ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"31" հուլիսի 2000թ. |
N 152 |
ք.Ստեփանակերտ
Արցախի Հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման միջոցառումների մասին
(վերնագիրը փոփ. 31.05.19 N 433-Ն)
Արցախի Հանրապետության տարածքի տնտեսական պաշտպանության, նրա արտաքին սահմաններով բեռների, ապրանքների, այլ արժեքների ու առարկաների (այսուհետև` ապրանքանյութական արժեքների (ԱՆԱ) օրինական ներմուծումը և արտահանումը կանոնակարգելու, ներմուծվող ապրանքների հայրենական սպառողների շահերի պաշտպանության միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 31.05.19 N 433-Ն)
1. Ստեղծել «Նաբերեժնայա» հսկիչ կետ՝ տեղակայման վայրը` քաղաք Ստեփանակերտ, Նաբերեժնայա փողոց, 3-րդ նրբանցք, 1:
(1-ին կետը փոփ. 02.04.2002 N 81, փոփ. 16.03.2004 N 82, փոփ. 28.03.2012 N 174-Ն, խմբ. 31.05.19 N 433-Ն, 05.03.21 N 197-Ն)
1.1. Սահմանել, որ ապրանքների ներմուծումն Արցախի Հանրապետության տարածք և արտահանումն Արցախի Հանրապետության տարածքից, ինչպես նաև Արցախի Հանրապետության սահմանով ուղևորների տեղափոխումը կատարվում է սույն որոշման 1-ին կետով ստեղծված հսկիչ կետով:
(1.1-ին կետը լրաց. 31.05.19 N 433-Ն, փոփ. 05.03.21 N 197-Ն)
2. Հաստատել Արցախի Հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման կարգը (կցվում է):
(2-րդ կետը փոփ. 31.05.19 N 433-Ն)
3. Արցախի Հանրապետության հարկային մարմնին` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով ապահովել ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման հսկիչ կետի կանոնավոր գործունեությունը` շուրջօրյա ռեժիմով:
(3-րդ կետը փոփ. 31.05.19 N 433-Ն, 05.03.21 N 197-Ն)
4. Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին` աջակցել Արցախի Հանրապետության հարկային մարմնին` իրականացնելու սույն որոշմամբ սահմանված գործառույթները:
(4-րդ կետը փոփ. 31.05.19 N 433-Ն)
5. ԼՂՀ ֆինանսների նախարարությանը` նորաստեղծ հսկիչ կետերի պահպանման ծախսերը իրականացնելու նպատակով ԼՂՀ հարկային պետական վարչությանը հատկացնել 3200000 դրամ ԼՂՀ կառավարության 2000թ. պահուստային ֆոնդի հաշվին:
6. ԼՂՀ կառավարության 1998թ. հուլիսի 14 ‹‹ԼՂՀ հարկային պետական վարչության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի և համակարգի կառուցվածքը հաստատելու մասին›› թիվ 109 որոշման մեջ (ԼՂՀ կառավարության 1999թ. հունվարի 26-ի թիվ 10, 1999թ. օգոստոսի 24-ի թիվ 66 և 2000թ. մայիսի 15-ի թիվ 79 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը.
Որոշման 2-րդ կետի ա ենթակետով ‹‹67.5›› թիվը փոխարինել ‹‹83.5›› թվով:
7. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի թիվ 59 որոշման թիվ 1 հավելվածի 3-րդ կետը:
8. ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը` Եղծահող գյուղի մաքսային գրասենյակի շենքը 7640000 դրամ հաշվեկշռային արժեքով հանձնել ԼՂՀ հարկային պետական վարչությանը:
9. ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը, ԼՂՀ հարկային պետական վարչությանը` երկշաբաթյա ժամկետում ավարտել շենքի հանձնման-ընդունման աշխատանքները:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000թ. օգոստոսի 15-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
31 հուլիսի 2000թ.
թիվ 152 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Արցախի Հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման
(վերնագիրը փոփ. 31.05.19 N 433-Ն)
Սույն կարգը բխում է ԼՂՀ կառավարության ‹‹31›› հուլիսի 2000թ. թիվ 152 որոշումից և նպատակ ունի հանրապետության տարածքի տնտեսական պաշտպանության, նրա արտաքին սահմաններով բեռների, ապրանքների, այլ արժեքների ու առարկաների (այսուհետ` ԱՆԱ) օրինական ներմուծումը և արտահանումը կանոնակարգելու, ներմուծվող ապրանքների հայրենական սպառողների շահերի պաշտպանության միջոցառումների իրականացմանն աջակցել ինչպես նաև սահմանում է տնտեսավարող սուբյեկտների կողմից Արցախի Հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների գրանցման և հաշվառման ձևը:
(նախաբանը փոփ. 31.05.19 N 433-Ն)
1. Տնտեսավարող սուբյեկտները և ֆիզիկական անձինք ԱՆԱ Արցախի Հանրապետության տարածք ներմուծելիս կամ արտահանելիս պարտավոր են հսկիչ կետում գրանցվել և ԱՆԱ –ի մասին փաստաթղթերը տրամադրել հսկիչ կետի պաշտոնատար անձին:
(1-ին կետը փոփ. 31.05.19 N 433-Ն, 05.03.21 N 197-Ն)
2. Հարկային մարմինները պարտավոր են ստուգել փաստաթղթերի համապատասխանությունը փաստացի ներմուծվող կամ արտահանվող ապրանքներին, որից հետո գրանցել համապատասխան մատյաններում:
3. Ներմուծման ժամանակ, տեղում ստուգման անհնարինության դեպքում, հարկային մարմինների կողմից օգտագործվում են ապահովության միջոցներ (կապարակնիքներ):
4. Գրանցում իրականացնող մարմինը լրացնում է հաշվառման քարտ, որի ձևը սահմանվում է Արցախի Հանրապետության հարկային մարմնի կողմից:
(4-րդ կետը փոփ. 31.05.19 N 433-Ն)
5. Հաշվառման քարտը ստորագրվում է բեռը փոխադրողի և հարկային մարմնի պաշտոնատար անձի (քարտը կազմողի) կողմից:
6. Հաշվառման քարտի մեկ օրինակը տրվում է բեռը փոխադրողին:
7. Կապարակնիքներ օգտագործելու դեպքում, հաշվառման քարտի մեջ նշվում է դրանց քանակը և համարները:
8. Կապարակնիքի բացումը և բեռնաթափումը կատարվում է հարկային մարմնի ներկայացուցչի ներկայությամբ:
9. Կապարակնիքները վնասելու կամ առանց հարկային մարմնի ներկայացուցչի բեռնային գործողություններ (բեռնաթափում, փոխաբեռնում, բեռը ուրիշին հանձնում) կատարելու դեպքում, բեռը փոխադրողը պատասխանատվություն է կրում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(9-րդ կետը փոփ. 31.05.19 N 433-Ն)
10. Հաշվառման հսկիչ կետում գրանցված տեղեկությունները պարբերաբար ներկայացվում են Արցախի Հանրապետության հարկային մարմին` սահմանված կարգով ընթացքավորելու նպատակով, իսկ Արցախի Հանրապետության սահմանով թմրանյութերի, զենքի, զինամթերքի, Արցախի Հանրապետության և արտասահմանյան երկրների մշակութային ու պատմական ժառանգության առարկաների, մտավոր (ինտելեկտուալ) սեփականության և այլ առարկաների ապօրինի շրջանառության դեպքում` ներկայացվում են իրավապահ մարմիններին:
(10-րդ կետը փոփ. 31.05.19 N 433-Ն, 05.03.21 N 197-Ն)
11. Սույն կարգի պահանջների կատարման պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետության հարկային մարմինը:
(11-րդ կետը փոփ. 31.05.19 N 433-Ն)
(կարգը փոփ. 31.05.19 N 433-Ն, 05.03.21 N 197-Ն)