ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"31" հուլիսի 2000թ. |
N 152 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման միջոցառումների մասին
ԼՂՀ տարածքի տնտեսական պաշտպանության, նրա արտաքին սահմաններով բեռների, ապրանքների, այլ արժեքների ու առարկաների (այսուհետև` ապրանքանյութական արժեքների (ԱՆԱ) օրինական ներմուծումը և արտահանումը կանոնակարգելու, ներմուծվող ապրանքների հայրենական սպառողների շահերի պաշտպանության միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ արտաքին սահմանին ստեղծել ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման հսկիչ կետեր Քաշաթաղի (Աղավնո), Շահումյանի (Եղեգնուտ) և Ջաբրայիլի տեղամաս և Գետավան-Վարդենիս-Քարվաճառ խաչմերուկ (կամրջի մոտ) տարածքներում:
(1-ին կետը փոփ. 02.04.2002 N 81, փոփ. 16.03.2004 N 82)
2. Հաստատել ԼՂՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման կարգը (կցվում է):
3. ԼՂՀ հարկային պետական վարչությանը` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով ապահովել ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման հսկիչ կետերի կանոնավոր գործունեությունը` շուրջօրյա ռեժիմով:
4. ԼՂՀ իրավապահ մարմիններին` աջակցել ԼՂՀ հարկային պետական վարչությանը` իրականացնելու սույն որոշմամբ սահմանված գործառույթները:
5. ԼՂՀ ֆինանսների նախարարությանը` նորաստեղծ հսկիչ կետերի պահպանման ծախսերը իրականացնելու նպատակով ԼՂՀ հարկային պետական վարչությանը հատկացնել 3200000 դրամ ԼՂՀ կառավարության 2000թ. պահուստային ֆոնդի հաշվին:
6. ԼՂՀ կառավարության 1998թ. հուլիսի 14 ‹‹ԼՂՀ հարկային պետական վարչության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի և համակարգի կառուցվածքը հաստատելու մասին›› թիվ 109 որոշման մեջ (ԼՂՀ կառավարության 1999թ. հունվարի 26-ի թիվ 10, 1999թ. օգոստոսի 24-ի թիվ 66 և 2000թ. մայիսի 15-ի թիվ 79 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը.
Որոշման 2-րդ կետի ա ենթակետով ‹‹67.5›› թիվը փոխարինել ‹‹83.5›› թվով:
7. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի թիվ 59 որոշման թիվ 1 հավելվածի 3-րդ կետը:
8. ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը` Եղծահող գյուղի մաքսային գրասենյակի շենքը 7640000 դրամ հաշվեկշռային արժեքով հանձնել ԼՂՀ հարկային պետական վարչությանը:
9. ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը, ԼՂՀ հարկային պետական վարչությանը` երկշաբաթյա ժամկետում ավարտել շենքի հանձնման-ընդունման աշխատանքները:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000թ. օգոստոսի 15-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատվա է
ԼՂՀ կառավարության
31 հուլիսի 2000թ.
թիվ 152 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման
Սույն կարգը բխում է ԼՂՀ կառավարության ‹‹31›› հուլիսի 2000թ. թիվ 152 որոշումից և նպատակ ունի հանրապետության տարածքի տնտեսական պաշտպանության, նրա արտաքին սահմաններով բեռների, ապրանքների, այլ արժեքների ու առարկաների (այսուհետ` ԱՆԱ) օրինական ներմուծումը և արտահանումը կանոնակարգելու, ներմուծվող ապրանքների հայրենական սպառողների շահերի պաշտպանության միջոցառումների իրականացմանն աջակցել ինչպես նաև սահմանում է տնտեսավարող սուբյեկտների կողմից ԼՂՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների գրանցման և հաշվառման ձևը:
1. Տնտեսավարող սուբյեկտները և ֆիզիկական անձինք ԱՆԱ ԼՂՀ տարածք ներմուծելիս կամ արտահանելիս պարտավոր են հսկիչ կետերում գրանցվել և ԱՆԱ –ի մասին փաստաթղթերը տրամադրել հսկիչ կետի պաշտոնատար անձին:
2. Հարկային մարմինները պարտավոր են ստուգել փաստաթղթերի համապատասխանությունը փաստացի ներմուծվող կամ արտահանվող ապրանքներին, որից հետո գրանցել համապատասխան մատյաններում:
3. Ներմուծման ժամանակ, տեղում ստուգման անհնարինության դեպքում, հարկային մարմինների կողմից օգտագործվում են ապահովության միջոցներ (կապարակնիքներ):
4. Գրանցում իրականացնող մարմինը լրացնում է հաշվառման քարտ, որի ձևը սահմանվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
5. Հաշվառման քարտը ստորագրվում է բեռը փոխադրողի և հարկային մարմնի պաշտոնատար անձի (քարտը կազմողի) կողմից:
6. Հաշվառման քարտի մեկ օրինակը տրվում է բեռը փոխադրողին:
7. Կապարակնիքներ օգտագործելու դեպքում, հաշվառման քարտի մեջ նշվում է դրանց քանակը և համարները:
8. Կապարակնիքի բացումը և բեռնաթափումը կատարվում է հարկային մարմնի ներկայացուցչի ներկայությամբ:
9. Կապարակնիքները վնասելու կամ առանց հարկային մարմնի ներկայացուցչի բեռնային գործողություններ (բեռնաթափում, փոխաբեռնում, բեռը ուրիշին հանձնում) կատարելու դեպքում, բեռը փոխադրողը պատասխանատվություն է կրում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Հաշվառման հսկիչ կետերում գրանցված տեղեկությունները պարբերաբար ներկայացվում են ԼՂՀ հարկային պետական վարչություն` սահմանված կարգով ընթացքավորելու նպատակով, իսկ ԼՂՀ սահմանով թմրանյութերի, զենքի, զինամթերքի, ԼՂՀ և արտասահմանյան երկրների մշակութային ու պատմական ժառանգության առարկաների, մտավոր (ինտելեկտուալ) սեփականության և այլ առարկաների ապօրինի շրջանառության դեպքում` ներկայացվում են իրավապահ մարմիններին:
11. Սույն կարգի պահանջների կատարման պատասխանատվությունը կրում է ԼՂՀ հարկային պետական վարչությունը: