ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ
ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ
ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 24-ի «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» թիվ 267 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«15» ապրիլի 2008թ.
թիվ 284 որոշման |
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ
ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ
I. ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են «Ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվող ամենամսյա պատվովճարի (այսուհետ` պատվովճար) նշանակման և վճարման կարգն ու չափը:
2. Պատվովճարը նշանակվում և վճարվում է «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած հետևյալ անձանց`
Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ և Արցախի Հանրապետության ժողովրդական նկարիչ (այսուհետ` «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց):
Պատվովճարը նշանակվում և վճարվում է նաև Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հետևյալ «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական նկարիչ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական ճարտարապետ:
(2-րդ կետը փոփ. 29.06.2018 N 529-Ն)
3. «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամսական պատվովճար սահմանել հաշվարկային նվազագույն աշխատավարձի (1000 դրամ) քառասունապատիկի չափով:
«Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց տրվող պատվովճարը սահմանվում է ցմահ:
4. «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց տրվող պատվովճարը քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նշանակում և վճարում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սոցիալական ապահովության պետական գործակալությունը՝ իր տարածքային բաժինների (այսուհետ՝ տարածքային բաժին) միջոցով` ըստ Արցախի Հանրապետությունում` դիմողի հաշվառման վայրի, իսկ հաշվառման վայր չունեցող անձին պատվովճար նշանակվում և վճարվում է ըստ նրա փաստացի բնակության վայրի: «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձինք պատվովճար նշանակելու համար տարածքային բաժին են ներկայացնում դիմում, անձնագիրը և դրա լուսապատճենը (2, 3, 5 և 6-րդ էջերի), «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականը և դրա լուսապատճենը: Տարածքային բաժնի համապատասխան աշխատողն անձնագրի և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճենների հավաստիությունը ստուգելուց հետո անձնագրի և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճենների վրա կատարում է նշագրում` «Իսկականի հետ ճիշտ է», և կնքում տարածքային բաժնի կնիքով, որից հետո անձնագիրը և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականը վերադարձնում է դիմողին:
Oտարերկրյա պետություններում բնակվող` «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձինք պատվովճարի նշանակման համար կարող են դիմել օտարերկրյա պետությունում գործող Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ` ներկայացնելով սույն կետով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև բանկի անվանումը և բանկում իր անվամբ բացված հաշվի համարը:
Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններն իրենց կնիքով կնքված և համապատասխան աշխատողի կողմից «Իսկականի հետ ճիշտ է» նշագրմամբ անձնագրի և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճեններն իրատեսական ժամկետում առաքում են նախարարություն:
(4-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803, 14.03.2012 N 113-Ն, 25.04.2014 N 256-Ն, 29.06.2018 N 529-Ն)
5. Պատվովճար նշանակելու համար դիմելու օր է համարվում պատվովճար նշանակող տարածքային բաժնի կամ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կողմից դիմումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ընդունվելու օրը: Եթե նշված դիմումն առաքվում է փոստով, և դրան կցվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա պատվովճարի նշանակման համար դիմելու օր է համարվում այդ դիմումն ուղարկող փոստային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված օրը:
Այն դեպքում, երբ դիմումին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պատվովճար նշանակող տարածքային բաժինը կամ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում են, թե անհրաժեշտ ինչ լրացուցիչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն:
Տեղեկացվելուց հետո 3 ամսվա ընթացքում այդ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմելու օր է համարվում պատվովճար նշանակելու համար դիմումն ընդունելու կամ փոստային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված օրը:
Պատվովճարը նշանակվում և վճարվում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Եթե պատվովճար ստացող անձը կենսաթոշակառու է, ապա նրա կենսաթոշակի գործին կարվում են սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերի լուսապատճենները և պատվովճար նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իսկ եթե կենսաթոշակառու չէ, ապա կազմվում է պատվովճարի գործ:
(5-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803, 29.06.2018 N 529-Ն)
6. Յուրաքանչյուր ամսվա պատվովճարը վճարվում է հաջորդ ամսվա ընթացքում:
Պատվովճարի և պատվովճար վճարելու հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին:
Պատվովճար ստացող անձն իրավունք ունի պատվովճարն ստանալու վճարման ծառայություն մատուցող կազմակերպություններից:
(6-րդ կետը փոփ. 29.06.2018 N 529-Ն)
7. Պատվովճարը կարող է վճարվել լիազորագրով լիազորված անձին` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
8. Ազատազրկման ձևով պատիժը կրող անձանց պատվովճարը նշանակվում և վճարվում է ազատազրկման վայրի տարածքային բաժինների միջոցով:
(8-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803)
9. Բնակության վայրը փոխելու դեպքում, բացառությամբ oտարերկրյա պետություններում բնակվող «Ժողովրդական» պատվավոր կոչում ունեցողների, պատվովճար ստացող անձի բնակության նոր վայրի` պատվովճար նշանակող տարածքային բաժինը պատվովճարը վճարում է նախկին բնակության վայրից պատվովճար ստացող անձի անձնական գործը ստանալուց հետո: Պատվովճար վճարելը վերսկսվում է պատվովճար ստացող անձի նախկին բնակության վայրում պատվովճարի վճարումը դադարեցվելու օրվանից:
Պատվովճար ստացող անձի անձնական գործը տեղափոխվում է բնակության նոր վայրի` պատվովճար նշանակող տարածքային բաժնի պահանջագրով:
Պատվովճար ստացող անձի անձնական գործն ուղարկող տարածքային բաժինը գործի հետ միաuին ուղարկում է նաև պատվովճարի վերջին վճարման մասին տեղեկանք:
(9-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803)
10. Պատվովճար ստացող անձին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված պատվովճարի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և մահվան վկայականը պատվովճար ստացող անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, պատվովճար նշանակող և վճարող տարածքային բաժին ներկայացնելու դեպքում:
Սահմանված ժամկետում չստացված պատվովճարի գումարը ենթակա է ժառանգման:
(10-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803)
II. ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ
11. Ամենամսյա պատվովճար վճարելը դադարեցվում է պատվովճար ստացող անձի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում` այդ հանգամանքի առաջացման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
12. Դադարեցված պատվովճարի վճարումը վերսկսվում է պատվովճար ստացող անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը դատարանի կողմից վերացվելուց հետո` տարածքային բաժին կամ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ պատվովճար ստացող անձի գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
(12-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803, 29.06.2018 N 529-Ն)
(հավելվածը փոփ. 27.11.2008 N 803, 14.03.2012 N 113-Ն, 25.04.2014 N 256-Ն, 29.06.2018 N 529-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |