Համարը 
ՀՕ-2
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.01.19/03(44)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
06.12.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.01.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ 73-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ:


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի

դեկտեմբերի 6-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում լիազորված պետական մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործունեության հիմնական սկզբունքները, այդ մարմնում ծառայությունը, պաշտոնները և կոչումները, ծառայության անցնելու կարգն ու պայմանները, պաշտոնի նշանակման և կոչումներ շնորհելու կարգը, ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններն ու հիմնական հարաբերությունները:

 (1-ին հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 2.

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

հատուկ փրկարարական ջոկատ` առանձին բարդության փրկարարական աշխատանքների կատարման համար մասնագիտացված ստորաբաժանում.

հատուկ հրշեջ ջոկատ` առանձին բարդության հրդեհաշիջման աշխատանքների կատարման համար մասնագիտացված ստորաբաժանում.

հրշեջ-փրկարարական ջոկատ` փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների համար նախատեսված ստորաբաժանում:

 

Հոդված 3.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործունեության իրավական կարգավորումը
                     
(վերնագիրը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործունեությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով ու իրավական ակտերով:

(3-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՆՐԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 4.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը

                      (վերնագիրը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության գործառույթներ, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ բնակչության և տնտեսության օբյեկտների (տարածքների) պաշտպանության, ինչպես նաև փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքներ:

 (4-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 5.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հիմնական խնդիրները

                      (վերնագիրը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հիմնական խնդիրներն են`

ա) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ մարդկանց կյանքի ու առողջության փրկումը, պահպանումը.

բ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.

գ) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

դ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգումը, վերահսկումը և այդ հարցերով իրազեկման ապահովումը.

ե) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության բնակչության պաշտպանության ծրագրերի, պլանների մշակումն ու դրանց կատարման ապահովումը.

զ) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը և կուտակումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

է) բնակչության ուսուցման կազմակերպումը՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով.

ը) պետական հակահրդեհային ծառայության մատուցումը և պետական հրդեհային հսկողության իրականացումը.

թ) արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումը և իրականացումը:

(5-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն) 

 

Հոդված 6.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործունեության հիմնական սկզբունքները

                      (վերնագիրը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործունեության հիմնական սկզբունքներն են`

ա) մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը.

բ) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերի հրապարակայնությունը.

գ) արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև այդ հետևանքների վերացման ժամանակ բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների բնականոն գործունեության ապահովման միջոցառումների կազմակերպմանը համալիր մոտեցում ցուցաբերելը.

դ) արտակարգ իրավիճակների առաջացումը բացառելու նպատակով միայն ստուգված և տեխնիկական անվտանգությունն ապահովող փորձարկված միջոցառումների իրականացումը.

ե) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում.

զ) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ բնակչության պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով.

է) գործունեությունն արդարացված ռիսկի շրջանակներում.

ը) փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման, հաղորդակցության ուղիների, կենսաապահովման ու ռազմավարական նշանակության օբյեկտների վերականգնման համար փրկարարական ուժերի մշտական պատրաստականության ապահովումը:

(6-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն) 

 

Հոդված 7.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգը, կառուցվածքը և ղեկավարումը

                      (վերնագիրը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում գործում են կառուցվածքային, առանձնացված, տարածքային և այլ ստորաբաժանումներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կառուցվածքը և թվաքանակը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարումն իրականացնում է լիազոր մարմնի ղեկավարը` կենտրոնացված և միանձնյա ղեկավարման սկզբունքով:

 (7-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն) 

 

Հոդված 8.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության պարտականությունները

                      (վերնագիրը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարտավոր է`

ա) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելիս ու իրականացնելիս պաշտպանել և փրկել անձի կյանքն ու առողջությունը.

բ) պատրաստ լինել փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կատարմանը.

գ) ապահովել սույն օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված խնդիրների կատարումը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության վրա այլ պարտականություններ կարող են դրվել օրենսդրությամբ:

 (8-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն) 

 

Հոդված 9.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության իրավունքները

                      (վերնագիրը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իր խնդիրների կատարումն ապահովելու նպատակով իրավունք ունի`

ա) օրենքով սահմանված կարգով անարգել օգտագործելու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կապի, տրանսպորտի միջոցները և այլ գույքը (բացի հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներից և այլ գույքից)` հետագա համարժեք փոխհատուցմամբ.

բ) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքներում ներգրավելու բնակչությանը.

գ) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպման և իրականացման նպատակով հանձնարարություններ տալու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին.

դ) արգելելու մուտքը արտակարգ իրավիճակի, փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքների կատարման վայր ու պահանջելու բոլոր անձանցից պահպանել անվտանգության կանոնները:

  (9-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն) 

 

Հոդված 10.

Աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործունեությանը

                      (վերնագիրը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

1. Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, քաղաքացիները պարտավոր են աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել արտակարգ իրավիճակների հետևանքներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանն ու կատարել այդ ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ծառայողների բոլոր ցուցումները:

3. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպություններն արտակարգ իրավիճակի վայր մեկնող, արտակարգ իրավիճակի վայրից մշտական տեղակայման վայր վերադարձող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումներին պարտավոր են ցուցաբերել աջակցություն` տրամադրելով տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու հնարավորություն հետագա համարժեք փոխհատուցման երաշխիքով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքների կատարման վայր մեկնելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրանսպորտային միջոցներն օգտվում են առաջնահերթ երթևեկության առավելությունից, անցման, վառելիքաքսուքային նյութերով, պահեստամասերով ապահովման և տեխնիկական սպասարկման առաջնահերթության իրավունքից:

 (10-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 11.

Ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում

                     (վերնագիրը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ծառայությունը (այսուհետ` փրկարարական ծառայություն) պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում, առանձին ստորաբաժանումների առանձնահատկություններից ելնելով, պետական մարմնի առանձին պաշտոններում կարող են նշանակվել (աշխատանքի ընդունվել) քաղաքացիական ծառայողներ` քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

3. Փրկարարական ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա և կենտրոնացված ղեկավարման միջոցով:

  (11-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն) 

 

Հոդված 12.

Փրկարարական ծառայության ծառայողը

 

1. Փրկարարական ծառայության ծառայող է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացին, որն զբաղեցնում է սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն և ունի սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կոչում ու տվել է երդում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է կադրերի ռեզերվում:

2. Փրկարարական ծառայության ծառայողը (այսուհետ` ծառայող) պետական ծառայող է:

 

Հոդված 13.

Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերը

 

1. Փրկարարական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

ա) փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ`

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար.

բ) փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ`

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի տեղակալ,

- կենտրոնական ապարատի վարչության պետ.

գ) փրկարարական ծառայության ավագ պաշտոններ`

- կենտրոնական ապարատի առանձին բաժնի պետ,

- կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ, տարածքային, ներառյալ` Ստեփանակերտ քաղաքի, բաժնի պետ.

- տարածքային, ներառյալ` Ստեփանակերտ քաղաքի, բաժնի պետի տեղակալ, հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար,

- բաժնի պետ,

- հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ,

- լաբորատորիայի պետ.

դ) փրկարարական ծառայության միջին պաշտոններ`

- խմբի պետ, ջոկի հրամանատար,

-ավագ փրկարար.

ե) փրկարարական ծառայության կրտսեր պաշտոն`

- փրկարար,

- հրշեջ-փրկարար:

Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

  (13-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն) 

 

Հոդված 14.

Փրկարարական ծառայության կոչումները

 

1. Փրկարարական ծառայության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.

ա) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ`

- փրկարարական ծառայության գեներալ-մայոր.

բ) փրկարարական ծառայության գլխավոր կոչում`

- փրկարարական ծառայության գնդապետ.

գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`

- փրկարարական ծառայության փոխգնդապետ,

- փրկարարական ծառայության մայոր.

դ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`

- փրկարարական ծառայության կապիտան,

- փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ,

- փրկարարական ծառայության լեյտենանտ,

(պարբերությունն ուժը կորցրել է 23.02.2012 ՀՕ-6-Ն)

ե) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`

- փրկարարական ծառայության ավագ ենթասպա,

- փրկարարական ծառայության ենթասպա,

- փրկարարական ծառայության ավագ,

- փրկարարական ծառայության ավագ սերժանտ,

- փրկարարական ծառայության սերժանտ,

- փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ,

- փրկարարական ծառայության շարքային:

2. Փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:

3. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր կոչումներ շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը:

4. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, տվյալ կոչումով ծառայելու ժամկետը լրանալուց հետո` ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի: Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության ուսումնական հաստատությունների սովորողներին, ասպիրանտներին կոչումներ շնորհվում են ուսումնառության անցնելուց առաջ զբաղեցրած պաշտոնին համապատասխան:

5. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

6. Փրկարարական ծառայությունը սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե» և «ժա» կետերի հիմքով դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.02.2012 ՀՕ-6-Ն, փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 15.

Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումները

 

1. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչումն է:

2. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության գնդապետի կոչումն է:

3. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության փոխգնդապետ կոչումն է:

4. Փրկարարական ծառայության միջին պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության կապիտան կոչումն է:

5. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության ավագ ենթասպա կոչումն է:

 

Հոդված 16.

Փրկարարական ծառայության կոչումների շնորհման ժամկետները և ժամկետների հաշվարկման կարգը

 

1. Փրկարարական ծառայության կոչումների համար սահմանվում են փրկարարական ծառայության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.

ա) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`

- փրկարարական ծառայության շարքային` 6 ամիս,

- փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ` 6 ամիս,

- փրկարարական ծառայության սերժանտ` 6 ամիս,

- փրկարարական ծառայության ավագ սերժանտ`1 տարի,

- փրկարարական ծառայության ավագ` 1 տարի,

- փրկարարական ծառայության ենթասպա` 2 տարի,

- փրկարարական ծառայության ավագ ենթասպա` 3 տարի.

բ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`

- (պարբերությունն ուժը կորցրել է 23.02.2012 ՀՕ-6-Ն)

- փրկարարական ծառայության լեյտենանտ` 2 տարի,

- փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ` 2 տարի,

- փրկարարական ծառայության կապիտան` 3 տարի.

գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`

- փրկարարական ծառայության մայոր` 3 տարի,

- փրկարարական ծառայության փոխգնդապետ` 4 տարի.

դ) փրկարարական ծառայության գնդապետի և բարձրագույն կոչումով ծառայության ժամկետներ չեն սահմանվում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում կամ այլ պետական մարմիններում ծառայություն անցնող (անցած) և զինվորական կամ այլ հատուկ կոչում (դասային աստիճան) ունեցող քաղաքացիների կոչումների համապատասխանությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն օրենքով սահմանված կարգով ատեստավորումը հետաձգված և վերապատրաստման գործուղված, կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ գտնվող ծառայողների հերթական կոչման շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:

4. Փրկարարական ծառայության կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման հրամանը արձակելու հաջորդ օրվանից:

5. Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:

(16-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.02.2012 ՀՕ-6-Ն, փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 17.

Ծառայողի իջեցված կոչումը վերականգնելը

 

Ծառայողի իջեցված կոչումը կարող է վերականգնվել ծառայողական քննության դրական արդյունքներով` եզրակացության հիման վրա:

 

Հոդված 18.

Ծառայողի կոչում ստանալուն խոչընդոտելը

 

Ծառայողի` սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչում ստանալուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ

 

Հոդված 19.

Փրկարարական ծառայության կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և դրանից զրկելու կարգը

 

1. Ծառայողներին փրկարարական կոչում շնորհվում է` հաշվի առնելով նրանց մասնագիտական պատրաստությունը, կարգապահությունը, զբաղեցրած պաշտոնը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ:

2. Ծառայողին փրկարարական կոչում շնորհվում է անհատական կարգով: Դա լինում է սկզբնական, հերթական և արտահերթ:

3. Փրկարարական կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն):

4. Ծառայողների փրկարարական կոչումն իջեցվում է մեկ աստիճանով` տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ` որպես կարգապահական տույժ: Ծառայողները փրկարարական կոչումից զրկվում են դատարանի դատավճռով:

Ծառայողների փրկարարական կոչումն իջեցնելը, դրանից զրկելը և հետագայում վերականգնելն իրականացվում է սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:

 

Հոդված 20.

Սկզբնական փրկարարական կոչումը

 

Սկզբնական փրկարարական կոչում են`

ա) բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների համար` «կրտսեր լեյտենանտը» և «լեյտենանտը».

բ) ենթասպաների համար` «ենթասպան».

գ) կրտսեր խմբի պաշտոնների համար` «շարքայինը»:

 

Հոդված 21.

«Շարքային» փրկարարական կոչում շնորհելը

 

1. «Շարքային» փրկարարական կոչում շնորհվում է`

ա) փրկարարական ծառայության ընդունված քաղաքացիներին` վերապատրաստում (որակավորում) անցնելուց հետո.

բ) Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներին` որպես կուրսանտ գրանցելիս:

 

Հոդված 22.

«Կրտսեր սերժանտ» փրկարարական կոչում շնորհելը

 

«Կրտսեր սերժանտ» փրկարարական կոչում շնորհվում է շարքային կազմի այն ծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «կրտսեր սերժանտ» և դրանից բարձր փրկարարական կոչմանը, ու լրացել է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետը:

 

Հոդված 23.

«Ենթասպա» փրկարարական կոչում շնորհելը

 

«Ենթասպա» փրկարարական կոչում շնորհվում է`

ա) շարքային կազմի այն ծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ենթասպա» և դրանից բարձր փրկարարական կոչմանը, ու լրացել է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետը.

բ) փրկարարական ծառայության ընդունված և ենթասպայական պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական կրթություն:

 

Հոդված 24.

«Կրտսեր լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը

                      (24-րդ հոդվածն ուժը կորցրել է 23.02.2012 ՀՕ-6-Ն)

 

Հոդված 25.

«Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը

 

«Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհվում է`

ա) Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած ծառայողներին.

բ) ենթասպաներին` «լեյտենանտ» հաստիքային և ավելի բարձր հաստիքային պաշտոնի փոխադրվելու դեպքում, եթե ստացել են բարձրագույն կրթություն.

գ) փրկարարական ծառայության ընդունված և «լեյտենանտ» ու ավելի բարձր հաստիքային պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, ովքեր ունեն պաշտոնի անձնագրով սահմանված բարձրագույն մասնագիտական կրթություն.

դ) 5 և ավելի տարի ենթասպայական պաշտոնում ծառայած բարձրագույն կրթություն չունեցող, դրական բնութագրվող ենթասպաներին` ծառայությունից ազատվելու դեպքում.

ե) «կրտսեր լեյտենանտներին»` կոչումը կրելու սահմանված ժամկետը լրանալիս, եթե ստացել են բարձրագույն կրթություն:

զ) փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` բարձրագույն կրթության առկայության դեպքում` միջին խմբի պաշտոնի նշանակվելիս:

   (25-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.02.2012 ՀՕ-6-Ն)

 

Հոդված 26.

Հերթական փրկարարական կոչում շնորհելը

 

1. Հերթական փրկարարական կոչում շնորհվում է հաջորդական կարգով, եթե ծառայողի զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է շնորհվող փրկարարական կոչմանը:

Հերթական փրկարարական կոչում շնորհվում է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր և դոկտորանտ ծառայողներին հերթական փրկարարական կոչում, մինչև «գնդապետը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական փրկարարական կոչումը համապատասխանում է մինչև ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսված փրկարարական կոչմանը:

Տվյալ փրկարարական կոչումը կրելու ժամկետն անցած ունկնդիրներին, ադյունկտին (ասպիրանտին), օրդինատորին և դոկտորանտին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը բացառության կարգով կարող է շնորհել մինչև ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճան բարձր փրկարարական կոչում` ուսման առաջադիմության կամ գիտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:

3. Հերթական կոչումը կարող է շնորհվել վաղաժամկետ` փրկարարական ծառայության կազմակերպման գործում նշանակալի անձնական վաստակ ունեցող և անձնական ներդրման, պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ կատարող ծառայողներին, բայց զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված փրկարարական կոչումից ոչ բարձր:

4. Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում ծառայողին չի շնորհվում փրկարարական կոչում, ինչպես նաև վերը նշված ժամանակահատվածը չի հաշվարկվում փրկարարական կոչումով ծառայության ժամկետում:

5. Փրկարարական ծառայության պաշտոնի նշանակելու ժամանակ հերթական կոչում շնորհելիս հաշվի է առնվում նախկին կոչումով պահեստազորում եղած ժամանակահատվածը: Այս դեպքում հերթական կոչումը շնորհվում է փրկարարական ծառայության համապատասխան պաշտոնում վեց ամիս ծառայելուց հետո:

 (26-րդ հոդվածը լրաց. 23.02.2012 ՀՕ-6-Ն, փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 27.

Հերթական փրկարարական կոչում շնորհելու կարգը

 

1. Տվյալ փրկարարական կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է փրկարարական ծառայության ժամկետում և դրանում հաշվի են առնվում`

ա) անհիմն քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ծառայությունից անօրինական ազատելու և հետագայում վերականգնելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածը.

բ) կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի, կլինիկական օրդինատուրայի ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ սովորող «լեյտենանտ» և ավելի բարձր փրկարարական կոչում ունեցող ծառայողներին հերթական փրկարարական կոչում, մինչև «մայորը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը` մինչև ուսման ընդունվելը զբաղեցրած պաշտոնը և դրանում կատարված փոփոխությունները հաշվի չառնելով:

 

Հոդված 28.

Փրկարարական կոչումը վերականգնելը

 

1. Նախկին փրկարարական կոչումը վերականգնում է փրկարարական կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը` կոչումից զրկված անձանց դատվածության հանման կամ մարման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ատեստավորման հանձնաժողովի որոշման առկայության դեպքերում:

2. Փրկարարական կոչումը վերականգնելու վերաբերյալ զեկուցագրերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ատեստավորման հանձնաժողովը քննարկում է ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Դրական հիմքերի առկայության դեպքում հանձնաժողովը նախապատրաստում է փրկարարական կոչումը վերականգնելու վերաբերյալ միջնորդագիր, որին ընթացք է տրվում կոչում շնորհելու ներկայացման համար սահմանված կարգով:

3. Անօրինական դատապարտված քաղաքացիների նախկին փրկարարական կոչումը վերականգնվում է փրկարարական կոչումից զրկվելու օրվանից` արդարացման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

(28-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

 

Հոդված 29.

Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

 

1. Փրկարարական ծառայությունում ծառայության կարող է անցնել մինչև 30 տարեկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ կանանց և սույն օրենքի 32-րդ հոդվածի տասներորդ մասով նախատեսված դեպքերի), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու փրկարարական ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

2. Փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է կառավարությունը:

3. Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու համար կարող են սահմանվել այլ (այդ թվում` տարիքային) պահանջներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված պահանջները սահմանում է կառավարությունը:

4. Փրկարարական ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ, այդ թվում` փրկարարական ծառայությունից այլ մարմիններ տեղափոխված կամ ազատված ծառայողներ:

5. Փրկարարական ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որը`

ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

բ) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

գ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

դ) անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն.

ե) չի համապատասխանում սույն հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին:

 

Հոդված 30.

Ծառայողի երդումը

 

Առաջին անգամ փրկարարական ծառայությունում ծառայության անցնող քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի առջև տալիս են հետևյալ տեքստով երդում.

«Ես, անցնելով փրկարարական ծառայության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում, հանդիսավոր կերպով երդվում եմ անձնվիրաբար ծառայել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները, բարեխղճորեն կատարել իմ պաշտոնեական պարտականությունները: Երդվում եմ:»:

 (30-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 31.

Ծառայողին պաշտոնի նշանակելը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի առաջարկությամբ:

4. Փրկարարական ծառայության վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը:

5. Փրկարարական ծառայության ծառայողների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կադրային մարմինը վարում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարվում է ծառայողի զինվորական գործի հիման վրա, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կադրային մարմնի հարցման դեպքում տրամադրում է համապատասխան զինկոմիսարիատը: Փրկարարական ծառայությունից ազատվելու դեպքում գործն ուղարկվում է համապատասխան զինկոմիսարիատ` հետագա հաշվառման համար:

 (31-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 32.

Ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար նշանակվում է փրկարարական ծառայության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր կամ վերջին հինգ տարիներին` ավագ խմբի պաշտոն և ունի փրկարարական ծառայության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին հինգ տարին զբաղեցրել է ավագ խմբի պաշտոն և ունի փրկարարական ծառայության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության վարչության պետ կարող է նշանակվել արտակարգ իրավիճակների պետական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին երեք տարիներին ավագ խմբի պաշտոն:

4. Փրկարարական ծառայության վարչությունների պետերի, գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոնների համար կազմվում է պաշտոնի անձնագիր, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը:

5. Ատեստավորումից հետո փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին երկու տարում զբաղեցրել են փրկարարական ծառայության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ավագ խմբի պաշտոն: Գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

6. Փրկարարական ծառայության ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

7. Փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:

8. Բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած ու ծառայության գործուղված անձինք համարվում են ատեստավորված և նշանակվում են ծառայության միջին խմբից ոչ բարձր պաշտոններում:

8.1. Ուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ավարտած փրկարարական ծառայության ծառայողները նշանակվում են իրենց կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված փրկարարական ծառայության պաշտոնի, իսկ նման թափուր պաշտոն չլինելու դեպքում` ուսման մեկնելուց առաջ զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի:

9. Փրկարարական ծառայության միջին և ավելի բարձր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է միայն բարձրագույն կրթության առկայության դեպքում:

10. Փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող այն քաղաքացիները, ովքեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում սահմանված կարգով անցել են առնվազն մեկամսյա ուսումնական փորձաշրջան: Այս դեպքում քաղաքացիների հետ կնքվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագիր ու վճարվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափ:

11. Փրկարարական ծառայության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիները: Նման քաղաքացիները պաշտոնի են նշանակվում կառավարության սահմանած կարգով և պայմաններով` Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության ուսումնական հաստատություններում եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո:

Եթե նշված քաղաքացիները մինչև պարտադիր զինվորական ծառայության համար սահմանային տարիքի լրանալը կորցնում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը, ապա պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում ընդհանուր հիմունքներով:

12. Վերապատրաստումից (փորձաշրջանից) հետո նշված քաղաքացիներին պաշտոնի նշանակելիս կարող է շնորհվել փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտի կոչում:

13. Փրկարարական ծառայության անցնող քաղաքացու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքվում է պայմանագիր` 1-ից 5 տարի ժամկետով, որը ստորագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:

14. Առաջին անգամ փրկարարական ծառայության անցնող քաղաքացու հետ կնքվող պայմանագիրը ստորագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը:

15. Պայմանագրի օրինակելի ձևը, կնքելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը:

16. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի հրամանով:

17. Պայմանագրի գործողությունը դադարում է`

ա) ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում պաշտոնից ազատելու օրը.

բ) ծառայողին կադրերի ռեզերվից հանելու օրը.

գ) ծառայողի զոհվելու (մահանալու), նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու օրը.

դ) ծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու օրը.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու օրը.

զ) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու օրը.

է) դատական կարգով փրկարարական կամ պետական այլ ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու օրը.

ը) օրենքով սահմանված այլ դեպքերում:

 (32-րդ հոդվածը լրաց. 23.02.2012 ՀՕ-6-Ն, փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 321.

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ծառայողների ուսուցումը և ուսման ծախսերի փոխհատուցումը

                      (վերնագիրը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու որակավորման բարձրացումն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և միջկառավարական ու միջգերատեսչական համաձայնությունների հիման վրա:

2. Ծառայողը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից ուսուցման գործուղված ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր է փոխհատուցել իր ուսումնական հաստատությունում ուսման կամ օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսուցման և վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե նա`

1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.

2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ծառայությունից.

3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ծառայությունից.

4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ծառայությունից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերը, եթե նա`

1) բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց կամ վերապատրաստումն (որակավորումն) անցնելուց հետո ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի.

2) ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքերում, եթե ծառայողին համապատասխան համարժեք պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է փրկարարական ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:

4. Ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է կառավարությունը:

5. Փրկարարական ծառայողները պետական պատվերով առկա ուսուցմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու դեպքում գործուղվում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հասատատություն: Այդ ուսումնական հաստատությունում ուսուցումն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում փրկարարական ծառայողները նշանակվում են համապատասխան պաշտոնների:

(321-րդ հոդվածը լրաց. 28.10.2010 ՀՕ-39-Ն, լրաց. 23.02.2012 ՀՕ-6-Ն, փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 33.

Ծառայողների ատեստավորման կարգը և պայմանները

 

1. Յուրաքանչյուր տարի ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Ծառայողների հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

3. Ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված միջնորդության հիման վրա կամ ծառայողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է ծառայողի անմիջական մասնակցությամբ, բացառությամբ, երբ նա լքել է ծառայությունը կամ բացակայում է այլ անհարգելի պատճառներով:

6. Ատեստավորման ենթակա չեն`

ա) փրկարարական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնողները.

բ) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

գ) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

7. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման` ծառայության անցնելուց հետո` եռամսյա ժամկետում:

9. Ատեստավորման ենթակա ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը հանձնաժողովին է ներկայացնում ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ ծառայողի մասին, նրա գործնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահա-տականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացված գրավոր հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:

11. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածում ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից` պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում: Այդ դեպքում ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ծառայողի ատեստավորման արդյունքների վրա: Ծառայողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ ստորագրությամբ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

12. Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է կառավարությունը:

13. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի կողմից:

14. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովը ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը`

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

բ) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.

գ) կարող է ներկայացվել խրախուսման.

դ) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել` ծառայողին գործուղել վերապատրաստման.

ե) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

15. Ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում` վերադասության կարգով:

16. Ատեստավորման արդյունքներն ու կայացված որոշումները հանձնաժողովը, ատեստավորման օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է ատեստավորողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով ատեստավորման հանձնաժողովի որոշումները:

Սույն հոդվածի տասնչորսերորդ մասի «բ» և «գ» կետերին համապատասխան որոշումը ենթակա չէ պարտադիր կատարման ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:

17. Սույն հոդվածի տասնվեցերորդ մասով սահմանված որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:

18. Ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

19. Ատեստավորման արդյունքները պահվում են ծառայողի անձնական գործում:

 

Հոդված 34.

Ծառայողի վերապատրաստումը (որակավորումը)

 

1. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները հինգ տարին մեկ ենթակա են պարտադիր վերապատրաստման (որակավորման) Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:

2. Վերապատրաստում (որակավորում) կարող են անցնել նաև փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:

3. Սույն օրենքի 33-րդ հոդվածի տասնչորսերորդ մասի «դ» կետով սահմանված դեպքում ծառայողներն անցնում են եռամսյա վերապատրաստում` Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության կամ այլ ուսումնական հաստատություններում:

4. Սույն հոդվածով սահմանված վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

5. Վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը սահմանում է կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

 

Հոդված 35.

Ծառայողին նրա ցանկությամբ այլ պաշտոնի փոխադրելը

 

Ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

 

Հոդված 36.

Ծառայողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը

 

1. Ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`

ա) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության այլ ստորաբաժանումում` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո.

բ) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում` ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

գ) այլ պաշտոնի, առողջական վիճակից ելնելով` համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա.

դ) ատեստավորման արդյունքում` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում այլ պաշտոնի, բայց զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր:

2. Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ շրջան բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն 3 տարի առաջ:

(36-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ  ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 37.

Ծառայողի իրավունքները

 

1. Ծառայողի իրավունքներն են`

ա) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

բ) իր անձնական գործի նյութերին` իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

գ) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

դ) իր իրավասությունների սահմաններում որոշումներ ընդունելը.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.

զ) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.

է) առողջության պահպանությունը.

ը) սոցիալական պաշտպանվածությունը և ապահովվածությունը.

թ) իրավական պաշտպանությունը.

ժ) փրկարարական ծառայության պաշտոնի և կոչումի սահմանված կարգով բարձրացումը.

ժա) սահմանված կարգով և դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

ժբ) նշանակման և ատեստավորման արդյունքները բողոքարկելը.

ժգ) արտակարգ իրավիճակի վայրում բնակելի և արտադրական տարածքներ ու կազմակերպություններ մուտք գործելը.

ժդ) մարդկանց փրկության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կապի, տրանսպորտի և այլ նյութական միջոցներ օգտագործելը:

2. Ծառայողը կարող է ունենալ օրենքով սահմանված այլ իրավունքներ:

 (37-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 38.

Ծառայողի պարտականությունները

 

1. Ծառայողի պարտականություններն են`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

բ) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը.

դ) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց տրված հրամանները, հանձնարարականները և ընդունած որոշումները սահմանված կարգով կատարելը.

ե) կարգապահական կանոնները պահպանելը.

զ) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

է) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

ը) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ և հավաստի տեղեկատվություն ստանալը.

թ) պահանջել արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր անձանցից` պահպանել անվտանգության կանոնները:

2. Ծառայողի համար սույն օրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել այլ պարտականություններ:

 

Հոդված 39.

Ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Ծառայողն իրավունք չունի՝

ա) կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

բ) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

գ) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

դ) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների և ելույթների համար.

ե) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու փրկարարական ծառայության նյութատեխնիկական, ֆինանսական ու տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

զ) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

է) լինելու որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում՝ կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ.

ը) կազմակերպելու գործադուլներ, հանրահավաքներ, ելույթներ, ցույցեր կամ մասնակցելու դրանց:

2. Փրկարարական ծառայությունում պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ծառայողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

3. Ծառայողին արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:

4. Ծառայողին չի տրվում իր՝ պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի փոխադրման, ազատման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանից քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիքը կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ վարձատրությունԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 40.

Ծառայողի վարձատրությունը

                      (վերնագիրը խմբ. 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

1. Փրկարար ծառայության յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության իրավունք:

2. Փրկարար ծառայության ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

(40-րդ հոդվածը խմբ. 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 41.

Փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը

                     (41-րդ հոդվածը լրաց. 23.02.2012 ՀՕ-6-Ն, փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն, ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 42.

Փրկարարական ծառայության կոչման հավելավճարը

                     (42-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 43.

Ծառայողին տրվող սննդի փոխհատուցման գումարը

                     (43-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 44.

Ծառայողին ծառայության ստաժի համար տրվող հավելավճարը

                     (44-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 45.

Աշխատաժամանակի տևողությունը

 

1. Ծառայողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` 40 ժամ տևողությամբ:

2. Առողջության համար վնասակար պայմաններում ծառայողական պարտականություններ կատարող ծառայողների համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն:

3. Աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող ծառայությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև այդ աշխատաժամանակի տևողությունը և վարձատրության պայմանները սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 46.

Արտաժամյա ծառայությունը

 

1. Ծառայողը արտաժամյա ծառայության ներգրավվում է`

ա) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ժամանակ.

բ) պատերազմական դրության ժամանակ.

գ) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ.

դ) ուսումնական հավաքների և վարժանքների ժամանակ.

ե) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:

(2-րդ պարբերությունը հանվել է 26.12.2013 ՀՕ-78-Ն)

Արտակարգ իրավիճակների դեպքում ծառայողին թույլատրվում է ներգրավել այլ տևողությամբ արտաժամյա ծառայության, բայց օրական 12 ժամից ոչ ավել: Այս դեպքում օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 20 ժամը:

 (46-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 47.

Հանգստյան և տոն օրերին ծառայողին ծառայության ներգրավելը

 

Ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան և տոն օրերին, որի համար նրան մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է այլ հանգստյան օր կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:

(47-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-78-Ն) 

 

Հոդված 48.

Հերթափոխային աշխատանքը

 

Ծառայության առանձնահատկություններից ելնելով` ծառայությունը կարող է տարվել մեկ լրիվ օր տևողությամբ` օրենքով սահմանված գիշերային ծառայության հավելավճարի և այլ գումարների վճարմամբ, որից հետո ծառայողին տրվում է 3 օր հանգիստ:

 

Հոդված 49.

Ծառայողի արձակուրդը

 

1. Ծառայողների համար սահմանվում են վարձատրության պահպանմամբ հետևյալ արձակուրդները.

ա) հերթական.

բ) ուսումնական.

գ) լրացուցիչ.

դ) հիվանդության պատճառով.

ե) հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի, ընդ որում` դրամական բավարարումը պահպանվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ:

2. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի հրամանով:

Ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործած արձակուրդի օրերը կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` կառավարության սահմանած կարգով:

3. Պատերազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում կարող է ընդհատվել ծառայողի արձակուրդը, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխային խնամելու արձակուրդի:

4. Սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված արձակուրդների հանրագումարը տարեկան չպետք է գերազանցի 55 օրը:

 (49-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 50.

Հերթական արձակուրդը

 

1. Ծառայողներին յուրաքանչյուր տարի տրվում է հերթական արձակուրդ, որի տևողությունը սահմանվում է`

ա) մինչև 15 օրացուցային տարի ծառայության համար` 30 օր.

բ) 15-25 օրացուցային տարի ծառայության համար` 40 օր.

գ) 25 և ավելի օրացուցային տարի ծառայության համար` 45 օր:

2. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի սահմանած կարգով:

3. Ծառայողի խնդրանքով հերթական արձակուրդը կարող է տրվել մաս-մաս` 15 օրից ոչ պակաս տևողությամբ:

Ծառայող ամուսինների ցանկությամբ նրանց հերթական արձակուրդը տրվում է միաժամանակ:

 (50-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 51.

Ուսումնական արձակուրդը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարարական ծառայության և օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված ծառայողներին տրվում է`

ա) ձմեռային արձակուրդ` 15 օր տևողությամբ.

բ) ամառային արձակուրդ` 30 օր տևողությամբ:

2. Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով սովորող փրկարարական ծառայության ծառայողներին ուսումնական արձակուրդ տրամադրվում է ուսումնաքննական ժամկետներին համապատասխան` ընդ որում` տարվա մեջ 40 օրը գերազանցելու դեպքում ավելի օրերի համար ծառայողին վարձատրությունը չի վճարվում:

3. Օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված ծառայողներին վճարվող վարձատրության չափը և վճարման կարգը սահմանում է կառավարությունը:

 (51-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 52.

Լրացուցիչ արձակուրդը

 

1. Փրկարարական ծառայության ծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է`

ա) ծառայության հատուկ պայմանների և վնասակար աշխատանք կատարելու համար` մինչև 10 օր տևողությամբ.

բ) ընտանեկան հանգամանքների բերմամբ և այլ հարգելի պատճառներով` 10 օր տևողությամբ:

2. Ծառայողի ցանկությամբ լրացուցիչ արձակուրդը միացվում է հերթականին:

3. Լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող վնասակար աշխատանքների, ծառայության հատուկ և այլ պայմանների ցանկը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 53.

Հիվանդության արձակուրդը

 

1. Հիվանդության պատճառով ծառայողին արձակուրդ տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության բժշկական հանձնաժողովի ստեղծումը եզրակացությունը տալիս է կառավարության լիազորած համապատասխան բժշկական հանձնաժողովը:

2. Հիվանդության պատճառով ծառայողին տրվում է արձակուրդ 30-60 օր տևողությամբ, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերի:

3. Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի չորս ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ առանձին հիվանդությունների բուժման համար սահմանվում են ավելի երկարատև ժամկետներ՝ վեց ամսից ոչ ավելի:

Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի որոշմամբ՝ բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո ծառայողները ենթակա են բժշկական հանձնաժողովի հետազոտման՝ փրկարարական ծառայությանը պիտանելիությունը որոշելու համար:

4. Հիվանդության պատճառով արձակուրդը հերթական արձակուրդում չի հաշվարկվում:

5. Ծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում:

 (53-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 54.

Հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը

 

1. Կին ծառայողին հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում դրամական ու նյութական բավարարումները պահպանվում են: Դրանից առաջ կամ անմիջապես հետո կին ծառայողին, իր դիմումի համաձայն, տրվում է տվյալ տարվա համար չօգտագորված հերթական տարեկան արձակուրդը:

Մինչև երեխայի երկու տարին լրանալը կին ծառայողին իր ցանկությամբ տրվում է արձակուրդ: Այդ ժամկետում կին ծառայողին տրվում է երեխայի խնամքի համար նախատեսված նպաստ՝ կառավարության սահմանած չափով և կարգով:

Մինչև երեխայի երկու տարեկան դառնալը աշխատանքը շարունակող կին ծառայողին, դրամական բավարարումից բացի, վճարվում է սույն մասով նախատեսված նպաստի կեսը:

3. Կին ծառայողի դիմումի հիման վրա, երեխայի երկու տարեկան դառնալուց հետո, նրան տրվում է լրացուցիչ անվճար արձակուրդ՝ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը, որը նա կարող է օգտագործել լրիվ կամ մաս-մաս:

4. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդի ժամկետը հաշվարկվում է կին ծառայողի անընդհատ ծառայության ստաժում՝ պաշտոնային դրույքաչափը սահմանելու, երկարամյա ծառայության համար հավելավճար վճարելու, միանվագ դրամական պարգևատրման, կենսաթոշակ հաշվարկելու և փրկարարական ծառայության կոչում շնորհելու համար:

Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին ծառայողի ծառայության տեղն ու պաշտոնը պահպանվում են:

5. Հղիության և ծննդաբերության տարում կին ծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում՝ ավարտվելու օրվանից համամասնաբար՝ մինչև օրացուցային տարվա ավարտը, ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց՝ երկու և կես օր հաշվարկով:

 

Հոդված 55.

Արձակուրդ տալու կարգը և առանձնահատկությունները

 

1. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում՝ համաձայն հաստատված պլանի: Արձակուրդ տալու կարգը և հերթականությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը` հաշվի առնելով արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը:

2. Հերթական արձակուրդից ծառայողին կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ արձակուրդ տրամադրած պաշտոնատար անձի հրամանով: Նման դեպքում չօգտագործված արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում, եթե կազմում է 15 օր և ավելի: Չօգտագործած արձակուրդի օրերը ծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:

3. Հերթական արձակուրդի օգտագործման ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է՝

ա) մարտական գործողությունների մասնակիցներին.

բ) մինչև 16 տարեկան 3 և ավել երեխա ունեցող ծառայողներին.

գ) հաշմանդամ ամուսին կամ երեխա ունեցող ծառայողներին.

դ) 15 տարուց ավելի փրկարարական ծառայության ստաժ ունեցող ծառայողներին:

4. Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով ծառայողը չի օգտվել հերթական և լրացուցիչ արձակուրդից, ապա արձակուրդը տրվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում:

Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործած օրերի թվով՝ հիմք ընդունելով բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը:

5. Ծառայության ընդունվելու և ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տևողությունը 12-ի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում` ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են՝ ավելացման միտումով:

6. Ծառայությունից ազատվելու դեպքում ծառայողին չօգտագործած հերթական արձակուրդի օրերի դիմաց վճարվում է դրամական փոխհատուցում, որի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է կառավարությունը:

(55-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն) 

 

Հոդված 56.

Փրկարարական ծառայության համազգեստը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ծառայողին տրվում է փրկարարական ծառայության համազգեստ:

2. Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը, օգտագործման ժամկետները սահմանում է կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

 

Հոդված 57.

Ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Երկարամյա ծառայության, արտակարգ իրավիճակների դեպքում անձնուրաց ծառայության, ծառայողական պարտականությունները, ինչպես նաև առաջադրանքները պատշաճ կատարելու համար փրկարարական ծառայության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

ա) շնորհակալության հայտարարում.

բ) միանվագ դրամական պարգևատրում.

գ) հուշանվերով պարգևատրում.

դ) մեդալի կամ կրծքանշանի շնորհում.

ե)պարգևատրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատվոգրով.

զ) (կետն ուժը կորցրել է 27.11.2013 ՀՕ-59-Ն)

է) արտահերթ կոչումի շնորհում:

Ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձևակերպվում են գրավոր:

2. Ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Ծառայողն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կարող է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների:

4. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խրախուսանքները ծառայողի նկատմամբ կիրառելու կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի կողմից` հաշվի առնելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի և նրա տեղակալների նկատմամբ սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

6. Ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

7. Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատություններում սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի առաջին մասի «ա»-«գ» կետերով նախատեսված խրախուսանքներից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը կիրառում է նաև խրախուսանքի հետևյալ միջոցները.

ա) հատուկ կրթաթոշակի նշանակում.

բ) կրթաթոշակի բարձրացում:

(57-րդ հոդվածը փոփ. 27.11.2013 ՀՕ-59-Ն, փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն, լրաց. 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 58.

Ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Կարգապահական զանցանքի՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու դեպքերում, եթե դրանք չեն պարունակում քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

ա) նկատողություն.

բ) խիստ նկատողություն.

գ) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

դ) ծառայողական ոչ լրիվ համապատասխանություն.

ե) կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

զ) փրկարարական ծառայությունից ազատում:

Ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի առաջին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված տույժերից, կարող են կիրառվել նաև հետևյալ տույժերը.

ա) հերթական արձակման իրավունքից զրկում.

բ) հատուկ կրթաթոշակից զրկում.

գ) ազատում ուսումնական հաստատությունից:

(58-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 59.

