ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
"24" ՀՈՒԼԻՍԻ 1997թ. |
N 126 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին
Առավել կարիքավոր ընտանիքներին աջակցելու և երեխաների նպաստների նշանակման ու վճարման կարգը կատարելագործելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ պետական նպաստներ նշանակվում և վճարվում են.
ա) մինչև 18 տարեկան երեխաների հետևյալ խմբերի`
հաշմանդամ
միայնակ մոր
ծնողազուրկ
ալիմենտ ստացող
ժամկետային զինծառայողների (շարքային, եֆրեյտոր և սերժանտական կազմ)
1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամների
4 և ավելի անչապահաս երեխաներ ունեցող ընտանիքների.
բ) միայնակ մայրերին.
գ) մինչև 2 տարեկան երեխա խնամող հետևյալ անձանց`
մասնակի վճարովի արձակուրդում գտնվող
գործազուրկի կարգավիճակ ունեցող:
3. Սահմանել ամենամսյա պետական նպաստների հետևյալ չափերը՝
ա) հաշմանդամ երեխաներին՝ 6000 դրամ
բ) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին՝ 8000 դրամ
գ) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված մնացած երեխաներին՝ 4000 դրամ
դ) միայնակ մայրերին՝ 4000 դրամ
ե) մինչև 2 տարեկան երեխա խնամող՝ մասնակի վճարովի արձակուրդում գտնվող կամ գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց՝ 3000 դրամ:
(3-րդ կետը խմբ. 29.11.2004 N 481, խմբ. 04.11.2005 N 436)
4. Մինչև 1 տարեկան երեխաներին մանկական սննդով ապահովելու համար սահմանել ամենամսյա պետական նպաստ՝ 4000 դրամի չափով:
(4-րդ կետը լրաց. 10.12.1998 N 258, խմբ. 05.10.1999 N 98, խմբ. 28.11.2003 N 345, խմբ. 04.11.2005 N 436)
5. (4-րդ կետը խմբ., փոփ. 04.02.1998 N 15, ուժը կորցրել է 20.12.2005 554)
6. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված բոլոր տեսակի պետական նպաստների նշանակումը և վճարումն իրականացնում են ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության տարածքային (շրջանային) կենտրոնները:
(5-րդ կետը լրաց., փոփ. 10.12.1998 N 258)
7. ԼՂՀ ֆինանսների նախարարությանը` սույն որոշման 2-րդ և 4-րդ կետերով սահմանված երեխաների համար տրվող պետական նպաստների վճարումը իրականացնելու համար ԼՂՀ պետական բյուջեում կատարել համապատասխան փոփոխություն:
(6-րդ կետը լրաց., փոփ. 10.12.1998 N 258)
8. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995թ. հունիսի 19-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ 108 որոշման 9-րդ կետը, 1995թ. նոյեմբերի 21-ի «Միայնակ մայրերին ամենամսյա պետական նպաստի նշանակման ու վճարման կարգի մասին կանոնադրությունը և մինչև 2 տարեկան երեխա ունեցող անձանց` երեխաների խնամքի համար ամենամսյա պետական նպաստի նշանակման ու վճարման կարգի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 277 որոշումը, 1996թ. փետրվարի 6-ի «ԼՂՀ աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ 14 որոշումը և 1996թ. մարտի 26-ի «ԼՂՀ կառավարության 1996թ. փետրվարի 6-ի «ԼՂՀ-ում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ 14 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 56 որոշումը:
(7-րդ կետը փոփ. 10.12.1998 N 258)
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997թ. հուլիսի 1-ից:
