Համարը 
N 969-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.12.28/26(245)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.12.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» դեկտեմբերի 2013թ.

N 969-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 11.04.2018 N242-Ն, 20.07.20 N231-Ն, 02.02.21 N51-Ն, 28.04.21 N387-Ն,17.12.21 N1383-Ն, 09.03.22 N230-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 17-րդ հոդվածի 1-ին մասը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ- 40 հրամանագրով հաստատված հավելվածի 16-րդ կետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ.17.12.21 N1383-Ն)

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

(1-ին կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն, 20.07.20 N 231-Ն, 02.02.21 N 51-Ն, 28.04.21 N 387-Ն, 17.12.21 N1383-Ն, 09.03.22 N230-Ն)

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովության տարածքային բաժինները միացման ձևով վերակազմակերպել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության տարածքային ստորաբաժանումների:

(2-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն, 20.07.20 N 231-Ն, 02.02.21 N 51-Ն, 28.04.21 N 387-Ն, 17.12.21 N1383-Ն, 09.03.22 N230-Ն)

3. Հաստատել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի։

(3-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն, 20.07.20 N 231-Ն, 02.02.21 N 51-Ն, 28.04.21 N 387-Ն, 17.12.21 N1383-Ն, 09.03.22 N230-Ն)

4. Հաստատել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի։

(4-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն, 20.07.20 N 231-Ն, 02.02.21 N 51-Ն, 28.04.21 N 387-Ն, 17.12.21 N1383-Ն, 09.03.22 N230-Ն)

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2014 թվականի մարտի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշումից բխող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության այլ որոշումներ ընդունելու վերաբերյալ առաջարկություններ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 969-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 11.04.2018 N242-Ն, 20.07.20 N231-Ն, 02.02.21 N51-Ն, 28.04.21 N387-Ն, 17.12.21 N1383-Ն, 09.03.22 N230-Ն)

 

1. Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով մատուցում է ծառայություններ սոցիալական ապահովության և զբաղվածության բնագավառներում:

(1-ին կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն, 20.07.20 N 231-Ն, 02.02.21 N 51-Ն, 28.04.21 N 387-Ն,17.12.21 N1383-Ն, 09.03.22 N230-Ն)

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում, և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն, 20.07.20 N 231-Ն, 02.02.21 N 51-Ն, 09.03.22 N230-Ն)

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(3-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

5. Գործակալությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն և ռուսերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

(5-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

6. Գործակալության անվանումն է՝

1) հայերեն լրիվ՝ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալություն.

2) ռուսերեն լրիվ՝ Агентство «Единая социальная служба» аппарата министерства социального развития и миграции Республики Арцах:

(6-րդ կետը փոփ. 27.12.2014 N 930-Ն, փոփ., խմբ. 11.04.2018 N 242-Ն, փոփ., խմբ. 20.07.20 N 231-Ն, 02.02.21 N 51-Ն, 28.04.21 N 387-Ն, փոփ., խմբ.17.12.21 N1383-Ն, 09.03.22 N230-Ն)

7. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

(7-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

8. Գործակալության նպատակները և խնդիրներն են`

1) կենսաթոշակների, պետական նպաստների, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների, պատվովճարի, դրամական օգնության և գործակալության միջոցով վճարվող սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների նշանակման և վճարման՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ապահովումը.

2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորման և վարման ապահովումը.

2.1) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ապահովումը.

3) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

(8-րդ կետը փոփ. 27.12.2014 N 930-Ն, փոփ. 05.10.2016 N 603-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն, լրաց. 28.04.21 N 387-Ն, 17.12.21 N1383-Ն)

9. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորումն ու վարումը.

2) հարկային մարմնի, պետական կառավարման և այլ մարմինների հետ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորման (համալրման) և անհրաժեշտ տվյալների տրամադրման համար տեղեկատվության փոխանակումը.

3) կենսաթոշակների, պետական նպաստների նշանակումը, վերահաշվարկումը և վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով` վճարումը.

4) ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների, պատվովճարի, դրամական օգնության և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների նշանակումը և վճարումը, այդ թվում՝ ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով.

5) (ենթակետն ուժը կորցրել է 27.12.2014 N 930-Ն)

5.1) կենսաթոշակների, պետական նպաստների, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների, պատվովճարի, դրամական օգնության և գործակալության միջոցով վճարվող սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների պահանջագրերն ամփոփելը և նախարարություն ներկայացնելը.

5.2) սոցիալական ապահովության ծրագրերի գծով կանխատեսվող ծախսերի հաշվարկման համար նախարարությանն անհրաժեշտ տեղեկատվություն և առաջարկություններ ներկայացնելը.

6) կենսաթոշակ նշանակելու մասին որոշում ընդունելուց հետո կենսաթոշակառուին կենսաթոշակի վկայականի անվճար տրամադրումը.

7) իրեն վերապահված գործերով վարչական վարույթի իրականացումը.

8) պետական կենսաթոշակների, պետական նպաստների, պատվովճարների, ամենամսյա դրամական օգնությունների, ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստների և սոցիալական ապահովության այլ հատուցումների՝ գործակալության տարածքային ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

9) կազմակերպությունների, քաղաքացիների դիմումներին և բողոքներին` օրենքով սահմանված ժամկետում և կարգով ընթացք տալը, դրանցում հաղորդվող` գործակալության գործունեության մեջ տեղ գտած խախտումների և թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը.

10) գործատուների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից կենսաթոշակի նշանակման և վճարման համար ներկայացված փաստաթղթերի հավաստիության` օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը.

11) կենսաթոշակների, պետական նպաստների նշանակման և վճարման` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինների պահանջով նրանց Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելն ու նրանց գործունեությանն աջակցելը.

12) գործակալության գործունեությանն առնչվող օրենսդրական և այլ իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցելն ու նախարարին առաջարկություններ ներկայացնելը.

13) օրենքով նախատեսված դեպքերում դատարան հայց ներկայացնելը.

14) միջազգային կազմակերպություններին անդամակցությունը, արտերկրների համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության և հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը.

14.1) զբաղվածության ամենամյա ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.

14.2) զբաղվածության ամենամյա ծրագրի մոնիթորինգի ու գնահատման իրականացման աշխատանքներին մասնակցությունը.

14.3) աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և փոխանակման ապահովման նպատակով տեղեկատվական շտեմարանի ձևավորումը.

14.4) աշխատանք փնտրող անձին հաշվառելը, գործազուրկի կարգավիճակ տալը, գործազուրկի կարգավիճակ կասեցնելը, վերականգնելը, դադարեցնելը և հաշվառումից հանելը.

14.5) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի հետ համագործակցությունը.

14.6) զանգվածային լրատվության միջոցներով և նախարարության պաշտոնական կայքէջում նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվության հրապարակումը.

14.7) զբաղվածության ամենամյա ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման ապահովումը.

14.8) աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվությամբ ապահովումը.

15) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:

(9-րդ կետը փոփ., լրաց. 27.12.2014 N 930-Ն, լրաց., փոփ. 05.10.2016 N 603-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն, լրաց. 28.04.21 N 387-Ն, 17.12.21 N1383-Ն)

10. Գործակալությունը կառավարում է նախարարը:

11. Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը (այսուհետ` պետ), որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:

12. Իր գործունեության ընթացքում պետն առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, նախարարության և սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(12-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

13. Պետն իրականացնում է գործակալությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

14. Պետը հաշվետու է նախարարին, նախարարի՝ գործակալության գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

(14-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

15. Պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ, հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ՝ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման համար.

5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն՝ գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների իրավասությունը.

8) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

9) նախարարի հաստատմանն է ներկայացնում գործակալության գործունեության մասին տարեկան հաշվետվությունները.

10) վերահսկողություն է իրականացնում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

11) նախարարին ներկայացնում է առաջարկություններ՝ գործակալության կանոնադրության, կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.

12) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(15-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

16. Պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում նրա պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:

17. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

18. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ ու տարածքային ստորաբաժանումներ:

19. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

20. Գործակալության տարածքային ստորաբաժանումն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով, գործակալության և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք:

(20-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

21. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

(Հավելված N 1-ը փոփ., խմբ. 20.07.20 N 231-Ն, 02.02.21 N 51-Ն, փոփ., խմբ., լրաց. 28.04.21 N 387-Ն, փոփ., խմբ., լրաց. 17.12.21 N1383-Ն, փոփ., խմբ. 09.03.22 N230-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 28-ի N 969-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 09.03.22 N230-Ն)

 

 

I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Վերլուծությունների և ռիսկերի կառավարման բաժին

2. Ֆինանսական հոսքերի կառավարման բաժին

 

II. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Կենտրոնական բաժին

2. Ստեփանակերտի բաժին

3. Մարտակերտի բաժին

4. Մարտունու բաժին

5. Ասկերանի բաժին

(Հավելված N 2-ը փոփ., լրաց. 27.12.2014 N930-Ն, փոփ. 11.04.2018 N242-Ն, 02.02.21 N51-Ն, խմբ. 28.04.21 N387-Ն, փոփ. 17.12.21 N1383-Ն, խմբ. 30.12.21 N1517-Ն, փոփ. 09.03.22 N230-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