Կարգապահական տույժը կիրառելու կամ հանելու կարգը

 

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում` նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:

2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժեր ողջ ծավալով տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը:

4. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ եռօրյա ժամկետում:

5. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:

6. Կարգապահական տույժը կարող է հանվել նաև մինչև մեկ տարին լրանալը, եթե ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

7. Կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը:

8. Բարձրագույն և գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կարգապահական տույժեր կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը:

9. Ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի տեղակալն ու ծառայողի անմիջական ղեկավարը:

10. Ծառայողի նկատմամբ սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասի «ե» կետով նախատեսված տույժը նրան կոչում շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կարող է կիրառվել միայն մեկ անգամ:

11. Ծառայողների նկատմամբ սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

12. Ծառայողական քննության, ինչպես նաև ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցելու ժամանակահատվածում ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել՝ վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:

13. Ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում ծառայողին աշխատավարձ վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի արդարացնող հիմքով ավարտի դեպքում:

 (59-րդ հոդվածը լրաց. 23.02.2012 ՀՕ-6-Ն, փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

 

Հոդված 60.

Ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները

 

1. Ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ), որոնք՝

ա) հակասում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

բ) հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:

2. Ծառայողը սույն հոդվածի առաջին մասում նշված հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Հոդված 61.

Փրկարարական ծառայությունից ազատելը

 

1. Ծառայողները փրկարարական ծառայությունից ազատվում են՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

բ) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.

գ) ծառայության սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

դ) հիվանդության պատճառով՝ ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա.

ե) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

զ) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասի «գ», «դ», «ե» կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասի «զ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում.

է) սույն օրենքի 39-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում.

ը) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

թ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում (բացառությամբ սույն օրենքի 53-րդ հոդվածի երրորդ մասի) չհաշված հղիության, ծննդաբերության և երեխային խնամելու արձակուրդը.

ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուսումնական հաստատության կուրսանտին ուսումնական հաստատությունից ազատելու կապակցությամբ.

ժա) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում:

ժբ) ատեստավորման արդյունքներով.

ժգ) պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ:

Ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ:

2. Ծառայողին ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:

 (61-րդ հոդվածը լրաց. 23.02.2012 ՀՕ-6-Ն, փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 62.

Փրկարարական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը

 

1. Ծառայողները զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝

ա) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում այլ պաշտոնի նշանակվելիս.

բ) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

գ) սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ ծառայությանը սահմանափակ պիտանիության կապակցությամբ բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա, համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

դ) ատեստավորման արդյունքների հիման վրա այլ պաշտոնի նշանակվելիս.

ե) սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասի «զ» կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում:

2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը:

(62-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն) 

 

Հոդված 63.

Փրկարարական ծառայությունում ծառայության տարիքային սահմանափակումները

 

1. Ծառայողների համար, ըստ պաշտոնների խմբերի, կիրառվում են հետևյալ տարիքային սահմանափակումները՝

ա) բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար՝ մինչև 65 տարին լրանալը.

բ) գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 60 տարին լրանալը.

գ) ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 55 տարին լրանալը.

դ) կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 50 տարին լրանալը:

Բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող և (կամ) բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 3 տարի ժամկետով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 3 տարի, իսկ ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` 5 տարի ժամկետով:

2. Սույն օրենքի 61-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետին համապատասխան ծառայությունից ազատումը կատարվում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո հաջորդ ամսվա 1-ին:

3. Բարձրագույն փրկարարական կոչում ունեցող, երկարամյա ծառայության հիմքով և հաշմանդամության կապակցությամբ ծառայությունից ազատված քաղաքացիներն ստանում են փրկարարական ծառայության համազգեստ կրելու իրավունք: Առանձին դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի հրամանով փրկարարական ծառայության համազգեստ կրելու իրավունք կարող է վերապահվել այլ անձանց:

 (63-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն) 

 

Հոդված 64.

Ծառայողների կադրերի ռեզերվը

 

1. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 62-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները:

2. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում ծառայողի մեկանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է (բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված դեպքերի), բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար սահմանված ծառայության առավելագույն ժամկետի լրանալը:

3. Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է ծառայությունից, ապա փրկարար ծառայության ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ծառայողները գրանցվում են փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում մինչև 3 տարի ժամկետով: Նշված ծառայողների վարձատրությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:

5. Սույն օրենքի հիման վրա փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է կառավարությունը:

 (64-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.2013 ՀՕ-78-Ն) 

 

Գ Լ Ո ՒԽ  11

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Հոդված 65.

Փրկարարական ծառայությունում ծառայության վերականգնումը կամ պաշտոնում վերականգնումը

 

Այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն փոխադրված, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ինչպես նաև ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչման կամ պաշտոնի վերականգնման:

 

Հոդված 66.

Վեճերի լուծման համար դիմելու կարգը և ժամկետները

 

Ծառայությունում փոխադրելու, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացնելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, փրկարարական ծառայությունից ազատման հետ չհամաձայնվելու դեպքերում ծառայողը կարող է այդ որոշումը բողոքարկել վերադասության կարգով, համապատասխան հրամանին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

 

Հոդված 67.

Կոչման շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո

 

1. Փրկարարական ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնում ընկած ժամանակահատվածը:

2. Փրկարարական ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում՝ նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

3. Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնումն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, հատուցումը կատարվում է նրանց զբաղեցրած փրկարարական ծառայության վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և փրկարարական ծառայությունում ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

(67-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 68.

Ծառայողներին տրվող այլ հավելավճարները

                     (68-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 69.

Ծառայողներին վճարվող պարգևատրումները և միանվագ օգնությունները

 

1. Ծառայողներին դրամական պարգևատրումներ վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

2. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-78-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-78-Ն)

4. Ծառայողը կարող է պարգևատրվել հուշանվերով, որի արժեքը չպետք է գերազանցի պաշտոնային դրույքաչափի տասնապատիկի չափը:

 (69-րդ հոդվածը փոփ. 23.02.2012 ՀՕ-6-Ն, փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն, խմբ., փոփ. 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 70.

Ծառայողներին տրվող դրամական օգնության դեպքերը և պայմանները

                     (70-րդ հոդվածը փոփ. 28.10.2010 ՀՕ-39-Ն, լրաց. 23.02.2012 ՀՕ-6-Ն, ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 71.

Ծառայողների բուժսպասարկումը

 

1. Ծառայողները և նրանց ընտանիքի անդամներն ապահովվում են անվճար որակյալ բուժօգնությամբ` համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բուժհիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:

2. Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով ազատված, հաշմանդամ դարձած ծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծառայողների ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը կատարվում է սույն օրենքով և կառավարության սահմանած կարգով:

3. Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն:

4. Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բժշկական հաստատությունը արտակարգ իրավիճակների և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ գործում է աղետների բժշկության համակարգում ու իրականացնում է տուժած բնակչության բուժսպասարկում:

5.Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բժշկական հաստատությունում փրկարարական ծառայությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

6. Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

7. Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բժշկական հաստատության փրկարարական ծառայության պաշտոնների համապատասխանությունը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պաշտոնների խմբերին սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, իսկ փրկարարական ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում և կոչումները շնորհվում են սույն օրենքով սահմանված կարգով:

8. Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի հրամանով ձևավորվում է հանրապետական գործադիր մարմնի բժշկական հանձնաժողով և սահմանվում են այդ հանձնաժողովի գործունեության կարգը, պայմանները և լիազորությունները:

9. Սույն հոդվածով նախատեսված բժշկական հաստատությունը ստեղծվում է օրենքով չարգելված միջոցների հաշվին:

(71-րդ հոդվածը լրաց. 23.02.2012 ՀՕ-6-Ն, փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 72.