(8-րդ կետը փոփ. 10.12.1998 N 258)
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1997թ. հուլիսի 24-ի
թիվ «126» որոշմամբ |
ԿԱՐԳ
Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական նպաստ ստացող մինչև 18 տարեկան երեխաների առանձին խմբերի ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
2. Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստները (այսուհետև` նպաստներ) նշանակում և վճարում են մորը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տարածքային (շրջանային) կենտրոնները (այսուհետև` կենտրոն):
Եթե մայրը մահացած է, սահմանված կարգով ազատազրկված, ծնողական իրավունքից զրկված է, ճանաչված է անգործունակ կամ եթե երեխան ապրում է հոր հետ, ապա նպաստը նշանակվում և վճարվում է հորը կամ խնամակալին:
Որդեգրված երեխայի համար նպաստը նշանակվում և վճարվում է որդեգրողին:
Անձնագիր ունեցող երեխայի նպաստը կարող է նշանակվել և վճարվել երեխային:
3. Միայնակ մայրերին (ամուսնության մեջ չգտնվող) նպաստներ նշանակվում և վճարվում են մինչև երեխայի (երեխաների) 18 տարին լրանալը, եթե երեխայի ծննդյան վկայականում բացակայում է հոր մասին գրանցումը կամ եթե այն կատարվել է մոր ցուցումով:
Միայնակ մոր նպաստ նշանակվում և վճարվում է երեխա (երեխաներ) որդեգրած ամուսնության մեջ չգտնվող կնոջը:
Միայնակ մոր ամուսնության դեպքում նշանակված նպաստի վճարումը շարունակվում է:
4. Պետության լրիվ խնամքի տակ գտնվող երեխաներին նպաստ չի նշանակվում:
5. Երեխա խնամող անձանց նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար` մինչև երեխայի 2 տարին լրանալը:
Մասնակի վճարովի արձակուրդում գտնվող մայրերին, աշխատանքը շարունակելու դեպքում, սահմանված նպաստը վճարվում է դրա 50 տոկոսի չափով:
6. Սույն կարգի գործողությունը տարածվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, եթե ԼՂՀ օրանսդրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:
II. ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
7. Նպաստներ նշանակելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) մինչև մեկ տարեկան երեխաների համար`
դիմում
երեխայի ծննդյան վկայականի պատճենը
տեղեկանք նպաստառուի բնակության վայրից:
բ) առանձին խմբերի երեխաների համար`
դիմում
երեխաների ծննդյան վկայականների պատճենները
տեղեկանք նպաստառուի բնակության վայրից
մահացած ծնողի մահվան վկայականի պատճենը
խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը
երեխայի, ծնողների հաշմանդամությունը հաստատող փաստաթղթերի պատճենները
ալիմենտի վերաբերյալ դատարանի վճռի (որոշման) պատճենը
տեղեկանք ժամկետային զինծառայության մեջ գտնվելու մասին
գ) միայնակ մայրերի համար, բացի սույն կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնից` երեխայի ծննդյան վկայականում հոր վերաբերյալ տեղեկությունների գրանցման մասին
դ) մինչև 2 տարեկան երեխա խնամող` մասնակի վճարովի արձակուրդում գտնվող կամ գործազուրկի կարգավիճակ ունեցող մայրերի համար, բացի սույն կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերից, ներկայացվում են նաև`
մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու կամ աշխատանքը շարունակելու մասին հրամանի քաղվածքը.
տեղեկանք` զբաղվածության պետական ծառայության համապատասխան մարմնից` գործազուրկի կարգավիճակ ունենալու մասին:
(7-րդ կետը լրաց., փոփ. 10.12.1998 N 258)
8. Նպաստի համար ներկայացվող փաստաթղթերի պատճենները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վավերացվում են նոտարական կարգով կամ կենտրոնի կողմից:
9. Կենտրոնը պարտավոր է նպաստի նշանակման վերաբերյալ դիմումը քննարկել սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում և դիմողին գրավոր տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին:
10. Նպաստը նշանակում է նպաստառուի բնակության վայրի կենտրոնը` նպաստը ստանալու իրավունքը ծագելու ամսվանից, եթե դիմումը ներկայացվել է վեց ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո նպաստը նշանակվում է դիմելու ամսվանից:
11. Նպաստները նշանակվում են դիմելու ամսվանից սույն կարգի 7-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:
Ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենտրոնը դիմողին գրավոր տեղյակ է պահում լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու մասին: Դրանք եռամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում նպաստ նշանակվում է դիմելու ամսվանից, իսկ նշված ժամկետը լրանալուց հետո` վերջին փաստաթղթերը ներկայացնելու ամսվանից:
12. Նպաստների վճարումը շարունակվում է հաջորդ տարվա հունվարից, եթե մինչև տվյալ տարվա վերջը կրկին ներկայացվում է տեղեկանք նպաստառուի բնակության վայրի մասին:
(12-րդ կետը խմբ. 20.10.1998 N 214)
13. Նպաստը նշանակվելիս, երեխաների` տարբեր խմբերի միաժամանակյա պատկանելու դեպքում հաշվի է առնվում միայն մեկ խումբ` նպաստառուի ընտրությամբ:
14. Նպաստի նշանակումը մերժելու դեպքում կենտրոնն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր ծանուցում է դիմողին` նշելով մերժման պատճառները և գանգատարկման կարգը:
15. Նպաստի նշանակման և վճարման կապակցությամբ առաջացած վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով:
III. ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նպաստառուի բնակության վայրը փոխվելու դեպքում նպաստի նշանակման վայրում դրա վճարումը դադարեցվում է, և, նպաստառուի դիմումի համաձայն, նպաստի գործն ուղարկվում է բնակության նոր վայրի կենտրոն` նպաստի վճարումը շարունակելու համար:
17. Նշանակված, սակայն ժամանակին չստացված գումարը նպաստառուին միանվագ վճարվում է նպաստը չստանալու ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան դիմելուն նախորդած մեկ տարվա համար:
18. Նպաստը լիազորագրով կարող է վճարվել մինչև 3 ամսվա համար:
19. Մինչև նպաստառուի մահվան օրը չստացված նպաստի գումարը վճարվում է երեխայի հորը, որդեգրողին, խնամակալին կամ անձնագիր ունեցող երեխային, եթե նպաստը ստանալու համար նրանք դիմել են ոչ ուշ, քան նպաստառուի մահվանից հետո 12 ամսվա ընթացքում:
20. Ավել վճարված նպաստի գումարը կարող է հետ պահվել նպաստառուներից, ակնհայտ ոչ ճիշտ տվյալներով փաստաթղթեր ներկայացնելու, նպաստի վճարման դադարեցման հիմքերը թաքցնելու դեպքերում:
Նպաստի ավել վճարված գումարը հետ է պահվում կենտրոնի որոշմամբ` յուրաքանչյուր ամիս ավել վճարված գումարի 20 տոկոսի չափով, կամ նպաստառուի գրավոր համաձայնությամբ ավել չափով, մինչև նպաստի ավել վճարված գումարի մարումը:
Նպաստի ավել վճարված գումարը ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից, անձնագիր ունեցող երեխայից) կարող է գանձվել նաև դատական կարգով:
IV. ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
21. Նպաստի վճարումը դադարեցվում է հետևյալ հիմքերից մեկի առկայության դեպքում`
ա/ նպաստ վճարելու համար սահմանված տարիքը լրանալու
բ/ երեխայի պետության լրիվ խնամքի տակ գտնվելու
գ/ երեխայի մահվան
դ/ (ենթակետն ուժը կորցրել է 20.10.1998 N 214)
ե/ երեխայի ալիմենտ ստանալու իրավունքը վերանալու
զ/ ծնողի հաշմանդամության խմբի փոփոխման
է/ գործազրկության կարգավիճակի վերացման
ը/ ժամկետային զինծառայությունից զորացրվելու
թ/ երեխայի հայրությունը ճանաչվելու
ժ/ նպաստառուի գրավոր դիմումի հիման վրա
ժա/ բնակարանային պայմանների փոփոխման:
Նպաստառուները նշված դեպքերի ի հայտ գալու մասին պարտավոր են տեղեկացնել նպաստ նշանակող մարմնին:
Նպաստի վճարման դադարեցումը կատարվում է նշված դեպքերի ի հայտ գալու հաջորդ ամսվանից:
(21-րդ կետը փոփ. 20.10.1998 N 214)
22. Նպաստի նշանակման, մերժման, վճարման և դադարեցման հետ կապված բոլոր փաստաթղթերը պահվում են կենտրոնում: