դրամ, որին ավելացվում է զոհված զինծառայողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի համար՝ լրացուցիչ 20000 դրամ.
2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 7000 դրամ:
(7-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
8. Սույն կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 5.1-ին կետերով միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:
Եթե սույն կարգով սահմանված պարգևավճարի չափը փոքր է նախկինում (մինչև սույն կարգի գործողությունը տարածվելը) տվյալ անձին կամ ընտանիքին նշանակված (վճարվող) պարգևավճարին և զինվորական կենսաթոշակին տրվող հավելման հանրագումարից՝ ապա պարգևավճարը վճարվում է նախկինում վճարվող պարգևավճարին և զինվորական կենսաթոշակին տրվող հավելման հանրագումարի չափով:
(8-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
III. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
9. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց պարգևավճար է նշանակվում լիազոր կամ համապատասխան այն մարմնի կողմից, որտեղ գտնվում է անձի կենսաթոշակի գործը:
(9-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
10. Սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց և 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված ընտանիքներին պարգևավճար է նշանակվում համապատասխան այն մարմնի կողմից, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը, իսկ 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց և 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ընտանիքներին՝ լիազոր մարմնի կողմից:
(10-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
11. Սույն կարգի 6-րդ կետում նշված անձանց դրամական օգնություն է նշանակվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:
12. Սույն կարգի 7-րդ կետում նշված պարգևավճարը նշանակվում է զոհված զինծառայողի ընտանիքի՝ այդ պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անդամներից մեկին՝ ընտանիքի համար:
(12-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
13. Ընտանիքի՝ սույն կարգի 7-րդ կետում նշված պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անդամի պահանջով նրա պարգևավճարի բաժինն առանձնացվում է: Այս դեպքում ընտանիքի անդամի պարգևավճարի բաժինը հաշվարկվում է ընտանիքին տրվող պարգևավճարի գումարը (առանց սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ երեխաների համար տրվող պարգևավճարի գումարի) ընտանիքի՝ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Զոհված զինծառայողի երեխայի պահանջով, նրա պարգևավճարի բաժինն առանձնացնելիս, նրան վճարվում է այդ բաժինը և նրան հասանելիք պարգևավճարը: Պարգևավճարի առանձնացված բաժինը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
(13-րդ կետը փոփ., լրաց. 28.11.2014 N 810-Ն)
14. Պարգևավճարը նշանակվում է`
1) պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակելու դիմումի հետ ներկայացվելու դեպքում` կենսաթոշակ նշանակելու օրվանից.
2) պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակելու դիմումի հետ չներկայացվելու դեպքում`
ա. կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե պարգևավճարի իրավունքը ծագել է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
բ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու օրվանից, եթե պարգևավճարի իրավունքը ծագել է հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատվելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
գ. սույն կարգի 3-րդ կետի 9-րդ ենթակետում նշված դեպքում` զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից (բայց ոչ շուտ, քան զինվորական կենսաթոշակ նշանակելու օրվանից), եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.
3) սույն կարգի 6-րդ կետում և 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից.
4) սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում` զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.
5) դիմելու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-4-րդ ենթակետերում սահմանված ժամկետներից հետո:
(14-րդ կետը խմբ. 28.11.2014 N 810-Ն)
15. Պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվում, վերականգնվում, պարգևավճար վճարելը դադարեցվում և վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու՝ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ չվճարված պարգևավճարի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով:
(15-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
16. Պարգևավճարը նշանակվում, վճարումն ապահովվում, չվճարված պարգևավճարի գումարների վճարումն ապահովվում, պարգևավճարի գործը (փաստաթղթերը) վարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9 -Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգին համապատասխան:
(16-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
16.1. Պարգևավճարի ավելի վճարված գումարների հետգանձումն իրականացվում է ավելի վճարված կենսաթոշակի գումարների հետգանձման համար սահմանված կարգով:
(16.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 82-Ն, փոփ. 28.11.2014 N 810-Ն)
17. Եթե պարգևավճար ստանալու համար դիմող անձը կենսաթոշակ նշանակող տվյալ ստորաբաժանումում ունի կենսաթոշակի գործ, ապա նրա կենսաթոշակի գործին կարվում է պարգևավճար նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իսկ եթե պարգևավճար ստանալու համար դիմող անձը կենսաթոշակ նշանակող տվյալ ստորաբաժանումում կենսաթոշակի գործ չունի, ապա կազմվում է պարգևավճարի գործ:
(17-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
18. Յուրաքանչյուր ամսվա պարգևավճարը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Պարգևավճարի գումարները վճարվում են կենսաթոշակների վճարման հետ միասին:
(18-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
19. (կետն ուժը կորցրել է 28.11.2014 N 810-Ն)
20. Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են աշխատանքային կենսաթոշակ և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ կամ սոցիալական կենսաթոշակ և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ, իրավունք ունեն, իրենց ընտրությամբ, զինվորական կենսաթոշակի փոխարեն ստանալու պարգևավճար՝ այդ մասին ներկայացնելով գրավոր դիմում:
(20-րդ կետը փոփ., լրաց. 28.11.2014 N 810-Ն)
21. Դիմումի հետ միասին անձը ներկայացնում է նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ վճարելը դադարեցնելու մասին տեղեկանքը, որում պետք է նշված լինի կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ժամկետը: Այս դեպքում պարգևավճարը նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից:
(21-րդ կետը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
22. (կետն ուժը կորցրել է 28.12.2013 N 966-Ն)
22.1. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով, ինչպես նաև 4-րդ և 6-րդ կետերով սահմանված պարգևավճարը նշանակվում և վճարվում է, եթե տվյալ անձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի N 34 որոշմամբ սահմանված ամենամսյա դրամական օգնություն նշանակված չէ։
(22.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 82-Ն, փոփ. 28.11.2014 N 810-Ն)
IV. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
(վերնագիրը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
23. Պարգևավճարը նշանակելու համար անձը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում՝
1) դիմումը.
2) անձնագիրը (կամ նույնականացման քարտը) և դրա պատճենը.
3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.
4) կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը).
4.1) գրավոր հայտարարություն՝ կենսաթոշակ նշանակող այլ ստորաբաժանումների կողմից սույն որոշմամբ սահմանված պարգևավճար, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի N 34 որոշմամբ սահմանված ամենամսյա դրամական օգնություն նշանակված լինելու կամ չլինելու մասին.
5) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մարմինների տված տեղեկանքը՝ զինծառայողի զոհվելու մասին կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու, սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու մասին տեղեկանքը։
(23-րդ կետը լրաց. 28.02.2013 N 82-Ն, փոփ. 28.12.2013 N 966-Ն, փոփ., լրաց., խմբ. 28.11.2014 N 810-Ն)
24. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամն ընտանիքի համար սույն կարգի 7-րդ կետում նշված պարգևավճար ստանալու նպատակով կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում՝
1) դիմումը.
2) անձնագիրը (կամ նույնականացման քարտը) և դրա պատճենը.
3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.
4) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մարմինների տված տեղեկանքը՝ զինծառայողի զոհվելու մասին,
5) անհրաժեշտության դեպքում՝ նաև.
ա. կերակրողի երեխայի, հաշմանդամ զավակի, ամուսնու, ծնողի անձնագրերը կամ նույնականացման քարտերը (մինչև 16 տարեկան անչափահասների համար՝ ծննդյան վկայականները) և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքները և դրանց պատճենները,
բ. ամուսնության վկայականը,
գ. զավակին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը,
դ. առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը,
ե. զոհված զինծառայողին անչափահաս տարիքում առնվազն 10 տարի խնամած լինելու (խնամած անձ ճանաչված լինելու) մասին դատարանի վճիռը,
զ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը կերակրողի մահվան պատճառական կապի մասին:
(24-րդ կետը լրաց. 28.02.2013 N 82-Ն, փոփ., խմբ. 28.12.2013 N 966-Ն, փոփ., լրաց., խմբ. 28.11.2014 N 810-Ն)
(հավելված 1-ը փոփ., խմբ., լրաց. 28.08.2013 N 82-Ն, փոփ., խմբ. 28.12.2013 N 966-Ն, փոփ. 25.04.2014 N 256-Ն, փոփ., լրաց., խմբ. 28.11.2014 N 810-Ն, փոփ. 23.12.2014 N 905-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«19» հունվարի 2012թ. N 10-Ն որոշման |
Ձև
| ____________________ |
|
(մարմնի անվանումը) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Զինծառայող_______________________________________________________________________ |
|
(անունը, հայրանունը, ազգանունը) |
| Ծնվել է ___________________________________________________________________________ |
|
(օրը, ամիսը, տարեթիվը) |
| Բնակվել է _________________________________________________________________________ |
|
(հասցեն) |
| __________________________________________________________________________________ |
| __________________________________________________________________________________ |
|
(զոհվելու (մահանալու, անհայտ կորչելու) օրը, ամիսը, տարեթիվը, պատճառը) |
| __________________________________________________________________________________ |
|
(կազմը և զինվորական կոչումը) |
|
Տեղեկանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012
թվականի______ -ի N______ -Ն որոշմամբ սահմանված պարգևավճար նշանակելու համար`
զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից մեկին: |
|
Տեղեկանքը տրամադրող
ստորաբաժանման անվանումը __________________________________________________________ |
| Ստորաբաժանման ղեկավար ___________________________________________________________ |
| (ստորագրությունը, անունը, ազգանունը) |
| ___ ___________ |
| ____ _______________20__ թ. |
| Կ.Տ. |
(հավելված 2-ը փոփ. 28.11.2014 N 810-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«19» հունվարի 2012թ. N 10-Ն որոշման |
|
___________________________________________________ |
|
(մարմնի անվանումը) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ՝ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ
ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ
ՈՒՆԵՆԱԼՈՒ, ՍԱԿԱՅՆ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՉՍՏԱՆԱԼՈՒ
Տրվում է _____________________________________________________________________________
(մահացած զինծառայողի ընտանիքի անդամի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը)
առ այն, որ նա _________________________________________-ի ___________________________։
(մահացած զինծառայողի անունը, ազգանունը) (ընտանիքի անդամի ազգակցական կապը)
«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի
______ -րդ և 22-րդ հոդվածի _______________________________
(կետը) (հղում համապատասխան մասին և (կամ) կետին)
համաձայն՝ ___________________________________________ունի կերակրողին կորցնելու
(ընտանիքի անդամի անունը և ազգանունը)
դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չի վճարվում:
Տեղեկանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 10-Ն որոշմամբ սահմանված պարգևավճար (համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության՝ նշանակվում է մահացած զինծառայողի ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող (չաշխատող), սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստացող անդամին) նշանակելու համար:
Ստորաբաժանման ղեկավար____________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
«____ »_____________________20____թ.
Կ.Տ.
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
(հավելված 3-ը լրաց. 28.11.2014 N 810-Ն)