Ծառայողների տրանսպորտային սպասարկումը

 

Ծառայողների ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

                

Հոդված 73.

Ծառայողների եկամուտները հարկավորելը

                      (73-րդ հոդվածը փոփ. 30.11.2011 ՀՕ-63-Ն, ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 74.

Ծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը

 

1. Ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապահովագրությունը տարածվում է նաև հաշմանդամ դարձած ծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքերից ապահովագրվելու համապատասխան` ընդհանուր գումարների նկատմամբ:

3. Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:

(74-րդ հոդվածը փոփ. 30.11.2011 ՀՕ-63-Ն, փոփ., լրաց. 30.05.2013 ՀՕ-30-Ն)

 

Հոդված 75.

Ծառայության ժամանակ զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը

 

Ծառայության ժամանակ զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 76.

Ծառայողի վարձատրության կարգը

                     (76-րդ հոդվածը փոփ. 23.02.2012 ՀՕ-6-Ն, փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն, ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 77.

Ծառայողի վարձատրության և այլ ֆինանսավորման աղբյուրները

 

1. Ծառայողների վարձատրության և այլ ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից, իսկ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող ստորաբաժանումների ծառայողները` մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից:

2. Պատերազմական դրության, ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու դեպքում լրացուցիչ ֆինանսական հատկացումները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 78.

Ծառայողին պատճառված վնասի հատուցման կարգը

 

Ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը, որը պայմանավորված է ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմամբ, հատուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրիվ չափով:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

(13-րդ գլուխն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 79.

Սույն օրենքի 13-րդ գլխի ազդեցությունը

(79-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 80.

Ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական կենսաթոշակների տեսակները

(80-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 81.

Կենսաթոշակների նշանակման պայմանները

(81-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 82.

Կենսաթոշակի ընտրության իրավունքը

(82-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 83.

Կենսաթոշակների վճարման միջոցները

(83-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 84.

Երկարամյա ծառայության կենսաթոշակի նշանակման պայմանները

(84-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 85.

Երկարամյա ծառայության կենսաթոշակի չափերը

(85-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 86.

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող ստաժի հաշվարկը

(86-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 87.

Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու պայմանները

(87-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 88.

Հաշմանդամության կենսաթոշակի չափերը

(88-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 89.

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակելու պայմանները

(89-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 90.

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները

(90-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 91.

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք վերապահող լրացուցիչ երաշխիքները

(91-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 92.

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակումը և վճարումը պետական խնամքի տակ գտնվող որբ երեխաներին

(92-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 93.

Կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող սոցիալական կենսաթոշակի չափերը

(93-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 94.

Կենսաթոշակների նշանակման և մերժման կարգը

(94-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 95.

Կենսաթոշակների նշանակման ժամկետները

(95-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 96.

Հաշմանդամության կենսաթոշակի հետագա վերահաշվարկը

(96-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 97.

Կենսաթոշակների նշանակման վերաբերյալ որոշումների բողոքարկումը

(97-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 98.

Դրամական բավարարումը որոշելու կարգը

(98-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 99.

Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը

(99-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 100.

Կենսաթոշակի վճարումը

(100-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 101.

Պահումներ կենսաթոշակից

(101-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 102.

Թաղման նպաստի վճարումը մահացած կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին

(102-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 103.

Սույն օրենքի 13-րդ գլխով սահմանված կենսաթոշակների, պարտադիր պետական ապահովագրության և այլ գումարների հաշվարկումն ու վճարումը

(103-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

(13-րդ գլուխն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

 

Գ Լ ՈՒԽ  14

 

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 104.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը

                      (վերնագիրը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը փրկարարական ծառայող չի համարվում և աշխատանքի է ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վարձատրության չափերը սահմանում է կառավարությունը:

(104-րդ հոդվածը փոփ. 23.02.2012 ՀՕ-6-Ն, փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 105.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հոդված 106.

Ծառայողների առաջին ատեստավորումը

 

1. Ծառայողների առաջին ատեստավորումն ավարտվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո: Առաջին ատեստավորումից հետո հաջորդ ատեստավորումն սկսվում է մեկ տարի հետո:

2. Մինչև սույն օրենքով սահմանված ծառայության անցնելը պահպանվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի զինվորական ու քաղաքացիական անձնակազմի կարգավիճակը և արտոնությունները:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը` առանց բարձրագույն կրթության համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:

4. Առանց բարձրագույն կրթության` համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները որակավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնի` ուսումնական հաստատություններում ուսուցում անցնելուց հետո, որի կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:

5. Մինչև 2010 թվականը ավագ խմբում սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի կարող են նշանակվել սույն հոդվածի երկրորդ մասում նշված մարմնում ծառայող միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող անձինք: Նշված քաղաքացիներին պաշտոնի նշանակելիս շնորհվում է կրտսեր լեյտենանտի, իսկ նրանց առաջխաղացումը կատարվում է սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի զինծառայողները փրկարարական ծառայության անցնելու դեպքում նրանց հետ կնքվում է փրկարարական ծառայության պայմանագիր, և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով սահմանված դրամական օգնությունը տրվում է փրկարարական ծառայությունից արձակվելու դեպքում` սույն օրենքի 70-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:

 

Հոդված 107.

Նախկինում շնորհված կոչումները

 

1. Սույն օրենքի 106-րդ հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի ծառայողներին նախկինում շնորհված հատուկ կոչումները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:

Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

2. Սույն օրենքի 106-րդ հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի կառուցվածքային փոփոխություններից հետո արտակարգ իրավիճակների պետական ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց, «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն, տրվում են քաղաքացիական ծառայողի համար սահմանված համապատասխան դասային աստիճաններ:

 (107-րդ հոդվածը փոփ. 16.04.2014 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 108.

Սույն օրենքի 106-րդ հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի կենսաթոշակի անցնելու իրավունք ունեցող զինծառայողների համար տրվող արտոնությունը

                      (108-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 109.

Փրկարարական ծառայությունում ծառայությունը կանոնակարգող կանոնագրքերի և սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը

 

1. Փրկարարական ծառայությունում ծառայությունը կանոնակարգող հրդեհային պահպանության մարտական, ծառայության, փրկարարական ծառայության և այլ կանոնագրքերը հաստատվում են օրենքով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

2. Սույն օրենքից բխող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներում փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

15 հունվարի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-2