Համարը 
N 722
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.14/02(74)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԱՇԽԱՏՈՂ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» դեկտեմբերի 2007թ.

N 722

 ք.Ստեփանակերտ

 

Չաշխատող կանանց համար հղիության և ծննդաբերության նպաստ սահմանելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության աճի խթանման և չաշխատող կանանց սոցիալական վիճակի բարելավման նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ԼՂՀ-ում մշտական հաշվառում ունեցող չաշխատող կանանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվում է հղիության և ծննդաբերության նպաստ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա:

2. Հաստատել չաշխատող կանանց հղիության և ծննդաբերության նպաստ հատկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին՝ միջոցներ ձեռնարկել միևնույն անձին մեկից ավելի ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ տրամադրելը բացառելու համար:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին՝ ապահովել սույն որոշման հասարակական իրազեկումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«25» դեկտեմբերի 2007թ.

թիվ 722 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

չաշխատող կանանց հղիության և ծննդաբերության նպաստ հատկացնելու

 

1. Սույն կարգով սահմանվում են չաշխատող կանանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հղիության և ծննդաբերության նպաստ հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Հղիության և ծննդաբերության նպաստ (այսուհետ՝ նպաստ) հատկացվում է.

ա) նպաստի իրավունք ձեռք բերելու պահին գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չգտնվող կանանց,

բ) վերջին մեկ տարվա ընթացքում մինչև նպաստի իրավունք ձեռք բերելու պահը 3 ամսից պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում՝ 10 ամսից պակաս աշխատած՝ որոշակի ժամկետով կնքված պայմանագրով վարձու աշխատող հանդիսացող կանանց:

3. Սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված կանայք (այսուհետ՝ չաշխատող կին) նպաստի իրավունք են ձեռք բերում ծննդաբերելուց 70 օր առաջ, իսկ սույն կարգի 5-րդ կետի 2-րդ մասում նշված դեպքերում՝ երեխայի ծնվելու պահից:

4. Նպաստ ստանալու համար չաշխատող կինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի՝ իր փաստացի բնակության վայրի ստորաբաժանում է ներկայացնում դիմում՝ կցելով բժշկական հաստատության կողմից տրված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը:

Նպաստ հատկացվում է, եթե դիմումը տրվել է նպաստի իրավունք ձեռք բերելու պահից երկու ամսվա ընթացքում: Նպաստը վճարվում է անհատ ձեռնարկատերերին ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

5. Չաշխատող կնոջը նպաստը հատկացվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի (այսուհետ՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձ) 4.6‑ապատիկի չափով՝ անկախ ծնված երեխաների թվից և ծննդաբերությունը բարդ լինելուց:

Հղիության 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերած և նպաստի համար չդիմած, ինչպես նաև նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված չաշխատող կնոջը նպաստը հատկացվում է երեխայի ծնվելու պահին օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 2.3‑ապատիկի չափով:

6. Մինչև 2008 թվականի հունվարի 1-ը նպաստի իրավունք ձեռք բերած, սակայն այդ պահի դրությամբ չծննդաբերած կանայք նպաստ ստանալու համար կարող են դիմել մինչև 2008 թվականի մարտի 1-ը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